Խիզախելու կարողություն
Primary tabs
«Անդին» ամսագրի պատվերով
Ջանի Ռոդարի մանկագիրն իմ բարեկամն է մանկավարժական աշխատանքի ամենասկզբից՝ 1980-ից: Նրա այս տողերով պիտի սկսեմ «Անդին»-ին տված խոստումս. «Մարքսն ուտոպիստ չէր, հզոր երևակայություն ուներ: Այսօր էլ դպրոցի վաղվա օրը տեսնելու համար ոչ փոքր երևակայություն է հարկավոր՝ պատկերացնելու համար, թե այդ «ժամային ուղղիչ տան» պատերն ինչպես են փուլ գալու»: Սա Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գրքում է, որի հայերենը, համեցեք, կարդացեք մեր մեդիագրադրանում։
Բոլորի բոլոր ջանքերն առ այսօր ուղղված են ահա այս, մեղմ ասենք, սպառողի կամ պարազիտության դպրոցի նորոգմանը, վերարտադրությանը` Իտալիայում, Խորհրդային Միությունում թե, ավա˜ղ, այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ես մի էական հարցադրում եմ արել և պաշտպանում` սպառողների դպրոցը մեռած է. նոր, կենդանի է այն դպրոցը, որտեղ սովորողը մշակույթը և այլ արժեքներ «սպառողը» չէ, այլ արարողը։ Այո, երևակայություն, ստեղծականություն և իհարկե… խիզախելու կարողություն։ Ահա և մեր հեղինակային դպրոցի «այբֆեն»։ Հետաքրքրվողներին և «Անդին»-ի ընթերցողին հարգելով` օրինակներով խոսեմ, քանզի մի օրինակը լավ է, քան տրակտատը։
Երբ կարողացանք խիզախել ու «հանգստի» ուղարկել կրթահամալիրի նախակրթարանների բոլոր 220 մահճակալները, ու մեր արհեստագործականի պատրաստած ներքնակները հայտնվեցին դրանց փոխարեն, դաստիարակն ու դայակը հայտնվեցին ճիշտ տեղում՝ երկրորդ պլանից հսկողի, որ որևէ մեկը ոտնձգություն չգործի մանկան ինքնուրույնության վրա. այն ազատության աստիճանն է: Երբ այդ նույն՝ ազատագրված տարածքում հայտնվեց ինտերնետն ու պրոեկտորը, ահա այդ հսկումն իրականացնողներն ունեցան ստեղծագործ աշխատանքի վահանակը, որ մանկան գործունեության մեջ գլխավորը լիներ համատեղ ստեղծական կյանքը: «Ստեղծագործելը` առաջին տեղում»: Լսեցի՞ք` պիտի խիզախես միշտ, ինքնահաստատվես, որ կարողանաս ձանձրալի չլինել, որ հետաքրքիր լինես սովորողին` սկսած երկու տարեկանից…
Այլ օրինակ բերեմ։ Մենք կարողացանք համոզել «Սահակյանշին» կազմակերպությանը, որ կրթահամալիրի բոլոր դպրոցների բակերից տանի շենքի չորսբոլորը բռնած, մեր հողը խորհրդային շրջանում զավթած տասյնակ հազար քառակուսի մետր ասֆալտը: Ու երբ ասֆալտաքանդ-ազատարար տեխնիկան մտել էր դպրոցների տարածք, խիզախեցինք չնահանջելու չափ: Հիմա մենք բոլորս դրսևորում ենք (պիտի կարողանանք դրսևորել) պարտեզ հիմնելու մեր ընդունակությունը, որն անպայման ստեղծական, համերաշխ և ուսումնական աշխատանք է։
Իսկ վախերն ամենուր են, ծնողների, ուսուցիչների ու տարբեր մեծահասակների մեջ, ովքեր հասարակություն են կազմում, և «դպրոց» կոչված մանկական գաղութից վախի տեսքով հաստատվում են սովորողի մեջ։ Չխիզախես՝ չես կարող… Չի կարող դա անել ճամպրուկները հավաքած մարդը. չի խիզախել, որ հանգել է ճամպրուկ հավաքելուն: Ճամպրուկը հավաքած մարդու դպրոցը և նրա մանկավարժությունը այնքան տեսանելի է, որ կա´մ կույր-համր պիտի լինես այն չտեսնելու-չարձանագրելու համար, կա´մ վախկոտ: Խիզախումն էլ տեսանելի է, ամենահաս, ամենազոր մեդիայի շնորհիվ. ահա, օրինակ` «Ինձ վերապահելով մի շարք իրավունքներ, հաշվի չառնելով թարգմանության գրեթե ոչ մի պահանջ, միախառնելով իմացածս լեզուների տված բոլոր հնարավորությունները, բացարձակ չտիրապետելով գերմաներենին, համոզված լինելով, որ անմահ Գյոթեի հետ միևնույն է ոչինչ չի պատահի՝ թարգմանել եմ նրա «Լերանց շարքերը…», գրում է 10-րդ դասարանցի Թամար Ստեփանյանը… Էլի օրինակներ տեսեք մեր սովորողների և ուսուցիչների բլոգներում` դաստիարակի, դասվարի, ուսուցչի, 6-րդ դասարանցու, 8-րդ դասարանցու, 10-րդ դասարանցու… Խիզախության զորակցումը պիտի կրթական խնդիր դառնա, այլապես այս վիճակը, որից կարծեմ, բոլորս ենք դժգոհ, եկար կտիրապետի։
Արզական գյուղի դպրոցն իր համայնքով պիտի խիզախի ու 10-12-րդ դարերի Նեղուցի վանքը, որ խոնարհված է (Դու, յոթնապատիկ խոցված Տիրամայր) բերի կրթական ծրագիր… Սպիտակի Հարթագյուղի դպրոցն իր համայնքով պիտի վերջապես սկսի որպես գլխավոր ուսումնական նախագիծ` հավաքել 25-ամյա վաղեմության երկրաշարժի փլատակները, որ թույլ չտա իր հուշարձանները… գերեզման դարձնել: Դրա համար պետք է հասարակական գիտակցումը, որ կրթությունը` որպես սովորողի ժամանակի (կյանքի), ջանքերի, պետական ու անհատական դրամական միջոցների ներդրում, արդարացվում կամ իմաստ է ստանում, երբ մարդ դառնում է կարող` փոխում է իր կյանքը, իրագործվում։ Կրթական ծրագիրը չի կարող ակնհայտ չլինել. գո՞հ եք ձեր այսօրվա կյանքից, գոհ եղեք դպրոցից։ Պետք է դպրոց-ուղղիչ տան պարիսպները ներսից ու դրսից փլուզվեն, որ սովորողի իրական կյանքը գյուղում թե քաղաքում որպես առարկա ուսումնասիրվի` իր ողջ բազմազանությամբ, բոլոր տեսանկյուններից։ Ինչպե՞ս ապրել ու աշխատել միասին` սովորողներով և ուսուցիչներով, ծնողներով և այլ մեծահասակներով ու հասակակիցներով, միասին իրական կյանքի խնդիրները սովորել ու լուծել… Սրանք մեզ համար դատարկ խոսքեր չեն. ինչպես երգում` «հենց այսպես էլ ապրում ենք» մեր «Մխիթար Սեբաստացի» կրթական աշխարհում…