Սիրելը հնարավոր չէ դաստիարակել

Հեղինակ: 

Բնագիրը

Նախաբան

Հիրավի, սեփական գրքի նախաբանը գրելն անշնորհակալ գործ է և անգամ մի քիչ հիմարություն։ Իրականում այն ամենը, ինչ հեղինակն ուզում է ասել, արդեն ասել է հենց գրքում։ Իսկ սովորեցնել ընթերցողին, թե գիրքն ինչպես կարդալ, ընդհանրապես անհեթեթություն է։ Ուստի եկեք սա ոչ թե նախաբան համարենք, այլ պարզապես համառոտ մեկնաբանություն կամ ավելի ճիշտ՝ ողջերթի խոսք։

Բանն այն է, որ մանկավարժությունը շատ գործնական երևույթ է։ Մենք հաճախ անգամ չենք էլ մտածում այս կամ այն թեմայի շուրջ, մինչև մեր կյանքում մի կոնկրետ իրավիճակ չի ստեղծվում, որը մեզանից կա՛մ անհապաղ արձագանք, կա՛մ ծայրահեղ դեպքում իմաստավորում է պահանջում։ Ընդ որում դա հավասարապես վերաբերում է թե՛ մանկավարժության փիլիսոփայության ոլորտին և թե՛ առաջին հայացքից աննշան թվացող հարցերին՝ ասենք «ո՞ր տարիքում պետք է մարդը սկսի կարդալ», կամ «ինչպե՞ս վարվել մանկական հիստերիայի հետ»։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը, շեշտեմ, հենց այն է, ինչ կոչվում է գործնական մանկավարժություն, որին նվիրված է այս գիրքը։
Այս գրքում ամբողջացված հոդվածները, գրառումները, նշումները կոնկրետ իրավիճակին իմ արձագանքն են, ծնողական հարցումների պատասխանը։ Միաժամանակ դա հրավեր է՝ միասին մտածելու ու կասկածելու ամենատարբեր թեմաների շուրջ, որ վերաբերում է սիրելի մարդկանց հետ մեր փոխհարաբերություններին։ Դրա համար էլ իրականում ձեր առջև մանակավարժական բլոգ է, որում թեմայի հրատապությամբ որոշվում է նոր գրառման բովանդակությունն ու ձևը։
Դուք, իհարկե, միանգամից կնկատեք, որ գիրքը հենց այդ սկզբունքով է կազմված և անգամ գրաֆիկորեն հիշեցնում է սոցիալական ցանցերի գրառումները։ Դա ոչ թե պարզապես դիզայներական խաղ է, այլ ավելի շատ ռեալ առաջարկ՝ ոչ միայն ընթերցող դառնալու, այլև որոշակի իմաստով ակտիվ օգտատեր լինելու։ Իսկ դա նշանակում է ինքնուրույն ձևավորել բովանդակությունը, այսինքն՝ գիրքը միջնամասերում բացել, մի տեղից մյուսը թերթել, սեփական տեսակետը ավելացնել, չբավարարվել պատասխաններով և նոր հարցեր տալ, զայրանալ և վիճել, հիասթափվել ու նորից ոգևորվել։ Ուստի ես անկեղծորեն հրավիրում եմ ձեզ՝ դառնալու համահեղինակ։ Եվ՝ մինչ հանդիպում ցանցում։

Աննորմալ նորմ
Ի՞նչ արած։ Մարդկության համար հեշտ չէ աճող սերնդի հետ։ Եվ գիտե՞ք ինչն է բնորոշը, ամեն անգամ՝ նույն բանը․երեխաները ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ «որն է լավ, որը՝ վատ»։ Այդպես էլ մղվում են ընդվզելու ամեն հասկանալիի, սովորականի նորմալի դեմ։ Մենք էլ, մեր հերթին, հորինում ենք չափանիշեր, որոնցով կկարողանայինք դատել, թե որքանով է մարդն ադեկվատ (մեր տեսանկյունից, իհարկե), առաջարկում ենք կոորդինատների համակարգ «անձնական դասակարգման» համար, մի խոսքով՝ ամբողջ ուժով ջանում ենք կառչել գոնե ինչ-որ իրական, շոշափելի բանից։
Իսկ արդյունքում հաճախ հարաբերությունների գլխավոր թեման լինում են բազմաթիվ մեղադրանքները, թե՝ «Ախր ինչպե՞ս կարելի է։ Ախր, դա նորմալ չէ։ Ես ինձ եմ հիշում քո տարիքում․․․Նայի՛ր հարևանի տղային․ տես ինչ լավն է» և այլն, և այլն։
Ինչպե՞ս վարվել։ Ինչո՞վ առաջնորդվել։ Վերջիվերջո, պե՞տք է հասկանանք՝ նորմալ է մեր երեխան, թե՝ ոչ, ճի՞շտ ուղղությամբ է արդյոք զարգանում։
Ահա դուրս է գալիս, որ նորմի մասին հարցադրումը ոչ միայն պարապ զրույցի հետաքրքիր թեմա է, այլև լուրջ խոսակցություն է մեր ապագայի, մեր երեխաների ու թոռների ապագայի մասին։
Այսպես՝ եկեք մտածենք։ Սկսենք սահմանումից։ Ահա մի քանիսը՝ վերցված ռուսերենի ակադեմիական բառարանից։

Նորմ․

օրինականացված սահմանում, սովորական, բոլորի կողմից ընդունված, պարտադիրկարգ, օրինակ, կանոն։
սահմանված չափ, ինչ-որ մի բանի չափս
միջին մեծություն, որ բնութագրում է պատահական իրադարձությունների, երևույթների զանգվածային ամբողջությունը։
Բոլորի կողմից ընդունված կարգ․․․ միջին մեծություն․․․ պատահական երևույթի զանգվածային ամբողջություն․․․ Հետաքրքիր է, չէ՞։ Մի՞թե մենք իսկապես ցանկանում ենք վստահել մեր երեխաների հաջողություններն ու հենց կյանքը «միջին մեծությանը, որ բնութագրվում է որպես պատահական իրադարձությունների զանգվածային ամբողջություն»։
Որպեսզի հասկանանք կատարվածը, նախ անհրաժեշտ է պարզապես շուրջը նայել։ Ներկայիս աշխարհը նման չէ նախորդին։ Այն թողնում է, եթե կարելի է այդպես արտահայտվել, բազմաալիք ազդեցություն։ Դրա համար էլ լրիվ տրամաբանական է համարվում այն փաստը, որ մարդու մեջ կարող է լավ զարգացած լինել մի «ալիքը», և հետ մնա մյուսը։ Ամեն ինչ հնարավոր չէ հասցնել։ Մարդը միանգամայն կարող է ավելի ընկալունակ լինել պատկերների, քան թվերի լեզվի նկատմամբ, և վերջ։ Եվ մաթեմատիկայից, պարզ է, գործերն ավելի վատ են, քան նկարչությունից։ Մի ուրիշ մարդ կարող է լինել բարի, զգայուն, յուրահատուկ հումորի զգացում ունենա, սակայն ժամանակին չսկսի կարդալ։ Իսկ նրա փոխհարաբերությունն աշխարհի հետ, այնուամենայնիվ, բոլորովին հետ չի մնում․ նա պարզապես օգտագործում է դրա համար այլ գործիքներ։ Չէ՞ որ հիմա իսկապես պահանջված է արմատապես ուրիշ տիպի անձնավորություն (առաջին հերթին ոչ հեռու անցյալի հետ համեմատած)։ Մենք ստիպված ենք լինում այլ կերպ արձագանքել, այլ կերպ գործել, այլ կերպ ինքնաարտահայտվել։ Ահա և ձեզ ինդիգո։
«Մեծերի աշխարհը» շատ կուզեր, որ երեխան ամեն ինչ կարողանար, ցանկալի է՝ բոլորից լավ։ Դրան հակված է ծնողների և ուսուցիչների մեծամասնությունը։ Իսկ ի՞նչ, իրականում սա՞ է «ամբողջը»։ Կարդալ, հաշվել, գրել։ Ո՛չ, ո՛չ, լավ կլինի, իհարկե, և նկարի, գլուխկոնծի տա, ճարտարապետությունից գլուխ հանի և օգնի տատիկին, սակայն դա պակաս էական է։ Իսկ անձի մակարդակը 5-6 տարեկանում հենց որոշվում է՝ ըստ հաշվելու ու կարդալու։ Սա է նորմը։ Մարդիկ կարող են տարբերվել նրանով, թե ինչպես են մտածում, խաղում, տեսնում աշխարհը։ Բայց հաշիվը և ընթերցանությունը՝ աչքս տեսնի։ Եվ դրանով հանդերձ մենք չենք դադարում պատմություններ հիշելուց բոլորիս ծանոթ նշանավոր անհատների մասին, որոնք տարբեր ժամանակներում ցուցաբերել են լուրջ շեղումներ այսպես կոչված նորմից։ Միջակ սովորող Էյնշտեյն, լռակյաց Անդերսեն, որին երկար ժամանակ համարում էին մտավոր հետամնաց, ինչքա՜ն են եղել․․․
Տիեզերքի էության փոփոխության արդյունքում իսկապես աճում է մի նոր սերունդ, որը շատ բաներով տարբերվում է նախորդներից։ Նրանք ցուցաբերում են բազմագործողության զարմանալի ընդունակություն (իսկ նորմ է համարվում գործողությունների հաջորդական կատարումը), նրանց ընկալումը «բազմալիք» է (իսկ նրանց ասում են՝ «Հանի՛ր ականջներիցդ ականջակալները, թե չէ դու չես կարող ինչպես հարկն է կենտրոնանալ»), նրանք ծնվելուն պես պատրաստ են փոխներգործելու ցանկացած տեխնիկայի հետ (իսկ մենք հաստատում ենք՝ «Նախ տեսությունը սովորի՛ր, հետո կանցնենք գործնականին») և այլն, և այլն։

ԱՀԱ ԱՅՍՊԵՍ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱԼ ՝ ՓՈՐՁԵԼՈՎ ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ․ ԻՆԴԻԳՈ, ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ։ ԻՍԿ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ՝ ՍԱ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՆ Է։

Իսկ մինչ այդ ամեն մի դարաշրջան ունեցել է իր ինդիգոն։ Եվ այսօր կրկին կարծես թե գտնված է ոչ նորմալների սահմանումը։ Դրանք հենց բոլորից նորմալն են։ Այսինքն՝ նրանք, որ իրենց զարգացման մեջ ավելի ճշգրիտ են արտացոլում ժամանակակից նորմը։ Չեն ցանկանում, ասենք, չորս տարեկանում կարդալ, դա նրանց պետք էլ չէ։ Նրանք աշխարհը պակաս ակտիվությամբ չեն ճանաչում, քան իրենց կրթված մայրիկներն ու հայրիկները։ Ի՞նչ էր մնում իրենց նախնիներին՝ ինչ-որ ժամանակ աշխարհը ճանաչելու համար, բացի ընթերցանությունից։ Ո՛չ ճամփորդություններ ունեին, ո՛չ տեսաֆիլմեր, ո՛չ ներկայացումներ։
Իսկ չէ՞ որ այս բոլորը գործիքներ են, որոնք մարդուց պահանջում են ոչ պակաս իմաստավորում, քան գրագիտությունը։ Ինչո՞վ են դրանք վատը։ Մարդը հինգ տարեկանում, մեկնելով ճամփորդության, ծախսում է ինտելեկտուալ և զգայական ահռելի էներգիա։ Եվ իմանում է աշխարհի մասին, հնարավոր է, ավելին, քան նույն տարիքի իր հասակակից ընկերը, որ մնում է տանը՝ կարդալու։ Եվ իր տպավորությունները հաճախ արտահայտում է ավելի հետաքրքիր, քան երկրորդը (և՛ նկարով, և՛ պատումով, իսկ երբեմն՝ պարզապես՝ առանց բառերի)։
Պնդումը, թե բոլոր երեխաները հանճարեղ են, այնքան ծեծված է, որ յուրաքանչյուր կրկնություն արդեն ինքնաբերաբար թախիծ է առաջացնում։ Մանկական ընդհանուր հանճարեղությունը ամենատարածված կլիշեի օրինակ է։ Այդ մասին խոսում են ամեն անկյունում, ամեն երկրորդ մանկավարժ դրա տակ կստորագրի։ Մի՞թե իսկապես հավատում են։ Այդ դեպքում ո՞րն է որոշակի չափանիշների համապատասխանեցնելու իմաստը։ Չէ՞ որ հանճարեղությունը հենց նորմին անհամապատասխան լինելն է։
Մարդկությունը, որ ավելի շատ ուշադրություն է դարձնում նրան, որ մարդիկ այնուամենայնիվ տարբեր են, որոշ ուշադրություն է դարձրել նաև երեխաների վրա։ Իսկապես որ մարդիկ տարբերվում են մաշկի գույնով, ազգությամբ, հավատով, սեռով, տարիքով, վերջապես․․․ Իսկ երեխաների մասին մենք իբր թե ամեն ինչ հասկանո՞ւմ ենք։ Մենք ձգտում ենք դեպի հեռավոր երկրներ՝ ուսումնասիրելու այլ մշակույթներ՝ դրանով մի կողմ քշելով սեփական երեխաներին դեպի «նորմալ» պրոկրուստյան մահիճ։ Ինչո՞ւ։ Դարձյալ մեծահասակների էգոի՞զմն է։ Դարձյալ փորձում ենք հեշտացնե՞լ մեր կյանքը։ Այն, ինչ այսօր կատարվում է նորմի պաշտոնական հասկացության հետ, պարզապես վայրենություն է։ Դժվար է այլ բառ գտնել տիրող կամայականության ձևակերպման համար։ Հնարավոր ամենաանուղղակի նշաններով, որոշվում է այսօրվա զարգացումը և ճակատագիրը՝ ընդմիշտ։
Այս թեմայով այնքան տխուր պատմություններ կան։ Հիշում եմ, որ մեզ էին դիմել ծնողները մի տղայի, որը յոթ տարեկանում կարդալ չէր սովորել։ Նրան, իհարկե, հայտարարել էին մտավոր հետամնաց և օժանդակ դպրոց էին խորհուրդ տվել։
Խորհուրդ էին տվել․․․ Սա այնքան էլ ճշգրիտ բառ չէ, քանզի նրա այդպիսի որակավորմամբ պարզապես պատրաստ չէին սովորական դպրոց ընդունելու։ Այսպես, այդ տղան սկսեց կարդալ մի երկու ամսից։ Ինչո՞ւ։ Պատճառները մի քանիսն էին՝ ներառյալ, իհարկե, նաև անձնական մոտեցումը։ Բայց դրանցից գլխավորը հետևյալն է․ մինչ այդ պարզապես ժամանակ չի եղել։ Դե, ինչպես ասեմ․․․ իսկապես դրա ժամանակը չի ունեցել։ Իհարկե, ցանկալի է, որ մարդը սկսի վաղ կարդալ։ Բայց ինչ կարող ես անել, բոլորը չէ, որ կարողանում են։
Այս պատմությունը վատ չավարտվեց։ Իսկ ինչքա՜ն կան տխուր ավարտով։ Բոլորը չես հաշվի։ Չեմ շարունակի ձանձրացնել ընթերցողներին այս թեմայի զարգացմամբ։ Էությունն այն է, որ անհատի զարգացման տարբերությունը հենց նորմ է։
Չէ՞ որ մեր մեջ զարմանք չի առաջացնում այն, որ մի մարդ կարողանում է պարել, իսկ մյուսը քայլ գցել անգամ չի կարողանում երաժշտության տակ։ Իսկ դա այնքան հեշտ է, իմացիր, փոխիր ոտքերդ։ Նույնը՝ երգելու մասին․ թվում է՝ ի՞նչ դժվար բան կա տարբեր տոների ձայներ արձակելու մեջ։ Սակայն ամեն մեկը չի, որ կարողանում է։ Ինձ հակադարձում են՝ բայց չէ՞ որ դա բնատուր ընդունակություն է․․․ Բոլորովին էլ ո՛չ, լրիվ ձեռքբերովի է, ինչպես ասենք, կարդալու, գրելու ընդունակությունը։ Իմիջիայլոց, ոչ պակաս կարևոր, քան վերջինները։
Ըստ իմ (կարծում եմ նաև ըստ ձեր) երկարամյա դիտարկումների՝ մարդկային յուրահատկությունները ճշմարտապես անկանխատեսելի են։ Ասենք, երեք տարեկան երեխան ոչ մի կերպ չի ուզում խոսել։ Ոչ մի ձևով։ Սակայն հանճարեղորեն նկարում է։ Եվ ի՞նչ։ Այն, որ նորմի տեսանկյունից այդ մարդը հետամնաց է։ Դա կոչվում է «խոսքի զարգացման հապաղում»։ Իսկ այն փաստը, որ տարիքով երկու անգամ մեծ մարդը չի կարողանում որևէ բան պատկերել, դե, դա բնական է։ Շեշտենք, որ այս երկրորդը, որ վրձինն անգամ ձեռքը վերցնել չի կարողանում, անխոս նորմալ է համարվում։ Թվում է՝ հենց այս երևույթի համար մեծահասակները հորինել են հատուկ հասկացություն՝ «ինդիգո»։
Ահա այսպես մենք սկսում ենք որոշել, թե ինչն է նորմալ, ինչը՝ ոչ՝ ջանք չթափելով հասկանալու անհատի էությունը։
Դադար տանք․ ամեն դեպքում ես կուզեի ապահովագրվել։ Կարծում եմ, որ ընթերցողները հասկանում են․ հեղինակը բոլորովին էլ չի պնդում, թե կարիք չկա մարդու զարգացման հետազոտության, ուսումնասիրման, նկարագրության։ Հակառակը՝ զարգացմանն ուղղված դիտարկումները, անհատական համագործակցությունները այսօր հատուկ նշանակություն են ձեռք բերում։ Սակայն մարդու մեջ այսօր զարգանում ու ամրապնդվում է իր հիմնական իրավունքը՝ ինքը լինելու իրավունքը, ընդ որում՝ ցանկացած տարիքում։ Եվ հուսամ՝ հասկացված լինելու իրավունքը։
Եվ մի բան էլ․ որ մարդը երեք տարեկանում չի խոսում, հինգ տարեկանում տառերը չի իմանում, իսկ վեցում չի հաշվում, շա՜տ բան կարող է նշանակել։ Դա անկասկած պատճառ է ակնդետ ուշադրություն դարձնելու համար։ Բայց կարող է լինել և այսպես․ երեխայի բախտը պարզապես չի բերել ծնողների հարցում, որոնց, ինչպես հայտնի է, չեն ընտրում․ բաժին են ընկել ծույլ ու բարձիթողի ծնողներ։ Եվ նրա մեղքը չէ, որ հասակակիցներից հետ է մնում հմտությունների (ոչ թե զարգացման) հարցում։ Գրում եմ այս տողերը, քանի որ չէի ցանկանա, որ այս հոդվածը անտարբերության, ծուլության և անհոգության արդարացում ծառայեր։
Վերը ասվածից հարց է առաջանում․ ի՞նչ անել այս ամենի հետ։ Եկեք պատկերացնենք դասարան, որում իսկապես հավաքվել են տարբեր մարդիկ։ Իրականում մեկը հանճարեղ երգիչ է, մյուսը՝ նկարչուհի, երրորդը՝ պարող, գրող, մարզիկ, կոնստրուկտոր և այլն։ Մի՞թե դուր չի գալիս։ Համոզված եմ՝ դուր է գալիս։ Անհնա՞ր է՝ կասեք։ Այն էլ ինչպես է հնարավոր։ Այդպիսի մոտեցման իրականացման համար հենց նորմերի վերանայում է անհրաժեշտ։
Բայց ոչ թե երեխաների, այլ մեր ու ձեր։ Իհարկե, այսպիսի անսովոր կոլեկտիվի հետ աշխատելու համար պահանջվում են հատուկ մասնագիտական հմտություններ։ Առաջին հերթին հարկավոր է կառուցել այնպիսի կրթական շրջանակ, որում մի կողմից մարդը կարողանա իրացնել իր ընդունակությունները, իսկ մյուս կողմից՝ նորը սովորել, ընդ որում այնպիսի արագությամբ, որը իր համար նորմալ է համարվում։ Կրկնեմ․ոչ թե մեզ համար, այլ իր համար նորմալ։
Եվ եկեք վերջապես պայմանավորվենք․ եթե մենք ընդունակ չենք մարդու մեջ աստվածային կայծը նկատելու, ՄԵՆՔ ենք աննորմալը։ Վերջ։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский