Մենթորների դերը
Primary tabs
Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով
8-րդ գլուխ
Մերիան Ռայթ Էդելմանը՝ երեխաների պաշտպանության ֆոնդի հիմադիրն ու տնօրենը, իր ուսուցչին գտել էր Սպելմանի քոլեջում սովորելու ժամանակ: Մերիանն այդ վայրը նկարագրում է որպես «կանանց հեղինակավոր քոլեջ, որը պատրաստում է երիտասարդ վստահելի կանանց, որ ամուսնանան Մորխաուզի տղամարդկանց հետ, միասին դաստիարակեն երեխաներին և երբեք աղմուկ չբարձրացնեն»: Այդպիսի կյանք էր սպասում նաև նրան, բայց ուսանելիս ծանոթացավ պրոֆեսոր Հովարդ Զինի հետ: Արժե հիշել, որ այս ամենը եղել է 1950-ականների վերջին, Հարավում, և Զինը կարևորում էր ուսանողներին խրախուսելը՝ ակտիվ մասնակցելու իրենց քաղաքացիական իրավունքների համար պայքարին:
Ոգեշնչված Զինով՝ Էդելմանը մասնակցեց քաղաքացիական իրավունքների համար սկսված նոր շարժմանը, որը դարձավ համընդհանուր ընդվզման առաջին ծիծեռնակը: Փոփոխությունների և արդարության ջատագովի նրա կարևոր դերը և հանուն երեխաների ավելի քան երեք տասնամյակի աշխատանքը հնարավոր եղան Հովարդ Զինի ուսուցչության շնորհիվ:
Ռեյ Չարլզի և Մերիան Էդելմանի պատմություններն իմացա, երբ կարդում էի Հարվարդի հանրային առողջապահական դպրոցի, MENTOR/National Mentoring Partnership կազմակերպության և ազգային և տեղական կամավորական ծրագրերի միասնական ջանքերով Harvard Mentoring Project նախագծի շրջանակում կազմակերպված «Ուսուցման ազգային ամիս» արշավի մասին։ Այս կազմակերպության (2009 թվի հունվարի դրությամբ այն արդեն գործում էր ութ տարի) հովանավորների թվում շատ մեծ կորպորացիաներ են: Բացի դրանից շատ խոշոր ԶԼՄ-ներ նրա մշտական տեղեկատվական գործընկերներն են: Նրանք անում են ամեն հնարավորը աջակցելու համար հարյուր միլիոնավոր դոլար արժողությամբ ծրագրերի՝ անվճար հայտարարությունների հրապարակումից մինչև իրենց հեռուստատեսային շոուների սյուժեներում ուսուցչության մասին պատմությունները մտցնելը:
Ազգային ոչ կոմերցիոն կազմակերպությունը Public /Private Ventures, որի գործունեության նպատակը «սոցիալ-քաղաքականության, ծրագրերի և տեղական նախաձեռնությունների, հատկապես երիտասարդությանը վերաբերող, արդյունավետությունը» բարձրացնելն է: Ծրագիրը մեկնարկել է 2004 թվին, որի իրականացման ընթացքում պատահական կերպով ընտրվել է ողջ երկրի ավելի քան 70 դպրոցներից 1100 չորրորդից մինչև իններորդ դասարաններում սովորող: Ամեն սովորողի կցվել է մի կամավոր Big Brothers Big Sisters of America[1]-ից: Այս հետազոտությունը թույլ է տվել որոշ տպավորիչ եզրակացություններ անել ուսուցչության նշանակությունից: Դպրոցականները, ում կցված են եղել ուսուցիչներ, ցույց են տվել ակադեմիական առաջխաղացման ընդհանուր աջ, տնային աշխատանքների պատրաստման և դասարանական աշխատանքների որակ: Բացի դրանից նրանց մոտ լուրջ խնդիրներ ավելի քիչ էին ծագում, և քչացել էր բացակայությունների թիվը:
Հաճելի էր տեսնել նման արդյունքներ, բայց դրանք ինձ բնավ չզարմացրին: Շատ երեխաների գործերը, հավանաբար, առանց այդ էլ դպրոցում լավ են, բայց մի պարզ պատճառով նրանք շնորհակալ էին, որ ինչ-որ մեկը հետաքրքրվել է իրենցով: Դա կարևոր պահ է, և դրան կանդրադառնամ ավելի ուշ, երբ կդիտարկեմ կրթության հետ կապված հարցերն ու խնդիրները:
Լավ մենթորությունը բարձրացնում է ինքնագնահատականը և կյանքին իմաստ տալիս: Բայց այն սկսում է բոլորովին հատուկ և ավելի նշանակալի դեր խաղալ մարդու կյանքում, երբ օգնում կամ ներշնչում է նրան իր կոչումը գտնել: Ինչ տեսավ հոգեբանը՝ Ջիլիան Լինի, կամ Ուայլի Պիտմանը՝ Ռեյ Չարլզի մեջ: Մտածում եմ՝ նրանք այդ երեխաների մեջ տեսան ցանկության ներուժը և հնարավորությունը՝ ուրիշ մարդկանց օգնելու կյանքից բավարարվածություն ստանալու: Ինչ տեսավ Հովարդ Զինը Մերիան՝ Ռայթ Էդելմանի, կամ Բեն Գրեմը՝ Ուորեն Բաֆետի մեջ: Ենթադրում եմ՝ հազվագյուտ տաղանդ, որը պատշաճ զարգացման շնորհիվ կվերածվեր արտառոց բանի: Երբ մենթորները իրականացնում են այդ ֆունկցիան, ուրեմն կա′մ նոր աշխարհ տանող ճանապարհն են լուսավորում, կա′մ հետաքրքրության կայծերն են բորբոքում մինչև իրական կիրք. նրանք մեծ գործ են անում:
Մենթորների դերը
Ուսուցիչները մեր կյանք են գալիս որոշակի ժամանակահատվածում և մեր ճակատագրի վրա ազդեցություն են գործում ամենատարբեր միջոցներով: Ոմանք տասնամյակներ շարունակ մեր կողքին են, և այդ ժամանակ մեր փոխհարաբերությունները «ուսուցիչ-աշակերտ» մոդելից աստիճանաբար վերաճում է մտերիմ ընկերության: Ոմանք մեր կյանքում հայտնվում են միայն կրիտիկական պահերին, որ իրենց կարևոր դերը կատարեն, հետո անհետանան: Բայց անկախ դրանից, ուսուցիչները մեր կյանքում ունեն բացարձակապես կոնկրետ գործառույթներ: Ես կառանձնացնեի 4 այդպիսի ֆունկցիա: Ուսուցիչներից մեկն իր սանի կյանքում կարող է բոլոր 4 գործառույթներն էլ իրականացնել, իսկ մեկն էլ՝ միայն մեկը: Բայց նրանք բոլորն էլ հավասարապես կարևոր են սովորողների համար իրենց տարերքը փնտրելիս:
Առաջին գործառույթը ճանաչումն է: Իմ կյանքում այն կատարել է Չարլզ Ստրաֆորդը՝ իմ մեջ բացահայտելով ընդունակություններ, որոնք չէին նկատել մյուս ուսուցիչները: Տարերքի հիմնարար սկզբունքներից մեկը մեր տաղանդի և ընդունակությունների յուրահատուկ բազմազանությունն է: Այս գրքում մենք նշել ենք թեստերի մասին, որոնց նպատակը ստանդարտացված հարցերի հիման վրա մարդկանց ընդհանուր պատկերացում տալն է իրենց ուժեղ ու թույլ կողմերի մասին: Սակայն մարդու մեջ զգալ ինչ-որ տաղանդ չափազանց դժվար է, և ոչ մի թեստ չի կարող գնահատել բազմաշերտ անհատականության բոլոր նրբություններն ու նրբերանգները:
Որպես կանոն՝ մեզնից գրեթե յուրաքանչյուրն ունի երաժշտական, պարային կամ գիտական ընդհանուր ընդունակություններ, բայց ավելի հաճախ մարդու յուրահատուկ տաղանդը պետք է փնտրել որոշակի ոլորտի գործունեության ավելի նեղ տարածքում: Նա կարող է իսկական շնորհ ունենալ որոշակի ոճի երաժշտության կամ կոնկրետ որևէ գործիք նվագելու, օրինակ՝ հենց կիթառ, ոչ թե ջութակ, և միայն ակուստիկ, ոչ թե էլեկտրոկիթառ: Որքան գիտեմ, գոյություն չունի որևէ թեստ, որևէ համակարգչային ծրագիր, որոնք կարողանային վեր հանել նման անձնական նախասիրությունները, որոնք տարբերեին սովորական հետաքրքրությունը պոտենցիալ կրքից: Ուսուցիչը, որ արդեն գտել է իր կոչումը և անհրաժեշտ փորձ ունի, հենց նա կարող է դա անել: Ուսուցիչը նկատում է հետաքրքրության և բավարարվածության փոքրիկ կայծերը և կարող է օգնել սովորողին վեր հանելու կոնկրետ նրբերանգները գործունեության այս կամ այն բնագավառում, որն ավելի է համապատասխանում իր ընդունակություններին և նախասիրություններին:
Լու Արոնիկան՝ այս գրքի համահեղինակը, իր մասնագիտական կյանքի առաջին տասներկու տարին անցկացրել է աշխատելով գրահրատարակիչների հետ: Նրա կարիերայի մեկնարկը քոլեջն ավարտելուց հետո եղել է Bantam Books ընկերությունում՝ նյույորքյան խոշորագույն հրատարակչություններից մեկում: Այնտեղ նա սկզբից նկատել է չորացած, կնճռոտ, թզուկի նմանվող մի մարդու, որ անցուդարձ էր անում միջանցքներով: Թվում էր` նա ոչ մի մշտական գործ չունի, բայց բոլորը խորին ակնածանքով էին վերաբերում նրան: Վերջ ի վերջո, Լուն հետաքրքրվում է` ով է այդ մարդը, և իմանում, որ Իեն Բալայնթանն է, որը ոչ միայն հիմնել է Bantam Books-ը, ավելի ուշ՝ Ballantine Books-ը, այլև 1940-ականներին առաջին անգամ սկսել է ԱՄՆ-ում փափուկ կազմով գրքեր հրատարակել: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Լուն բազմիցս հանդիպել է Բալայնթայնին միջանցքում, հարգանքով բարևել և թեթև վախ զգացել այն մարդու ներկայությունից, որ իր ընտրած մասնագիտության մեջ այդպիսի լեգենդար անհատականություն է:
Հետո Լուն ստացել է առաջին «իսկական» գործը Bantam-ում՝ պաշտոն հրատարակչական բաժնում՝ փորձելով համատեղել գիտական ֆանտաստիկայի և ֆենթեզիի հրատարակման ծրագրերը: Անցնում է որոշ ժամանակ. Լուն ջանասիրաբար չարչարվում էր: Մի անգամ նա նստած էր գրասեղանի մոտ, երբ առանց շտապելու ներս է մտնում Իեն Բալայնթայնը և նստում նրա առջև, ինչն ինքնին Լուի համար բավական անսպասելի էր: Սակայն հաջորդ մի քանի րոպեին նա ուղղակի ապշած էր: «Իենը խոսելու առանձնահատուկ ձև ուներ,- պատմում է Լուն,- այնպիսի տպավորություն էր, որ նրա յուրաքանչյուր միտքը մարգարիտ է, բայց նա այնքան հեռվից էր գալիս, որ թվում էր՝ մարգարիտը ոստրեի պատյանում է»: Որքան Բալայնթայնը շարունակում էր խոսել, Լուի զարմանքն էլ գնալով աճում էր: Պարզ էր, որ գրահրատարակչության լեգենդը՝ Իեն Բալայնթայնը, ուզում էր նրան վերցնել իր թևի տակ: «Նա ուղղակի չէր ասում՝ լսիր, ես կլինեմ քո ուսուցիչը»: Ոչ, նա նման հայտարարություն չի արել, բայց ասում էր, որ ուրախ կլինի ժամանակ առ ժամանակ այցելելու: Ես պարզ կերպով ասացի, որ կարող է գալ ցանկացած պահի, և ես երջանիկ կլինեմ կես աշխարհն անցնելու, որ նրան տեսնեմ, եթե չուզենա ինքը գալ:
Հաջորդ տարիներին Իենը և Լուն միասին շատ ժամանակ են անցկացրել: Բալայնթայնը շատ բան է պատմել իր սանին գրքերի տպագրության պատմությունից, և որ ավելի կարևոր է` փիլիսոփայությունից: Բալայնթայնի կողմից տված դասերից մեկը հետևյալն էր՝ երբ բոլորը գնում են մի ճանապարհով, գնա այլ ճանապարհով: Նա դրանով ուզում էր ասել, որ հաճախ հաջողության հասնելու կարճ ճանապարհը հոսանքին հակառակ գնալն է: Սա ազդել է Լուի հոգու առանձնահատուկ լարի վրա: «Այն պահից, ինչ ես այս բնագավառում եմ, ողջ ժամանակ լսում էի գրքերի ստեղծման ավանդույթների մասին: Թվում էր՝ այստեղ կան բազում օրենքներ, որոնք սահմանում են՝ ինչ կարող ես անել, ինչը՝ ոչ: Այդ ամենի մեջ ես իմաստ չէի տեսնում, որովհետև կարդացողները չեն կարդում այդ օրենքներով: Իենը նույնպես չէր հավատում դրանց և ավելի շատ հաջողության է հասել, քան մարդիկ, որ մտածում են այդ ուղղությամբ: Հենց այդ ժամանակ ես որոշեցի, որ ինքս հրատարակիչ կդառնամ և կհրատարակեմ այն գրքերը, որոնք սիրում եմ՝ «կանոններին» շատ թեթև նայելով»:
Այսպիսի մոտեցումը Լուի համար լավ դաս էր: Քսանչորս տարեկանում նա արդեն առաջին գրքի հրատարակման փորձ ուներ և Bantam-ում դարձավ հրատարակչի տեղակալ, հետո Book և Avon Books-ում հրատարակիչ էր, նախքան ինքը կզբաղվեր գրական գործունեությամբ: Դեռ մինչ այն պահը, երբ նրան նկատել էր Իեն Բալայնթայնը, Լուն գիտեր, որ ուզում է կարիերա ստեղծել գրքի տպագրության ապարեզում: Բալայնթայնը ոչ միայն նրան սովորեցրեց գործի նրբությունները, նաև օգնեց բացահայտելու գիրք հրատարակելու կոնկրետ ոլորտը, ինչը օգնեց նրան գտնելու իր իրական կոչումը:
Երկրորդ գործառույթը խրախուսելն է: Ուսուցիչները մեզ օգնում են վստահել մեր ուժերին: Նրանք մեզ հավատացնում են, որ ամեն ինչ կարող ենք, ինչքան էլ անհավատալի ու անհնար թվա մեզ այդ ամենն անելը: Նրանք մեզ թույլ չեն տալիս երկար ժամանակ կասկածելու մեր ուժերին կամ մեր երազանքները համարել անիրական: Նրանք մեր կողքին են, որ հիշեցնեն, թե ինչ կարող ենք և ինչի կարող ենք հասնել, եթե շարունակենք ջանասիրաբար աշխատել:
Երբ բեյսբոլի գլխավոր առաջնությունում Ջեկի Ռոբինսոնը Բրուկլինում սկսեց խաղալ «Դոջերս»-ի կողմից, նա ենթարկվեց հետապնդումների և հալածանքների, որոնք չէին զիջում հունական ողբերգության կրքերին: Քիչ չէին մարդիկ, որ համարում էին, թե սևամորթը չպետք է խաղա սպիտակամորթների լիգայում: Ռոբինսոնը դիմակայում էր ծաղրուծանակին, բայց ինչ-որ պահի ամեն ինչ այնքան հեռու գնաց, որ նա դժվարությամբ էր խաղում: Ծաղրուծանակն ու սպառնալիքները նրան այնքան էին խանգարում կենտրոնանալ, որ նա դաշտում սկսեց անվստահ գործել: Հատկապես մի անհաջող պահից հետո Պի Ուի Ռիզը՝ «Դոջերս»-ի shortstop[2]-ը, դադար խնդրեց, մոտեցավ Ռոբինսոնին և խրախուսեց՝ ասելով, որ նա լավագույն խաղացող է՝ արժանի տեղ է ունենալու Փառքի սրահում: Տարիներ անց Ռոբինսոնի անունը Փառքի սրահում գրանցելու արարողությանը ինքը մարզիկը հիշել է հենց այդ դեպքը: «Այդ օրը նա փրկեց իմ կյանքն ու կարիերան,- ամբիոնից ասել է նա Քուփերսթաունում,- ես կորցրել էի ինքնավստահությունս, իսկ Պի Ուիի խրախուսական խոսքերը բարձրացրին իմ ոգին: Նա վերադարձրեց հույսս, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է»:
Ուսուցչի երրորդ գործառույթը աջակցությունն է: Ուսուցիչները մեզ օգնում են գտնելու մեր կոչմանը տանող ճանապարհը՝ տալով կարևոր և տեղին խորհուրդներ, որոնք թեթևացնում են մեր փնտրտուքը: Լինելով մեր կողքին՝ անգամ մեզ թույլ են տալիս սխալվել, որպեսզի օգնեն նորից ոգևորվելու և դասեր քաղելու սեփական սխալներից: Ուսուցիչները կարող են լինել անգամ մեր հասակակիցները, ինչպես եղավ Փոլ Մաքարթնիի դեպքում:
«Հիշում եմ՝ ինչպես մի անգամ մենք Ջոնի հետ ավտոբուսով գնում էինք քաղաքի մյուս ծայրը, որ հանդիպենք մեկին, որ կարողացել է նվագել В7 ակորդը կիթառի վրա,- պատմում է ինձ Փոլը,- երեք հիմնական ակորդները, որոնք պետք էր իմանալ, Е, А և В7-ն էին: Մենք չգիտեինք, ինչպես նվագել В7-ը, իսկ այդ տղան գիտեր: Այդ պատճառով նստեցինք ավտոբուս, գնացինք նրա մոտ և սովորեցինք նվագել այդ ակորդը: Հիմա մենք էլ կարող էինք նվագել: Ճիշտ եմ համարում, որ սովորեցնում են իրար, օրինակ՝ ինչպես մեր դեպքում, որոշակի ռիթմիկ ֆիգուրներ նվագելը: Հիշում եմ՝ ինչպես մի անգամ երեկոյան նայում էի «Oh Boy» հեռուստաշոուն: Այնտեղ Կլիֆ Ռիչարդսը և Shadows-ը նվագում էին Move It: Երգի մեջ հրաշալի երաժշտական կտոր կար, որն ինձ դուր էր եկել, բայց չգիտեի՝ ինչպես նվագել: Որոշ ժամանակ անց ամեն ինչ ստացվեց, և ես վազեցի տուն Ջոնի մոտ՝ գոռալով՝ հասկացա, հասկացա: Այսպիսին էր մեր ուսուցման միակ միջոցը՝ սովորեցնել ընկերոջն այն, ինչ ինքդ ես սովորել:
Սկզբում մենք ուղղակի ընդօրինակում էինք բոլորին: Ես Լիթլ Ռիչարդն էի և Էլվիսը, Ջոնը ներկայացնում էր Ջերի Լի Լյուիսային և Չակ Բերիին: Երբեմն ես դառնում էի Ֆիլը Everly Brothers-ից, իսկ Ջոնը փորձում էր Դոնի դերը: Մենք ուղղակի կրկնօրինակում էինք տարբեր երաժիշտների և սովորում իրարից: Ի դեպ, շատ տարիներ անց, պլանավորելով լիվերպուլյան կատարողական արվեստի ինստիտուտի գործունեությունը, մենք շատ կարևորում էինք, որ ուսանողներին անհրաժեշտ է հանդիպել մարդկանց, որ որոշակի բարձունքների են հասել իրենց կողմից ընտրված մասնագիտությունների բնագավառում: Նման մարդիկ իրականում կարիք չունեն շատ խոսելու, բավական է ցույց տալ, թե ինչ են անում»:
Ուսուցչության չորրորդ գործառույթը մեր հնարավորությունների ընդլայնումն է: Լավ ուսուցիչներն օգնում են հաղթահարելու այն, ինչը համարում ենք մեր ուժերից վեր: Նրանք թույլ չեն տալիս ընկնելու անվստահության գիրկը և կյանքում հասնելու ավելի քիչ բանի, քան կարող ենք:
Ջեյմս Էրլ Ջոնսը հայտնի է որպես հաջողված դերասան և մեկը ժամանակակից կինոմատոգրաֆիայի մեծագույն «ձայներից»: Բայց կարող է երբեք չլսեինք նրան: Կարելի է միայն գուշակել, թե ինչպես կհնչեր Դարտ Վեյդերի[3] ձայնը, եթե Ջոնսի կյանքում չհայտնվեր Դոնալդ Կրաուչը:
Մանուկ ժամանակ Ջոնսը տառապում էր ինքնավստահության պակասից, հիմնականում իր կակազելու պատճառով, և նա դժվարությամբ էր ելույթ ունենում մարդկանց առաջ: Բարձր դասարաններում Ջոնսի դասարանում անգլերենի ուսուցիչը դարձավ Դոնալդ Կրաուչը՝ համալսարանի նախկին պրոֆեսոր, որ աշխատել էր Ռոբերտ Ֆրոստի[4] հետ: Կրաուչը գիտեր, որ Ջոնսը գրում է ոտանավորներ, որի մասին ոչ ոքի չի պատմում՝ վախենալով համադասարանցիների ծաղրանքից: «Նա ինձ հարցրեց՝ եթե այդ խոսքերն ինձ այդքան դուր են գալիս, ինչու չեմ կարող բարձրաձայն ասել»,- պատմում է Ջոնսը իր «The Person Who Changed My Life: Prominent Americans Recall Their Mentors» գրքում:
«Մի անգամ ես նրան ցույց տվի իմ գրած բանաստեղծությունը, և Կրաուչն ասաց, որ այն չափազանց լավն է, որ իմը լինի, և ես հավանաբար փոխառել եմ ինչ-որ մեկից: Ուսուցչին համոզել, որ գրագողություն չէ, կարող էի միայն մի միջոցով. նա ուզում էր, որ ես արտասանեմ բանաստեղծությունը ողջ դասարանի առաջ: Արեցի այնպես, ինչպես խնդրել էր, կարդացի ողջ բանաստեղծությունն առանց կակազելու և այդ օրվանից ավելի էի գրում ու խոսում: Այդ դեպքն ինձ վրա մեծ ազդեցություն գործեց: Երբ հասկացա, որ առանց խնդրի կարող եմ մտքերս բարձրաձայն արտահայտել, ինքնավստահությունս սեփական ուժերիս հանդեպ մեծացավ:
Դպրոցում մեր վերջին դասն անցկացրինք բակում մարգագետնի վրա և պրոֆեսոր Կրաուչը ինձ նվիրեց Ռալֆ Էմերսոնի[5] «Ինքնավստահության մասին» ակնարկների օրինակը: Ինձ համար անգին նվեր էր, քանի որ ամփոփում էր գլխավորը, ինչ ինքն էր ինձ սովորեցրել՝ ինքնավստահություն: Դոնալդ Կրաուչի ազդեցությունն ինձ վրա այնքան խորն էր, որ ազդել է կյանքիս բոլոր ոլորտների վրա: Հենց նրա շնորհիվ ես դերասան դարձա»:
Ուսուցիչներն անգնահատելի դեր են խաղում՝ մարդկանց օգնելով իրենց կոչումը փնտրելիս: Հնարավոր է, չափազանցություն է պնդելը, որ կոչումը գտնելը կարելի է միայն ուսուցչի օգնությամբ, բայց դա աննշան չափազանցություն է: Բոլորս փնտրում ենք մեր կոչումը՝ բախվելով բազմաթիվ արգելքների: Այդ ուղին շատ ավելի բարդ կլիներ առանց գիտուն ուսուցչի, որ օգնում է բացահայտելու մեր հակումները, աջակցում մեր հետաքրքրությունների զարգացմանը, թեթևացնում մեր խնդիրների լուծումը և մղում օգտագործելու մեր ընդունակությունները մաքսիմալ կերպով:
Իհարկե, ուսուցչությունը երկկողմանի գործընթաց է: Կարևոր է ուսուցիչ ունենալ կյանքում, բայց պակաս կարևոր չէ նման դեր կատարել այլ մարդկանց կյանքում: Գուցե, այդ ընթացքում դուք էլ գտնեք ձեր իրական կոչումը:
Էնթոնի Ռոբինսը աշխարհի լավագույն խորհրդատուներից առավել հաջողվածներից է: Նրան հաճախ անվանում են մարդ, որ ներդրել է անձնական խորհրդատուի մասնագիտության հիմքերը: Այս ոլորտը բուռն կերպով զարգանում է ողջ երկրում և արդեն վերածվել է բազմամիլիոն ինդուստրիայի: Այս բոլորը ճոխ կերպով ապացուցում է անձնական խորհրդատուի անհրաժեշտության աճը, նրա կարևոր դերը շատ մարդկանց կյանքում: Իր հերթին ավելի շատ մարդիկ հասկանում են, որ ուսուցիչ լինելը նշանակում է գտնել սեփական տարերքը:
Այդպես պատահեց Դևիդ Նեյլսոնի հետ: Դևիդի ուսուցիչը դարձավ նրա հարևան պարոն Քլոուսոնը՝ բազմաթիվ հաջող հայտնագործությունների հեղինակը: Երբ Դևիդը երեխա էր, հաճախ էր հյուր գնում իր հարևանին՝ գտնելով նրան աշխատելիս: Երեխային վռնդելու փոխարեն Կլոուսոնը խորհուրդներ և կարծիք էր հարցնում նրանից իր աշխատանքի հետ կապված: Նման վերաբերմունքը տղային փոխանցեց իր նշանակության զգացողությունը և հասկացավ, որ իր կարծիքը կարևոր է: Մեծանալով, Նեյլսը ստեղծեց International Telementor Program-ը, կազմակերպություն, որը նպաստում է մասնագետ ուսուցիչների և նրանց աշակերտների հաղորդակցման գործընթացը էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով: 1995 թվին այս ծրագիրն օգնեց ավելի քան 15000 ուսանողի ստանալու պրոֆեսիոնալ օգնություն իրենց ուսուցիչներից: Դևիդ Նեյլսն, իրոք, ուսուցչությունը դարձրեց իր կյանքի գործը:
Ավելին քան հերոս
Վստահ եմ, որ իմ գրքում նշված որոշ ուսուցիչներ, այդ թվում Big Brothers Big Sisters կազմակերպության շատ անդամներ, հերոսներ են իրենց սաների համար: Ամեն մեկս ունի իր անձնական հերոսը: Հերոսներ կարող են լինել ծնողները, ուսուցիչները, գործընկերները, համադասարանցիները կամ անգամ մարդիկ, ում հետ երբեք չենք հանդիպել, բայց նրանք իրենց գործերով տպավորել են մեզ: Հերոս ենք համարում Լենս Արմսթրոնգին, ով հաղթահարել է վտանգավոր հիվանդությունը և սպորտում հասել մեծ հաջողությունների, ինչը պահանջում էր բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Խոնարհվում ենք Նելսոն Մանդելի քաջության առջև՝ տեսնելով նրա գլխավոր դերը Հարավային Աֆրիկայում ապարտեիադայի արմատախիլ անելու մեջ: Բացի դրանից մենք միշտ ասոցացնում ենք մարդկանց իրենց հերոսական արարքների հետ. Ռոզ Պարկսին՝ ռասսայական անհանդուրժողականության դեմ իր հաղթական բողոքով, Նեյլ Արմստրոնգին՝ Լուսնի մակերևույթի վրա իր առաջին քայլով:
Այդ մարդիկ մեզ ոգեշնչում են և ստիպում հիանալ մարդկային պոտենցիալի անսահմանությամբ: Նրանք բացում են մեր աչքերը նոր հնարավորությունների առջև և մղում համարձակ ձգտումների: Նրանք նույնիսկ կարող են ցանկություն առաջացնել հետևելու իրենց՝ նվիրվելով պետական ծառայության, գիտական հետազոտության, արգելքների հաղթահարման կամ անարդարության դեմ պայքարի: Այդ իմաստով նման հերոսների ֆունկցիան նման է ուսուցիչների ֆունկցիային:
Բայց և այնպես ուսուցիչների դերը սեփական կոչումը փնտրելիս առավել լայն է: Հերոսները կարող են մեզնից հեռու լինել և անհասանելի շփման համար: Կարող են ապրել այլ աշխարհում կամ իրենց կյանքն ապրելով մնալ միայն մարդկային հիշողություններում: Գուցե հերոսների հետ հանդիպումը անիմաստ լինի, եթե մենք ակնածանքով լի, ուժ չգտնենք նորմալ շփվելու: Նաև հերոսները միշտ չէ որ մեզ համար լավ ուսուցիչներ են: Նրանք կարող են մրցել մեզ հետ կամ ընդհանրապես հրաժարվել շփվելուց: Ուսուցիչներն ուրիշ են: Նրանք յուրահատուկ տեղ են զբաղեցնում մեր կյանքում, բացում մեր առջև խորհրդավոր դռներ և անձամբ ուղեկցում: Հուշում մեր հետագա քայլերը և խրախուսում դրանք անել:
Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը
[1]Երիտասարդական խոշորագույն կազմակերպություն, որ ԱՄՆ-ում զբաղվում է մենթորության խնդիրներով:
[2]Խաղացող բեյսբոլի թիմում, որ ընդունում է գնդակը դաշտի որոշակի հատվածում: Պետք է ունենա դաշտի բացառիկ իմացություն և իմպրովիզ անի խաղի ընթացքում:
[3]«Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսներից մեկը:
[4]Ամերիկացի պոետ, ով Պուլիտցերյան մրցանակի քառակի դափնեկիր է:
[5]Ամերիկացի էսսեիստ, գրող, փիլիսոփա, 19-րդ դարի մտածող: Առաջինն է արտահայտել և ձևակերպել տրանսցենդենտալիզմի փիլիսոփայության սկզբունքները:
- Բացվել է 1447 անգամ