Հունվարյան պլեները` ճամփորդությամբ ուսուցման նոր հարթակ
Primary tabs
Մեր մանկավարժության այսպիսի՜ համերաշխ—ինքնավար՝ իրենց գործի հեղինակ ուսուցիչների գործընկերության միջավայր է մեր նախագծային—ստուգատեսային—ճամբարային ուսուցման հունվարը․․․
Եվ ով իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում, սեբաստացի է։
Աշոտ Բլեյան
2017 թվականի դեկտեմբերի 28-ին Արևելյան դպրոցի ռադիոխմբագրությունների հյուրն Աշոտ Բլեյանն էր, ում հետ պայմանավորվեցինք ստեղծել Երևան 2800 — խնդրագիրքը:
Սկզբում խնդիրները շատ ուղղակի հասկացանք և կարծելով, թե Երևանի ծննդյան օրվա առիթով 2800 մաթեմատիկական խնդիր պետք է կազմել, սովորողները գործի անցան և սկսեցին իրենց անհատական բլոգներում ամանորյա խնդիրներ կազմել և թողարկել:
Ապա հասկանալով, որ խնդիրը կարող է ոչ միայն մաթեմատիկական, այլև շատ ավելի ընդգրկուն լինել՝ վերաբերել քաղաքին, կոնկրետ խնդրին, որոշեցինք սկզբում՝ խնդիրներ առաջադրելուց առաջ, փորձել քաղաքը ավելի լավ ճանաչել։ Քաղաքը ավելի լավ ճանաչելու համար առանձնացրինք նախագծային երկու ուղղություն «Երևանյան մետրոպոլիտեն» և «Երևանյան թանգարանները՝ որպես բաց արվեստանոցներ» նախագծերը։
Երևանյան մետրոպոլիտենի մասին տեղեկություններ սկսեցինք հավաքել դասարանում. սովորողները փորձեցին համացանցից փնտրել և հնարավորինս շատ տեղեկություններ գտնել: Դասարանում խոսելով մետրոյի մասին՝ արձանագրեցինք, որ քաղաքի ծայրամասերը խնդիր ունեն՝ մետրոն շատ թաղամասերի համար անհասանելի է։ Փորձեցինք հաշվել, թե յուրաքանչյուր սովորողի բնակավայրին մետրոյի որ կայարանն է մոտիկ և որքան հեռավորության վրա է: Ապա պայմանավորվեցինք, որ մետրոպոլիտենը դարձնում ենք ընտանեկան նախագիծ, թողնում ենք, որ սովորողներն իրենց ծնողների հետ շրջեն, իրենք իրենց աչքով տեսնեն, խնդիրներ արձանագրեն, տվյալներ գրանցեն և լուծումներ առաջարկեն:
Իսկ պլեների համար, որպես դասարանական նախագիծ, առանձնացրինք «Երևանյան թանգարանները՝ որպես բաց արվեստանոցներ» ճանաչողական, հետազոտական, տեխնոլոգիական նախագիծը։
Ճամբարային երեք շաբաթ… յուրաքանչյուր շաբաթ՝ ծրագրված մեկ ճամփորդություն՝ «Մ․Սարյանի տուն-թանգարան», «Գաֆէսճեան արվեստի կենտրոն», «Ազգային պատկերասրահ»: Երեք տարբեր ցուցասրահներ՝ երեք հայազգի խոշորագույն նկարիչներ՝ Սարյան, Այվազովսկի, Գևորգ Գևորգյան (Ջոտտո): Նկարչական տարբեր ժանրեր՝ բնանկար, նատյուրմորտ, դիմանկար, ծովանկարչություն։
Ցուցասրահներ այցելելուց առաջ սովորողների հետ նախապատրաստվում ենք, խոսում ենք ցուցասրահի, նկարչի, նրա աշխատանքների առանձնահատկությունների մասին: Ճամփորդական ֆլեշմոբը բավական արդյունավետ միջոց է ճամփորդությանը ավելի պատշաճ պատրաստվելու համար, որտեղ համացանցը որպես ճամփորդական ուղեցույց է ծառայում: Ճամփորդական ֆլեշմոբը ինձ համար գտնված գործիք եմ համարում: Սովորողները ֆլեշմոբին մասնակցում են ինքնուրույն, խմբով, շատ դեպքերում նաև ֆլեշմոբը փոխանցվում է ընտանիքներին։
Ճամփորդությամբ ուսուցումը կոնկրետ խնդրի լուծման ճանապարհ է: Լինելով ճամփորդության կազմակերպիչ՝ աշխատել եմ, որ երբեք դրանք ինքնանպատակ չլինեն, հետևել եմ, որ ճամփորդություններն ունենան պարույրաձև զարգացում: Արտագնա մեկօրյա ճամփորդությունները փորձել եմ այնպես կազմակերպել, որ ուսումնական կոնկրետ խնդիրներ լուծելուց բացի՝ սովորողները հնարավորություն ունենան լինելու տարբեր մարզերում: Մեր առաջին ճամփորդությունը եղել է դեպի Արմավիրի մարզ, ապա՝ Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն:
Յուրօրինակ հայրենագիտություն է, երբ ճամփորդությունը սկսում ես մարզի մասին տեղեկություններ հավաքագրելուց և հասնում ես կոնկրետ ճամփորդության վայրի ուսումնասիրությանը։
Երևանյան ճամփորդություններում նույնպես առկա է հավասարաչափ պարուրաձև զարգացման սկզբունքը։ Առաջին դասարանում այցելեցինք մանկական պատկերասրահ, որը «Ձոն» ստուգատեսի ժամանակ մեզ օգնեց մայրիկների դիմանկարների շարք ստեղծելուն: Երկրորդ տարում հունիսյան պլեների ընթացքում այցելեցինք Փարջանովի տուն-թանգարան, ծանոթացանք կոլաժային արվեստին՝ արդյունքում ծնվեց դասարանական ցուցադրություն։
Եվ այդ ամենը հարթակ ծառայեց, որ այսօր՝ հունվարյան պլեների ընթացքում, կարողանանք այսպիսի խիտ ծրագրով այցելել ցուցասրահներ, ինչը ոչ միայն չհոգնեցրեց, այլև սովորողների մեջ դեպի արվեստը անհագ պահանջ առաջացրեց:
Սարյանի տուն-թանգարանում սովորողները ծանոթացան սարյանական գույներին, նրան բնորոշ նատյուրմորտ, բնանկար, ինքնանկար շարքերին, եղան նրա արվեստանոցում, տեսան Սարյանի վերջին անավարտ նկարը, ծանոթացան նրա կենսագրությանը, տեսան տուն –թանգարանի սարյանական գույքը։
Սարյանի արվեստանոցում նկարել չհաջողվեց, սակայն դպրոց հասնելուն պես սովորողներն իրենց մեջ կուտակված ամբողջ էմոցիան թղթին հանձնեցին: Իրենց անհատական բլոգներում ճամփորդության տպավորությունների մասին պատմեցին:
Հաջորդ կանգառը Ազգային պատկերասրահում էր՝ մեծ ծովանկարչի հոբելյանին նվիրված ցուցադրությանը ներկա գտնվելու բացառիկ հնարավորության առիթով։
Ինքս տպավորված եմ։
Սովորողները նույնպես շատ էին տպավորվել, ոգևորության ազդակները փոխանցվել էին ընտանիքներին:
Ազգային պատկերասրահում Այվազովսկու նկարների մոտիվներով սովորողները կոլաժներ պատրաստելու հնարավորություն ունեցան` խմբային աշխատանքի լավ դրսևորում։
Մի հետաքրքիր զուգադիպություն. բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում՝ լեգո քաղաքի կառուցման ժամանակ մեր ջոկատին բաժին էր հասել Հանրապետության հրապարակը՝ իր հարակից շինություններով՝ այդ թվում նաև Ազգային պատկերասրահի շենքը: Հրապարակը իր շինություններով ուսումնասիրեցինք, պատկերասրահի շենքի մանրակերտը կառուցեցինք և նոր միայն ճամփորդության մեկնարկը տվեցինք։
Մեր հաջորդ ճամփորդությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոն է լինելու՝ Հայազգի նկարիչ Ջոտտոյի աշխատանքների սրահում, ծանոթանալու ենք նրա աշխատանքների՝ մասնավորապես դիմանկարի ժանրին և տեղում Կենտրոնի կրթական ծրագրի շնորհիվ ստեղծագործելու հնարավորություն ենք ունենալու:
Եվ այսպիսով՝ հունվարյան պլեները դարձավ ճամփորդությամբ ուսուցման նոր հարթակ։
Տեխնոլոգիա- կերպարվեստ դասընթացի համար դրվեցին կոնկրետ խնդիրներ կոնկրետ լուծումներով, ճամփորդությունը դարձավ սովորողի անընդհատ զարգացման գործիք՝ ապահովելով սովորող- ընտանիք- դպրոց կապի ամրապնդումը։
Վերադառնալով Երևան 2800-ին՝ կցանկանայի նշել` պլեների արդյունքում ձեռք բերած գիտելիքների ամբողջ պաշարը կուղղվի խնդրագրքին և նրա լուծման ճանապարհների որոնմանը: