VII. Մանուկը դեռահասների շրջապատում
Primary tabs
Նախկին հրաշամանուկը
1903-1906, Այերի միջնակարգ դպրոց
Հայրս մտադիր էր ապրել Հարվարդի ագարակում և ամեն օր գնալ Քեմբրիջ: Նա շատ զբաղված էր, քանի որ ձեռնարկել էր Տոլստոյի քսանչորս հատորը երկու տարում անգլերեն թարգմանելու գործը: Դա հսկայական աշխատանք էր, դրանից բացի, նաև Հարվարդում դասավանդում էր և գյուղատնտեսական աշխատանքով զբաղվում: Ժամանակը, որ կարող էր ինձ հետ պարապելուն տրամադրել, սահմանափակ էր, այդ պատճառով էլ սկսեց դպրոց փնտրել, ուր կարող էր ինձ ուղարկել: Չնայած այս ամենին, նա երեկոները ստուգում էր հանձնարարություններս: Այդ ժամանակ ես արդեն այնքան էի առաջ գնացել, որ տարրական դասարաններն ինձ ոչինչ չէին կարող տալ, և ինձ տարածաշրջանի որևէ դպրոցի ավագ դասարան ուղարկելն ու ինձ դասարանն անձամբ ընտրելու հնարավորություն տալը կարծես միակ ելքն էր: Այերի միջնակարգ դպրոցն այդ ոչ սովորական փորձն իրականացնելու ցանկություն հայտնեց: Այերը հորս ամենահարմարն էր, քանի որ Բոստոն տանող երկաթգծի ամենամոտ կայարանն էր, և նա ամեն օր ուղևորվում էր այնտեղ, որպեսզի նստի Քեմբրիջի գնացքը՝ ձին ու սայլը թողնելով վճարովի ախոռում մինչև երեկոյան իր վերադարձը:
Ես 1903թ. ինը տարեկանում ընդունվեցի Այերի դպրոցի ավագ դասարանները, որպես հատուկ սովորող: Թե որ դասարանում պետք է սովորեի՝ դեռ որոշված չէր: Շուտով պարզ դարձավ, որ մեծ մասը, ինչ ես կարող էի, համապատասխանում էր բարձր դասարաններում սովորելու երրորդ տարուն, այնպես որ, երբ ուսումնական տարին ավարտվեց, ինձ փոխադրեցին ամենաբարձր դասարաններից մեկը, և 1906թ. ամռանը պետք է դպրոցն ավարտեի:
Տիկին Լորա Լիվիտը դպրոցի մտքի կենտրոնն էր և հասարակական կարծիքի արտահայտիչը: Նա բոլորովին վերջերս է թոշակի անցել, հիսուն տարի դպրոցում աշխատելուց հետո: Փափուկ և միաժամանակ ամուր բնավորություն ուներ, դասական լեզուների փայլուն դասավանդող էր, լատիներենի նրա իմացությունը շատ ավելի էր սովորական միջնակարգ դպրոցի ավագ դասարաններում դասավանդողին ներկայացվող պահանջներից: Ուսումնառության առաջին տարում նրա ղեկավարությամբ ես Կեսար և Ցիցերոն կարդացի, իսկ երկրորդ տարում՝ Վերգիլիոս: Նաև հանրահաշիվ և երկրաչափություն էի անցնում, բայց այս պարապմունքներն ինձ համար ավելի շատ անցածի կրկնություն էին: Անգլերեն գրականության և գերմաներենի ուսուցիչներն ինձ վրա ոչ մի տպավորություն չթղեցին: Հավանաբար, դրանք երիտասարդ կանայք էին, որ քոլեջն ավարտելու և հետագա ամուսնության միջև ընկած ժամանակն էին լցնում:
Չնայած որ ես առարկաները նույնքան լավ էի պատասխանում, ինչպես սովորողների մեծ մասը, և լատիներենի իմ թարգմանությունները բավականին լավն էին, սոցիալական առումով մնում էի չզարգացած երեխա: Ութ տարեկանում Քեմբրիջի Փիբոդիի դպրոցից դուրս գալուց հետո ոչ մի դպրոց չէի գնացել, և, ընդհանրապես, դպրոց կանոնավոր չէի հաճախել: Եվ հիմա Այերի միջնակարգ դպրոցի ավագ դասարաններում նստարանները շատ բարձր էին ինձ համար, իսկ իմ համադասարանցի դեռահասները գրեթե մեծահասակ էին թվում: Գիտեմ, որ տիկին Լիվիտը փորձում էր ինձ ամեն կերպ պաշտպանել ինձ անծանոթ տեղում անծանոթ մարդկանց միջավայրում գտնվելու հետ կապված նման ապրումներից, և մի անգամ՝ պարապմունքի գնալու առաջին ամիսներին, նա ինձ իր ծնկներին նստեցրեց, երբ հարցնում էր աշակերտներին: Բարության այդ նշանը ո՛չ համադասարանցիներիս ծիծաղն առաջացրեց, ո՛չ ծաղր, կարծես նրանք ինձ ընդունում էին իրենց տարիքով փոքր եղբոր նման: Աշակերտների նկատմամբ բարեհամբույր տրամադրված դասավանդողի համար լրիվ բնական էր ավագ դասարաններ հաճախող երեխային ծնկներին նստեցենլը:
Իհարկե, իմ նկատմամբ այդպիսի վերաբերմունքը բնորոշ չէր դպրոցական կարգապահությանը, և շատ շուտով ես ծանոթացա դասարանում վարվեցողության տարրերին: Իմ և համադասարանցիներս միջև տարիքային տարբերությունը շարունակում էր ինձ պաշտպանել նրանց ծաղրից: Կարծում եմ, որ ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե ես նրանցից չորս տարով փոքր լինեի, ոչ թե յոթ: Հասարակական առումով նրանք ինձ որպես արտասովոր երեխայի էին ընդունում, այլ ոչ թե որպես դեռահասության տարիքի չհասածի: Մեծ հաջողություն էր, որ այդ դպրոցը տարրական դպրոցի հետ նույն շենքում էր, որտեղ կարողացա տասը-տասնմեկ տարեկան մի քանի ընկեր գտնել, որոնց հետ խաղում էի. նրանցից մի քանիսը իմ համադասարանցիների կտսեր եղբայրներն էին:
Դպրոցում իմ ուսումը և հասարակական շփումը մեդալի միայն մի կողմն էին: Կար նաև մյուս կողմը՝ հանձնարարված դասերը տանը միշտ պատասխանում էի հորս: Միջնակարգ դպրոց ընդունվելուցս հետո հորս հետ պարապմունքները գործանականում չէին տարբերվում նրանցից, երբ նա իմ միակ ուսուցիչն էր: Ինչ առարկայից էլ որ լիներ դպրոցում տրվածը, սովորածս պետք է պատմեի հորս: Նա զբաղված էր Տոլստոյի թարգմանությամբ, և դասերս շարադրելիս հազիվ թե կարողանար ամբողջ ուշադրությունն ինձ վրա կենտրոնացնել: Այսպես, գալիս էի սենյակ և նստում հորս դիմաց, որ գրամեքենայի (փոխվող տպագրող մեխանիզմով հին Բլիկենսդերֆի, ինչը հորս հնարավորություն էր տալիս շատ լեզուներով տպագրելու) վրա թարգմանություն էր տպագրում արագ կամ տարված էր անվեջանալի սխալներն ուղղելով: Դասերս պատմում էի, և ինձ թվում էր, թե նա բոլորովին չէր լսում: Եվ իսկապես, նա միայն ականջի պոչով էր ինձ լսում: Բայց դա բավական էր իմ պատասխանում սխալը բռնելու համար, իսկ սխալներ միշտ լինում էին: Հայրս ինձ հանդիմանում էր դրա համար, երբ յոթ կամ ութ տարեկան էի, և այն, որ հիմա դպրոցում էի սովորում, գրեթե ոչինչ չէր փոխում: Յուրաքանչյուր հաջողված պատասխանս սովորաբար անփույթ գովասանք էր առաջացնում, ինչպես. «Լավ է», կամ «Շատ լավ, հիմա կարող ես գնալ խաղալու», անհաջողությունների համար ինձ պատժում էին, իհարկե ոչ ծեծով, այլ բառերով, որոնք գրեթե նույնքան ցավ էին պատճառում, որքան ծեծը:
Երբ ազատվում էի հորս հետ պարապմունքից, հաճախ էի օրվա երկրորդ կեսն անցկացնում Ֆրենկ Բրաունի հետ: Նա իմ հասակակիցն էր՝ տեղական դեղագործի տղան և տիկին Լիվիտի զարմիկը. Ֆրենկն ամբողջ կյանքում իմ ընկերը մնաց: Մենք միմյանցից երկու մղոն հեռու էինք ապրում, այնպես որ բավականին հեշտ էր խաղալու համար նրան դպրոցից հետո հանդիպելը, կամ շաբաթ և կիրակի օրերը նրան այցելելը: Նրա ընտանիքը քաջալերում էր մեր ընկերությունը, և նրանք միշտ եղել են ինձ համար թանկ մարդկանցից:
Սովորաբար ես ու Ֆրենկը հարթահատակ գետանավակով լողում էինք մեր լճով տասնյոթերորդ դարի աղացի պատնեշի ուղղությամբ մինչև առվակը, հետո նրանով, խուսափելով քարերից և ծանծաղուտներից, մինչև հասնում էինք թփերով առաջացած թունելը, որը շարունակվում էր մեկ կամ երկու մղոն դեպի Հարվարդի կենտրոն տանող ճանապարհը: Անտառում գտնվող հին ճահճի մասին ֆանտաստիկ ենթադրություններ էինք անում: Նրա մակերևույթին փայտով անցքեր էինք բացում, որպեսզի հետևենք բարձրացող և մակերևութին պայթող ճահճային գազի պղպջակներին: Գորտերին և շերեփուկների գերի էինք վերցնում և փորձում ընտելացնել այդ անշնորհակալ և համառ էակներին:
Մի անգամ այրեցի Ֆրենկի ափի հակառակ երեսի մաշկը, երբ փորձում էինք նրա հոր դեղատնից տարած նյութերով հրթիռ պատրաստել: Մի ուրիշ անգամ ակ փչելու պոմպում ջուր հավաքեցինք և պատշգամբում պառկած սպասում էինք, թե երբ հնարավորություն կլինի ջրելու այդ հեռու ժամանակներում նոր հայտնված ավտոմեքենաներից մեկը: Ստվարաթղթե հին տուփերից և սայլերի հին անիվներից խարխուլ խաղալիք գնացք էինք պատրաստում և երկաթուղային աշխատողներ էինք խաղում: Երբեմն ձեղնահարկ էինք բարձրանում, որտեղ «Խորհրդավոր կղզին» կամ «Սև գեղեցկուհին» էինք կարդում, իսկ երբեմն, վերցնելով էլեկտրասարքի մասեր, փորձում էին էլեկտրական զանգ հավաքել: Մի անգամ ինչ-որ բան հավաքեցինք, որը մեր կարծիքով ռադիո էր: Մենք տղաներից, ինչպիսիք եղել են և կլինեն, ոչ մի բանով չտարբերվող տղեկներ էինք: Անկասկած, այդ տարիքում դպրոցում իմ անսովոր վիճակն ինձ չէր ճնշում և ինձ վրա որևէ հատուկ տպավորություն չէր թողնում:
Երկու շաբաթը մեկ անգամ միջնակարգ դպրոցում ճարտասանության մրցումներ էին կազմակերպում, որտեղ երեխաները բերանացի կարդում էին հատուկ այդ նպատակի համար ընտրված հատվածներ գրականությունից: Արձակուրդիս կեսերին մոտ որոշեցի փիլիսոփայական մի հոդված գրել, որ հետագայում օգտագործեի այդ միջոցառումների ժամանակ: Հաջորդ ուսումնական տարում ելույթ ունեցա այդ հոդվածով, բայց ոչ որպես մրցույթի իսկական մասնակից: Այն կոչվում էր «Անիմանալիի տեսություն» և բոլոր գիտելիքների ամբողջական չլինելու փիլիսոփայական հիմնավորում էր ըստ էության: Իհարկե, հոդվածը իր բովանդակությամբ չէր համապատասխանում միջոցառման նպատակին և իմ տարիքին: Բայց այն հորս դուր եկավ, և որպես խրախուսանք՝ նա ինձ հետը տարավ ճամփորդության, և մենք մի քանի օր անցկացրեցինք Գրինակրում (Մեն նահանգ), Պորտմուտի մոտ, Նյու-Հեմփշիրում, Պիսկատակվա գետի մառախուղներում: Գրինակրը բահայների համայնք էր, որը արևելյան կրոնական բոլոր ուղղությունների նկատմաման ընկալունակ էր: Այդ ուղղությունը հիմա ավելի շուտ Լոս Անջելեսին է պատկանում, քան Նոր Անգլիային: Հետաքրքիր է, թե ինչ կմտածեր Նոր Անգլիայում ապրող իսկական բահայների մի մասը, երբ իմանար, որ Բահաին իսլամի սուֆիսական տարբերակն է:
Օուլդ Միլ Ֆարմը իսկական գործող ագարակ էր՝ կովերով, ձիերով և այլն, որի կառավարումն իրականացնում էր վարձու աշխատողը իր կնոջ հետ: Ընտանի կենդանիներից անձամբ ինձ պատկանում էին այծը և իմ մտերիմ ընկեր, Ռեքս հովվաշունը: Ռեքսը մեզ հետ ապրեց մինչև 1911թ., բայց ավտոմեքենաների ետևից վազելու նրա սովորությունը ծնողներիս շատ հոգնեցրել էր, և նրանք որոշեցին, որ ավելի լավ կլինի, որ Ռեքսից ազատվենք: Հնարավոր է, որ դա արդարացի կլիներ, բայց ես դրան չէի կարող այլ կերպ նայել, քան հանցագործություն ընկերոջս նկատմամբ: Այծը որպես նվեր ծնողներս էին գնել ինձ համար, և նա իր ետևից քարշ էր տալիս փայտե սայլակը, որը պատրաստելու համար հատուկ վարպետ էինք վարձել: Որպես խաղալիք և զվարճանք՝ սայլակը շատ լավն էր, բայց որպես տեղափոխման միջոց՝ շատ անբավարար էր: Մի ողջ շարք հարցերում այծը և Ռեքսը կարծես տարբեր տեսակետներ ունեին: Այծի պոզերը և պնդաճակատ գլուխը լուրջ փաստարկներ էին Ռեքսի ատամների դիմաց:
Տարվա ամենադժվար եղանակները ուշ ձմեռը և վաղ գաունն էին: Գյուղական ճանապարհները այն ժամանակ ծածկույթով չէին, և սայլերն ու կառքերը խորը ակոսներ էին թողնում, որոնք սառչելով դառնում էին դժվարանցանելի: Հարևանը, որը մեզանից կես մղոն հեռավորության վրա էր ապրում, այդ զզվելի եղանակին ինձ իրենց տուն հրավիրելու սովորություն ուներ, որպեսզի իր և կնոջ հետ թուղթ խաղայի: Ես շատ ժամանակ էի անցկացնում հորս գրադարանում՝ միայնակ կարդալով: ատկապես ինձ շատ էր դուր գալիս Այզեկ Թեյլորի գիրքը աբուբենի մասին, որը գրեթե ծայրից ծայր գիտեի:
Ամռանը ամեն ինչ այլ կերպ էր: Բացի լճակում թիավարելուց և լողանալուց, ոչ մեծ չհամակարգված բուսաբանական հետազոտություններից և սունկ հավաքելու նպատակով հորս հետ զբոսնելուց, նաև խաղում էի Հոմեր և Թեյլոր Ռոջերսների՝ հարևան ագարակում ապրող ինձ հասակակից տղաների հետ: Մենք քիչ էր մնում պայթեինք, երբ փորձեցինք ներքին այրման շարժիչ պատրաստել ճանճերի դեմ դեղի ամաններից, և ուշաթափության աստիճանի ցնցված էինք սիրողական ռադիոյի մեր փորձերով, որոնց համար օգտագործում էինք հորս գնած սարքը, և որը այդպես էլ չկարողացա իսկապես արդյունավետ օգտագործել:
Հայրս խրախուսում էր, երբ այգով զբաղվում էի, բայց այգեգործական իմ կարողությունները նրա ոգևորությունը չէին առաջացնում: Ես թռցրի լոբով լցված մանկական սայլակը և հաջողեցրեցի այդ լոբին վաճառել Այերում մթերքի կրպակի տիրոջը՝ պարոն Դոնլանին: Դոնլանը մթերքների առևտրին զուգահեռ ծառայում էր նաև շոգենավային ընկերության գործակալությունում և հորս մոտիկ ընկերն էր. նրանք հաճախ էին զրուցում գաելերեն: Որպեսզի գաելերենից ետ չմնա պարոն Դոնլանից, հայրս Հարվարդի գրադարանից մի քանի գիրք էր վերցրել իռլանդական հեքիաթներով: Նա հաճախ էր դրանք թարգմանում ինձ համար, երբ պառկում էի քնելու, և ինձ միշտ զարմացնում էին այդ հեքիաթների կոմիկականությունը և անկերպարությունը, ինչը դրանք տարբերում էր Գրիմ եղբայրների հեքիաթներից, որոնց վարժվել էի:
Ձմռան կեսին հորս այցելեց պրոֆեսոր Միլյուկովը, ռուսական դումայի (կամ սահմանափակ պառլամենտի) անդամ, ով քաղաքական հիմնարկություններ էր ղեկավարում, իսկ ավելի ուշ տխրահռչակ Կերենսկու կառավարության անդամ էր:
Միլյուկովը բարձրահասակ, ժպտադեմ ռուս էր, մորուք ուներ, և քանի որ եկել էր Ծննդյան տոներին, քրոջս և ինձ համար մանկական հետիկներ [1] էր բերել, որոնցով ձյունապատ տարածքներով կարող էինք քայլել, ինչպես յոթմղոնանոց կոշիկներով: Ծնողներս արդեն ունեին իրենց սեփական հետիկները, և նրանք հայտնագործություն էին արել, որ այն տեղերը, որտեղ շատ ճահճային էին տարվա մյուս եղանակներին քայլելու համար, հիմա իրենց համար հասանելի էին, ինչպես մայրուղի:
Միլյուկովը գիրք էր գրում ամերիկյան քաղաքական հիմնարկությունների մասին, և հայրս նրան օգնում էր քաղաքական և հասարակական պատմության առանձին հետաքրքիր հարցերում: Մեր հարևան ագարակատեր Բրաունը իր սահնակով մեզ տանում էր հարևան Շեյկեր գյուղը՝ միայնակ հարկահավաքի կալվածքը, որը գտնվում էր Ֆրունտլենձի առանձնատան հարևանությամբ, որտեղ ապրում էին Ալկատոսները այն բանից հետո, երբ տապալվեց Բրուք Ֆարմ ծրագիրը: Հայրս Միլյուկովին մանրամասն բացատրություններ էր տալիս, համենայն դեպս ինձ այդպես էր թվում, քանի որ ես ռուսերեն, որով նրանք խոսում էին, չէի հասկանում:
1906թ., երբ լրացավ տասնմեկ տարիս ծնվեց եղբայրս՝ Ֆրիցը: Նա միշտ թուլակազմ երեխա է եղել, և հետագայում մի քիչ կպատմեմ նրա զարգացման և կրթության դժվարությունների մասին: Բերտա քույրս ինձանից յոթ տարի էր փոքր, բայց նա տարիքով բավականին մոտիկ էր, որպեսզի կարողանար իմ աճի և զարգացման հարցում դերակատարություն ունենար: Իսկ ֆրիցը ծվեց, երբ ես գրեթե հասել էի պատանեկության տարիքի, իսկ երբ նա հասավ պատանեկության, ես արդեն մեծ մարդ էի, որ զբաղված էր իր կարիերայով և սեփական հասարական դիրքորոշումը փնտրելով, այնպես որ մեզ չհաջողվեց ընկերներ լինել:
Ինչպես արդեն ասել եմ, ուսումնառության երկրորդ տարվա սկզբին ինձ տեղավորեցին Այերի միջնակարգ դպրոցի ավագ դասարաններից մեկում: Ես գրեթե տասնմեկ տարեկան էի, և համակված էի անհնազանդության ոգով: Ես անսովոր գաղափար ունեի իմ տարիքի երեխաների միջավայրում կազմակերպություն ստեղծելու, որպեսզի դիմակայենք մեծահասակների իշխանությանը (դա նույնիսկ իմ ամենամոտիկ ընկերների հետ ոչ մի իրականացում չունեցավ): Հետո ուշքի եկա և ինձ հարց տվեցի, թե արդյոք հանցագործություն չեմ գործել միայն նրանով, որ մտածել եմ նման բաների մասին: Ինձ մխիթարում էի, որ եթե նույնիսկ դա հանցագործություն է, ես շատ փոքր էի, որպեսզի լրջորեն պատժվեի:
Գարնանային կիսամյակի վերջերին միջնակարգ դպրոցում վարժվել էի ճաշելուն համադասարանցիներիս և ուսուցիչներիս հետ՝ դպրոցի մոտի այգում, որը պատված էր ցածրահասակ վայրի բալենիներով: Գետինը ծածկված էր հողմածաղիկներով և մանուշակներով, իսկ տեղ-տեղ երևում էին չմշկածաղիկներ: Տաք գարնանային արևը, որը երևում էր նոր-նոր տերևների կանաչ նրբախավով ծածկվող ճյուղերի արանքից, կոչում էր նոր կյանքի և նոր սխրագործությունների:
Դպրոցում գտնվելու այդ վերջին տարում, երբ արդեն տասնմեկ տարեկան էի, սիրահարվեցի մի աղջկա, որ դաշնամուր էր նվագում մեր դպրոցական համերգների ժամանակ: Երկաթուղայինի տասնչորսամյա աղջիկն էր՝ երեսը պեպեններով էր ծածկված: Դա անպտուղ, բայց իսկական սեր էր, այլ ոչ թե փոքր երեխաների սեր՝ զուրկ սեռական զգացողություններից: Նա զարգացած էր իր տարիքից առավել: Իսկ ես ընդամենը տասնմեկ տարեկան էի: Արտաքնապես բաղկացած էի ինչպես ութ տարեկան տղային, այնպես էլ տասնչորսամյա պատանուն բնորոշ տարրերից: Այդ հորթային կապվածությունն ինձ ծիծաղելի էր թվում, պետք է որ ուրիշներն էլ այդպես ընկալեին, և ես դրանից ամաչում էի: Ես փորձում էի ինձ ցուցադրել այն կողմով, որ ինձ միակ ընդունելին էր թվում՝ նրա համար երաժշտություն գրելով. և այն էլ՝ ես, որ պակաս երաժշտական էր, քան տղաներից ցանկացածը: Եվ ինչպես նմանատիպ երաժշտական ստեղծագործությունների դեպքում է, դրանց հնչողությունը հիշեցնում էր դաշնամուրի սև ստեղների հաջորդական հարվածներ:
Իհարկե, այդ ընկերությունը ոչ մի լուրջ բանի չէր կարող հանգեցնել, նույնիսկ սովորական «սիրային կապի»: Բացի նրանից, որ ես դեռ երեխա էի իմ տարիքի պատճառով, խիստ անհանգստություն էին առաջացնում նոր և միայն կիսով չափ հասկանալի ներքին ուժերը, որպեսզի կարողանայի կտրվել մանկությունիցս և ընդգրկվեի արգելված հաճույքների մեջ: Ծնողներս, հարցնելով ինձ և ուրիշ մարդկանց, հավաստիացան, որ այդ աղջիկը չի վնասի իմ մարմնին և հոգիս չի դատապարտի հավերժական տանջանքների, չնայած հանուն արդարության պետք է ասել, որ այդպիսի վտանգ չկար էլ: Կյանքի այս փորձը նշանավորում էր անհոգ մանկության ավարտը: Եվ չնայած ես առանձնապես չէի ձգտում մեծանալու, նկատեցի, որ արագորեն մոտենում եմ հասունության՝ իր անհայտ պարտականություններով և հնարավորություններով:
Հորթի սերը յուրաքանչյուր նորմալ տղայի կյանքի փորձ է: Բայց մի քանի տարի հետո տղան սկսում է շփվել իր տարիքի աղջիկների հետ և սովորում է նրանց հետ իրեն լավ զգալ: Եվ այն ժամանակ, երբ նա քոլեջ է ընդունվում, լի է լինում մի աղջկա լրջորեն սիրահետելու հույսով, նպատակադրվելով ոչ հեռու ապագայում ամուսնանալ նրա հետ: Սակայն իմ հորթի սերը շատ շուտ սկսվեց, և երբ ես արդեն քսանն անց էի, դեռ դժվարություններ ունեի և ամուսնանալու մասին չէի մտածում:
Ուսումնական տարվա վերջը լի էր դպրոցն ավարտելու հետ կապված երեկույթներով, որ կազմակերպում էին արդեն տասնյոթ կամ տասնութ տարեկան համադասարանցիներս: Նույնիսկ երբ ես էի տանտերը, և հյուրերը Շեյկերից վարձակալած կառքերով եկել էին Օուլդ Միլլ Ֆարմ, ես այդ երեկույթի ընթացքում ինձ կողմնակի էի զգում: Նստում էի սենյակում, տեղավորվելով սեղանի տակ, և հետևում էի պարերին, որպես ծեսի, որում ես ոչ մի դեր չունեի:
Այն բանից հետո, երբ դպրոցն ավարտելու առթիվ տոնախմբություններն ավարտվեցին, ես ամառն անցկացրի Օուլդ Միլլ Ֆարմում իմ «Սբ. Նիկոլաս» ամսագրի և այերական ընկերների հետ՝ ժամանակ առ ժամանակ իրենց ագարակում այցելելով Հոմեր և Թեյլոր Ռոջերսներին: Մի քանի անգամ փորձեցի մրցանակ ստանալ Սբ. Նիկոլասի Լիգայից, որը սկսնակ նկարիչների, բանաստեղծների և վիպասանների օրրան էր, բայց ամենաշատը, ինչին կարողացա հասնել, միայն մեկ անգամ իմ անվան հիշատակումն էր աչքի ընկնողների ցուցակում: Ստիպված էի բավարարվել հաճույքներով, որ կարելի էր գնել: Այդ ժամանակ ինձ համար էժանագին լուսանկարչական «Brownie» ապարատ գնեցին. հույս ունեի նաև օդամղիչ հրացան գնել, բայց քանի որ ծնողներիս այդ գաղափարը դուր չեկավ, ամենալավը, որ կարող էի ինձ թույլ տալ կեղծ ատրճանակն էր:
Իմ արեյական ընկերներին շատ եմ պարտական: Ինձ հնարավորություն տվեցին անցնելու զարգացման այն փուլերով, երբ երեխան հատկապես անշնորհք է՝ շրջապատված հասկացության և քաջալերանքի մթնոլորտով: Ավելի մեծ դպրոցում, հավանաբար, դժվար կլիներ այդպիսի ըմբռնում գտնելը: Իմ համադասարանցիները, ուսուցիչները և ավելի տարիքով ընկերները հարգանքով էին վերաբերվում իմ անձին և առանձնանալու իրավունքին: Հատկապես շատ սեր և ըմբռնում է ցուցաբերել տիկին Լիվիտը: Ինձ բախտ վիճակվեց տեսնելու իմ երկրի ժողովրդավարությունը իր ամենավառ դրսևորումով, այն ձևով, ինչպես այն մարմնավորվել էր Նոր Անգլիայի փոքրիկ քաղաքում: Ես նախապատրաստվել և հասունացել էի արտաքին աշխարհ և քոլեջային կյանք մտնելու համար:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ես մի քանի անգամ այցելել եմ Այեր, չնայած այցելությունների միջև մեծ ընդմիջումներին: Ես վկան եմ եղել այն բանի, թե ինչպես քաղաքը կորցրեց երկաթգծի հանգուցային կայարան լինելու իր կարգավիճակը և դարձավ զինվորական քաղաք, և ինչպես շատ երկաթգծեր քանդվեցին: Ես տեսել եմ, թե ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմը նորից բարձրացրեց այդ քաղաքը, և կարծում եմ, որ նորից ստիպված կլինեմ տեսնել, թե ինչպես է կորցնում իր նշանակությունը: Եվ չնայած կյանքի այսպիսի փոփոխականությանը, ինձ ծանոթ ընտանիքների մեջ աճ էր նկատվում դեպի միավորումը և անխռով գոյությունը: Նրանք փոքր քաղաքում ապրող մարդիկ են, բայց նրանց մոտ բացահայտորեն բացակայում է քաղքենու ոգին: Նրանք կարդացած մարդիկ են այն դարի համար, երբ կարդալը հազվագյուտ բան էր: Նրանք լավ գիտեն թատրոնը, չնայած, որ մոտակա թատրոնը երեսունհինգ մղոն հեռավորության վրա է: Արդեն երկու սերունդ է աճել և մեծացել այն ժամանակից, ինչ ես թողել եմ այդ վայրը, մեծացել են սիրո և հարգանքի մթնոլորտում: Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ընկերներս այդ փոքր արդյունաբերական քաղաքում իրենց տեսակի կայունություն են ներկայացնում առանց որևէ մոդայամոլության, կայունություն, որը համընդհանուր որակ է, այլ ոչ թե գավառականության նշան, և նրանց համայնքի կառուցվածքը կարելի է համեմատել նրանցից լավագույների հետ, որ նման տեղերը կարող են առաջարկել Եվրոպայում: Երբ ես նրանց շրջապատում եմ, բոլորը սպասում են, և արդարացիորեն են սպասում, որ ես ինչ-որ չափով կվերադառնամ ընտանիքում՝ մեծերի միջավայրում տղայի իմ կարգավիճակին: Եվ ես դա անում եմ երախտագիտությամբ, այդ ընթացքում զգալով իմ արմատները և պաշտպանվածությունը, և այդ զգացողությունը ինձ համար անգին է:
Թարգմանություն ռուսերենից
[1] բրբ.՝ ձյան վրայով քայլելու հատուկ կոշիկ
- Բացվել է 1376 անգամ