Հավաքից հավաք
Primary tabs
Մայիսյան հավաքը և ես, փաստորեն, հանդիպում ենք արդեն 16-րդ անգամ։ Հանդիպումից առաջ մի պահ կանգ առնենք և փորձենք հետադարձ հայացք ձգել անցնող տարիների վրայով՝ հասկանալու համար որտեղից ուր հասանք։ Իսկ անցնող ուսումնական տարիները, ինչ խոսք, բուռն են եղել և հետաքրքիր։
Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հեղինակային կրթական ծրագիրը, ըստ էության, երկու գլխավոր շրջան է անցել (շրջանների անունները պայմանական են)
· հին շրջան կամ մինչև մեդիակրթություն
· նոր շրջան կամ մեդիակրթություն
Համենայն դեպս, ես այն կարծիքին եմ, որ եթե կրթահամալիրի կյանքում դեռևս 1990-ական թվականներին չհայտնվեին առաջին համակարգիչները` մենք հազիվ թե այսօր այստեղ հասած լինեինք: Այդ հանգամանքը, ինչպես նաև 2000-2011 թթ կրթահամալիրում ձևավորված համակարգչային սրահները լավ հող նախապատրաստեցին այսօրվա ձեռքբերումների համար:
Եվ այսպես՝ Նոր շրջանի առաջին փուլ—2011-2012 ուս.տարի:
Կրթահամալիրի միաժամանակ երկու` Նոր և Միջին դպրոցների մեկական` 3.3 և 8.3 դասարաններում մեկնարկում է «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիրը: Իսկ մարտ-ապրիլ ամիսներին Միջին դպրոցի 9.1 դասարանն անցնում է բլոգավարության:
2012-2013 ուս.տարի. կրթահամալիրում մեկնարկում է «Նոթբուքն ինձ դասընկեր» պիլոտային ծրագիրը: «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի «Դասարան անիվների վրա» նախագծով սովորողների և դասավանդողների խմբերը մեկնում են Արցախ և ՀՀ մարզեր։
Ծրագրի իրականացման ճանապարհին կանխորոշվում է ուսուցման կազմակերպման հնարավոր զարգացումները: Դրանք են`
· առաջադրանքների առարկայական մեդիափաթեթի ստեղծում
· ուսումնական նյութերի առարկայական փաթեթի ստեղծում
· մեդիագրադարանի ընդլայնում, համալրում թվային դասագրքերով, գրքերով
· մեդիագրքերի ստեղծում` ձայնա- և տեսա- տարբերակներով: · Երկրորդ փուլ։ 2013-2014 ուս. տարի. «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիր։
Ծրագրում ընդգրկվեցին նոր դասարաններ, նոր ուսուցիչներ։ «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի կազմակերպման հետագա հնարավոր զարգացումներն անխուսափելիորեն հանգեցրին բլոգների ստեղծմանը։
Երրորդ փուլ։ 2014-2015 ուս.տարի: Կրթահամալիրում սկսում են թևածել խմբային բլոգների առաջին ծիծեռնակները` «Լուսաստղ» (Մարգարիտ Սարգսյան և ընկերներ), «Առականի» (Տիգրան Աբրահամյան և ընկերներ), «Շողակն» (Էրիկ Թելունց և ընկերներ), «Գրապտույտ» ( Գոհար Հովհաննիսյան և ընկերներ) և էլի ուրիշներ:
Բլոգավարության հետագա հնարավոր զարգացումները՝
· առարկայական բլոգների վերածում ինտերակտիվ կայքերի
· բլոգոլորտի ընդլայնման միջոցով միասնական ուսումնական համայնքի ստեղծում։
Միաժամանակ ուսումնասիրվում է նաև այլոց փորձը՝ հասկանալու համար ժամանակակից մեդիակրթության հիմնախնդիրները: Ահա դրանք՝
· նոր սերնդին նախապատրաստել ընկալելու ժամանակակից տեղեկատվական դաշտը և հարմարվելու այդօրինակ պայմաններին.
· սովորեցնել մարդուն հասկանալ, գիտակցել տեղեկատվական դաշտի ազդեցությունները, դիմակայել դրա հետևանքներին.
· տիրապետել կապի տեխնիկական միջոցներին` ինքնաարտահայտում և ինքնադրսևորում իրականացնելու համար.
· հոգեբանական, տրամաբանական և մանկավարժական խնդիրների միջոցով հասնել մասնագիտական կողմնորոշման.
· տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ խթանել ինքնակրթությունն ու մտավոր անհատական զարգացումը, զարգացնել ստեղծագործական հմտություններ:
2015-2016 ուս. տարի: Աննախադեպ էր երկարաժամկետ նախագծեր իրականացնելու` այդ նախագծերում հնարավորինս մեծ թվով սովորողներ ընդգրկելու, էլեկտրոնային ամսագրեր հիմնելու առումով:
2016-2017 և 2017-2018 ուս. տարիներ։ Ուսուցումը իրականացվում է շուրջտարյա՝ կարժաժամկետ և երկարաժամկետ նախագծերով:
2019-2020 ուս.տարի և 2020-2021 ուս.տարներ։ Կրթահամալիրում հաջողությամբ իրականացվում է հեռավար-ինքնակրթության ուսուցումը։
Սա իմ` որպես մանկավարժական աշխատողի անցած ուսումնական. տարիների ամփոփ փաստավավերագրությունը:
Բարով ես եկել, Մայիսյան 16-րդ հավաք ջան, մինչ նոր հանդիպում․․․
Օգտագործվել են՝
Բլոգավարությունը մեզանում կամ հետադարձ հայացք
Մեդիակրթությունը մեզանում կամ հետադարձ հայացք
- Բացվել է 933 անգամ