Բլոգավարությունը մեզանում կամ հետադարձ հայացք
Անդրադարձ կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի «Բա՞ց, թե՞ բաց թողած…» գրին
Մի քանի խոսք բլոգների մասին: Կա բլոգների մասին տեղեկություն հաղորդող հատուկ ծառայություն` Technorati-ն, ըստ որի, արդեն մի քանի տասնյակ միլիոն բլոգ է բացվել: Աշխարհում, բլոգները որպես կրթության միջավայր, սկսել են կիրառել սկսած 2005թ.-ից: Առաջին ուսումնական բլոգները ստեղծել են ուսանողները: Այսօր այն առավել հաջողությամբ օգտագործում են ուսուցիչները: Userland և Live ամսագրերը առաջինն են եղել, որոնք տեղեկություններ են հաղորդել բլոգների վերաբերյալ: Այսօր բլոգերների մեծ մասն օգտագործում է WordPress-ը և Google Blogger-ը: Այդ ծառայությունները մարդկանց թույլ են տալիս համակարգչային կոնկրետ ծրագրեր չտիրապետելու դեպքում անգամ ստեղծել նոր բլոգներ` առցանց գրառումներ իրականացնելու նպատակով:
Որպես «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի հետագա զարգացում` կրթահամալիրում առաջին բլոգները սկսեցին բացվել 2011թ. հուլիս-օգոստոս ամիսներից սկսած, իսկ սովորողների դասարանական առաջին բլոգները երևացին 2012 թ. մարտ-ապրիլին: Այնուհետև բլոգավարությունը՝ որպես ուսուցման միջոց, արագորեն տարածվեց կրթահամալիրով մեկ` շրջադարձային բեկում մտցնելով և նոր գույն հաղորդելով կրթահամալիրի որդեգրած մեդիակրթությանը:
Իսկ, ահա այսօր` 2017թ.-ին, բլոգային ուսուցումը, իրավամբ, դարձել է մեր կրթական ծրագրի անառարկելի բաղկացուցիչը: Իմ հարգարժան գործընկերոջ` Յուրա Գանջալյանի ուսումնասիրության արդյունքը` «Բլոգային ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը կարող եք ընդունել դրա անհերքելի հաստատում:
Այսօր դժվար (եթե չասեմ` անհնար) է պատկերացնել մեր կրթական առօրյան առանց բլոգների և բլոգային ուսուցման: Ավելին` այն ոչ միայն կրթական գործի կազմակերպիչ է դարձել, այլև իր ուրույն և անփոխարինելի տեղն է զբաղեցնում ինքնակրթության մեջ:
Եվ դա, ինչ խոսք, հրաշալի է:
Հրաշալին հրաշալի է, բայց… Երբ սկսում ես առավել ուշադիր նայել Ավագ դպրոցի մեր սովորողների բլոգները, հասկանում ես, որ չափազանց քիչ բլոգներ կան, որոնք որակյալ են: Այս խնդիրն ամբողջությամբ ջրի երես դուրս եկավ, երբ այս տարի 9-րդ դասարանի քննական առարկաների հետ կապված` գնահատվեց նաև սովորողի բլոգը: Նման տխուր պատկեր ունենալու պատճառները բազմազան են: Չեմ կարծում, որ դրա հիմնական պատճառը սովորողի բլոգին ներկայացվող պահանջների անբավարար կատարումն է:
Իմ կարծիքով, խնդիրն այլ տեղ է. ժամանակն է, որ Միջին և Ավագ դպրոցի սովորողի բլոգն սկսի բավարարել ոչ միայն բլոգին ներկայացվող պահանջներին, այլ կարողանա բավարարել նաև բլոգի համապատասխան բաժնում թողարկվող նյութերին ներկայացվող պահանջներին: Ընդ որում, կապված առարկայի առանձնահատկություններից` այդ պահանջները կարող են միանգամայն տարբեր լինել:
Բլոգային ուսուցման հնարավոր զարգացումները միշտ էլ եղել են իմ ուշադրության կենտրոնում: Մեկ անգամ չէ, որ անդրադարձել եմ բլոգին ու բլոգավարությանն առնչվող հարցերին: Խնդրեմ` «Դպիրի» հոդվածները.
- Բլոգոլորտը՝ միավորող վիրտուալ գորգ
- Մեդիակրթությունը մեզանում կամ հետադարձ հայացք
- Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն)
- Բլոգը` վիրտուալ աշխատարան (լաբորատորիա)
- Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ
- Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին
Իմ դիրքորոշումն այս հարցում եղել և մնում է անփոփոխ. ես արդյունավետ բլոգավարության կողմնակից եմ: Նման բլոգավարության իմ պատկերացումները շարադրել եմ «Բլոգավարության բեմից այն կողմ` վարագույրի ետևում» հոդվածում: Որպես արդյունավետ բլոգավարության հաջողված օրինակ և լուրջ ձեռքբերում՝ կարող եմ նշել մեր պատանեկան ամսագրերը: Ի տարբերություն սովորողի անհատական բլոգի` սրանք վիրտուալ միացյալ հարթակներ են, ուր սովորողներն ունեն անհատական էջեր:
Ի դեպ, պատանեկան «Առականի», «Շողակն», «Գրապտույտ» ամսագրերի ստեղծումն ի սկզբանե հեռահար նպատակ է ունեցել. ստեղծագործական միացյալ հարթակ լինելուց բացի, դրանք ժամանակի ընթացքում բլոգային ուսուցման հետ կապված խնդիր պիտի լուծեին, այն է` անհատական բլոգավարությանը զուգահեռ ընթանալ և փորձել այլընտրանք դառնալ` ապահովելով արդյունավետություն:
Եվ, կարծես թե, դառնում են, որովհետև «սովորողի անհատական զարգացումը տեսանելի է ոչ այնքան Google տետրերի, ենթակայքի կամ անհատական բլոգների, այլ մեկ գաղափարի շուրջը հավաքված՝ վիրտուալ մեկ միասնական տարածքի միջոցով: Լրիվ ուրիշ դաշտ է բացվում, և սովորողի անհատական զարգացումը միանգամայն տեսանելի է դառնում, երբ մեկ ընդհանուր տարածքում ամեն մեկն ունենում է իր էջը» (Լրացուցիչ կրթություն. ընդհանուր դիտարկումներ- Դպիր)։
Խոսքը, բնականաբար, չի վերաբերում միայն պատանեկան ամսագրերին. սրանով մենք հանիրավի կնեղացնեինք գործունեության այդ դաշտի լայնահուն հնարավորությունները, մանավանդ որ, Աշոտ Տիգրանյանի «Այլընտրանքային պատմության» շնորհիվ իրողություն է միանգամայն այլ բնույթի միացյալ հարթակի գոյությունը ևս:
Բլոգավարության նման զարգացումներին անդրադարձել եմ նախորդ տարիներին գրված ևս երկու` «Մեդիակրթությունը մեզանում կամ հետադարձ հայացք» և «Բլոգոլորտը` միավորող վիրտուալ գորգ» հոդվածներում: Խնդրեմ. «Պետք է կարողանալ ընդլայնել նման հարթակների գործունեության շրջանակները՝ բացի ասելիք ունեցող սովորողներից ներառելով այլ «արտադրանք» ևս իրականացնող սովորողների: Օրինակ՝ դիզայներական հակումներ ունեցողների կամ նկար-քանդակ անողների: Սրանք ժամանակի ընթացքում ինքնիրացման և ինքնարտահայտման միավորող հարթակից աստիճանաբար պիտի վերածել նախամասնագիտական հմտություններ ազդարարող վիրտուալ տարածքների»:
Ամփոփում եմ` նմանատիպ միացյալ հարթակներում նկատված թերությունները և խնդիրները հետևողականորեն շտկելու, գործունեության այդ դաշտը ընդլայնելու, շարունակական զարգացնելու դեպքում, համոզված եմ, մենք միանգամայն այլ կրթական հարթակ ենք դուրս գալու:
- Բացվել է 3331 անգամ