Ռեչիտատիվ. մեզանից ո՞վ կասի՝ ես մանկավարժ չեմ
Primary tabs
Ընտանեկան դաստիարակության արվեստը
Մանկավարժական էսսե
Մենք ծնող ենք:
Ինչո՞վ ենք զբաղվում՝ ունենալով մեր Երեխան՝ մեր երեխաները:
Մենք դրա համար էլ ծնվել ենք՝ որպես ապագա հայրիկ ու մայրիկ:
Մայր կամ հայր լինելը մեր բնական էությունն է. հարկավոր է վերարտադրել մարդկային սերունդը: Մենք մեր բնույթով, մեր հակումներով ի սկզբանե արդեն մանկավարժ ենք։ Մեր կոչումն է դսատիարակ լինելը:
Մայրն ու հայրը (մայրիկն ու հայրիկը) էապես մանկավարժական մասնագիտություններ են:
Բայց այդ մասնագիտությունները (դրանց հավասար նաև տատիկն ու պապիկը) առանձնահատուկ են: Դրանք իրենց Երեխայի, իրենց երեխաների առաջին ու գլխավոր դաստիարակի մասնագիտությունն են:
Մենք չենք կարող խուսափել Աստծո նախանշած պարտականությունից: Հակառակ դեպքում մեղք կլինի, կլինի դավաճանություն: Մեր Երեխային դաստիարակելով՝ մենք դառնում ենք Աստծո համար աշխատող գործընկերներ:
Ո՞վ կարող է փոխարինել մեզ՝ ծնողներիս, մեր երեխաներին դաստիարակելու գործում: Գուցե դայակնե՞րը, գուցե ստնտունե՞րը, թե՞ աղախինները, դաստիարակները, կամ գուցե դպրոցի ուսուցիչնե՞րը:
Նրանք բոլորը կարող են մեզ օգնել:
Բայց Երեխայի մորը կամ հորը փոխարինել ոչ ոք չի կարող:
Բարի մարդիկ միշտ են լինում:
Բայց մայրիկ… Բայց հայրիկ…
Խնդրում եմ, մոռանանք, որ գուցե դիպլոմ չունենք որևէ մանկավարժական «կրթության» մասին: Մեզ պետք չեն այդ դիպլոմները:
Ինքը՝ Արարիչը, արդեն հրաշալի բարձրագույն որակավորում է շնորհել մեզ՝ Հայր, Մայր, Հայրիկ, Մայրիկ:
Եթե որևէ մեկը ասի՝ «Ես մանկավարժ չեմ», հավանաբար ուզում է խույս տալ իր պատասխանատվությունից, ուզում է արդարացնել իր վրիպումները Երեխայի դաստիարակության մեջ: «Ես մանկավարժ չեմ»՝ նշանակում է՝ «Կներեք, ես դաստիարակել չեմ կարողանում»: Ծնողական սիրտ գոյություն ունի. այնտեղ փնտրենք մեր կրթվածությունը:
Ֆուգա. չորրորդ չափումը
Լույսի Երեխաներին հարկավոր են Լույսի ծնողներ, Լույսի ուսուցիչներ:
Մենք պետք է այդպիսին դառնանք, պարտավոր ենք:
Դրա համար հարկավոր է, որ մենք ընդլայնենք Երեխայի, նրա դաստիարակության մասին մեր գիտակցականությունը, մեր պատկերացումները: Մեր գիտակցությունը հենարան է մանկավարժական պրակտիկ գործունեության համար: Բայց այն մեզանից շատերի մեջ սահմանափակված է նյութապաշտական հայացքներով, ինչն էլ թույլ չի տալիս Երեխայի մեջ տեսնելու Հավերժի Ճամփորդին: Մենք մեր մեջ էլ չենք բացահայտում Հավերժի Ճամփորդին։ Իսկ Երեխան այդպիսի ծնողի ու դաստիարակի կարիք ունի:
Այստեղից էլ՝ մեր գիտակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը. այն պահանջում է նոր վարկածներ։ «Նորացված գիտակցություն ստանալու համար հարկավոր է սովորել ենթադրել: Գիտակցության զարգացման համար սա առաջին պայմանն է»,- ասում են Արևելքի իմաստունները:
Ի՞նչն է պակասում մեր գիտակցությանը, որ նա ընդլայնված դառնա: Խնդիրը բոլորովին էլ լայն գիտելիքը չէ, այլ այն, որ պետք է մեր գիտակցությունը բարձրացնենք աշխարհը, մասնավորապես՝ Երեխային նյութապաշտական մակարդակով ընկալելուց մինչև հոգևոր մակարդակով ընկալելը: Մենք չենք մերժում Նյութապաշտական աշխարհն ու նյութական արժեքները, նրանք գոյություն ունեն, մենք ապրում ենք այդ աշխարհում: Բայց գոյություն ունի ավելի կարևոր մի բան, որով որոշվում է նյութականը. դա Ոգին է ու Ոգեղենությունը:
Ավանդական մանկավարժության բոլոր դասագրքերը միահամուռ սովորեցնում են, որ դաստիարակությունը որոշվում է երեք գործոններով՝ ժառանգականությամբ, միջավայրով և որոշակիորեն կազմակերպված միջավայրով, այսինքն՝ նպատակաուղղված դաստիարակությամբ: Նյութապաշտական այս երեք չափումներն էլ մեր մանկավարժական գիտակցությանը թելադրել են իրենց կամքը, որի զավակն էլ դարձել է մեր ավտորիտար հայացքն ու ուժային մոտեցումը Երեխայի հանդեպ: Բայց ահա անցնում են հարյուրամյակներ ու հազարամյակներ, բայց դաստիարակչական պրակտիկան չի կարողանում հաղթանակել: Ստեղծում ենք մանկավարժական գիտություն, բայց դաստիարակության մասին գաղափարները չեն զարգանում: Մի՞թե չենք տեսնում, որ մենք հեռանում ենք մեր զավակներից, բայց ոչ այն իմաստով, որ մեր գիտակցությունը առաջ է անցել նրանցից, և երեխաները ի վիճակի չեն հետևելու մեզ: Այլ այն իմաստով, որ խուլ ենք դառնում մեկս մյուսի հանդեպ: Մարդկությունն իսկապես մեծ փորձ է կուտակել, և մենք կարող էինք մեր երեխաներին նվիրել մեր գիտելիքները, մեր արժեքները։ Բայց պետք է, չէ՞, որ նրանք հետևեն մեր խորհուրդներին: Սակայն դա նրանց համար դժվար է: Դրա համար էլ ախուվախ ենք անում՝ եթե երիտասարդությունը իմանար, եթե ծերությունը կարողանար…
Ո՞րն է մեր երեխաների մեղքը:
Ա՞յն, որ նրանք մեզանից հարգանք են պահանջում, շփում՝ որպես հավասարը հավասարի հետ: Իհարկե պահանջում են, բայց ոչ հռչակագրերով, այլ մեր Բնույթին հատուկ բոլոր բնական ու հոգևոր օրենքների համաձայն, որ ճանաչենք ի դեմս իրենց Հավերժության Ճամփորդին և որպես այդպիսին մեզ էլ ճանաչենք:
Մարդկությունը դարեդար գործում է միևնույն սխալը, իսկ այժմ դրան միացել ենք նաև մենք. Երեխային հիմար ենք համարում և ուզում ենք ուժով նրան խելացի դարձնել, կամակոր ու բավական չար ենք համարում և ուզում ենք ուժով նրան ենթարկել մեր կամքին, որը մենք և՛ բարոյական ենք համարում և՛ ճշմատացի։ Նրան ընդունում ենք որպես հասարակ անոթ, որ համառորեն չի ցանկանում ինչ-որ լավ բանով լցվել և «հենց իր բարօրության համար» ջանում ենք ուժով լցնել: Սխալը մեր չհասկանալուց է, որ Երեխայի բնական ու հոգևոր Էությունը ոչ մի բռնություն չի հանդուրժում, ինչպիսի բարի նպատակներով էլ այն արդարացվի: Ահա և կտրվում է կապը: Եվ դաստիարակությունը, որ նախատեսված է լինելու ամենագեղեցիկ, ամենաաստվածային կենսական գործընթացը Երկրի վրա, վերածվում է անկյանք, տգեղ մի բանի, վերածվում է տանջանքի և՛ Երեխայի, և՛ մեզ համար:
Այսպիսի մի դրվագ պատկերացնենք:
Պետք է բջջային հեռախոսով զանգահարենք մեր ծանոթներից մեկին: Հեռախոսահամարի թվերն ունեն իրենց խիստ հերթականությունը: Չի կարելի խառնել դրանց հերթականությունը, փոխել այդ գուցե տասնվեց, կամ էլ չեմ ասում՝ քսան և ավելի թվերից որևէ մեկը: Բայց ի՞նչ տարբերություն, ասում ենք, «01» ենք հավաքել, թե «10», չէ՞ որ հենց նույն թվերն ենք հավաքել, արդյոք մե՞ծ սխալ կլինի, մտածում ենք, եթե «1»-ի փոխարեն «2» հավաքենք: Չէ՞ որ դրանց միջև տարբերությունը մեկ միավոր է, այլ ոչ թե հինգ կամ ութ: Ինչո՞ւ կապը չի գործում: Ի՜նչ վատ սարք է, ի՜նչ հիմար խստություն է: Մենք նյարդայնանում ենք և պատրաստ ենք հեռախոսը ջարդուփշուր անելու:
Բայց իմաստ ունի՞ մեր նյարդայնությունը:
Երեխայի էությունը երկրի կամ քաղաքի կոդի նման է: Բոլոր մնացած թվերը, եթե դրանք հերթականությամբ հավաքենք, մեզ կտանեն մարդկության ամբողջ երկրով դեպի մանկության աշխարհը, և միայն վերջին թիվը կկապի մեզ ոչ թե ցանկացած, այլ մեր Երեխայի հետ: Իսկ եթե վերջին համարը սխալ հավաքենք, նրա հետ կապ չի լինի:
Մենք հրաշալի գիտենք և հարգում ենք բջջային կապի այս օրենքը, որը, իմիջիայլոց, թելադրում է նյութական աշխարհի Բնույթը:
Հապա ինչո՞ւ ենք սխալվում Երեխայի դաստիարակության դեպքում:
Եվ որպեսզի նա մեզ հասկանա, նույնպես օրենք կա, որ սահմանված է բնությունից և ոչ միայն նյութական, այլև հոգևոր: Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկին այդ օրենքն անվանել է մեծերի և Երեխայի միջև եղած հոգևոր ընդհանրություն և զգուշացրել մեզ.
Առանց հոգևոր ընդհանրության դաստիարակություն չի կայանա:
Դե, գոռա՛, բղավի՛ր Երեխայի վրա, որ նա իր ականջներից հանի մատները, լսի քեզ, լսի քո խրատները:
Ոչինչ չի ստացվի. կապ չի լինի, որովհետև խառնել ենք հոգևոր ընդհանություն հաստատելու կարգը:
Ավտորիտար մանկավարժությունը մեր գիտակցության սահմանափակության ու աղքատության մանկավարժությունն է: Իսկ ինչպես ընդլայնել գիտակցությունը՝ այդ մասին մեզ միահամուռ ուղղորդում են համաշխարհային մանկավարժության դասականները. գիտակցությունն ընդարձակել հարկավոր է նյութականից մինչև հոգևորը՝ հասկանալով, որ ոգին է ամեն նյութականի սկիզբը:
Ոգեղենությունը կոչենք մեր գիտակցության բարձրագույն՝ չորրորդ չափումը:
Այո՛, գոյություն ունեն նյութապաշտական եռյակներ, ինչպես՝ ժամանակ, նյութ, տարածություն, կամ՝ երկարություն, լայնություն, բարձրություն, կամ՝ ուսուցիչ, աշակերտ, ծնող և այլն:
Բայց կան և իրողություններ, որոնք արտահայտվում են հասկացություններով՝ Հավերժություն, Անսահմանություն, Անմահություն, Ոգի, Ոգեղենություն, Աստված: Դրանք մատով ցույց չես տա, ոչ էլ կչափես։ Բայց դրանց մասին սիրտը գիտի, որն իր զգացաիմացությամբ ու ոգեղենի իմացությամբ կհուշի մեզ, որ մենք Հավերժության Ճամփորդներ ենք, և դա ավելի կարևոր է, քան Երկրի վրա անցորդ լինելը: Եվ գիտակցությունը նույնպես կհաստատի, որ «մեր հոգին երկնային ծագում ունի», և որ մարդկության կյանքի ամբողջ փորձը և գիտակցության զարգացումը կապված են ոչ միայն և ոչ այնքան գիտության հետ, որքան այն հավատի, որ հենց ճշմարտության կանխազգացումն է:
Այսպիսով՝ չորրորդ՝ հոգևոր չափում:
Ինչպիսի՞ վարկածներ է այն ներառում:
Դրանք երեքն են.
- Բարձրագույն Աշխարհը՝ Հոգևոր Աշխարհը՝ Աստծո Աշխարհը իրականությունն է:
- Մարդու հոգին անմահ է ու ձգտում է հավերժական կատարելության ու վերելքի:
- Երկրային կյանքը հավերժական հոգևոր վերելքի Ուղու մի հատվածն է:
Վարկածը հենց նրա համար էլ վարկած է կոչվում, որ ընդունվում է հավատի, այլ ոչ թե ապացույցների հիման վրա: Մենք չենք էլ կարող ապացուցել այդ վարկածները: Այնպիսի փաստ, տրամաբանություն կամ գիտություն չկա, որ ի վիճակի լինեն հայտարարելու այս վարկածները որպես ճշմարտություն, ինչպես նաև չկա փաստ, տրամաբանություն ու գիտություն, որ կարողանա հակառակն ապացուցել:
Մի բան է մնում. կամ ընդունել դրանք որպես մեր սեփական ճշմարտություն, այսինքն՝ հավատալ դրանց, այդ դեպքում գիտակցությունը պետք է սովորի մտածել այդ հիմքերի վրա, կամ էլ անձնապես հերքել դրանք, այսինքն՝ հավատալ հակառակին, և այդ դեպքում գիտակցությունը կփնտրի այլ վարկածներ, քանի որ առանց դրանց միտքը կլճանա, կյանքը կվերածվի ճահճի:
Բայց մեզ բոլորիս անհրաժեշտ է հետևել բարոյական կանոններին. նրանք, ովքեր հավատում են մեկին, թող չվիճեն ու չխանգարեն նրանց, ովքեր հավատում են մյուսին:
Սիմֆոնիա. առաքելության մասին
Օ՜, Երեխա…
Եթե մեր գիտակցությունը ընդունի հավատը Արարչի նկատմամբ, ապա մեր մեջ կստեղծվի նոր պատկերացում մեր մասին, և այն կտանի մեզ դեպի նոր կրթական Մտատաճարի փնտրտուքին: Կրթությունն ու դաստիարակությունը կդառնան ոչ թե մեր զգացմունքների արտաքին դրսևորումն ու նյութականությամբ սահմանափակվող մեր գիտակցության արդյունքը, այլ մեր հոգու վիճակը, դրանք մեր կյանքը կդառնան:
Այսպիսով՝ ո՞վ ես դու մեզ համար, եթե մենք ընդունենք Արարչի, հոգու անմահության և վերելքի մասին միտքը:
Այդ ժամանակ մեր երևակայությունը մեզ կասի.
- Երեխան Երկրային Կյանքում հայտնություն է:
- Երեխան իր Առաքելության կրողն է:
- Երեխայի մեջ ամփոփված է Ոգու մեծագույն էներգիան:
Այս ամբողջը՝ իրար գումարած՝ կնշանակի. դու Հավերժության Ճամփորդն ես, մեր երկրային տան ցանկալի և երկար սպասված հյուրը:
Բայց դա քո մասին ասելով՝ նպատակ չունենք մեզ նվաստացնելու: Մենք էլ ենք երեխա եղել, հետո մեծացել ենք, ինչպես որ դու էլ կմեծանաս: Նշանակում է՝ մեզանից՝ մեծահասակներիցս, յուրաքանչյուրը նույնպես հայտնություն է, նույնպես իր Առաքելությունը կրողը ու նույնպես տիրապետում է Ոգու մեծագույն էներգիայի: Մեր միջև տարբերությունն այն է (իհարկե, արտաքին), որ մենք այս աշխարհ ենք եկել քեզանից առաջ և հասցրել ենք փորձ կուտակել, դրա համար էլ մենք մեծ ենք, իսկ դու նոր ես ժամանել ու դեռ փորձ չունես, դրա համար էլ փոքր ես: Այնպես է Երկիր մոլորակի վրա սահմանված, որ մեծահասակները հոգ են տանում փոքրերին:
Բայց ո՞վ ենք մենք քեզ համար:
Քիչ է ասել՝ ծնողներ կամ ուսուցիչներ կամ դաստիարակներ:
Եթե քո ծնունդը Աստծո կամոք է, ապա մենք, որ հանձն ենք առել քեզ խնամելը, Աստծո աշխատակիցներն ենք: Ահա, թե ովքեր ենք դառնում մենք քո գալուց անմիջապես հետո:
Դու քո Առաքելության, քո Կոչման կրողն ես: Իմաստուն գրքերում ասված է, որ հոգևոր աշխարհում երկրային կյանքի հանձնարարությունը կանխորոշված է, և որ այս աշխարհ եկած ամեն արարած իր լույսի կայծն ունի, երբ հասկանում է, թե հատկապես որ բեռն է ստիպում իրեն ընդունելու այս կամ այն փորձությունը:
Ոմանք այդ կայծը կոչում են ոգևորության վիճակ, մյուսները՝ սքանչացման, երրորդները՝ ճնշման, չորրորդները՝ քնի վիճակ: Բայց ասված է նաև, որ երկրային կյանքին տրվող մարդիկ մոռանում են կայծի մասին և անգամ չեն ընդունում, որ կարող է նման բան լինել: Դրա համար էլ այնպես կապրեն, որ անգամ չեն իմանա, թե ովքեր են իրենք, և իրենց մեջ ոչ մի կոչում չեն փնտրի: Գուցե նրանք բարի, դաստիարակված մարդիկ կդառնան, չեն վնասի ուրիշներին, կօգնեն և կկարեկցեն անգամ, բայց հոգևոր զարգացման մեջ հազիվ թե կարողանան առաջ գնալ։
Բայց, ցավոք, Երկրի վրա միլիոնավոր չար մարդիկ են ապրում: Հանցագործների, նախանձների, չարամիտների, ագահների, մարդասպանների, սրիկաների ու դավաճանների ամբողջ ցեղը սերում է նրանցից, ովքեր չեն հավատում և անգամ չեն էլ մտածում, որ իրենց մեջ բարձրագույն կոչում է ամփոփված: Իսկ կոչումը կարող է միայն լուսավոր, զարգացում ապահովող ու բարիք բերող լինել:
Օ՜, Երեխա…
Մենք չգիտենք՝ որն է քո Առաքելությունը, չգիտենք՝ հանուն ինչի ես դու ծնվել: Միայն դու կարող ես գիտակցել ու քո մեջ բացահայտել, թե դու ինչու ես եկել: Բայց մենք, հավատալով, որ դու Երկրի վրա քո բաժին հրաշքն իրականացնելու պարտավորությունն ունես, նրբանկատորեն ու զգուշությամբ կհիշեցնենք լույսի կայծի մասին, կօգնենք քեզ բացահայտելու ոչ միայն արտաքին, այլև քո ներքին աշխարհը, որտեղ դու կճանաչես քեզ:
Բայց դու էլ, այդ մասին անգամ չմտածելով, մեզ մեր լույսի կայծի մասին հիշեցնող խթան ես դառնում: Դու ապագայի մասին մեր հիշեցումն ես, ու ոչ միայն մենք ենք քո ծնողները, դաստիարակներն ու ուսուցիչները, այլև, խոստովանում ենք, դու ինքդ ես մեր Դաստիարակն ու Ուսուցիչը:
Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպես են մարդիկ բացահայտել իրենց մեջ սեփական Առաքելությունը, իրենց կոչումը, գտել իրենց ուղին:
Ահա Պյոտր Իլյիչ Չայկովսկու զարմանալի օրինակը, ում երաժշտությունը հարյուր տարուց ավելի է, ինչ ազնվացնում ու ոգեղեն է դարձնում Երկիր մոլորակը: Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանը, և տասնինը տարեկանում աշխատանքի անցել արդարադատության նախարարությունում:
Դա կարող էր փայլուն կարիերայի սկիզբ նշանակել: Բայց երաժշտության հանդեպ սերը արդեն քսանմեկամյա երիտասարդին բերում է Ռուսական երաժշտության ընկերության երաժշտական դասարաններ: 1862 թվականին այդ դասարանները վերափոխվում են Պետերբուրգի կոնսերվատորիայի: Եվ ահա թե ինչ նամակ է գրում նա իր հարազատներին. «Ես ընդունվել եմ նորաբաց կոնսերվատորիան: Մի կարծեք, թե երևակայում եմ, թե մեծ արտիստ եմ դառնալու: Ես պարզապես ուզում եմ այնպես անել, ինչպես ինձ թելադրում է իմ կոչումը»:
Պյոտր Իլյիչ Չայկովսկին որսաց իր «Աստվածային կայծը», լույսի կայծը, և ամբողջ աշխարհը նրանից ստացավ նրա ոգու շնորհը՝ մեծագույն, նրբաճաշակ երաժշտություն: Բայց եթե նա բաց թողներ այդ կայծը՝ տարվելով չինովնիկական կյանքով, աշխարհը կկորցներ այդ շնորհը և չէր էլ իմանա, որ իր հոգևոր զարգացման համար մի շատ կարևոր բան չի ստացել: Արդյոք մենք գիտե՞նք, թե ինչ հարստությունից ենք զրկվում այն պատճառով, որ շատեը, շատ-շատերը հայացք չեն գցում իրենց հոգևոր աշխարհին: Արդյոք տխրո՞ւմ ենք, որ ո՛չ ծնողները, ո՛չ դաստիարակներն ու ո՛չ էլ ուսուցիչները հետաքրքրություն չեն արմատավորել նրանց մեջ իրենց իսկ նկատմամբ, այլ միայն փաթաթել են վզին իրենց կամքը:
Օ՜, Երեխա…
Մենք փորձում ենք ուղղել մեր մոլորությունները:
Մենք չենք փաթաթի մեր կամքը քո վզին, բայց կջանանք, որ դու ընդունես այն գաղափարը, որ դու երկրային կյանքի պատահականություն չես, դու կոչում ունես ու պիտի բացահայտես դա քո մեջ, որ կյանքդ ծառայություն դառնա, այլ ոչ թե պարզապես կեցություն փոխաբեռնման կայարանում: Մենք քեզ կասենք, որ ամեն մեկն իր ուղին ու Առաքելությունն ունի։ Առաքելությունն անկրկնելի է, ինչպես անկրկնելի է մատնադրոշմը, մաշկի բույրը, աչքերի գույնը, և բացի քեզնից Երկրի վրա ոչ ոք չի իրականացնի և չի կարող իրականացնել քո Առաքելությունը: Ամեն մարդ եզակիություն է, և ամեն ոք շատ անհրաժեշտ է աշխարհին: Բայց որն է մեր դժբախտությունը. մեր դաստիարակությունը հիվանդ է: Ծնողները, դաստիարակներն ու ուսուցիչները, ամբողջ հասարակությունը՝ իրենց պետություններով ասես իրար հետ համաձայնության են եկել, որ երեխաներին հեռացնեն իրենց ներքին աշխարհից, ներքին ձայնից, լույսի կայծից: Պետությունը հայտարարում է տաղանդավոր երեխաների հավաք, որպեսզի դաստիարակելով նրաց՝ հետո կապիտալ ստանա, բազմապատկի նյութական բարիքը: Բայց սա խնամք չէ կոչման հանդեպ, քանզի տաղանդը միշտ չէ, որ կոչման կազմում է, այլ միջոց է նրան հասնելու: Սակայն, ինչպե՞ս վարվել երեխաների հետ, որ միլիոնավոր են, և ամեն մեկն ունի իր առանձնահատուկ տաղանդը: Նրանք չեն կարող փայլել դրանով, այդ տաղանդը նրանց ներքին կոչն է, Առաքելությունն է. պետք է շատ կարևոր մի բան անել, թող որ անտեսանելի ուրիշների համար, հարկավոր է հավաքել փորձաքարերը, տգիտության քարերը, որպեսզի կյանքն առաջ ընթանա և մարդկության զարգացումը չսայթաքի նրանց պատճառով: Սահմանափակող մանկավարժական գիտակցությունը ձգտում է նյութականին՝ ի վնաս հոգևորի:
Բայց մենք կասենք քեզ ու կհիշեցնենք՝ երջանիկ է այն մարդը, ով բացահայտել է իր Առաքելությունն ու ծառայում է դրան:
Երջանիկ է նաև նա, որ փնտրում է դա իր մեջ: Ծառայության սկիզբը հենց այն հարցի պատասխանն է, որ մենք ուզում ենք, որ ծնվի քո մեջ. ինչո՞ւ եմ ես ապրում, ինչո՞ւ ենք մենք ապրում, ինչի՞ն ենք նվիրում մեր կյանքը: Քանզի ապրում են նրանք, ովքեր իրենց կյանքը նվիրում են ինչ-որ գեղեցիկ բանի:
Մենք կառաջարկենք քեզ Ճամփորդի ցուպն ու կասենք՝ փնտրի՛ր, դու պետք ես աշխարհին, նրան հարկավոր են քո շնորհները, և թող քեզ չշփոթեցնի այն, որ դրանք այնպիսին չեն, ինչպիսին Պուշկինինը, Չայկովսկունը, Տրետյակովինն ու Վերնադսկունը: Միգուցե քո աննկատ ներկայությունը մեկի կյանքում հենց քո Առաքելությունն է։ Գուցե քո կոչումն այն է, որ դու ցույց տաս կարևոր բանբերին՝ ինչպես անցնի անծայրածիր դաշտը: Միգուցե քո Առաքելությունն ապագայի համար մի մագաղաթ պահպանելն է:
Կարևորն այն է, որ դու հասկանաս քո անհրաժեշտությունն աշխարհի համար:
Իրեն փնտրողին ուղեկցում է անտեսանելիների, հոգևորների, ուժերի օգնությունը:
Ինչո՞ւ հենց այն ժամանակ, երբ աշխարհ եկավ Չայկովսկին, բացվեց Պետերբուրգի կոնսերվատորիան: Միգուցե այն բացվեց հենց Չայկովսկու համար, որ նրա Առաքելությունը կայանա: Ահա և լույսի կայծը. «ես պարզապես ուզում եմ այնպես անել, ինչպես ինձ թելադրում է իմ կոչումը»: Պետք չէ երկար մտածել, թե ինչ կլիներ նրա Առաքելությունը, եթե հանգամանքներն այդպես չդասավորվեին: Արդյո՞ք մեր գիտակցությունը թույլ է տալիս ասելու, որ հանգամանքները պատահական են այդպես դասավորվել:
Օ՜, Երեխա…
Պատմենք քեզ ևս մի հրաշալի մարդու մասին. դա մեծ գիտնական Վլադիմիր Իվանովիչ Վերնադսկին է: Երբ նա ծանր հիվանդացավ որովայնային տիֆով և տենդի մեջ էր, նրա գիտակցությունը տեղափոխվեց մի այլ իրականություն, որի հետևանքով հիվանդության մի քանի օրվա արդյունքում նա ապրեց երկար ու գիտությամբ հագեցած կյանք: Նա բացում էր ինստիտուտներ, հանդիպում գիտնականների, ելույթներ ունենում գիտաժողովներում, գրում գրքեր, խմբագրում և հրատարակում դրանք, ինտուիտիվ զգացողությամբ հասնում էր գիտական զարմանալի վարկածների, որոնց հիման վրա զարգացնում էր նոր ուղղություններ:
Այս ամենի մասին նա գրառումներ է արել իր օրագրում:
Այն ամենով, ինչով նա զբաղվում էր հիվանդությունից հետո՝ իսկապես երկար կյանք ապրելով (նա անգամ գիտեր, թե որքան է ապրելու), համարյա լիովին համընկավ նրան, ինչ նա արդեն ապրել էր հիվանդության ընթացքում: Ահա 1920 թվականին (հիվանդության ընթացքում) արված այդ գրառումներից մեկը. «Ես սկսել եմ հստակ գիտակցել, որ ինձ վիճակված է նոր բան ասել մարդկությանը կենդանի նյութի* մասին գիտության վերաբերյալ, որը ես ստեղծում եմ, և որ դա իմ կոչումն է, ինձ վրա դրված պարտականություն, որը ես պետք է իրականացնեմ որպես մարգարե, որն իր մեջ զգում է իրեն գործունեության մղող ձայնը»: Այսպես նրան տրվեց լույսի կայծը: Կենդանի նյութի մասին այդ գիտությունը նա բերեց մարդկությանը:
Եթե թերահավատ մեկը առարկի, թե Առաքելություն կարող են ունենալ միայն մեծ մարդիկ, այլ ոչ թե ամեն մարդ, պատասխանում ենք՝ ո՛չ, կոչումով գալիս է յուրաքանչյուրը: Եվ Պուշկինի դայակը՝ Արինա Ռադիոնովնան, մի հասարակ ճորտ կին, ևս եկավ հանձնարարությամբ՝ ապագա հանճարին հոգևոր սնունդ և մաքուր բարոյականություն տալու, նրա պոետական սնդուկը ժողովրդական պատկերավոր խոսքով ու ժողովրդական զրույցներով լրացնելու համար: Դրա համար էլ աշխարհը գիտի այդ կնոջ անունը:
Օ՜, Երեխա…
Ինչ կարող է տալ քեզ քո Առաքելությունը:
Այն ճնշելու, մեծամտանալու և պարծենալու, մյուսներին վերևից նայելու, քեզ առանձնահատուկ համարելու ու հատուկ մեծարանք պահանջեու համար չէ: Նախ՝ դա պատիվ չի բերում հոգևոր ու բարոյական զարգացում ունեցող մարդուն: Երկրորդ՝ դա վերելքի սեփական ճանապարհն է, և դրանով չգնալ, նշանակում է՝ վնասել ինքդ քեզ:
Առաքելությանը ծառայելը զարգացման մեծ գործընթացին ծառայելն է: Երբեմն քո Առաքելության պտուղները մարդիկ չեն նկատի կամ չեն ընդունի: Հնարավոր է՝ անգամ տգետ ամբոխի կողմից հալածանքների դատապարտվես: Իսկ հետո՝ տասնամյակներ ու հարյուրամյակներ անց, սերունդները կսթափվեն ու արժանին կմատուցեն: Բայց ավելի շուտ անանուն կմնաս, և սերունդները չեն էլ իմանա, թե ում շնորհն է նրանց մղել բարիք գործելու:
Մարդկության պատմությունը լի է այդպիսի դրամատիկ դեպքերով:
Բայց հնարավոր է նաև, որ կենդանությանդ օրոք մարդիկ ընդունեն քեզ, դափնեպսակով պսակեն ու պատվի արժանացնեն: Եվ ինչքա՛ն կարևոր է, որ ցանկացած դեպքում ինքդ քեզ հավատարիմ մնաս, առօրեականից վեր բարձրանաս: Չդատապարտես տգիտությունը և չտրվես փառքի գայթակղությանը:
Ի՞նչ արած:
Այդպես եղել է, կա ու դեռ շատ երկար կլինի, քանի դեռ մարդիկ չեն հասկացել, որ յուրաքանչյուրն ունի իր Ուղին, և քանի դեռ չեն օգնի միմյանց՝ իրենց գտնելու և կայանալու: Իսկ եթե վերջապես դա լինի, ապա յուրաքանչյուրը կստանա ըստ վաստակի, և ամեն մեկի շնորհը երախտագիտությամբ կընդունվի բոլորի կողմից:
Օ՜, Երեխա…
Ծառայելով քո Առաքելությանը՝ դու կստեղծես տարատեսակ բարիքներ: Դրանք էլ կկոչվեն քո ոգու շնորհներ: Բայց պետք կլինե՞ն դրանք քեզ:
Ո՛չ, դրանք քեզ պետք չեն լինի, հասկանալի է, եթե չվարակվես շահադիտական նպատակներով: Դրանք քեզ որոշակի բավարարվածություն կբերեն, բայց եթե դրանք շնորհ են, անհատույց մնում են ուրիշին՝ որպես զարգացման աստիճաններ, այլ ոչ թե առք ու վաճառքի համար:
Պուշկինը:
Նա գլուխգործոցներ է գրել:
Ո՞ւմ են դրանք մնացել:
Չայկովսկին:
Հորինել է գլուխգործոցներ:
Եվ ո՞ւմ են դրանք մնացել:
Ոգու շնորհների արարման գործընթացը, ոչ թե հենց ոգու շնորհն է կյանքի թե՛ իմաստը, թե՛ ծառայությունը, թե՛ ոգու կատարելագործման Ուղին: Հենց սա կլինի քո իսկական ձեռքբերումը: Դա ձեռք բերելու համար ես դու Երկրային կյանք եկել: Այդ ձեռքբերումն էլ կտանես քեզ հետ:
Եվ ինչպես քեզանից առաջ ապրողները Երկրի վրա թողել են իրենց ոգու շնորհները, որոնցից էլ ստեղծվել է համամարդկային մշակույթը, և դա՝ այդ մշակույթն է հնարավորություն տվել քեզ կատարելագործվելու, այնպես էլ քո թողած բարիքը, քո հետքը նույնպես հարստացնելու է այդ մշակույթը և բարելավելու է նրանց կյանքի պայմանները, որ գալու են քեզնից հետո՝ անգամ հազարավոր տարիներ հետո: Եվ դուրս է գալիս, որ ամեն մեկը, կրելով իր մեջ իր անկրկնելիությունը, մեկ ամբողջություն է կազմում մյուս բոլորի հետ, որ նույնպես կրում են իրենց անկրկնելիությունը: Այստեղ տարածության ու ժամանակի օրենքները տեղի են տալիս, ու սկսում են գործել միասնության ու հավերժության օրենքները:
Օ՜, Երեխա…
Արդյոք կկարողանա՞նք, քեզ դաստիարակելով, հասցնել այն ըմբռնմանը, որ մարդիկ ծնվում են իրար համար, և որ ամեն մեկը իր Առաքելությամբ աստիճան է մյուսի համար, և որ մենք՝ բոլորս, բոլոր-բոլորս, ով ապրել է երբևէ, ապրում է հիմա և ապրելու է ապագայում, մեկ ամբողջություն ենք ավելի բարձր մեկ ամբողջության համար:
Բայց դրա համար հարկավոր է, որ մենք՝ քո ծնողները, և նրանք, որ կօգնեն մեզ քո դաստիարակության գործում, իրենք էլ գլուխ հանեն իրենց ձգտումներից, այսինքն՝ քեզ դաստիարակելով՝ իրենք էլ դաստիարակվեն:
Էլեգիա. աշխարհով քայլում է Իմաստունը
Իմաստունը եկավ մի մեծ քաղաք և կանգ առավ մի երկնաքերի առջև: «Այստեղ օգնության կարիք կա»,- մտածեց: Մտավ վերելակ ու բարձրացավ հարյուրերորդ հարկ: Մի բնակարանից նա լսեց հոր բղավոցը: Դուռը բացեց երիտասարդ մայրիկը և տխուր ժպտաց:
- Ի՞նչ է հարկավոր, ծերո՛ւկ,- հարցրեց նա:
Կրկին լսվեց հոր բղավոցը: Կինն անհարմար էր զգում:
- Հեռուստացույցի էկրանը թմրեցնում է մեր Երեխային, դրա համար էլ հայրը պահանջում է, որ նա անջատի հեռուստացույցը,- ներողություն խնդրեց կինը:
Իմաստունն ասաց.
- Նրան լույսով ողողիր, և էկրանը կխամրի նրա առջև:
- Ի՞նչ,- զարմացավ երիտասարդ մայրը,- այդ դեպքում նրան համակարգիչը կկլանի:
Իմաստունը խոսեց.
- Երեխային մշակույթո՛վ լիացրու, և համակարգիչը նրա համար անհրաժեշտ իրերի տուփ կամ գրքերի դարակ կդառնա:
- Հա՛,- հարցրեց մայրը,- իսկ եթե նա ամբողջ օրը թրև գա փողոցո՞ւմ, ինչպես վարվել այդ դեպքում:
Իմաստունը պատասխանեց.
- Նրա մեջ կյանքի իմաստի հասկացությունը ծնիր, և նա կճանապարհվի՝ իր Ուղին փնտրելու:
- Ծերունի՛,- ասաց երիտասարդ մայրիկը,- ես զգում եմ քո իմաստնությունը: Ինձ խրատնե՛ր տուր:
Իմաստունը պատասխանեց.
- Ճշտի՛ր քո մեջ լույսի լիությունը, ճշտի՛ր քո ծարավը մշակույթի հանդեպ, ճշտի՛ր քո մեջ քո Ուղին:
Մայրիկը խելացի և բարի կին էր, դրա համար էլ մտածեց. «Բավարար չէ ապրել երկնաքերի հարյուրերորդ հարկում՝ պնդելու համար լույսի, մշակույթի և Ուղու մասին: Ես պիտի թափանցեմ իմ հոգու խորքերը, որ հասկանամ, թե ով եմ ես իմ զավակների համար, և ովքեր են նրանք ինձ համար»:
Իսկ եթե նա խելացի չլիներ, ծերունուն կասեր. «Դու հարյուր հարկ բարձրացել ես, որ մի կտոր հա՞ց խնդրես, թե՞ ինձ հիմար խրատներ տաս»:
Բայց նա ասաց.
- Շնորհակալ եմ, ծերունի:
Աղմուկի վրա դժգոհ տեսքով եկավ ամուսինը:
- Ի՞նչ է պատահել,- հարցրեց նա կնոջը,- սա ո՞վ է:
- Նա իմաստուն է,- պատասխանեց կինը,- հարցրու, թե ինչպես պետք է դաստիարակել մեր երեխաներին, նա քեզ կասի:
Տղամարդը ծերունու վրա մի փորձարկող հայացք նետեց:
- Լավ,- ասաց տղամարդը,- թվարկի՛ր խնդրեմ երեք հատկանիշ՝ որդուս դաստիարակելու համար:
Իմաստունը պատասխանեց.
- Արիությունը, հավատարմությունը, իմաստնությունը:
- Հետաքրքիր է, թվարկի՛ր խնդրեմ երեք հատկանիշ դստերս դաստիարակելու համար:
Իմաստունն ասաց.
- Կանացիությունը, մայրությունը, սերը:
- Օ՜,- բացականչեց կնոջ ամուսինը,- դա հրաշալի է: Ինձ խորհուրդներ տուր, ծերունի՛:
Իմաստունը ժպտաց.
- Ահա քեզ երեք պատգամ. եղի՛ր եղբայր քո երեխաների համար, ապաստա՛ն եղիր նրանց համար, կարողացի՛ր սովորել նրանցից:
Հայրը խելացի և կամային անձնավորություն էր, դրա համար էլ որոշեց ինքն իրեն. «Նշանակում է՝ պիտի փոխեմ իմ վերաբերմունքը որդուս ու դստերս հանդեպ, և ես դա կանեմ»:
Բայց եթե նա խելացի չլիներ, կմտածեր. «Աստվա՛ծ իմ, ի՞նչ է դուրս տալիս այս ծերուկը՝ արիություն, կանացիություն, սեր… Ո՞ւմ են պետք մեր աշխարհում այս բորբոսնած հասկացությունները: Եվ ի՞նչ պետք է ես սովորեմ իմ զավակներից՝ հիմարություննե՞ր, հանդգնությո՞ւն: Դա առաջին հարկի մանկավարժություն է, ոչ թե երկնաքերի հարյուրերորդ հարկում ապրողի»:
- Շնորհակալ եմ, ծերունի՛,- պատասխանեց հայրը և դիմելով կնոջն՝ ասաց.– Ինչ որ հարկավոր է, տո՛ւր նրան:
Բայց Իմաստունը չսպասեց պարգևների, մտավ վերելակ ու սեղմեց իջեցնող կոճակը: Նա շտապում էր:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
* Բիոսֆերան՝ կենսոլորտն ի նկատի ունի (ծն. հայերեն խմբագրի)։
- Բացվել է 1859 անգամ