Ընտանեկան դաստիարակության արվեստը
Primary tabs
Գնահատականներ
Մանկավարժական էսսե
Դու կատարում ես տնային առաջադրանքները։ Դրանք խլում են քեզնից ժամանակիդ առյուծի բաժինը։ Քո ուսուցիչները հավանաբար որոշել են «ինչքան շատ, այնքան լավ» սկզբունքը պահել, որն ունի, ինչպես համոզվեցի ես՝ քեզ հետևելով, ավազե հիմք։ Դասարանից դասարան տնային առաջադրանքների ծավալը շարունակ աճում էր՝ քեզ ավելի հաճախ փակելով քո փոքրիկ սենյակում։ Դու սովորում ես, գրում, կրկնում, կատարում վարժությունները, լուծում խնդիրները։
-Ինչ համար ձանձրալի է ու միօրինակ, — մի անգամ ասացիր դու, երբ հինգերո՞րդ թե վեցերորդ դասարանում էիր։ Քեզ սկսեց ճնշել հենց ուսուցման գործընթացը։ Գուցե դա տեղի ունեցավ, որովհետև գնահատականները՝ որպես խթանող ուժ, կորցրել էին քեզ համար ողջ իմաստը, դու չէիր ձգտում դրանց, քանի որ մենք ընտանիքում դրանց ոչ մի նշանակություն չէինք տալիս։ Թող չնեղանան քո ուսուցիչները, որոնք քեզ գնահատականներ էին դնում և հաճախ սպասում մեր խիստ արձագանքին։ Մենք մեր ընտանիքում մերժել էինք այդ կուռքերը՝ մեկից հինգը այդ նիշերը։ Մեր՝ քեզ հետ ունեցած հարաբերությունները ոչ մի կերպ չէին տատանվում, ինչպես որ չէին փոխում մեր ծրագրերը, քո հանդեպ ունեցած նկատառումները։ Մի խոսքով՝ գնահատականները մեզ համար հիմք չէին ծառայում քեզ խրախուսելու կամ պարսավելու համար։
Ինչո՞ւ մենք այդպես ընդվզեցինք գնահատականների դեմ։ Ո՛չ, մենք գնահատականների դեմ չընդվզեցինք։ Մենք պարզապես ցույց տվեցինք նրանց իրենց տեղը՝ լինել գիտելիքի որակի բարի ցուցանիշներ, բայց ո՛չ մեր ընտանեկան կյանքում եղանակ ստեղծողներ, լինել ուսուցման գործընթացի վստահելի կողմնորոշիչ, բայց ո՛չ այդ գործընթացի վճռորոշ մոտիվ։ Մեզ համար այնքան էլ մեկ չէր, թե ինչի համար պետք է սովորել։ Մենք չէինք ուզում, որ դու գնահատականների, գովասանքների ու մրցանակների համար սովորես, կամ էլ վախի պատճառով զրկվես մեզ ու նաև քեզ մտերիմ մարդկանց հետ շփվելու ուրախությունից։ Մենք խուսափում էինք քեզ համար արհեստական պայմաններ ստեղծելուց, որոնք կստիպեին քեզ չասել մեզ ճշմարտությունը։
Մենք ավելի շատ հետաքրքրվում էինք ոչ թե քո գնահատականներով, այլ գիտելիքի, գրքերի, իրականության, մարդկանց ու կյանքի հանդեպ քո վերաբերմունքով։ Մենք հետաքրքրված էինք քո ճանաչողական ձգտումերի զարգացմամբ և ենթադրում էինք, որ քեզ դրան կարող են ուղղորդել հենց ճանաչողական գործունեության գեղեցկությունը, շրջապատողների հետ քո հարաբերվելու ուրախությունը, վերափոխելու և արարելու ձգտումը։
Մի՞թե այդ գործում մեզ կարող էին օգնել գնահատականները, անգամ «հանդիսավոր գերազանցները», էլ չեմ ասում «խոստումնալից չորսերի», «անտարբեր երեքների», «կեղեքող երկուսների» և վերջապես, «ոչնչացնող մեկերի» մասին. եռ լավ է, որ շատ ուսուցիչներ ասես պայմանավորվել են հրաժարվել երեխայի անհատականությունը լիովին ոչնչացնող «մեկերից»։ Մենք ձգտում էինք քեզ որպես անհատականություն դաստիարակել։ Մենք ընտանիքում դեմ էինք քո անհատականությանը ըստ գնահատականի վերաբերվելուն։
Լա՞վ է «գերազանցիկը»։ Վա՞տ է «ծույլիկը»։
Գնահատականնե՛ր, լսո՞ւմ եք։ Դուք ի՞նչ իրավունք ունեք համերաշխության և արարման ձգտող երեխաներին «լավի» և «վատի» բաժանելու։ Ինչպե՞ս եք համարձակվում նրանց ապագայի անհատականության որակի մասին գուշակություններ անել։ Ո՞վ է ձեզ հանձնարարել ներշնչել նրանց սեփական գերազանցության զգացում և կամ թերարժեքություն ուրիշների համեմատությամբ։ Գնահատականնե՛ր, զբաղվե՛ք ձեր իսկ գործով, դարձե՛ք երեխաների բարի, նրբազգաց խորհրդատուները ուսումնառության փշոտ ճանապարհին, քաջալերե՛ք և միայն քաջալերե՛ք նրանց ճանաչողական ձգտումը, օգնե՛ք և միայն օգնե՛ք նրանց՝ համբերություն դրսևորելու դժվարությունները հաղթահարելիս։
Ես երազում եմ այնպիսի դպրոցի մասին, որտեղ երեխաները կսովորեն առանց գնահատականների և հարկադրանքի․ ես հավատում եմ, որ կստեղծվեն այդպիսի դպրոցներ, և հազարավոր երեխաներ այնտեղ կգտնեն իրենց դպրոցական կյանքի ճշմարիտ իմաստը։ Բայց այդպիսի ապագայի հասնելու համար նախ և առաջ հարկավոր է, որ գնահատականները, այս պահից սկսած, իրավունք չունենան ներկայացնելու երեխայի անհատականության գործառույթը, ուղղորդելու մտերիմ մարդկանց հետ նրա փոխհարաբերությունները։
Աղետ է, երբ ծնողների աչքին իրենց երեխան ներկայանում է որպես քայլող «հինգ» թվանաշան, կրկնակի աղետ է, եթե միայն դրա միջոցով են ծնողները նրա մեջ տեսնում նոր մարդուն։ Իսկ ինչպիսի աղետ է, եթե ծնողները հաշտվել են այն մտքի հետ, որ իրենց երեխան քայլող ծույլիկ է, և նրանից ոչ մի օգուտ չկա։ Ես տեսել եմ այդպիսի «լավ» գերազանցիկների, որոնց ստուգման գրքույկներում կյանքը դրել է իր գնահատականը՝ «աշխատանքի ու շփման համար ոչ պիտանի»․ և տեսել եմ շատ վատ «ծույլիկների», որ հետո նոր կյանք են կառուցում՝ ստանալով ամենաբարձր գնահատականը՝ «Մարդ»։
Ծայրահեղության մեջ չե՞նք ընկել արդյոք՝ քո ստացած գնահատականներին զրկելով խթանիչ դերից։ Ժամանակի հետ պարզ դարձավ, որ գնահատականները քեզ համար կորցրին մոտիվացիոն իմաստը, իսկ երբ դու քո գրասեղանի առաջ կատարում էիր տնային առաջադրանքներդ, գնահատականները քո առջև սուսերով պարը չէին պարում, նրանք քեզ քնիդ մեջ չէին հալածում և ամեն քայլափոխի քեզ չէին հետապնդում։
Արդյոք դա՞ չէր պատճառը, որ ուսման բեռը ծանրացավ քեզ վրա՝ հինգերորդ կամ վեցերորդ դասարանից սկսած։
Ո՛չ, մեր ընտանիքում գնահատականներն արհամարհելն այստեղ կապ չուներ։ Ի՞նչ գնահատական կարող է ոգևորել դպրոցականին ձանձրալի, միօրինակ գործողությունների ամենօրյա, մի քանի ժամ տևող, համբերատար կատարումներից, որոնց հաջորդում էին արժեզրկված ու դատարկ գիտելիքները։ Հետաքրքրությունը գիտելիքի նկատամամբ և հակումը ճանաչողության հանդեպ կորել էր ոչ գնահատականների բացակայության, այլ ձանձրույթ առաջացնող, անհամարժեք գործունեության պատճառով։
Առաջադրանք
«Ինչո՞ւ ես կատարում այս առաջադրանքը։ Ո՞ւմ է դա պետք»։ Դու արդեն մի ժամ է, ինչ չարչարվում ես հանրահաշվական մի առաջադրանքի վրա։ Չարանում ես, որ չի ստացվում։ Պարզ է, որ ինչ-որ սխալ ես թույլ տալիս։ Բայց ես չեմ կարող քեզ օգնել այն պարզ պատճառով, որ չգիտեմ այս նոր ծրագիրը կամ մոռացել եմ երեսուն տարի առաջ անցած նյութը։ Գլխավոր պատճառն այն է, որ սկզբունքորեն դեմ եմ քո փոխարեն վարժությունը կատարելուն, առաջադրանքը լուծելուն, գծագրելուն, նկարելուն, թելադրելուն, շարադրություն գրելուն, և այս ամենը իր աշակերտ- երեխային ծնողական օգնություն կոչելուն։
Սակայն ես փորձում եմ քեզ ուրիշ բանում օգնել. նրանում, որ դու գիտակցես քո ուսման էությունը, ամրապնդես քո մեջ իմացության մոտիվը, գործունեության այս ձանձրալի ձևերը փոխակերպես ստեղծագործականի։
-Ո՞ւմ է պետք քո այդ առաջադրանքը։
-Ոչ ինձ, իհարկե։
-Ուրեմն՝ քո մաթեմատիկայի ուսուցչի՞ն։ Զարմանալի է, մի՞թե նա ինքը չի կարող լուծել։ Ինչո՞ւ է տանջում իր աշակերտներին։
Վերջիվերջո մեր համառոտ զրույցում ես ասացի քեզ․
-Այս և նման առաջադրանքները, որ տրված են ձեր մաթեմատիկայի դասագրքերում, անցած տարիների ընթացքում արդեն լուծել են մի քանի միլիոն սովորողներ, և նրանք բոլորը եզրահանգել են միևնույն պատասխանին։ Դրանք այսօր պիտի լուծեն մեր երկրի մի քանի միլիոն քո հասկակիցները և հետագա տարիներին դրանով կզբաղվեն ևս մի քանի միլիոն սովորող։ Եվ բոլորն էլ կգան նույն պատասխանին։ Մաթեմատիկան՝ որպես գիտություն, դասագրքում եղած առաջադրանքը լուծելու ձեր այդ հետազոտություններով բոլորովին առաջխաղացում չի ունեցել։ Բայց դրա փոխարեն զարգացել են երեխաները։ Այդպիսի հայտնագործությունների միջոցով են նրանք բացում տարբեր գիտությունների դռները, նրանք ներս են մտնում այդ դռներով, մտնում աշխատանքային կյանք և առաջ մղում այն։
Հետո մենք խոսեցինք այն մասին, թե ինչպիսին կլինեին հետևանքները, եթե բոլոր դասագրքերում, ոչ միայն մաթեմատիկայի, այլև մյուս առարկաների բոլոր առաջադրանքերը, խնդիրները, վարժությունները միանգամից լուծվեին, և երեխաներին մնար միայն արտագրել ու կարդալ իրենց ուսուցիչներին։ Դու ծիծաղեցիր․
-Ի՜նչ հիմարություն։
-Ահա, այդ առաջադրանքները հատուկ հորինվել են նրա համար, որ դու կռիվ տաս նրանց հետ և քեզ առաջ մղես։ Արի այսպես անենք։ Դու գիտես, ես չեմ կարողանում լուծել ձեր ժանամակակից առաջադրանքները։ Սովորեցրու ինձ այդ առաջադրանքները լուծել, և ես լսող աշակերտ կլինեմ։ Շաբաթը մեկ-երկու անգամ դու արդեն անցած թեմայով ինձ հետ դաս կանցկացնես և տնային առաջադրանքներ կտաս։
Այդպես ես դարձա քո աշակերտը։ Սկզբից դու անվստահորեն էիր վերաբերվում, բայց մի քանի դաս հետո դու համոզվեցիր, թե ինչպիսի հետաքրքրությամբ ու ջանասիրությամբ էի ես քեզ լսում, հարցեր տալիս, կատարում առաջադրանքերը։ Դու սկսեցիր ինձ ստուգողականներ տալ (և ես կտրուկ հրաժարվում էի գնահատականներ ստանալ․ «Ինչի՞ս են պետք։ Ես այսպես, թե այնպես սովորում եմ»), իսկ հետո առաջարկեցի քեզ սովորեցնել ինձ աշխարհագրություն և բուսաբանություն․ «Դրանք այնքան հետաքրքիր են»։
Մենք այդտեղ գտանք ուսուցման և ճանաչողության այլ միջոցներ։
Եթե դա աշխարհագրության դաս էր, մենք ճամփորդում էինք երկրներով ու աշխարահամասերով, գրում էինք մեր ճամփորդությունների օրագիրը, ձեռք բերում գիտելիքներ և ավելացնում մեր տպավորությունները ուղեցույցների, հանրագիտարանների, բառարանների, հատուկ գրականության, տարբեր երկրներում եղած մարդկանց հետ զրույցների միջոցով։ Մենք ճամփորդում էինք քարտեզով, որի վրա առաջ էինք տալիս մեր դրոշները և անցկացնում մեր հետազոտությունների ուղիները։
Եթե դա բուսաբանություն էր, ապա մենք հավաքում էինք մեր տեղանքի բույսերի հերբարիումներ, հետևում բույսերին, տնային փորձեր անում։ Գծում ու գունավորում էինք ֆլոմաստերով բջիջները, վիճում էինք նրանց հատկանիշների վերաբերյալ, վազում էինք աղբյուրներն ուսումնասիրելու, որ ապացուցենք մեր տեսակետն ու ճշմարտացիությունը։
Ես՝ որպես քո աշակերտ, ձգտում էի յուրացնել այն ամենը, ինչ դու պատմում ու բացատրում էիր, ճշտորեն կատարում էի քո հանձնարարությունները, սակայն դրսևորում էի նաև ինքնուրույն ակտիվություն և «դասի» էի ներկայանում լրացուցիչ տեղեկատվությամբ ու հարցերով։
Բախում
Դու սկսեցիր պատրաստվել զեկուցումների՝ տարբեր թեմաներով, և գնացիր դասերի այդ զեկուցումներով։ Որոշ ուսուցիչներ քեզ հնարավորություն տվեցին կարդալու դրանք դասերի ժամին, և դա խթանեց քո ճանաչողական որոնումները։ Չնայած եղան և բախումներ, որոնք քիչ մնաց՝ քեզ ստիպեին հրաժարվել տնային աշխատանքն այդ ձևով պատրաստելուց։ Ահա դրանցից մեկը։
Մայրենի գրականության դասին ուսուցչուհին հանաձնարարել էր պատրաստել Արսենի՝ ժողովրդական հերոսի (ժողովրդական ստեղծագործության օրինակ) մասին բանաստեղծության բովանդակության վերապատմումը։ Եվ հարկ էր, որ մենք սկսեինք շատ հետաքրքիր ու զգացմունքային բանաստեղծությունն ուսումնասիրել։ Մենք տարվեցինք դրանով, ու չնայած այն շատ երկար էր, մինչև վերջ բերանացի սովորեցինք։ Միաժամանակ նայելով բանաստեղծության մի քանի հրատարակություններ՝ պարզեցինք, որ դասագրքի օրինակը տարբերվում է այդ օրինակներից։ Քեզ դուր չեկավ կրճատված ու ձևափոխված տարբերակը, որ արել էին դպրոցական դասագրքի հեղինակները։ Դու, վերականգնելով տարբերությունները, զեկուցում պատրաստեցիր քո հիմնավոր փաստարկներով և գնացիր դպրոց։
Իսկ այնտեղ պատահել էր հետևյալը։
Ուսուցչուհին քեզ կանչում է պատասխանելու։ Դու սկսում ես ներկայացնել քո դատողությունները և պատրաստվում ամբողջությամբ՝ առանց կրճատումների և ձևափոխության, կարդալ բանաստեղծությունը, բայց քեզ ընդհատում են։
-Դու այդ ի՞նչ ես պատմում։ Ես ձեզ հանձնարարել եմ վերապատմել բանաստեղծությունը ձեր բառերով, իսկ դու ուրիշ բան ես պատմում։ Ինչի՞ համար են այդ հետազոտությունները։
-Ափսոս էր աղավաղել բանաստեղծությունը, և ես ամբողջը անգիր եմ սովորել՝ առանց կրճատումների։ Իմ կարծիքով, կարիք չկար այն կրճատելու և ձևափոխելու։
-Սպասի՛ր, սպասի՛ր։ Քո ի՞նչ գործն է, թե դասագիրքը կազմողները ինչպես են մշակել բանաստեղծությունը։ Եվ ո՞վ է քեզ խնդրել առաջ անցնել և այն անգիր սովորել։ Ճիշտն ասա․ դու կատարե՞լ ես առաջադրանքը, թե՞ ոչ։
Եվ չնայած բանաստեղծության բովանդակությունը վերապատմելը այնքան էլ դժվար գործ չէր, դու հանդունգն ես պահում քեզ՝ ասելով․ «Ո՛չ։ Ես այդպես չեմ սովորել և չեմ սովորելու․․․ Ես նախընտրում եմ ամբողջությամբ բերնացի իմանալ բանաստեղծությունը»։
Ուսուցչուհին զայրանում է․․․ Երկուսը դրվում է և՛ մատյանում, և՛ օրագրում։ Ինձ կանչեցին դպրոց։ Զրույցը տեղի ունեցավ տնօրենի կաբինետում։ Ես բացատրեցի ուսուցչուհուն տնային աշխատանքները կատարելու մեր ձևը։
Նա կտրականապես դեմ էր, որ իր աշակերտները զբաղվեին ոչ իրենց գործով։ Բայց տնօրենը՝ մի ծերունազարդ հարգելի անձնավորություն, հայտնի իր ստեղծագործական որոնումներով, հանգիստ ասաց․ «Սոֆյա Կոնստանտինովնա, գուցե Դուք, այնուամենայնիվ, մտածե՞ք տնային աշխատանքները կատարելու այս ձևի մասին»։
Սա ես քեզ ասում եմ միայն հիմա՝ վեց տարի անց։ Բայց այն ժամանակ, դպրոցից վերադառնալով, ես մեղադրեցի քեզ հանդգնության համար և պահանջեցի ներողություն խնդրել ուսուցչուհուց։
-Դու կշարունակես պատրաստել քո զեկուցումները այնպես, ինչպես առաջ։ Կկարդաս դասերի ժամանակ կամ արտադասարանական պարապմունքներին։ Բայց հանդգնություն դրսևորել որևէ մեկի՝ հատկապես ուսուցիչների հանդեպ, դու իրավունք չունես։
Այսպես, փորձելով թեթևացնել քո տնային աշխատանքների ծանրությունը, ես դրան մասամբ հասա։
Ո՞րն էր այստեղ գլխավորը։
Կարծում եմ՝ գործունեության տեսակի փոփոխությունը։ Փոխանակ հետևողի, լսողի, դիտողի, կատարողի դերով բավարարվելու՝ դու անցում արեցիր գործունեության ավելի կարևոր մի ձևի՝ ստեղծագործելու և վերափոխելու։ Դու ոչ միայն յուրացնում էիր գիտելիքներ, այլև ինքդ էիր գտնում ու բացահայտում դրանք, յուրացնում ու տիրապետում։ Այդպիսի գործունեության ընթացքում դու ինքդ էիր վերափոխվում, և փոխվում էին քո վերաբերմունքն ու դիրքորոշումները։
Գործունեություն… Ինչքա՜ն կարևոր է այն՝ մարդ դառնալու համար։ Բայց ոչ ամեն տեսակ գործունեություն, այլ այնպիսին, որ տիրում է մարդու սրտին, ձեռքերին, մտքերին ու զգացմունքներին և ուղղորդում այնպես, որ կառուցես, կատարելագործվես, վերափոխվես, բացահայտես։ Գործունեություն, բայց ոչ թե հայեցողական, այլ ստեղծագործական։
Իմ կամքը լիներ, ես կարգելեի արտադրել մանկական խաղալիքներ, որոնք պետք է գործի գցել էլեկտրական հոսանքով, իսկ հետո նայել, թե ինչպես են շարժվում, տեղաշարժվում։ Ես կհոգայի, որ կոնստրուկտորները ստեղծեին, իսկ ֆաբրիկաները թողարկեին միայն այնպիսի խաղալիքներ, որոնցից պետք է գլուխ հանել, հավաքել, էլի գլուխ հանել, ձևափոխել, վերակառուցել, համադրել և գտնել նոր տարբերակներ։ Իմ կամքը լիներ, ես երեխաներին կինո քիչ կտանեի, հազվադեպ կմիացնեի հեռուստացույցը, ցույց կտայի նրանց այնպիսի ֆիլմեր և հաղորդումներ, որոնք կմղեին նրանց ապրումակցելու, գործողության, ստեղծականության ու վերափոխման։ Դրա փոխարեն նրանց ձեռքը կտայի ներկով լի դույլն ու վրձինը, որ ներկեին ցանկապատերը, կտայի մուրճը և մեխերը՝ նստարան սարքելու համար, կտրամադրեի գծագրեր և դետալներ, որ ինքնաթիռներ և հրթիռներ սարքեն, կհանձնարարեի հետաքրքիր խնդիրներ, որոնք կարելի է լուծել անհրաժեշտ գիտելիքների որոնման արդյունքում։
Իմ կամքը լիներ, ես հարց կդնեի․ ինչո՞ւ որոշ դպրոցական դասագրքեր երեխաների հետ ջերմ զրույցի մեջ չեն մտնում, չեն ուրախացնում նրանց, կոչ չեն անում ու օգնում, այլ միայն գիտելիքի պասիվ արտահայտիչներ են և սահմանափակվում են միայն իրենց պարունակությամբ։
Քիչ հայեցողական և ավելի շատ ստեղծագործական գործունեություն՝ ահա ինչ սկզբունք կներդնեի մեր մանկավարժական պետության կառուցվածքի հիմքում։
Այդպիսի դաստիարակչական համակարգի համար կքվեարկեի՞ն արդյոք երեխաները։
Ես հավատում եմ «ապագայի ձգտումներով» երեխաներին․ նրանք հենց դա են մեզանից սպասում։
Հեքիաթներ
Մենք ամեն օր քեզ հեքիաթներ էինք կարդում ու պատմում, ամեն գիշեր՝ քնից առաջ։
Քեզ հեքիաթներ պատմելու պահանջում քո համառությունը (դրան հետագայում միացավ և քույրիկդ) ստիպեց ինձ զբաղվել հեքիաթ հորինելով։ Սկզբում ես հորինում էի տարերայնորեն, բայց շուտով մտածեցի, որ պետք է այդ գործում ինչ-որ կարգ սահմանել, այսինքն՝ ոչ թե պատմել ամեն ինչի մասին, այլ քո անձի բարոյական ակունքների մասին։ Եվ լավ է, որ իմ հիշողության մեջ արթնացան տասը եղբայրների անունները, որոնք տատիկս իմ վաղ մանկության տարիներին թվարկում էր մատների վրա։ «Սա Օբիտոն է,- ասում էր նա ծալելով ձախ ձեռքի ճկույթը։ -Սա Ռոբիտոն է, սա՝ Ջիմշիտոն, սա՝ Խոզիտոն։- Ձախ ձեռքի հաշիվը ավարտվում էր բութ մատով.-Սա Զաալն է»։ Իսկ հետո տատիկը շարունակում էր թվարկել աջ ձեռքի մատները՝ սկսելով դարձյալ ճկույթից և ավարտելով բութ մատով։ «Սա Զուրաբն է, սա՝ Դանապիցին, սա Դագուրգենին, սա՝ Բացկին, իսկ սա՝ Պիրդաուբանելին»։
Ես չեմ հիշում, կապո՞ւմ էր արդյոք նա այդ անունները որևէ հեքիաթային բովանդակությամբ, բայց ես որոշեցի նրանց դարձնել իմ հեքիաթների հերոսները, բարեկամացնել քեզ նրանց հետ և նրանց հետ էլ տանել հեքիաթային աշխարհ։ Այդ աշխարհի գլխավոր հերոս ես դարձրի քեզ։
Մի անգամ, երբ դու և քույրիկդ արդեն պատրաստվում էիք քնելու և հարմարավետ տեղավորվել էիք ձեր մահճակալներին, ես սկսեցի իրագործել ինձ համար էլ դեռ ոչ այնքան հստակ գաղափարը։
«Կար-չկար մի տղա՝ Պաատա անունով, և նա ուներ մի քույրիկ՝ Նինո անունով։ Նրանք ունեին տատիկ, հայրիկ և մայրիկ։ Եվ ապրում էին նրանք մշտապես արևոտ մի քաղաքում՝ Թբիլիսիում»։
Դուք երկուսդ էլ միանգամից ընդվզեցիք․
-Դա հեքիաթ չէ։ Դա ճշմարտություն է։ Մեզ հեքիա՛թ պատմիր։
-Ես հեքիաթ եմ պատմում ձեզ։ Համբերե՛ք, խնդրում եմ։ Մայրիկը, հայրիկը և տատիկը շատ էին սիրում իրենց երեխաներին։
Կրկին ընդվզում․
-Սա ճշմարտություն է։ Սա մեր մասին է, իսկ մենք հեքիաթ ենք ուզում։
-Հիմա էլ սկսվում է հեքիաթը։ Մի անգամ՝ գիշերով, երբ Պաատան խորը քնած էր, նրա մոտ եկավ Օբիտոն։ Նա մի կերպ բարձրացավ տղայի մահճակալին և սողաց դեպի նրա ականջը։ Ականջը ծածկված էր գանգուր մազափնջով, և Օբիտոն քիչ մնաց խճճվեր այնտեղ։ Նա հանեց իր թուրը և սկսեց կտրել ամեն մի մազը, որը խանգարում էր նրան հասնել խորը քնած տղայի ականջին։
-Ի՞մ մազերի մեջ էր խճճվել Օբիտոն։ Չի կարող պատահել։ Ո՞վ է այդ Օբիտոն։
-Իհարկե, չի կարող պատահել։ Չէ՞ որ դու հեքիաթ էիր ուզում։ Ես էլ ահա պատմում եմ։ Իսկ Օբիտոն տասը եղբայրներից մեկն էր, ամենաավագը, չափերով՝ ճկույթիկը։ Դե, շարունակե՞մ, թե՞ ոչ։
-Այո՛, այո՛… Օբիտոն հասավ ականջին։
-Նա գլուխը մոտեցրեց Պաատայի ականջին և շշնջաց․ «Պաատա՛, հագի՛ր խնդրում եմ, բաճկոնդ, վերցրու թուրդ, և գնանք օգնելու Պրոմեթևսին՝ աստվածներից առևանգելու կրակը», — Ինչո՞ւ հատկապես այդ բաճկոնը, ես չեմ սիրում այն հագնել։
— Այն կախարդական է։ Եվ խնդրում եմ, արագացրո՛ւ, մեզ սպասում է թևավոր նժույգը։
Մի ակնթարում տղան արդեն պատրաստ էր։
-Այդ՝ ո՞ւր, — հարցրեց քույրիկը, որ այդ պահին արթնացել էր։ Պաատան միշտ վստահել էր նրան իր գաղտնիքները։
-Ես շտապում եմ՝ օգնելու Պրոմեթևսին՝ ասվածներից կրակն առևանգելու համար։ Շուտով կվերադառնամ։ Լսող կլինես։
-Իսկ դու զգույշ կլինես։
Պաատան Օբիտոյին դրեց իր բաճկոնի առջևի գրպանում, հեծնեց իր թևավոր նժույգը և թռավ՝ օգնելու Պրոմեթևսին։ Օբիտոն նրան ցույց էր տալիս ճանապարհը ամպերի միջով։ Այդ ժամանակ մարդիկ աղոթում էին, որ Պրոմեթևսը վերադարձնի կրակը, որն իրենցից հետ էին վերցրել անարդար աստվածները։
Անվախ Պրոմեթևսը ջերմորեն սիրում էր մարդկանց։ «Ես կառևանգեմ կրակը ձեզ համար։ Չէ՞ որ դուք չեք կարող ապրել առանց կրակի»։ Պրոմեթևսը առաջ էր շարժվում դեպի ամենաբարձր լեռը՝ Օլիմպոս, որտեղ անարդար աստվածները խնջույք էին անում կրակի շուրջ։
-Տեսնո՞ւմ ես կրակը և այս աստվածներին, — ասաց Պաատային Օբիտոն։ Նրանք արդեն թռչում էին ամպերի տակով։ Վերևից նրանք շատ լավ տեսնում էին, թե ինչպես են ուրախանում անարդար աստվածները։ Օլիմպոսի ստորոտին՝ մթին հովիտներում, մարդիկ սառչում էին առանց կրակի։
-Մենք պետք է իջնենք աստվածների մոտ այնպես, որ նրանք միանգամից չնկատեն մեզ։ Իսկ հետո պետք է այնպիսի մի բան մտածել, որ աստվածներն ընկնեն մեր հետևից։ Նրանք կմոռանան կրակի մասին, և այդ ժամանակ Պրոմեթևսը կկարողանա առևանգել ու տալ մարդկանց։
Պաատան և Օբիտոն իջան Օլիմպոս լեռան այն լանջը, որտեղ ավելի քիչ էր կրակով լուսավորված։ Թևավոր նժույգին նրանք թողեցին քարանձավում և սկսեցին քննարկել, թե ինչպես շեղեն անարդար աստվածների ուշադրությունը, որոնց խջույքը հիշեցնում էր ամպրոպի որոտ։
-Արի՝ աննկատ մոտենանք աստվածներին և անսպասելի աղմուկ բարձրացնենք, նրանց կատաղեցնենք,- ասաց Պաատան։ Օբիտոյին դուր եկավ Պաատայի ծրագիրը։ Նրանք սկսեցին մագլցել ժայռը։ Շատ դժվար էր։ Նրանք վնասեցին ձեռքերը, քերծեցին ծնկները, բայց ո՛չ Պաատան, ո՛չ էլ Օբիտոն ուշադրություն չէին դարձնում տանջող ցավերին։ Բարձրանալով Օլիմպոսի գագաթը՝ նրանք ոտքի կանգնեցին և ինչքան կարող էին, գոռացին՝ խլացնելով աստվածների աղմուկը․
-Աստվածնե՛ր, ձեր անարդարությունը կթոթափվի մարդկանց կողմից։
-Այս ովքե՞ր են, — զարմացան աստվածները։ Նրանք մի ակնթարթում վեր ելան ու հարձակվեցին Պաատայի և Օբիտոյի վրա։ Պաատան բռնեց Օբիտոյին, դրեց կախարդական բաճկոնի առջևի գրպանը և սլացավ ներքև։ Այդ ժամանակ Օլիմպոսի գագաթը բարձրացավ Պրոմեթևսը։ Նա առևանգեց կրակը և բացականչեց աստվածներին․
-Աստվածներ, ես ձեզնից գողացա կրակը։ Հիշե՛ք, մարդիկ կթոթափեն ձեր անարդարությունը։
Ասվածները շփոթվեցին։ Իսկ երբ ուշքի եկան, վազեցին Պրոմեթևսի հետևից, բայց արդեն ուշ էր։
Պրոմեթևսը սուրաց մարդկանց մոտ՝ լուսավորելով իր ճամփան աստվածներից գողացած կրակով։ Մարդիկ հիացմունքով դիմավորեցին իրենց հերոսին։
-Ինձ այս դժվարին գործում օգնեց խիզախ, փոքրիկ պատանին՝ Պաատան, որ անհապաղ սլացավ օգնության, երբ իմ օգնականը՝ Օբիտոն, հաղորդեց նրան մարդկային դժբախտության մասին։ Պաատան դեռ շատ անգամներ կօգնի մարդկանց։ Իսկ հիմա, թող վերադառնա իր մահճակալը, և քնի խորը քնով։
-Իսկ ե՞ս։ Ես էլ եմ ուզում օգնել մարդկանց, — ասաց Նանուլկան, հենց ավարտեցի հեքիաթը։
-Մյուս անգամ գուցե Պաատան քեզ էլ կվերցնի, և դու կօգնես նրան այլ գործերում, — ասում եմ Նանուլկային։ Քեզ դուր եկա՞վ հեքիաթը։
Հաջորդ օրը՝ քնից առաջ, ես պատմեցի մի ուրիշ հեքիաթ այն մասին, թե ինչպես դու մատնեմատ Պոբիտոյի` Օբիտոյի երկրորդ եղբոր հետ ազատում ես Պրոմեթևսին։
Երրորդ օրը քեզ վերցնում է Ջիմշիտոն, որ դու մթերք և դեղորայք հասցնես այն մարդկանց, որոնք նավաբեկության են ենթարկվել ու հայտնվել անմարդաբնակ կղզում։ Միջնամատ Ջիմշիտոն Օբիտոյի երրորդ եղբայրն է։
Չորրորդ օրը դու պետք է տնկես կախարդական խնձորներ, որոնք բուժում են մարդկանց ցավերը։ Քո կողքին աշխատում է նաև ցուցամատ Խոսիտոն՝ Օբիտոյի չորրորդ եղբայրը։
Հինգերորդ օրը աջ ձեռքի ճկույթիկ Զաալը, Օբիտոյի հինգերորդ եղբայրը, ստուգում է քո դիմացկունությունը։
Վեցերորդ օրը․․․․և այլն, և այլն։
Հեքիաթները պատմելով՝ ես հաճախ ուղղակի դիմում էի քեզ․ «Դու ցավում ես թռչնակի համար», «Ես ինչպե՞ս կարող եմ բուժել քեզ, — հարցրիր դու։ Իսկ թռչունը պատասխանեց․ «Դու չուզեցիր այդպես վարվել, որովհետև հասկացար, թե դա ինչքա՜ն անազնիվ է։ Եվ դու մտածեցիր․ «Մարդը միշտ պետք է ազնիվ լինի»։ Դու լրջորեն բարկացար․ «Ինչպե՞ս եք համարձակվում նեղացնել փոքրիկին։ Չէ՞ որ նա անօգնական է»։ Եվ չնայած ուժերն անհավասար էին, դու նետվեցիր, որ օգնես թույլին չար ուժերից…»։ «Ինչո՞վ ուրախացնեմ մեր ծեր, բարի հարևանուհուն, որ ապրում է դժվար ու մարդկանց օգտակար կյանքով», — մտածեցիր դու։ Եվ սկսեցիր ամեն օր մտնել նրա մոտ, օգնել տնային գործերում, հաց ու կաթ բերել խանութից…»։
Իմ այդ հեքիաթները դու լսում էիր, երբ 7-8 տարեկան էիր։ Հետո դու ինքդ սկսեցիր հեքիաթներ հորինել ու երեկոները՝ քնից առաջ, պատմել քույրիկիդ։
Ի՞նչ եք մտածում դուք՝ մայրիկներ և հայրիկներ՝ հեքիաթների մասին։ Կարողանո՞ւմ եք հեքիաթներ հորինել ձեր երեխաների համար։ Իմ դիտարկումները փաստում են, որ երեխաները հեքիաթների խիստ կարիք են զգում։ Ո՛չ, խոսքն այն մասին չէ, թե հեքիաթները քիչ են, չնայած լավ հեքիաթներ ավելի ու ավելի շատ են հարկավոր։ Այլ այն մասին է, որ շատ մայրիկներ և հայրիկներ ձգտում չունեն երեխաներին հեքիաթով շրջապատելու։ Ինչո՞ւ։ Եթե որևէ մեկը կարծում է, որ գիտության և տեխնիկայի զարգացմամբ հեքիաթներն ավելորդ են դառնում երեխաների համար, այնքան էլ ճիշտ չէ։ Դա պարզապես թյուրըմբռնում է։ Թող ինքնաթիռներն ու հրթիռները թռչեն, բայց ինչպե՞ս կարող են նրանք փոխարինել կախարդական թռչող գորգերին։ Թող որ ամեն տանը գունավոր հեռուստացույց լինի, բայց ինչպես կարելի է այն համեմատել կախարդական հայելու հետ, որի մեջ նայելով՝ կարելի է տեսնել ողջ աշխարհը։
«Երեխաներին հեքիաթներո՞վ դաստիարակել», — կհարցնեք դուք։ Այո՛, հեքիաթներով։ Այսինքն՝ ոչ միայն հեքիաթներով, այլ նաև հեքիաթներով։ Հեքիաթները օդի նման անհրաժեշտ են երեխաներին, որովհետև խելացի, իմաստուն հեքիաթների միջոցով, անհավանական ու սովորական իրադարձություններով, երևակայական ու առօրեական հերոսներով, նրանք հասնում են կյանքի ճշմարտություններին։ Հեքիաթները օգնում են մեզ դաստիարակել երեխաների մեջ հոգու բարություն և խիզախություն, կենսախնդություն և ազնվություն, հույս ու նպատակասլացություն։ Հեքիաթները հեռու են պահում երեխաներին փառասիրությունից, եսասիրությունից ու վախկոտությունից։ Ոչ միայն հեռու են պահում, այլև ուղղորդում են նրանց պայքարելու մարդկության արատների դեմ։ Հեքիաթները կատարելագործում են մանուկների հոգիները ու մաքրում մեծերի հոգիները։
Եթե մայրիկներից ու հայրիկներից որևէ մեկը հեքիաթները պիտանի չի համարում իր երեխայի, երեխաների դաստիարակության գործում, ապա այդպիսի վերաբերմունքը… տգիտություն է (ներեցեք, խնդրում եմ, հազար անգամ, բայց այլ կերպ արտահայտվել չեմ կարող) դաստիարակության արվեստում։
Երեխաները չպետք է կտրվեն հեքիաթների աշխարհից, և այդ աշխարհը նրանց համար պետք է ստեղծեն մեծերը՝ մայրիկներն ու հայրիկները, տատիկներն ու պապիկները։
Ժամանակ չկա՞ երեխաներին հեքիաթ պատմելու։ Պետք է գտնել, անպայման պետք է գտնել։ Հատկապես երեկոները, երբ երեխան պառկում է քնելու, հենց այդ ժամանակ պետք է նստել նրա մահճակալիկի կողքին, անջատել լույսը և բարի կախարդի բարի ձայնով շշնջալ իմաստուն ու լավատեսական հեքիաթը։
Չե՞ք կարողանում հեքիաթ պատմել, դե ինչ, պետք է սովորել, դա դժվար չէ։ Երեխան ձեզնից չի պահանջում, որ դուք ձեր գեղարվեստական ընթերցմամբ դերասան դառնաք։ Դժվար գիտություն չէ երեխային հեքիաթ պատմելը։ Պարզապես մեղմացնում եք ձեր ձայնը, ձայնի մեջ դնում ձեր զգացմունքային վերաբերմունքը հերոսների նկատմամբ, պատմում ենք հեքիաթը դանդաղ ու շշուկով, և հավատացնում եմ ձեզ, դուք ձեր երեխայի համար կդառնաք ամենալավ հեքիաթասացը։
Հեքիաթ չգիտե՞ք։ Չի կարող պատահել։ Այդ դեպքում կարդացե՛ք ու հետո պատմե՛ք երեխաներին։ Հեքիաթները բավարար չեն, բայց դրանք շատ-շատ են։ Փնտրե՛ք և դուք ամեն քայափոխի կգտնե՛ք։ Մի՛ ամաչեք հեքիաթներ սովորելուց ձեր ընկերներից, հարևաններից։ Բացատրեք ձեր ընկերներին, հարևաններին ու ծանոթներին, թե ինչու և ինչ հեքիաթներ են ձեզ հարկավոր, և մարդիկ ուրախությամբ կպատմեն ձեզ իրենց հեքիաթները։
Դժվա՞ր է հեքիաթներ հավաքել։ Այդ դեպքում փորձեք ինքներդ հորինել։ Գուցե ստացվի։ Ցավալի է, որ ամեն մայրիկ, ամեն հայրիկ օժտված չէ Անդերսենի և Գրիմ եղբայրների ընդունակություններով։ Բայց հեքիաթները, որ կփորձեք ձեր երեխաների համար հորինել, նույնպես կգրավեն նրանց, միայն հարկավոր է կյանքի ճշմարտություններ և լավատեսություն դնել դրանց մեջ։
Ձեր հեքիաթների բովանդակությո՞ւնը։ Փնտրե՛ք դա ձեր մանկության հիշողություններում, փնտրե՛ք ամենօրյա աշխատանքում, մարդկանց հետ ձեր հարաբերություններում․ ձեր հեքիաթների հերոսներ դարձրե՛ք բարի մարդկանց, ում հետ շփվում եք, ում գիտեք։ Պատմե՛ք երեխաներին իրականության մասին որպես հեքիաթ։ Եվ նրանք ձեզ հանգիստ չեն տա․ «Էլի՛ հեքիաթ պատմիր, էլի՛»։ Եվ այս ամենը մանկավարժության լեզվով կնշանակի․ «Ես քո դաստիարակության կարիքն ունեմ։ Դաստիարակի՛ր ինձ, խնդրում եմ»։
Տղամարդկային խոսակցություն
Տղամարդկային խոսակցություն…
Ինչպես տղամարդը տղամարդու հետ…
Տղամարդկային խոսակցություն հոր և որդու միջև…
Այն մեր միջև վաղուց կա, և ես չեմ ուզում, որ երբևէ ավարտվի։
Երևի ես դա չեմ ուզում, որովհետև քո հասակ առնելու հետ ես ավելի շատ եմ զգում, որ այս զրույցը կենսական անհրաժեշտություն է դառնում ինձ համար։ Եվ քո տարիքային առանձնահատկությունները, տարեցտարի փոխվելով, ինչպես և իմը, պարզվում է, նույնպես փոխվելով տարիքի հետ, որոշում են մեր տղամարդկային խոսակցության էությունը։ Այդ էության աստիճանական փոփոխությունները իրականացվել են կախված նրանից, թե դու ինչպես ես մեծացել, դարձել պատանի, իսկ ես մտել եմ իմ կյանքի ամառն ու ավելի ու ավելի խորհել կյանքի փիլիսոփայության շուրջ։
Մի անգամ, երբ դեռ գտնվում էինք մեր փոխհարաբերությունների զարգացման միջին աստիճաններում, ես հանկարծ ուզեցի քեզ հետ փիլիսոփայել։ Ոտքով բարձրանալով իններորդ հարկ՝ մենք կանգ առանք հարթակում՝ մի փոքր շունչ քաշելու, և ես քեզ մի հանելուկ առաջարկեցի.
-Լսիր։ Ես մի հոգեվիճակում եմ, չգիտեմ մե՞ծ, թե՞ փոքր։ Այն մշտապես կորուստներ է կրում, միայն չգիտեմ՝ մե՞ծ, թե՞ փոքր։ Ես հավատում եմ, որ դրանք մարդկանց օգուտ են բերում, բայց դարձյալ չգիտեմ՝ մե՞ծ, թե՞ փոքր։ Ինչի՞ մասին եմ քեզ հետ խոսում։
Դու այն ժամանակ ասացիր․
-Քո հոգեվիճակը քո կյանքն է։ Դու աշխատում ես և դրանով օգտակար լինում մարդկանց։ Շատ պարզ է։
-Խնդիրը դա չէ։ Հանելուկի իմաստն այն է, որ պատասխանը գտնես՝ ինչո՞ւ եմ քեզ տվել։
Հետագայում մենք հաճախ էինք խոսում կյանքում մարդու առաքելության մասին, այն մասին, թե ով է ում ստեղծում․ մա՞րդն է կյանք ստեղծում, թե՞ կյանքը մարդուն, թե՞ նրանք երկուսն էլ ստեղծում են մեկը մեկին։ Եվ այն փիլիսոփայությունը, որ մենք միասին մշակեցինք և որպես մեր գործունեության հիմք ընդունեցինք, միաժամանակ ելակետ է ծառայել մեզ մեր զրույցներում։ Ես վերադառնում եմ մեր տղամարդկային խոսակցությանը, որ քիչ դեր չի խաղացել մեր կյանքում։
Ի՞նչ է նշանակում տղամարդկային խոսակցություն: Ինչո՞ւ է այն ինձ հարկավոր:
Ես չեմ կարող գովասանքի խոսքեր ասել տարբեր՝ բացատրական, թևավոր խոսքերի, հոմանիշների, դարձվածաբանական և այլ բառարաններ կազմողների հասցեին, որոնք այդպես լուռ շրջանցել են այդ երկու բառից կազմված գեղեցիկ և խորիմաստ դարձվածքը՝ «տղամարդկային խոսակցություն»:
Ո՞ր խոսակցության մասին կարելի է ասել, որ այն ամենաազնիվն է:
Տղամարդկայի՛ն խոսակցության մասին: Այն սկիզբ է առնում պարտքի զգացումի և Մարդուն օգնելու անհրաժեշտությունը գիտակցելու մաքրամաքուր հիմքի վրա, որպեսզի երևույթները այնպես տեսնես, ինչպիսին դրանք կան:
Ո՞ր խոսակցության մասին կարելի է ասել, որ այն խիստ անձնական է:
Տղամարդկայի՛ն խոսակցության մասին: Այն մաքրում է անճշտությունները մոլախոտից և բարեկամության զգացումը՝ բամբասանքներից, որոշակիացնում փոխհարաբերությունները, հեռացնում խոչընդոտները:
Ո՞ր խոսակցության մասին կարելի է ասել, որ այն կենսականորեն անհրաժեշտ է:
Դարձյա՛լ տղամարդկային խոսակցության մասին: Այն վճռական և սկզբունքային զրույց է: Այն անցնում է անտեսանելի թելերի միջով, որ միավորում է սրտերը և սահմանում ուղիղ հարաբերություններ մարդկանց միջև: Դրա համար էլ այն դժվար է և գուցե նաև ցավոտ:
Տղամարդկային խոսակցությունը հավասարների խոսակցություն է «փակ դռների» հետևում՝ առանց պաշտոնական հաղորդագրության, առանց հրապարակման: Այն կանխամտածված է սկիզբ առնում՝ նախապես մի քանի տասնյակ անգամ գլխում պտտվելով և ինկուբացիոն շրջան անցնելով:
Այն չի հանդուրժում օտար միջամտություն: Տանել չի կարողանում կեղծիքն ու սուտը:
Տղամարդկային խոսակցությունը խիստ և հրամայական խրատների ամբողջություն չէ: Դա հիշոցներ, կռիվ, բղավոցներ կամ ինքնասիրության սահմանափակում չէ:
Տղամարդկային խոսակցությունը գաղտնի բացահայտում չէ և ամբողջ կյանքում այն պահելու խոստում: Այն գործարք և դավադրություն չէ ուրշների հանդեպ:
Տղամարդկային խոսակցությունը հոգու մաքրում է և բարոյական վեհացում սեփական անձի նկատմամբ: Այն գաղտնիքների բացահայտում է, և նրանցից ինքնակատարելագործման միջոցների դուրսկորզում: Այն փոխհարաբերությունների ամրության ստուգատես է:
Մենք չենք սիրում վերադառնալ արդեն տեղի ունեցած տղամարդկային խոսակցության էությանը, չենք ձգտում միմյանց հիշեցնել դրա մասին: Բայց մեր պարտքն ենք համարում արդեն տեղի ունեցած տղամարդկային խոսակցությունից եզրահանգումներ անել մեր գործունեության համար և հետևել այդ եզրահանգումներից բխող պայմանավորվածությանը:
Այսպիսի տպավորություն է ձևավորվել իմ մեջ մեր տղամարդկային խոսակցությունների մասին:
Ես քեզ հետ այսպիսի խոսակցություններ ունեցել եմ գուցե այն պահից սկսած, երբ դու կարողանում էիր ինձ միայն պատասխանել քո միակ, բազմանշանակ բառով՝ «ըհը»:
Իրավունք ունե՞մ արդյոք ես բարձրաձայնելու մեր տղամարդկային խոսակցությունների գաղտնիքները, պատմելու դրանց զարգացման մասին, որոնք ավել շուտ վերաբերում էին մեր անձնական և մեզ շրջապատողների հանդեպ մեր միասնական համաձայնեցված հարաբերություններին:
Ես դրա իրավունքը չունեմ առանց քո համաձայնության: Ուստի քո թույտվությամբ կպատմեմ միայն մեր այն զրույցների մասին, որոնց շուրջ պայմանավորվել ենք:
Այդպիսի մի վաղ զրույց, որ մնացել է հիշողությանս մեջ, երբ դու չորրոդ դասարանում էիր: Դա մի այնպիսի ժամանակ է, երբ մեծերի հեղինակությունը դեռահասների աչքերում նվազում է: Նրանք հաճախ չեն ենթարկվում մեծերին, ապստամբում են, իրենց կամայական պահում:
Դու, բնականաբար, բացառություն չէիր: Եվ ահա զարգացման այդ մակարդակի վրա լինելով՝ կոպտեցիր մայրիկին. սկսեցիր գոռալ նրա վրա, որ նա թույլ չի տվել քեզ բակում խաղալու: Ես որոշեցի չխառնվել: Անհանգստացած մայրիկը լաց էր լինում: Ես, քեզ ոչ մի բառ չասելով, նույնպես մռայլված էի:
Այդ բախումից հետո անցավ մի քանի օր: Ամեն ինչ ետևում էր մնացել, ամեն ինչ մոռացվել էր և՛ մայրիկի, և՛ քո կողմից: Բայց այդ օրերին սկսեցի մտմտալ, թե ինչ ասեմ քեզ, որ մեր միջև տղամարդկային խոսակցությունը տեղի ունենա:
-Արի՛ գնանք զբոսայգի:- Դու զվարճանում էիր տանը և չէիր ուզում գնալ:
-Լսիր, ես քեզ հետ տղամարդկային խոսակցություն ունեմ, — ասացի ես քո ականջին և շատ լուրջ:
-Ինչի՞ մասին, — զգաստացար դու:
-Տանը չեմ կարող ասել: Արի, ավելի լավ է՝ դուրս գանք փողոց:
Դու արդեն գիտեիր, որ մեր տղամարդկային խոսակցությունը շատ լուրջ է լինելու: Ես նկատել էի. դու հպարտանում էիր, որ մեր միջև նման խոսակցություններ են լինում. Դրանցից հետո դու նկատելիորեն աճում էիր. քեզ վրա պարտականություն էիր վերցնում հոգալու հարազատների ու մտերիմների համար:
Ձմռան վերջն էր: Մոտենում էր քո ծննդյան օրը: Մենք քայլում էինք փողոցով՝ չհամարձակվելով սկսել խոսակցությունը:
-Լսիր, քանի՞ տարեկան ես դառնում մի քանի օրից:
-Տասը:
-Այո՛, հուսամ քո տարիքում դու կարող ես ինձ հասկանալ: Կարո՞ղ եմ անկեղծ լինել քեզ հետ:
-Այո՛:
Մենք մտանք զբոսայգի: Նստեցինք նստարանին: Ես նայում էի քո աչքերին և փորձում քեզ հետ խոսել այնպիսի ձայնով, որը կարեկցություն առաջացներ քո մեջ: Խոսում էի քեզ հետ այնպես, ինչպես կխոսեի ընկերջ հետ՝ վստահություն, խորհուրդ և օգնություն ակնկալելով:
-Տասը տարի առաջ ես սիրահարվեցի մի աղջկա: Շատ սիրահարվեցի: Ես խոստացա նրան, որ եթե նա ամուսնանա ինձ հետ, միշտ կսիրեմ նրան ու կպաշտպանեմ: Թույլ չեմ տա ոչ մեկին՝ վիրավորելու նրան: Դու հասկանում ես, չէ՞, թե ինչ է նշանակում սիրած աղջկան խոստում տալ:
Ես քեզ հնարավորություն էի տալիս հասկանալու իմ ասածները և հավատալու իմ անկեղծությանը: Դրա համար էլ խոսում էի դանդաղ՝ ընդգծելով յուրաքանչյուր արտահայտությունը.
-Ասա՛, խնդրում եմ, ինչ կասես այն մարդու մասին, որ խախտում է իր խոստումը:
-Նա վատ մարդ կլինի… Անազնիվ մարդ…Վախկոտի մեկը:
«Ճիշտ է: Ես համաձայն եմ քեզ հետ: Իսկ ի՞նչ ես կարծում, ի՞նչ կմտածի կինը իր խոստումը դրժող ամուսնու մասին:
-Երևի չի սիրի նրան:
-Ահա, ես խոստացել եմ քո մայրիկին՝ իմ ամենամտերիմ ընկերոջը, ում ես շատ եմ սիրում, պահել իմ խոստումը: Ի՞նչ կասես այդ մասին:
-Պետք է անպայման պահել խոստումը: Թե չէ ազնիվ չի լինի քո կողմից:
-Ով կնեղացնի նրան, ինձ հետ գործ կունենա: Չէ՞:
Դու համաձայնեցիր:
-Իսկ հիմա չգիտեմ՝ ինչպես վարվեմ որդուս հետ, որ վիրավորել է իմ սիրելի կնոջը: Դու շուտով տասը տարեկան կլինես: Դու պիտի ինձ խորհուրդ տաս: Կարո՞ղ եմ ես անպատիժ թողնել ցանկացած մարդու, ով էլ որ նա լինի, որ վիրավորել է իմ կյանքի ընկերոջը: Կարո՞ղ եմ ես ցանկացած արդարացում ընդունել մորը վիրավորած իմ որդուց: Պատասխանի՛ր, խնդրում եմ:
Դու լռում էիր:
-Ես էլ չեմ անի… Բայց դու կարող ես պատժել ինձ:
-Ես քեզ չեմ պատժի: Դու կարող ես ինքդ քեզ պատժել: Բայց ես ասում եմ քեզ, ինչպես տղամարդը տղամարդուն. չհամարձակվես նեղացնել իմ սիրելի մարդուն: Ես այլևս թույլ չեմ տա… Իսկ ավելի լավ կլինի, որ դու օգնես ինձ՝ պաշտպանելու մայրիկին, Նանուլկային և տատիկին… Պաշտպանես նրանց և հոգ տանես նրանց մասին: Առաջ մեր ընտանիքի տղամարդը միայն ես էի, հիմա մենք երկուսով ենք: Գնացինք տուն: Այլևս մեր միջև այսպիսի խոսակցություն չպիտի լինի:
Վերադարձին մենք լուռ էինք քայլում: Փողոցում մենք տեսանք մի կնոջ, որ առաջին ձնծաղիկներն էր վաճառում: Մենք մեկական փունջ գնեցինք մայրիկին, տատիկին և Նանուլկային: Դու նվիրեցիր ծաղիկները և համբուրեցիր նրանց այտերը:
Այս տղամարդկային խոսակցությանը մենք իսկապես այլևս չվերադարձանք: Մենք երկուսս էլ օգնեցինք միմյանց, որ այլևս այդ մասին չխոսենք:
Չնայած՝ ո՛չ:
Հենց վերջերս հակառակը տեղի ունեցավ: Ես պատրաստվում էի՝ անցնելու այլ աշխատանքի: Մայրիկը հակառակվում էր: Այդ հողի վրա մենք վիճեցինք (հասկանալի է, շատ քաղաքավարի): Մայրիկը շատ ծանր տարավ այդ ամենը: Մթնոլորտը ընտանիքում լարված էր: Ես փակվել էի իմ սենյակում և ոչ մեկի հետ չէի ուզում խոսել: Այսպես մի քանի օր ձգվեց:
-Կարելի՞ է:- Դու մտար իմ սենյակ: -Ուզում եմ գիրք վերցնել:
Բայց գիրքը դու չէիր գտնում. իրականում քեզ ոչ թե գիրք էր հարկավոր, այլ խոսակցություն ինձ հետ: Դու ինքդ էիր ուզում տղամարդկային խոսակցություն սկսել: Ես դա միանգամից զգացի, որովհետև տեսա, թե ինչպես էին քո ձեռքից գրքերը վայր ընկնում:
-Ես քեզ բան եմ ուզում ասել:- Դու խորը շնչում էիր, հուզվում: Ես չէի պատասխանում:
-Սա իմ տղամարդկային խոսակցությունն է քեզ հետ… Դու դեռ ինչքա՞ն պիտի նեղացանես մայրիկին: Չէ՞ որ նա ճիշտ է:
-Իսկ ինչո՞ւմ է նա ճիշտ: Ինչի՞ց է նեղանում:
-Ես ուղիղ կասեմ: Նա ուզում է, որ դու հաղթահարես աշխատավայրի դժվարությունները, այլ ոչ թե փախչես դրանցից: Նա, իհարկե, ճիշտ է: Ես համաձայն եմ մայրիկի հետ: Դու ավելի լավ է՝ հենց հիմա վեր կենաս ու գնաս՝ ներողություն խնդրելու նրանից: Թո՛ղ, խնդրում եմ, նոր աշխատանք գտնելու այդ միտքը:
Ես ուրախ էի:
Դու քարը սրտիցս գցեցիր: Իհարկե, ես իզուր էի պատրաստվում թողնել իմ աշխատանքային ընկերներին: Հետո՞ ինչ, որ դժվարություններ կան: Մի՞թե ես ինքս չեմ սովորեցրել քեզ չվախենալ դժվարություններից:
Ես նայում էի քեզ և ուրախանում: Ես որդի ունեմ: Նա ինձ հետ տղամարդկային խոսակցություն է վարում: Նշանակում է՝ նա ինձ ընկեր ու գործընկեր է դառնում:
Իմ որդին իմ ընկերն ու գործընկերն է:
-Լա՛վ, համաձայն եմ:
Վեր եմ կենում և պատրաստվում ներողություն խնդրել բոլորից՝ և՛ մայրիկից, և՛ տատիկից, և՛ քույրիկից, և՛ քեզնից նույնպես: Ուզում եմ ներողություն խնդրել նրա համար, որ մեր փոքրիկ բնակարանում վերջին երեք-չորս օրերին իմ պատճառով քիչ էր մնում՝ ժամանակը կանգ առներ:
Դու ինձ զգուշացնում ես.
-Լսի՛ր, հայրիկ, ես չեմ ուզում, որ դու այսուհետև նեղացնես մայրիկին: Ես խնդրում եմ քեզ:
Իմ որդին իմ ընկերն ու գործընկերն է:
-Լա՛վ, որդի՛ս: Այդպես էլ կլինի:
Մեր տղամարդկային խոսակցությունները, որոնք վարում էինք ոչ այնքան հաճախ, ընկերացրին մեզ: Առաջ ես փորձում էի քեզ ճանաչել հիմնականում իմ միջոցով: Բայց դու օգնեցիր ինձ, այդ տղամարդկային խոսակցությունները «փակ դռների» հետևում օգնեցին ինձ քեզ տեսնելու անմիջականորեն, տեսնելու քեզ այնպիսին, ինչպիսի անհատականություն որ դու դառնում էիր տարբեր ժամանակաշրջաններում:
Տղամարդկային խոսակցությունները սովորեցրին մեզ վստահել միմյանց, լինել անկեղծ ու արդարամիտ: Նրանք օգնեցին ավելի խորը ճանաչելու ինքս ինձ, իմ կարգավիճակը մեր հարաբերություններում և իմ պատասխանատվությունը հասարակության առաջ:
Ու եթե ես այստեղ չկարողացա ավելի լիարժեք վեր հանել մեր տղամարդկային խոսակցությունների էությունը, ապա միայն այն պարզ պատճառով, որ իրավունք չունեմ հրապարակելու դրանք: Մենք շատ բան բացահայտել ու ապա վստահել ենք միմյանց, և թող ամեն մի հայր փորձի այդ ճանապարհով հասկանալ մեզ՝ ճանաչելով տղամարդկային խոսակցությունների էությունը իր որդու հետ ընկերություն անելիս:
- Բացվել է 957 անգամ