«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
«Աշխատանք և էներգիա»
Մարինե Ամիրջանյան «Համագործակցային մեթոդներով ուսուցման իմ փորձից»

Ուսումնական նյութեր
Ռիչարդ Բախ
«Չկա այդպիսի վայր` հեռու…»

ԱՇԽԱՐՀԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Անտոն Զվերև
«Ֆիննական հրաշքը»
Պասի Սոլբերգ «Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում»

Դպրոց՝ առանց դասասենյակների

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ուր կորավ պատը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (4-րդ գլուխ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Սեմյոն Սոլովեյչիկ
«Առատաձե՞ռն երեխաներ»
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դ. Լիխաչյով
«Ռուսական մտավորականության մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դ. Լիխաչյով

ՌՈՒՍԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    

Նամակ խմբագրությանը
«Նոր աշխարհ», 1993թ., N2 


Ներկա իրավիճակն ինձ ստիպում է խմբագրությանը դիմել նամակով, որում, արդեն քանիերորդ անգամ,  անդրադառնում եմ այն հարցին, թե մտավորականությունն ինչ վիճակում է, մեր հասարակության մեջ ինչ դեր ու նշանակությունի ունի։
Սա հոդված չէ, սա հենց նամակ է, որում հեղինակը խոսում է թեև ոչ խստորեն կանոնակարգված ձևով, բայց այնպես, ինչպես պատկերացնում է այսօրվա իրավիճակը, ինչպես պարտավորեցնում է իրեն սեփական կենսափորձը։
Եվ այսպես, ի՞նչ է մտավորականությունը։ Ինչպե՞ս եմ տեսնում ու հասկանում։ Սա զուտ ռուսական հասկացություն է, և նրա բովանդակությունն էլ մեծապես հուզա-զուգորդական է։Սակայն ռուսական պատմական անցյալի առանձնահատկություններից ելնելով՝ մենք՝ ռուսներս, հաճախ հուզական ըմբռնումները գերադասում ենք տրամաբանական բնորոշումներից։

Ես պատմական շատ իրադարձություններով եմ անցել, չափազանց շատ հետաքրքիր բաներ եմ տեսել և այդ պատճառով էլ կարող եմ ինձ թույլ տալ խոսել ռուս մտավորականության մասին՝ առանց կոնկրետ բնորոշելու նրան, այլ ուղղակի խորհրդածելով նրա լավագույն ներկայացուցիչների մասին, որոնք, իմ կարծիքով, կարող են մտավորականների շարքին դասվել։  Օտար լեզուներով և բառարաններում ՙմտավորականություն՚ բառը, որպես կանոն, ինքնին չի թարգմանվում, այլ «ռուսականե ածականի հետ միասին։  Անշուշտ իրավացի է Ա. Ի. Սոլժենիցինը. մտավորականը ոչ թե ուղղակի կրթված մարդն է, առավել ևս ոչ նա, ում նա «կրթվուկ» էր անվանում («դուրսպրծուկի» կամ «ինքնակոչի» նման մի բան) 1). գուցե մի քիչ կտրուկ է ասված, բայց այս բնորոշմամբ Ալեքսանդր Իսաևիչը կրթված, սակայն ծախու, ուղղակի ոգով թույլ մարդկանց խավը նկատի ուներ։
Իսկ մտավորականը մտքի աշխատանքի հետ կապված մասնագիտության ներկայացուցիչն է (ինժեներ, բժիշկ, գիտնական, նկարիչ, գրող) և մտավոր օրինավորությամբ մարդը։ Անձամբ ինձ վրդովում է «ստեղծագործական մտավորականություն» արտահայտությունը, կարծես թե մտավորականության մի մասը կարող է ընդհանրապես «ոչ ստեղծագործական» լինել։  Բոլոր մտավորականներն էլ այս կամ այն չափով «ստեղծում» են, բայց մյուս կողմից՝ գրող, դասավանդող, արվեստի գործ ստեղծող, սակայն դա կուսակցության պահանջների ոգով, պետության կամ այլ պատվիրատուի պատվերով անող մարդը, իմ տեսանկյունից, մտավորական չէ, այլ վարձկան։ 
Ըստ իմ կենսափորձի մտավորականությանը պատկանում են միայն իրենց համոզմունքներին ազատ դավանող, տնտեսական, կուսակցական, պետական հարկանդրանքից անկախ, գաղափարական պարտավորություների չենթարկվող մարդիկ։
Մտավորականության հիմնական սկզբունքը մտավոր ազատությունն է՝ ազատությունը՝ որպես բարոյական կատեգորիա։ Մտավորական մարդը միայն իր խղճից և իր մտքից ազատ չէ։ Ի դեպ, համոզված եմ, որ կարելի է նաև մեկընդմիշտ ընդունված սկզբունքներից կախված լինել։  Սա վերաբերում է «ճակատային հոգեբանությամբ», իրենց հին, ինչ-որ ժամանակ ասված կամ նույնիսկ իրականացված մտքերը պաշտպանող մարդկանց, որոնք իրենք իրենց ազատությունը կաղապարում են։  Դոստոևսկին այդպիսի համոզմունքն անվանում էր «մունդիր», իսկ «պաշտոնից բխող համոզմունքներով» մարդկանց՝ մունդիրով մարդիկ։
Բարոյական կարգի լուրջ պատճառներով մարդն իր համոզմունքները փոխելու իրավունք ունի։ Վերին աստիճանի անբարոյականություն է, եթե համոզմունքը փոխում են ձեռնտուության նկատառումներով։  Եթե մտավորական մարդը, զգալով իր անիրավացիությունը, հատկապես բարոյականությանն առնչվող հարցերում, խորհրդածելով հանգում է այլ մտքի, դա նրան չի կարող նվաստացնել։

Խիղճը ոչ միայն մարդկային արժանապատվության պահապան հրեշտակն է, այլև նրա ազատության ղեկավարը. նա է հոգում, որ ազատությունը ոչ թե ամենաթողության վերածվի, այլ կյանքի (հատկապես ժամանակակից կյանքի) մանվածապատ հանգամանքներում մարդուն ցույց տա նրա իսկական ճանապարհը։
Մտավորականության բարոյական հիմքերի հարցն այնքան կարևոր է, որ դրա վրա ցանկանում եմ էլի կանգ առնել։
Նախ և առաջ կուզեի ասել, որ գիտնականները ոչ միշտ են մտավորական լինում (իհարկե, բարձրագույն իմաստով)։ Նրանք ոչ մտավորական են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտության մեջ ամփոփված՝ մոռանում են, թե իրենց աշխատանքի պտուղներից ով և ինչպես կարող է օգտվել։  Եվ այդ ժամանակ, ամեն ինչ իրենց մասնագիտական շահերին ենթարկելով, նրանք զոհում են մարդկանց շահերը կամ մշակութային արժեքները։

Մի պարզ օրինակ բերեմ. երբ մարդիկ պատերազմին են օժանդակում կամ մարդկանց համար վտանգ պարունակող կամ կենդանիներին տանջանք պատճառող փորձեր են անում։
Ընդհանուր առմամբ մասնագիտության և դրա խորացման մասին հոգալը կյանքի բոլորովին էլ վատ օրենքը չէ։ Առավել ևս, որ Ռուսաստանում բավականին շատ ոչ մասնագետներ զբաղվում են ոչ իրենց գործով։ Դա վերաբերում է ոչ միայն գիտությանը, այլ նաև արվեստին և քաղաքականությանը, որտեղ նույնպես մասնագիտացում է պահանջվում։
Մասնագետներին ու մասնագիտացումը շատ եմ գնահատում, բայց դա ոչ միշտ է համընկնում նրա հետ, ինչ անվանում եմ մտավորականներ ու մտավորականություն։

Ես դեռ կասեի՝ Ռուսաստանում մտավորականությունը նախ և առաջ մտքի անկախությունն է՝ եվրոպական կրթության պայմաններում։ (Ինչու եվրոպական՝ ստորև կասեմ)։ Իսկ միտքը անկախ պետք է լինի այն ամենից, ինչ սահմանափակում է նրան՝ լինեն, կրկնում եմ, մարդու վարքի և խղճի վրա բռնացող կուսակցականություն, տնտեսական և գործնական նկատառումներ թե նույնիսկ մասնագիտական հետաքրքրություններ, որ խղճի թույլատրած սահմանից դուրս են։

Հիշում եմ 20-ական թվականներին Պետրոգրադում ռուս նշանավոր փիլիսոփա Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Մեյերի շուրջը հավաքվող ռուս մտավորականների խմբակը՝  «երեքշաբթիականների» խմբակը, որը հետո ստացավ «Կիրակի» անունը (մեյերականներն իրենց հավաքների օրը երեքշաբթիից փոխել էին կիրակի)։ «Երեքշաբթիականների» համար գլխավորը ինտելեկտուալ ազատությունն էր՝ ազատությունը իշխանությունների, ժամանակի, նյութական շահի պահանջներից, կողմնակի հայացքներից (ինչ կասի իշխանուհի Մարիա Ալեքսեևնան)։ Մտքի ազատությունն էր որոշում աշխարհայացքային վարքն այնպիսի մարդկանց, ինչպիսիք էին ինքը՝ Մեյերը և նրան շրջապատողները՝ Կ. Ա. Պոլովցևը, Ս. Ա. Ասկոլվդով-Ալեքսեևը, Գ. Ֆեդոտովը, Ն. Պ. Անցիֆերովը, Մ. Վ. Յուդինը, Ն. Ի. Կոնրադը, Կ. Ս. Պետրով-Վոդկինը, Լ. Ա. Օրբելին, Ն. Վ. Պիգուլևսկայան և շատ ուրիշներ։

Ռուս մտավորականությունն ընդհանուր առմամբ դիմացել է մեր Խառնակ ժամանակի փորձությանը, և մարդու՝ դարի վկայի իմ պարտքն է նրա նկատմամբ արդարացի վերաբերմունքը հաստատելը։ Չափազանց հաճախ ենք գործածում «փտած մտավորականություն» արտահայտությունը, նրան պատկերացնում թույլ ու անկայուն, որովհետև սովորել էինք վստահելու գործերի քննչական լուսաբանմանը, մամուլին ու մարքսիստական գաղափարախոսությանը, որը միայն միայն բանվորներինէր համարում «հեգեմոն դասակարգե։ Սակայն քննչական գործերում պահպանվել են քննվողներից երբեմն կտտանքներով (և ոչ միայն ֆիզիկական) կորզված միայն այն փաստաթղթերը, որոնք   համապատասխանել են քննչական տարբերակին։ Ամենասարսափելին եղել է ընտանիքի անդամների վիճակը։ Քննիչների՝ ոչնչով չսահմանափակվող կամայականությունն սպառնում էր ընտանիքի անդամներին, և չենք կարող խիստ դատել նրանց, ովքեր, նույնիսկ չխորանալով բովանդակության մեջ, ստորագրությամբ հաստատում էին քննչական տարբերակը (այդպես է եղել, օրինակ, 1929-1930 թ.թ. հայտնի «Ակադեմիական գործը»)։

Ի՛նչ վեհ և առնական մտավորական էին հնատոհմ ազնվականներից սերված մտավորականները։ Հաճախ եմ հիշում 1929թ. հոկտեմբերի 28-ին Սոլովկիում գնդակահարված Գեորգի Միխայլովիչ Օսորգինին։ Նա արդեն մահապարտների խցում է եղել, որ նրան անսպասելի այցի է եկել կինը (ծնունդով Գոլիցինա)։ Անսպասելիությունը եղել է այն ժամանակվա ճամբարներում տիրող լիակատար անկարգության պատճառով.  մայրցամաքում իշխանությունները տեղյակ չէին, թե կղզու պետերն իրենց կամայականությամբ ինչ էին ձեռնարկել։ Այպես թե այնպես, բայց ազնվական Օսորգինին ազնիվ խոսքի հիման վրա մահապարտների խցից դուրս էին թողել՝ հանդիպելու կնոջ հետ՝ պարտավորեցնելով նրան կնոջը չասել, թե իրեն ինչ է սպասում։ Եվ նա կատարել է դահիճներին տված իր խոսքը։ Կարճատև հանդիպումից մեկ տարի հետո Գոլիցինան մեկնել է Փարիզ՝ չիմանալով, որ հենց հաջորդ օրը Գեորգի Միխայլովիչը գազանաբար գնդակահարվել էր։ 
Կամ բալիստիկայի միոտանի պրոֆեսոր Պոկրովսկին, որը դիմադրում էր Սուրբ դարպասներում (ցավոք, ռեստավրատորների կողմից ներկայումս ավերված), իր փայտե ոտքով խփում էր վերակացուներին միայն այն պատճառով, որ «հնազանդ հոտ» չհամարվի։
Կամ Գ. Գ. Տայբալինը։ Կյանքը վտանգի ենթարկելով՝ իր բուժկետում պահում էր բոլորովին անօգնական մի ծեր մահմեդականի՝ «Հին Բուխարայի լավագույն երգչին», որը ռուսերեն ոչ մի բառ չգիտեր և միայն այդ պատճառով դաապարտված էր կործանման։
Գաղափարայնացված խորհրդային իշխանության դաժանագույն ճնշման պայմաններում իր համոզմունքները տասնյակ տարիներ պահպանող և լիակատար անհայտության մեջ կործանվող ռուս մտավորականության առնականությունն ինձ զարմացրել և մինչև հիմա զարմացնում է։ Խոնարհվում եմ ռուս մտավորականության ավագ, արդեն հեռացած սերնդի առաջ։ Նա դիմացել է կարմիր տեռորի փորձությանը, որն սկսվել է ոչ թե 1936 կամ 1937 թվականին, այլ բոլշևիկների իշխանության գալուց անմիջապես հետո։

Ինչքան ուժեղ էր մտավորականության դիմադրությունը, այնքան դաժանաբար էին գործում նրա դեմ։ Մտավորականության դիմադրության մասին կարող ենք դատել ըստ նրա, թե ինչ դաժանություններ էին կիրառվում նրա դեմ, ինչպես ցրվեց Պետրոգրադի համալսարանը, ինչ զտումներ անցկացվեցին ուսանողության շրջանում, քանի գիտնական օտարվեց դասավանդումից, ինչպես բարեփոփոխվեցին դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերը, ինչպես էր ցնծում կիսագրագիտությունը, և ինչ փորձությունների էին ենթարկվում բարձրագույն դպրոց ընդունվել ցանկացողները։ Մտավորականների զավակներին ընդհանրապես բուհ չէին ընդունում, իսկ բանվորների համար ստեղծել էին բանֆակները։ Եվ այնուամենայնիվ համալսարանական քաղաքներում ինքնակրթության խմբակներ էին ծնվում և նրանց համար, ովքեր համալսարանում էին սովորում. պետերբուրգյան պրոֆեսորներ Ա. Ի. Վվեդենսկին և Ս. Ի. Պովարնինը տնային դասախոսություններ էին կարդում, տրամաբանության պարապմունքներ վարում, իսկ Ա. Ֆ. Լոսևը իր հաշվին էր հրատարակել իր փիլիսոփայական երկերը։

Ռուս մտավորականությունը Կարմիր Հոկտեմբերի դարաշրջան մտավ՝ ցարական կառավարությանը դիմադրելու բովում թրծված։ Ա. Ա. Մեյերը միակը չէր, որ իր շուրջն էր խմբել մտավորականներին՝ օգտագործելով դեռ ցարական կառավարության բանտերում ու աքսորում կուտակած համախմբելու իր փորձը։

1922թ. աշնանը երկու շոգենավ («Պրուսիա» և «Բուրգոմիստր Խագեն») պետք եղավ միայն մտավորականների այն մասը Ռուսաստանից տարհանելու համար, որի դեմ սովորական միջոցները չէին կարող կիրառվել՝ նկատի ունենալով նրա համաեվրոպական հռչակը։
Կարելի է հարյուրավոր ու հազարավոր գիտնականների, նկարիչների, երաժիշտների օրինակներ բերել , որ պահպանել են հոգեկան ինքնուրույնությունը կամ նույնիսկ ակտիվորեն դիմադրել են գաղափարաբանական տեռորին՝ պատմական գիտության, գրականագիտության, բուսաբանության, փիլիսոփայության, լեզվաբանության մեջ և այլն։ Տարբեր տեսակի «մերկացնող» գործողությունների պարագլուխների թիկունքում կանգնած էին կիսագրագետների, կիսամտավորականների ամբոխները, որոնք տեռոր էին իրականացնում, և իրենց համար ձեռնտու այդ գործով գիտական աստիճան ու ակադեմիական կոչում ձեռք գցում։ Համարձակվում եմ պնդել, որ նրանք մտավորական չէին՝ այդ բառի նախնական իմաստով։ Կիսագրագիտությունից վտանգավոր բան չկա։ Կիսագրագետները վստահ են, որ ամեն ինչ կամ ծայրահեղ դեպքում ամենակարևոր բաները գիտեն, և լկտիաբար ու անզիջում են գործում։ Քանի՛ մարդ է այդ կիսագրագետների կողմից փողոց շպրտվել։ Մյուսները ստիպված էին կերակրել ոչ միայն Ա. Ա. Ախմատովային, այլ նաև Բ. Մ. Էյխենբաումին, Դ. Ե. Մաքսիմովին, Վ. Լ. Կոմարովիչին, նույնիսկ ակադեմիկոս Լ. Ա. Օրբելուն, մինչև որ նրան առանձին լաբորատորիա տվեցին։ Ակադեմիկոս Ի. Յու. Կրաչկովսկին սեփական միջոցներով էր գործընկերներին աշխատավարձ տալիս, երբ հին արևելյան լեզուների պարապմունքները ռեակցիոն համարվեցին։

Դե, իսկ ովքե՞ր էին առաջին ռուս մտավորականները։ Եթե Վլադիմիր Մոնոմախն իր «Խրատը» գրած չլիներ բացառապես միայն իշխանների համար, ապա նրա խղճով աշխատանքն ու հինգ լեզուների իմացությունը նրան ռուս առաջին մտավորականների շարքը դասելու հիմք էին։ Սակայն նրա վարքը ոչ միշտ էր համապատասխանում բարոյականության հավերժական ու համընդհանուր կանոններին։ Նրա խիղճն իշխանական հոգսերով սահմանափակված էր։
Ըստ էության XV դարի վերջին XVI դարի սկզբին Ռուսիայում առաջին մտավորականը Մաքսիմ Գրեկն էր՝ իտալական ու հունական կրթությամբ մի մարդ, ով մինչև հոգևորական դառնալը կրում էր Միխաիլ Տրիվոլիս անունը և պատկանում էր Ալդ Մանուցիոսի2)   գիտական շրջանակին։ Ռուսաստանում նա հալածանքի է ենթարկվել, բռնադատվել և միայն մահից հետո է դասվել արդարների դասին։  Իր կյանքով նա կարծես նախագծել է Ռուսաստանում շատ ու շատ մտավորականների ուղին։
Իշխան Անդրեյ Կուրբսկին մտավորական կլիներ, եթե զինվորական հրամանատար եղած ժամանակ չհեռանար Իվան Ահեղից։ Որպես իշխան՝ նա իրավունք ուներ իր ավատատիրոջն ընտրելու, բայց որպես զորահրամանատար՝ ոչ ըստ խղճի նա փախավ։
Նաև XVII դարում Ռուսիայում իսկական մտավորական չի եղել։ Եղել են նաև եվրոպական չափանիշներով կրթված մարդիկ։ Սակայն նոր ժամանակների ռուսական բարձր մտավորականությունը հին Ռուսիայում դեռ չկար։
Անիմաստ է հարցնելը՝ մինչև Պետրոսը Ռուսաստանում մշակույթը հե՞տ էր մնում, թե՞ ոչ, բա՞րձր էր, թե՞ ոչ բարձր։ Մշակույթներն անհեթեթ է «հասակով» չափելը՝ ով է ավելի բարձր, ով՝ ավելի ցածր։ Հիանալի (միևնույն ժամանակ իր ոճական առանձնահատկություններով արտակարգ բազմազան) ճարտարապետություն, բարձր երգչախմբային արվեստ, եկեղեցական գեղեցկագույն ձևավորում ստեղծած, կրոնական անցյալից թանկարժեք մնացուկեր, ուղղափառ որմնանկարներ ու սրբապատկերներ պահպանած, սակայն համալսարանական գիտություն չիմացող Ռուսիան ներկայացնում էր մշակույթի յուրօրինակ տիպ՝ բարձր հոգևորականությամբ և գեղարվեստական պրակտիկայով։

Սխալ է մտածել, թե մտավորականությունը Ռուսաստանի արևմտաեվրոպական (եվրոպական նա միշտ է եղել) մշակույթի դիրքեր անցնելուց անմիջապես հետո է հայտնվել։
Պետրոսի օրոք մտավորականություն չի եղել։ Մտավորականություն կրթելու համար անհրաժեշտ էր համալսարանական գիտելիքները համադրել ազատ մտածողության և ազատ աշխարհայացքային վարքի հետ։
Պետրոսը վախենում էր անկախ մարդկանց հայտնվելուց։ Նա կարծես կանխազգում էր պետության համար նրանց վտանգավոր լինելը, արևմտաեվրոպական մտածողների հետ հանդիպելուց խուսափում էր։ Շրջագայությունների և Արևմտյան Եվրոպայում լինելու ժամանակ նրան հետաքրքրում էին նախ և առաջ «մասնագետները»՝ պետական գործիչները, զինվորականները, շինարարները, ծովայինները և բանվոր մարդիկ՝ նավապետներ, հյուսներ, նավագործներ,  այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր կարող էին իրագործել նրա մտքերը, և ոչ թե միտք ծնեին։ Գուցե դա է պատճառը, որ Պետրոսի հարաբարություններն ավելի լավ էին միջին օժտվածության ճարտարապետների հետ, չէին ստացվում Լեբլենի հետ, որը Պետերբուրգը կառուցելու իր պլանն էր առաջարկում։ Գուցե և Պետրոսն իրավացի էր։ Ուսումնասիրելով նրա՝ երբեմն աննշան ուրվագծերով ուղեկցվող հրահանգները՝ չի կարելի չզարմանալ նրա քաղաքաշինական հայեցակարգի ինքնուրույնությամբ։ Պետրոսն ավելի ազատ էր զգում տաղանդավոր ու եռանդուն պրակտիկների հետ, քան տեսաբանների և մտածողների։
Պետրոսի օրոք Եվրոպան Ռուսաստանում հաղթել էր, որովհետև Պետրոսին ինչ-որ չափով հաջողվել էր վերականգնել «Վայրագներից մինչև Հույներ» այն ճանապարհը, որը Ռուսաստանում մոնղոլա-թաթարական լծի պատճառով էր ընդհատվել։ Հենց այդ լուծն անանցանելի պատ էր հաստատել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, սակայն Արևելքի հետ կայուն կապեր չէր հաստատել, թեև ռուս տիրակալն իր գայիսոնի տակ հավասար հիմունքներով ընդունել էր և՛Կազանի, և՛ Աստրախանի թագավորությունները՝ ընդունելով նրանց իշխաններին և մեծատոհմիկերին։
Պետրոսը Եվրոպայի հետ կապերը վերականգնեց, սակայն դրա հետ զրկեց նրան տաճարներից, պարզեցրեց պատրիարքությունը և էլ ավելի ամրացրեց գյուղացիների կապերը։
Ռուսաստանի համար հիմնականը Հյուսիսի և Հարավի խնդիրն է եղել, ոչ թե Արևմուտքի և Արևելքի, նույնիսկ Բալկանյան, Կովկասյան կամ Թուրքեստանյան պատերազմներում քրիստոնեության պաշտպանությունը Ռուսաստանի համար նշանակում էր նաև եվրոպական մշակույթի՝ անձնականության, անձնավորման, մտքի ազատության սկզբունքների պաշտպանություն։ Դա է պատճառը, որ Բալկաններում քրիստոնյա ժողովուրդների ազատագրումը ռուս մտավորականությունն այդպիսի ցնծությամբ էր ընդունում, և ինքը հալածվում էր նույն այդ եվրոպական սկզբունքների պատճառով։

XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին հայտնվեցին իսկական տիպական ռուս մտավորականության առաջին ներկայացուցիչները՝ Սումարոկովը, Նովիկովը, Ռադիշչևը, Կարամզինը։ Նույնիսկ Դերժավինին չի կարելի նրանց շարքում դնել. չափազանց շատ էր նա կախված իշխանությունից։ Պուշկինն անշուշտ մտավորական է։ Նա ոսկե ծխախոտատուփեր չի ստացել և թեև հիմնականում ապրում էր հոնորարով, սակայն նրա ստեղծագործությունը դրանից կախված չէր։ Նա ազատ ճանապարհով էր գնում և «մենակ էր ապրում»։
Մտավորականությունն իր մասին՝ որպես հոգևոր միավորում, 1825թ. դեկտեմբերի 25-ին Պետրոսի հրապարակում հայտարարեց։ Դեկաբրիստների ապստամբությունը մեծ թվով հոգեպես ազատ մարդկանց հայտնվելով նշանավորվեց։ Դեկաբրիստներն իրենց դասակարգային շահերի և մասնագիտական շահերի (այդ թվում՝ զինվորական) դեմ էին ելել։ Նրանք խղճի թելադրանքով էին գործում, իսկ նրանց «գաղտնի միությունները» չէին պարտավորեցնում ինչ-որ «կուսակցական գծի» հետևել։
Միևնույն ժամանակ Ռոսամում ծնունդ առած տեռորիզմը և «պրոֆեսիոնալ հեղափոխականները», այդ բոլոր Տկաչևներն ու Նաչաևները (իսկ գուցե նաև Չերնիշևսկինե՞րը) խորապես հակամտավորական անձնավորություններ էին։ Ոչ մտավորական էին նաև նրանք, ովքեր «ժողովրդի» կամ «բանվոր դասակարգի» առաջ ծնկի էին իջնում՝ չպատկանելով ո՛չ մեկին, ո՛չ մյուսին։ Հակառակը, ինքը՝ բավարար բարձր մասնագիտական և ոչ մասնագիտական աշխարհայացքով և բնատուր խղճմտանքով բանվորը (իսկ այդպիսիք քիչ չէին, քանի դեռ «բանվոր դասակարգի» անունից հանցանքներ չէին գործվում) կարող էր մոտենալ նրան, ինչ ընդհանուր մտավորականություն ենք անվանում։

Բայց վերադառնաք մեր ժամանակներին։
Մտավորականության հոգևոր բարձր ակտիվության ուժգնացումը խորհրդային իշխանության առաջին տասնամյակի հետ է համընկնում։ Ճնշումները հատկապես այդ տասնամյակում էին առաջին հերթին մտավորականության դեմ ուղղված։ Հաջորդ 30-ական թվականներին ճնշումներն ուղղված էին ոչ միայն մտավորականության դեմ (միշտ էին նրա դեմ), այլ նաև գյուղացիների, քանի որ գյուղացիությունն էր, որը հիմա ընդունված է «անգրագետ» անվանել, իր հազարամյա մշակույթի տերը։ Հոգևորականությունը՝ քաղաքային և գյուղական, որի առանձին ներկայացուցիչներ դեռ հեղափոխությունից առաջ դրսևորվել էին որպես մտավորականներ (հայր Պավել Ֆլորենցին), իր շարքերից կրկին առանձնացրեց մտավորականության երևելի ներկայացուցիչների (Սերգեյ Բուլգակով, Վիկտորին Դոբրոնրավով, Ալեքսանդր Ելչանինով և այլք)։

Եվ այսպես, ռուս մտավորականության մեծ մասն իրեն ուրացողությամբ չի արատավորել։ Կարող եմ տասնյակ մարդկանց անուններ ասել, որոնք ազնիվ են ապրել և կարիք չունեն արդարանալու, թե «մենք այնպե՛ս հավատում էինք», «մենք այդպես էինք կարծում», «ժամանակն էր այդպիսին», «այն ժամանակ դեռ չէինք հասկանում», «թմրած էինք» և այլն։ Այդ մարդիկ իրենց դուրս են դնում մտավորականների շարքերից, որոնց պարտականությունը միշտ եղել և մնում է՝ իմանալ, հասկանալ, դիմադրել, հոգեկան ինքնուրույնությունը պահպանել և կեղծիքին չմասնակցել։ Չեմ բերի բոլոր այն ինքնակոչ մտավորականների ազգանունները, որոնց մասնակցությունը զանազան կամպանիաներին և մշակումներին ի սկզբանե պատահական չէր։ Նրանք շատ էին, սակայն չի կարելի նրանց պատճառով մեղադրել ամբողջ ռուս մտավորականությանը, որի դեմ բոլոր յոթանասուն տարիներին ուղղված էին ճնշումները։ Նաև, եթե հին մտավորականությունը չլիներ, նաև ավելի երիտասարդ այլադավանները չէին լինի։ Այդ ամբողջ շրջանում խորհրդային իշխանության գլխավոր թշնամին մտավորականությունն էր, քանի որ անկախ էր։

Իշխանության՝ մտավորականության դեմ պայքարի տարիները միաժամանակ տարիներ էին, երբ պաշտոնական լեզվից անհետացել էին պատվի, խղճի, մարդկային արժանապատվության, սկզբունքներին հավատարմության, արդարամտության, անկողմնակալության, օրինավորության, ազնվության հասկացությունները։ Մարդու վարկը փոխարինվել էր «եռանկյունիների» բնութագրերով, որոնցից այդ հասկացություններն ու պատկերացումներն իսպառ բացակայում էին, իսկ մտավորականության հասկացությունը հանգում էր մտավոր աշխատանքի մասնագիտության հասկացությանը։
Մտավորականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը այժմ էլ անհարգանք է հազարավոր այն մարդկանց հիշատակի նկատմամբ, ովքեր հարցաքննությունների և կտտանքների ժամանակ իրենց արիությունն են դրսևորել, ճամբարներում և աքսորում, գիտության այս կամ այն ուղղության դեմ հալածանքների ժամանակ ազնիվ են մնացել։

Հետագայում, երբ սկսեն հրապարակվել ԱՀ-ի, ՊՔՄՂ-ի կամ ՊԱԿ-ի գործերը, կրկին պետք է հիշել, որ հարցաքննությունների արձանագրություններում տեղ են գտել միայն այն նյութերը, որոնք քննիչի կողմից նախօրոք կազմված վարկածն էին ապացուցում։ Գործերից անհետ կորել են նրանք, ովքեր «օգնել են քննությանը», կամ ձերբակալության համար նախնական նյութեր՝ գործակալական տվյալներ են տվել։ Գործերից անհետացել են հարցաքննվողների արիության բոլոր դրսևորումները։ Ձերբակալվածներին բաց չէին թողնում. «Օրգանը սխալ չի բռնում»։ Այս միտքը տարիների հետ ավելի էր ամրապնդվում։
Ուստի և ներկայում «գործերը» պետք է հրապարակել միայն ծանոթագրություններով՝ գիտական հիմքով։
Հետաքրքիր է՝ ինչպես էին մտավորական մարդիկ լսում իրենց դատավճիռները։ Ինձ թույլ տամ ևս մի քանի հիշողություն մեջբերելու։
1928 թվականին էր, մոտավորապես հոկտեմբերի սկզբին։ Բոլորիս «Տիեզերական գիտությունների ակադեմիայի» և Սերաֆիմ Սարովսկու եղբայրության գործով կանչել էին բանտի պետի մոտ (Լենինգրադի Շպալերնայա փողոց՝ Նախնական արգելափակման տուն)։ Կարևոր և խիստ մռայլ տեսքով պետը նստել էր հոնքերը կիտած, իսկ մենք բոլորս կանգնած էինք։ Առջևում կանգնած էր Իգոր Եվգենևիչ Անիչկովը, որն արտասահմանում էր կրթություն ստացել և հին ռուսական մտավորականության տիպիկ ներկայացուցիչ էր։ Պետը անդրշիրիմյան ձայնով հայտարարեց. «Լսե՛ք դատավճիռը»։ Հիանալի հիշում եմ, որ դատավճիռ բառն արտասանեց ճիշտ շեշտադրությամբ՝ շեշտելով վերջին վանկը։ Այնուհետև դանդաղ ու հանդիսավոր սկսեց կարդալ այդ՝ չգիտես ում դատավճիռը, քանի որ դատ չէր եղել։ Այդ ամբողջ ընթացքում Իգոր Եվգենևիչը կանգնած էր ձանձրացող տեսքով։ Նոր էր պետը վերջացրել ընթերցանությունը, Իգոր Եվգենևիչը անփութորեն հարցրեց. «Վե՞րջ։ Կարող ենք գնա՞լ»։ Եվ առանց պատասխանի սպասելու շարժվեց դեպի դուռը։ Շփոթված պահակների կողքով բոլորս հետևեցինք նրան։ Հոյակապ էր։

Ռուս մտավորականության բնորոշ գիծը՝ բռնակալության հանդեպ նողկանքը, նրանում դիմացկունության և սեփական արժանապատվության զգացում է դաստիարակել։
Դե՛, և ի՞նչ. մտավորականությունն արևմտյա՞ն երևույթ է, թե՞ արևելյան։ Պատասխանը բխում է նրանից, թե Ռուսաստանն իբրև ինչ ենք ընդունում՝ Արևմուտք, թե Արևելք։ Մտավորականության գլխավոր սյուներից մեկը կրթության բնորոշումն է։ Ռուսական մտավորականության կրթությունը միշտ զուտ արևմտյան տիպի է եղել։
Եթե Ռուսաստանը Արևելք է կամ նույնիսկ Եվրասիա, ապա նրա կրթության արևմտաեվրոպական բնույթը թույլ է տալիս մտավորականությանը ժողովրդից հեշտորեն կտրել, Ռուսաստանում նրա նկատմամբ տիրող կիսամտավորականների, կիսակրթվածների ու կրթուկների խավի վերաբերմունքն արդարացնել։
Եվ դա՞ չէ պատճառը, մեկը մյուսից կտրելու ցանկությունից չէ՞, որ վերջին տարիներին եվրասիականությունը մեզանում մռայլ, սև բնույթ է ընդունում։

Իրականում Ռուսաստանը ոչ մի Եվրասիա էլ չէ։ Եթե Ռուսաստանին Արևմուտքից նայենք, նա, անշուշտ, Արևմուտքի և Արևելքի միջև է։ Բայց դա՝ զուտ աշխարհագրական տեսանկյունից, ես նույնիսկ կասեի՝ «քարտեզագրական»։ Քանի որ Արևմուտքն Արևելքից բաժանում է մշակույթների տարբերությունը, և ոչ թե քարտեզում տարված պայմանական սահմանը։ Կրոնով և մշակույթով Ռուսաստանն անկասկած Եվրոպա է։ Ընդ որում նրա մշակույթի մեջ կտրուկ տարբերություններ արևմտյան Պետերբուրգի և արևելյան Վլադիվոստոկի միջև չեք գտնի։
Ռուսաստանն իր մշակույթով Արևմուտքի երկրներից ավելի շատ չի տարբերվում, քան նրանք բոլորն են տարբերվում իրարից՝ Անգլիան Ֆրանսիայից կամ Հոլանդիան Շվեյցարիայից։ Ռուսաստանն Արևմուտքին կապող գլխավոր միջավայրը, իհարկե, մտավորականությունն է, թեև ոչ միայն նա։
Ռուսաստանի համար «Արևմուտք-Արևելք» խնդիրը պակաս նշանակալից է, քան «Հարավ – Հյուսիսը»։ Թվում է՝ դա ոչ ոք հատուկ ուշադրության չի արժանացրել, բայց դա այդպես է։
Նայե՛ք այդ նույն Եվրոպայի քարտեզին, մասնավորապես Արևելյան Եվրոպային։ Տեսեք՝ երկար ժամանակ հաղորդակցության հիմնական ուղիները եղել են գետերը՝ հիմնականում հյուսիսից հարավ կամ հարավից հյուսիս հոսող գետերը։ Նրանք են կապում Բալթիական և Սև ծովի ավազաններն իրար հետ և, վերջին հաշվով, Միջերկրական ծովին։ «Վայրագներից մինչև Հույները» (մեծատառով եմ գրում, քանի որ Վայրագները և Հույները ոչ թե ժողովուրդներ են, այլ երկրներ) գլխավոր առևտրական ֆանապարհն էր, և՛ ռազմական, և՛ մշակույթների տարածման ուղին։

XI դարում «Ժամանակների տարիների պատմության» հեղինակը հենց այդպես էլ նկարագրում է Ռուսիայի աշխարհագրական սահմանները՝ սկսելով ջրբաժանից, «Օկովյան անտառից» և այնտեղից սկիզբ առնող գետերի ուղղություններից՝ որ գետերը որ ծովերն են լցվում։ Սահմաններ չկան, կան գետերի հոսանքի ուղղություններ։
Այդ ճանապարհներին Ռուսիան երկու հավասարազոր կենտրոն ուներ՝ Նովգորոգը և Կիևը։ Հյուսիսից այդ ճանապարհով վարձով թե հրավերով եկել են վայրագները։ Հյուսիսում     Ռյուրիկովիչներն էին հիմնավորված` որ դեպի հարավ՝ Կիև իջնելով՝ որպես պետական ուժ հաստատվել էին Լադոգայից մինչև Խերսոնես։ Եվրոպական քրիստոնեական կրոնը բուլղարների միջնորդության օգնությամբ հարավից՝ Բյուզանդիայից է մուտք գործել՝ Ռուսիան սերտ կապերով կապելով Արևմտյան Եվրոպային։ Եթե Ռուսիայի մշակույթը բնորոշենք որպես Եվրոպայի X-XII դարերի գլխավոր մշակույթները միավորող, դա կանվանենք Սկանդոասիականություն և ոչ թե Եվրասիա։ Արևելքի և Ռուսիայի հարավային ստեպների քոչվորները շատ քիչ ներդրում են ունեցել Ռուսիայի ստեղծման մեջ, նույնիսկ երբ որպես վարձկան ռազմական ուժ  հաստատվել են ռուսական իշխանությունների սահմաններում։
Ռուսներն ավելի շուտ խառնվել են ֆիննաուգրական ժողովուրդների հետ, որոնց հետ նրանք, ըստ ավանդության, կանչել են Ռյուրիկ, Սինեուսա և Տրուվորա եղբայրներին։

Հատկանշական է, որ արևելյան սյուժեները, որ կան հին ռուսական մշակույթում, մեզ մոտ կա՛մ Հարավից հույների միջոցով են եկել, կա՛մ Արևմուտքից։ Արևեքի հետ մշակութային կապերը շատ սահմանափակ էին, և միայն XVI դարից են մեր զարդաքանդակներում հայտնվում արևելյան մոտիվները։
Հետագայում Բելոռուսիայի կենտրոն Պոլոցկը նույնպես գետային առևտրական ուղիների վրա է կառուցվել։ Բոլոր երեք մայրաքաղաքները՝ Նովգորոդը, Կիևն ու Պոլոցկը, իրենց տաճարներով նկատի ունեին Սոֆիայի «Աստվածային իմաստության» տաճարը։ Դրանցով գիտակցաբար վկայում էին արևելաեվրոպական երեք ժողովուրդների մշակութային միասնության մասին։
Միայն թաթար-մոնղոլական դաժանագույն արշավանքը, որի ավերիչ հետևանքները կարելի է նվազեցնել վերագրելով ցանկացած գնով մեզ Արևելքի հետ կապելու ցանկությանը, կարողացավ ոչնչացնել Ռուսիայի այդ միասնությունը՝ ամրապնդված Սոֆիայի տաճարներով՝ աշխարհաստեղծման իմաստության խորհրդանիշներով։ Դա բոլորովին չի նշանակում, թե Արևմուտքում Ռուսիան անդավաճան դաշնակիցներ ուներ, իսկ Արևելքում՝ հակառակորդներ, պատմությունը դա չի հաստատում, բայց խոսքն էլ ոչ թե ռազմական դաշինքների մասին է, այլ ռուսական ազգային մշակույթի ակունքների։

Ռուսաստանում և Արևելքում այդ ակունքները տարբեր են, դա այդպես և, սակայն դա բոլորովին չի բացառում, ավելի շուտ պայմանավորում է փոխըմբռնման և փոխօգնության այսօրվա անհրաժեշտությունը։ Հենց այդ և ոչ այլ իմաստով հիմա պետք է հասկանալ Եվրասիականության գաղափարը3) ։ Ամեն մի երկիր իր Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավն ունի, և այն, ինչ մի երկրի համար Արևելք է, նրա հարևանների համար Արևմուտք է։ Խաղաղ հարևանությունը հենց այն է, որ էթնիկական սահմանները «կողպեքով փակված» քաղաքական սահմաններ չեն դառնում, որպեսզի տարբերությունները ոչ մեկին չճնշեն, այլ փոխհարստացնեն։
Գորկին ասել է. «Երբ թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են»։ Պատահաբար ասված խոսքը դարձել է կանխագուշաթյուն, փաստ է, սակայն մի՞թե գործում է նաև մեր օրերում։

Մեր օրերում էլ ազգային մի մշակույթը, երբեմն զենքը ձեռքին, ոչնչացնում է մյուսը։ Մեր օրերում էլ է մտավորականությունը ծաղրի ենթարկվում և ոչնչացվում. և ո՞ւմ կողմից։ Մտավորականության մյուս մասի կողմից, իսկ եթե այդպես է, նշանակում է, որ այդ «մյուս» մասը մտավորականություն բնորոշումը հենց իրեն է վերագրել։
Բանավեճերը, աշխարհի և նրա ապագայի տարբեր ընկալումները, իհարկե, հատուկ են մտավորականությանը, սակայն փոխադարձ ոչնչացումը նրա միջավայր ներմուծել են նույն Գորկին, նույն կիսագրագետներն ու «կրթվուկները»՝ էլ չխոսելով ԱՀ- ՊՔՂ-ՆԳԺԿ-ՊԱԿ մասին։ Ու մի՞թե մեր օրերում էլ բեռի ամբողջ ծանրությունը, իր վրա դրված պատմական բոլոր խնդիրները մտավորականությունը երկպառակությունների և իրեն մտավորականությունից դուրս դնող փոխադարձ չարության միջոցով կարող է լուծել, այն դեպքում, երբ մշակույթի ամբողջ պատմությունը, ինչպես նաև մեր ոչ վաղ փորձը մեզ հուշում են այլ, ճիշտ հակառակ ուղին։
Եվ մի՞թե առաջվա նման, «բոլշևիկաբար» թերագնահատելու ենք մտավորականությանը և մեր ժողովուրդների կյանքում նրա դերը։

 

1) Ռուսերեն բառախաղ է "образованец", "самозванец", "оборванец" բառերով - ծանոթ.՝ թարգմ.

2) Վենետիկցի հրատարակիչ և տպագրիչ (մոտ. 1450-1515 թ.թ.) – ծանոթ. թարգմ.

3) Եվրասիացի տաղանդավորագույն պատմաբան-ֆանտաստ Լ. Ն. Գումիլյովի ձեռագիր աշխատության վերաբերյալ դրական կարծիք եմ գրել, գրել եմ նրա գրքերի նախաբանը, օգնել եմ, որ թեզ պաշտպանի։ Բայց ոչ թե այն պատճառով, որ համաձայն են նրա հետ, այլ նրա համար, որ նրա գործերը տպագրվեն։ Նա (ես էլ) հարգի չէր, բայց ինձ հետ գոնե հաշվի էին նստում, ես էլ իմ պարտքն էի համարում օգնել նրան ոչ այն պատճառով, որ համաձայն էի նրա հետ, այլ որպեսզի մեր երկրի մշակույթով տարբերվող ժողովուրդներին միավորող իր տեսակետն արտահայտելու հնարավորություն ունենար։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.