Երբ ուսուցումը ուրախ է լինում…

Գրական թատրոնը դարձել է մեր սիրած գործունեություն-նախագծերից մեկը՝ առանց պարտադրանքի, ակումբային, թեթև, ստեղծական, աշխույժով լի:

Պարզվեց Դանիիլ Խարմսը 12-13 տարեկանների հեղինակն է: Ո՞ւմ մտքով կանցներ… Հանձնարարեցի կարդալ ու մտածում էի՝ հա՞ որ… Արձագանքն անսպասելի էր… Մի դիտարկում՝ էս տարիքը սիրում է լուրջ բաներին հումորով նայել: Ծիծաղը, ուրախությունը, հենց աբսուրդ-անհեթեթությունը նրանց տարերքն է:  Երբ սկսեցինք դասարանում  ընթերցել Խարմսի մանրապատումները, ակնհայտ էր, որ այն գրեթե բոլորին հետաքրքեց, ուրախացրեց, աշխուժացրեց: Եվ բոլորովին չզարմացա, երբ Գրական թատրոնին արած առաջարկս՝ Դանիիլ Խարմս ներկայացնել, ընդունվեց միաձայն:

Առաջարկեցի ու մտածեցի՝ լավ, էլի ներկայացնենք, բայց ո՞նց… Հե՞շտ է անհեթեթությունը փոխանցելը, առավել ևս ներկայացնելը: Բայց արդեն ուշ էր. ես առաջարկել էի, իրենք էլ ընդունել էին առաջարկս:

Քննարկում են, առաջարկում են, փորձում են…

 

Հիմա՝ Գրական թատրոնի փորձերի ընթացքի մասին: Զարմանքով եմ հետևում սովորողների մտքի թռիչքներին: Ներկայացումների գրեթե բոլոր լուծումներն իրենցն են: Խոստովանեմ, որ երբեմն իմ մտքով անգամ չի անցնում, թե տվյալ տեսարանը ինչպես է հնարավոր պատկերել: Ու հենց սկսում են խաղալ, խաղով ցույց տալ իրենց մտահղացումները, երբ իրարից խոսքը փախցնելով սցենար են ստեղծում, ինձ մնում է միայն հիանալ, զարմանալ և սիրով ընդունել սովորողներիս երևակայական-ստեղծական մտքի առավելությունը իմի նկատմամբ: Սա արդեն ուսուցչի հրճվանք է. գործընկերներս ինձ լավ կհասկանան:     

Դանիիլ Խարմս «Անհեթեթություններ»                     

Մանրապատումների բովանդակության ընկալման մասին: Չենք քննարկել: Ես չեմ ուզել քննարկել դա սովորողների հետ: Ինձ համար հետաքրքիր էր, թե ներկայացնելով դրանք՝ կարողանալո՞ւ են գաղափար փոխանցել: Իսկ գաղափար փոխանցելու ընթացքում պարզ կլիներ ստեղծագործության  ընկալման խորությունը: Այո, որքան էլ անսպասելի էր, Դանիիլ Խարմսի անհեթեթությունները ամբողջությամբ ընկալվեց: Գուցե դա նաև 21-րդ դարի քաղաքացու աշխարհայացքն է, որով նա նայում է այս գլորվող ժամանակին: Ուշադրություն դարձրեք ժամանակակից մարդու լուծումներին՝ ամենագետ google-ին դժվար պահին դիմելը, ամեն ինչի և ամենքի հետ սելֆի անելու  սովորույթը, լրագրողների ամենաանհեթեթ հարցեր ամենանպատեհ պահերին տալու տարածված մարմաջը, և… իհարկե բոլոր ժամանակի ամենահայտնի հիվանդությունը՝ անտարբերությունը:

Ինձ ներկայացման արդյունքը առանձնապես չի հետաքրքում: Ընդամենը ամեն ինչ անում եմ, որ հանկարծ դերասանները  իրենց վատ չզգան, կարողանան ինքնարտահայտվել, թերաժեքության բարդույթ չունենան: Յուրաքանչյուր, նույնիսկ աննկատ, աննշան վրիպում-սայթաքում ծանր են տանում այս տարիքում: Պարզվում է՝ իրենց ընկեր-հանդիսատեսի կարծիքը, հեղինակություն-տնօրեն-ուսուցիչ-ծնողի արձագանքը շատ կարևոր է նրանց համար: Իսկ իմը ընթացքն է. ստեղծական միջավայր, քննարկման դաշտ, իրար լսելու կարողություն… ու էլի լիքը բաներ: Ես ինձ բավարարված եմ զգում այս ստեղծական գործունեությամբ:

Իսկ հիմա  նորից հասունանում է «Անհեթեթությունների» նոր շարք: Նորից Դանիիլ Խարմս: Այս անգամ արդեն իրենց առաջարկով: Ի՞նչ կստացվի: Ի՞նչ աղցան կսարքեն: Ի՞նչ լուծումներ կբերեն: Դա ինձ էլ է հետաքրքում: Կտեսնենք: Առայժմ խումբ-խումբ կարդում են, քննարկում, ծիծաղում, ուրախանում:

Պատրաստվում ենք ներկայացման:

Լավ է, երբ ուսուցումը դառնում է գործունեություն՝ ուրախ, ծափ-ծիծաղով, ստեղծական: Սիրում եմ, երբ ուրախություն է մտնում ուսուցման մեջ: Դա այնքա՜ն բնական, անլարում, ներդաշնակ միջավայր է ստեղծում: Եվ բոլորս ենք մեզ լավ զգում: Ներկայացումը, որպես արդյունք, ստացվում է ընթացքում: Ներկայացման պատրաստման փորձերը այնքա՜ն ստեղծական-հետաքրքիր, ուրախ են անցնում, որ դրանք լիովին բավարարում են որպես գործունեություն: Դե, վերջում, երբ արդեն  ներկայացումն էլ է պատրաստ լինում, բոլորս մեզ լիովին բավարարված ենք զգում:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский