Ուսումնական գործի կազմակերպիչը
Primary tabs
21-րդ դարի կրթության մարտահրավերներին դիմակայելու միջոցը գտնվել է` սովորողին ընդունել որպես անհատականություն իր դրսևորման բոլոր ձևերով, այսինքն՝ բացի պարտադիր առարկաներից ու ժամաչափերից, ուսումնական պլանը կազմելիս պետք է հաշվի առնել սովորողների առանձնահատկություններն ու նախասիրությունները: Կրթահամալիրի անհատական ուսումնական պլանը թույլ է տալիս, որ հաշվի առնենք սովորողի նախասիրությունը և կարիքը՝ չշրջանցելով պետական չափորոշիչը, պահանջը:
Սովորողների ուսումնական անհատական պլաններ. առանձնահատկություններ
Առաջին ուսումնական շրջանում 4-5-րդ դասարանների սովորողների հետ կազմում ենք կոնկրետ սովորողի անհատական ուսումնական պլանը: Ուսումնական պլանն իր մեջ ներառում է հանրակրթական առարկաները, ընտրությամբ գործունեության ժամերը, լրացուցիչ կրթությունը, տնային գործունեության կարիքը, առավոտյան պարապմունքը, ֆիզկուլտուրա առարկան, ակումբները, երկարացված օրվա ծրագիրը: Կազմելուց հետո սովորողն այն տեղադրում է իր անձնական բլոգում: Սովորողն իր անհատական ուսումնական պլանը կարղ է փոփոխել 1-ին, 3-րդ, 4-րդ ուսումնական շրջաններում:
Ուսումնական տարին կազմված է չորս ուսումնական շրջանից: 2018-2019ուստարվա ուսումնական շրջաններն են՝
- առաջին՝ 30.09.2018թ.- 08.01.2019թ.
- երկրորդ՝ 09.01.2019թ.-29.01.2019թ.
- երրորդ՝ 30.01.2019թ.-28.05.2019թ
- չորրորդ՝ 29.05.2019թ-15.06.2019թ.
Բլոգների ուսումնասիրություն
4-5 րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող ունի և կիրառում է իր անհատական ուսումնական բլոգը: Բլոգներն ունեն չափորոշիչ և սովորողի բլոգին համապատասխան ձևաչափ, որը պետք է պահպանել: Բլոգներին հետևում են դասավանդողները՝ յուրաքանչյուրն իր առարկային համապատասխան բաժինը, իսկ դասղեկ-կազմակերպիչը հետևում է բլոգի համապատասխանությունը ուսումնական պահանջներին: Բլոգները վարում են անհատ-սովորողները: Բլոգների հղումները տեղադրված են յուրաքանաչյուր դպրոցի կայքում և բաց են: Սովորողների հետ ես հաճախակի անց եմ կացնում ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե որտեղ են թերանում կամ չեն հասցնում: Ուսումնասիրության ընթացքում ես ավելի լավ եմ ճանաչում նրանց անհատականությունը, նախասիրությունները, կարիքները, կրթության հետ կապված խնդիրները: Ուսումնասիրությունից հետո անհատապես աշխատում եմ սովորողների կամ խմբի հետ: Ինձ օգնում են նաև այն սովորողները, ում մոտ ավելի լավ է ստացվում բլոգավարությունը:
Սովորողների ընտրությամբ գործունեության նախընտրական շրջան
Սովորողներին ծանթացնում եմ ընտրությամբ գործունեության խմբերի հետ, որի համար շաբաթական նախատեսված է 4 ժամ: Պարզաբանում, ներկայացնում եմ, ընտրելիս հաշվի առնում սովորողի նախասիրությունը, կարողությունը: 3-րդ ուսումնական շրջանում ավելացավ նաև քանդակագործությունը: Արևելյան դպրոցի 11 սովորող ընտրեց քանդակագործություն, որը ղեկավարում է Վիգեն Ավետիսը, ուղեկցում -լուսաբանում է Սյուզաննա Սարգսյանը: Ընտրությամբ գործունեության խմբերն են՝
- մեդիալրագրողի
- մաթեմատիկոսի
- հայրենագետի
- մարզիկի
- բուսաբան-կենդանաբանի
- պարտիզպանի
- դիզայների
- թատերական գործունեություն
- բնագիտական-տեխնիկական
- կինո-ֆոտո
- երաժշտություն (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա)
- քանդակագործ
Ֆիզկուլտուրայի ակումբների ընտրություն
4-5-րդ դասարաններում ֆիզկուլտուրայի համար նախատեսված է 3 դասաժամ:4-րդ դասարանում ֆիզկուլտուրա առարկան կազմակերպվում է տրիաթլոնի սկզբունքով ՝ լող-հեծանիվ-վազք:5-րդ դասարանում ֆիզկուլտուրան անցկացվում է սպորտային ակումբերով: Սովորողներին ներկայացնում եմ ակումբները, և նրանք ընտրում են իրենց նախընտրած սպորտաձևը:
- նետաձգություն
- սուսերամարտ
- մարմնամարզություն
- ֆուտբոլ
- բասկետբոլ
- վոլեյբոլ
- ձեռքի գնդակ
Ճամփորդություններ, ճամբարներ
Յուրաքանչյուր ուսումնական շրջանում կազմակերպվում են ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ: Ճամբարները և ճամփորդությունները նախատեսված են սովորողին խրախուսելու, գնահատելու, ճանաչելու, հմտությունները, կարողությունները զարգացնելու, ինքնուրունություն ձևավորելու համար: Այն ենթադրում է նախնական աշխատանք. սովորողները պատրաստվում, ուսումնասիրում են այն վայրը, որ պետք է այցելեն, գտնում հետաքրքքիր տեղեկություններ, բլոգներում տեղադրում կատարած աշխատանքը: Ճամբարը կամ ճամփորդությունը կազմակերպում է դասավանդող-ջոկատավարը, աշխատանքներին մասնակցում են սովորողները, դասավանդողները, ծնողները:
Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին
Առավոտյան ընդհանուր պարապմունքը տևում է 15 րոպե: Սեբաստացիների պարտադիր գործունեության ձև է, և մասնակցում են դասավանդողները, սովորողները, կարող են ընդգրկվել այլ մարդիկ: Առավոտյան պարապմունքին հետևում և մասնակցում են դասավանդողները: Այս կազմակերպման ձևը ևս միջոց է միասին լինելու, իրար լսելու, սովորելու-սովորեցնելու-կիսվելու :
Աշխատանք ծնողական համայնքի հետ
Ծնողական համայնքի հետ աշխատում եմ անհատապես՝ ելնելով կոնկրետ սովորողի կարիքից, անհանգստացնող երևույթից, պահանջից: Ծնողական համայնքը ներառված է նաև կրթահամալիրի կառավարման խորհրդում: Ծնողները մասնակցում են առավոտյան պարապմունքներին, մեդիաուրբաթներին, կլոր սեղան-քննարկումներին: Կապը պահում ենք էլեկտրոնային հասցեների, հեռախոսակապերի միջոցով: Արագ և մոբիլ տալիս ենք լուծումներ, պարզաբանումներ կոնկրետ սովորողի համար: Հաշվի ենք առնում ընտանիքի առանձնահատկությունը, սովորույթները, կարիքները; Ծնողին դիտարկում եմ որպես գործընկեր:
Էլեկտրոնային հասցեների կիրառում
էլեկտրոնային հասցները օգնում են լինել ավելի մոբիլ, այն միջոց է, կապ սովորողի, գործընկերոջ, պատվիրատու-ծնողի հետ: Այս կապի միջոցով ենք լինում տեղեկացված: Էլեկտրոնային հասցեները կիրառում են դասավանդողները, սովորողները, ծնողները: Հասցեներն անհատական են:
Անհատական աշխատանք սովորողի հետ
Իմ աշխատանքի ամենասիրելի մասն այն ժամանակահատվածն է, երբ ես սովորողների հետ եմ: Աշխատանքի ամենակարևոր հատկությունը նրանց լսելը, ճանաչելը, սիրելը, ընդունելն է: Յուրաքանչյուր սովորող անհատականություն է ու կարիք ունի իրեն ճանաչելու, որպեսզի կարողանաս ճիշտ ուղղորդել : Ես սովորող-ընկերների հետ եմ թե′ ֆիզիկապես, թե′ մեդիադաշտում: Ճամբարների շնորհիվ հաճախակի ենք միասին օրեր ապրում, և ավելի լավ ենք իրար ճանաչում, սովորում իրարից: Սովորողները միշտ էլ կարիք են ունենում կիսվելու, խորհուրդներ ստանալու, խրախուսվելու: Ես նրանց հետ եմ դասամիջոցներին, երբ ուղեկցում եմ տրանսպորտում, ճամբարներին, ճամփորդություններին:
Սիրում եմ իմ մասնագիտությունը, սովորողներիս, գործընկերներիս: Ես սովորում եմ իմ սովորողներից, լուսավորվում նրանցով, կիսվում իմ ունեցած հմտություններով: