Մակտուբ
Primary tabs
Ուսուցիչն ասաց.
- Դու պատրաստ չես փնտրելու Աստծո բացատրությունը: Դու կարող ես լսել գեղեցիկ բառեր, բայց դրանք հիմնականում դատարկ բառեր են: Այդպես էլ դու կարող ես սիրո մասին մի ամբողջ հանրագիտարան կարդալ՝ չիմանալով, թե ինչ է սերը: Ոչ ոք երբեք չի կարող ապացուցել, որ Աստված գոյություն ունի: Կյանքում որոշակի բաներ պարզապես պետք է զգացվեն և երբեք չբացատրվեն: Սերը մի բան է: Աստված, որ սեր է, նույնպես այդպիսի բան է: Հավատը մանկության փորձառությունն է հենց այնպիսի մոգական իմաստով, ինչպիսին մեզ սովորեցնում է Հիսուսը. «Երեխաները Աստծո արքայությունն են: Աստված երբեք քո գլուխը չի մտնի: Դուռը, որ օգտագործում է նա, քո սիրտն է»:
Աբբահայրն ասում է, որ աբբահայր Ջուզեպպեն այնքան շատ է աղոթել, որ դադարել է անհանգստանալ որևէ բանի համար. ասել է թե, նրա բոլոր կրքերը հաղթահարված են: Այս խոսքերը հասան Սցետի մենաստանի իմաստուններից մեկի ականջին, ով հավաքել էր իր բոլոր աշակերտներին երեկոյան ընթրիքից հետո:
- Դուք լսեցիք, որ ասվեց, թե աբբահայր Ջուզեպեն այլևս գայթակղություններ չունի, որ պայքարի դրանց դեմ,- ասաց նա:- Պայքարի պակասից հոգին թուլանում է: Եկեք խնդրենք Աստծուն, որ աբբահայր Ջուզեպպեին մի հզոր գայթակղություն ուղարկի: Ու եթե նա ընդունակ լինի այդ գայթակղության առաջն առնելու, մենք կխնդրենք մեկ ուրիշը, և այդպես շարունակ: Եվ երբ նա կսկսի պայքարել գայթակղության դեմ, մենք կաղոթենք, որ նա երբեք չասի. «Աստված, հեռացրու այս սատանային»: Մենք կաղոթենք, որ դրա փոխարեն նա խնդրի. «Աստված, ինձ ուժ տուր՝ հաղթելու չարին» :
Օրվա մեջ կա մի պահ՝ երեկոյան ժամը, երբ տեսանելիությունը դժվարանում է։ Լույսն ու խավարը խառնվում են, և ոչինչ միանգամայն լուսավոր չէ, միանգամայն խավար չէ:Շատ հոգևոր ավանդույթներում այդ պահը սուրբ է համարվում: Կաթոլիկական սովորույթը ուսուցանում է մեզ, որ երեկոյան ժամը վեցին մենք պետք է ասենք՝ «Ողջույն Մարիամ»: Ինկերի սովորության համաձայն՝ եթե մենք կեսօրին հանդիպում ենք մեր բարեկամին և մնում նրա հետ մինչև երեկո, պետք է ամեն ինչ նորից սկսենք՝ «Բարի երեկո» ասելովնրան։ Աղջամուղջին ստուգվում է մարդու և մոլորակի միջև եղած հավասարակշռությունը: Աստված խառնում է մութն ու լույսը, որպեսզի տեսնի՝ Երկիր մոլորակն այդքան խիզախություն ունի արդյոք պտտվելու: Եթե Երկիրը մթությունից վախեցած չէ, գիշերը նահանջում է. հաջորդ օրը դարձյալ շողում է արևը:
Գերմանացի փիլիսոփա Շոպենհաուերը քայլում էր Դրեզդենի փողոցներով՝ փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանը: Անցնելով lհրապարակով՝ նա որոշում է մի քիչ նստել և նայել ծաղիկներին: Այդ տարածքի բնակիչներից մեկը հետևում էր փիլիսոփայի տարօրինակ պահվածքին և ոստիկան է կանչում: Մի քանի րոպե անց սպան մոտենում է Շոպենհաուերին:
- Ո՞վ ես դու,- կոպտորեն հարցնում է նա:
Շոպենհաուերը ոտքից գլուխ չափում է ոստիկանին և ասում.
- Եթե Դուք կարողանաք օգնել ինձ՝ գտնելու այդ հարցի պատասխանը, ես հավետ շնորհակալ կլինեմ Ձեզ:
Իմաստնություն փնտրող մարդը որոշեց լեռը բարձրանալ, քանի որ նրան ասել էին, որ Աստված հայտնվում է այնտեղ ամեն երկու տարին մեկ: Իր այնտեղ եղած առաջին տարվա ընթացքում նա կերավ այն ամենն, ինչ հողը կարող էր առաջարկել: Ի վերջո ուտելիքն սպառվեց, և նա ստիպված էր վերադառնալ քաղաք:
- Աստված անազնիվ է,- բացականչեց նա: - Մի՞թե չգիտեր, որ ես մի ամբողջ տարի սպասում էի, որ լսեմ Իր ձայնը: Ես քաղցած եմ և պետք է վերադառնամ քաղաք:
Այդ պահին հայտնվեց հրեշտակը։
- Աստված շատ է ուզում խոսել քեզ հետ,- ասաց հրեշտակը։
- Ամբողջ տարին Նա կերակրեց քեզ: Նա հուսով էր, որ դրանից հետո դու ինքդ կսկսես արտադրել քո ուտելիքը: Էլ ի՞նչ ես ուզում: Եթե մարդը ի վիճակի չէ պտուղ աճեցնելու իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո հետ:
Մարդիկ ասում են.
-Ուրեմն՝ մարդու ազատությունը ստրկության իր նախընտրած տեսակի ընտրության մեջ է: Ես աշխատում եմ ութ ժամ, և եթե պարգևատրություն ստանամ, կաշխատեմ տասներկու ժամ: Ես ամուսնացել եմ և արդեն ինձ համար ժամանակ չունեմ: Ես փնտրում էի Աստծուն և այժմ պետք է հաճախեմ պաշտամունքային հավաքների, մեսսաների և այլ կրոնական արարողությունների: Այն, ինչ կարևոր է կյանքում՝ սեր, աշխատանք, հավատ, անհետանում է՝ վերածվելով ծանր բեռան, որը շատ դժվար է տանել: Ուսուցիչ ասում է.
- Միայն սերն է մեզ փախուստի հնարավորություն տալիս: Միայն սերն է ստրկությունը վերածում ազատության: Եթե մենք չենք կարող սիրել, ավելի լավ է կանգ առնենք: Հիսուսն ասում է. «Ավելի լավ է՝ մի աչքից կույր լինենք, քան մեր ամբողջ մարմինը ոչնչանա խավարի մեջ»: Դաժան է ասված: Բայց ճշմարտություն է:
Ճգնավոր մեկը մի ամբողջ տարի պաս էր պահում և սնունդ էր ընդունում շաբաթը միայն մի անգամ: Այդ զոհողությունից հետո նա խնդրեց Աստծուն՝ բացատրել իրեն Աստվածաշնչի կոնկրետ մի գլխի ճշմարիտ իմաստը: Ի պատասխան նա ոչինչ չլսեց:
- Ժամանակի ինչպիսի՜ կորուստ,- ինքն իրեն ասաց ճգնավորը:- Ես այնքան շատ բան տվեցի, իսկ Աստված անգամ չպատասխանեց: Ավելի լավ է՝ թողնեմ այս փորձերը և գտնեմ մի հոգևորականի, ով գիտի գլխի իմաստը:
Այդ պահին հայտնվեց հրեշտակը և ասաց.
-Տասներկուամսյա քո պասը նրա համար էր, որ ստիպեր քեզ հավատալու, թե դու ավելին ես, քան մյուսները, և Աստված դատարկ մարդուն չի պատասխանում: Բայց երբ դու համակերպվեցիր և սկսեցիր ուրիշի օգնությունը փնտրել, Աստված ուղարկեց ինձ:
Եվ հրեշտակը բացատրեց այն, ինչ նա ուզում էր:
Ուսուցիչն ասում է.
-Բացատրեմ ձեզ, թե ինչպես են ձևավորվել մի շարք բառեր, որպեսզի պարզ լինեն դրանց իմաստները: Վերցնենք «preoccupation» («մտահոգություն») բառը: Այն կարող է բաժանվել ՝ «pre» և «occupation» մասերի: Դա նշանակում է քեզ զբաղեցնել մի հոգսով, նախքան դրա կարիքը լինելը: Դա նշանակում է հոգալ մի բանի մասին, որը դեռ չի պատահել։ Ողջ տիեզերքում ո՞վ ունի այնպիսի ունակություն, որ իր համար հոգս ստեղծի, այն,ինչը դեռ չի պատահել: Երբեք մի´ մտահոգվեք: Ուշադի´ր եղեք ձեր բախտի և ձեր ուղու հանդեպ: Սովորե´ք ամեն ինչ, որ ձեզ պետք է իմանալ, որպեսզի տիրապետեք ձեզ վստահված փայլատակող թրին: Ուշադրությո´ւն դարձրեք, թե ինչպես են կռվում ձեր ընկերները, ձեր ուսուցիչները և ձեր թշնամիները: Բավարար չափով մարզվե´ք, բայց սարսափելի սխալներ մի´ գործեք՝ ենթադրելով, թե դուք գիտեք՝ ինչպիսի հարված է մտադիր հասցնել ձեզ ձեր հակառակորդը:
Սկսվում է ուրբաթը, Դուք գնում եք տուն, վերցնում լրագրերը, որոնք ի վիճակի չեք եղել շաբաթվա ընթացքում կարդալու: Առանց ձայնի միացնում եք հեռուստացույցը: Դնում եք ձայներիզը: Վերցնում եք հեռակառավարման վահանակը, որպեսզի մի ալիքից մյուսը փոխեք, միաժամանակ փորձում եք թերթել լրագրերի էջերը և երաժշտություն լսել: Թերթերում ոչ մի նորություն չկա, հեռուստացույցով ծրագրերը կրկնվում են, իսկ ձայներիզն արդեն մի հարյուր անգամ լսել եք: Ձեր կինը զբաղված է երեխաներով՝ զոհելով իր երիտասարդ տարիները, առանց հասկանալու, թե ինչու է այդպես վարվում: Դուք տարվում եք այն գայթակղությամբ, թե երևի դա է կյանքի ուղին: Ո´չ, դա չէ կյանքի ճանապարհը: Կյանքը ոգևորություն է: Փորձեք հիշել, թե Դուք որտեղ եք թաքցրել Ձեր ոգևորությունը: Վերցրեք Ձեր կնոջն ու երեխաներին և նորից գտե´ք այն, քանի դեռ ուշ չէ: Սերը երբեք ոչ ոքի ետ չի պահել սեփական երազանքների իրագործումից:
Ծննդյան տոների նախաշեմին ճանապարհորդը և նրա կինը ամփոփում էին ավարտին մոտեցող տարին: Պիրենեյան գյուղակի միակ ռեստորանում՝ ընթրիքի սեղանի շուրջ, ճամփորդը բողոքում էր, որ չի գնացել այն ուղով, որով պիտի գնար իր կարծիքով: Կինը ակնդետ նայում էր ռեստորանը զարդարող Սուրբ Ծննդյան տոնածառին: Ճանապարհորդը մտածեց, որ կինն էլ տարված չէ զրույցով, և փոխեց թեման:
- Տոնածառի լամպերը հրաշալի են, չէ՞:
- Այո´, այդպես է,- պատասխանեց կինը:- Բայց եթե դու ուշադիր նայես, կտեսնես, որ մի փունջ լամպերի մեջ կա մեկը, որ վառված է: Ինձ թվում է՝ փոխանակ շնորհակալությամբ ու շողշողացող փունջ լամպերի տեսանկյունից նայես անցնող տարվան, դու կենտրոնացել ես այն միակ լամպի վրա, որը չի լուսավորում:
-Նայի´ր փողոցն անցնող այս համեստ, սուրբ մարդուն,- ասաց սատանան մի ուրիշ սատանայի: - Ես մտադիր եմ՝ գնամ ու գրավեմ նրա սիրտը:
-Նա չի լսի քեզ, քանի որ մտազբաղ է սուրբ բաների շուրջ,- ասաց նրա գործընկերը: Բայց սատանան, իր սատանայական սովորական շտապողականությամբ, Գաբրիել հրեշտակապետի կերպարանքով հայտնվեց սուրբ մարդու առջև:
-Ես եկել եմ օգնելու քեզ,- ասաց նա:
- Դուք հավանաբար ինձ շփոթել եք ուրիշի հետ,- պատասխանեց սուրբը:- Ես իմ կյանքում ոչինչ չեմ արել, որպեսզի արժանանամ հրեշտակի ուշադրությանը:
Եվ նա շարունակեց իր ճամփան՝ չիմանալով անգամ, թե ինչից է հրաժարվել:
- Բացվել է 2722 անգամ