Մի՞թե չափազանց ուշ է

Հեղինակ: 

Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

9-րդ գլուխ

Սկիզբը
Նախորդ հատվածը

Սյուզան Ջեֆերսը՝ «Վախեցիր, բայց գործիր: Ինչպես վախը թշնամուց վերածել դաշնակցի» և շատ ուրիշ այլ բեսթսելերների հեղինակը, իր գրողական կարիերան սկսել է, երբ վաղուց քառասունն անց էր: Եվ Սյուզանի գրքերի տպավորիչ հաջողությունն ուղիղ ապացույցն է այն բանի, որ նրա գրելը փայլուն է ստացվում:

Երբ փոքր էր, Սյուզանը սիրում էր կարդալ: Օրվա ընթացքում նրա համար լավագույն ժամանակն այն պահերն էին, երբ կարող էր իր գրքի հետ միայնակ մնալ սենյակի լռության մեջ: «Ես միշտ հետաքրքրասեր եմ եղել, իսկ հայրս կարողանում էր գերազանց բացատրել: Երբեմն նա այնպես էր մանրամասնում, որ աչքերս ճակատիս էին թռչում: Հիշում եմ՝ ինչպես մի անգամ ռադիոյով լսեցի բառ, որի իմաստը չհասկացա: «Թլփատություն» բառն էր: Հավատացեք, նրա բացատրությունն առանձնապես լակոնիկ չեղավ: Հայրս բացատրեց՝ ինչպես իսկական ուսուցիչը: Մտածում եմ, որ նա պարզապես չի գտել իր կոչումը: Նա միշտ որդի է ուզել, այդ պատճառով ինձ վերաբերվում էր որպես տղայի: Մանուկ ժամանակ ես ստիպված էի մասնակցել ըմբշամարտի բավականին շատ խաղերի»:

Սյուզանն ընդունվեց քոլեջ, որտեղ հանդիպեց իր ապագա առաջին ամուսնուն: Ամուսնությունից հետո շուտով հղիացավ և թողեց ուսումը: Չորս տարի անցկացնելով տանը՝ Սյուզանը որոշեց, որ պետք է շարունակի ուսումը: Այդ որոշումը ստիպեց նրան անհանգստանալ: «Տանն անցկացրած տարիները ինքնավստահությունս սասանել էին, կասկածում էի՝ թե կստացվի»: Վերջապես Սյուզանը վերադարձավ քոլեջ և նույնիսկ ավարտեց գերազանց: Իմանալով, որ նման պատվի է արժանացել, նա զանգել է իր բոլոր ծանոթներին: «Վերջապես ես դեն գցեցի խոսափողը և լացեցի, որովհետև հասկացա, որ միակ մարդը, ում հետ կուզեի խոսել, հայրս էր, որ մահացել էր մի քանի տարի առաջ: Նա այնպես կհպարտանար ինձնով»:

Աջակցություն ստանալով դասախոսներից մեկի կողմից՝ Սյուզանն ընդունվեց ասպիրանտուրա և ստացավ հոգեբանական գիտությունների դոկտորի աստիճան: Հետո անսպասելի իրադարձությունների շղթայում նրան առաջարկեցին Նյու-Յորքի Floating Hospital հիվանդանոցի գործադիր տնօրենի պաշտոն: Սկզբում Սյուզանը տատանվում էր. նրան շփոթեցնում էր հսկայական պատասխանատվությունը: Վստահ չէր, որ գլուխ կհանի, բայց, վերջ ի վերջո, համաձայնեց:

Այդ ժամանակ երիտասարդ կնոջ ընտանիքում սկսվեցին խնդիրներ, և նա ապահարզան պահանջեց: Սյուզանի համար բարդ շրջան էր: «Ինձ նույնիսկ  հոգեբանական գիտությունների դոկտորի աստիճանը չօգնեց: Չնայած իմ աշխատանքը վճարվում էր այնպես, որ ես նույնիսկ երազել չէի կարող, ես դժբախտ էի: Շուտով հոգնեցի ինքս ինձ խղճալուց և հասկացա, որ պետք է նոր միջոց գտնեմ աշխարհում «գոյություն ունենալու»: Հենց այդ ժամանակ սկսվեց իմ հոգևոր ճամփորդությունը»:

Floating Hospital-ի ղեկավարման տասը տարիների ընթացքում Սյուզանը վերածվեց, իր իսկ բառերով ասած, «սեմինարների երկրպագուի»:

Ազատ ժամանակ նա ուսումնասիրում էր արևելյան փիլիսոփայություն, մասնակցել է անհատական զարգացման բոլոր հնարավոր սեմինարներին և «Նոր դարաշրջանի»[1] գործնական սեմինարներին: Այդ ժամանակաշրջանը նա այսպես է հիշում. «Ես հասկացա, որ «զոհի հոգեբանության» և կյանքի հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառը վախն էր: Նա ինձ խանգարում էր ընդունել իմ կյանքում տեղի ունեցած ամեն բանի պատասխանատվությունը և իսկապես դառնալ սիրող մարդ: Աստիճանաբար հասկացա, թե ինչպես պետք է հաղթահարեմ վախս և սեփական թուլությունս վերածեմ ուժի: Գիտակցելով դա՝ այնպիսի ուժ զգացի, որը երբևէ չէի զգացել»:

Մի անգամ սովորականի պես իր սենյակում աշխատելիս Սյուզանն իրեն բռնացրեց այն բանում, որ ուզում է գնալ սոցիալական հետազոտությունների նյույորքյան դպրոց, ուր առաջ երբևէ չէր եղել: Սյուզանը սովորել էր վստահել իր ներքին ձայնին, այդ պատճառով էլ որոշեց փորձել՝ ինչ դուրս կգա դրանից: «Ես մտածեցի, որ նրանք կարող են սեմինարներ անցկացնել, որոնց պետք է գնամ: Գնալով այնտեղ, նայեցի ցուցիչներին և նկատեցի, որ նրանցից մեկը տանում է անձնակազմի կառավարման բաժին, ինչը համընկնում էր իմ հետաքրքրություններին: Ուղևորվեցի այնտեղ: Ընդունարանում ոչ ոք չկար:

Հետո ինձնից աջ գտնվող սենյակից մի կանացի ձայն հարցրեց. «Կարո՞ղ եմ ձեզ օգնել»: Մտա և ասացի. «Եկել եմ, որ դասընթաց վարեմ վախի դեմ պայքարելու թեմայով»: Նույնիսկ չհասկացա, թե ինչու դա ասացի: Կինն ապշահար նայեց ինձ և ասաց. «Աստված իմ, իսկ ես հենց փնտրում էի մարդու, ով կանցկացներ նման սեմինար, և այսօր վերջին օրն էր, որ այն ծրագրում ներառեմ, իսկ ես պետք է գնամ տասնհինգ րոպեից»։ Իմ որակավորումով բավարարված՝ նա ասաց. «Արագ գրեք դասընթացի վերնագիրը և համառոտ բնութագիրը 70 բառի սահմանում»: Մի վայրկյան իսկ չմտածելով՝ ես վերնագրեցի «Վախեցիր, բայց գործիր», ապա գրեցի դասընթացի համառոտ բնութագիրը: Չափազանց գոհ իմ գրածից՝ բաժնի աշխատակիցն այն դրեց իր օգնականի սեղանին՝ գրությամբ, որ խնդրում է այս դասընթացը ներառել ուսումնական ծրագրում: Այնուհետև, շնորհակալության հեղեղ թափելով, հեռացավ: Մնալով մենակ՝ կանգնել ու մտածում էի. «Ի՞նչ պատահեց հենց նոր»: Ես հավատում էի ձգողականության կանոնին, բայց դա պարզապես խելքին մոտ բան չէր թվում:

Եռամսյա դասընթացի առաջին պարապմունքն անցկացնելով՝ Սյուզանը նյարդայնանում էր: Երկու ժամն անցավ բարեհաջող, բայց շուտով նրան համակեց մի նոր վախ: «Ես մտածում էի. «Ահա և վերջ, սա այն ամենն է, ինչ գիտեմ այս թեմայից: Ի՞նչ պիտի ես նրանց սովորեցնեմ հաջորդ շաբաթվա ընթացքում: Իսկ հետո՝ մնացած օրերին»: Բայց ամեն շաբաթ ես գտնում էի նորանոր թեմաներ իմ ունկնդիրների համար: Վստահությունս օրեցօր աճում էր: Ես հասկանում էի, որ այս տարիների ընթացքում շատ բան եմ իմացել վախի հաղթահարման առումով: Իմ ուսանողները սպունգի պես կլանում էին այդ ամենը: Վերջնական արդյունքում նրանք ապշած էին, թե ինչպես է մտածողության փոփոխությունը իրապես փոխում իրենց կյանքը: Այս դասընթացի դասավանդումը ինձ համոզեց, որ մեթոդները, որոնք փոխել են իմ կյանքը, կարող են ազդել յուրաքանչյուր մարդու կյանքի վրա անկախ տարիքից, սեռից և ծագումից»:

Ի վերջո Սյուզանը որոշեց գիրք գրել իր կողմից մշակված դասընթացի հիման վրա և բախվեց բազում խոչընդոտների: Փոխելով չորս գործակալների և ստանալով տասնհինգ մերժում տարբեր հրատարակչություններից՝ նա իր նախագիծը թաքցրեց գրասեղանի արկղում: Մերժող վատագույն նամակներից մեկում, որ նա ստացել էր, գրված էր. «Արքայադուստր Դիանան էլ հեծանվով մերկ շրջեր փողոցներում և բաժաներ այս գիրքը, և միևնույն է, ոչ ոք չէր կարդա»:

Այդ ժամանակ նա որոշել էր գնալ Floating Hospital-ից և լրջորեն զբաղվել գրական գործունեությամբ: «Հիշում եմ, թե ինչպես մի անգամ երեկոյան գնում էի տաքսիով: Վարորդը հարցրեց, թե ինչով եմ զբաղվում: Ես ինքս ինձ համար անսպասելի ասացի. «Գրող եմ»: Մտածում եմ, որ մինչ այդ պահը ես ինձ ավելի շուտ ընդունում էի որպես հոգեբան կամ ադմինիստրատոր, բայց ամեն ինչ փոխվել էր: Ես գրող էի»:

Դրանից հետո Սյուզանը սկսեց հոդվածներ գրել ամսագրերի համար: Անցավ ևս երեք տարի: Մի անգամ նա հավաքում էր արկղը, ուր դրված էր այնքան մերժում ստացած իր գիրքը: «Ես հանեցի այն և զգացի, որ ձեռքիս մի գիրք է, որ շատ մարդ պետք է կարդա: Այդ պատճառով նպատակ դրեցի գտնել հրատարակչություն, որը կհավատար իմ գրքին այնպես, ինչպես ես: Եվ այս անգամ ստացվեց այնպես, ինչպես անգամ ես չէի կարող երազել»:

«Վախեցիր, բայց գործիր: Ինչպես վախը թշնամուց վերածել դաշնակցի» գիրքը վաճառվեց միլիոնավոր օրինակներով: Այն վաճառվում է հարյուրավոր երկրներում և թարգմանված է ավելի քան երեսունհինգ լեզվով: Ավելի ուշ Սյուզանը գրեց ևս տասնյոթ գիրք, որոնք նույնպես պահանջված էին աշխարհի տարբեր երկրների ընթերցողների կողմից: Սյուզանն իսկապես իսկական գրող էր. լոնդոնյան Times-ը նույնիսկ նրան անվանեց «ինքնօգնության թագուհի»: Այսօր Սյուզանին հաճախ հրավիրում են հանրության առջև ելույթի. Սյուզանը մշտական հյուրն է բազում միջազգային ռադիոհաղորդումների և հեռուստաշոուների: Իր «Վախեցիր, բայց գործիր: Ինչպես վախը թշնամուց վերածել դաշնակցի» գրքի մասին Սյուզանն ասում է. «Իմ էլեկտրոնային հասցեին աշխարհի տարբեր մասերից նամակներ են գալիս, որոնցում մարդիկ պատմում են, թե ինչպես է իմ գիրքն օգնել իրենց: Ոմանք նույնիսկ ասում են, որ փրկել է իրենց կյանքը: Ես այնպես երջանիկ եմ, որ չեմ հրաժարվել գիրքը հրապարակելու մտքից: Հայրս իսկապես կհպարտանար ինձնով»:

Գնացքը գնացե՞լ է

Բոլորս էլ գիտենք մարդկանց, որ իրենց փակված են զգում իրենց կյանքում, ինչպես վանդակում: Նրանք անկեղծորեն ցանկանում են անել ինչ-որ նշանակալի բան, որը կբերի իրական բավարարվածություն: Սակայն երեսունինը, հիսուներկու կամ օրինակ վաթսուներեք տարեկանում այդ մարդիկ հանկարծ գիտակցում են, որ բոլոր հնարավորությունները բաց են թողել: Գուցե դուք ևս զգում եք, թե արդեն չափազանց ուշ է, և իրական չէ կյանքը նոր հունով տանելը: Գուցե ձեզ թվում է, որ բաց եք թողել միակ հնարավորությունը՝ իրականացնելու նվիրական երազանքը (օրինակ՝ այն արգելքներից մեկի պատճառով, ինչի մասին ավելի վաղ խոսել ենք): Գուցե չի հերիքել ինքնավստահությունը, որ զբաղվեք սիրած գործով ավելի վաղ, իսկ հիմա մտածում եք, որ ժամանակն անվերադարձ գնացել է:

Կան բազմաթիվ ապացույցներ այն բանի, որ մեր կյանքում սեփական տարերքը գտնելու հնարավորությունը ավելի հաճախ է լինում, քան ենթադրում են շատերը: Այս գիրքը գրելիս հանդիպեցինք հարյուրավոր օրինակների, որ մարդիկ սիրած գործով սկսել են զբաղվել բավականին մեծ տարիքում: Օրինակ՝ Հարիեթ Դոերը՝ բեսթսելերների հեղինակը, հետաքրքրություն է ցուցաբերել գրական գործունեության հանդեպ միայն այն բանից հետո, երբ մեծացրել է իր երեխաներին: Վաթսունհինգ տարեկան հասակում նա վերադարձել է քոլեջ և ստացել պատմաբանի կոչում: Սակայն գրելու վարպետության դասընթացը, որ անցել է ուսմանը զուգահեռ, օգնել է նրա ստեղծագործելու ընդունակությունները նոր աստիճանի բարձրացնելու, և ի վերջո Հարիետը մասնակցել է Stanford's Creative Writing Program[2]-ին: Իր առաջին վեպը՝ Stones for Ibarra, նա հրապարակել է 1983 թվին, երբ յոթանասուներեք տարեկան էր:

Չնայած Փոլ Փոթսը կրկնակի երիտասարդ էր Հարիեթից, երեսունվեց տարեկանում թվում էր անհուսորեն խեղված մռայլ կյանքից, դժգոհ ու կորցրած պատրանքներով: Փոլը միշտ գիտեր, որ լավ ձայն ունի և մի ժամանակ անգամ զբաղվել է օպերային երաժշտությամբ: Սակայն մոտոցիկլետով ավտովթարը վերջ դրեց նրա օպերայի բեմում լինելու երազանքից: Դրա փոխարեն նա Հարավային Ուելսում դարձավ բջջային հեռախոսներ վաճառող և ամբողջ կյանքում շարունակում էր պայքարել անվստահության դեմ: Մի անգամ նա լսեց հեռուստատեսային շոուում նոր տաղանդների մրցույթի համար առաջիկա լսումների մասին. խոսքը Britain's Got Talent հեռուստաշոուի մասին է, որը ստեղծվել էր Սայմոն Քոուէլի կողմից, որ հայտնի էր American Idol շոուով:

Հազվագյուտ հնարավորություն էր. Փոլը հնարավորություն ստացավ ազգային հեռուստատեսությամբ կատարելու Պուչինիի օպերայից Nessun Dorma արիան: Նրա հոյակապ ձայնն ապշեցրեց բոլորին. հանձնաժողովի անդամներից մեկը նույնիսկ լաց եղավ: Մի քանի շաբաթում Փոթսը դարձավ միջազգային սենսացիա՝ յութուբում տեղադրված նրա առաջին ելույթը հանդիսատեսը ներբեռնել էր ավելի քան տասնութ միլիոն անգամ: Վերջապես նա հաղթեց մրցույթում և հնարավորություն ստացավ երգելու Մեծ Բրիտանիայի թագուհու առաջ: Carphone Warehouse կազմակերպության աշխատակցի կորստից շահեցին ամբողջ աշխարհի օպերայի երկրապագուները, երբ Փոթսը 2007 թվի վերջին թողարկեց իր առաջին One Chance ալբոմը: Երաժշտությունը միշտ էլ եղել էր նրա տարերքը:

«Իմ ձայնը,-ասում է նա,- միշտ իմ լավագույն ընկերն է եղել: Եթե դպրոցում խուլիգանների հետ խնդիրներ էի ունենում, միշտ հանգստություն էի փնտրում ձայնումս: Իրականում չեմ հասկանում՝ ինչու էին ինձ միշտ հետապնդում: Իհարկե, ես միշտ մի փոքր տարբերվում էի մյուսներից: Մտածում եմ, որ երբեմն պատճառն այն էր, որ իմ վարքագիծը հակասում էր շրջապատողների ինքնավստահությանը: Բայց այդ պահերին, երբ երգում էի, չունեի նման խնդիր: Ես իմ տեղում էի: Իմ ամբողջ կյանքում ես զգում էի իմ սեփական անկարևորությունը: Բայց իմ առաջին լսումից հետո ես հասկացա, որ ես Անհատականություն եմ: Ես Փոլ Փոթսն եմ»:

Ջուլիա Չայլդը հայտնի դարձավ որպես վարպետ, վիտուոզ խոհարար՝ վերափոխելով ամերիկյան տնական խոհանոցը և ստեղծելով հեռուստատեսային խոհարարական շոուն: Բայց մինչ այդ նա գովազդային տեքստեր էր գրում, ապա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ-ի հանրային ծառայությունում: Երբ երեսուն տարեկան էր, Ջուլիան իր համար բացահայտեց ֆրանսիական խոհանոցը և սկսեց պրոֆեսիոնալ կերպով սովորել խոհարարական արվեստը: Եվ միայն հիսունամյակի շեմին հրապարակեց իր գիրքը՝ «Mastering the Art of French Cooking» («Ֆրանսիական խոհանոցի արվեստը»), որով սկսվեց իր լեգենդար կարիերան:

Մեգի Կունը մինչ վաթսունհինգ տարեկանը եկեղեցու երեց էր և չէր պատրաստվում թողնել իր աշխատանքը: Բայց գործատուները պարտադիր էին համարում այդ տարիքում թոշակի անցնելը և Մեգիին ուղարկեցին տուն: Հուզված այն բանից, որ իրեն դուրս արեցին, Մեգին որոշեց ստեղծել նման իրավիճակում հայտնված մարդկանց աջակցող խումբ: Թոշակառուների նման խնդիրները լուծելու ակտիվ ձգտումը նպաստեց ստեղծված կազմակերպության բուռն աճին: Մեգիի նախաձեռնության ապոգեյը (բարձրակետը) դարձավ «Ալեհեր հովազներ» ազգային հասարակական շարժման ստեղծումը:

Բոլորս էլ լսել ենք ընդհանուր ճշմարտություններ, որ հիսուն տարեկանը երկրորդ երեսունն է, իսկ յոթանասունը՝ երկրորդ քառասունը (եթե այս ֆորմուլաները ճիշտ են երկու ուղղություններով, ապա այդպիսով բացատրվում է իմ որոշ երեսուն տարեկան ծանոթների դեռահաս վարքագիծը)։ Բայց կան որոշ կարևոր տարբերություններ, որոնք լուրջ վերաբերմունք են պահանջում: Մեր օրերում կյանքի միջին տևողությունը աճել է: Վերջին հարյուր տարում այն կրկնապատկվել է և շարունակում է ավելանալ ավելի բարձր տեմպերով: Լավացել է տարեց մարդկանց առողջությունը: Համաձայն Ֆոնդ Մակարտուրայի հետազոտության՝ տարեց ամերիկացիների համարյա տասից ինը յոթանասուչորսից վաթսուն տարեկան հասակում իրենց աշխատունակ է համարում: Շատ տարեցներ, զարգացած երկրների քաղաքացիները, կարող են հպարտանալ ավելի մեծ ֆինանսական կայունությամբ, քան առաջ: 1950-ական թվականներին ամերիկացի տարեցների երեսունհինգ տոկոսը ապրում էր աղքատության մեջ: Այսօր այդ թիվն արդեն տասը տոկոս է:

Մեր օրերում շատ են խոսում այսպես կոչված երկրորդ միջին տարիքից: Առաջ միջինը համարվում էր մոտավորապես երեսունհինգից հիսուն տարեկանը, որը նախորդում էր թոշակի արագ անցնելուն և մոտալուտ մահվան սպասմանը: Այսօր այսպես կոչված առաջին միջին տարիքի վերջը նշվում է մի շարք կարևոր իրադարձություններով (աշխատանքում պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակի հասնելը, երեխաների քոլեջ ընդունվելը, անհրաժեշտ նյութական բարիքների ձեռքբերման համար ծախսերի կրճատումը): Այդ պահից կյանքի նոր փուլ է սկսվում, երբ առողջ կայացած մարդիկ կարող են իրենց ուժերն ուղղել նոր նպատակների իրականացմանը: Ես չգիտեմ՝ ինչ ազդեցություն (հանգստացնող, թե ոգեշնչող) են գործում շրջապատողների վրա ռոք-աստղերի խոսքերը, ովքեր հիմա խոստովանում են, որ սխալվել են երիտասարդ ժամանակ պնդելիս, որ հաստատ գիտեն, թե ինչով կզբաղվեն, «երբ կդառնան վաթսունչորս», և ովքեր դեռ ջանում են ստանալ որևէ «բավարարվածություն»:

Լրացուցիչ միջին տարիքի հայտնվելը, անշուշտ, նշանակում է կյանքում ավելիին հասնելու լրացուցիչ հնարավորություն: Այն կարծիքը, որ անհրաժեշտ է իրականացնել նվիրական երազանքները (կամ գոնե ծայրահեղ դեպքում իրականացման պրոցեսում լինել) մինչ երեսուն տարեկանը, բավականին հնացել է:

Ես, իհարկե, չեմ ուզում ասել, որ բոլորս կարող ենք զբաղվել՝ ինչով ուզում ենք ցանկացած տարիքում: Եթե դուք հարյուրամյակի շեմին եք, ապա դժվար թե կարողանաք «Կարապի լճում» առաջատար հատվածը կատարել, հատկապես եթե չունեք պարելու փորձ: Հիսունհինգ տարեկանում, ունենալով հավասարակշռության և վեգետատիվ համակարգի հետ կապված խնդիրներ, ես հաշտվեցի այն մտքի հետ, որ գուցե երբեք Օլիմպիական ձմեռային խաղերում ոսկե մեդալ չստանամ չմշկային մարզաձևից (հատկապես իրական կյանքում երբեք չմուշկ չեմ հագել): Որոշ երազանքներ իսկապես անիրական են: Սակայն շատերի մասին այդպես ասել չես կարող: Նման տարբերության ընկալումը սեփական կոչումը գտնելու առաջին քայլն է: Չէ՞ որ սեփական երազանքի կատարման իրական գնահատականը տալով, դուք, ավելի շուտ եք տեսնում՝ ինչպիսին պետք է լինեն հաջորդ քայլերը այն իրականացնելու համար:

Մարդկանց վստահության գլխավոր պատճառներից մեկը, թե շատ ուշ է զբաղվել նրանով, ինչում տեսնում ես քո իրական ունակությունները, այն է, որ հավատում են կյանքի գծային բնույթին: Համարում ենք, որ հայտնվել ենք միակողմանի երթևեկությամբ փողոցում, այլընտրանք չունենալով`շարժվում ենք առաջ: Մեր ողջ ջանքներն ուղղված են նրան, որ դուրս չգանք ընդհանուր հոսքից: Սակայն այս գրքում նկարագրված պատմություններից շատերը ցույց են տալիս, որ մարդկային կյանքը մի գծով չէ: Չակ Քլոուզի կամ Գորդոն Փարկսի ճակատագրերը անշուշտ մի գծով չէին, հանգամանքները ստիպել են այս մարդկանց կյանքի որոշակի փուլում արմատապես վերանայել իրենց ուղին:

Կինոմատոգրաֆիայի աշխարհ ընկնելու համար Ռիդլի Սքոթը նույնպես գծային մոտեցումից չի օգտվել, ակնհայտ է: Նա ինձ պատմել է, որ երբ ավարտել է գեղարվեստական ուսումնարանը, «նույնիսկ մտքովս չի անցել ֆիլմեր նկարահանելու մասին: Ֆիլմերն ինձ համար շաբաթ օրերին գնալու և նայելու համար մի բան էին: Անհնար էր պատկերացնել, ինչպես պետք էր հաղթահարել իմ վարած կյանքի և ֆիլմ ստեղծելու միջև եղած անդունդը: 
Հետո հասկացա, որ կերպարվեստն ինձ համար չէ: Ինձ ինչ-որ կոնկրետ բան էր պետք: Պետք էր կոնկրետ նպատակ և գործողությունների հստակ ծրագիր: Դրա համար ես նայում էի շուրջս և փորձում զբաղվել արվեստի այլ ձևերով, մինչև վերջապես չգտա իմ տեղը Ռոն Սթորմի կողքին, տպագրական գործում: Ինձ դուր էր գալիս տպելու պրոցեսը: Դուր էր գալիս քարերը հղկելը գունավոր լիտոգրաֆիայի համար: Սովորաբար ես ամեն օր աշխատում էի մինչև ուշ ժամ, հետո գնում փաբ,  գարեջուր խմում և վերջին ավտոբուսով գնում տուն: Այդպես անում էի չորս տարի շարունակ, շաբաթվա հինգ օրը: Ես դա պաշտում էի»:

Շուտով Ռիդլի Սքոթն սկսեց աշխատել ВВС[3]-ում: «Ինչով էլ զբաղվեի, միշտ ջանում էի ընդարձակել սահմանները և մաքսիմալ կերպով մեծացնել բյուջեն: Ինձ ուղարկեցին մեկամսյա պրակտիկայի, իսկ երբ վերադարձա, անմիջապես սկսեցի դիզայներ աշխատել: ВВС-ում երկու տարի անց ռեժիսոր դարձա»:

Սակայն շուտով նա իր համար բացահայտեց նոր ոլորտ՝ գովազդի ինդուստրիան, որովհետև իր համար այն «աներևակայելի հետաքրքիր էր: Գովազդը կերպարվեստի, նկարչության և նման բաների հետ համեմատած միշտ նման է եղել կեղտոտ հայհոյանքի: Ես առանց ամոթի կառչեցի դրանից երկու ձեռքով»:

Գովազդային հոլովակների ռեժիսուրան Ռիդլի Սքոթի կյանքում փոխեց կինոռեժիսուրան: Եվ միայն դրանից հետո նա դարձավ կինոռեժիսոր և հասկացավ, որ գտել է իր կյանքի գործը: Եթե իր կարիերայի ինչ-որ փուլում նա հավատար, որ պետք է գնալ միայն ուղիղ ճանապարհով, ապա երբեք չէր գտնի իր իրական կոչումը:

Մարդկային կյանքը ներդաշնակ ու ցիկլային է: Կյանքի տարբեր փուլերում մարդու մոտ տարբեր ունակություններ դրսևորվում են ուժեղ կամ թույլ: Այդ պատճառով անընդհատ ծագում են բազում հնարավորություններ աճելու և զարգանալու նոր ուղղություններով՝ կյանքի կոչելով թաքնված ընդունակությունները: Հարիեթ Դոերը սկսեց զարգացնել իր գրական ընդունակությունները, բայց հետո կյանքը նրան տարավ ուրիշ ուղղությամբ: Այդ ունակությունը սպասում էր, և տասնամյակ անց Հարիեթը վերադարձավ դրան: Մեգի Կունը բացահայտեց հասարակական գործչի կոչումը, երբ նրան հնարավորություն տրվեց, չնայած հնարավոր է, մինչ այդ պահը նա բոլորովին էլ չէր գիտակցում, որ նման տաղանդով օժտված է:

Ֆիզիկական տարիքը բացարձակ մեծություն է և չափվում է ծննդյան տարվանից: Երբ խոսքը առողջության և կյանքի որակի մասին է, տարիքը դառնում է հարաբերական մեծություն: Բնականաբար, տարիների ընթացքում բոլորս մեծանում ենք: Բայց և այնպես գիտեմ շատ մարդկանց, որ անձնագրով տարեկից են, բայց զգայական և ստեղծական առումով իրարից հեռու են մի ամբողջ սերունդ:

Մայրս մահացել է ութսունվեց տարեկան հասակում, արագ և հանկարծակի, կաթվածից: Մինչ մահը նա իր իրական անձնագրի տարիքից տասը-տասնհինգ տարի երիտասարդ էր երևում: Նրա էներգիան շրջապատող աշխարհի հանդեպ անհագ հետաքրքրությունից էր: Նա պարում էր, կարդում, գնում երեկույթների և ճանապարհորդում: Մարդկանց համար հետաքրքիր էր նրա հետ, շնորհիվ նրա սրախոսության: Իր ոճային զգացումով, կենսուրախությամբ նա բոլորին ոգեշնչում էր՝ չնայած բազմաթիվ դժվարությունների և խնդիրների:

Ես նրա յոթ երեխաներից մեկն էի, մորս ծնողների ընտանիքում յոթ երեխա է եղել, այդ պատճառով, հավաքվելով միասին, մեր բազմաթիվ հարազատները բավականին մեծ բազմություն էին դառնում: Մայրս մեր մասին հոգ է տարել այն ժամանակ, երբ գրեթե չկային ժամանակակից հարմարություններ, և մեզանից էլ անկեղծ ասած, օգնություն սպասելը զուր էր: Երբ ես տասը տարեկան էի, մեր ընտանիքում ողբերգություն եղավ: Հայրս, որ ընտանիքի հենարանն էր, և ով վշտից քիչ մնաց խելագարվեր, երբ ես հիվանդացա պոլիոմելիտով, վնասվածք ստացավ: Նա կոտրեց վիզը և կյանքի մնացած մասն անցկացրեց լրիվ կաթվածահար:

Հայրս արտասովոր մարդ էր և անփոփոխ կերպով շարունակեց մնալ մեր ընտանեկան կյանքի կենտրոնում: Նա սրամիտ և խորը մտավորական էր, շարունակ ոգեշնչում էր շրջապատին: Այդպիսին էր և մայրս, ում էներգիան և կենսուրախությունը, թվում էր, երբեք չեն հատնում: Նա անընդհատ նոր գործեր էր մտածում և ստանում նոր գիտելիքներ: Ընտանեկան հանդիպումների ժամանակ նա միշտ բոլորից լավ էր պարում: Իսկ կյանքի վերջին տարիներին նա պարահանդեսային պարեր էր սովորում, պատրաստում էր տիկնիկային տնակներ և մանրանկարներ անում: Ե՛վ մայրս, և՛ հայրս իրենց օրինակով վառ կերպով ցույց էին տալիս իրենց կենսաբանական և օրացուցային տարիքի միջև եղած էական տարբերությունը:

Քիչ չեն այնպիսի մարդիկ, որ մեծ տարիքում են հասել ինչ-որ նշանակի բանի: Բենջամին Ֆրանկլինը հայտնագործեց բիֆոկալ ոսպնյակներ յոթանասունութ տարեկանում: Այդ նույն տարիքում Մոզես տատիկը[4] որոշեց լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ: Ագատա Քրիստին գրեց «Մկան թակարդը»՝ երկարակյացների մասին ամենապահանջված ներկայացումներից մեկը, երբ դարձավ վաթսուներկու տարեկան: Ջեսիկա Թենդին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում իր Օսկարն ստացավ ութսուն տարեկանում: Վլադիմիր Գորովիցը իր վերջին համերգները տվել է լեփ-լեցուն դահլիճներում, երբ ութսունչորս տարեկան էր:

Նայեք այս ձեռքբերումներին և հիշեք ձեր ծանոթներին, որ երեսունից քառասուն տարեկանում ժամանակից շուտ հուսահատվել են և այնպես են ապրում, որ նրանց կյանքը մեկընդմիշտ վերածվել է ձանձրալի առօրյայի, և իրավիճակը փոխելու ոչ մի հնարավորություն չկա:

Եթե հիսուն տարեկան եք, պարբերաբար մարզեք ձեր մարմինն ու միտքը, լավ սնվեք և մի մոռացեք, որ պետք է կյանքը սիրել: Այդ ժամանակ դուք ֆիզիկապես ավելի երիտասարդ տեսք կունենաք, քան ձեր քառասունչորս տարեկան հարևանը, որ անհեռանկար աշխատանք ունի, օրը երկու անգամ տապակած հավի թևիկ է ուտում, կարծում է, որ մտածելը խիստ լարված զբաղմունք է, և գարեջուր ըմպելը համարում է ամենօրյա խելացի մարզանք:

Հենրի Լոդջը՝ «Յուրաքանչյուր տարվա հետ ավելի երիտասարդ: Ինչպես մինչև հարյուր տարեկանն ապրել առույգ, առողջ և երջանիկ» գրքի համահեղինակը, այդ հարցի մասին հստակ կարծիք ունի: «Պարզվում է,- ասում է նա,- Ամերիկայում ծերության 70 տոկոսը իրական ծերություն չէ: Ուղղակի մեր իսկ գործողություններով ինքնավերում է: Բոլոր հիվանդությունները սխալ կենսակերպից են ծնվում: Շաքարախտը, գիրացումը, սիրտ-անոթային հիվանդությունները, Ալցհեյմերի կամ քաղցկեղի հիվանդությամբ տառապողների մեծամասնությունը և օստեպորոզի գրեթե բոլոր դեպքերը տիպիկ ինքնավերումներ են: Բնությունը չի մեզ դա տալիս: Մենք ինքներս ենք նման կյանք ստեղծում»:

Ի դեպ, մեզանից յուրաքանչյուրը կարող է հաշվարկել իր «իրական տարիքը» և գնահատել անձնագրին դրա անհամապատասխանությունը «realport.com» կայքով: Հաշվարկման մեթոդը ուշադրություն է դարձնում կենսակերպի, գենետիկայի և բժշկական քարտի մի շարք փաստերի: Հետաքրքիր է, բայց մեթոդի հեղինակները կարծում են, որ տարբեր իրավիճակներում կատարելով լավագույն ընտրությունը՝ իսկապես կարելի է դառնալ ավելի երիտասարդ:

Իրական տարիքը կրճատելու մեթոդներից մեկը ֆիզիկական առողջությանը հետևելն է մարզանքների և ճիշտ սննդի օգնությամբ: Ես դա գիտեմ, որովհետև ապրում եմ Կալիֆորնիայում, որտեղ ամեն մեկն իր պահուստում լայկրայից հագուստ ունի, իսկ կաթնամթերքը ավելի առողջ չեն համարվում, քան սիգարետը: Ես էլ եմ անում ամեն հնարավոր բան, որ առողջ կենցաղով ապրեմ, ջանում եմ ամեն օր կքանստել և քաղցր չուտել: Բայց հոգ տանելը չի սահմանափակվում միայն մաքուր օդում աշխատելով, իսկ շինության ներսում ուտելով:

Սեփական կոչման գլխավոր սկզբունքներից մեկը ինքնաբացահայտումն է և ինքներս մեզ մի ամբողջություն ընկալել սովորելը: Ես կարծում եմ, որ սեփական տարերքը գտնելու գլխավոր խոչընդոտը նախապաշարմունքն է, որ միտքն անկախ է մարմնից, ինչպես բնակիչը բնակարանում, կամ մարմինն ուղղակի փոխադրում է գլուխը: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, և հուշում է առողջ միտքը, մեր ինտելեկտի և էմոցիանալ վիճակի վրա հսկայական ազդեցություն է գործում մեր ֆիզիկական առողջությունը: Իսկ ֆիզիկական ինքնազգացողությունը իր հերթին անմիջապես կապված է կյանքի հանդեպ մեր վերաբերմունքից: Բայց պակաս կարևոր չեն մեր ջանքերը, որ մեր միտքը մնա երիտասարդ: Օրինակ՝ ծիծաղը մեծ ազդեցություն ունի ծերացման պրոցեսի արագությունը փոքրացնելու վրա: Նման ազդեցություն ունի նաև ինտելեկտուալ հետաքրքրասիրությունը: Մեդիտացիան նույնպես կարող է էական օգուտ տալ մեր օրգանիզմին:

«Արդյոք շատ ուշ չէ՞ սեփական տարերքը գտնելու համար» հարցի պատասխանը պարզ է. բնականաբար, ոչ: Անգամ եթե տարիքի հետ ավելացող՝ ծերանալու ֆիզիկական պրոցեսները որոշ ձեռքբերումներ դարձնում են անհնարին, ձեր տարերքը դեռ հասանելիության գոտում է: Ես երբեք չմշկասահքի մարզաձևից ոսկե մեդալ չեմ ստանա, բայց եթե այդ սպորտն ինձ համար մեծ նշանակություն ունենար (իսկ դա այդպես չէ), ես կգտնեի միանալու ձևը, գուցե օգտագործեի հնարներ, որոնք արդեն ունեի կամ կարող էի ձեռք բերել, որ իմ նշանակալի հետքը թողնեի այդ աշխարհում:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը 
Լուսանկարը՝  Գոռ Խլոյանի


[1] Շարժում, որի դոկտրինայի հիմքում արևելյան ուսմունքի, անձնական աճի հոգեբանական պրակտիկայի , մեդիտացիոն մեթոդների և կրոնական դիրքորոշումների սիմբիոզն է:
[2] Սթենֆորդի համալսարանի կողմից իրականացված նորարար գրողների աջակցության ծրագիրը։
[3] Նկատի ունի բրիտանական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը ВВС։
[4] Աննա Մերի Մոզեսը՝ ամերիկացի սիրողական նկարչուհի, ամերիկական գեղարվեստական պրիմիտիվիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский