Երկրագործությունը` որպես մանկավարժական հաղթանակ
Primary tabs
Աշխատելով կրտսեր դպրոցում որպես կազմակերպիչ և լինելով մասնագիտությամբ հոգեբան՝ ուզում եմ ներկայացնել կազմակերպչի աշխատանքի կազմակերպումը իր բաղադրիչներով, դրանից բխող իմ մանկավարժական դիտարկումները: Կազմակերպչի հիմնական աշխատանքի մաս է կազմում սովորողների հետ դպրոցի պարտիզապուրակային աշխատանքները կազմակերպելը՝ միջավայրի խնամք, կանաչ անկյունների ստեղծում, էտ, ծառերի և ծաղիկների խնամք: Կարող եմ փաստել, որ ամեն նման աշխատանքից հետո գրանցել եմ սովորողների վարքի, վերաբերմունքի փոխակերպումը: Սաները ոչ միայն ձեռք են բերել էկոլոգիական, տեխնոլոգիական հմտություններ, այլև ամեն անգամ յուրաքանչյուրի մոտ վարքագիծ է փոխվել, գրանցվել է աճ և դա չի մնացել դպրոցի ներսում, այլ գնացել է նրա սոցիալական միջավայր և ընտանիք: Արդյունքը արձանագրել եմ ուսումնական ճամփորդությունների ընթացքում, երբ ծնողները դարձել են դրան մասնակից: 4-րդ, 5-րդ դասարաններում ես ունեմ ոչ միայն կրթահամալիրի սաներ, այլ նաև այլ դպրոցներից եկած սովորողներ, որոնք դժվարությամբ էին ընդունում նման կազմակերպումը, կար նաև ծնողների կողմից դրված արգելք: Սակայն ամենօրյա աշխատանքի ընթացքում ընկերների հավեսով աշխատանքը տեսնելու արդյունքում սկսվեց նրանց բնական ներառումը:
Փոքր-ինչ պատմեմ «ինչպեսի» մասին:
Դպրոցում սահմանված է միջավայրի խնամքի հերթապահություն, որը իրականացնում ենք ամեն օր փոքր խմբերով: Բնական մի վիճակ-ապրելակերպ է դարձել. սաները սանիտարի պես իրականացնում են շրջակայքի խնամքը: Կարող եմ փաստել, որ նախկին աղտոտվածությունը, որը կար դեռ պարիսպների և ցանկապատների ժամանակ, այսօր բաց միջավայրի պայմաններում նույնը չէ: Բաց միջավայրը դարձավ հասարակական վարքի փոխակերպման առիթ, դարձավ թելադրող:
Բացի հերթապահությունից՝ միջավայրի խնամքի աշխատանքներ իրականացնում ենք նաև տեխնոլոգիայի և բնագիտության դասաժամերին և, այդպիսով, որևէ սովորող այդ աշխատանքներից դուրս չի մնում: Ծավալուն աշխատանքների մի մեծ շրջան սկսվեց պարիսպների, ցանկապատների, նկուղների բացման մեկնարկից հետո: Թվացյալ ծանր աշխատանքները, որոնք մեծամասնության կարծիքով ավելի հասուն՝ ավագ դպրոցի կամ մեծահասակաների համար էին նախատեսված, մասնավորապես՝ հողային, քարերի, նկուղներից տարբեր իրերի տեղափոխման աշխատանքները, բնավ դժվար չէին 4-րդ, 5-րդ դասարանի տղաների և աղջիկների համար: Ընդգծում եմ, որ նրանք իրենց ցանկությամբ և ներքին հավեսով են իրականացրել, դարձել ակտիվ մասնակից: Աշխատանքների զարգացումը տարավ մեկ այլ հարթակ՝ կրթական պարտեզի ստեղծման, կանաչ և մաքուր անցումների, դպրոցից դպրոց ճանապարհների, հեծանվաուղիների և այս տարվա նվաճման՝ Սարալանջի մաքրման, բարեկարգման փուլ:
Սովորողների հետ արդեն կարողությունների որոշակի աստիճանով մենք ազատագրեցինք դպրոցի հարակից պուրակը, դա ևս դարձավ մեր խնամքի առարկան: Մի քանի քայլով, բայց ունեցանք ազդեցություն և դրական առումով տիրապետում: Հողային աշխատանքներ, կրթահամալիրի տնօրենի աջակցությամբ եզրաքարերից, չորացած և հրդեհավտանգ ծառերի կտրում, ապա մեր մասնակցությամբ ծառերի և վարդերի տնկում: Թեև երկու անգամն էլ տնկվածից շատ քիչ բան մնաց, սակայն մենք, իհարկե, չենք նահանջում:
Կրթահամալիրի կանաչ, նոր միջավայրի նշաններից էին նաև ոսկեգույն ավազով արված անցում-հեծանվաուղիները: Սովորողների օգնությամբ, նրանց փոքր, բայց շատ կարևոր քայլերով նաև դրանց ստեղծմանը մի քանի փուլով մասնակից դարձանք: Նկուղների մուտքերը, նկուղները, տարածքը ազատեցինք շինաղբից՝ քարերից, փոշուց, մետաղներից:
Սովորողները որպես պարգև և կրթահական միջավայրի սիրելի ձեռքբերում՝ մասնակից են նաև լողափի ստեղծման աշխատանքներին: Բոլոր աշխատանքներում մասնագիտական խորհրդատվությունը և համագործակցությունը՝ որպես մանկավարժություն, եղել է վարպետներ Արման Սահակյանի և Հովհաննես Անտոնյանի հետ: Սկզբում թեև վարպրետները դժվարանում էին սովորողների հետ աշախատելում, սակայն իմ համառության և մանկավարժությունը հետևողականորեն կարևորելու արդյունքում գրանցեցինք ձեռքբերումները:
Կրթահամալիրը 2017-2018 ուստարվա ընթացքում իր խորհրդանիշների ցանկում ընդգրկեց բալենիների պուրակի և բալենիներով անցումների ստեղծումը: Դպրոցն ուներ բալենիների տնկարան, որը ծառայեց այդ անցման ստեղծմանը, իհարկե նաև ծնողական ֆլեշմոբի և կրթահամալիրի՝ Անահիտ Մելքոնյանի աջակցությամբ մենք ունեցանք բալենիներով մի ընդգրկուն անցում: Դա ևս մի փորձություն էր համայնքի համար, քանի որ ամեն օր և օրվա մեջ մի քանի անգամ այդ անցումը ենթակրվում էր տեռորի՝ անցնելիս բնակիչները տնկիները պոկում էին, արմատախիլ էին անում: Ամիսներ անց մեր լուռ, խոնարհ համառության արդյունքում բոլոր տնկիները ծաղկեցին, քանի որ սովորողների ամենօրյա խնամքը, ուշադրությունը դրա երաշխավորը եղան։ Փոսերի փորում, օղակների ստեղծում, ամենօրյա համապատասխան ջրում և սևեռուն ուշադրություն՝ սրանք են դրական արդյունքի նախապայմանները:
Ոգևորությունն այնքան մեծ էր, որ արդյունքում դպրոցը ստեղծեց ևս մի տնկարան. յասամաններից բացի՝ մենք ունեցանք նաև պտղատու ծառերի տնկարան: «Սովորող- սովորեցնող» նախագծով նախակրթարանի սաների և ծնողական համայնքի գործուն մասնակցությամբ այդ տնկարանում տնկվեց 26 մրգատու ծառ:
Մյուս տնկարանը խաղողի՝ Արենու դարավանդի ստեղծումն էր, բոլորովին այլ մշակույթ: Պարտիզպաններ Հովհաննես Անտոնյանի և Էդմոնդ Փաշինյանի հետ նախապես փորեցինք համապատասխան փոսերը, այնուհետև մասնագիտական վերլուծությամբ սաները ծանոթացան խաղողի տնկման, մշակման առանձնահատկություններին:
«Կրթական պարտեզը» ամենօրա աշխատանքների և հայացքի փոփոխության արդյունքում չէր կարող զարգացում չապրել: Պարտեզի անցումներն արդեն աղաղակում էին, որ իրենք ուշադրությունից դուրս են մնացել: Անգամ դեկտեմբերյան ցուրտը չկանգնեցրեց մեր պարտիզպանների խմբին, որ Հյուսիսային դպրոց-Քոլեջ անցումը՝ Քոլեջի ավագ ընկերների հետ՝ սովորող-սովորեցնող ձևաչափի արդյունքում ազատագրվեր աղբից և ավելի բարեկարգ դառնար: Նախ միասին երկուստեք փոցխեցինք, մաքրեցինք աղբից, քարերից, հեռացրինք մեկ բեռնատար աղբը, ապա կարմիր ավազով տեղ-տեղ հարթեցրինք տվյալ հատվածը՝ թողնելով այն շարունակական, սեզոնային զարգացման:
Գարնանային զարթոնքի հետ կրթահամալիրն անցավ մեկ այլ ծավալի Սարալանջի բարեկարգման աշխատանքներին, որը ողջ ձմռան ընթացքում դարձել էր համայնքի գլխավոր աղբավայրը: Հյուսիսի պարտիզպանները չէին կարող դրանից զերծ մնալ, մի մեծ շնչառությամբ սկսեցինք մաքրման աշխատանքները՝ օրը մի քանի անգամ, տարբեր խմբերով, երկարօրյայի ընթացքում նաև ծավալուն աշխատանքներ իրականացնելով:
Աշխատանքների զարգացման ընթացքում նաև դեպի Սարալանջ տանող անցումը դարձավ մեր խնամքի առարկան: Մի քանի փուլով իրականացրինք տարիների աղբակույտի մաքրումը, ապա ամենօրյա հերթապահության և ամեն անգամ Մայր դպրոց տանող որևէ առիթով հետևելու շնորհիվ այն միշտ մաքուր է մնում: Աշխատանքները գուցե թերի լինեին, եթե չունենային կրթահամալիրի խորհրդանիշներից, նշաններից մեկը: Տաթև Աթոյանի օգնությամբ ստեղծվեց մի էսքիզ, որը պետք է զարդարեր տվյալ անցումը տանող պատը: Մենք գտանք ավտոտնակի սեփականատիրոջը՝ հմ.80 շենքի բնակիչ Էդմոնդին, և ներկայացրինք էսքիզը: Ոգևորության և շնորհակալության գնահատականները ստանալուց հետո անցանք մեր գործողություններին: Այժմ ճանապարհն անհամեմատ բարեկարգ է:
Վերը նշված աշխատանքները, գուցե ընդհանրապես չկայանային, եթե չլիներ համապատասխանաբար զինված պարտիզապուրակային, տեխնոլոգիական սպասարկման լաբորատորիան: Լաբորատորիան համալրված է համապատասխան գործիքներով, որոնց մի մասը կրթահամալիրի նվերն է, մյուս մասը` մեր գերմանացի գործընկեր Գերդ Քյոլերի: Այս աննահանջ զարգացման ընթացքում նոր գործիքները միայն կուրախացնեն կրտսեր պարտիզպաններին և կհեշտացնեն նրանց աշխատանքները: Գերդ Քյոլերի նվիրած գործիքները մենք օգտագործեցինք ծաղկատունկի (էստրադայի, հարակից պուրակի), ծառատունկի աշխատանքներում:
Ավարտելով խոսքս, պատումս՝ չեմ կարող չանդրադառնալ մանկավարժության իմ հաղթանակներին՝ մասնավորապես մի քանի սովորողների: Այս օրերին Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 քաղաքական, հասարակական աղմուկ հանած դպրոցից Հյուսիսային դպրոց տեղափոխվեց 4-րդ դասարանի սովորող Ռուդիկ Պիլոյանը: Վերջինիս հետ տեղի ունեցավ մի դիպված՝ արտակարգ պատահար, որը ցնցեց դպրոցը: Կրթահամալրի տնօրենը եղածին անդրադարձավ ժպիտով և «Մի՛ շտապեք» ձևակերպմամբ: Հետևեցինք նրա խոսքին և չշտապեցինք: Հետևողական աշխատանքների, ուշադրության ներքո Ռուդիկին մեծ ծավալով ներառեցի պարտիզապուրակային աշխատանքներում: Խրախուսական խոսքի, գովեստի, հոգատարության արդյունքում ես գրանցեցի նրա մեջ ագրեսիայի նահանջ, կայտառություն, սեր և լիարժեք ներառում դպրոցի միավարքությանը: Երկրագործության հետ կապը հաղթեց ոչ միայն Ռուդիկի դեպքում, այլ նաև մի շարք սովորողների, դարձավ մանկավարժական մի հնար, որը հնարավոր բոլոր առիթներում ես կօգտագործեմ. դա իմ ձեռքբերումն է: