Հայ-վրացական հանրակրթական կամուրջները 2018-ի շեմին

Հեղինակ: 

2009 թվականից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը, սկսվել է վրացերենի ուսուցումը սովորողների ընտրությամբ, կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում:  2017-2018 ուսումնական տարում արդեն ավագ դպրոցի սովորողը կարող է իր անհատական ուսումնական պլանում վրացերենն ընտրել որպես հանրակրթական օտար լեզու, մյուս օտար լեզուների հետ: Գործում է վրացախոսների ակումբը, վրացերենը շարունակում է նաև ավագ և միջին դպրոցներում սովորողի ընտրությամբ դասընթաց լինել: «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի  շուտով իննամյա պատմությունը նոր գործընկերությունների հաստատման, աշխարհագրության ընդլայնման, նախագծերի բազմազանության հետաքրքիր զարգացում է ապրել: Այս տարի արդեն «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրն իր օրացույցն ունի՝ որպես կրթահամալիրի ուսումնական օրացույցի հավելված։ «Կամուրջները» զարգանում են տարբեր ուղղություններով, նախագծին մասնակից են դառնում տարատարիք սովորողներ ու դասավանդողներ: Ծրագրի շրջանակում կրթահամալիրի սովորողները և դասավանդողներն իրականացրել են բազմաթիվ ուսումնական նախագծեր, մասնակցել են տարբեր մրցույթների, Հայաստանում և Վրաստանում իրականացվել են համատեղ ուսումնական ճամփորդություններ տարածաշրջանի տեսարժան վայրերով:  Կատարվում են թարգմանություններ՝ հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքի վրացերեն էջը գործուն է, մշտապես թարմացվող:  

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի նպատակն է մեծացնել հարևան պետությունների քաղաքացիների, բարեկամ ժողովուրդների հաղորդակցումը, իրականացվող ամենատարբեր համատեղ նախագծերով լուծել կրթական խնդիրներ՝ փոխադարձաբար ավելի լավ ճանաչել ներկայիս Վրաստանը, Հայաստանը՝ իրենց տարածքով, բնակչությամբ ու նրա հոգեբանությամբ, յուրային դարձնել միմյանց լեզուները, ծանոթանալ միմյանց մշակութային արժեքներին, յուրացնել միմյանց երգ ու պարը, կարդալ միմյանց գրականությունը: Այս տարիների ընթացքում հայ-վրացական համագործակցությունը ավելի է ընդլայնվել և ամրապնդվել: Ներգրավվել են կրթական նոր հաստատություններ՝ ինպես Թբիլիսիում, այնպես էլ Ջավախքում, Վրաստանի այլ վայրերում: Բազմաթիվ համատեղ նախագծերի և կրթական փոխանակումների-փոխայցելությունների շնորհիվ հայաստանցի սովորողները ձեռք են բերում վրաստանցի ընկերներ, և հայ ու վրացի պատանիների համար ձևավորում են բարեկամության անհատական պայծառ էջեր:

Հայ-վրացական 2017-2018 ուսումնական տարին մեկնարկեց նոր նախագծերով ու համագործակցություններով: Ուզում եմ սկսել «Ուսումնական ամառ» նախագծերից:

Հունիսյան բանգլադեշյան պլեների մեր գործընկերները Ախալքալաքի թ. 3 վրացական դպրոցի սովորողների-ուսուցիչների խումբն էր։

Հուլիսին վրացախոսների ակումբը Թբիլիսիի թ. 37 դպրոցի հրավերով մասնակցեց Էթնոտուր Մեստիա-Սվանեթիում նախագծին:

Օգոստոսին Վրաստանի դեսպանատան աջակցությամբ կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների 25 հոգիանոց խումբը մասնակցեց միջազգային ճամբարի Անակլիայում: Այս նախագծերը հնարավորություն տվեցին սովորողների տարբեր խմբերի լինելու վրացական միջավայրում, ներկայանալու ու ներկայացնելու կրթահամալիրն ու կրթահամալիրում իրականացվող հայ-վրացական նախագծերը:

Ամառային նախագծերի ամփոփումը կազմակերպվեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագալիձեի հետ: Այս նախագծերը հնարավորություն տվեցին սովորողների տարբեր խմբերի լինելու վրացական միջավայրում, ներկայանալու ու ներկայացնելու կրթահամալիրն ու կրթահամալիրում իրականացվող հայ-վրացական նախագծերը:

Հունիս-հոկտեմբեր ամիսներին կազմակերպվել է Սամցխե-Ջավախք հինգ ճամփորդություն՝ համերգներ վրաց ուղղափառ եկեղեցու ուսումնական կենտրոնում, հոգևոր երգեր Ջավախքի հայկական եկեղեցիներում, համերգ-տոնախմբություններ գյուղերում և Ախալքալաքում, Ջիվանու տուն-թանգարանում, վերելքներ Աբուլ, Թմկաբերդ։ Այս նախագծերը հնարավորություն տվեցին սովորողների տարբեր խմբերի լինելու վրացական միջավայրում, ներկայանալու ու ներկայացնելու կրթահամալիրն ու կրթահամալիրում իրականացվող հայ-վրացական նախագծերը: Մեր գործընկերներն այս նախագծերում Ջավախքի հայկական և վրացական դպրոցներն են, Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի-Կումուրդոյի թեմի առաջնորդը, Հայ առաքելական եկեղեցու Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը, Ջավախքի մշակութային հաստատություններ։

Վրացական նախագծերում մյուս գործընկերությունը հաստատվեց սեպտեմբերին Վրաստանի մշակութի և մշակութային արժեքների պահպանության նախարարության մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության հետ։ Սեպտեմբերի 19-23-ին գործակալության մասնագետների հետ համատեղ կրթահամալիրում իրականացրեցինք  «Նկարում ենք Փիրոսմանի» նախագիծը:  Վարպետության դասերը վարում էին վրացի մասնագետները՝ պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլին, արվեստագետ Նանա Կվիցիանին, բանասեր Նուցա Մախարաձեն (Նկարում ենք Փիրոսմանի. օր 1, օր 2):

Սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի անկախության օրը, նշեցինք վրաց մասնագետների հետ միասին,  Արենիի վանք-Նորավանք-Եղեգիսի կիրճ-Սելիմի քարավանատուն- Նորատուս-Այրիվանք Ճամփորդությամբ: Մեր գործընկերներին ներկայացվեց ճամփորդությամբ ուսուցման մոդելը մի երթուղու օրինակով: «Նկարում ենք Փիրոսմանի» նախագիծն ամփոփվեց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի այցով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. կլոր սեղան, հարց ու պատասխան, շրջայաց կրթահամալիրի գեղարվեստում, համագործակցային նոր առաջարկներ:

Իսկ հոկտեմբերի 17-19-ը Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության, թանգարանների, թանգարանային ռեզերվների և կրթական ծառայությունների կենտրոնի հրավերով կրթահամալիրի սովորողների և դասավանդողների մի խումբ մեկնեց Թբիլիսի՝ վրաց մասնագետների հետ իրականացնելու «Պատանի հնագետները Թբիլիսիում» նախագիծը:

Կրթահամալիրում մշակվող-իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը գրավիչ են վրաց գործընկերների համար։ Հունիսին կրթահամալիրում «Բարեկամություն» ճամբարին մասնակցեց թբիլիսցի ուսուցիչների խումբը,  սեպտեմբերին կրթահամալիրում վերապատրաստվում էր նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, վարիչների խումբը, նոյեմբերի 23-25-ին կրթահամալիրում էր Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիության հատուկ ընտրած խումբը՝ դաստիարակներ, մանկավարժ-հոգեբաններ, Վրաստանի տարվա ուսուցիչ Լադո Աբխազավան։ Նոյեմբերի 5-9-ը արհմիության Գլդանիի մասնաճյուղի ղեկավարության հրավերով Թբիլիսիիում էր կրթահամալիրի դասավանդողների նախագծային խումբը՝ Աշոտ Բլեյանի ղեկավարությամբ: Խումբը Գլդանիի մի շարք մանկապարտեզներում շարունակեց հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման երևանյան փուլը, Գլդանիի տեխնոլոգիական  քոլեջում կլոր սեղանին ներկայացրեց հեղինակային կրթական ծրագիրը:

Վրացախոսների ակումբի սովորողները նկարահանել են տեսահոլովակ և շնորհավորել են Վրաստանի անկախության օրը: Տեսահոլովակը մեծ արձագանք է գտել Վրաստանում: Թբիլիսիի թ. 98 դպրոցի սովորողներն էլ տեսահոլովակով մեզ են շնորհավորել։ Ինչպես մենք ենք սիրում Թբիլիսիում թափառել մեր երգուպարով, այնպես մեր ընկերներն են սիրում Երևանը. երևանյան նախագծերի ամենասիրելի հատվածներից է երեկոյան միասին թափառումը Երևանով։  «Տոները համատեղ» նախագծով 2018-ին անպայման միասին կպատրաստվենք և կնշենք Երևանի հոբելյանական 2800-ամյակը։

Հայ-վրացական հանրակրթական կամուրջները մշտական խրախուսում, աջակցություն ունեն. Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն և նրա տիկինը՝ Էկատերինա Բաքրաձեն, մեր սպասված հյուրերն են։ Դեսպանի հրավերով մասնակցել ենք Վրաստանի դեսպանատան կողմից կազմակերպված տարբեր միջոցառումներին: Կրթահամալիրում մի տարվա ընթացքում եղել են Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան, մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն։ Կրթահամալիրում, վրաստանյան ճամփորդությունների ժամանակ հանդիպում ենք Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, հանրային գործիչների։ 

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»-ը ներկայացվել են տարբեր հարթակներում, որտեղ լայն արձագանք են ստացել կրթահամալիրյան նախագծերը: Սկսել ենք նախագծի տարածման աշխատանքը Գյումրիում։ 

Մեր օրակարգում են վրացի գրողների, մշակութային գործիչների հետ հանդիպումները «Հարթակ Գեղարվեստում» ակումբում, «Հայ-վրացական միասնության պատմական հարթակներ» ուսումնական նախագծերը, որոնք նաև ճամփորդական, կրթական փոխանակումների նախագծեր կարող են դառնալ։ Այդ նախագծերը կներկայացնենք 2018թ. հասարակագիտական ստուգատեսում։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский