ԴՊԻՐ 4
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Աիդա Պետրոսյան
«Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»
Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան «Աշխատանք և էներգիա»
Մարինե Ամիրջանյան «Համագործակցային մեթոդներով ուսուցման իմ փորձից»
Ուսումնական նյութեր
Ռիչարդ Բախ
«Չկա այդպիսի վայր` հեռու…»
ԱՇԽԱՐՀԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Անտոն Զվերև
«Ֆիննական հրաշքը»
Պասի Սոլբերգ «Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում»
Դպրոց՝ առանց դասասենյակների
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ուր կորավ պատը
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (4-րդ գլուխ)
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Սեմյոն Սոլովեյչիկ «Առատաձե՞ռն երեխաներ»
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Դ. Լիխաչյով
«Ռուսական մտավորականության մասին»
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Պասի Սոլբերգ
Պասի Սոլբերգը նկարագրում է համագործակցային ուսուցման զարգացումը Ֆինլանդիայում և դրա առավելություններն այսօր: Ի տարբերություն IASCE ֆորումի մասնակից մյուս երկրների՝ Ֆինլանդիայում 1970-ականներին համագործակցային ուսուցման առաջին ներդրումը ոչ թե համալսարանների, այլ դպրոցական կենտրոնացված բարեփոխումների նախաձեռնությունն է եղել:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Հինգ միլիոն բնակչությամբ Ֆինլանդիան Եվրամիության ամենահյուսիսային անդամն է: Հայտնի է իր բարձրակարգ արդյունաբերությամբ, ժողովրդավարական կառավարմամբ, կաշառակերության ցածրագույն մակարդակով և ամենամրցունակ տնտեսությամբ: Դպրոցներն անկախ են, ուսուցիչները՝ ազատ արտաքին հսկողությունից, ինչպիսիք են տեսչական ստուգումը, ստուգարքը և գնահատականը: Ուսուցման ամենատարածված ձևը մնում է ավանդական ներկայացում-փաստարկումը՝ համեմված այլընտրանքային ուսուցման հազվադեպ գործածությամբ՝ ներառյալ համագործակցային ուսուցումը:
Ֆիննական դպրոցին բնորոշ գծերից մեկն այն է, որ դպրոցական բոլոր մակարդակներում դասավանդողները պարտավոր են «վարպետի աստիճան» ստանալ: Այդ դասընթացներն այնպիսի հիմնավոր տեսական հենք են տալիս, որ ուսուցիչները կարող են հանգիստ քննարկել և համեմատել մանկավարժական բարդ հասկացություններ՝ ներառյալ համագործակցային ուսուցումը: Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ համագործակցային ուսուցումը նախընտրելի է Ֆինլանդիայում, քան որևէ այլ երկրում: Իսկ վերապատրաստումների գիտական ուղղվածությունը առաջացրել է շատերի, մանավանդ ամենափորձառուների կասկածները: Նրանք կարծում են, որ համագործակցային ուսուցումը ոչ այլ ինչ է, քան նորաձև հերթական շարժումը կրթական բարեփոխումների երկար պատմության մեջ:
Ուսուցիչներն ազատ են իրենց դասարաններում աշխատելու իրենց նախընտրած ուսուցման մեթոդներով: Դասասենյակները հարմար կահավորված են, դասարաններում աշակերտների թիվը՝ փոքր: Բոլոր դպրոցները վայելում են իրենց դպրոցին համապատասխան ուսումնական պլան կազմելու ազատությունը: Ծնողների մեծամասնությունն ազատամտորեն է տրամադրված ուսուցման ձևից և մեթոդներից իր սպասումների և պահանջների նկատմամբ: Աշխատանքային շուկան, անհատ տեսաբանները և սովորողների ասոցիացիաները շարունակ խրախուսում են ուսուցիչներին՝ կենտրոնանալու համագործակցային մոտեցումների ու հմտությունների վրա: Ոչ մի արտաքին կամ վարչական խոչընդոտ չկա, որը կարող է խանգարել ուսուցիչների այդ աշխատանքին:
Փոփոխության վաղ շրջան
Երբ 1970-ականներին իննամյա ընդհանուր դպրոցը բացվեց, առաջնորդող մանկավարժական ուղղությունը խմբային աշխատանքն էր՝ հիմնված այն նախնական գաղափարների վրա, որ 20 տարի առաջ զարգացնում էր պրոֆեսոր Մետի Կոսկենիետին: Ուսուցիչների մեծամասնությունն արագ վարժվեց փոքր խմբերով ուսուցում կազմակերպելու մեթոդին: Հավատացած էին, որ այդ եղանակով տարբեր կարողության և սոցիալական պատկանելության սովորողները կարող են շփվել՝ հասնելով ցանկալի արդյունքների: Իսկ 1980-ականների սկզբին կրթական համակարգն արդեն փոխվել էր, և բոլոր ուսուցիչներն էին տիրապետում «խմբային աշխատանքին»:
Հեշտ էր գուշակել, որ կրթական փոխության և խմբային աշխատանքի նկատմամբ այս պարզեցված մոտեցումը չէր հանգեցնի սպասված արդյունքի: Հատկապես փորձառու ուսուցիչները հեգնում էին մանկավարժական նորամուծությունները և արագ հետ դարձան ուսուցման սովորական եղանակին:
Համագործակցային ուսուցումը 15 տարի հետո վերագնահատվեց ինստիտուտների միջոցով, հետազոտողների և վերապատրաստողների օգնությամբ: 1980-ականները մանկավարժական նորամուծությունների տարիներ էին՝ ներառյալ նախագծային աշխատանքների մուտքը դպրոց և ուսուցման նոր մեթոդները, կապերը միջազգային կրթական ցանցերի հետ, ինչպիսիք են UNESCO-ի INISTE ծրագիրը և Բալթյան նախագիծը:
90-ականների սկզբին պրոֆեսոր Վիլիո Կոհոնենը և նրա հետազոտական խմբերը Թեմփրի համալսարանից սկսեցին համագործակցել Դավիթ և Ռոջեր Ջոնսոնների, Էլիզաբեթ Կոհենի և Սպենսեր Կոգանի հետ: Ֆինլանդիայում այս շրջանը դպրոցում ուսուցման այլընտրանքային մեթոդների ինտենսիվ զարգացման շրջան էր: Համագործակցային ուսուցումն ուղղված էր այն ուսուցիչներին, որոնք սկսել էին գիտակցել, որ ավանդական թելադրված վարժանքը չէր բերում ավելի ամբողջական արդյունքի: Ֆինլանդիայում այդ ժամանակ առաջին անգամ պրոֆեսոր Կոհոնենը հրատարակեց հոդվածներ և կազմակերպեց համագործակցային դասընթացներ: Շուտով ձևավորվեց ակտիվ ուսուցիչների և հետազոտողների, վերապատրաստողների միություն: Նրանցից ոմանք սկսեցին մշակել ֆիննական մեթոդական մոդելներ և համադրություններ, որոնցից շատերը ինքնատիպ զարգացում ստացան Հյուսիսային Ամերիկայում:
Համագործակցային ուսուցումը և 1994թ. նոր Կրթակարգը
Համագործակցային ուսուցումն արագորեն դարձավ ժամանակակից և ցանկալի թեմա վերապատրաստման դասընթացներում, ինչպես նաև դպրոցի զարգացման նախագծերում: 1994-ին Ֆինլանդիայում այս թեմայով Ասկո Լեպիլամպիի և իմ հեղինակությամբ առաջին գիրքը հրատարակվեց: Այդ ժամանակ երկրի բոլոր մասերում հազարավոր ուսուցիչներ մասնակցում էին համագործակցային ուսուցման 2-8-օրյա վերապատրաստման ծրագրերի: Համագործակցային ուսուցման միջազգային մասնագետներ, ինչպիսիք են Յիլ Շարանը և Շլոմո Շարանը, էլիզաբեթ Կոհենը, Դավիդ Ջոնսոնը և Ռոջեր Ջոնսոնը, վերապատրաստում էին ուսուցիչներին և վերապատրաստողներին:
Միևնույն ժամանակ Ազգային նոր կրթակարգն ընդգծում է սոցիալական հմտությունների դերը, որոնց կարելի է հասնել՝ օգտագործելով ուսուցման աշակերտակենտրոն մեթոդներ, բարձրացնելով ուսուցման որակը: Շատերն էին հավատում, որ համագործակցային ուսուցումը կիրականացնի այս ակնկալիքները: Իսկապես, կրթակարգով բարեփոխումներն ու համագործակցային ուսուցման տարածումը փոխկապակցված էին: Դպրոցներում Կրթակարգի ներդրումից հետո համագործակցային ուսուցման մեթոդներն ուսուցիչները սկսեցին մշտապես կիրառել։
Այնուամենայնիվ, առաջին փորձերը և 1970-ականների կրթական բարեփոխումների հուշերը ուսուցիչներին գաղափարական երկու խմբի բաժանեցին: Նրանք, ովքեր այդ նոր գաղափարները փորձարկել էին նաև 20 տարի առաջ, դեռ խոստանում էին, որ խմբային աշխատանքը կլուծի ուսուցման հետ կապված շատ պրոբլեմներ: Մյուս կողմից վերջին շրջանում վերապատրաստված, վարպետության նոր աստիճան ստացած շատ բարձրակարգ ուսուցիչներ միասին սովորելու գաղափարն ավելի էին գերադասում, քան մրցակցությունն ու մենակ աշխատելը: Իսկ պահպանողականների ջոկատն իր ձայնը բարձրացրեց ասելու, որ համագործակցային ուսուցումը ոչ մի նոր բան չունի առաջարկելու: Այս խմբի ուսուցիչները հասկանում էին ավանդական ուսուցումից շեղվելու բարդությունները: Սկզբունքային հակասությունների այս դաշտում ուսուցիչներին կողմնորոշվելու ուժ և գաղափարներ էր տալիս աճող իրազեկությունը համագործակցային ուսուցան դրույթներին:
Ներկա իրավիճակը. թեմաներ և դիլեմաներ
Որպես գլոբալիզացիայի հետևանք՝ ֆիննական դպրոցներում մրցակցությունն աճել է: Ուսուցիչները փորձում են հավասարակշռել մրցակցային աշխարհը և առավել համագործակցային կյանքը դպրոցներում: Համագործակցային ուսուցումը մնում է մանկավարժական ամենաընդունելի գաղափարներից մեկը և արդեն դպրոցների զարգացման ծրագրերում չափազանց հաճախ է գործածվում:
Շնորհակալություն ֆիննական տեսչություններին. ֆիննական դպրոցները դեռ բարեհոգաբար ազատ են ծանր ստուգումներից և արտաքին գնահատումից: Ուսուցիները դեռ իրենք են կազմակերպում իրենց նախընտրած ուսուցումը:
Մի քանի փոքր փորձարկումներ անցկացվեցին համագործակցային ուսուցման որոշ մեթոդների վերաբերյալ: Դրանցից մեկը օտար լեզվի ուսուցման համալիր հրահանգավորումն էր: Այս նախաձեռնությունը մշակվել է Թեմփր համալսարանում, ըստ Վիլիո Կոհոնենի տեսության՝ ներառելով նաև Էլիզաբեթ Կոհենի և նրա օգնականների մտքերն ու աշխատանքները: Ջոնսոն եղբայրները զարգացրեցին համագործակցային ուսուցման սկզբունքային կաղապարը և տեղայնացրին։ Հետազոտողների խումբն ընտրեց մի քանի միջնակարգ դպրոց և մի քանի համալսարան. փորձարկումը ղեկավարում էին Յիլ Շարանը և Շլոմո Շարանը:
1990-ականների սկզբից իմ գործընկերներն ու ես փորձել ենք համագործակցային ուսուցումն առավել ամբողջական ներդնել, բայց հաճախ կենտրոնացել ենք հիմնարար սկզբունքները հասկանալու և հիմնական հմտությունները մշակելու վրա։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ նախաձեռնությունը զարգացվել է և ներառվել շատ դպրոցական հաջողված նախագծերում և ծրագրերում: Ավելին, համագործակցային ուսուցման գաղափարները տարածվել են նաև առաջատար դպրոցներում, կրթության կառավարման մեջ միավորված ղեկավարման աշխարհում:
Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում գրավել է կրթության զարգացման ամբողջ ոլորտը։ Այս պահին հետևյալ երեքն են ամենահաճախ քննարկվող հարցերը։
- Հիմնավոր վերապատրաստման պակաս։ Ուսուցիչների մեծամասնությունը կարծում է, որ հնարավոր է տիրապետել համագործակցային մեթոդներին՝ հաճախելով միայն կարճաժամկետ դասընթացների: Հետևաբար շատ ուսուցիչներ մակերեսային գիտելիքներ ունեն այս ուսուցման վերաբերյալ, չունեն խորը և լայն ընկալում, կիրառման հմտություն:
- Համագործակցային ուսուցումը անբավարար է ներառված մանկավարժական ուսուցման ծրագրերում: Համալսարանական շատ ծրագրեր դեռ թերագնահատում են համագործակցային ուսուցման դերը ուսուցման մեջ և մանկավարժական կրթության հարցում: Թեև այն ներառված է մանկավարժական կրթության հայեցակարգում, սակայն հիմնականում համարվում է ուսումնասիրության տեսական նյութ: Հետևաբար, նոր պատրաստվող ուսուցիչները լսել են համագործակցային ուսուցման մասին, սակայն այդ մեթոդները ուսուցման գործում կիրառելու բավարար փորձ չունեն:
- Ֆինլանդիայում համագործակցային ուսուցման լուրջ գործնական մշակումներ չեն ստեղծվել, բացառությամբ Վիլիո Կոհոնենի և գործընկերների (2001թ.) և իմ ու Ջոն Բերրիի (2002թ., 2003թ.) մի քանի աշխատանքների։ Օրինակ՝ ոչ մի դոկտորական թեզ չի գրվել Ֆինլանդիայում համագործակցային ուսուցման մասին, հակառակ նրան, որ ուսուցչության մեջ այն գնահատված և տարածված է։
Դպրոցներում համագործակցային ուսուցումն առավել լավ կիրառելուն վերաբերող հարցերից մեկը հրահանգավորող նյութերի անմատչելիությունն է։ 2002թ. ես և Շլոմո Շարանը ֆինն ուսուցիչների և վերապատրաստողների համար խմբագրել ենք Համագործակցային ուսուցման ձեռնարկի (2002թ.) ֆիննական տարբերակը։ Սակայն ուսումնական նյութերը՝ աշխատանքային թերթիկեր, խաղեր, նախագծային ուղղություններ և այլն, դեռ չեն օգտագործվում։ Շատ ուսուցիչներ կան, որ համարում են, որ դժվար է ձեռնարկի նյութերը դասարանին հասցնելը։ Հրատարակիչները չեն հետաքրքրվում մեթոդաբանությանը վերաբերող ինչ-որ նյութի արտադրությամբ։
Ավարտելով ասեմ, որ դպրոցներում համագործակցային ուսուցման զարգացումը կախված է ուսուցիչներից, որոնք կարևորում են սովորողի հասարակական և ճանաչողական զարգացումն ավելի, քան թեստերն ու քննությունները: Մինչև հիմա համագործակցային ուսուցումն ունեցել է զարգացման համար անհրաժեշտ հիմք։ PISA -ի ուսումնասիրությունը պարզել է, որ ուսուցիչներին հարգելու և վստահելու ֆիննական եղանակը ոչ միայն ուսումնական լավ արդյունք է ապահովում, այլ նաև ուղղորդում է ուսուցիչներին մշտապես ներդնելու մանկավարժական նոր գաղափարներ՝ առանց վախենալու սխալվելուց կամ ձախողման «մեղքից»։ Դեռ շատ հետազոտություններ և երկարաժամկետ մանկավարժական զարգացման ծրագրեր են պետք համագործակցային ուսուցումը մանկավարժության մեջ ուսուցիչների և ուսուցիչ պատրաստողների համար մշտական մասնագիտական հետազոտությունների առարկա դարձնելու համար: Այնուամենայնիվ, վերադառնալով սովորողների գաղափարներին և ուսուցիչների համոզմունքներին, նշենք, որ համագործակցային ուսուցումն ունի դպրոցներում կարևորագույն մոտեցում դառնալու, այս աշխարհին համապատասխան գիտելիքներով խաղաղասեր քաղաքացի կրթելու բոլոր նախադրյալները:
Անգլերենից թարգմանեց Մարիամ Սիմոնյանը
PISA – Սովորողների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրեր (ծանոթ. խմբ.)
Պասի Սոլբերգը Համաշխարհային բանկի կրթության բաժնի մասնագետ է (email՝ [email protected])։
|