Երևակայության սահմանից դուրս
Primary tabs
Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով
Երրորդ գլուխ
Երևակայության սահմանից դուրս
Ֆեյթ Ռինգոլդը հայտնի նկարչուհի է՝ հայտնի դարձած իր նկարած գույնզգույն կտորներից վերմակներով: Նրա ցուցահանդեսներն անցկացվում են ամբողջ աշխարհի խոշոր թանգարաններում, նրա աշխատանքները ներառված են Ժամանակակից արվեստի թանգարանի և Մետրոպոլիտենի գեղարվեստական թանգարանի, Գուգենհեյմի թանգարանի մշտական էքսպոզիցիաներում: Բացի դրանից՝ Ֆեյթ Ռինգոլդը գրող է և Կալդեկոտի շքանշանակիր, որը նա ստացել է իր առաջին գրքի՝ «Tar Beach»-ի համար:խա Նա նաև հորինում և ձայնագրում է երգեր:
Ֆեյթի կյանքը լի է ստեղծականությամբ: Հետաքրքիր է, որ նա այդ դաշտում իրեն գտավ այն ժամանակահատվածում, երբ հիվանդության պատճառով չէր կարողանում հաճախել դպրոց: Երկու տարեկանում նա հիվանդացել է ասթմայով, դրա համար էլ ուշ է սկսել դպրոցական կրթություն ստանալ: Հարցազրույցի ժամանակ Ֆեյթն ինձ պատմել է, որ ասթմայի պատճառով դպրոց չհաճախելն է իր զարգացման մեջ դրական դեր խաղացել:
Նա այդ մասին այսպես է խոսում. «Հիվանդության արդյունքում ես զերծ մնացի դպրոցի որոշակի դոգմաներից և դոկտրիններից: Հասկանո՞ւմ եք: Ես հեռու մնացի այն դաստիարակությունից, որին, ինչպես ես եմ մտածում, շատ երեխաներ ենթարկվում են այս ռեգլամենտացված հանրության մեջ, ինչպիսին դպրոցն է: Որոշ առումով դա իհարկե արդարացված է: Չէ՞ որ երբ շատ մարդիկ հավաքվում են մի տեղում, պետք է որոշակի կանոններ հաստատել, որպեսզի համակարգն աշխատի: Իմ կյանքը երբեք և ոչ ոքի կողմից չի կանոնակարգվել: Ես բաց եմ թողել մանկապարտեզը և առաջին դասարանը: Դպրոց սկսել եմ հաճախել միայն երկրորդ դասարանից: Ամեն տարի ասթմայի պատճառով բացակայում էի պարապմունքներից ամենաքիչը երկու-երեք շաբաթով: Եվ հավատացեք, բոլորովին չէի առարկում»:
Մայրը շատ էր զբաղվում Ֆեյթի հետ, որ աղջկան օգնի դպրոցում բաց թողած նյութը լրացնելու: Իսկ ուսումից ազատ ժամանակ նրանք հնարավորություն ունեին լիովին տրվելու արվեստի անսահման աշխարհին, որ Հարլեմում թագավորում էր 1930-ական թվականներին:
«Մայրս ինձ հետ գնում էր այդ ժամանակի բոլոր հայտնի ներկայացումներին: Դրանք Դյուկ Էլինգթոնի, Բիլի Հոլիդեյի, Բիլի Էքստայնի և այդ ժամանակվա այլ հիանալի երգիչների և երաժիշտների համերգներն էին: Դրա համար էլ հենց այդ մարդկանց էի ես իրականում համարում ստեղծական անհատականություններ: Ակնհայտ էր, որ նրանք իրենց արվեստի մեջ դնում էին ամբողջ հոգին: Մենք բոլորս ապրում էինք հարևանությամբ: Նրանց ուղղակի կարող էիր հանդիպել փողոցում, հասկանո՞ւմ եք: Ինձ ողջ կյանքում ոգեշնչել է նրանց արվեստը և իրենց հանդիսատեսին տրվելու պատրաստակամությունը: Դա ինձ օգնեց լավ հասկանալու արվեստի մարդու կյանքի հաղորդակցական ասպեկտը:
Ինձ երբեք չեն ստիպել նմանվել այլ երեխաների: Ես չէի հագնվում նրանց պես: Ես տարբերվում էի նրանցից: Եվ իմ ընտանիքը չէր էլ սպասում, որ ես պետք է նմանվեի նրանց:
Դրա համար էլ ժամանակի հետ սկսեցի անել այն, ինչը համարվում էր մի քիչ տարօրինակ: Մայրս հագուստի մոդելավորող էր, և ինչպես ես էի համարում՝ նկարչուհի, չնայած ինքն իրեն երբեք այդպես չէր անվանում: Նա ինձ շատ է օգնել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում իր համար որոշել` լա՞վ է, որ արվեստը դառնում է ամբողջ կյանքի գործը»:
Երբ Ֆեյթը վերջապես սկսեց մշտապես հաճախել դպրոց, նկատեց, որ նկարչության դասերին զգում է անկեղծ ոգեշնչում և էմոցինալ վերելք:
«Արդեն կրտսեր դասարաններում նկարչության ժամեր ունեինք: Դա հոյակապ փորձ էր, ուղղակի հոյակապ: Ես հստակ հիշում եմ, թե ինչպես էին ուսուցիչները հիանում իմ որոշ գործերով, իսկ ես զարմանում էի՝ ինչո՞ւ են նրանք մտածում, որ դա լավ է: Բայց երբեք ոչինչ չէի ասում: Մի անգամ յոթերորդ կամ ութերորդ դասարանում մեր ուսուցչուհին մի պարապմունքի ժամանակ ուզում էր մեզ օգնել, որ փորձենք չնայելով տեսնել: Նա մեզ առաջարկեց նման մեթոդով ծաղիկներ նկարել: Ես ասացի. «Աստված իմ, ես չեմ ուզում, որ նա դա տեսնի, դա ուղղակի ահավոր է»: Իսկ նա բարձրացրեց իմ նկարը և ասաց. «Ուղղակի հիանալի է, նայեք»:
Հիմա ես հասկանում եմ, թե ինչու դա նրան դուր եկավ: Իմ նկարում ազատություն էր զգացվում, և հենց դա է ինձ դուր գալիս, երբ նայում եմ մանուկների նկարներին: Դա արտահայտիչ է, դա հիանալի է: Իր տեսակի մեջ դա մոգություն է, որին տիրապետում են երեխաները: Երեխաները արվեստում չեն տեսնում ոչ մի տարօրինակ և անսովոր բան: Նրանք դա ընդունում են, հասկանում են, սիրում են: Գալով թանգարան՝ նրանք ազատ նայում են այս ու այն կողմ և վտանգ չեն զգում: Իսկ մեծերը զգում են: Նրանք վախենում են, որ կտեսնեն ուղերձներ, որոնք չեն կարող վերծանել այն ժամանակ, երբ իրենցից կսպասեն ինչ-որ արձագանքներ, ինչ-որ բառեր կամ գործողություններ՝ կապված արվեստի ցուցադրված ստեղծագործությունների հետ:
Իսկ ահա երեխաները կարող են ուղղակի ընդունել արվեստը, որովհետև այդպիսին է նրանց բնույթը: Նրանք մնում են այդպիսին մինչև այն պահը, քանի դեռ չեն սկսում քննադատել իրենք իրենց: Իսկ գուցե նրանք կորցնում են իրենց անմիջականությունը, որովհետև սկսում ենք նրանց քննադատել: Ես աշխատում եմ դա չանել, բայց միևնույն է՝ աշխարհը նրանց կքննադատի ու կգնահատի՝ ասելով.« Դա նման չէ ծառի, դա նման չէ մարդու»: Քանի դեռ երեխաները փոքր են, նրանք ուշադրություն չեն դարձնում նման բառերին: Նրանք նկարածի իմաստը բացում են հենց աչքիդ առջև: «Սա իմ մայրն է, սա հայրս է, մենք մոտեցանք տանը և կտրեցինք ծառը», և այլ նմանատիպ բաներ: Երեխաները մեզ ամեն ինչ պատմում են իրենց նկարածներից և անկեղծորեն դրանք համարում են հրաշալի: Եվ համաձայն եմ նրանց կարծիքին: Չէ՞որ իրենց արվեստում նրանք լիովին ազատ են, նշանակում է՝ իրավացի են:
Ես մտածում եմ, որ երեխաներն ի ծնե նման ընդունակություններ ունեն նաև երաժշտության հանդեպ: Նրանց ձայները նման են փոքրիկ զրնգուն զանգակների: Մի անգամ դպրոցներից մեկում ես անցկացրի քառասունրոպեանոց պարապմունքներ տարբեր տարիքի երեխաների հետ՝ ամենակրտսերից մինչև վեցերորդ դասարանցիներ: Ամեն պարապմունքի սկզբին երեխաները գիրք էին կարդում, հետո ես ցույց էի տալիս իմ աշխատանքներից որոշ սլայդեր և սովորեցնում էի երգել իմ երգը՝ «Յուրաքանչյուրը կարող է թռչել» (Anyone Can Fly): Կարևոր չէ, թե երեխաները մսուրից էին, մանկապարտեզի երեխաներ, առաջին դասարանցիներ, երկրորդ, երրորդ, թե չորրորդ, նրանք ուղղակի վերցնում էին երգը: Բայց հինգերորդ դասարանցիների հետ արդեն սկսվում էին խնդիրները: Նրանց ձայներն արդեն նման չէին զանգակների, երեխաներն ամաչում էին իրենք իրենցից, իսկ ոմանք ընդհանրապես ամոթխած լռում էին և հրաժարվում երգելուց:
Բարեբախտաբար, Ֆեյթը երբեք իրեն չի զսպել նման ձևով: Մանկուց նրան դուր էր գալիս հետազոտել իր ստեղծական ընդունակությունները և մեծանալավ՝ նա պահեց այդ անկեղծությունը:
«Մտածում եմ, որ այն պահից, ինչ 1948թվին քոլեջում սկսեցի ուսումնասիրել արվեստը, գիտեի, որ ուզում եմ նկարչուհի դառնալ: Չէի հասկանում, թե ինչ ուղի կընտրեմ, ինչպես դա կստացվի, բայց խորապես համոզված էի, որ դա իմ նպատակն է: Ես երազում էի նկարչուհի դառնալ և դրանով զբաղվել ողջ կյանքում: Մեր կյանքի ամեն օրը հնարավորություն է տալիս ստեղծել ինչ-որ հրաշալի բան և կարող է լինել հոյակապ, ինչպես մնացած բոլոր օրերը: Այն կարող է բերել յուրօրինակ բացահայտումներ, որովհետև երբ դուք նկարում կամ ստեղծում եք, ամեն անգամ բոլորովին նոր ուղիներ եք գտնում ստեղծագործելու համար»:
Ստեղծագործական ներուժ
Արդեն նշել եմ, որ սիրում եմ իմ ընթերցողներին հարցնել, թե որքան են իրենք խելացի իրենց կարծիքով: Սովորաբար դրանից հետո ես այդ նույն մարդկանց հարցնում եմ, թե իրենք ինչպես են գնահատում իրենց ստեղծական ընդունակությունները: Եվ այդ հարցման ժամանակ կրկին օգտագործում եմ տասը միավորանոց համակարգը, որտեղ տասը միավորը մաքսիմալն է: Ինչպես ինտելեկտի գնահատման ժամանակ, մարդկանց մեծամասնությունը իրեն տեղավորում է սանդղակի մեջտեղի հատվածում: Հազար մարդուց մոտավորապես քսանից քիչ մարդ է իր ստեղծական ընդունակությունները գնահատում տասը միավոր: Մի փոքր մեծ խումբ գնահատում է ինը կամ ութ: Մյուս կողմից ընդամենը մի քանի մարդ է այդ նույն հազարից իր ստեղծական ընդունակությունները գնահատում մեկ կամ երկու միավոր: Մտածում եմ, որ մարդիկ այստեղ ավանդաբար սխալվում են, այնպես ինչպես ինտելեկտի գնահատման ժամանակ:
Բայց այս վարժության իրական իմաստը բացվում է, երբ ես հարցնում եմ, թե քանի մարդ է տարբեր միավորներ դրել իր ինտելեկտի և ստեղծական ընդունակությունների գնահատման ժամանակ: Սովորաբար մեծամասնությունը բարձրացնում է ձեռքերը մոտավորապես լսարանի երկու երրորդից մինչև երեք չորրորդը: Ինչո՞ւ է այդպես: Մտածում եմ, որ դա կապված է այն բանի հետ, որ մարդկանց մեծամասնությունը ինտելեկտն ու ստեղծական ընդունակությունները ընկալում է որպես բացարձակ տարբեր բաներ: Նրանք ենթադրում են, որ մարդը կարող է լինել խելացի, բայց չունենա ստեղծական մեծ ընդունակություններ, և ընդհակառակը:
Իմ կարծիքով, դա հիմնական խնդրի վկայություն է: Կազմակերպությունների հետ իմ աշխատանքի զգալի մասը նվիրված է ինտելեկտի և ստեղծական ընդունակությունների անքակտելի փոխկապակցվածության ցուցադրմանը: Ես խորապես համոզված եմ, որ անհնար է լինել ստեղծական և միևնույն ժամանակ չլինել մտավորապես զարգացած մարդ: Համանման կերպով ինտելեկտի բարձր ձևը ստեղծական մտածողությունն է: Սեփական կոչումը գտնելու որոնումների ժամանակ չափազանց կարևոր է հասկանալ ստեղծականության իրական բնույթը և ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես է այն կապվում ինտելեկտին:
Ինչպես իմ փորձն է ցույց տալիս, մարդկանց մեծամասնությունը նեղ պատկերացում ունի ինտելեկտի մասին, և որպես օրենք` այն դիտարկում է ակադեմիական ընդունակությունների տեսակետից: Ահա թե ինչու` շատ օժտված մարդիկ ի վերջո իրենց սկսում են համարել ինտելեկտուալ առումով թույլ: Ստեղծական ընդունակությունները ամեն կողմից շրջապատված են առասպելներով:
Այդ առասպելներից մեկն այն է, որ ստեղծական ընդունակություններով օժտված են միայն յուրահատուկ մարդիկ: Դա այդպես չէ: Ամեն մարդ ծնված օրից օժտված է հսկայական ստեղծական ներուժով: Գլխավոր բարդությունն այն է, որ կարողանաս իսկապես այն բացահայտել. քանի որ ստեղծականությունը շատ առումներով կապված է գրագիտության հետ: Մենք ընդունում ենք որպես օրենք, որ մեզանից ամեն մեկը կարող է սովորել կարդալ և գրել: Եթե մարդը չի կարողանում գրել և կարդալ, հո չե՞ք մտածում, որ նա ունակ չէ: Ենթադրում եք, որ դա չի սովորել: Նույնը կարելի է ասել ստեղծականության մասին: Երբ մարդիկ ասում են, որ օժտված չեն ստեղծական ընդունակություններով, դա հաճախ բացատրվում է նրանով, որ նրանք չգիտեն ստեղծականության իրական բնույթը և նրա դրսևորման նշանները գործնականում:
Մյուս առասպելը պնդում է, որ ստեղծական են համարվում միայն գործունեության ընտրված տեսակներ, ինչպիսիք են նկարչությունը, դիզայնը կամ գովազդը: Իսկապես, այդ զբաղմունքներն ուղղակիորեն կապված են ստեղծական պրոցեսի հետ: Բայց նույն աստիճան էլ այն պահանջված է բնագիտության, մաթեմատիկայի, ինժեներության, նախաձեռնության, սպորտի, և վերջապես մարդկային պարզ փոխհարաբերություններում: Ստեղծական ընդունակությունները կարելի է օգտագործել՝ զբաղվելով մարդու ինտելեկտը ակտիվացնող ցանկացած գործով:
Երրորդ առասպելն այն է, որ մարդիկ կա´մ օժտված են ստեղծական ընդունակություններով, կա´մ ոչ: Այս միֆը մեզ համոզում է, որ ստեղծական օժտվածությունը, ինչպես և ինտելեկտի աստիճանը, ամրագրված հատկանիշ է, ինչպես օրինակ աչքի գույնը, երբ մարդը ի վիճակի չէ ինչ-որ բան փոխելու: Բայց դա հակասում է իրականությանը, որովհետև մենք ընդունակ ենք ցանկացած ստեղծական վերելքների թե´ աշխատանքի մեջ, թե´ կյանքում: Այդ ճանապարհի առաջին կարևոր քայլը ստեղծական ընդունակությունների և ինտելեկտի միջև սերտ փոխկապակցվածությունը հասկանալն է: Դա սեփական կոչումը հասկանալու առավել ճիշտ մեթոդներից է և մեզ մղում է ուսումնասիրելու մարդկային ինտելեկտի գլխավոր գծերը՝ մեր երևակայության յուրահատուկ հնարավորությունները:
Ամեն ինչ ձեր երևակայությունից է
Ինչպես ասվել է նախորդ գլխում, մարդը հակված է թերագնահատելու իր զգացմունքները և իր ինտելեկտը: Նման սխալ թույլ ենք տալիս նաև մեր երևակայության հանդեպ: Մենք այն ընդունում ենք մյուս զգացմունքների հետ միասին մի շարքում: Մենք նույնիսկ քննադատում ենք մարդկանց չափազանց մեծ երևակայության կամ անմտածելի ֆանտազիայի համար, պնդելով, որ մեր թերահավատություն օբյեկտը գոյություն ունի միայն նրանց երևակայության մեջ: Մենք, չգիտես ինչու, հպարտանում ենք մեր հողեղեն լինելու, իրատեսության կամ գործնականության համար` ծիծաղելով նրանց վրա, որ սավառնում են երկնքում: Բայց և այնպես հենց երևակայությունն է մարդկանց վառ կերպով առանձնացնում մյուս կենդանի արարածներից:
Երևակայությունն է ընկած յուրաքանչյուր մարդկային ձեռքբերման հիմքում: Այն մեզ քարանձավից բերել է քաղաք, կենդանիների ոսկորներով խաղերից՝ գոլֆ խաղալու, հում մսից՝ նրբահամ խոհանոց և նախապաշարմունքից՝ գիտության: Երևակայության և իրականության միջև գոյություն ունի բարդ և խորը կապ: Եվ այդ կապը մեծ դեր է խաղում սեփական կոչումը գտնելու դեգերումներում:
Կենտրոնանալով մեր փաստացի ֆիզիկական միջավայրում՝ մենք սովորաբար ենթադրում ենք, որ մեր աշխարհընկալումը համապատասխանում է իրականությանը: Հենց այդ պատճառով էլ կարողանում ենք մեքենա վարել աշխույժ փողոցներով, կատարել լուրջ գնումներ և արթնանալ ճիշտ մարդու կողքին: Գիտենք, որ որոշակի պայմաններում, օրինակ՝ հիվանդության, գիտակցության մթագնման կամ հոգեմետ դեղորայքի շատ օգտագործման ժամանակ ռեալ իրականության և երևակայության համապատասխանումը կարող է սխալ լինել, բայց առայժմ թողնենք այդ հարցը և առաջ գնանք:
Մեզ համար սովորական է դուրս գալ զգայական ընկալման շրջանակներից և մտովի պատկերացնել այլ տեղերի և այլ ժամանակների պատկերներ: Եթե ես ձեզ խնդրեմ մտածել ձեր դպրոցական լավագույն ընկերոջ, սիրած ուտելիքի կամ ամենաձանձրալի ծանոթի մասին, դա կարող եք անել՝ նշված օբյեկտներից և ոչ մեկը չունենալով անմիջապես աչքի առջև: Նման պրոցեսը` «մտովի տեսլականը», մեր երևակայության կարևոր ակտն է: Դրա համար էլ ես կսահմանեի երևակայությունը որպես «իրերի պատկերները, որոնք ուղղակիորեն չեն ընկայվում մեր զգայարաններով, տեսնելու ընդունակություն»:
Լիովին հնարավոր է, որ դուք սրան ասեք՝ դա ինչ նորություն է որ: Պատասխանը ողջամիտ է, առավել ևս որ այն օգնում է մոտենալ առանցքային մտքին՝ մեր բոլոր ընդունակություններից առավել ընդունում ենք հենց մեր երևակայությունը: Երևակայությունը մեզ համար կենսականորեն կարևոր նշանակություն ունի: Նրա օգնությամբ մենք վերադառնում ենք անցյալ, տեսնում ներկան և կանխատեսում ապագան: Այդ շնորհի օգնությամբ մենք ընդունակ ենք անելու ինչ-որ խորը և յուրօրինակ նշանակության բան:
Մենք կարող ենք ստեղծել
Երևակայությունը մեզ հնարավորություն է տալիս նորից զգալու այն, ինչը երբևիցե զգացել ենք, և այն, ինչը դուրս է մեր կյանքի և զգայական փորձի շրջանակից: Մենք կարող ենք հանելուկներ ստեղծել, հիպոթեզներ ներկայացնել, ենթադրություններ և դատողություններ անել: Մի խոսքով, կարող ենք ստեղծական մտածել: Հնարավորություն ունենալով մեր միտքն ազատել գոյություն ունեցող «այստեղ և հիմա» իրականությունից` մենք ինչ-որ առումով ազատ ենք՝ նորից վերադառնալու անցյալ, վերաիմաստավորելու ներկան և կանխատեսելու ապագայի հնարավոր տարբերակները: Երևակայությունն ամեն ինչի հիմքն է, ինչը հատուկ է բացառապես մարդուն: Այն ընկած է լեզվի, արվեստի, գիտության, փիլիսոփայական համակարգի հիմքում՝ մարդկային մշակույթի ամենաանգին բազմազան ձեռքբերումների հիմքում: Ես կարող եմ պատկերազարդել երևակայության այդ հսկայական ուժը անգամ տիեզերական համամասնությունների օրինակով:
Չափն ունի՞ նշանակություն
Ո՞րն է կյանքի իմաստը: Սա ևս մեկ լավ հարց է: Այն, ամենայն հավանականությամբ, չի մտահոգում այլ կենդանի արարածների, բայց մշտապես և ուժգին մտահոգում է մարդկությանը: Բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասելը պարզ ու հանճարեղ է մոտեցել այդ խնդրին: Նրա հարցը կազմված է երեք ենթահարցերից և արժանի է, որ երկու անգամ կարդաք. «Մարդը իրականում ա՞յն է, ինչպես երևում է աստղագետի աչքին՝ ոչ մեծ և անկարևոր մոլորակում անօգնական սողացող, ջրի հետ խառնված ածխածնի մի քիչ թանձրուկ: Թե՞ այն է, որին Համլետն է տեսնում: Կամ էլ հնարավոր է՝ միաժամանակ և´ այս, և´ այն»:
Ռասելի կողմից տրված երեք հարց պարունակում է արևմտյան փիլիսոփայության որոշ առանցքային դրույթներ, ընդ որում, ոչ միշտ, բնորոշ արևելյան գիտնականներին: Կյանքն իր էությամբ արդյոք պատահական և անօգո՞ւտ է, թե՞ այնքան խորն ու խորհրդավոր է, ինչպես ենթադրել է Շեքսպիրի դրամատիկ հերոսը: Մենք դեռ կանդրադառնանք Համլետին, բայց սկզբից եկեք նայենք մեր գոյության գաղափարը այս փոքրիկ, անկարևոր երկրում:
Երկար տարիների ընթացքում Հաբլի աստղադիտակը Երկիր է հեռարձակում հարյուրավոր առանձին գալակտիկաներից գրավիչ պատկերներ, սպիտակ թզուկներ, սև անցքեր, մառախուղներ և բաբախող աղբյուրներ: Մենք բոլորս էլ տեսել եք տիեզերական ճամփորդությունների հետ կապված փաստերի և ֆանտազիաների մասին տպավորիչ վավերագրական ֆիլմեր, որ ուղեկցվել են միլիարդավոր լուսային տարիների և անսահման տարածությունների մասին աննկարագրելի տվյալներով: Մեզնից շատերն այսօր հասկանում են, որ տիեզերքն ունի ահռելի չափեր: Մենք նաև հասկանում ենք, որ Երկիրն անհամեմատ փոքր է:
Բայց որքա՞ն է փոքր
Շատ դժվար է հստակ պատկերացնել: Չէ՞ որ երբ խոսքը մոլորակների մասին է, չափը միշտ էլ հարաբերական է: Հաշվի առնելով Երկրի և այլ երկնային մարմինների միջև վիթխարի տարածությունը՝ դժվար է համեմատության համար անալոգներ ընտրել:
Ես ուրախ էի, որ գտա պատկերների հրաշալի հավաքածու, որն ինձ օգնեց պատկերացում կազմելու Երկրի մոտավոր չափերի վերաբերյալ: Որևէ մեկի մոտ էլ հրաշալի գաղափար է ծագել բոլորովին հաշվի չառնելու տարածությունը, այլ ուղղակի «հանել» Երկիրը և այլ որոշ մոլորակներ տիեզերքից և տեղադրել դրանք շարքերով իրար ետևից, ինչպես դպրոցական նկարներում: Նման օրիգինալ ձևով մեզ տվել են իրերի մասշտաբների վերաբերյալ պատկերացումներ, և դա իրոք զարմանալի է:
Ահա առաջին պատկերը: Սա Երկիրն է և նրա մի քանի մոտ հարևանները: Այստեղ մենք վատ չենք երևում, հատկապես Մարսի և Մերկուրիի համեմատությամբ: Նույնիսկ մտածում եմ, որ մեզ պետք է քիչ անհանգստացնի մարսյան հորդաների ներխուժումը: Ընդ որում Պլուտոնն այլևս մոլորակ չի համարվում, և նայելով այս նկարին, կարելի է հասկանալ, թե ինչու: Ի՞նչ էինք մտածում հենց սկզբից: Այն հազիվ թե մի փոքր մեծ լինի գարեհատիկից:
Հիմա եկեք մի քիչ փոքրացնենք մասշտաբը: Հանկարծ պատկերն արդեն այնքան էլ հուսադրական չի թվում: Նկարում Երկիրն է` պատկերված մեր Արեգակնային համակարգի մի քանի մեծ հարևանների կողքին:
Երկիրը հիմա պակաս տպավորիչ է Ուրանի և Նեպտունի համեմատությամբ և առավել ևս` Սատուրնի և Յուպիտերի: Պլուտոնը իսկական տիեզերական թյուրիմացություն է, բայց մենք առայժմ պահում ենք մեր արժանապատվությունը. նկատի ունեմ, որ գոնե երևում ենք:
Բայց հիմա գիտենք, որ պատմությունը սրանով էլ չի ավարտվում: Գիտենք, որ Երկիրը փոքր է Արևի համեմատությամբ: Բայց ինչքա՞ն է փոքր: Ահա, այսքան…
Այս մասշտաբով Երկիրը խաշխաշի հատիկի է նման, իսկ Պլուտոնի մասին ընդհանրապես կարելի է մոռանալ: Եվ կողքին մեծ Արևն է, որն իրականում տիեզերական հսկա լինելուց հեռու է, թեպետ և այդպիսին է երևում այս նկարում: Տպավորիչ է, այնպես չէ՞:
Այս սանդղակում Երկիրն ուղղակի անհետացել է, իսկ Արևը քորոցի գլուխ է դարձել: Բայց անգամ հիմա մենք մեզ դեռ համեմատում ենք ոչ մեծ և մեզ մոտ տիեզերական օբյեկտների հետ: Իսկ ի՞նչ կլինի, եթե նայենք ավելի հեռու Տիեզերքին:
Աչք մի´ կտրեք Արկտուրից, երբ մենք նորից մեծացնենք մասշտաբը, որպեսզի Բետելգեյզը և Անտարեսը տեսնենք:
Այս մասշտաբով Արևը ավազահատիկ է, իսկ Արկտուրը՝ ոչ մեծ նարինջ: Ընդ որում Անտարեսը մեր Տիեզերքի պայծառությամբ տասնհինգերորդ աստղն է և մեզնից ավելի քան հազարլուսային տարիների հեռավորության վրա: Աստղագետերը կասեին՝ «ընդամենը հազար լուսային տարի»: Հիշելով, որ լուսային տարիները տարածություն է, որտեղ լույսի ճառագայթը օրացույցի տարվա չափ է, սկսում ես հասկանալ Տիեզերքի իրական մասշտաբները: Բայց և այնպես տպավորիչ է հնչում, հատկապես Պլուտոնի համար, չնայած գալակտիկական չափերով դա կատարյալ ոչինչ է:
Օրինակ՝ Մագելանի ամպը գալակտիկաներից մեկն է, մեր Ծիրկաթինին մոտ: Մեր երկնքում այն վառ թեթև ամպ է: Այդ ամենով հանդերձ գիտնականները Մագելանի ամպիկի տրամագիծը հաշվում են մոտ 170000 լուսային տարի.Երկիրն այս տեսակետից չնչին, աներևակայելի փոքր է:
Բայց և այնպես
Ասվածից կարող եմ նաև ինչ-որ հուսադրող բան քաղել: Նախ՝ մեր աստղագիտության դասը օգտակար է տեսակետի փոփոխության մարզանքի համար: Ի՞նչ նկատի ունեմ: Մոռացեք ամեն բան, ինչ ձեզ անհանգստացրել է այսօր առավոտվանից: Վերլուծեք, թե դա ինչ նշանակություն կարող է ունենալ, եթե մեծացնեք մասշտաբը: Հանգստացեք և ապրեք:
Երկրորդ հերթին՝ մտածեք հետևյալի մասին: Երևում է, այս պատկերները իրականում մեզ հրում են Բերտրան Ռասելի առաջին հարցին դրական պատասխանելուն: Թվում է՝ մենք ձեզ հետ կառչած ենք չափազանց փոքր և աննշան մոլորակի մակերևույթին: Բայց իրականում դա պատմության վերջը չէ:
Գուցե մենք փոքր և երկրորդական ենք: Բայց մեր յուրօրինակությունը Երկրի և, որքան հայտնի է մինչ այսօր, ամբողջ Տիեզերքի բոլոր կենդանի արարածների համեմատությամբ այն է, որ մենք ընդունակ ենք գիտակցելու սեփական աննշանությունը: Եվ դա ուղղակի ապշեցուցիչ է:
Օգտագործելով երևակայության ուժը՝ ինչ-որ մեկը ստեղծել է աստղագիտական այս հրաշալի նկարները: Օգտագործելով նույն ուժը՝ ես ընդունակ եմ գրելու դրանց մասին և հրապարակելու գրածը, իսկ դուք կարող եք դա գիտակցել և հասկանալ: Իրականում մարդիկ են ստեղծել Համլետին, ում մասին ասել է Ռասելը, նաև Բախի «Մեսսա սե մինորը», Կապույտ մզկիթը, Սիքստինյան տաճարը, Վերածնունդը, Չեխովի պիեսները, Մետաքսե ճանապարհը, Յեյթսի պոեզիան, բլյուզը, ռոքնռոլը, հիպ-հոպը, Լաս-Վեգասը, հարաբերականության տեսությունը, քվանտային մեխանիկան, «Սիմփսոնները», թվային տեխնոլոգիան, Հաբլի աստղադիտակը՝ մարդկության տաղանդների և ձգտումների ֆանտաստիկ և աննման ապացույցը:
Ես չեմ հրաժարվում մյուս արարածների երակայությունից… Բայց նրանցից ոչ մեկը չի ցուցադրում այն բարդ ընդունակությունների գոնե փոքր-ինչ նմանությունը, որով մարդկությունն օժտված է շնորհիվ իր երևակայության: Մյուս կենդանի արարածներն էլ են շփվում, բայց նրանք համակարգիչներ չունեն: Նրանք նույնպես երգում են, բայց մյուզիքլներ չեն ներկայացնում: Նրանք էլ կարող են լինել կենդանի և շարժուն, բայց «արևի կրկեսը» նրանց ստեղծածը չէ: Նրանք կարող են մտահոգ երևալ, բայց կյանքի իմաստի մասին տեսություններ չեն հրապարակում, երեկոները չեն անցկացնում՝ «Ջեկ Դենիելս» երգելով և Մայլզ Դևիս լսելով: Նրանք չեն հանդիպում բարերում` կենտրոնացած ուսումնասիրելով Հաբլի աստղադիտակի օգնությամբ ստացած պատկերները և փորձելով հասկանալ, թե ինչ կարող է այն նշանակել բոլոր կենդանի արարածների համար:
Ինչո՞վ են բացատրվում նման հիմնական տարբերությունները մեր փոքրիկ մոլորակի մարդու մտածողության և վարքի և այլ կենդանի արարածների միջև: Իմ միանշանակ պատասխանն է՝ երևակայությամբ: Իրականում խոսքը մարդկային ուղեղի անչափ զարմանալի բարդ էվոլյուցիայի մասին է, այն դինամիկության, որով նա ընդունակ է գործառույթներ անել, և որը մարդկային ֆենոմենալ ստեղծական պոտենցիալի պատճառն է:
Ստեղծականության հենց այս ընդունակությունը թույլ է տալիս վերաիմաստավորել մեր կյանքը և գտնել մեր տարերքը:
Թարգմանություն ռուսերենից
Նկարը` Մարտին Բարսեղյանի (Գեղարվեստի դպրոց, 3-րդ դասարան)
- Բացվել է 2849 անգամ