Ընթերցողական մոլուցք

Հեղինակ: 

Բնագիրը 
Նախորդը

 Ծնողական բոլոր կպչուն մտքերից ամենաուժեղն ու համենայն դեպս Ռուսաստանում ամենատարածվածը երևի համարվում է սա․
-Օ՜, եթե չկարդան, նրանց կյանքը դատարկ ու անիմաստ կլինի…
Բայց, իսկապես, մեր երեխաներն այժմ շատ չեն կարդում։ Համենայնդեպս, թվում է՝ ավելի քիչ են կարդում, քան նրանց հասակակիցները մի երեսուն տարի առաջ։
Ւնչի՞ց է։ Այս հարցը ես լսում եմ ամեն կողմից՝ ուսուցիչներից, ծնողներից և պարզապես պատահական զրուցակիցներից։
Դե եկեք ստուգենք, թե որքանով է ճշմարիտ այս հարցադրումը։ Ի՜նչ փոթորիկ է բարձրանում իմ՝ ընդամենը երկմտելուց այդ ձևակերպման ճշմարտացիության վրա․
-Ախր ես նրան գիրքը ձեռքին արդեն հարյուր տարի է՝ չեմ տեսել։ Այ, մեր ժամանակ ուրիշ էր։
Թե՛ մեկը, թե՛ մյուսը մաքուր ճշմարտություն է։ Ե՛վ այն, որ մենք նրանցից շատերին գիրքը ձեռքներին վաղուց չենք տեսել, և՛ այն, որ մեր ժամանակ ուրիշ էր։ Սակայն դա չի փոխում իրերի դրությունը, դրա հետ էլ՝ իմ համոզմունքը՝ ներկա սերունդը կարդում է ոչ թե մեզանից քիչ, այլ շատ։
Ժամանակակից երիտասարդը որքա՞ն ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցերում։ Անշուշտ, մեր կարծիքով՝ անգամ չափից շատ․․․ Եվ այդ ողջ ընթացքում, նկատենք, նրանց արածը հենց կարդալն է, իսկ դրա հետ միաժամանակ՝ նաև գրելը։ Կասեք՝ դա բոլորովին ուրի՞շ է։ Մի՞թե։ Այդ ինչո՞վ։
Տեքստը՝ այս բառի ժամանակակից իմաստով, այսօրվա սերնդին բոլոր կողմերից օղակում է․ նրանք պարզապես խրված են դրա մեջ, դրանից պրծում չկա։
Նախ՝ ծավալի առումով նրանք միանգամայն գերազանցում են թե՛ մեզ և թե՛ նախորդ սերնդին, այսինքն՝ կարդում են շատ, պարբերաբար՝ իմաստավորելով կարդացածը և արագ արձագանքելով դրան։ Երկրորդ՝ կարգին ընկերական ժապավենն իր մեջ ներառում է ոչ միայն մտորումներ կատվաձագերի մասին, այլև հոդվածներ, երաժշտություն, ֆիլմեր, գրքեր, նկարներ և այլն։ Այսպիսով՝ բառի ժամանակակից իմաստով տեքստ ասածը այսօրվա սերնդին պաշարում է բոլոր կողմերից, նրանք պարզապես տարված են դրանով, որից պրծում չկա։ Դրա արդյունքում դասական գրականության հետ ժամանակակից մարդու՝ անձնական փոխհարաբերություններ ունենալու հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան երբևէ։ Մի՞թե դա կարելի է համեմատել նրա հետ, ինչ եղել է, ասենք, քսան տարի առաջ, երբ դեպի գրականություն տանող միակ ուղին կապվում էր ընտանիքի, իսկ երբեմն էլ՝ դպրոցի հետ։ Ժամանակակից ընթերցանությունը դարձել է շատ ավելի հանրային։
Ո՛չ, ո՛չ, խնդրում եմ, մի՛ մտածեք, թե ես դեմ եմ «դասական» ընթերցանությանը։ Կողմ եմ։ Հարցն այն է, թե այս «կողմ»-ի հետ ինչ կարելի է և ինչ պետք է անել։ Ես, իհարկե, երջանիկ եմ, երբ երեխաները կարդում են, թեկուզ մասամբ, այն գրքերը, որոնք ես եմ կարդացել (ծայրահեղ դեպքում դա մեզ ավելի շատ թեմաներ է տալիս իրար հետ հարաբերվելու, միանման զգացումների և այլնի համար)։ Եվ խոստանում եմ՝ շարունակելու եմ ամեն ինչ անել, որ «գրականության կախարդական աշխարհը» մարդու համար դառնա «իրենը»։ Բայց ինձ թվում է, որ այդ նպատակին ծառայող ուղին պետք է հարթվի՝ նկատի ունենալով, որ
ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՄԻ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է «ԿԱՐԴԱՑՈՂ ՍԵՐՈՒՆԴ»։

Հե՛նց կարդացող, և ոչ թե՝ հակառակը։ ( Ես հիշում եմ․ «կարդացող, բայց ոչ այն, որ մենք կուզեինք»։ Սակայն սա գործի էությունը չի փոխում)։ Իսկ նրա դեմ, որ մեզանից ոմանք չեն հավանում տեքստի որակը, ոչինչ անել չես կարող․ այդպիսին է նախորդ սերունդներին բաժին ընկած ճակատագիրը հաջորդ սերունդների համեմատությամբ․․․
Մի անգամ ևս շեշտենք, որ այն փոխհարաբերությունները, որ այսօր դասավորվում են երիտասարդ մարդու և տեքստի միջև, պարզապես չի կարելի դատել այն օրենքներով, որոնք գոյություն ունեին շատ տարիներ առաջ։ Դե, դուք տեսնում եք, չի ստացվում։ Ուրեմն՝ գուցե չարժե՞ մեր երեխաների կարդացած ամեն մի գիրքը թռչնակներով նշել, դրա փոխարեն գուցե փորձե՞նք գիտակցել ու ընդունել ընթերցանության՝ այսօր մեզանում գոյություն ունեցող մշակույթը։ Կամ գոնե մոտիկից ծանոթանանք դրան։ Այդ դեպքում «հետոյի» ճանապարհը կարելի է գնալ ձեռք ձեռքի տված։ Եվ խոստանում եմ, ամեն ինչ այլ կերպ կընթանա։ 

Անքննելի են հետաքրքրության ուղիները… 
Նրանց ոչինչ հետաքրքիր չէ։ Միայն այփադ, միայն հեռուստացույց, միայն․․․ոչ այն, ինչը մենք կուզեինք։ Ինչպե՞ս ենք հաջողեցնում անել այնպես, որ մարդը արդեն վեց-յոթ տարեկանում դադարում է հետաքրքրասեր լինելուց, վերածվում է ուրիշի կամքը կատարող խղճուկ արարածի։ Մարիինյան թատրոն։ «Սիլֆիդա» բալետ։ Բարձր շշուկ եմ լսում։

Մարիինյան թատրոն։ «Սիլֆիդա» բալետ։
«Նայի՛ր, նայի՛ր, ինչ ծառեր են, օ՜յ, պարուհին ինչպե՜ս է պարում։ Տեսնո՞ւմ ես՝ քեռին գնաց կախարդուհու մոտ։ Օ՜յ, իսկ նա, տե՛ս, ինչ չարն է։ Վա՜խ, ինչ գեղեցիկ զգեստ է, նկատեցի՞ր։
Այս երկխոսությունը (եթե սրան երկխոսություն են ասում) մայրիկի և յոթնամյա դստեր միջև է։ Հորդորը, թե հատկապես ինչը նայի և ինչպես արձագանքի, ոչ մի րոպե չի ընդհատվում։ Ընդմիջում։ Ոչինչ չի փոխվում։ «Ուշադրություն դարձրի՞ր ջահին։ Իսկ առաստաղին արված այն որմնանկարը, պատկերացնո՞ւմ ես՝ ինչքա՛ն դժվար է անել։ Նայի՛ր, ինչ տոնական են հագնված բոլորը, որովհետև ընդունված է այսպես գալ թատրոն․․․»։ Բայց դա բոլորը չէ։ Ամեն տասնհինգ րոպեն մեկ էքսպրես-քննություն է անցկացվում․ «Դու մտապահեցի՞ր դերակատարուհու անունը։ Իսկ երաժշտությունը ո՞վ է հորինել։ Ինչո՞ւ նրանք անտառ գնացին։ Ուվերտյուրն ի՞նչ է․․․»։ Եվ այսպես՝ շարունակ։
Խեղճ աղջիկը ոչ մի շանս չունի՝ սեփական տպավորություններն ունենալու։ Նրա հետաքրքրությունը լիովին կաթվածահար է արված։ Նա բավականություն կստանար բալետից, բայց ուր է թե։ Սարսափի մեջ ընկնելով այն մտքից, որ ինչ-որ բան աննկատ կմնա՝ աղջկա մայրը ոչ մի հնարավորություն չի տալիս դստերը՝ գեղեցիկից բավականություն ստանալու։ Ծանո՞թ իրավիճակ է։
Անքննելի են մեր հետաքրքրությունների ճանապարհները։ Լինում է, որ կառչելով մի աննշան դետալի՝ մեր հետաքրքրությունը ավելի ու ավելի է աճում ու ահա՝ ներառում է իր մեջ և՛ երաժշտություն, և՛ պար, և՛ շրջապատի մարդկանց, և՛ ընդհանրապես ողջ աշխարհը։
Կարևոր է հետաքրքրությունը չխրտնեցնելը։ Իսկ դրա համար ուրիշ ելք չկա, անհրաժեշտ է ամբողջությամբ հույսը դնել մարդու վրա։ Աղջիկը ինքնուրույն հրաշալի գլուխ է հանում՝ ինչն է իրեն հոգեհարազատ, իսկ ինչը դեռ կարելի է չնկատել։ Միայն այսպիսի մոտեցման դեպքում է մեր մեջ տպավորություն մնում երեկոյից, հավաքից, հանդիպումից։ Ոչինչ չես կարող անել․ հետաքրքրությունը ինքնաբուխ երևույթ է։
Հնարավոր է՝ հաճելի է մտածել, որ մենք շատ կարևոր ենք նրանց կյանքում, որ առանց մեզ նրանք մի քայլ անգամ ի վիճակի չեն անելու։ Որ գեղեցկությունը նրանք ընդունակ են ընկալելու միայն մեր հրահանգի շրջանակում։ Պետք է վերջնականապես հիասթափեցնեմ ընթերցողին․ այդպես չէ։ Բոլորովին այդպես չէ։ Մեր դերը կարևոր է, բայց ավարտվում է այն պահին, երբ թատրոնի տոմս ենք գնել։ Ավելի ճիշտ՝ մեր դերը հենց այն է, որ մենք մարդուն սեփական տպավորությունների հնարավորություն ու իրավունք տանք։
Հակառակ դեպքում՝ անհնար է դա՝ այդ անմիջական ընկալումը, ուսանելի դարձնելը։ Արդյունքը, որին հասնում ենք, ուղղակիորեն հակառակ համեմատական է ակնկալվածին․ մարդը հրահանգի շրջանակում հետ է վարժվում տեսնելուն, լսելուն, ընկալելուն։ Նրանից խլվում է գեղեցիկ մանրուքների վրա ուշադրություն դարձնելու իրավունքը, նրա հետաքրքրությունը փոխարինվում է մեծի հետաքրքրությամբ։ Իսկ հետո՝ շատ շուտով, այդ նույն մեծը բողոքում է. «Քեզ ոչինչ հետաքրքիր չէ»։ Իհարկե հետաքրքիր չէ․ չէ՞ որ այնքան ջանք է ծախսվել հենց այդ հետաքրքրությունը սպանելու համար։
Իմիջիայլոց, ինչպես լինում է նման դեպքերում, գործընթացը երկկողմանի է, մեծի հետաքրքրությունը զոհ է գնում մանկականի հետ միասին։ Շինծու պատասխանատվությամբ խստագույնս լարվելով ուրիշի ուշադրության հանդեպ՝ խեղճ մայրիկն ինքը չի տեսնում, չի լսում, չի նկատում՝ դառնալով վառ ու պարզորոշ օրինակ աղջկա համար։

Համեմատությունը՝ բռնության մայր 
«Տես՝ ինչ սիրուն աղջիկ է։ Նրանից է, որ զգեստով է», լսեցի ես, և նորից «հին կրքերը» բորբոքվեցին։
Քայլ առ քայլ մենք երեխաներին մղում ենք դեպի անլիարժեքության բարդույթ։ Հետևողականորեն ու պլանաչափորեն։ Դա կարտահայտվի ուսման, ընկերության, սիրո մեջ։ Որովհետև մենք այդպիսին ենք։ Այլ կերպ չենք կարողանում և սովորել չենք ուզում։ Կարիք չկա, դե, մի կերպ ապրում ենք էլի։ Մի կերպ․․․Այն մարդու դիրքորոշումը, որը ձևավորվում է մշտական համեմատության ու գնահատման արդյուքնում, երբեք չի լինի «ապրում եմ այստեղ այս պահին», «ինձ լավ եմ զգում», «ես դա այսպես եմ զգում», այլ միայն «ես վատն (լավն) եմ», «ինձ հիմա ծուռ նայեցին», «ես լրիվ ապուշ եմ», «վերջապես մայրիկն ինձ գովեց», «ես պետք է ուտել ուզենամ» և այլն։
Թակարդն այն է, որ մենք ինքներս ենք մոլորվում սեփական մանիպուլյացիաների մեջ։ Այսպես՝ մի իրավիճակում մենք թեթևորեն ասում ենք․ «Նայիր՝ N-ը ինչ լավ է սովորում», իսկ մի ուրիշում թույլ չենք տալիս երեխային ասելու․ «Բոլորը ստուգողականից երեք էին ստացել, և N-ը՝ նույնպես»։ Այդ երկրորդ իրավիճակում մենք անհապաղ հակադարձում ենք. «Ինձ ուրիշը չի հետաքրքրում, իմը իմ տղան է»։ Բա ո՜նց, չի հետաքրքրում։ Հակառակը՝ հենց դա է ինձ հետաքրքրում և հետաքրքրում է հենց հիմա։ Եվ վերջին տեղում է իմ որդու զգացմունքը։ Ես բոլորից վատն եմ։ Ես վատ ծնող եմ։ Բա որ բոլորն իմանան։ Ես ինքս՝ որպես հայր, պարզապես ընդունակ չեմ կառավարելու սեփական զգացմունքներս։ Իսկ համեմատության գործիքն ու գնահատականը միշտ ձեռքիս տակ է։ Բա իհարկե։ Քանի տարի են սովորեցրել։
Համեմատությունը ավելի խորն է հոշոտում հոգին, քան բռնությունը։ Այն որոշակի իմաստով բռնության մայրն է։ Միայն այն տարբերությամբ, որ բռնության իրավիճակում ուրիշներն են ճնշում ինձ, իսկ երբ ինձ են սովորեցնում մշտապես համեմատել, ես եմ սկսում ինքս ինձ ճնշել։ Միշտ։ Ընդ որում, ի տարբերություն հակազդման սկզբունքի, երբ մարդը փորձում է գլուխ հանել սեփական ցանկություններից և դրդապատճառներից, այդտեղ մենք միայն տառապում ենք։ Եվ այդտեղ ոչ մի ճանապարհ չկա․ տառապանքը երբեք չի ուղղորդում։ Չէ՞ որ եթե անգամ, ընկերոջ քիթը տրորելու համար ես սովորեմ թռչել, իմ հաճույքը կլինի կարճ, կասկածելի և ագրեսիվ։ Չէ՞ որ ես չեմ սովորել թռչել, ընկերս է ինձ սովորեցրել։
Այդպիսի մոտեցման նման մի արդյունք մենք հաճախ ենք լսում։ -Ես նոր մեքենա ունեմ, - առավոտյան ուրախ հաղորդում է տղան։ -Իսկ իմը ավելի լավն է։ -Ինձ համար երկուսը կառնեն։ -Քո մեքենան վատն է, - պատասխանների տարբերակներն են։ Այդ դեպքում, անկասկած, ազատ մարդու կարգին պատասխանը լինում է․ -Ընտիր մեքենա է։ Ուրախ եմ քեզ համար։ Տո՛ւր խաղամ։ Ինչ լավն է։ Մի՞ թե մենք սա չենք ուզում։ Թե անլիարժեքության սեփական բարդույթն արդեն մեզ անգամ ուզել թույլ չի տալիս։ Խիստ ասած՝ այս պահից սկսած նա սկսում է գոյություն ունենալ միայն այն պայմանով, որ գոյություն ունեն մյուսները։ Այլևս չկան նրա ուրախությունները, տառապանքները, հաջողությունները։ Կա միայն համեմատությունը, միմիայն համեմատությունը։ «Տղան չպիտի լաց լինի։ Իսկ ես լաց եմ լինում։ Պատկերացնո՞ւմ եք, լաց եմ լինում։ Որովհետև ես ցավ եմ զգում։ Ես ջերմության ու օգնության կարիք ունեմ և ոչ թե համեմատության»։ «Ահա, ի՜նչ գեղեցիկ է աղջիկը կիսաշրջազգեստով։ Իսկ ինձ իրապես դուր է գալիս տաբատը»։ Ուզում եք ըստ էությա՞ն խոսել։ Խոսե՛ք։ Եկեք վիճենք։ Եվ աղջիկն այստեղ բացարձակապես կապ չունի։
Գիտեմ, կանխավ գիտեմ օրինակները, որ կբերեն ինձ․ Մոցարտը և նրա նմանները։ Եթե նրանց, իբր, չստիպեին ուրիշներից լավը լինել, նրանցից ոչինչ դուրս չէր գա։ Ճի՛շտ չէ։ Նախ՝ մենք չգիտենք՝ ինչը դուրս կգար, ինչը՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ավելի դժբախտ մարդիկ, քան այդ «բոլորից լավերն» են եղել, ես չգիտեմ։ Սեփական մտքերը, սեփական զգացմունքները ընդունել չկարողանալը մեր աչքի առաջ մի ողջ սերունդ է սպանում։
Համեմատության ո՞ր խելագար բարդույթից է գոյանում «բոլոր ամերիկացիները կեղտ են» սկզբունքը։ Ո՞ր ինքնաոչնչացումից է առաջանում «մենք բոլորին կճղենք» բանաձևը։ Ոչ թե «ես կարող եմ, որովհետև դա ինձ համար կարևոր է», այլ «կճղենք ինչ-որ մեկին», որովհետև ինձ համար դա միակ շանսն է ԼԻՆԵԼՈՒ։ Ահա թե որտեղից է գալիս․ համեմատությունը մարդուն անխուսափելիորեն հասցնում է ուրիշներին նվաստացնելուն, ատելուն, իսկ երբ չկա ոչ ոք, ում հետ հնարավոր է համեմատվել, սեփական ինքնության վերջնական կորստին։ Համեմատություն, բնականաբար, քո օգտին։ Եվ ցանկացած գնով։ «Աշխատանքի մեջ` ոնց որ սառցանցքում, անկողնում՝ ոնց որ պատերազմում»։ Հրաշալի արդյունք է։ Հայրիկին, ուսուցիչներին, ընկերներին անընդհատ ինչ-որ բան ապացուցելու անհրաժեշտությունը կործանում է մեր երեխաներին։ Մարդը վերջնականապես կորցնում է իր ինքնության իրավունքը։ Իր անկախ ինքնության իրավունքը։
«Ես կարող եմ բոլորին հաղթել, իսկ քույրիկը չի կարող», - ասում է ինձ փոքրիկ մի տղա՝ ցույց տալով քրոջն ու փնտրելով իմ հավանությունը։ Մտածում եք, թե դա իր բնո՞ւյթն է։ Ձեզ հանգստացնում եք, թե դա դո՞ւք չեք նրան սովորեցրել։ Այն էլ ո՛նց եք դուք սովորեցրել։ Եվ մենք բոլորս ենք սովորեցրել։
Այսօր ավելի ու ավելի շատ են հաջողության չափանիշ դառնում ներդաշնակությունը, ունակությունը՝ ճիշտ ընտրելու այն, ինչ հոգեհարազատ է մարդուն, ինքդ քեզ համապատասխանելու ունակությունը։ Սեփական նպատակները կենսագործելը ավելի հեշտ չէ, քան առասպելկան թշնամուն հաղթելը (նախապես նրան հորինելով, իհարկե)։ Հաճախ քեզ լսելն ու սեփական նպատակիդ հասնելը ավելի դժվար է, քան ինչ-որ մեկի հետ մրցելը։ Այդ լուրջ աշխատանքն առաջին հերթին ներքին ազատություն է պահանջում, որը հայտնվում է միայն մարդու՝ ինքը լինելու իրավունքի առկայութան պայմանում։ Առանց պայմանների ու ռազմատուգանքի։ Առանց հարևանի տղայի ու մեդալակիր հայրիկի։ Հենց այնպես։ Որովհետև այդ իրավունքը տրված է բնությունից։ Մի խլեք, հա՞։

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский