Ուղղակի հիշեք այս հարցերը, դրանք ձեզ կօգնեն
Primary tabs
Մանկավարժական գործունեությանս ընթացքում հաճախ եմ կարդացել և կարդում եմ տարբեր մանկավարժների գրքեր, հոդվածներ…. բայց ուզում եմ խոստովանել, որ երբ ինձ համար դժվար է լինում կամ ինչ-որ բան խանգարում է, միակ հարազատ մանկավարժն ինձ համար Շալվա Ամոնաշվիլին է: Կարդում եմ և ունեմ անհանգստացնող հարցերիս պատասխանները, կարդում եմ, և վերադառնում է ժպիտս, նորից թագավորում է ՍԵՐԸ: Ուզում եմ ընթերցողներիս ներկայացնել վերջին կարդածացս. ծաղկաքաղ եմ արել ու թարգմանել ռուսերենից, գուցե և ծանոթ է, հոգ չէ, կարող եք էլի կարդալ, հաստատ վնաս չի տա:
Շալվա Ամոնաշվիլի
«Դասն այն է, երբ երեխան լույս է քաղում»
Ուզում եմ մի քանի հարց տալ ձեզ: Ես դրանց պատասխանները չեմ պահանջելու: Ուղղակի հիշեք այս հարցերը, դրանք ձեզ կօգնեն:
1. Դուք ունե՞ք, հենց դուք, որևէ փիլիսոփայական պատկերացում երեխայի մասին:
2. Ինչպիսի՞ ուսուցիչ եք դուք: Անձամբ դուք՝ դաստիարակ, դասղեկ, ղեկավար:
Ազդեցիկ, հեղինակավոր, պահանջկոտ, խիստ, արդար, մարդասեր, դեմոկրատական, բարի, ուրախ, կոպիտ, ոգեշնչող, գուցե դուք ունեք այլ բնութագիր ինքներդ ձեր մասին:
3. Կա ուսուցչի երեք տիպ: Նրանք, ովքեր բացատրում են, նրանք, ովքեր տրտնջում են, նրանք, ովքեր ոգեշնչում են: Ո՞ր տիպին եք դուք պատկանում, բարձրաձայն ոչ մեկին մի ասեք, դա ձեր գաղտնիքն է:
4. Դուք ձգտո՞ւմ եք նոր փորձառության:
5. Ո՞ւմ առջև եք դուք պատասխանատու զգում ձեր աշխատանքի համար: Գուցե երեխաների, նրանց ճակատագրի՞, գուցե մարդկութա՞ն առաջ, կամ պետությա՞ն, կամ էլ նախագահի՞. միգուցե ձեր տնօրենի՞:
Գուցե մեկնումեկն էլ ասի. «Ես պատասխանատվություն եմ զգում Աստծո առաջ, մնացածը՝ միջանկյալ բաներ են»:
Ես մի մեծ միտք կասեմ, թող այն ուղեկցի Ձեզ: Այն վերցված է Նոր Կտակարանից: Ես կարդում, սիրում, ուսումնասիրում և գնահատում եմ Ավետարանը, իսկ Նոր Կտակարանում խորը և հանգամանալից ներկայացված է երեխայի կերպարը:
Հիսուսի աշակերտները հաճախ հարցնում էին. «Ինչպե՞ս է լինելու երկնքի արքայությունում: Ո՞վ է նստելու քո ոտքերի մոտ, ովքեր են լինելու քո աջ և ձախ կողմերին»: Մի խոսքով՝ նրանք մարդիկ էին, որ ցանկանում էին իմանալ, թե ո՞վ է լինելու վերևում, ո՞վ ներքևում:
Հիսուսը կանչելով մի երեխայի և կանգնեցնելով նրանց առաջ՝ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ եթե չդիմեք և չլինեք երեխայի պես, չեք մտնի երկնքի արքայություն: Ով կաղոթի, ինչպես այս երեխան, նա է մոտ երկնքի արքայությանը: Ով կընդունի այսպիսի մի երեխայի հանուն ինձ, նա ինձ է ընդունում»:
Տեսնում եք՝ ինչ հետաքրքիր է, ես մտնում եմ դասարան, որտեղ 30 աշակերտ կա, և ես յուրաքանչյուրին ընդունում եմ Նրա Անունից: Ուրեմն ո՞վ է այդ երեխաներից յուրաքանչյուրը՝ փոքրիկ Հիսուսներ և Մարիաներ, որ նստած են իմ առջև: Կարո՞ղ եմ ես իմ գիտակցությունն այնքան բարձրացնել, որ ընդունեմ նրանց այդպիսին: Թե՞ նրանք այն երեխաներն են, որ ազդում են իմ նյարդերի վրա՝ սովորում են-չեն սովորում, ուզում են-չեն ուզում, պահում են-չեն պահում իրենց ինչպես հարկն է:
Եվ այսպես՝ մենք կարո՞ղ ենք մեր գիտակցությունն այնքան բարձրացնել, որ ընդունենք յուրաքանչյուր երեխայի հանուն Քրիստոսի: Օ՜հ, ինչ դժվար առաջադրանք է:
Գիտե՞ք, թե քանի երեխա է անտեսված, կանցնեն տարիներ, ի՞նչ կլինի նրանց հետ, որտեղի՞ց ճարենք այդքան Մակարենկո, որ նրանց խելքի բերի… Մարդիկ չեն ցանկանում Մակարենկո լինել, նրանք խղճում են իրենք իրենց:
Աղբյուրը՝ www.myudm.ru
- Բացվել է 24322 անգամ