Մակտուբ

Հեղինակ: 

Սկիզբը

Ուսուցիչն ասաց.

-Մեկ մարդու ճակատագիրն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Բոլորովին: Այն կարող է բերել անգամ ինչ-որ վտանգավոր գործողության: Երբ ինչ-որ բան ենք ուզում, մենք մեր ցանկության մեջ մի քիչ հզոր էներգիա ենք դնում և այլևս ընդունակ չենք մեզանից թաքցնելու մեր կյանքի իսկական իմաստը: Երբ մենք ինչ-որ բան ենք ուզում, ընտրություն ենք կատարում և ճիշտ գին ենք վճարում դրա համար: Երազանքի հետևից գնալու համար պետք է ճիշտ գին վճարես: Հնարավոր է՝ պահանջվի, որ մենք հրաժարվենք մեր հին սովորություններից, հնարավոր է՝ խնդիրներ ունենանք և հիասթափություններ ապրենք: Բայց անկախ նրանից, թե որքան բարձր է հատուցման գինը, չի կարող այնքան բարձր լինել, որքան մենք վճարում ենք. չենք կարող ապրել մեր անձնական կյանքով: Որովհետև մի օր մենք հետ կնայենք և կտեսնենք այն ամենը, ինչ արել ենք և կլսենք մեր սեփական սրտի ձայնը. ‹‹Ես իմ կյանքն անիմաստ ապրեցի››: Հավատացե՛ք ինձ՝ սա ամենավատթար արտահայտությունն է, որ դուք երբևէ կարող եք լսել:

Մի ուսուցիչ հարյուրավոր աշակերտ ուներ: Ամեն հարմար պահի նրանք աղոթում էին՝ բացի մեկից, ով հարբեցողի մեկն էր: Իր մահվան օրը ուսուցիչը կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իրենց խորհրդի բոլոր գաղտնիքները: Մյուս աշակերտներն ընդվզեցին:

-Ի՜նչ ամոթ է: Մենք հանուն ուսուցչի ամեն ինչ զոհաբերեցինք, բայց նա ընդունակ չեղավ գնահատելու մեր որակները, - ասացին նրանք:

Ուսուցիչն ասաց.

-Ես պարտավոր էի փոխանցել այդ գաղտնիքները այնպիսի մարդու, ում լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը: Այնպես որ, ես ընտրել եմ այն աշակերտին, ում թերությունը կարողացել եմ տեսնել՝ հարբեցողին:

Ցիստերցիական մի հոգևորական՝ Մարկուս Գարսիան, ասել է.

-Երբեմն Աստված որոշակի նախանշաններ կրկնում է նրա համար, որպեսզի օգնի մարդուն՝ իրեն լավ հասկանալու: Աստված գիտե, թե Ինքը մինչև որ սահմանը կարող է փորձել մարդկային հոգին և այդ սահմանը երբեք չի անցնում: Այդ պահերին մենք երբևէ չենք ասում. «Աստված լքել է ինձ»: Եթե Աստված մեզ փորձության է ենթարկում, ապա Նա մեզ միշտ ապահովում է իր բարության բավարար քանակով, նույնիսկ հնարավոր է՝ ավելին, քան բավական է, որպեսզի անցնենք փորձությունը: Երբ մենք մեզ Նրանից հեռու ենք զգում, պետք է մեզ հարցնենք. «Հասկանո՞ւմ ենք արդյոք , թե ինչպես պիտի օգտագործենք այն, ինչ Նա թողել է մեր ճանապարհին»:

Երբեմն անցնում են օրեր, նույնիսկ շաբաթներ, որ մենք մի քաղցր խոսք չենք լսում ինչ-որ մեկից: Դժվար են այդպիսի ժամանակները, երբ  թվում է, թե մարդկային բարությունն անհետացել է, իսկ կյանքը գոյատևում է: Ուսուցիչն ասում է.

-Մենք պետք է ուսումնասիրենք մեր սեփական ակութը: Մենք պետք է ավելի շատ կպչան ավելացնենք և փորձենք լուսավորել  մութ սենյակը, ինչի վերածվել է մեր կյանքը: Երբ  լսենք կրակի ճարճատյունը և այրվող փայտի ճայթյունը, երբ կարդանք բոցերի պատմած պատմությունները, հույսը կարթնանա մեր մեջ: Եթե մենք ընդունակ ենք սիրելու, ապա մեզ էլ կարող են սիրել: Դա ընդամենը ժամանակի հարց է:

Ճաշի ժամանակ մի մարդ կոտրեց իր բաժակը: Մի ուրիշ մարդ ասաց. «Հաջողության նշան է»: Սեղանի շուրջ նստածները դրանում համոզված էին: Սակայն մի րաբբի, որ նստածների մեջ էր, հարցրեց.

-Ինչո՞ւ է դա հաջողության նշան:

-Չգիտեմ, - ասաց ճանապարհորդի կինը,- հավանաբար դա հնագույն միջոց է հյուրին անհարմար իրադրությունից դուրս բերելու համար:

-Ո'չ, դա բացատրություն չէ, - ասաց րաբբին, - հրեական որոշակի սովորություններ ենթադրում են, որ ամեն մարդ ունի հաջողությունների որոշակի բաժին, որ նա օգտագործում է իր կյանքի ընթացքում: Մարդը կարող է այնպես անել, որ այդ բաժինը օգտագործվի միայն այն գործերի վրա, որոնք նրան իսկապես պետք են, կամ էլ նա կարող է իր այդ բաժին հաջողությունը վատնել չնչին բաների վրա: Մենք՝ հրեաներս էլ ենք ասում, թե հաջողություն է, երբ ինչ-որ մեկը կոտրում է բաժակը, բայց դա նշանակում է. «Լավ է, որ դուք չեք օգտագործել ձեր հաջողության այդ բաժինը՝ փորձելով կանխել բաժակի կոտրվելը: Այժմ դուք կարող եք ձեր բաժին հաջողությունն օգտագործել ավելի կարևոր բաների վրա»: 

Աբրահամ աբբահայրը գիտեր, որ Սցետի մենաստանից ոչ հեռու մի ճգնավոր է ապրում, ով իմաստուն մարդ է համարվում: Աբբահայրը գտավ նրան և հարցրեց.
-Եթե այսօր Դուք Ձեր անկողնում մի գեղեցիկ կին գտնեք, ընդունակ կլինե՞ք Ձեզ համոզելու, որ դա կին չէ:
-Ո'չ, - պատասխանեց իմաստունը, - բայց ես ընդունակ կլինեմ ինձ տիրապետելու:
Աբբահայրը շարունակեց.
-Իսկ եթե Դուք անապատում մի քիչ ոսկի մետաղադրամ հայտնաբերեք, ընդունակ կլինե՞ք մետաղադրամները քարի տեղ դնելու:
-Ո'չ, - ասաց իմաստունը, - բայց ես կարող եմ ինձ տիրապետել և դրանք այդտեղ էլ թողնել:
Աբբահայրը համառում էր.
-Եթե Դուք դիմեիք երկու եղբայրների, որոնցից մեկը Ձեզ ատում է, իսկ մյուսը՝ պաշտում, Դուք ընդունակ կլինե՞ք նրանց հավասար վերաբերվելու:
Ճգնավորը պատասխանեց.
-Եթե անգամ հոգեպես տառապեմ, ես կվարվեմ ինձ սիրողի հետ այնպես, ինչպես ինձ ատողի հետ:
- Ես բացատրեմ, թե ով կարող է իմաստուն մարդ համարվել,- ավելի ուշ ասաց իր աշակերտներին աբբահայրը: - Իմաստունը նա է, ով, չսպանելով իր կրքերը, կարողանում է կառավարել դրանք:

Վ. Ֆրեյզերը իր ամբողջ կյանքում գրել է ամերիկյան արևմուտքի մասին, և նա շատ հպարտ էր, որ եղել է այն ֆիլմի սցենարիստը, որտեղ գլխավոր դերում խաղում էր Հարի Կուպերը։ Նա ասում էր, որ իր կյանքում մի քանի պահեր են եղել, երբ ինքը բարկացել է:

- Ես շատ բան եմ սովորել առաջին հայտնագործողներից, - խոստովանում էր նա:- Նրանք կռվում էին հնդկացիների հետ, կտրում-անցնում էին տափաստաններ, ուտելիք և ջուր էին փնտրում հեռավոր վայրերում: Եվ այն ամենը, ինչ գրվել է այդ ժամանակներում, ցույց է տալիս, որ պայքարողները ցուցադրում էին մի շատ հետաքրքիր հատկություն. այդ առաջամարտիկները գրում և պատմում էին միայն լավ իրադարձությունների մասին: Տրտնջալու փոխարեն նրանք հորինում էին երգեր ու զվարճալի պատմություններ իրենց դժվարությունների մասին: Այսպես նրանք խուսափում էին ոգու անկումից և ընկճախտերից: Եվ այսօր՝ 88 տարեկան հասակում էլ ես փորձում եմ այդպես վարվել:

Տեքստը տրված է ըստ Ջոն Մուրի մի բանաստեղծության համառոտումի: «Ես ուզում եմ ազատագրել իմ հոգին, որպեսզի նա կարողանա վայելել այն բոլոր շնորհները, որոնց տիրապետում են հոգիները: Երբ դա հնարավոր լինի, ես չեմ ձգտի իմանալու լուսնային խոռոչների մասին կամ չեմ հետևի, թե որտեղից են սկիզբ առնում արևի ճառագայթները: Ես չեմ ձգտի հասկանալու աստղերի գեղեցկությունը և մարդկային գոյության արհեստական մենակությունը: Երբ ես իմանամ՝ ինչպես ազատագրեմ հոգիս, ես կհետևեմ արշալույսին, և ժամանակի մեջ կվերադառնամ նրա հետ: Երբ ես իմանամ, թե ինչպես ազատագրեմ հոգիս, ես կսուզվեմ այն մագնիսական հոսանքների մեջ, որոնք թափանցում են օվկիանոս, ուր հանդիպում են համաշխարհային հոգին ձևավորող բոլոր ջրերը: Երբ ես իմանամ, թե ինչպես ազատագրեմ հոգիս, ես կփորձեմ հենց սկզբից ընթերցել Արարչագործության հոյակապ պատմությունը»:

Քրիստոնեության սրբազան խորհրդանիշերից մեկը փորահավն է: Պատճառը շատ պարզ է. կերակրի համար պիտանի սննդի լիակատար բացակայության դեպքում փորահավը իր կտուցը խրում է սեփական մարմինը, որպեսզի կերակրի իր ձագերին: Ուսուցիչն ասում է.

-Հաճախ մենք ընդունակ չենք հասկանալու մեզ տրված օրհնությունը: Մեկը մյուսի հետևից մենք չենք հասկանում այն, ինչ Նա անում է, որպեսզի մեզ միշտ պահի հոգեպես հագեցած վիճակում: Մի պատմություն կա փորահավի մասին, որը ցրտաշունչ ձմռանը զոհաբերում է իրեն՝ սեփական մարմնով ապահովելու իր ձագերի սնունդը: Երբ վերջապես նա ուժասպառությունից մեռնում է, ձագերից մեկն ասում է մյուսին.

-Վերջապե՜ս, ամեն օր նույն պառավ զիբիլն ուտելուց ես արդեն հոգնել եմ:

Եթե ինչ-որ բան՝ անգամ լավ գործը, որ նախաձեռնել եք, բայց պարզվում է՝ անընդունակ եք իրականացնելու, ձեզ չի բավարարում, հենց այդ պահին դադարեցրեք: Եթե դեպքերը լավ չեն զարգանում, երկու բացատրություն կա դրան. կա'մ ձեր հաստատակամությունն է ստուգվում, կա'մ դուք պետք է փոխեք գործելու ուղղությունը: Որպեսզի պարզեք, թե այս երկու բացատրություններից որն է ճիշտը, մանավանդ որ դրանք իրար հակադիր են, կիրառե'ք լռությունն ու աղոթքը: Կամաց-կամաց իրերը կդառնան ավելի մաքուր, քանի դեռ դուք բավարար ուժ չունեք՝ որևէ մեկն ընտրելու: Հենց որ դուք ընտրության որոշում կայացնեք, ամբողջությամբ կմոռանաք մյուս հնարավորության մասին: Ու գնացե'ք առաջ, քանզի Աստված խիզախների Աստվածն է: Դոմինգոս Սաբինոն ասել է. «Միշտ ամեն ինչ, պարզվում է, լավ է: Եթե դեպքերը լավ չեն ընթանում, ապա միայն այն պատճառով, որ դուք դեռ վերջին չեք հասել»:

Բրազիլացի կոմպոզիտոր Նելսոն Մոտան Բախիում էր, երբ որոշեց այցելել Մենինինգու դե Գետոսի մորը: Նա մի տաքսի վարձեց, և արդեն ճանապարհին էր, երբ վարորդը չկարողացավ պահել արգելակները: Մեքենան պտտվեց ճանապարհի մեջտեղում, բայց բացի վախից ուրիշ ոչ մի լուրջ բան չեղավ: Երբ կոմպոզիտորը հանդիպեց Մենինինգուի մորը, առաջին բանը, որ Նելսոնն ասաց նրան, իր հետ կատարվածի մասին էր:
-Կան որոշակի իրադարձություններ, որոնք արդեն կանխորոշված են, բայց Աստված գտնում է հնարը՝ մեզ դրանց միջով առանց լուրջ խնդիրների անցկացնելու համար: Այնպես որ, Ձեր կյանքի այս կետում ավտովթարի ենթարկվելը Ձեր ճակատագրի բաղկացուցիչ մասն էր, -ասաց մայրը, - բայց, ինչպես տեսնում եք, ամեն ինչ բարեհաջող վերջացավ:

-Դուք ինչ-որ բան բաց թողեցիք Սանտիագոյի ճանապարհի մասին ձեր պատմությունից, - ասաց ուխտավորը ճանապարհորդին, երբ նրանք երկուսով դուրս եկան գիտաժողովից:
-Ես ուշադրություն եմ դարձրել, որ ուխտավորների մեծ մասը, անկախ նրանից Սանտիագոյի ճանապարհին է, թե կյանքի ճանապարհին, միշտ փորձում է գնալ նույն քայլքով, ինչ մյուսները: Իմ ուխտագնացության սկզբում ես փորձում էի գնալ այն նույն տեմպով, ինչով իմ խումբն էր գնում: Ես հոգնում էի, ես պահանջում էի իմ մարմնից ավելին, քան նա կարող էր տալ ինձ: Ես լարվել էի և վնասեցի ձախ ոտքիս ջիլը: Երկու օր շարունակ չէի կարողում քայլել և հասկացա, որ Սանտիագո կհասնեմ, եթե քայլեմ իմ սեփական տեմպով: Ես բավականին հետ մնացի մյուսներից և երկար ժամանակ մենակ էի քայլում ճանապարհով: Բայց դրա շնորհիվ ես սկսեցի հարգել սեփական տեմպս, որով ընդունակ դուրս եկա անցնելու ճանապարհն ամբողջությամբ: Դրանից հետո ես կիրառում եմ այս դասը ամենուր, ինչ էլ որ անելու լինեմ կյանքում:

Լիդիայի թագավորը՝ Կրեսոսը, որոշում ընդունեց հարձակվել Պարսկաստանի վրա, բայց մինչ այդ ցանկացավ խորհրդակցել հույն պատգամախոսի հետ: «Ձեզ վիճակված է ոչնչացնել մի հզոր կայսրություն», - ասաց պատգամախոսը: Երջանկացած՝ Կրեսոսը պատերազմ հայտարարեց: Երկօրյա կռիվներից հետո Լիդիան նվաճվեց Պարսկաստանի կողմից, մայրաքաղաքը թալանվեց, իսկ Կրեսոսին գերի վերցրին: Կատաղած Կրեսոսը խնդրեց Հունաստանում գտնվող իր դեսպանին այցելելու պատգամախոսին և հայտնելու, թե որքան դաժանորեն է նա սխալվել իր գուշակության մեջ:
-Ո'չ, այդ Դո'ւք եք սխալվել, - ասաց պատգամախոսը դեսպանին, - դուք ոչնչացրիք մի հզոր կայսրություն՝ Լիդիան:
Ուսուցիչն ասաց.
-Նշանների լեզուն բաց է մեզ համար, որպեսզի ուսուցանի մեզ՝ ինչպես լավագունս գործենք: Բայց շատ հաճախ մենք փորձում ենք աղավաղել այդ նշանները, որպեսզի դրանք «համաձայնեն» նրա հետ, ինչը մենք ուզում ենք անել առաջին հերթին:

Բուսկագլիան պատմում է չորրորդ մոգի մասին, ով նույնպես տեսել էր Բեթխեհեմի վրա փայլող աստղը: Բայց նա միշտ ուշանում էր այնտեղից, ուր կարող էր լինել Հիսուսը, որովհետև ճանապարհին նրան մշտապես կանգնեցնում էին աղքատներն ու կարիքավորները օգնության խնդրանքով: Երեսուն տարի Քրիստոսի անցած ճանապարհներին հետևելով՝ Եգիպտոսով, Գալիլեայով, Փյունիկիայով հասավ Երուսաղեմ, բայց կրկին շատ ուշ էր: Մանուկ Հիսուսն այժմ արդեն տղամարդ էր, և մոգը տեղ հասավ նրա խաչելության օրը: Իմաստունը մարգարիտ էր բերում, որ տար Հիսուսին, բայց վաճառեց ամբողջը, որ օգներ իր ճանապարհին հանդիպած կարիքավորներին: Մնացել էր միայն մի մարգարիտ, բայց Փրկիչն արդեն մեռած էր: «Ես իմ ամբողջ կյանքի գործը ձախողեցի», - մտածեց իմաստունը: Ապա նա ձայն լսեց. «Հակառակ նրան, ինչ դու ես մտածում, քո ամբողջ կյանքում միշտ ինձ հետ ես եղել: Ես մերկ եմ եղել, և դու հագցրել ես ինձ: Ես քաղցած եմ եղել, և դու կերակրել ես ինձ: Ես բանտարկված եմ եղել, և դու այցելել ես ինձ: Ես ամեն աղքատի հոգում եմ եղել քո անցած ճանապարհին: Շնորհակալ եմ, որ դու այդքան հաճախ սեր ես դրսևորել»:

Գիտաֆանտաստիկ մի պատվածքում նկարագրվում է մի հասարակություն, որտեղ համարյա բոլորը ծնվում են պատրաստի ինչ-որ մի գործունեություն իրականացնելու համար՝ տեխնիկներ, մեխանիկներ կամ ինժեներներ: Միայն մի փոքր մասն է անընդունակ ծնվում. նրանց ուղարկում են հոգեբուժարան, որովհետև հենց հոգեկան հիվանդներն են անընդունակ հասարակությանը օգտակար լինելու: Հոգեկան հիվանդներից մեկը ըմբոստացավ: Հոգեբուժարանում գրադարան կար, ուր այցելելով՝ նա փորձում էր իմանալ ամեն ինչ արվեստի ու գիտության վերաբերյալ: Երբ նա զգաց, որ բավական բան գիտի, որոշեց փախչել հոգեբուժարանից, բայց նրան բռնեցին և հանձնեցին քաղաքից դուրս գտնվող գիտահետազոտական մի կենտրոն:

- Բարի գալուստ, - ասում է մարդկանց կենտրոնի տնօրեններից մեկը: -Սա այն դեպքն է, երբ մարդ հարկադրված է գնալու իր սեփական ուղով, որով մենք սքանչանում ենք ամենից շատ: Այսուհետև դուք կարող եք վարվել այնպես, ինչպես կուզենաք, քանի որ ձեր նմանների շնորհիվ է, որ աշխարհը ընդունակ է զարգանալու:

Երկարատև ճամփորդության մեկնելուց առաջ բիզնեսմենը հրաժեշտ է տալիս կնոջը:
-Դու ինձ երբեք չես տվել այն նվերը, որ կարող էր ինձ արժանի լինել,- ասում է կինը:
-Դու անշնորհակալ կին ես, այն, ինչ ես տվել եմ քեզ, երկար տարիների իմ աշխատանքն արժեր, - պատասխանեց ամուսինը: -Ուրիշ ի՞նչ կարող եմ քեզ նվիրել:
-Այն, ինչ նույնքան գեղեցիկ է, ինչքան ես:
Շուրջ երկու տարի կինը սպասում էր իր նվերին: Վերջապես ամուսինը վերադառնում է:
-Ես գտա այն, ինչ նույնքան գեղեցիկ է, ինչքան դու, - ասաց ամուսինը: - Ես ցավում էի քո անշնորհակալության համար, բայց որոշեցի վարվել այնպես, ինչպես դու խնդրել ես: Ամբողջ այս ժամանակ ես մտածում էի, որ ոչինչ չի կարող համեմատվել քո գեղեցկության հետ, բայց ես ինչ-որ բան գտա, ի վերջո:
Եվ նա կնոջը մի հայելի մեկնեց:

Գերմանացի փիլիսոփա Ֆ. Նիցշեն մի անգամ ասել է. «Չարժե ամբողջ ժամանակն անցկացնել աշխարհում ամեն ինչի քննարկման վրա. մարդկային էության մի մասն  էլ  ժամանակ առ ժամանակ  սխալներ թույլ տալն է»:

Ուսուցիչն ասում է.
-Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենք ճիշտ են անգամ մանրուքների մեջ: Նրանք հաճախ իրենց թույլ չեն տալիս սխալվել: Ամենը, ինչի հասնում են այդ ձևով, առաջ շարժվելու վախն է: Սխալ գործելու վախը դուռ է, որը բանտարկում է մեզ միջակությունների ամրոցում: Եթե մենք հաղթահարենք այդ վախը, ապա մեր ազատության ուղղությամբ շատ կարևոր քայլ կանենք։ 

 Մի վանական եղբայր հարցրեց Սցետի մենաստանի վանահայր Նիստերոսին.
-Ինչ գործեր պիտի ես անեմ, որպեսզի արժանանամ Աստծո բարեհաճությանը:
Հայր Նիստերիոսը պատասխանեց.
-Աբրահամը իջևանելու տեղ տվեց ճամփորդներին, և Աստված երջանիկ էր: Հակոբը չէր սիրում օտարներին, և Աստված երջանիկ էր: Դավիթը հպարտանում էր իր արածով, և Աստված երջանիկ էր: Հռոմեացի պանդոկապանը խորանի առաջ ամոթից գետինն էր մտնում իր գործածի համար, և Աստված երջանիկ էր: Ջոն Բապտիստը հեռացավ դեպի անապատ, և Աստված երջանիկ էր: Հովհաննեսը մեկնեց Նինվե հզոր քաղաքը, և Աստված երջանիկ էր: Հարցրու քո հոգուն, թե ինչ է ուզում անել: Երբ ձեր հոգին ձեր երազանքների հետ համաձայնության մեջ է, դա Աստծուն երջանիկ է դարձնում:

Բուդդիստ ուսուցիչը ճամփորդում էր ոտքով իր աշակերտների հետ, երբ նկատեց, որ նրանք քննարկում են, թե ով է իրենցից լավագույնը:
-Ես զբաղվում եմ մտահայեցությամբ տասնհինգ տարի շարունակ,- ասաց նրանցից մեկը:
-Ես բարեհոգի եմ այն պահից սկսած, ինչ թողել եմ հայրենական տունը, -ասաց մյուսը:
-Ես միշտ հետևել եմ Բուդդայի խորհուրդներին,- ասաց երրորդը:
Կեսօրին նրանք հանգստի համար կանգ առան մի խնձորենու տակ: Ծառի ճյուղերն այնքան ծանրաբեռնված էին խնձորներով, որ դրանց ծանրությունից ճյուղերը դիպչում էին գետնին: «Երբ ծառը կքած է պտուղների ծանրության ներքո, բոլոր ճյուղերը թեքվում են մինչև գետին: Իսկապես իմաստուն է նա, ով համեստ է: Երբ ծառը պտուղ չի տալիս, նրա ճյուղերը մեծամիտ են և ամբարտավան: Հիմար մարդն է միշտ հավատում, որ ինքն ավելի լավն է, քան մյուսները»:

 Թարգմանությունը ռուսերենից

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский