Կրթական փոխանակումները՝ հեղինակային կրթական ցանցի հարթակ

Կրթությունը ամբողջ աշխարհում բարեփոխման ուղիներ է փնտրում։ Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ավելի քան 30 տարի փորձարկում և իրականացնում է այդ բարեփոխումները։ Մեր ձեռքբերումները իմաստ չէին ունենա, եթե մնային միայն մերը՝ մեկ դպրոցի սահմաններում։

Դրա համար Հայաստանի մարզերում, Արցախում, Վրաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում տարածվում է հեղինակային կրթական մեր ծրագիրը կրթական փոխանակումների միջոցով:
Հեղինակային կրթական ցանցի գոյությունն անժխտելի իրականություն է: Տարվա ընթացքում կրթահամալիրի տարբեր խմբեր լինում են Հայստանի  տարբեր մարզերում ամենատարբեր նախագծերով՝ բարձունքի հաղթահարում, քայլարշավ, բնապահպանական-հայրենագիտական ճամփորդություն, այլ, և անպայման ներառում են այցելությունը տարածաշրջանի գոնե մեկ դպրոց: Այստեղից էլ սկսվում է ցանցի մի մասը դառնալու առաջին քայլը: Տեղի դպրոցի սովորողները միանում են մեզ, միասին քայլում, սար բարձրանում, ընթացքում զրուցում, ընթերցում ու արդեն փոխադարձ այցելությամբ Երևանում են՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այդպես բարեկամական հանգույցներ ունենք Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի հանրակրթական տարբեր դպրոցների հետ։ Նախագծային խմբերը համատեղ պարապմունքներ են անցկացնում ինչպես բնապահպանությունից, այնպես էլ օրացուցային այլ նախագծերից՝ ընթերցումներ,ազգային ծեսեր, պարեր, այլ:
Հայաստանյան կապերը շատ կարևոր են, քանզի հեռավոր Ներքին Կարմիր Աղբյուրի ուսուցիչն ու սովորողը, օրինակ, հնարավորություն են ունենում բարեկամանալու, կրթական ծրագրերի փորձը ուսումնասիրելու ու համագործակցելու: Կրթահամալիրն էլ իր բաց ու տարածող միջավայրով միշտ պատրաստ է տրամադրելու իր ունեցածը, իր փորձը տարածելու:
Կրթական փոխանակումների ցանցի աշխարհագրությունը, սակայն, չի սահմանափակվում միայն Հայաստանով: Կարևոր են նաև միջազգային կապերը: Հեղինակային կրթական ցացի միջազգայանցումը ժամանակի պահանջ է:
Հարևան երեք երկրների լեզուները՝ վրացերեն, թուրքերեն և պարսկերեն, կրթահամալիրում ուսուցանվում են սկսած 6-րդ դասարանից: Լեզվի ուսուցման համար կարևոր է փորձառությունը, շփումը լեզվակիրների, մշակույթի հետ: Այստեղից էլ ծնվում են միջազգային կապերը, փոխանակումները:
Միջազգային կապերի աշխարհագրությունը կուզեմ սկսել Թուրքիայից: Մինչ ծայրահեղականները թուրքական դրոշն են այրում ու թշնամանք սերմանում հարևան երկրի նկատմամբ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական կամուրջներ են ստեղծվում, որը ջնջում է բոլոր սահմանները:
Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիրը շատերի համար միայն աշխարհագրական տեղանուն է՝  պատմական Զմյուռնիան: Իսկ Կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների սովորողների խմբերն արդեն 8-րդ տարին է, ինչ Իզմիրը ճանաչում են որպես միջազգային տիեզերագիտական ճամբարի տեղակայման վայր, որտեղ մասնակցում են տիեզերագիտական գործնական պարապմունքների ու խաղերի, զարգացնում են անգլերենի իմացությունը, ներկայացնում են Հայաստանը, տարածում ազգային երգն ու պարը , ձեռք բերում ընկերներ աշխարհի տարբեր երկրներից՝ Թուրքիա, Լեհաստան, Իտալիա, Բելգիա, այլ:
Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին նախապատրաստումը կրթահամալիրի ուսումնական օրացույցում իր տեղն ունի: Նախագծի զարգացումը պահանջ առաջացրեց թուրքերենի ուսուցման: Ու որ ամենահետաքրքիրն է, թուրքերենի դասավանդողն այս տարվանից պոլսահայ Թինա Կոմբան է: Այստեղ էլ գործընկերային ցանցն է իր դերը խաղացել: Թուրքիայի կրթական կապերը տարան Ստամբուլ: Կրթահամալիրն արդեն Ստամբուլում ունի գործընկեր դպրոցներ ու կազմակեպություններ.

Կրթությունից մինչև ընտանիք, ընտանիքում սկսվող կրթություն: Կրթությունը սահմաններ չունի, պետք է անընդհատ առաջ գնալ  ու զարգացնել ամենայն լավը, հաջողվածը: Այս նախագծերում մենք գործ չունենք դասագրքի հրամցրած սուբյեկտիվ ինֆորմացիայի հետ: Կրթական փոխանակման նախագիծը սովորողին մղում է ինքնակրթության, ինքուրույն բացահայտումներ անելու, տեսածը, լսածն ու կարդացածը համադրելու, վերլուծելու: Արդյունքում վախերը վերանում են, առաջ են գալիս մարդկային շփումները: Այսպես հայ-թուրքական կապերը զարգացան ու դարձան հեղինակային կրթական ցանցի կայուն հարթակ:
Այդպես էլ  ձևավորվել  ու  տաս տարի են կերտել հայ-վրացական կրթական կամուրջները: Կրթահամալիրը չի սահմանափակվում միայն վրաց լեզվի ուսուցմամբ: Նախագիծն ունի իր օրացույցը, որտեղ կարևորվում են տարբեր համագործակցությունները, հանդիպումները վրաց պետական կամ ոչ կառավարական գործիչների հետ, փոխայցելություններն ու փորձի փոխանակումները:  «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագիծը  Թբիլիսիի համար 98 հանրային դպրոցից սկսվեց, զարգացավ  ու ձևավորվեց հեղինակային կրթական ցանցի  վրացական հարթակը.

  • դասվարների ու դաստիարակների վերապատրաստումներ կրթհամալիրում և Թբիլիսիում (Գլդանիի համայնք)
  • «Ընթերցում ենք Ռուսթավելի» ամենամյա գրական մրցույթ (Թբիլիսի Ազգային գրադարան)
  • «Նկարում ենք Փիրոսմանի»՝ անվանի նկարչի հոբելյանի առթիվ («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում)
  • Կախեթիի Լագոդեխի շրջանի դպրոցի հետ համատեղ հայ-վրացական հարսանիք կրթահամալիրում
  • Բոլնիսի Դավիթիանի մասնավոր դպրոցի հետ համաձայնագիր
  • Թբիլիսիի 37 դպրոցի հետ գործընկերության համաձայնագիր
  • «Ապագայի» ճամբար Անակլիայում  (Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարություն):

Իհարկե, այս ցանցի կարևոր հագույցներն են Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ու  Հայաստանում Վրաստանի դեսպանատունը:
Հարևան երկրների հետ կրթական կամուրջներ ունենալը Հայաստանի նման երկրին օդ ու ջրի պես է հարկավոր: Այս կապերը կարող են ի վերջո դիվանագիտական հարցերում իրենց դերը  ունենալ:
Եվրոպան, որ ավելի հեռու է, թվում է՝ կամրջվելու համար անհասանելի է։  Բայց արի ու տես, որ  բաց կրթական միջավայրով մեր հեղինակային կրթական ցանցի համար չկա անհասանելի ոչինչ: Փարիզը սպասում է սեբաստացիներին: Այստեղ էլ ֆրանսերենի ուսուցումն է կարևորվում: Ազգային երգ ու պարի, ծեսի տարածումը ցանցային հարթակ է ստեղծել նաև Փարիզում: Գործընկերային կապերը զարգացող են ու ամեն անգամ ավելի ընդգրկուն են դառնում: Կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցի սովորողների ու դասավանդողների 10 հոգանոց խումբը մայիսին Համբարձման ծեսը կնշի Փարիզում: Ազգային ծեսի տարածումից մինչև լեզվի փորձառություն և մշակույթի ուսումնասիրումը մեր այս այցելության գլխավոր նպատակն են:
Կրթական փոխանակումները, դուրս լինելով ուսուցման ավանդական ձևերից, թվում է՝ անչափելի արդյունք պիտի ունենային։ Սակայն երբ գնահատումն ինքը՝ մասնակիցն է անում, երևում է նաև ձեռքբերումների ամբողջ ներկապնակը։ Ամփոփիչ հաշվետվությամբ յուրաքանչյուր մասնակից գնահատում է ուսումնական աշխատանքը, նախագծում  հետագա գործունեությունը և նշում անձամբ իր  գրանցած աճը՝

  • ձեռքբերումներ
  • փորձառություն
  • ճամփորդած վայրեր
  • գործընկերների ներգրավում
  • նախագծային փաթեթ։

Հեղինակային կրթական ծրագիրն ամեն օր ավելի գրավիչ է դառնում, ինչն էլ ցանցի ձևավորման բնականոն պահանջ է ներկայացրել:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский