«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
«Աշխատանք և էներգիա»
Մարինե Ամիրջանյան «Համագործակցային մեթոդներով ուսուցման իմ փորձից»

Ուսումնական նյութեր
Ռիչարդ Բախ
«Չկա այդպիսի վայր` հեռու…»

ԱՇԽԱՐՀԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Անտոն Զվերև
«Ֆիննական հրաշքը»
Պասի Սոլբերգ «Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում»

Դպրոց՝ առանց դասասենյակների

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ուր կորավ պատը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (4-րդ գլուխ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Սեմյոն Սոլովեյչիկ
«Առատաձե՞ռն երեխաներ»
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դ. Լիխաչյով
«Ռուսական մտավորականության մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Թանկագի՛ն բարեկամներ


Ձեզ ենք ներկայացնում հատվածներ անցած դարի խոշորագույն գիտնականներից մեկի` Դմիտրի Լիխաչյովի «Նամակներ բարու և գեղեցկության մասին» գրքից: Այս նամակներն ուղղված են ոչ թե որոշակի մեկին, այլ բոլոր ընթերցողներին, նախ և առաջ` երիտասարդներին, որ դեռ պիտի ապրել սովորեն և քայլեն կյանքի դժվար ուղիներով:
Այս գիրքը հատկապես արժեքավոր է դարձնում այն փաստը, որ գրքի հեղինակը` Դմիտրի Լիխաչյովը, մարդ է, ում անունը հայտնի է բոլոր մայրցամաքներում, ռուսական և համաշխարհային մշակույթի երևելի գիտակ է, տարբեր երկրների ակադեմիաների անդամ:
Միայն հեղինակավոր մարդը կարող է խորհուրդ տալ: Հակառակ դեպքում այդ խորհուրդներին չեն հետևի:
Իսկ խորհուրդները, որ կարելի է ստանալ այս գիրքը կարդալով, վերաբերում են կյանքի բոլոր կողմերին:
Սա իմաստությունների ժողովածու է, բարյացակամ Ուսուցչի խոսք, ում գլխավոր տաղանդներից մեկը մանկավարժական տակտն է և աշակերտների հետ խոսելու կարողությունը:
Այս գիրքը թարգմանված է աշխարհի շատ երկրներում և տարբեր լեզուներով:
Ահա, թե ինչ է գրում Դ. Լիխաչյովը ճապոներեն հրատարակության նախաբանում՝ բացատրելով, թե ինչու է գրել այս գիրքը.
«Իմ խորին համոզմամբ բոլոր ժողովուրդների համար բարին և գեղեցիկը նույնն են: Նույնն են երկու իմաստով. բարին և գեղեցիկը հավերժական ուղեկիցներ են, նրանք միասնական են և նույնն են բոլոր ժողովուրդների համար:
Սուտը չարիք է բոլորի համար: Շիտակությունն ու ճշմարտացիությունը, ազնվությունն ու անշահախնդրությունը միշտ բարիք են:
Իմ «Նամակներ բարու և գեղեցկության մասին» գրքում, որը նախատեսված է երեխաների համար, փորձում եմ ամենապարզ հիմնավորումներով բացատրել, որ բարու ետևից գնալը մարդու համար ամենընդունելի և միակ ճանապարհն է: Այն փորձված է, հուսալի, օգտակար թե՛ առանձին մարդու, թե՛ ամբողջ հասարակության համար:
Իմ նամակներում չեմ փորձում բացատրել, թե ինչ է բարին, և ինչու է բարի մարդը ներքուստ գեղեցիկ և ներդաշնակ ինքնին, հասարակության և բնության հետ:
Բացատրություններ, սահմանումներ ու մոտեցումներ շատ կարող են լինել: Ես այլ բանի եմ ձգտում` կոնկրետ օրինակների, որ բխում են մարդկային բնույթի ընդհանուր հատկություններից:
Ես բարու և դրան ուղեկցող գեղեցկության ըմբռնումները որևէ աշխարհայացքի հետ չեմ կապում: Իմ օրինակները գաղափարայնացված չեն, քանի որ ցանկանում եմ դրանք երեխաների համար մեկնաբանել ինչ-որ աշխարհայեցական սկզբունքների նրանց հետևել սկսելուց առաջ:
Երեխաները շատ են սիրում ավանդույթները, հպարտանում են իրենց տնով, ընտանիքով, ինչպես և բնակավայրով: Բայց նրանք սիրով հասկանում են ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշների ավանդույթները, ուրիշի աշխարհայացքը, ընկալում են այն ընդհանուրը, որը կա բոլոր մարդկանց մեջ:
Երջանիկ կլինեմ, եթե ընթերցողը, ինչ տարիքի էլ լինի (չէ՞ որ պատահում է, որ մեծահասակներն էլ են մանկական գրքեր կարդում), իմ նամակներում գտնի ինչ-որ մաս, որի հետ համաձայն կլինի:
Համաձայնությունը մարդկանց, տարբեր ժողովուրդների միջև ամենաթանկարժեքն բանն է, և մարդկությանը հիմա ամենաանհրաժեշտը£

Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Տարեց մարդու ցանկացած զրույցը երիտասարդի հետ դառնում է ուսուցում: Միշտ այսպես է եղել և, հավանաբար, այսպես էլ կլինի: Կաշխատեմ հակիրճ լինել և միայն իմ ապրած կյանքի փորձը փոխանցել, ինձ համար ամենակարևորի մասին խոսել՝ ինչպես որ պատկերացնում եմ:
Ընթերցողի հետ զրույցի համար նամակների ձևն եմ ընտրել: Սա, իհարկե, պայմանական ձև է: Իմ նամակներն ընթերցողներին պատկերացնում եմ որպես ընկերների: Նամակներն ընկերներին ուղղելը ինձ ուղղակի գրելու հնարավորություն է տալիս:
Ինչո՞ւ եմ նամակներս կազմել հատկապես այս ձևով: Իմ նամակներում սկզբում գրում եմ կյանքի նպատակի և իմաստի մասին, վարքի գեղեցկության մասին, հետո անցնում եմ շրջակա աշխարհի գեղեցկությանը, արվեստի ստեղծագործություններում արտահայտված գեղեցկությանը: Այդպես եմ անում, քանի որ շրջապատի գեղեցկությունն ընկալելու համար մարդ ինքը հոգեպես գեղեցիկ, խորը պիտի լինի, կյանքում ճիշտ դիքորոշում ունենա: Փորձե՛ք հեռադիտակը դողդողացող ձեռքերով բռնել. ոչինչ չեք տեսնի:

Առաջին նամակ
Մեծը փոքրի մեջ

Նյութական աշխարհում մեծը հնարավոր չէ փոքրի մեջ տեղավորել: Իսկ հոգևոր արժեքների ոլորտում այդպես չէ. փոքրի մեջ անհամեմատ ավելի մեծը կարող է տեղավորվել, բայց եթե փոքրը փորձենք մեծի մեջ տեղավորել, ապա մեծը կադադարի գոյություն ունենալուց: Եթե մարդը մեծ նպատակ ունի, դա պետք է ամեն տեղ արտահայտվի, նույնիսկ ամենաաննշան բաներում: Աննշմար և պատահական բաներում պետք է ազնիվ լինես, միայն այդ դեպքում ազնիվ կլինես նաև քո մեծ պարքը կատարելիս: Մեծ նպատակն ամբողջությամբ է համակում մարդուն, դրսևորվում է նրա յուրաքանչյուր արարքում, և չի կարելի կարծել, թե ստոր միջոցներով բարի նպատակի կարելի է հասնել:

«Նպատակն արդարացնում է միջոցները» ասացվածքը կործանարար է ու անբարոյական: Այս բանը շատ լավ է ցույց տվել Դոստոևսկին իր «Ոճիր և պատիժ» ստեղծագործության մեջ: Այդ ստեղծագործության գլխավոր գործող անձը` Ռադիոն Ռասկոլնիկովը, կարծում էր, թե սպանելով գարշելի պառավ-վաշխառուին՝ փող կհայթայթեր, որի միջոցով հետո մեծ նպատակների կհասներ և բարերարություն կաներ մարդկությանը, բայց հետո ներքուստ կործանվեց: Նպատակը հեռու էր և անիրականանալի, իսկ հանցագործությունն իրական էր, սարսափելի էր և ոչ մի կերպ չէր կարող արդարացվել: Ստոր միջոցներ գործադրելով՝ չի կարելի բարձր նպատակների ձգտել: Պետք է միատեսակ ազնիվ լինել ինչպես մեծի, այնպես էլ փոքրի մեջ:

Մեծը փոքրի մեջ պահպանելու ընդհանուր կանոնը պետք է նաև գիտության մեջ: Գիտական ճշմարտությունն ամեն ինչից թանկ է, և գիտական հետազոտության բոլոր մանրուքներում ու գիտնականի կյանքում պետք է դրան հետևել: Իսկ եթե գիտության մեջ գիտնականը ձգտի «մանր» նպատակների, փաստերին հակասող «ուժային» ապացույցների, եզրակացությունների «հետաքրքիր» կամ տպավորիչ լինելուն, բոլոր միջոցներով առաջ գնալու, ապա նա կկործանվի:  Հնարավոր է, որ ոչ միանգամից, բայց վերջին հաշվով` անպայման: Երբ սկսում են չափազանցնել հետազոտության ընթացքում ստացված արդյունքները կամ թեկուզ դույզն-ինչ նենգափոխում են դրանք, և գիտական ճշմարտությունը երկրորդ պլան է մղվում, գիտությունը դադարում է գոյություն ունենալուց, և ինքը գիտնականը վաղ թե ուշ դադարում է գիտնական լինելուց: 

Մեծը բացարձակապես ամեն ինչի մեջ պետք է պահպանել: Այդ դեպքում ամեն ինչ հեշտ ու հանգիստ կլինի:

Երկրորդ նամակ
Երիտասարդությունն ամբողջ կյանքն է

Երբ սովորում էի դպրոցում, հետո համալսարանում, ինձ թվում էր, թե իմ «հասուն կյանքը» բոլորովին այլ պայմաններում է ընթնալու, կարծես այլ աշխարհում, և ինձ բոլորովին ուրիշ մարդիկ են շրջապատելու: Ներկայից ոչինչ չի մնալու… Իսկ իրականում բոլորովին այլ բան եղավ: Իմ հասակակիցներն ինձ հետ մնացին: Ոչ բոլորը, իհարկե. շատերին մահը տարավ: Այնուամենայնիվ երիտասարդության ընկերները ամենահավատարիմը, մշտականը եղան: Ծանոթների շրջանակը չափազանց ընդարձակվեց, բայց իսկական ընկերները մնացին հները: Իսկական ընկերները երիտասարդ հասակում են ձեռք բերվում: Հիշում եմ, որ մորս մտերիմ ընկերուհիները միայն գիմնազիայի ընկերուհիներն էին: Հորս ընկերները նրա համակուրսեցիներն էին: Ինչքան որ ես դիտարկել եմ, ընկերանալու հակումը տարքի հետ նվազում է: Երիտասարդությունը մերձենալու ժամանակ է: Պետք այս մասին հիշել և ընկերներին պահպանել, քանի որ իսկական ընկերությունը շատ է օգնում և՛ վշտի, և՛ ուրախության պահին: Չէ՞ որ ուրախության ժամանակ էլ է օգնություն պետք. օգնություն, որպեսզի ուրախությունը հոգու ամբողջ խորությամբ զգաս, զգաս և փոխանցես: Չփոխանցված ուրախությունն ուրախություն չէ: Երջանկությունը մարդուն փչացնում է, եթե նա միայնակ է վայելում: Իսկ երբ վրա է հասնում դժբախտության, կորստի ժամանակը, կրկին չի կարելի միայնակ լինել: Վա՜յ այն մարդուն, ով մենակ է:

Այդ պատճառով պահպանե՛ք երիտասարդությունը մինչև խոր ծերություն: Գնահատե՛ք այն լավը, որ ձեռք եք բերել երիտասարդ տարիքում, մի՛ մսխեք երիտասարդության գանձերը: Երիտասարդ հասակում ձեռք բերած ոչինչ երբեք անհետ չի կորչում: Երիտասարդ հասակում դաստիարակված սովորությունները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Աշխատելու հմտությունները` նույնպես: Վարժվի՛ր աշխատանքին, և աշխատանքը հաճույք կպատճառի ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ դա որքա՜ն կարևոր է մարդկային երջանկության համար: Ծույլ, մշտապես աշխատանքից ու ջանք թափելուց խուսափող մարդուց դժբախտ մարդ չկա…

Ինչպիսին երիտասարդ հասակում ես, այդպիսին ես նաև ծերության օրով: Երիտասարդ տարիքի լավ հմտությունները կհեշտացնեն կյանքը, վատերը` կդժվարացնեն ու կբարդացնեն:

Մի բան էլ ասեմ: Ռուսական մի առած կա. «Ջահել օրվանից պատիվդ պահպանի՛ր»: Երիտասարդ հասակում կատարած բոլոր արարքները մնում են հիշողության մեջ: Լավերը կուրախացնեն, իսկ վատերը թույլ չեն տա քնել:

3-4-րդ նամակներ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.