Ուսումնական ճամբարը՝ կրթության լրացուցիչ հարթակ

Տարին կիսող և ավարտող ուսումնական ճամբարները դասավանդողի համար յուրատեսակ հնարավորություն են իր ու սովորողների նախընտրած նախագծերն իրագործելու համար: 2019 թվականի հունվարյան ձմեռային ճամբարի համար մի շարք նախագծեր էի առաջարկել, որոնք սովորողները նկատելի ոգևորությամբ ընդունեցին: Ճամբարային գործունեության հենց առաջին օրերից ձեռնամուխ եղանք այդ նախագծերի նախապատրաստական աշխատանքներին, իսկ այնուհետև նաև իրագործմանը: Առաջին նախագիծը այս տարվա հունվարի 15-ին տեղի ունեցած «Մենք կարողանում ենք» խաղ-մրցույթն է: Մրցույթը, կարելի է ասել, ուսումնական առաջին շրջանը ամփոփող յուրատեսակ մի հաշվետվություն էր:

Ուսումնական առաջին շրջանում՝ սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, դասավանդողը հնարավորություն է ունենում քայլ առ քայլ ճանաչելու Քոլեջ ընդունված նորեկ սեբաստացիներին, ծանոթանալու նրանց ընդունակություններին ու ուսումնական հնարավորություններին, անձնային որակներին, նրանցից ոմանց բորոշ տարիքային բարդույթներին: Դասավանդողի համար, անշուշտ, անհանգստացնող են մի շարք երևույթներ, որ դրսևորվում են նրանց միջանձնային, ընկերական փոխհարաբերություններում: Խաղ-մրցույթի նախապատրաստական փուլն առանձնահատուկ հնարավորություն է մի շարք խնդիրներ երևան հանելու և դրանց համար լուծումներ գտնելու համար: Իբրև դասավանդող՝ վստահ էի, որ ստուգատեսային այս մրցույթով հնարավոր կլինի.

  • հաղթահարել ոմանց մոտ նկատվող անտարբերությունը
  • գտնել ձևեր նրանց ուսումնական գործընթացի մեջ ներառելու համար, հետաքրքրություն ձևավորել սեփական հմտությունների և ընդունակությունների հանդեպ
  • հաղթահարել սովորողի անձնային բարդույթներն ու բարելավել միջանձնային փոխհարաբերությունները
  • փոխադարձ վստահություն, ընկերասիրություն, բարեկամական հարաբերություններ սերմանել խաղերի ու մրցույթների միջոցով
  • խթանել սովորողների ակտիվությունը, մրցակցային ոգին, թիմային հոգեբանությունը, որոշումներ կայացնելու ունակությունը:

Իբրև ուսուցիչ՝ շատ կարևորում եմ սովորողի՝ որոշումներ կայացնելու և իր որոշման համար պատասխանատու լինելու կարողությունը: Մրցույթի նախապատրաստական փուլում երեք թիմերն էլ պետք է ընտրեին ներկայացնելիք բանաստեղծություններ, երգային և պարային կատարումներ, ինչպես նաև կարողանային հիմնավորել իրենց ընտրությունը և ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել մրցույթին: Ինձ համար մեծագույն հաճույք էր կողքի աչքով նախապատրաստական փուլի աշխատանքների ընթացքին հետևելը:

Դե, իսկ մրցույթի ժամանակ տեսնել էր պետք, թե մասնակից թիմերը երկու դասաժամ շարունակ ինչպիսի ոգևորությամբ ու աշխուժությամբ էին ելույթներ ունենում, ինչ ջանասիրությամբ էին աշխատում մեր՝ ուսուցիչներիս նախօրոք մշակած ու նրանց առաջադրած լեզվական, գրական, բանահյուսական ու տրամաբանական առաջադրանքների վրա և հաշված րոպեների ընթացքում լրացնում դրանց պատասխաններն ու թերթիկները հանձնում ժյուրիին: Խաղ-մրցույթը կայացավ, և այն խնդիրները, որ դրված էին մեր առջև, գտան և դեռ գտնելու են իրենց լուծումները: Կարծում եմ՝ ուսուցչի համար հենց դա էր կարևորը: Մնացածը դիտեք տեսանյութում: Տեսանյութը պատրաստվել է Vegas Pro մոնտաժային ծրագրով սովորողների ջանքերով:

Ճամբարային հաջորդ նախագիծը «Սովորող-սովորեցնող»-ն է, որ իրականացրեց առաջին կուրսեցիների մի փոքրիկ խումբ Քոլիջի՝ Անահիտ Գրիգորյանի հինգ տարեկանների մանկապարտեզային խմբում: Նորեկ սեբաստացիներ Անիտա Գևորգյան, Մերի Համբարձումյան, Լիլիա Սոսոյան եռյակը շատ է սիրում նկարել, նկարչությունը, աղջիկների խոստովանությամբ, իրենց սիրելի զբաղմունքն է ու հոբբին: Երբ առաջարկություն եղավ «Սովորող-սովորեցնող» նախագիծ անցկացնել փոքրերի հետ, աղջիկները միանգամից արձագանքեցին նկարչության դասի նախաձեռնությամբ, պատրաստակամորեն առաջին անգամ գրեցին իրենց համատեղ աշխատանքային նախագիծն ու գործի անցան: Իբրև խորհրդատու ուսուցիչ՝ ինձ համար իսկապես հաճելի էր աղջիկների հետ աշխատելը, կողքից ինչ-ինչ մոտեցումներ հուշելը, գլխի գցելը: Նրանք շատ արագ նեռավեցին դասը վարելու գործընթացի մեջ, աշխատում էին ազատ ու անկաշկանդ, իսկ թե ինչ սիրով ու ջերմությամբ մտերմացան փոքրիկների հետ, տեսնել էր պետք: Աղջիկները որքան էլ հմուտ են նկարչության մեջ, այնուամենայնիվ դեռ դժվարանում են մեդիայի աշխարհում: Ճիշտ է, նրանցից ամեն մեկն արդեն բավարար տիրապետում է բլոգավարությանը, ինքնուրույն վարում է իր բլոգը, բայց դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ֆիլմ պատրաստելու, մոնտաժային ծրագրերի տիրապետելու, անհրաժեշտ նյութեր հավաքելու, հարմար երաժշտություն համադրելու հարցում: Այս գործում աղջիկներին օգնության հասան համակուրսեցի տղաները՝ Վաչագան Նահապետյանն ու Սամվել Արզումանյանը: Նրանց համատեղ թիմային աշխատանքի արդյունքում էլ ստեղծվեց աղջիկների դասը ներկայացնող այս տեսանյութը՝ դարձյալ Vegas Pro մոնտաժային ծրագրով:

Ճամբարային մեր երրորդ նախագիծը անմիջականորեն կապ ունի Քոլեջում համընդհանուր ոգևորություն առաջացրած գինեգործության լաբորատորիայի գործունեության հետ: Օրերս սովորողները զբաղված էին կիտրոնի ու նարնջի օղու պատրաստմամբ, ճզմել ու տրորել են նաև խաղողը՝ գինի պատրաստելու համար: Սովորողների հետ առանձնացրել ենք բանաստեղծությունների մի փունջ՝ ձոնված գինուն ու խաղողին՝ Տերյան, Թումանյան, Օմար Խայամ: «Գովք խաղողի և գինու» նախագծի շրջանակում պատրաստվում ենք հերթական ուսումնական ճամփորդության՝ Արմավիրի մարզի ՄԱՊ ապրանքանիշի գինու ու կոնյակի գործարան:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский