Ռապսոդիա. «Հայրիկը, մայրիկը և ես»
Primary tabs
Ընտանեկան դաստիարակության արվեստը
Մանկավարժական էսսե
Նինցայի հարցը.
- Դուք ասացիք պապիկի և տատիկի կերպարների մասին: Գուցե կպատմեք նաև հայրիկի և մայրիկի կերպարների՞ մասին:
Հորս կերպարը մինչև հիմա ազդեցություն ունի իմ կյանքի վրա:
Նա զոհվել է ռազմաճակատում՝ Ղրիմում, երբ 36 տարեկան էր:
Նա տպարանի բանվոր էր, գրքեր էր հավաքում, թերթեր հրատարակում:
Դժվար մանկություն է ունեցել, գյուղից փախել է բռնակալ հորից: Դարձել է կուսակցության անդամ, ազնվորեն հավատում էր նոր կյանքին: Մինչ պատերազմի սկիզբը մամլիչի տակ վնասել էր աջ ձեռքը և չէր կարողանում ծալել մատները: Բայց պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել էր ռազմաճակատ՝ բուժզննումից հմտորեն թաքցնելով հաշմանդամությունը: 1942 թվականին նրան ուղարկել են Ղրիմ, որտեղ և զոհվել է:
Ես սիրում էի հորս: Դպրոցից հետո գնում էի ուղիղ նրա աշխատավայր, մենք միասին ճաշում էինք բանվորական ճաշարանում, այնտեղ ես սովորում էի դասերս, իսկ նրա ծառայակիցները ընկերություն էին անում ինձ հետ ու երես տալիս ինձ:
Մի անգամ (այն ժամանակ ես հինգ թե վեց տարեկան էի) թուղթը ծխախոտի պես փաթաթեցի, վառեցի լուցկով ու սկսեցի ծուխ թողնել բերանիցս:
- Հայրի՛կ, տես՝ ծխում եմ, - ասացի ես ու ծխելս ցուցադրեցի նրան:
Հայրս չէր ծխում:
Նա խստորեն նայեց ինձ և հրամայական տոնով ասաց.
- Հենց հիմա մի կո՛ղմ նետիր:
Ես հասկացա, որ վատ բան եմ արել: Անցավ չորս տարի: Ինչպես միշտ, դպրոցից հետո շտապեցի հայրիկիս աշխատավայր: Նրան իր աշխատասենյակում գտա: Այդ օրը մի աշխատակցի հետ ինչ-որ դժբախտություն էր պատահել, և նա անհանգիստ էր:
- Հայրի՛կ, գնանք ճաշելու:
- Այո՛, գնանք, բայց նախ դուռը կողպի՛ր, որ մեզ ոչ ոք չխանգարի: Ես ուզում եմ խոսել քեզ հետ:
Այդպիսի լուրջ տոնով հայրս ինձ հետ նախկինում չէր խոսել: Ես կողպեցի դուռը:
- Նստի՛ր կողքիս:
Նստեցի։ Նա լռում էր։
- Հայրի՛կ, ի՞նչ էիր ուզում ինձ ասել:
Ես զգում էի այդ խոսակցության կարևորությունը, չնայած դա առաջին անգամն էր:
- Դու արդեն ինը տարեկան ես, արդեն մեծ ես, և հուսով եմ, կկատարես իմ խնդրանքը:
- Ի՞նչ խնդրանք,- հարցրի ես:
-Ահա թե ինչ. երբեք, երբեք քո երկար կյանքում ծխախոտ չծխես:
- Ես չեմ ծխում:
- Այո՛, հիմա չես ծխում… Բայց դա երբե՛ք չանես, երբե՛ք քո կյանքում: Ահա, թե ինչ եմ քեզ խնդրում: Դե՜, ի՞նչ:
- Ես կանեմ քո խնդրանքը,- ջերմորեն պատասխանեցի ես:
- Աչքերիս մեջ նայի՛ր, տղա՛ս… Ես քեզ այլևս այս մասին չեմ ասելու: Չէ՞ որ դու տղամարդ ես և ինձ խոսք ես տալիս:
- Լավ, հայրի՛կ:
- Ո՛չ, ասա՛, թե ինչ ես խոստանում ոչ թե որպես փոքրիկ, այլ որպես տղամարդ:
- Երբե՛ք ծխախոտ չծխել:
- Երբե՛ք… Մեր զրույցի մասին ոչ ոքի մի՛ ասա: Թող դա մեր գաղտնիքը լինի:
- Լավ:
Եվ հայրս մի այնպիսի բան արեց, որ ինձ ակնթարթորեն դարձրեց խոսքի տեր մեկը:
- Թող սեղմեմ քո ձեռքը՝ որպես իմ ընկերոջ, ով կարողանում է իր խոսքի տերը լինել:
Դա երկու հասուն տղամարդկանց ձեռքսեղմում էր:
Անցան տարիներ:
Հայրս զոհվեց: Ես դարձա բարձրդասարանցի:
Դպրոցական զուգարաններում իմ շատ համադասարանցիներ ծխողներ դարձան:
- Դո՛ւ էլ ծխիր…- ծխախոտ էին առաջարկում նրանք: Ես հորս տված խոսքիս տերը եղա:
Դարձա ուսանող: Տեսա, որ համարյա բոլոր ուսանող առաջին կուսեցիները ծխում են: Գայթակղությունը մեծ էր, քիչ էր մնում՝ ես էլ ծխեի:
Հորս կերպարը փրկեց ինձ:
Ես սիրահարվեցի: Դարձյալ փորձեցի ծխել, որպեսզի աղջկան ցույց տամ իմ տղամարդկային կամքը: Նրան դուր էին գալիս իմ սիգարետները: Բայց հորս կերպարը հարկադրեց ինձ խելքի գալ, ու ես հրաժարվեցի այդ ձեռնարկումից:
Այդպես ես օգնեցի որդուս թողնելու ծխելը:
Այդպես ես օգնում եմ շատ շատերի՝ հրաժարվելու ծխելուց:
Հորս կերպարը, նրա նվիրվածությունը կուսակցությանը և նրա ազնիվ հավատը նոր կոմունիստական կյանքին օգնեցին ինձ բավականին բարդ ու կարևոր որոշում կայացնելու: Դա 1990 թվականին էր, երբ ես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ էի: Խորհրդի նիստին դրված էր Սահմանադրության վեցերորդ կետի վերացման հարցը։ Այդ կետն ամրապնդում էր կուսակցության բարձրագույն իշխանությունը: Երկրի բախտն էր որոշվում՝ գնալ բռնապետությա՞ն, թե՞ ազատության ճանապարհով: Կողքիս նստած գործընկերներս համոզում էին ինձ քվեարկել Սահմանադրության այդ կետի պահպանման օգտին: Նրանք նույնիսկ շանտաժի ենթարկեցին ինձ, որ կուսակցությունը ավելի կհզորանա, և դա ինձ համար վտանգավոր կլինի: Բայց ես փակեցի աչքերս ու ձայն տվի հորս կերպարին. «Հայրի՛կ, ինչպե՞ս վարվեմ,- հարցնում եմ նրան,- քո սպասումները չարդարացան, կուսակցությունը թույլ չի տալիս մարդկանց ազատ մտածելու: Իմ Մարդասիրական մանկավարժությունը բուրժուական են կոչում: Նոր կյանքը, որ դու ուզում էիր հաստատել իմ և ժողովրդի համար, այս կուսակցությունը երբեք չի կառուցի: Ի՞նչ անեմ, հայրի՛կ, ինչի՞ օգտին քվերարկեմ (սեղմեմ մատս)՝ կուսակցության սահմանադրական իշխանության պահպանման, թե՞ նրան իշխանությունից զրկելու օգտին: Ասա ինձ, հայրի՛կ»: Դա հոգևոր տառապանք էր: Եվ ես զգացի հորս պատասխանը: Այն մոտավորապես այսպիսին էր. «Ես հավատով էի առաջնորդվում և ճիշտ էի: Դո՛ւ էլ առաջնորդվիր հավատով և նույնպես ճիշտ կլինես»: Ես քվեարկեցի ավտորիտար պետության Սահմանադրության վեցերորդ տխրահռչակ կետը վերացնելու օգտին:
Այդպես՝ ես այսօր էլ ապրում եմ հորս կերպարով:
Մոր կերպարի մասին
Ես 15-16 տարեկան էի: Մի անգամ՝ երեկոյան, զբոսնում էի ընկերներիս հետ և տուն վերադարձա կեսգիշերն անց: Ես մեր բնակարանի բանալին ունեի: Իմանալով, որ մայրս ու քույրիկս պետք է արդեն քնած լինեն, զգուշորեն բացեցի դուռը և մտա միջանցք:
Տեսնեմ՝ մայրս նստած է նախասրահում՝ աթոռակի վրա և կերոսինի լամպի աղոտ լույսի տակ գուլպա է կարկատում: Ես անհանգստացա:
- Մայրի՛կ, ինչո՞ւ քնած չես:
- Քեզ էի սպասում,- ասաց նա հոգնած ձայնով, առանց լարվելու:
- Ինչո՞ւ էիր սպասում, մայրի՛կ, ես հո չե՞մ կորչի:
Եվ այն, ինչ նա պատասխանեց, մնացել է իմ մեջ որպես կերպար, որից ես մինչև հիմա իմաստնություն եմ քաղում: Նա ինձ պատասխանեց նույն հանգիստ ու հոգնած ձայնով.
- Մինչև դու քո սեփական երեխաները չունենաս, դա չես հասկանա:
Մայրիկը տխուր ժպտաց ինձ ու գնաց քնելու:
Այն ժամանակ ես իսկապես չհասկացա մայրիկի խոսքերի իմաստը:
Ժամանակ անցավ:
Ես արդեն մի անգամ չէր, որ ուշ էի տուն վերադառնում, հաճախ՝ լուսադեմին:
Մայրիկը նույն ձևով նստած էր լինում նախասրահում՝ աթոռակի վրա, ու սպասում էր ինձ: Երբեմն դա ինձ զայարացնում էր. ընկերներիս հետ ուրախության պահերին ես հանկարծ հիշում էի, որ հիմա մայրս նստած է նախասրահում ու ինձ է սպասում: Դա ինձ տանջում էր:
- Ինձ մի՛ սպասիր, մայրի՛կ… Ես արդեն փոքր չեմ,- վրդովվում էի ես: Իսկ նա տխուր ժպտում էր ու պատասխանում.
- Ես պետք է սպասեմ քեզ:
- Ինչո՞ւ:
- Ես քեզ հիմա ի՞նչ բացատրեմ, ժամանակը կգա, ինքդ կհասկանաս:
Անցան տարիներ, և այդ կերպարը անընդհատ բացվում ու կատարելագործվում էր իմ հոգևոր աշխարհում: Ի՞նչ արեց նա իմ ներսում:
Սկզբում փոխվեց մորս հանդեպ իմ վերաբերմունքը. ես դարձա ավելի հոգատար, ավելի քնքուշ նրա հանդեպ:
Հետագայում իմ մտքերը մի անգամ չէ, որ վերադարձել են մորս կերպարին. մեկ էլ՝ մորս ձայնն էի հիշում, դեմքը, աչքերը, և արդեն այդ ժամանակ գլխի էի ընկնում, թե որքան սեր կար որդու հանդեպ դրանցում: Հիշում եմ, թե նա ինձ դիմավորելիս ձեռքին ինչ ուներ պահած՝ թելած ասեղն ու իմ գուլպաները. նա կարկատում էր դրանք: Մորս հանդեպ իմ սերը դառնում էր ավելի քնքուշ:
Ավելի շատ ժամանակ անցավ: Մեծացան իմ երեխաները:
Ու ահա, որդիս ուշ տուն եկավ:
Նրան սպասելով՝ ես ու կինս տեղներս չէինք գտնում, զարմանում էինք՝ ինչպես է նա համարձակվել, անգամ չի զգուշացրել, ո՞ւմ հետ, որտե՞ղ է:
Վերջապես լսեցինք՝ դուռը զգուշորեն բացում է, որ մեզ չարթնացնի: Բայց ես ու կինս զայրացած միանգամից հարձակվեցինք նրա վրա. «Որտե՞ղ էիր, ինչպե՞ս ես համարձակվում…»։
Իսկ հաջորդ օրը իմ երևակայության մեջ երևաց մայրս ու ասաց. «Դու հիմա լավ կհասկանաս, թե ի՛նչ է երեխան … Պահպանիր նրանց ու սպասիր»: «Աստվա՜ծ իմ,- մտածեցի ես,- իսկապես, ես միայն հիմա կարող եմ հասկանալ, թե երեսուն տարի առաջ ինչու էր մայրս սպասում ինձ»: Ես ըմբռնեցի մորս իմաստնությունը. «Մինչև դու քո երեխաները չունենաս, չես հասկանա, թե ինչու եմ քեզ սպասում»:
Ինչի՞ մասին էր նա մտածում՝ ժամերով ինձ սպասելով, անքուն գիշերներ անցկացնելով ու գուլպա կարկատելով: Եվ կերպարն իմ մեջ ավելի խորն էր բացվում. ինչի՞ մասին կարող էր նա մտածել: Իմ մասին, այն մասին, թե ինչպիսին է ուզում ինձ դաստիարակել, ինչից է պետք ինձ պաշտպանել. այն մասին, որ գիշերային զբոսայգիներում ու փողոցներում ինձ հետ ոչ մի վատ բան չպատահեր: Գուցե նա աղոթում էր Աստծուն՝ ինձ պահպանել:
Իսկ մենք կռիվ սարքեցինք տղայիս գլխին, որ առաջին անգամ ուշ էր տուն վերադարձել: Ես ամաչում էի մորս կերպարի առջև. չէ՞ որ նա ոչ մի անգամ չէր կռվել ինձ հետ, չէր հարցաքննել ինձ, այլ միայն տխուր ժպտացել էր ու գնացել քնելու:
Մինչև հիմա ես ավելի ու ավելի խորն եմ բացահայտում այդ կերպարը, և նա ինձ նոր բացահայտումներ է պարգևում: Նա օգնել է ինձ հասկանալու մեծացող Երեխայի ու ծնողների փոխհարաբերությունների հոգեբանությունը, օգնել է հաստատելու ստեղծագործ համբերության սկզբունքը մանկավարժության մեջ:
Եվ ամենակարևորը. մայրս ոչ մի տեսակի պաշտոնական «կրթություն» չուներ, նա ավարտել է նախակրթարանի չորսամյա դասընթացը: Նա անհայր երեխաների դաստիարակության մասին մանկավարժական ձեռնարկներ չէր կարդացել: Որտեղի՞ց էր ուրեմն նրա մեջ ծագել դաստիարակության իմաստնությունը. «Ես պետք է քեզ սպասեմ»: Եվ ես հասկացա, բայց ոչ այն ժամանակ, երբ նրա կերպարը մտավ իմ մեջ, այլ տասնամյակներ անց միայն, երբ կերպարը սկսեց բացվել իմ մեջ, որ մոր սիրտը, մայրական զգացմունքը գիտե այն իմաստնությունը, թե ինչպես դաստիարակել ոչ թե ցանկացած, այլ հենց իր Երեխային:
Էլեգիա. աշխարհով քայլում է իմաստունը
Գյուղում մի իմաստուն էր հայտնվել։ Մի կին նրան ջրով լի սափոր տվեց: Ապա տրտնջաց.
- Երեխայիս աչքերը կուրացել են. ծնողական խնամքը չի տեսնում:
Իմաստունն ասաց.
- Օրը տասն անգամ տասը տարի շարունակ քո արցունքներով շփիր Երեխայի աչքերը:
- Դաժանացել է նրա սիրտը:
Իմաստունն ասաց.
- Օրը տասն անգամ տասը տարի շարունակ նրա սիրտը բարության ծովը ընկղմիր:
- Երեխան խուլ է իմ խրատների հանդեպ:
Իմաստունն ասաց.
- Օրը տասն անգամ տասը տարի շարունակ ոգեղեն զրույց վարիր նրա հետ:
Կինը հարցրեց.
- Ինչո՞ւ ես ասում՝ օրը տասն անգամ տասը տարի շարունակ:
Իմաստունն ասաց.
- Որովհետև ծնողական արարքների լիությամբ է աճում Երեխայի Ոգին:
Ֆանտազիա. հոգևոր աշխարհի մասին
Երեխայի հոգևոր աշխարհը նրա մարդկայնացման դարբնոցն է:
Մենք ուղղում ենք այնտեղ մեր դաստիարակչական կերպարների հոսքերը, բայց հոգևոր առանցքի սնուցումը, այսինքն՝ դաստիարակությունը պետք է իրականանա տեղում՝ հոգևոր աշխարհում, որը Երեխայի համար սրբության սրբոց է:
Մենք չենք կարող տեսնել, թե ինչպես է տեղի ունենում այդ սնուցումը: Մենք միայն հույս ունենք, որ մեր ազդեցությունը բարենպաստ կլինի այդ սուրբ կերպարանափոխության համար:
Երեխան սիրում է իր հոգևոր աշխարհը, սիրում է այնտեղ լինել, սիրում է դրանում ապրել:
Կանցնեն տարիներ, և գուցե, ցավոք սրտի, նա մոռանա այդ աշխարհի մասին, մենք նրան ժամանակ չենք տա այնտեղ լինելու: Ամբողջ կյանքը կանցնի արտաքին աշխարհում. հարկավոր է սովորել, հարկավոր է հասցնել դասերին պատրաստվել, լինել այստեղ ու այնտեղ՝ ըստ կարգացուցակի: Հարկավոր է գիտելիք ամբարել, հմտություններ ու կարողություններ զարգացնել արտաքին կյանքի համար: Հարկավոր է պատրաստվել տարատեսակ քննությունների ու ամենատարբեր թեստերի: Հարկավոր է մտածել նյութական ապագայի մասին, այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու մասին:
Եվ ժամանակ չի մնում՝ սեփական ներաշխարհ հայացք նետելու, այնտեղ սեփական «Ես»-ը, իր Առաքելությունն ու Ուղին փնտրելու: Այս ամենը մենք առաջարկում ենք որոնել արտաքին աշխարհում, հարկավոր է միայն լսող և ուշադիր լինել, լսել ու մտապահել, թե ինչ են ասում մեծերը, տեսնել, թե ինչ են ցույց տալիս, գնալ այնտեղ, ուր մատնացույց են անում:
Աստիճանաբար, բայց համառորեն հեռացնում ենք Երեխային իր ներքին աշխարհից, որպեսզի ասենք, թե նա ինչպիսին պիտի դառնա, ինչպես պիտի վարվի, ինչպես պիտի բարձրանա ոչ հոգևոր աստիճանով, որտեղ, ըստ Հովնան Աստիճանավորի, երեսուն աստիճան է, և վերջինը՝ ամենաբարձրը, Սերն է, իսկ նյութական բարիքների աստիճանով ամենավերինը իշխանության ու կարիերայի աստիճանն է:
Հոգևոր աշխարհը դառնում է պատրանք: Ո՞ւմ է նա հարկավոր, եթե այնտեղ դատարկ է: Առաքելությունը, Ուղին, Ոգին, Սիրտը սուտ բան են դառնում այն մոլեգին պայքարի համեմատությամբ, որ տեղի է ունենում արտաքին, նյութական աշխարհում: Հոգևոր, ներքին աշխարհը շուտով վերածվում է լքված Տաճարի, որտեղ կարելի է միայն պահել նյութական կյանքի համար պիտանի իրեր՝ տրմաբանություն՝ երբեմն երկաթյա, քննադատական մտածողություն, սառը հաշվարկ, առևտրի, խլելու, շահ ունենալու, խաբելու և սպանելու միջոց:
Բայց Երեխան երկրային կյանք է եկել հարուստ հոգևոր աշխարհով և հույս ուներ, որ մենք կօգնենք այն ավելի հարուստ դարձնելու: Նա սիրում էր իր հոգևոր աշխարհը ու սպասում էր, որ մենք կսովորեցնենք իրեն այնտեղ որոնելու իր հարստությունը, բացահայտելու իր խորհուրդները, գտնելու կյանքի հարցերի պատասխանները:
Հույսերը չարդարանցան:
Նա մեծացավ և այժմ կարող է միայն կարոտել իր հոգևոր աշխարհին՝ որպես մի կորուսյալ դրախտ:
Եթե մենք փշուր-փշուր հավաքենք մեր մանկության հիշողությունները, ապա գոնե մասամբ կհասկանանք, թե ինչպիսի Երկնային պարգև ենք մեր մեջ կորստի մատնել: Գուցե այնժամ վճռականորեն բացականչենք՝ հարկավոր է պահպանել, կործանումից փրկել այդ Ոգու Տաճարը մեր երեխանեի մեջ, հարկավոր է նրանց մեջ հոգևոր կյանք դաստիարակել իրենց հոգևոր աշխարհում, հարկավոր է հարստացնել այդ աշխարհը բոլոր լավագույն զգացմունքներով ու կերպարներով, որ կարող ենք արարել: Պետք է այնպես անել, որ մեր երեխաները մեծանալով երեխա մնան: Գուցե հենց դա է Արժանավոր Մարդու հոգու գաղտնիքը:
Փշրանքներ մեր մանկական հիշողություններից. ինչո՞վ էինք զբաղվում մենք այն ժամանակ մեր հոգևոր աշխարհում՝ այդ զարմանահրաշ երևակայական իրականությունում, որտեղ ժամանակ ու տարածություն չկան:
Մենք թռչում էինք դեպի աստղերը, բացահայտում Տիեզերքը, Հավերժությունն ու Անսահմանությունը:
Մենք կառուցում էինք երկնային ամրոցներ ամենաբարձր ամպերի վրա ու ողջ աշխարհը բնակեցնում այնտեղ:
Խիզախություն էինք դրսևորում ու սխրանքներ գործում:
Երազում էինք Փոքրիկ Իշխան լինել ու դառնում էինք:
Այնտեղ մենք խոսում էինք մեր հրեշտակների հետ ու լսում նրանց խրատները:
Պարզում էինք մեր հարաբերությունները մեզ նեղացնողների հետ:
Ամաչում ու նախատում էինք մեզ՝ սիրելի մարդկանց հանդեպ կատարած մեր զանցանքների համար, ներողություն էինք խնդրում նրանցից:
Երազում էինք հռչակավոր դառնալ մեր տաղանդով, ուրախացնում էինք մարդկանց ու ծափահարությունների արժանանում:
Ուսումնասիրում էինք ինքներս մեզ:
Փնտրում էինք կյանքի ու մահվան բանալին, հաղթահարում մահվան հանդեպ վախը:
Լալիս էինք վիրավորանքից:
Հայհոյում էինք ու կռվում:
Ապաշխարում էինք:
Ներում էինք:
Շփվում էինք կերպարներով ու տպավորություններով, որոնք ներարկվում էին արտաքին աշխարհից գրքերի, ֆիլմերի, հանդիպումների միջոցով, ողջ կյանքի միջոցով:
Տառապում էինք առաջին սիրո ապրումներից:
Մեզ չափահասի տեղ էինք դնում:
Ապրումներ էինք ունենում ու տառապում ծնողների` իրար հետ վեճերի համար:
Վախենում էինք, որ հայրիկը կլքի մայրիկին, տառապում էինք ու լալիս:
Մտածում էինք ինքնասպանության մասին, որ պատժենք ծնողներին կամ ուսուցչին, կամ նրան, ով նեղացրել էր մեզ:
Խորհրդավոր գունեղ երազներ էինք տեսնում:
Հավատ էինք ձեռք բերում՝ խորհելով Աստծո մասին:
Աղոթում էինք:
Դա ամենագրավիչ կյանքն էր, որից մենք ինչ-որ բան արտաքին աշխարհ էինք հանում:
Այնտեղ՝ մեր ներքին աշխարհում, մենք դաստիարակվում էինք՝ չնկատելով, որ դստիարակվում ենք:
Այնտեղ մենք փոխվում էինք, ուրիշ դառնում, աճում էինք:
Արժե՞ր, որ մենք կորցնեինք այդ կյանքը մեր մեջ:
Այն արդեն խամրել է մեր մեջ, այն մեզ էլ չի ուրախացնում:
Դուրս է գալիս, որ եթե չպահենք ու զարգացնենք մեր Երեխայի հոգևոր աշխարհն ու հոգևոր կյանքը, ապա առօրյա կյանքի ունայնության մեջ նրա դաստիարակության թվացյալ հոգածությամբ շրխկոցով կփակենք այդ աշխարհի դռները, որ նա այնտեղ չզվարճանա ու երես չթեքի արտաքին աշխարհի գործերից: Եթե դա մենք անգամ չուզելով էլ անենք, ապա նրան՝ մեր հրաշքին, անուղղելի վնաս կպատճառենք, և դրան ներում չի լինի:
Հիմն. ընթերցանություն
Դժվար կլինի ձոն կարդալ այն մեծագույն նշանակությանը, որ կարող են անել Գիրքն ու Ընթերցանությունը Երեխայի հոգևոր-բարոյական նկարագրի, իսկ հետագայում՝ նրա ողջ մշակութային կյանքի վրա:
Գիրքն ու Ընթերցանությունը կհղկեն նրա զգացմունքները, մտքերը, վերաբերմունքը, կընդարձակեն գիտակցությունը, կհարստացնեն երևակայությունը, կնպաստեն աշխարհայացքային տեսակետների կողմնորոշմանը:
Գիրքն ու Ընթերցանությունը կդառնան գեղեցիկ կերպարների անսպառ աղբյուր, որ կհարստացնի հոգևոր աշխարհը:
Գիրքն ու Ընթերցանությունը կարող են հրաշքներ գործել Երեխայի կյաքնում, բայց՝ երեք պայմանի պահպանման դեպքում.
- սիրել Գիրքը,
- կարողանալ ընտրել Գիրքը,
- կարողանալ մտածել Գրքի շուրջ:
Ո՞րն է մեր ծնողական հոգածության խնդիրը: Խնդիրն այն է, որ Գրքի հանդեպ Երեխայի մեջ սեր դաստիարակվի, ձևավորվի Գրքին ընտողաբար վերաբերվելու ունակություն, Գրքի շուրջ մտածելու ունակություն և կարդացածից դասեր քաղելու կարողություն:
Որպեսզի Երեխան սիրի Գիրքը, եկեք սկսենք նրանից, որ վաղ մանկությունից նա ընկալի մարդուն Գրքով: Թող որ Երեխան դեռ փոքր տարիքից անընդհատ տեսնի՝ մեր ձեռքին Գիրք կա, մենք թերթում ենք Այն, կարդում, կանգնած ենք գրապահարանի առջև, հանում ենք Գիրքը, բացում, ինչ-որ բան գտնում, դնում տեղը:
Եթե դա մեր ընտանեկան կյանքի մի սովորական պատկեր լինի, կամ էլ մենք, իմանալով, որ Երեխայի մեջ Գրքի հանդեպ սեր դաստիարակելով՝ պետք է ինքներս մեր մեջ էլ դաստիարակենք նույն որակները, այդ դեպքում Գրքի ու Ընթերցանության հանդեպ սիրո հոյակապ կերպարը Երեխայի հոգում իր արմատները կձգի:
Հետո այսպես ենք անում. ամեն հարմար առիթով, բայց հաճախ, մանկահասակ Երեխային (մինչև երկու տարեկան) նստեցնում ենք մեր ծնկներին, նրա առջև բացում մանկական գիրքը՝ գեղեցիկ, բարի ու խելացի նկարներով ու տեքստով, ասում նրան, որ սա Գիրք է, թերթում ենք էջերը, ցույց ենք տալիս նկարները և կարդում տեքստը: Կարդում ենք դանդաղ, արտահայտիչ, բովանդակությանը համապատասխան:
Թող մեզ չշփոթեցնի, որ Երեխան ամեն ինչ չէ, որ հասկանում է: Կարևորը՝ նա տոգորվում է Գրքի ու Ընթերցանության կերպարով, Գրքի հանդեպ հոգատար վերաբերմունքով, զգում է, որ Գրքում ինչ-որ հետաքրքիր ու կարևոր բան կա:
Այս զբաղմունքը զգացմունքային է ու բովանդակալից, ձգվում է ընդամենը մի քանի րոպե, բայց կրկնվում է օրվա մեջ երկու-երեք անգամ: Կգա ժամանակ, երբ Երեխան ինքը մատիկով ցույց կտա Գիրքը ու կպահանջի Այն իրեն տալ, կարդալ իր համար:
Հետո՝ երեք-չորս տարեկանում, Երեխայի կյանքում կսկսվի մի մեծագույն դարաշրջան. մենք նրա համար գիրք ենք կարդում: Կարդում ենք մշտապես, կարդում ենք արտահայտիչ, պատկերավոր, առոգանությամբ: Մենք կտեսնենք, որ Երեխան կսկսի խնդրել բազում անգամ կարդալ ու վերընթերցել միևնույն գիրքը, գուցե բերանացի սովորի ամբողջ տեքստը: Կտեսնենք նաև, որ նա ինքնուրույն բացում է գրքի էջերը ու «կարդում»: Մենք կուրախանանք դրա համար և հենց դրանով կքաջալերենք նրան:
Մենք բազմազան ենք դարձնում գրքերը, դրանք կարդում ենք Երեխայի համար օրվա մեջ մի քանի անգամ, դարձյալ արտահայտիչ, դադար ենք տալիս, մտածում, ծիծաղում, տխրում: Հետո առանց գրքի Երեխայի հետ շփվելիս հիշում ենք կարդացածը, գրքի հերոսներին, նրանց արարքները, կապում ենք դրանք մեր կյանքին:
Եթե Երեխան սովորի ճանաչել տառերը, տառերով բառեր դասավորի կամ անգամ գրքերից բառեր ու նախադասություններ կարդա, դեռ չի նշանակում, որ նա արդեն Կարդում է ու հետևաբար թող ինքնուրույն կարդա:
Իհարկե, թող ինքնուրույն կարդա, ինչպես կարող է: Բայց մենք չենք դադարեցնում մեր Ընթերցումը: Երբեք չենք մերժում նրան, երբ խնդրում է, որ իր համար Գիրք կարդանք: Ժամանակ ենք գտնում, հարմար տեղավորվում ու կարդում, հափշտակված կարդում: Նա ընդհատում է մեզ, հարցեր տալիս, ճշտումներ անում, մենք մտածում ենք նրա հետ, անհանգստանում, ապրումակցում հերոսներին և անգամ արցունքներ թափում: Չի կարելի անտարբեր, անմասնակից կարդալ, պետք է այն կյանքով ապրել, որ Գրքում է: Մենք չենք թաքցնում մեր արցունքները, դրանք ամրացնում են ոգին:
Մի կողմ ենք նետում այն միամիտ խորամանկությունը, երբ հանկարծ «ամենահետաքրքիր տեղում» ընդհատում ենք ընթերցումը և ասում Երեխային. «Շարունակությունը դու կարդա»: Սա Ընթերցանության ու Գրքի հանդեպ սեր ու հետաքրքրություն զարգացնելու լավագույն միջոցը չէ: Սա Ընթերցանության հարկադրանք է:
Երեխան, իհարկե, ինքնուրույն կարդալ կսովորի, բայց ունկնդրելը, երբ մայրիկն ու հայրիկն են կարդում իր համար, նույնպես Ընթերցանություն է: Ընդ որում, նա դեռ չի տիրապետում տեքստի զգացմունքային գույները որսալու հմտությանը, առանց որի կոնտեքստի ու ենթատեքստի իմաստները չեն բացահայտվում: Իսկ արտահայտիչ ընթերցանությունը հրաշալի պայման է հերոսների ապրումակցման և տեքստի բովանդակության լրիվ ընկալման համար:
Երեխան սիրում է, երբ իր համար կարդում են, երբ ինքը մենակ չէ, այլ ինչ-որ մեկի՝ եղբոր, քրոջ հետ լսում է ընթերցանությունը: Գուցե մտածենք՝ ինչպես վերածնենք ընտանեկան ընթերցանության բարի ավանդույթները:
Երեխան մեծանում է, նա արդեն դպրոցական է, փոխադրվել է երրորդ, հինգերորդ դասարան: Իսկ մենք, միևնույն է, ժամանակ ենք գտնում գուցե շաբաթ-կիրակի օրերին, արձակուրդի ժամանակ, երեկոները «Միասին կարդալու»: Եվ կարդում ենք արդեն ավելի լուրջ ստեղծագործություններ: Կրկին ապրումակցում ենք, տխրում ու ուրախանում, դադար ենք տալիս ու մտածում, վերընթերցում: Կարդում ենք շարունակելով՝ «Հանգստանանք, հետո կշարունակենք»: «Հետո՝ ե՞րբ», - հարցնում է Երեխան:
Նա տեսնում է, թե մենք ինչպես ենք ընտրում գիրքը: Նրան էլ ենք ներգրավում: «Ինչի՞ մասին է այս գիրքը»: «Իսկ ա՛յ սա շատ հետաքրքիր է»: Սկսում ենք Դյումա կարդալ, ժամերով նստում ենք բազմոցին, ինքներս էլ ենք տարվում:
Հերոսների կյանքի իրադարձությունները, նրանց կերպարները, արարքները, իդեալները, կրքերը, դրա հետ՝ գրողի խոսքի ոճը լցնում են Երեխայի հոգևոր աշխարհը և մեր հոգևոր աշխարհը՝ նույնպես: Մեր ու Երեխայի միջև զրույցների, խոհերի համար թեմաներ են ծնվում, ծագում մոտիվներ շփվելու համար: Մեր միջև առաջանում, տարածվում, ամրապնդվում է հոգևոր ընդհանություն, որ մեզ փոխադարձ վստահություն ու փոխըմբռնում է պարգևում:
Մենք՝ մեր Երեխան ու ծնողներս, մեծանում ենք, իրար դաստիարակում, ինքներս մեզ դաստիարակում: Մենք ճանաչում ենք մեր Երեխային, նա՝ իր ծնողներին:
Այդ ընթացքում գրապահարանում ավելանում են գրքերը: Մենք հատուկ գումար ենք հետ գցում՝ գրքեր գնելու համար: Սովորել ենք մի քանի օրով հետաքրքիր գրքեր վերցնել հարևաններից, ընկերներից: Հարկավոր է հասցնել կարդալ ու վերադարձնել: Սիրով խորհուրդ ենք տալիս մյուսներին՝ կարդալու մեր հավանած գրքերը:
Կգա ժամանակ, երբ Երեխան՝ արդեն դեռահաս, ապա պատանի, ինքնուրույն կտարվի ընթերցանությամբ: «Ի՞նչ ես կարդում»,- կհարցնենք մենք: «Մի նոր վեպ»,- կասի նա: «Հետո կտա՞ս՝ ես կարդամ»:
Երբեմն նա ինքն է մեզ խորհուրդ տալիս. «Կարդացե՛ք այս գիրքը: Հետաքրքիր է»: Եվ մենք ընդունում ենք խորհուրդը, կարդում:
Ընտանիքում ավանդույթ է հաստատվում. տարբեր նվերների կողքին առիթ-անառիթ բարեմաղթանքներով մակագրված գրքեր ենք նվիրում: Պետք է կարողանալ այդպիսի նվեր ընդունել մեր Երեխայից՝ ուրախության, հիացումի ու երախտագիտության զգացումով:
Եվ երբ համոզվենք, որ նա կարողանում է գրքեր ընտրել, գնում ու կարդում է լավ գրքեր (քանզի կան և վատերը), կարդացածի շուրջ զրուցում է մեզ ու ընկերների հետ, ու եթե մենք երբեմն ստիպված ենք լինում ասելու նրան. «Հերիք է՝ կարդաս, մի քիչ զբոսնիր», կամ «Հերիք է՝ կարդաս, ուշ է, վաղը շուտ ես արթնանալու» - ապա այդ պահին հոգում կարող ենք հաղթանակ տոնել. մեզ հաջողվել է մեր Երեխայի մեջ այնպիսի արժեքավոր անհատական որակ ստեղծել, ինչպիսին Գրքի ու Ընթերցանության հանդեպ սերն է: Նա արդեն մոտեցել է հոգևոր-բարոյական սնունդի մեծագույն աղբյուրին՝ Գրքին, Մշակույթին:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը
- Բացվել է 1221 անգամ