«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

Սեմյոն Սոլովեյչիկ
Քաղաքավարի երեխանե՞ր

Համարձակվում եմ կասկածել կարծես անքննելի այս ճշմարտությանը՝ պե՞տք է արդյոք երեխաներին քաղաքավարություն սովորեցնել:
Թերևս ոչինչ այնքան չի վրդովում, որքան քաղաքավարի, բայց անսիրտ մարդը: Հրաշալի գիտենք, որ միայն արտաքին քաղաքավարությունը քիչ է, պետք է նաև ներքին քաղաքավարություն:

Բայց ոչ բոլորն են հասկանում, որ այդ երկու տեսակի քաղաքավարությունները, թեև նույն բառով են արտահայտվում, բնույթով բոլորովին տարբեր երևույթներ են: Արտաքին քաղաքավարությունը սովորությունների, վարքի հմտությունների հավաքածու է. ներքին քաղաքավարության հիմքում ինչ-որ հոգեբանական կարողություն կա, հիշողության, ուշադրության, երաժշտական լսողության նման մի բան: Դա՝ այդ կարողությունը, համանմանությամբ կարելի է սրտի լսողություն անվանել:

Պարտադիր չէ մասնագետ լինել նկատելու համար, որ մարդկանց սովորությունները (հմտությունները) և ընդունակությունները տարբեր կերպ են ձևավորվում: Հմտությունը պատվաստում են, ընդունակությունը՝ զարգացնում: Սովորությունը կապվում է մեքենայացման, իսկ ընդունակությունը՝ կյանքի նկատմամբ ստեղծագործական մոտեցման հետ։ Ինչն օգտակար է սովորություն ձևավորելիս, հաճախ վնասակար է ընդունակության զարգացման համար, և հակառակը:

Հյուր եք գնացել և փոքրիկ տղային նվեր եք տարել։ ՙԻ՞նչ պետք է ասես՚,- խիստ հիշեցնում է մայրը: ՙՇնորհակալություն՚,- մռթմռթում է որդին: Միայն այդ մի ՙկախարդական բառն՚ ասելով՝ նա կարծես հյուրի հետ բոլոր հաշիվները փակում է: Կարծես երախտագիտությունը ժպիտով, ուրախությամբ արտահայտելու հարկ այլևս չկա: Քաղաքավարության սովորությունն ամրապնդվեց, սրտի լսողությունը բթացավ... Հարյուրավոր կամ հազարավոր այդպիսի վարժություններ, և բնածին թանկարժեք այդ հատկությունից հետքն էլ չի մնա:

Կարծում եմ, որ բոլոր երեխաները չեն, որ կարող են միաժամանակ և՜ քաղաքավարությանը վարժվել, և՜ զարգացնել սրտի լսողությունը: Մանավանդ որ քաղաքավարության կանոնները հաշվարկված են հենց այնպես, որ մարդը շնորհակալություն հայտնի նաև այն դեպքում, երբ երախտագիտություն չի զգում: Ժամանակից շուտ որդուն կամ դստերը վարժեցնելով, որ բառերով արտահայտի զգացումներ, որ դեռ չի զգում, կարող ենք այդ զգացումները հավերժ լռեցնել:

Ինչո՞ւ ենք, օրինակ, երեխային ստիպում ՙշնորհակալություն՚ ասել: Կարծում եմ՝ որպեսզի մարդկանց մոտ լավը երևանք, ցույց տանք մեր երեխայի դաստիարակվածությունը:
Քաղաքավարության դաստիարակությունն այնքա՛ն նման է դաստիարակությանը: Սակայն համոզված եմ, որ իսկական դաստիարակությունը միայն և միայն այն դեպքում է տեղի ունենում, երբ հարկ է լինում հոգեկան ուժերի գոնե մի կաթիլ ներդնել: Իսկ քաղաքավարության վարժեցնելիս, համաձայնեք, սովորաբար ոչ թե հոգի ենք ծախսում, այլ նյարդեր. դա ամենևին էլ նույն բանը չէ: Առանց հայր կամ մայր լինելու էլ կարելի է քաղաքավարության վարժեցնել: Անգամ առանց երեխային սիրելու էլ կարելի է: Եթե Հեքլբերի Ֆինը մի քիչ ավելի երկար դիմանար Դուգլասի այրու մոտ, վերջինս հավանաբար քաղաքավարի տղա կդարձներ նրան:

Նույնիսկ նրբանկատությունը, օրինակ՝ գնորդի նկատմամբ վաճառողի նրբանկատությունը, կարելի է զգալիորեն ավելացնել զրույցի, դիտողության և հատկապես պարգևատրումների միջոցով: Սրտի լսողությունը նման նման ազդեցությունների չի ենթարկվում: Դա ոչ թե բառերի, այլ վիճակի լսողություն է: Այդ պատճառով էլ այդ ընդունակությունը զարգացնելու համար դաստիարակության սովորական բոլոր մեթոդները, սկսած համոզելուց մինչև պատժելը, անկարող են, քանի որ հաշվարկված են նախ և առաջ բառերի միջոցով ազդելու համար:

Ինչպե՞ս զարգացնենք երեխայի սրտի լսողությունը:
Սա շատ ավելի բարդ խնդիր է, քան ՙշնորհակալություն՚ և ՙխնդրեմ՚ բառերին վարժեցնելը:
Մայրը որդուն կարևոր հասկացություն է սովորեցնում՝ ՙչի կարելի՚: Որդին ձեռք է տվել տաք առարկայի, լաց է լինում: Մայրը խրատում է. ՙՏեսնո՞ւմ ես՝ ցավում է: Լսի՜ր, երբ մայրիկն ասում է՝ չի կարելի, թե չէ կցավի՚: Եվ այդպես ամեն քայլափոխի՝ ՙՉի կարելի, կընկնես՚, ՙՉի կարելի, ջարդուփշուր կլինես՚, ՙՉի կարելի, կմրսես՚, ՙՉի կարելի, ատամներդ կցավեն՚... Մինչդեռ իսկական ՙչիկարելին՚ այն դեպքում չէ, երբ քեզ ցավ կպատճառվի, այլ երբ ուրիշին ես ցավ պատճառում: Զգացումների ուղղվածությունը դեպի ուրիշը, ուրիշին զգալը՝ ահա սրտի լսողության զարգացման առաջին պայմանը: Ընտանիքը հեռուստացույց է դիտում, տղային անհրաժեշտ է անցնել էկրանի դիմացով. կթեքվի՞, կցատկի՞ նա: Կշտապի՞։ Նշանակում է՝ տղան լավ վիճակում է. զգում է ուրիշների ներկայությունը, վախենում է նրանց խանգարելուց: Իսկ եթե հանգիստ, առանց շտապելու է անցնում, ուրեմն տանը փորձանք է հասունանում, և ընտանեկան խորհուրդ հրավիրելու ժամանակն է:

Որպեսզի երեխան սովորի ուրիշ մարդկանց զգալ, պետք է նաև նրա մեջ ուրիշ մարդու տեսնենք: Մայրը որոշել է աշխատասիրություն դաստիարակել. ՙՏո՜ւր... Բե՜ր... Օգնի՜ր...՚։ Սիրել է սովորեցնում. ՙԱյնքա՛ն հոգնել եմ... Խղճա՜ մայրիկին... Ցո՜ւյց տուր, թե ինչքան ես մայրիկին սիրում... Ո՞ւմ ես շատ սիրում՝ հայրիկի՞ն, թե՞ մայրիկին՚։ Իսկ ի՞նչ օրինակ է նա տեսնում կյանքի հենց առաջին օրերից: Իր առջև միշտ տեսնում է մարդու (և այնքան հեղինակավոր, ինչպիսին մայրն է), որ մշտապես բողոքում է, հոգնում, օգնության կարիք ունի, չի կարողանում ինքնուրույն գնալ և վերցնել մատնոցը, ամոթալի չի համարում ամեն րոպե դատարկ խնդրանքներով դիմելը: Ուրեմն ես էլ կարող եմ բողոքել, նեղություն տալ ուրիշներին, և եթե ցավ եմ զգում, բարձրաձայն հայտարարեմ ցավի մասին, թող մայրիկն էլ տառապի:

Կարծում եմ, որ այդպիսի ընտանիքում երեխան երբեք չի հասկանա, որ սիրող մարդուն բողոքելն անխղճություն է: Մարդկանց ոչ մի նեղություն մի՜ պատճառիր, մի՜ տխրեցրու նրանց քո անախորժություններով, հնարավորության դեպքում ի՜նքդ հարցերդ լուծիր: Մեծերս այս դասը պետք է տանք: Իսկ եթե հարկ է լինում երեխայից ինչ-որ բան խնդրել, նրան ոչ թե մեկ, այլ տասն անգամ ՙխնդրում եմ՚ ասենք, որպեսզի տեսնի, թե ինչքան դժվար է խնդրելը, ուրիշին նեղություն պատճառելը, և որպեսզի չկարողանա մերժել խնդրանքը: Երբ երեխային դիտողություն ենք անում, կարծես վարքն ենք ուղղում, բայց հաճախ բթացնում ենք սրտի լսողությունը:

Ուրի՜շը, ուրիշի՜ զգացմունքները... Հոր արտաբերած ՙՀոգնած եմ՚ և ՙՄայրդ հոգնած է՚ արտահայտությունների միջև է դաստիարակության ջրբաժանը:
Երեխաների համար այնքան դժվար է ուրիշի վիճակը հասկանալը, որ շատերին հանկարծ թվում է, թե ծնողներն իրենց չեն սիրում: Նրանց այդ տառապանքների մասին իմանում ենք միայն շատ տարիներ հետո...
Այո՜, սրտի լսողությունը սկզբում կարող է նաև խաբել: Իսկ գուցե չի՞ խաբում, միգուցե ինչ-որ պահի իսկապե՞ս քիչ ենք սիրել երեխային: Կզայրանայինք, եթե մեզ այդպիսի բան ասեին, իսկ նա զգացել է...
Փոքրիկը հեշտ է հասկանում ուրիշի վիճակը, եթե ինքն է առաջացրել այդ վիճակը։ Նեղություն մի՜ տուր ուրիշին և աշխատի՜ր ուրախացնել նրան: Ընտանեկան առաջին հոգսն այն է, թե ո՜ւմ և ի՜նչ նվիրեն:
Մի ինժեներ կին իր երկու փոքրիկ երեխաների մասին ինձ ասում էր.
- Ես ջանում եմ նրանց տալ սովորեցնել: Վերցնելը նրանք ինքները կսովորեն:

Եվ իսկապես, նրա չորս տարեկան աղջիկը միայն նվերով է հյուր գնում մոր հետ. մորը հաջողվել է հասնել այն բանին, որ աղջկա համար հաճույք լինի տալը, նվիրելը, ուրիշի ուրախությամբ ուրախանալը:

Ըստ մեր առօրյա պատկերացումների՝ սրտացավ մարդն ամենից առաջ արձագանքում է ուրիշի ցավին: Մարդկանց համար հեշտ չի եղել ապրելը, և լեզվի մեջ մնացել են ՙցավա-կց-ություն՚, ՙկարե-կց-անք՚, ՙապրումա-կց-ում՚ արտահայտությունները: Իսկ ՙխնդա-կց-ում՚ լեզվում չկա։ Ցանկալի է ավելի հաճախ լսել սրտաբուխ ՙՈւրախ եմ քեզ համար՚-ը, քան ՙՆախանձում եմ քեզ՚:

Սովորեցնենք երեխաներին ուրախանալ ուրիշների հաջողություններով, ընդ որում ուրախանալ անշահախնդիր՝ չհակադրելով դրանք սեփական անհաջողություններին: Երբ աղջիկդ հայտնում է, որ իրենց դասարանում գերազանցիկ կա, սրտանց ուրախացե՜ք անծանոթ երեխայի համար և ոչ թե շտապեք հանդիմանել՝ ՙԱ՜յ, տեսնո՞ւմ ես, իսկ դո՞ւ՚: Օրինակ բերելիս ընդհանրապես պետք է շատ զգույշ լինել: Հասակակցին օրինակ բերելով՝ հաճախ ոչ թե ընդօրինակելու ցանկություն ենք գրգռում, այլ նախանձ:

Եվ ոչ մի հանդիմանություն մի՜ արեք, եթե երեխան չի շտապում նվիրել, տալ, եթե դեռևս չի կարողանում ուրախանալ ուրիշի համար: Մեզանից միայն մի բան է պահանջվում՝ ինքներս նվիրենք, ինքներս ուրախանանք և... սպասենք: Տագնապախառն հույսով սպասենք, սպասենք ու սպասենք, որ կգա այն օրը, երբ երեխան իր առաջին նվերը կանի ուրիշ մարդու (ոչ թե մորը, ոչ թե պապիկին): Երբեմն երեխային ուժեղ տպավորություններ մատուցենք: Որպես սնունդ՝ նպատակահարմար է երեխային օրական մեկ խնձոր տալը, դաստիարակության տեսակետից ավելի լավ է տարվա մեջ մի անգամ մի պարկ խնձոր բերելը...

Սրտի լսողության դաստիարակությունը պահանջում է բարոյական լռություն: Թե չէ կաթսայատանն ի՞նչ լսողություն:
Հայրը առաջին դասարանցի որդու հետ տանը մոտենալիս զգուշացնում է. ՙԴռան զանգը չտանք, մայրիկը հիվանդ է: Ավելի լավ է բանալիով դուռը բացենք՚:
Հոյակա՜պ դաս է...

Բայց հայրը չի հասցնում խոսքն ավարտել, տղան սեղմում է զանգի կոճակը: Եվ այդ ժամանակ՝
- Քեզ բա՜ն ասացի: Ձրիակե՜ր:
Այնտեղ, որտեղ բավական է տխրելը, բոլորովին անտեղի է ջղայնությունը:
Մինչդեռ դաստիարակված երեխայի համար պատիժ կարող է լինել մեծահասակի ձայնում զգացվող թույլ զարմանքը, հոնքը թեթև բարձրացնելը՝ ՙՔեզ ի՞նչ եղավ, ջանի՜կս՚: Եթե ծնողները ստիպված են լինում դիտողություն անել, հանդիմանել, դատապարտել երեխային, ուրեմն դաստիարակությունը վտանգավոր ուղղությամբ է գնում: Երեխան պետք է իր սրտի՜ լսողությամբ զգա մեծհասակների վշտանալը։ Երբ վշտանալը վեր է ածվում բառերի, հանդիմանության, կշտամբանքի, սրտի լսողությունը կարծես անպետք է դառնում և, հետևաբար, բթանում է: Եթե այսօր միայն հանդիմանում եմ որդուս, վաղը ստիպված կլինեմ երկար կշտամբել։ Եվ օրըստօրե նա կսկսի ինձ ավելի ու ավելի վատ լսել: Այդ ժամանակ մանկավարժական փոքր հավաքածուին՝ ՙԻ՞նչ է, չե՞ս լսում, խլացե՞լ ես: Ո՞ւմ եմ ասում: Ռուսերեն չես հասկանո՞ւմ՚, անպայման կհետևի մեծ մանկավարժականը՝ սեղմված բռուցքներ, վզակոթին խփել, գոտի, ընդհուպ մինչև ոստիկանության մանկական սենյակ: Իմ կարծիքով, անհնար է դաստիարակել այն երեխային, որի սրտի լսողությունը բթացվել է: Կարելի է միայն խղճալ այն ուսուցչին, ում այդպիսի աշակերտ է հանդիպում:

Իհարկե, լարից ընկած դաշնամուրին կարելի է բռունցքով հարվածել: Բայց դրանից աշխարհում ոչ մի գործիք ավելի մաքուր չի հնչել:
Հաճելի չէ տեսնել մի տղայի, որ մշտապես դատում ու քննադատում է ընկերներին, մանավանդ մեծահասակներին: Երբ երեխան վատ է արտահայտվում մեր հյուրի մասին, սովորաբար աշխատում ենք նրան ուղղել: Բայց ահա ամեն երեկո ընտանիքը հեռուստացույց է նայում, հաղորդում հաղորդման ետևից, և սկսվո՛ւմ է. այս դերասանը վատն է, մյուսը կրկնվում է, և, ընդհանրապես, հիմարություն է: Չարախոսության այս ամենօրյա ընտանեկան դպրոցն ահավոր անսրտության է վարժեցնում: Մեզ համար աննկատ երեխաներին թույլ ենք տալիս անիմաստ ու անխիղճ մեղադրել ու դատել մեծերին: Հետո պահանջելու ենք՝ ՙՎատ մի՜ խոսիր ուսուցչի մասին: Ուսուցիչը միշտ ճիշտ է՚: Իսկ ինչո՞ւ վատ բան չասի, երբ մյուս մեծերի մասին կարելի է: Իմիջիայլոց, հորն ու մոր հերթն ավելի շուտ կգա, քան ուսուցչինը...

Հաղորդումը դուր չի գալիս, անջատենք հեռուստացույցը որևէ պատրվակով: Մի՞թե հյուր ենք կանչում, որ հետո նրանց միսը ծամենք:
Երեխաներին սովորեցնենք մարդկանց սիրել, իսկ դատել իրենք իրենց էլ կսովորեն...

Սրտի լսողությունը բարոյական հատկություն չէ, այլ, կրկնում եմ, հոգեբանական ունակություն։ Այստեղից հետևում է, որ սրտի զարգացած լսողություն ունեցողը կարող է լինել և՜ պատվարժան, և՜ վատ մարդ: Յուրաքանչյուրս էլ հանդիպել է սրտացավ մարդկանց, որ իրենց թուլությունների պատճառով յուրայիններին շատ տառապանք են պատճառում:

Մյուս կողմից՝ թուլությունը սրտացավության պարտադիր ուղեկիցը չէ, և սրտացավ երեխան միշտ չէ որ հնազանդ տղա է: Կարող է նաև առաջնորդ լինել. ընկերները նրան սիրում են, քանի որ միայն անպատկառին է նեղացնում, իսկ եթե ինչ-որ մեկի վրա էլ ծիծաղում է, ապա բոլորն են ուրախանում: Մյուս երեխաների նման նա էլ կարող է չափն անցնել, անհամ բաներ անել, բայց անմիջապես կսթափվի, երբ տեսնի, որ չափն անցել է, և իր կատակն ինչ-որ մեկին ցավ է պատճառում: Նա սիրով ուրիշի մեղքը իր վրա է վերցնում, և նրա գլխավոր դերը պաշտապանողի դերն է: Ոչ թե այն պատճառով, որ ինքն ամենուժեղն է, այլ որ մյուսներից սուր է զգում ուրիշի ցավը: Աշխարհում ոչ մեկին ավելի շատ չեն սիրում, քան սրտացավ մարդկանց, և չնայած սրտի նուրբ լսողությամբ տղան հեշտ է զիջում ու հեշտ է տալիս, հենց այդ պատճառով էլ նա ամենաշատն է ստանում:

Սրտի լսողություն ունեցող երեխային պարգևատրելն ամենալավ բանն է, որ կարող են անել ծնողները, և նա երջանիկ կզգա:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքավարության կանոններին, մեծերին ընդօրինակելով՝ մարդ շատ հեշտ կտիրապետի դրանց, եթե սրտի լսողությամբ մեծանա:

Սրտի լսողությունն ու քաղաքավարությունը վերջավոր հատկություններ են: Միայն մարդկանց հասկանալու աշխատանքն է անվերջ: Ամբողջ կյանքի ընթացքում ենք սովորում մարդկանց հասկանալ:

Բայց մինչև իր վերջին րոպեն, նույնիսկ անկողնուն գամված վիճակում, սրտի զարգացած լսողություն ունեցող մարդը կանհանգստանա. ախր, նեղություն է պատճառում բժիշկներին և յուրայիններին:
Հավանաբար այդ պատճառով է, որ սրտացավ մարդիկ քիչ են հիվանդանում ու երկար են ապրում: Կյանքը սրտին մոտ ընդունելով՝ նրանք մշտապես սնում են այդ կյանքը:

ՙՆեդելյա՚, 1978թ., № 32
Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.