Ֆանտազիա. նկարն ավարտելու մասին
Primary tabs
Ընտանեկան դաստիարակության արվեստը
Մանկավարժական էսսե
Երեխան լավ որակներ է դրսևորում՝ հարկավոր է դրանք ամրապնդել: Երեխան որոշ լավ որակներ չունի՝ հարկավոր է դրանք զարգացնել:
Որոշ որակներ նրա մեջ աղավաղված են՝ հարկավոր է շտկել:
Երեխան հիմար որակներ է ձեռք բերել՝ պետք է դրանցից հեռու պահել:
Ինչպե՞ս դա անենք:
Անվանենք այս հնարքը «նկարն ավարտել»։
Գրող Միխայիլ Պրիշվինը փայլուն է արտահայտել «նկարն ավարտելու» գաղափարը. «Այն մարդը, որին դու սիրում ես իմ մեջ, իհարկե, ինձանից լավն է. ես այդպիսին չեմ: Բայց դու սիրիր, և ես կջանամ ինձանից լավը լինել»:
Մենք դեռ չենք տեսել մեր Երեխային, նա դեռ պիտի ծնվի, բայց մենք արդեն սիրում ենք նրան այնպիսին, ինչպիսին ներկայանում է մեր երևակայության մեջ: Իսկ մեր երևակայությունը պատկերում է ամենալավը:
Մենք արդեն Երեխա ունենք. նա ծնվել է:
Մենք սիրում ենք նրան այնպիսին, ինչպիսին կա, բայց նրա մեջ փայփայում ենք նրան, որ ուզում ենք տեսնել: Երեխան դեռ պետք է մեծանա: Իսկ մեծանալու ընթացքում աճելու է նաև մեր երևակայության մեջ. այնտեղ նա ավելի կատարյալ է ու գեղեցիկ:
Եթե չունենայինք մեր Երեխայի երևակայական, ավելի կատարյալ կերպարը, դաստիարակության խնդիրն անհետ չքացած կլիներ: Մեր դաստիարակչական ջանքերը, որպես կանոն, ուղղված են նրան, որ Երեխային մոտեցնենք այդ կերպարին՝ Արժանապատիվ Մարդու կերպարին:
«Նկարն ավարտելու» հնարքը կօգնի մեզ այնպես անել, որ Երեխան ինքը զբաղվի իր հետագա կատարելագործմամբ:
Ի՞նչ է հարկավոր դրա համար:
Հիշենք Լև Նիկոլաևիչ Տոլստոյի խոսքերը. «Մարդը ծնվելով իրենից ներկայացնում է ներդաշնակության, ճշմարտության, գեղեցիկի ու բարու նախնական պատկերը»:
Ո՞ւմ համար է նա բերում այդ նախատիպը:
Մեզ՝ բոլորիս, ով կընդունի, ամբողջ աշխարհի:
Դրա համար էլ այդ Նախատիպը (իհարկե, Աստծո պատկերը), որում մենք մեր երազանքն ենք տեսնում, դրսևորվելու ազդակ ունի: Բայց նրան՝ Նախատիպի կրողին, մեզնից պետք կլինեն խթանող ուղղորդիչներ:
Որպեսզի հասկանանք մեր վերաբերմունքը Նախատիպի հանդեպ, պատկերացնենք հետևյալը։ Հանճարեղ Նկարիչը՝ Աստված, ստեղծել է ապագա նկարի էսքիզը և ասել իր աշակերտին, այսինքն՝ մեզ.
-Շարունակի՛ր նկարել և հասցրո՛ւ կատարելության:
Մենք հասկացել ենք, որ Ուսուցիչը փորձում է մեզ: Բայց մենք հավատում ենք մեր Ուսուցչին և զգում, որ էսքիզում գլուխգործոց է թաքնված: Մենք զինվում ենք մեր ողջ ընդունակությամբ և փորձում պատկերացնել այդ գլուխգործոցը։
Եվ սկսում ենք աշխատել էսքիզի վրա. զգուշորեն դնում ենք առաջին վրձնահատվածը, առաջին գույնը, մի կողմ ենք քաշվում, որ դիտենք, թե ինչ ստացվեց:
Եվ տեսնում ենք՝ էսքիզը կենդանանում է:
Անշտապ, զգուշորեն, հավատով ու սիրով հաջորդ վրձնահարվածն ենք անում ու ներկում:
Էսքիզն ավելի է կենդանանում:
Բայց մեզ անհրաժեշտ կլինի ոչ թե մի օր, մի ամիս, այլ երկար տարիներ, որպեսզի ավարտենք ամբողջ էսքիզը: Չէ՞ որ մեզ հարկավոր է, որ մեր գլուխգործոցը ստացվի:
Ի՞նչ պիտի խնդրենք մենք Արարչին, որ գործը ավարտին հասցնենք:
Երեք բան պիտի խնդրենք՝ որ մեզ շնորհք տա՝ հավատ Նախատիպի հանդեպ, հավատ մեր հանդեպ, որ ամեն ինչ ճիշտ ենք անում և արարչական համբերություն:
Մենք, իհարկե, հասկացել ենք, որ գլուխգործոցը՝ Երեխայի մեջ բացահայտված Նախնական կերպարը, Արարչի կերպարն է:
Իսկ ո՞վ ենք այդ դեպքում մենք՝ ծնողներս, դաստիարակներս: Մենք կյանքի նկարիչներն ենք, աշխատակիցներն ենք Արարչի:
Մանկիկը նկատում է, թե ինչքան սիրուն ենք մենք իրեն սիրում, ինչ հոգատարությամբ ենք խնամում: Ու ոչ միայն սիրում, ոչ միայն խնամում ենք, այլև դա անում ենք գեղեցիկ, հոգատար, իմաստուն կերպով:
Դրանք մեր առաջին վրձնահարվածներն ու գույներն են:
Տեսնում ենք. նա կենդանանում է, ժպտում մեզ, թաթիկները մեզ պարզում:
Նշանակում է՝ Նախատիպը ուրախացավ մեզ տեսնելով:
Նա մեծանում է, տեսնում ու լսում. մենք խոսում ենք նրա հետ, թե որքան լավն է ինքը, և ինչ ենք իրենից ակնկալում, հեքիաթներ ենք պատմում, աղոթքներ կարդում, ոտանավորներ սովորեցնում, խոսում ենք ոչ թե ոնց պատահի, այլ մաքուր, գեղեցիկ, իմաստուն, քնքշանքով. ցույց ենք տալիս, թե որքան լավը, բարի ենք մենք՝ նրա ծնողները, սիրում ու օգնում ենք միմյանց: Մենք չգիտենք՝ ինչ է կոպտությունը, ինչ է ատելությունը: Այնպես ենք անում, որ նա այդ բոլորը նկատի, տպավորի իր մեջ:
Դրանք մեր գույներն են:
Ի պատասխան՝ նա սկսում է խոսել: Խոսում է մաքուր, կերպավորված, ուրախացնում է մեզ իր պատրաստակամությամբ ու սիրով: Հետաքրքրվում է աշխարհով, ծաղիկներով, թիթեռներով, թռչուններով, կենդանիներով: Մենք նկատում ենք, թե ինչպես է նա զարմանում և հրճվում:
Նա արդեն դպրոցական է:
Նրա մեջ ձգտում կա սովորելու: Հարկավոր է ամրապնդել այդ վիճակը: Հետո մենք ուրախանում, զարմանում ու սքանչանում ենք նրա իմացական կամքով, խորհրդակցում ենք, հարցնում և ուշադիր լսում ու համաձայնում: Զանգահարում ենք մեր մտերիմ մարդուն, որպեսզի ասենք, թե որքան ջանասեր է նա, ինչքան է գիրք սիրում: Ասում ենք ցածր ձայնով, որ նա «չլսի», բայց նա լսում է:
Բայց մենք ինչ-որ բան բաց ենք թողել, գուցե տարիքն է, գուցե շրջապատն է. նա սկսում է կոպտել: Հարկավոր է շարունակել նկարել: Կոպտությունը կոպտությամբ արմատախիլ չես անի: Կոպտել է մայրիկին: Մայրը զարմացած է. նման բան չէր սպասում, նստել է մի անկյունում ու անձայն լալիս է: Նա տեսնում է՝ մայրը լալիս է: Ի՞նչ է նրա հետ կատարվում: Մոր արցունքները լրացնո՞ւմ են արդյոք նկարը ազնվազարմ զգացմունքների գույներով։ Կանցնի ժամանակ, և հայրը կասի. «Որդի՛ս (աղջիկս), ինձ հիացնում է քո մեծահոգությունը»: Եվ կսպասի մեծահոգության դրսևորմանը: Իսկ հետո մայրիկը, մոռանալով անցածը, քնից առաջ կնստի մահճակալին, հավատով ու հույսով կնայի նրա աչքերին ու կշշնջա. «Աչքերը հոգու հայելին են: Դրանցում տեսնում եմ, թե ի՛նչ բարի սիրտ ունես դու»:
Մեծահոգությամբ նկարը շարունակելը եռացրած ջուր է կոպտության գլխին:
Կյանքը գեղեցիկ է, սրբազան, այն ստեղծված է վեհասքանչ սիրո, ներշնչող գործունեության, հոգևոր սխրանքի համար: Բայց շատ մարդիկ, գուցե մեծամասնությունը, աղտոտում է, կեղտոտում, խավարի վերածում, գայթակղություններ ներմուծում նրա մեջ և անթերի թակարդ դնում:
Իսկ Երեխան արդեն դեռահաս է: Ե՞րբ պիտի նա հասկանա, որ կա դավաճանություն, և կա ծառայություն, որ կա պարտք, և կա խիղճ: Հարկավոր է նրա մեջ արթնացնել այդ զգացմունքները: Մենք հավատացած ենք՝ դրանք նրա Նախատիպի մեջ կան: Դրանք կօգնեն նրան վսեմ, այլ ոչ թե տենչահար կյանք ապրելու: Հարկավոր է շարունակել Հանճարեղ Նկարչի Էսքիզը: Տատիկը «պատահաբար» գտնում է ռազմաճակատում զոհված ամուսնու եռածալ նամակների տրցակը, հանում է նրա շքանշանների տուփը: Կարդում է նամակները, լալիս: Լալիս է նա, ու նրա հետ լալիս է հենց ինքը՝ կյանքը: Դեռահասը մինչև հոգու խորքը ազդված է տատիկի արցունքներից: Վերցնում է նամակները, շքանշանների տուփը, փակվում սենյակում և երկար ժամանակ դուրս չի գալիս: Հեշտ չէ իր մեջ ճանաչել պարտքի և խղճի, նվիրվածության և ծառայության զգացումը: Բայց նա հարցուփորձ է անում բոլորից՝ ոչ միայն տատիկից, այլև անծանոթ վետերաններից: Եվ դժգոհ է պատմության դասագրքից, որտեղ ծառայության, պարտքի, նվիրվածության ու խղճի մասին արժանի բառեր չկան, այլ միայն ավերիչների ու ավերակների մասին է: Զարմանքը նրա մեջ արթնացնում է խղճի ու պայքարի ոգին, հոգևոր հասկացությունների սրբազան իմաստը:
Նա արդեն պատանի է:
Եվ ինչ լավ է, որ մենք նկատել ենք. ստահոդ իրավիճակները ահա-ահա կթունավորեն նրան սեփականատիրական զգացումներով: Նա խոսում է բիզնեսի, հարստության, շքեղության մասին: Եվ մենք կարդում ենք դստերն ուղարկված հոր նամակը. «Ամենավաղ տարիքից իմ գաղափարն այն է եղել, որ վաստակեմ նրա համար, որպեսզի հասարակությունից հավաքածը վերադարձվի հասարակությանը՝ ժողովրդին, որևէ օգտակար հաստատության տեսքով: Այս գաղափարն ինձ երբեք չի լքել իմ ողջ կյանքի ընթացքում»: Իսկ հետո ասում ենք՝ նա հասել է դրան: Նա մի քանի ֆաբրիկաների տեր էր և «վաստակում էր»: Եվ 24 տարեկան էր, երբ սկսեց հավաքել հայրենի նկարիչների ստեղծագործությունները՝ փրկելով նրանց աղքատությունից և օգնելով գլուխգործոցներ արարելու: Իր հարուստ հավաքածուն նա տեղավորեց իր իսկ հատուկ կառուցած թանգարանում ու նվիրաբերեց ժողովրդին: Այսպես աշխարհը տեր դարձավ Տրետյակովյան պատկերասրահին:
Դե, ի՞նչ: Լա՞վ է արդյոք ունենալ սեփականություն ՝ առանց սեփականատիրական զգացումի:
Եվ պատանու սեղանին թողնում ենք մի բարակ գրքույկ իմաստության ու իմաստունների մասին: Էջանշանով: Իսկ գրքում մի այսպիսի պատմություն կա. աշակերտը հարցնում է Ուսուցչին. «Ինչպե՞ս հասկանալ սեփականությունից հրաժարվելու պատվիրանի իրագործումը: Մի աշակերտ հրաժարվել է ողջ ունեցվածքից, բայց Ուսուցիչը շարունակում է նրան մեղադրել սեփականատիրության մեջ: Մյուս աշակերտը շարունակում է մնալ իրերով շրջապատված, բայց պարսավանքի չի արժանանում»:
Ուսուցիչը պատասխանեց. «Սեփականատիրական զգացումը չափվում է ոչ թե իրերով, այլ դրանց մասին մտքերով: Կարելի է ունեցվածքի տեր լինել, բայց սեփականատեր չլինել»:
Ահա նկարում բարօրության զգացումի այդպիսի գիծ է պետք, որ այն չնվաստացվի սեփականատիրական զգացումով: Ստացվե՞ց արդյոք մեր ուզած գլուխգործոցը: Կդիմանա՞նք արդյոք մենք փորձությանը: Չշտապենք: Կյանքը ցույց կտա:
Եթե Երեխայի դաստիարակության գործում մեզ թեկուզ մի րոպե լքի արարչական համբերությունը, ապա այդ սրբազան ու ներդաշնակ գործընթացը կվերածվի քաոսի կամ բոցավառ կրակի, որ կխժռի և՛ անցյալը, և՛ ներկան, և՛ ապագան:
Արարչական համբերությունը Երեխայում Նախատիպի ստեղծագործական դրսևորման գործընթաց է, այլ ոչ թե սպասում, թե ինչ կլինի մեր բարեկամական ուղղորդումից հետո:
Մեկը կասի. «Իսկ եթե Երեխան չի լսո՞ւմ: Եթե նա ամեն ինչ ի հեճուկս մեզ է անո՞ւմ: Մենք էլ նյարդեր ունենք, չէ՞»:
Մենք նյարդեր ունենք, բայց դրանք առանձնահատուկ են:
Եթե ջութակի լարը նոկտյուրնի կատարման ժամանակ կտրվի, կընդհատվի նաև մեղեդին: Եթե Երեխայի կամակոր վարքից տեղի տան մեր նյարդերը, կընդհատվի հենց դաստիարակությունը՝ հոգևոր սնուցումը: Դրա համար էլ տխուր ենք ու լուռ, ուստի մեր նյարդերի վրա ազդող Երեխային ցավով կասենք. «Դե ի՞նչ, արա, ինչ ուզում ես»: Եվ դա կլինի արարչական համբերությամբ նկարի շարունակում: Իսկ հաջորդ անգամ նա մեզանից կլսի. «Քո մեջ իմաստությունն է արթնանում: Մենք երջանիկ ենք»:
Ահա այսպիսին է նկարակալը, որի վրա Հանճարեղ Նկարչի Էսքիզն է: Իսկ մեզ՝ Արարչի օգնականներիս, հարկավոր է կարողանալ տեսնել ամբողջը, երբ շարունակում ես նկարել դետալը, և պետք է կարողանալ խառնել ներկերը, որպեսզի ստանանք անհրաժեշտ գույնը: Եվ հետո պետք է կարողանանք վրձնով նրբորեն դիպչել կտավի անհրաժեշտ տեղին, որպեսզի չլղոզենք:
Իսկ սիրտը, ծնողական զգացմունքագիտությունը մեզ համար կլինի լավագույն խորհրդատուն:
Պրելյուդ. խոստովանության մասին
Ոմանց համար խոստովանությունը զուգակցվում է կրոնական խորհրդավորության հետ, երբ հոգևորականի հետ առանձնացած մարդը թեթևացնում է հոգին՝ նրան վստահելով այն ամենը, ինչ քարի պես նստած է սրտում:
Բայց խոսքն այստեղ վերաբերում է Երեխայի հետ փոխհարաբերության մեջ խոստովանանքին: Ինչ-որ մեկն անմիջապես կհարցնի. «Ո՞վ ո՞ւմ առաջ պիտի խոստովանի. երեխա՞ն մեր առջև, թե՞ մենք՝ Երեխայի»:
Թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Բայց ամենայն հավանականությամբ, լավ կլինի, որ մենք օրինակ ծառայենք:
Բոլորովին պարտադիր չէ, որ խոստովանանքը կոչենք մանկավարժական միջոց: Այն պիտի լինի այնպիսին, ինչպիսին կյանքն է: Բայց եթե մենք դիմում ենք մեր Երեխային՝ խոստովանության համար, ապա դրա հետևանքները, անկասկած, լինելու են միայն դաստիարակչական:
Ի՞նչ է խոստովանությունը մանկավարժական տեսանկյունից:
Դա խիզախ, ազնվաբարո ծնողական արարք է, երբ հայրը (կամ մայրը) ազնվորեն, սրտալից, վստահությամբ ու ճշմարտացիորեն բացվում է Երեխայի առջև (արդեն Դեռահասի՝ Պատանի կամ Աղջիկ) ամենաթանկ հույսով, որ չի դատվի, այլ կհասկացվի ու կներվի:
Ծնողական խոստովանության նպատակը մի կողմից՝ հոգին թեթևացնելն է, Երեխային վստահելը և դրանով իսկ նրա հետ ունեցած հարաբերություններում հստակություն մտցնելը. մյուս կողմից՝ նրան հնարավորություն տալը մեզ՝ իր ծնողներին, ողջ խորությամբ ճանաչելու և նույնպես վստահելու:
Խոստովանությունը, եթե այն իսկապես անկեղծ է, այլ ոչ թե «խաղ», Երեխայի հոգում ցնցում է առաջացնում:
Նախ՝ նրա առջև բացվում է մոր կամ հոր հոգևոր աշխարհը, ուր թաքնված են տանջալից ապրումներ, ուրախություններ և հիասթափություններ, բացթողումներ և երազանքներ, սխալներ և զղջումներ: Երեխան իմանում է ճշմարտությունը ծնողների կյանքում եղած այն իրադարձությունների մասին, որոնց մասին միգուցե պատահաբար լսել է, կամ բոլորովին էլ չգիտի, բայց այդ իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունեցել կամ հետո են ունենալու ընտանիքի և հենց իր ճակատագրի վրա:
Երկրորդ՝ ծնողական խոստովանությունը տարակուսանքի մեջէ գցում Երեխային, նրան դնում է հոգևոր-բարոյական ընտրության ու գնահատման առաջ, պահանջում է նրանից մեծահոգություն, բարեգթություն, սեր և հարգանք ծնողների հանդեպ:
Երրորդ՝ ծնողական խոստովանությունը արագացնում է Երեխայի հասունացումը, նրա վրա հասուն մարդու հոգս ու պարտք է դնում, ընդարձակում նրա ունեցած իրավունքն ընտանիքում:
Չորրորդ՝ լույս է սփռում այն կռիվների ու կոնֆլիկտների վրա, որոնք, հնարավոր է, պատահել են անցյալում և ցավալի հետք թողել. խոստովանությունը նպաստում է փոխհարաբերությունները դժվարացնող քարեր-ցանկապատները հեռացնելուն:
Հինգերորդ՝ ծնողական ազնիվ ու ճշմարտացի խոստովանությունը, Երեխայի հոգին ցնցելով, ծնողների հանդեպ վստահության ուղու հիմքն է դնում, օգնում հայացք գցելու սեփական ներսը և կարգի բերելու հոգևոր աշխարհը, զգացմունքները, մտքերը, հարաբերությունները, նպատակներն ու գնահատականները:
Խոստովանությունը տանում է մաքրագործման, այն ուղղված է Երեխայի սրտին ու գիտակցությանը: Այն կարող է ցավագին ընկալվել, աչքերում արցունքներ առաջացնել:
Ի՞նչ կարող ենք խոստովանել Երեխայի առջև, որն արդեն Պատանի է կամ Օրիորդ:
Այն ամենը, ինչը միայն կամրապնդի մեր հոգևոր ընդհանրությունը, կօգնի խորացնելու փոխհարաբերություններն ու վստահությունը:
Խոստովանանքը եզակի երևույթ է: Ամեն անգամ հո չե՞նք խոստովանում: Երեխայի աչքերում այն կկորցնի իր նշանակությունն ու լրջությունը: Կարելի է խստովանել մեկ կամ երկու անգամ մի որոշակի երկար ժամանակահատվածում:
Խոստովանությունից հետո շատերն են փոխվում, սկսվում է մի ուրիշ՝ ավելի վսեմ հոգևոր կյանք: Դրա համար էլ հարկավոր է հիմնովին պատրաստվել, հարկավոր է զինվել վճռականությամբ ճշմարտախոս, բացսիրտ և ազնիվ լինելու: Հարկավոր է Երեխային էլ պատրաստել: Գուցե և նախապես խնդրել, որ ժամանակ գտնի մեզ լսելու: Հարկավոր է տեղն ու ժամանակն ընտրել, քանզի խոստովանությունն ընդհատել չի կարելի, իսկ դռնից այն կողմ տարածվող աղմուկն ու կողմնակի զրույցները կարող են շեղել զգացմունքներն ու ուշադրությունը:
Հարկավոր է խոստովանել երես առ երես, առանց վկաների, առանց բարձրաձայնելու, լռության մեջ և առանց շտապելու: Հարկավոր է խնդրել Երեխային, որ նա մեզ մինչև վերջ լսի: Խոստովանության ժամանակ թող որ հոսեն արցունքները, պետք չէ արդարանալ, ընհակառակը՝ պետք է ընդունել սեփական մեղավորությունը, սեփական մեղքը: Զգացմունքն ու կյանքը պետք է բաց լինեն: «Կարո՞ղ ես ներել ինձ… Կարո՞ղ ես ինձ ընդունել այսպիսին… Ես վախենում էի քեզ այդ մասին ասելուց, որովհետև…»,- կասենք երեխային:
Խոստովանությունն ավարտելուց հետո պետք է շնորհակալություն հայտնել Երեխային, որ լսեց մեզ: Այն, ինչ նա կասի մեզ՝ լինեն դրանք ներման, արդարացման, թե դատապարտման խոսքեր, մենք պիտի ընդունենք հավատի զգացումով:
Հնարավոր է, որ Երեխան գրկի մեզ, փաղաքշի, ինքն էլ լաց լինի: Մենք դա պետք է ընդունենք որպես նրա հոգու նվեր:
Գուցե հարկ լինի ասել Երեխային, գուցե նա առանց բառերի հասկանա, որ խոստովանությունը մեր վստահությունն է իր հանդեպ, իսկ մեր ամենաթանկ գաղտնիքները չի կարելի հրապարակել:
Խոստովանել կարելի է նաև գրավոր, եթե դժվար լինի նայելը Երեխայի աչքերին, կամ վախենում ենք, որ նա, ցնցված մեր անկեղծությունից, կհուզվի և մինչև վերջ չի լսի մեզ:
Գուցե կգա ժամանակ, որ Երեխան ինքն էլ կբացի մեզ իր սիրտը, կցանկանա խոստովանել մեր առջև: Մենք պատրաստակամորեն, հարգանքով ու կարեկցությամբ և, իհարկե, պարզապես առանց կշտամբանքի ու բառերի, կընդունենք Երեխայի խոստովանությունը:
Պետք է իմանալ, որ Երեխայի հետ մեր փոխադարձ խոստովանությունն ու ներումը չեն փոխարինում այն խոստովանությանը, որ հավատացյալ քրիստոնյան վստահում է հոգևորականին:
Էլեգիա. աշխարհով քայլում է Իմաստունը
Իմաստունը տեսնում է՝ մայրը ուժգին սեղմում է Երեխային, պաչպչում մեկ թուշիկները, մեկ վզիկը, թևատակերը, լիզում է, կծում և կրքոտ բացականչում.
- Վա՜յ, դու իմ կյանքն ես… Իմ սերը… Իմ արևը… Իմ երջանկությունը, Իմ ուրախությունը:
Իսկ Երեխան տանջվում է, լալիս, թաթիկով մաքրում է լիզած տեղերը, ջանում է դուրս պրծնել, հարվածում է բռունցքներով, գոռում, կռվում մոր հետ:
- Բաց թող, բաց թող, գի՜ժ… թող ինձ… ինչ վատն ես…
Եվ վերջապես դուրս պրծնելով մոր ագահ գրկից` նրանից հեռու է վազում, պտտվում ու լեզու հանում:
Իմաստունը հարցնում է մորը.
- Ինչո՞ւ ես այդպես տանջում քո Երեխային:
- Ես նրան չեմ տանջում,- պատասխանում է մայրը,- ես սիրում եմ նրան, իսկ նա թույլ չի տալիս, փաղաքշել իրեն:
Ապա իմաստունն ասում է.
- Լսի՛ր առակը:
Մի մեծ ակվարիումում երփներանգ ձկներ էին լողում: Նրանց մեջ մի փոքրիկ ձկնիկ կար` գուպպին: Նրա փորիկը մեծացել էր ու սևացել. ծննդաբերելու ժամանակն էր: Մայր-գուպպին լողաց ակվարիումի կենտրոնը, նրան շրջապատեցին մյուս ձկները և սկսեցին հետաքրքրությամբ դիտել, թե ինչպես պիտի ծնի:
Գուպպին լարվեց և իր փորիկից դուրս նետեց մի պստլիկ կետ: Մայրիկը շրջվեց, որ նայի իր ձագուկին, բայց նա ակնթարթորեն բացվեց ու թաքնվեց ջրիմուռների մեջ: Գուպպին դուրս նետեց երկրորդ կետը, բայց սա էլ պոկվեց մորից:
- Ի՞նչ ճարպիկն են,- ծիծաղում էին անբան ձկնիկները:
Ահա և հայտնվեց երրորդ կետիկը:
Այս անգամ մայր-գուպպին առաջ անցավ ու կուլ տվեց նրան: Ձկները զարմացան:
Գուպպին կուլ տվեց նաև հաջորդին: Ձկները սարսափեցին:
Եվ երբ մայրը կուլ տվեց նաև երրորդ ձագուկին, ձկներն ապշեցին:
- Ի՞նչ ես անում,- ճչացին նրանք:
- Մի՞թե չեք տեսնում, ծնում եմ,- պատասխանեց գուպպին:
- Բայց դու ուտում ես քո ձագուկներին:
Մայր-գուպպին անկեղծորեն զարմացավ:
- Իսկ մի՞թե դուք չեք սիրում ձեր երեխաներին:
- Ի՞նչ կապ ունի սերը,- զարմացան ձկները:
- Ես նրանց այնքան եմ սիրում, որ պատրաստ եմ ուտել յուրաքանչյուրին… Բայց ինչպես տեսնում եք, ոմանք հասցնում են դուրս պրծնել իմ ձեռքից, ու ես չեմ կարողանում բավարարել իմ մայրական զգացմունքը…- պատասխանեց մայր-գուպպին:
Իմաստունը լռեց:
Տղայի մայրը խորը մտքերի մեջ ընկավ, իսկ իմաստունն օգնեց նրան հասկանալու իր զգացմունքները:
«Հասկացի՛ր, կի՛ն,- խորհում էր նա,- որդու հանդեպ անասնական սիրով տոգորված մայրը նրա առաջին թշնամին է: Երեխայի դաստիարակության հանդեպ անասնական սիրո զգացում ունեցող մայրերը նման են խժռող կրակի, որում այդ սերը վերածվում է մոխրի: Իսկ Երեխայի դաստիարակության հանդեպ սրտով ու խելքով սիրո զգացում տածող մայրերը նրան արարչական սիրուն են պատրաստում»:
Հիմն. երեխայի հանդեպ սիրո մասին
Երեխայի հանդեպ սերը, ինչպես նաև այն ամենը, ինչ մենք իրականացնում ենք հանուն նրա նկատմամբ ունեցած սիրո, մեր ոգու ծնողական պարգևն է: Մենք մեր Երեխայի դաստիարակության միջոցով դրանք պարգևում ենք ամբողջ աշխարհին, ողջ Տիեզերքին, Աստծուն:
Սերը Երկիր մոլորակի վրա և Երկնքում գոյություն ունեցող Ճշմարտությունն է:
Սերը դաստիարակության հիմնք է:
Առանց Սիրո թող ոչ ոք չփորձի Երեխա դաստիարակել, քանզի չեն լինի այն վսեմ կերպարները, որոնցով սնվում է նրա հոգևոր աշխարհը: Առանց Սիրո դաստիարակությունը կեղծ կլինի:
Մեր ոգու ծնողական պարգևը Երեխային ծնողական սիրով սիրելն է:
Ծնողական, այլ ոչ թե ամեն պատահած:
Ծնողական Սերը իմաստուն Սեր է:
Իմաստունը կասի. «Մոր ողջ սերը պետք է լինի ստեղծագործական էներգիա, շատ հանգիստ էներգիա, որ չճնշի Երեխային, նրան բեռ չլինի, և որ նա աճի՝ ամբողջությամբ զարգացնելով սեփական ոգին ու ընդունակությունները»:
Ծնողական այսպիսի Սիրո իմաստնությունը մենք չենք կարող նկարագրել ճշգրիտ կերպով, և դրա համար էլ ճիշտ կլինի առաջնորդվել զգացմունքագիտությամբ, այսինքն՝ ինչ կհուշի սիրտը, ու նաև հետևելով խելացի և փորձառու մարդկանց խորհուրդներին: Իսկ որպես ընդհանուր օրենք, որ թելադրում է դաստիարակության իմաստնությունը, կիրառենք հետևյալ բանաձևը.
Սերը Երեխային պետք է սիրով նվիրել:
Երեխային պետք է քնքուշ ու գեղեցիկ սիրել:
Եկենք չմոռանանք.
Երեխան կընդունի այն ամենը, ինչ մենք նրան նրբորեն ու գեղեցիկ կմատուցենք: Բայց նա հետ կհրի այն ամենը, ինչ մենք նրան կոպիտ ու տգեղ կմատուցենք:
Այդպիսին է Երեխայի հոգևոր բնույթը. նա զգում է Սերը և ձգտում դեպի գեղեցիկը:
Երեխայի համար մեր բոլոր հոգսերի մեջ՝ ամենամեծից մինչև ամենափոքրը, թող երբեք մեզ չլքի մեր ծնողական նուրբ ու գեղեցիկ Սերը: Հենց Սերն է, որ մեր հոգսերը վերափոխում է մեր ոգու պարգևների:
Քնքուշ ու գեղեցիկ է մտածում մայրիկն իր ապագա Երեխայի մասին: Պատկերացնում է, թե ինչպես պիտի փաղաքշի, կերակրի, տեղավորի, սրտին սեղմի: Ինչպես և ինչ պիտի նրա հետ խոսի, ինչպես պիտի օրորոցային երգի: Մոր նուրբ ու գեղեցիկ մտքերը իր՝ դեռ չծնված Երեխայի մասին արդեն դաստիարակության սկիզբն են, Երեխայի հոգևոր սնուցման սկիզբը:
Թող որ հայրիկն էլ ճշտի իր մտքերն ու երևակայությունը ապագա Երեխայի մասին: Թող մտածի՝ ինչպիսի հայրիկ է պետք Երեխային: Թող իր զգացմունքները պատրաստի քնքշություն և գեղեցկություն արտահայտելու համար: Եվ թող նա ավելի քնքուշ ու զգայուն դառնա իր հղի կնոջ հանդեպ, ում ներսում վերածնվող մի նոր գոյություն է հասունանում: Լավ կլինի, որ երբ հայրիկը ականջը դնի սիրելի կնոջ փորիկին, շշնջա իր ապագա հրաշքին, ասի, որ Սիրով է սպասում նրան, և թե ինչպիսի հայրիկ է լինելու նրա համար:
Այս ամենը կոչենք Երեխայի նախնական դաստիարակություն՝ դաստիարակություն մինչև ծնունդը: Ինչպես այսօր հայտնի է գիտությանը, մոր արգնդում գտնվող չորս-հինգամսական Երեխան (նրան պտուղ չանվանենք) ընդունում է արտաքին ձայնային գրգիրռները և արձագանքում դրանց: Կոպիտ ձայներից, աղմուկից, կոպիտ երաժշտությունից հեռուստացույցի աղմուկից, բարձրաձայն զրույցից նա խոժոռվում է, զարկերակն արագ է խփում, նա կարծես ուզում է փակել ականջները, որ պաշտպանի իրեն: Բայց ներդաշնակ ձայները, մարդկանց խաղաղ զրույցը, գեղեցիկ երաժշտությունը նորմայից շեղումներ չեն առաջացնում, երբեմն անգամ «երանություն» է արձանագրում. իրեն լավ է զգում: Բոլոր այս ազդակները խոսում են այն մասին, որ նա արդեն բաց է Գեղեցիկի առաջ և սպասում է Սիրուն: Նրա հոգին գիտի, որ կա Գեղեցկություն, և կա Սեր:
Ուրեմն՝ ե՞րբ է սկսվում դաստիարակությունը:
Այդ մեծ խորհուրդը սկսվում է Երեխայի ծնունդից շատ առաջ, և նա կարիք ունի մեր, պայմանական ասած, ներարգանդային Սիրուն:
Իսկ հետո կսկսվի ծնունդը, որ հենց Խորհրդավոր հայտնությունն է:
Թող հայրը ներկա լինի իր Երեխայի ծնունդին, թող բռնի իր տիկնոջ ձեռքը և թող անձամբ տեսնի, թե ինչպիսի տանջանքների մեջ է լինում հրաշքը: Հարկավոր է, որ մեր աչքերը դրոշմեն Երեխայի ծնունդը, և մեր ականջները պահեն նրա առաջին ճիչը: Այս բոլորը կազնվացնեն մեր զգացմունքներն ու Սերը սեփական կնոջ, Երեխայի, աշխարհի, Արարչի հանդեպ:
Մանկանը ուշադրությամբ ենք շրջապատում:
Նա ուզում է, որ մենք խաղանք իր հետ՝ խաղում ենք, ուզում է, որ խոսենք իր հետ՝ խոսում ենք, ուզում է՝ իրեն տանք իր խաղալիքները՝ տալիս ենք, ուզում է առաջին քայլերն անել՝ օգնում ենք, ինչ-որ բան է ուզում ասել՝ լսում ենք:
Մենք էլ շատ բան ենք ուզում, և նա արձագանքում է: Ուզում ենք, որ ժպտա մեզ, և նա ժպտում է, ուզում ենք, որ խոսի, և խոսում է, ուզում ենք, որ վազի, վազում է, ուզում ենք, որ ուրախանա, ուրախանում է:
Եվ այն ամենը, ինչ նա ուզում է, կամ մենք ենք ուզում, մենք անում ենք, վայելուչ, գեղեցիկ, Սիրով: Դա կլինի հանգիստ, խաղաղարար Սեր:
Երեխան գնում է դպրոց: Եվ մենք Սիրում ենք նրան. միասին կարդում ենք, զբոսնում, փնտրում, խաղում, ուրախանում, պատրաստվում, պարզաբանում: Նա հարցնում է, մենք պատասխանում ենք, բացատրում. նա ուրախ է, մենք էլ ենք ուրախ. նա նեղացած է, տխուր՝ կարեկցում ենք. նրա համար դժվար է՝ օգնում ենք. նա բորբոքված է, հանգստացնում ենք. նա խնդրում է, մենք անում ենք. նա վտանգի մեջ է, պաշտպանում ենք: Քաջալերում ենք, համոզում, կոչ անում, ոգևորում, ընդհանուր առմամբ, խրատում: Եվ անում ենք այդ բոլորը գեղեցիկ ու Սիրով: Եվ հենց դա էլ կլինի ծնողական Սեր:
Հետո սկսվում է կյանքի մի ուրիշ շրջան: Դա դժվար տարիք է՝ կասենք մենք: Եվ այն երկար կձգվի, մինչև հստակություն չլինի: Նա ներքուստ կզգա հասունանալու կիրքը: Կուզենա ավելի մեծ լինել, քան կա: Կփնտրի նոր ընկերներ, նոր ապրումներ, կփորձի իրեն գործունեության տարբեր ոլորտներում: Նա ոչ միայն ուզում է մեծ լինել, այլև մտածում է, որ իսկապես մեծ է: Դրա համար էլ կապը ծնողների հետ նրա համար բեռ է, ազատություն է հարկավոր, կյանքի, գործողությունների, մտքերի ազատություն: Նա ինքնավստահ է դառնում, որոշումներ կայացնող, այստեղից էլ կոպտություն է առաջանում փոխհարաբերություններում: Մենք պետք է դա հասկանանք. բնությունն է նրա մեջ վեր հառնում, նա չի կարող չմեծանալ, չի կարող մանկության մեջ մնալ:
Իսկ մենք վախենում ենք. նրան ավելի շատ ազատություն կտանք, բայց նա ինչպե՞ս կօգտվի դրանից: Աշխարհում, շուրջբոլորն անհանգիստ է: Նրան կհետապնդեն, կարող են ներքաշել վատ շրջապատ, կարող են գայթակղել վատ, արտասովոր տեսարաններով ու սովորություններով: Հարկավոր է նրան պաշտպանել, բայց մեծանալու կիրքը նրան խուլ է դարձնում մեր խրատների հանդեպ: Եվ միայն մի ելք ենք մնում՝ նրան ընկեր դառնալը, ինչքան հնարավոր է, ապրել նրա կյանքով, ապրել այնպես, ինչպես ինքն է ապրում: Եվ այս բոլորը պետք է անել բնականորեն, գեղեցիկ, արարչական համբերությամբ: Իսկ մեր Սերն այս ողջ ընթացքում անհանգիստ կլինի: Նա անցնում է իր հասունության փորձության միջով, և մենք էլ պետք է անցնենք մեր անհանգիստ Սիրո շերտուղին: Ինչպիսին կլինի մեր Սերը, այնպիսին էլ կլինի նրա փորձությունը:
Բնությունն իրենն անում է. կգա ժամանակը, և բնությունը նրա մեջ կշիջանի հասունանալու կիրքը, Երեխան մեծ կդառնա:
Ինչպե՞ս պիտի հետո նա զարգանա:
Կյանքը ցույց կտա:
Ի՞նչ կլինի մեր՝ նրա հանդեպ տածած Սիրուն:
Այն կվերածվի ծնողական հավերժ Սիրո, որը միշտ կուղեկցի նրան, որտեղ էլ որ նա լինի:
Իսկ Երեխայի դաստիարակությամբ փորձառու դարձած և կյանքով իմաստնացած այդ Սերը, եթե Աստված տա, ձեռնամուխ կլինի թոռնիկների դաստիարակությանը:
Գուցե որպես Երեխայի փորձառու դաստիարակների՝ մեզ մոտ կգան սկսնակ ծնողներ և կհարցնեն. «Որքա՞ն շատ պետք է սիրել Երեխային»: Քանզի ինչ-որ մեկն արդեն խորհուրդ է տվել նրանց. «Երեխային պետք է չափավոր սիրել»:
Չափավո՞ր սիրել:
Իսկ ո՞վ է սահմանում այդ չափը, որպեսզի Երեխայի հանդեպ Սերը դրանից հետո ավելորդ չլինի:
Եվ ինչպե՞ս վարվենք մենք Երեխայի հետ, երբ սիրո չափը լրացել է:
Գոտին ձեռքնե՞րս առնենք:
Ավանդական այդ «Երեխային չափավոր սիրել» արտահայտությունը, որը շատ ծնողների գիտակցության մեջ է, չի՞ նշանակում արդյոք՝ թող Երեխան չփորձի մեր համբերությունը (այսինքն՝ մեր սիրո չափը), թե չէ կարող ենք պայթել, և այդ դեպքում գործի կդնենք «բռնության» մանկավարժությունը:
Չափավոր սիրել, նշանակում է Երեխային սանձը քաշած պահել:
Ավտորիտար մանկավարժության այսպիսի մոտեցումներն արդեն խեղել և շարունակում են խեղել Երեխաներին. նրանց թիվը օրեցօր աճում է:
Ընտանիքներում, որտեղ ծնողները չափավոր են սիրում Երեխաներին ու միմյանց, դաստիարակությունը խամրում է, խամրում է հենց կյանքը ընտանիքում, իսկ ընտանիքի անդամները փակվում են ամեն մեկն իր մեջ: Դա ի՞նչ ընտանիք է որ, կամ ի՞նչ դաստիարակություն, որտեղ Սերը չափի մեջ է պահվում:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը
- Բացվել է 1191 անգամ