25 տարի մոբիլ և ստեղծական
Primary tabs
Կրթահամալիրի տնօրենի ուսումնական բլոգի օրապատումից
Նայենք mskh.am-ում տեղադրված կրթահամալիրի օրացույցին՝ նոյեմբերի 13-15-ին «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն է: Իսկ թիվ 183 դպրոցը Հարավարևմտյան զանգվածի կիսակառույց Բ-1 թաղամասում առաջին ուսումնական տարին սկսել է 1984թ. սեպտեմբերին. ասել է, թե «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ծնած այս, իրավական առումով արդեն գոյություն չունեցող մեր դպրոցը 30 տարեկան է:
Նկատել եք. կրթահամալիրի բոլոր յոթ կրթական օբյեկտների (ուսումնական շենքեր) դռները անպահակ են ու բաց՝ ազատ ելումուտով, սովորողների, ուսուցիչների, ծանոթ-անծանոթների համար, սկսած Մեդիակենտրոնից (Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, որ հիմա կրթահամալիրի կենտրոնն է), վերջացրած կրթահամալիրը ստեղծած Մայր դպրոցով (Առնո Բաբաջանյան 25): Կենտրոնի գլխավոր մուտքի դուռը, նկատել եք, միշտ կրնկակոխ բաց է. փակում է օրվա հերթապահը ու հանձնում պահակին ժամը 20–ին: Մինչ այդ թակել պետք չէ, նեղություն մի տվեք՝ համեցեք. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անընդունարան տնօրենը եղել ու մնում է ամենամատչելի անձը տարատարիք սովորողի և ուսուցչի, ծանոթ-անծանոթի համար:
Իմ բլոգը ևս ընդունարան չունի, փակ դռներ, հաղորդակցության խոչընդոտներ: Ես հեռախոսով՝ 094431099, թե՝ Մեդիակենտրոնի ֆիքսված 010747246 կապով, որևէ զանգ, էլեկտրոնային հաղորդագրություն իմ ֆեյսբուքյան էջին, բլոգին, թե [email protected] փոստին անպատասխան չեմ թողնում: Որքան նկատել եմ այդպես է գործում յուրաքանչյուր տարատարիք սեբաստացի, կրթահամալիրի ամեն մի դպրոցում: Մենք բաց ենք, պատրաստ հաղորդակցության 24 ժամ անըդնհատ, ֆիզիկական թե մեդիամիջավայրում, հայերեն՝ իհարկե, և ոչ հայերեն՝ անգլերեն, ռուսերեն, վրացերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն լեզուներով, ժեստերով, ֆոտոներով, նշաններով…
Մեդիակենտրոնը՝ Րաֆֆու 57, Սուրբ երրորդություն եկեղեցու դիմաց, զանգե՛ք 010747276, զանգե՛ք կամ պարզապես այցելե՛ք, բաց է յուրաքանչյուրի համար, հանգիստ առնելու, ընթերցելու, կրթության հետ կապված շատ տեղեկություններ ճշտելու, կրթական ծառայություններ ստանալու: Այստեղ նաև իմ գրասենյակն է՝ բաց ու մատչելի յուրաքանչյուրին. ստուգեք:
Շնորհակալ եմ կրթահամալիրի խորհրդի նախագահ, Հրաչյայի, Լևոնի, Արեգի, Նարեի հայրիկ Արամազդ Ղալամքարյանին. նրա միջնորդությամբ հանդիպեցի առաջին դասարանցիների մի խումբ երիտասարդ (բոլորը) հայրիկների ու մայրիկների՝ առաջադեմ տղամարդու տպավորիչ գերակշռությամբ: Փոխվել է որակապես մեր գլխավոր պատվիրատուն՝ բաց հասարակության առաջադեմ անհատների՝ գործընկերների խմբի հետ ի՜նչ թեթևությամբ շրջեցինք Դպրոց-պարտեզի բակով, որքան նրանց ուրախացրեց հեծանվուղու-հրապարակի նախապատրաստական աշխատանքների ավարտը։ Նույնքան կարևոր էր մեր քայլքը թաղամասի մանկական այգով մինչև Բ-1 և Բ-4 թաղամասերը կապող այս շշմելու կառույցը՝ վերգետնյա անցումը, որ հազար Էյֆելյան աշտարակի հետ չեմ փոխի…
Ամենաշատն ուրախացնում են կրթահամալիրի ու թիվ 183 դպրոցի շրջանավարտ-ծնողները, ովքեր հայտնվում են անհայտությունից՝ երեխայի ձեռքը բռնած: Լսեք նորից. լավն այն դպրոցը չէ, որտեղ սովորել ենք մենք կամ մեր երեխաները։ Լավն է այն դպրոցը, որտեղ իրենց ազատ ընտրությամբ կգան սովորելու մեր շրջանավարտների երեխաները… Ա´յ, Մաթևոսյան Լիլիթի նման… Մեղավոր եմ, սիրելի Սատանա, չճանաչեցի, քանի՜ տարի է անցել: Բայց ճանաչեցի 4 տարեկան դստեր՝ Նարեի կերպարով… Տեսարան՝ չորս տարեկան Նարեն, բարեհամբույր-խաղաղ հոր աջակցությամբ, միայնակ նվաճել էր Դպրոց-պարտեզը… պատմում էր ու ցուցադրում… Ճիշտ ու ճիշտ իր մայրիկի նման, որի անունը մտքումս շարունակ փոխարինվում էր դպրոցական տարիների իմ դիմելաձևով՝ իսկական Սատանա… որ կարող է հայտնվել ամենուր, միշտ սպասված-հետաքրքիր…
Լավ է, որ այսօր սեբաստացիներս մեր արդիական՝ մոբիլ ու ստեղծական կրթությամբ, մեր ամբողջովին բաց կրթական համակարգով, մեր հեղինակային կրթական ծրագրերով ենք օգտակար լինում Հայաստանում, Արցախում, Վրաստանում, այլուր՝ դրանց մշակման, իրականացման ու տարածման փուլերով… Նաև ֆիզիկական մեր միջավայրով. Բանգլադեշում մեր ստեղծած կրթական փոխանակումների հարմարավետ կացարանները, բաց ու մատչելի ստեղծագործական հավաքները, ակումբները, ամառային և ձմեռային ճամբարները, մեր մեդիան՝ mskh.am-ը, հարմար ձևեր են մանկավարժության փոխանակման համար…
Կրթությունը համագործակցության դաշտ է, որտեղ այս անգամ գլխավորը Մադինայի՝ գյուղի, դպրոցի նախաձեռնողականությունն է ու գյուղական դպրոցը նորացնելու համերաշխությունը: Ահա այս աշխատանքն է, որ կարող է միավորել մեզ բոլորիս Մադինայում և Երևանում, իսկ մադինացիք՝ ցանկացած կազմով, սպասված մարդիկ են կրթահամալիրի մեր Բանգլադեշում, հատկապես այս օրերին, երբ թափ է հավաքում մեր սեպտեմբերյան ստեղծագործական բաց հավաքը: Համեցեք:
Ինչո՞ւ մենք պիտի նշենք կրթահամալիրի ստեղծման 25-ամյակը։ Այս ստեղծական-համերաշխ ու հայտնի կրթահամալիրը կանգնած է Երրորդ Հանրապետության ստեղծման ակունքներում և 25 տարի ծառայել է հանրապետության արժեքներին՝ առաջադիմությանը. սրանից էլ լավ առի՞թ. իշխանություն և հասարակություն, նշեք՝ անպայման և պատշաճ, նշանավոր գործերով։
Շնորհակալ եմ, որ մեր սեպտեմբեր-հոկտեմբերի հավաքները կազմակերպելու համար սիրով, մեր գործընկերության ավանդույթով մեզ տրամադրեցին Հայ ազգային սկաուտական կազմակերպությանը (ՀԱՍԿ, խորհրդի նախագահ՝ Բագրատ Եսայան)՝ Բյուրականի սկաուտական ճամբարը, «Ժայռ» հասարակական կազմակերպությունը (ղեկավար՝ Ալեքսան Մինասյան)՝ Սևանի ճամբարը։
Մանկավարժական սկզբունքներ
Պարտիզպան-սեբաստացի, հավաքարար-սեբաստացի, պահապան-սեբաստացի, հայրենագետ-սեբաստացի, ստեղծագործ ու մոբիլ անհատականությամբ՝ ահա իմ մանկավարժական կրեդոն:
Հեգելի «Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն՝ ազատ կամքով էակ» միտքը՝ մանակավարժական կրեդո...
Նախ՝ կրկնեմ կրեդոն` դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն՝ ազատ կամքով էակ: Մի՞թե սա իմն է միայն կամ մանկավարժական աշխատողների մի խմբինը. եկեք ուղիղ խոսենք: Մի՞թե սա սեբաստացիների, որտեղ էլ որ կաք, ավելի վաղ հրապարակած «Թող գա սովորելու նա՝ ով…» կանչի հոմանիշը չէ, մի՞թե սա կրթահամալիրի զարգացման ծրագրով ամրագրված, կրթահամալիրի յոթ հրաշալիքների, յոթ հոմանիշների, յոթ որակների նույն իմաստը չէ: Կուզեմ հռետորական լինի իմ հարցադրումը: Ինձ համար երեքն էլ նույնն են` որպես Բան, որպես մեր քաղաքական Ճիգ ու Ջանք:
Հայր իմ Շամխալ Բլեյան, ես հաստատում եմ քո երեք տաբուներից յուրաքանչյուրը կամ կրեդո հավատամքներից յուրաքանչյուրը «Ապրիր քո կյանքով, շան տղա, իմ կյանքի հետ գործ չունես. совест (խիղճ. եզակի ռուսերեն բառերից, որ ու հաճախ գործածում էր՝ սովեստ չունես) ունեցիր… Պարազիտ ա՝ պարտքով ա ապրում, ես նրան ինչ ասեմ: Ոչ մեկին պարտք չլինես…»:
Ես թանկ եմ գնահատում սեբաստացիների համերաշխությունը և հեղինակային կրթության սկզբունքներին՝ կրեդոներին, բոլորիս հավատարմությունը, ահա ինչու, ես, որպես այս համերաշխության և հավատարմության ձեր ընտրած լեգիտիմ երաշխավոր, հետևելու եմ, որ մեր կապը չընդհատվի՝ իմ օրագրով նաև արձագանքելով կոնկրետ ձեր յուրաքանչյուր տեսա-ձայնային ազդանշանին…
Կրթահամալիր՝ բաց հասարակության բաց դպրոց
Մենք օլիգարխի դպրոց չենք. չենք լինի։ Մենք եղել ենք ու կանք հասարակ առաջադեմ մարդկանց ու նրանց ստեղծած առաջադիմող հասարակության դպրոց՝ մատչելի անպայման։ Ահա ինչու մենք պետական ենք՝ որպես ուսումնական հաստատություն՝ սովորողների թվով ֆինանսավորմամբ, որպես հեղինակային կրթական ծրագիր՝ պետական աջակցությամբ մանկավարժական նորարարություն մշակող, կազմակերպող և տարածող, այլընտրանք պետականին։ Որպես առաջադեմ անհատի կրթության ու լրացուցիչ կրթական պատվերի կազմակերպում՝ մենք մատչելի ենք, մրցակցությունից դուրս, յուրաքանչյուրինն ենք, հազարինն ենք՝ և՛ նախադպրոցական կրթությունը, և՛ 1-7-րդ դասարաններում երկարօրյա ուսուցումը, և՛ տեղափոխման ու սննդի կազմակերպման ծառայությունները, և՛ լրացուցիչ կրթությունը՝ լող, մարմնամարզություն, խաղային մարզաձևեր, երաժշտություն, կերպարվեստ, ակումբային-ճամբարային-ստուգատեսային բաց ուսուցման, կրթական փոխանակումների, սովորողի տաղանդի դրսևորման, ինքնիրացման համալիր պայմանների ապահովման միջոցով, որպես ուսուցանող կրթական միջավայր։ Ահա ինչու՝ ծնողը և՛ մեր պատվիրատուն է, և՛ մեր գործընկերը…
1985-ից, 1989-ից սկսած՝ անընդհատ, մենք եղել և մնում ենք որպես հայաստանյան նախագիծ, սովորական հայաստանցու անսովոր դպրոց, անսովոր՝ մարդուն ուղղված հնարավորություններով, անսովոր՝ ուսուցման այս իրականությանն անծանոթ կազմակերպմամբ: Մենք հարուստի համար չենք եղել ու չենք, քննելով-ստուգումներով չենք ջոկում մեր սաներին (կարող էինք ու կարող ենք, չէ՞)։ Ավելին. մենք համոզված ենք, որ հասարակ մարդկանց միությունն է (հասարակությունը քաղաքացիական), որ չի կայանում մեզանում, և դա է հայոց նոր ողբերգությունն ու հայաստանյան հանրակրթական դպրոցի խնդիրը:
Այո, մենք մանկավարժության, մեթոդի դպրոց ենք. ինչպե՞ս ուսուցանել՝ կրթել սովորական մարդուն՝ իր նմանի հետ, իր նման մարդկանց մեջ ապրելու հեռանկարով ու ներկայով:
Մենք չենք ընտրում, մեզ են ընտրում, մենք եղել ենք ու կմնանք հավատարիմ ընտանիքին, անհատին, պատանուն՝ իր այդ ընտրության համար, և մեր հավատարամության ձևը մատչելիությունն է: Մենք մատչելի ենք, միշտ բաց, հրապարակային (ինչպես զարմացած ասում է Պիետրոն. «Դուք ամենահրապարակային կրթությունն եք իրականացնում ամբողջ աշխարհում):
Ահա ինչու մեզ համեմատել չի կարելի բոլոր այն դպրոցների (անգամ հայտնի) հետ, որոնք մեկ տեղ են հավաքում հարուստ, ապահով ընտանիքների երեխաներին կամ իրենց առաջին դպրոցներում կրթական նկատելի հաջողություններ դրսևորածներին… Խոսովանենք, որ այդպես հեշտ է ցույց տալ արդյունքներ և դա վերագրել հաստատությանը: Բայց սա այլ խոսակցություն է, հանրակրթության հետ կապ չունեցող, իսկ ես խոստացել եմ խոսել միայն միշտ արդի ու հանրամատչելի մանկավարժությունից:
Մեր մեդիան՝ կրթական թե սոցիալական mskh.am-ը, որ առանց կետի չի բացվում ոչ ոքի համար (արդար է), ի սկզբանե մտածված է բաց-մատչելի եղել յուրաքանչյուրի համար, ինչպես մեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆիզիկական միջավայրը՝ դպրոց բոլորի համար, ներառող յուրաքանչյուրին՝ և՛ սեբաստացիներին՝ սովորող, ծնող, ուսուցիչ, շրջանավարտ, և՛ ոչ սեբաստացիներին՝ Երևանում թե նրանից դուրս, Հայաստանում թե նրանից դուրս։ Սա վստահ կա որպես յուրաքանչյուրի դպրոց՝ ամառ թե ձմեռ, ուսումնական օրերին և արձակուրդային։ Տեսա՞ք՝ մենք ողջ հունիս գործեցինք այդ ռեժիմում՝ ստուգատեսային… Բաց էին մեր բոլոր կրթական օբյեկտները։ Հիմա նայեք mskh.am-ի ցուցիչին. հունիսին՝ 146 365 մուտք, մոտավորապես այնքան, ինչքան մայիսին՝ 151 600։ Ունի, իհարկե, առանձնահատկություն արձակուրդային հուլիսը կամ օգոստոսը, բայց…
Ուսուցում ուսումնական օրացույցով
Տարին ունի 12 ամիս, իսկ ահա ուսումնական տարին պետական-պաշտոնական դպրոցում՝ և՛ խորհրդային, շրջանում, և՛ ետխորհրդային ազատ անկախ Հայաստանում՝ 9։ Կարո՞ղ եմ հարցնել՝ ինչո՛ւ, ինչին են ուղղված ամառային երեք ամիսները, եթե դրանք ուսումնական չեն։ Եվ ինչո՞ւ ենք մենք աշխատում 12 ամիս։
Մեր 2014-2015 ուսումնական օրացույցը 2013-14-ի օրացույցի հետևողական ամբողջացումն է՝ «Ստեղծողի մոբիլ դպրոցի» կազմակերպման ձևը:
Նորից նայենք mskh.am-ում տեղադրված կրթահամալիրի օրացույցին. սեպտեմբերի 4-ին կրթական շքերթ է: Սեպտեմբերի 1-ը, որքան էլ կարևոր և առանձնացող, հնարավորություն չի տալիս բոլոր սեբաստացիներին միասին հանդես գալու որպես սեբաստացիներ… Ես մի խումբ զինվորականների հետ պարտադրված էի շրջել մեր դպրոցներով այսօր. այնպես չէ, որ սեպտեմբերի 1-ի տոնականությունը շրջանցել էր մեզ։ Բայց դե, ամենօրյա առավոտյան ընդհանուր պարապմունքի, ամենշաբաթյա համերգի սովորույթ ունեցող կրթահամալիրի համար՝ անզանգ, անպահակ, առանց ձևականությունների, բաց դռներով, անպատ կամ թափանցիկ պատերով միջավայրում տոնականը առօրյա է։ Սեպտեմբերի 1-ը նախ և առաջ նորեկների համար է՝ կրթահամալիրի դեպքում՝ 2-4 տարեկանների, 5 տարեկանների, 1-ին դասարանցիների, 2-9-րդ դասարան տեղափոխվողների, 10-րդ դասարանցիների, 11-12-րդ դասարան տեղափոխվողների, քոլեջ ընդունվողների։ Գալիս-ընդունվում են կրթահամալիրի ութ դպրոցներ՝ սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին… առօրեականություն հաղորդելով այդ օրերից յուրաքանչյուրին: Ուրիշ է սեպտեմբերի 4-ը, երբ արդեն հին ու նոր չկա, երբ արդեն սեբաստացի դարձած յուրաքանչյուրին ներկայանում է կրթահամալիրն ամբողջական՝ համերաշխ, ստեղծագործական-հմայիչ… Ահա ինչու սեպտեմբերի 1-ին՝ ավանդաբար ու պաշտոնական ես հայտարարում եմ կրթական շքերթի պատրաստության ու ծրագրի մասին:
Սեպտեմբերին մեր օրացույցում «Բարձունքի նվաճումն է», Կոմիտասյան օրերը, մեր հեղինակային կրթական ծրագրերի աշնանային (սեպտեմբերի 22-26) ստեղծագործական բաց՝ թվով 9-րդ հավաքը… Թեժ աշուն: Դիմացը հոկտեմբերն է՝ որպես մեր մոբիլ ու ստեղծական 25 տարիների տոնի պատրաստություն, ես ձեզ խոստանում եմ բուռն-կոնկրետ իրագործումների շրջան… Նախաձեռնության գինը՝ ծնողի, շրջանավարտի, ուսուցչի, սեբաստացու, որտեղ էլ որ լինի, կտրուկ բարձրանում է…
Սեպտեմբեր-հոկտեմբերը, ինձ համար՝ նաև նոյեմբեր-խոր աշունը, բնության ոսկի շրջանն է. տե´ս, կանչում է զնգալեն… Հունիսին իմ ուշքը գնում է Բանգլադեշյան պլեների, ուսումնական ճամբարների համար։
Հունիսի մասին չեմ խոսում. հունիսը մեր ուսումնական օրացույցով լիարժեք աշխատանքային-ուսումնական է. ի՜նչ խաբար է երեք գյոզալ ամիս պաշտոնապես արձակուրդ հայտարարելը, արձակվում են ինչի՞ց՝ հարցնում եմ։ Սրա մասին դեռ կխոսեմ։ Ես պատմում եմ ձեզ հուլիս-օգոստոսին իրականացվող ուսումնական նախագծերի մասին։ Այս պահին 15 հոգիանոց մի խումբ Սևանի Ծաղկունքում է՝ էկոճամբարում, սեբաստացիների 14 հոգիանոց մի այլ խումբ՝Տավուշի Կողբում՝ Կողբի արվեստի դպրոցի ամենամյա վրանային ճամբարում խփել է սեբաստացիների 4 վրանն ու փռել քնապարկերը. դռները բաց են, կարող են և հյուրեր ունենալ։ Օգոստոսի 1-ից ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ մենք Լոռի-Ստեփանավանի Կուրթանի տարածքում տալիս ենք 40 տեղանոց արշավախմբային ուսումնա-հայրենագիտական ճամբարի մեկնարկը… Գումարեք Մարգարիտ Հարությունյանի և Նունե Մովսիսյանի՝ Սիսիանի Լոր գյուղի ճամբարը, հետևեք, Արցախյան հայրենագիտական-ազգագրական ճամբարը անիվների վրա (այսպիսի արցախապատում), Գեղարվեստի դպրոցի Շուշիի պլեները՝ «Ավերակները շշնջում են», Վրաստանի Բուլաչաուրիի ճամբարը, Զիկատարի էկոճամբարը, Արցախի «Ասպետը»… «Հուլիսի գործն ու իր գործիչը» անվանակարգի թոփ տասնյակում, իհարկե, առաջինը վարժարանի նոր սովորողներն են՝ իրենց հիմնական դպրոցներն ավարտած ու մեր ավագ դպրոցում ուսումնառության պայմանագիր կնքած, ղեկավար Գևորգ Հակոբյանի հետ։ Շատ լավ ավանդույթ է հաստատել տիար Գևորգը, որ արդեն հինգերորդ տարին վարժարան ընդունվողների մուտքն անցնում է Արագածով։
Գումարենք՝ կստացվի, որ հուլիս-օգոստոսին ամենահետաքրքիր վայրերում ուսումնական-հետազոտական, հայրենագիտական-ազգագրական գրավիչ հանգստի ու բնության վայելքի նախագծերին մասնակցում են-կմասնակցեն 400-500 սովորող ու մանկավարժական աշխատող։ Ես էլ կասկածեցի, բայց որ mskh.am-ը թույլ է տալիս փարատել յուրաքանչյուր կասկած. մենք գործում ենք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ ի տես ու հրապարակային։ Հուլիս-օգոստոսին յուրաքանչյուր հինգշաբթի սովորողների և ուսուցիչների մի խումբ մեկնում է Սևանի հանրային լողափ՝ հանրային լողափի մոնիտորինգ, վերահսկողություն իրականացնելու, որպես պարգևատում ամառային ուսումնական աշխատանքի համար։
Ուսուցում տոնացույցով։ Ուսուցում անընդհատ։ Այսպիսին է Ստեղծողի մոբիլ դպրոցն իր արձակուրդային կոչվող շրջանում…
Դպրոցը, պարտեզը, երեխայի համար կյանքն է՝ բնականոն ու գրավիչ, և լավ է, որ իրական է ամառային դպրոցը` իր ուսումնական, ամառային քաղաքային և արտագնա ճամբարով, արշավներով, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններով, ամառային լիարժեք գործող 2-6 տարեկանների պարտեզներով:
Ուսուցում ուսումնական նախագծերով
Մեր կրթական ծրագրով չկան միջոցառումներ, առարկաներ, մեդալներ. կա ուսումնական անընդհատ աշխատանք՝ մոբիլ ու ստեղծական, որի իրականացման ձևն ուսումնական նախագիծն է։
«Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագիրը պետական կրթական ծրագրից տարբերվում է իր կազմակերպմամբ, իր ուսումնական պարապմունքներով, բայց այսօր առանձնացնում եմ հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված ուսումնական ճամբարները, որ դպրոցը դարձնում են ավելի գրավիչ ու հետաքրքիր, և ուսումնական-հանրակրթական բաց ստուգատեսները, երբ սովորողները կամավոր իրենց «արձակուրդային» շրջանում հավաքվում են՝ բերելով իրենց ստեղծագործական նախագծերը։
Տարեսկզբի տասը օր, երկու ուսումնական շաբաթ (մեր ուսումնական շաբաթը հնգօրյա է) օգնենք իրար։
- Ավարտենք կրթական նյութական միջավայրի բարելավման աշխատանքները՝ ավարտուն-ամբողջական գործածման վիճակի բերելով։ Կրթահամալիրի դպրոցի, քոլեջի ղեկավարը, ինձ հետ ճշտելով, կարող է մինչև առաջիկա երկուշաբթի կազմել այդ գործերի ցանկը և հրապարակել դպրոցի ենթակայքում։ Անհամբեր սպասում եմ 2014-2015 ուստարվա կրթական միջավայրի բարելավման նորամուտների շքերթին։
- Սեպտեմբերի 8-ից 26 երթուղով ամեն օր ավտոբուս-միկրոավտոբուսներով երթևեկող սեբաստացիները խստիվ ու համերաշխ ղեկավարվեն ահա այս նոր կարգով։ Երկու շաբաթ, երբ դեռ ցուրտ չէ, շատ շոգ չէ, ձյան կամ անձրևի տեսքով ուժեղ տեղումներ չկան, կարող ենք, չէ՞… Ունենալով-զարգացնելով մեր փորձը՝ կազմակերպենք նոր ու գործող անվտանգ-հարմար-հետաքրքիր, մանկավարժորեն հիմնավորված տեղափոխումներ՝ տնից դպրոց, դպրոցից տուն։
- Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են ըստ կրթական ծրագրի 2014-2015 ուստարվա ուսումնական պլանները, սովորող սեբաստացիների (յուրաքանչյուրի) անհատական ուսպլանները՝ իրենց ընդհանուր և դպրոցական (անհատի ընտրությամբ) հանրակրթական և լրացուցիչ կրթության բաղկացուցիչներով։ Եկեք ճշգրտենք դրանք՝ ընտանիքում (բոլո՞րն են ծանոթ-ընդունում-համաձայն, պատրաստ աջակցելու) դասարանում, դպրոցում… Գլխավորն, իհարկե, սովորողի անհատական ուսումնական պլանի ամբողջական հետևողական գործարկումն է իր կյանքում` տանը թե դպրոցում, դրա կիրառումը: Եկեք սկսենք հետևողական կիրառել ու պատմել սովորողի բլոգում, ենթակայքում այդ ընթացքում ուրախությունների-անհաջողությունների, դժվարությունների դրանց լուծումների մասին…
- Յուրաքանչյուր մանկավարժական աշխատող, այլ աշխատող (հեղինակային կրթական ծրագրի իրականացնող կրթահամալիրում այլ աշխատողը կարծում եմ, ավելորդ աշխատողն է) նույն կերպ պիտի ամբողջական-կիրառելի տեսքի բերի իր աշխատաժամանակի կառուցվածքը, աշխատաժամանակի անհատական պլանը, որոշակի դարձնի աշխատանքային պլանները. մոբիլությունն ու ստեղծականությունը հենց այն գործիքներն են, որ շատ արագ կվերացնեն անհարմարությունները, կօգնեն յուրաքանչյուրին առավել հարմար դարձնել կրթական-աշխատանքային միջավայրը տանը և դպրոցում:
- Իմ փորձով գիտեմ, սիրելի սեբաստացիներ, սովորող և մանկավարժական աշխատող, ծնող, շրջանավարտ թե բարեկամ, ամենաշատ ծառ ու թուփ, ծիլ ու ծաղիկ չորանում-մահանում է սեպտեմբերին, երբ երաշտ է, երբ դատարկ են հաճախ ջրանցքները, առուները, գետերը…
Այսպես է, ցավոք, հիմա: Մի ելք կա` յուրաքանչյուրիս սրտացավ-կոնկրետ-նախաձեռնող պարտիզպանությունը. առօրյա-սովորական դարձնենք ջրելը, խնամելը հողի որակը լավացնելը… պատրաստվենք սրանով մեր տոնին: Աշուն է, բայց ամառային անհոգությամբ և սպանիչ տոթով… օր առաջ սկսենք մեր պարտեզ-բակերի աշնանային աշխատանքները… - 2014-15 ուսումնական հայրենագիտական նախագծերի ճամփորդությունների, պլեներների, ստեղծագործական հավաքների ուսումնական ճամբարների մեկնարկը սրանով տրված է: Լսեցի՞ք:
Հետո՝ «Բարձունքների հաղթահարում» բացառիկ նախագիծը, որ մեր ազատատենչ-Ստեղծագործող Ոգու դրսևորումն է ու ծնունդը, ու սեպտեմբերի 21-ի անկախության տոնն է առիթը, «Հանրակրթական Էկոտուր 2015»-ը՝ իր մինչև ապրիլյան նախապատրաստական աշխատանքներով, 2015թ. ապրիլյան բաց հավաքով, 2015թ. ճամբարներով՝ նվիրված մեր անփոխարինելի Սևանին՝ իր ավազանով, նրա մեջ թափվող գետերով, նրանից սկիզբ առնող ջրանցքով, Հրազդան գետով… «Բարձունքի նվաճում» ուսումնական նախագիծը տեսեք քանի՜ սեբաստացու է այս ազիզ (այո՛, ազիզ) օրերին միավորում։ Քանի՜ բարձունքից քանի՜ սովորող, սկսած 1-ին դասարանից, քանի՜ սեբաստացի ուսուցիչ, ծնող, շրջանավարտ ու բարեկամ, ինչպես Մադինա սքանչելի գյուղի դպրոցը՝ իր տնօրենով, պիտի նայեն Հայաստանի Հանրապետությանը, քանի՜ բարձունքից… Ուզում եմ նույնը լինի հիացումը, գործը, Սեբաստացիների կոչնակը։
Սեպտեմբերյան մեր հավաքի օրերին Կոմիտասյան օրերը՝ օրեր օրերի մեջ, ինձնից ամենաշատն ուշադրություն-վերաբերմունք պահանջողն են: Ասա, Վարդապետ, ո՞նց որպես ուսումնական ծրագիր նվաճենք քեզ… Հարություն Թոփիկյանի և Արթուր Շահնազարյանի հետ մեր հանդիպումները զարդարում-կարևոր են դարձնում մեզ, մեր կրթական միջավայրը: Արթուր Շահնազարյանը, ում նկատմամբ հայտնի ակնածանք ունեմ, գիտեք, իմ հավատարիմ սանիկն է, ես էլ՝ իր հավատարիմ քավորը, չնայած մեր անձնական բարդ կյանքին։ Հարություն Թոփիկյանը՝ «Սեբաստացիներ» հիմնադրամի խորհրդի նախագահը, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբիգեղարվեստական ղեկավարը, արժանիորեն մեր 2014թ. «Մուտք մանկավարժություն» մրցանակակիրն է։ Շնորհակալ եմ, սքանչելի Մերի Առաքելյան, քո տոնական ջանքերի համար:
Սկսվեց… Մեր շատ սիրելի ընկեր ու վաստակով երաժիշտ-երգիչ Սեյրան Ավագյանն իր նախաձեռնած մենահամերգով կրթահամալիրի Կենտրոնում բացեց սեբաստացիների համերգաշրջանը 2014-2015 ուստարում… Ունկնդիրը, համերգի մասնակիցը տպավորված էր. ես երբեք չեմ մոռանա, սիրելի Սեյրան ու ընկերներ, ձեր այս նվերը՝ Սայաթ-Նովայի երգերի փնջի մատուցումը՝ ծննդյան օրվա իսկական ծաղկեփունջ… Համերգի առաջին մասում նվագեցին մեր երաժշտության ուսուցիչները՝ Լուսինեն (նրա բեմելն էր), որ դաշնամուր է սկսել ուսուցանել Դպրոց-պարտեզում, նշանավոր դարձող Լիլիթ Առաքելյանը, Հասմիկ Մաթևոսյանը… Հանդես եկավ Մերի Առաքելյան - Տաթևիկ Ստեփանյան բեմական կարիերա անող դուետը. նրանք ոչ միայն մեր երաժիշտներն են,Մերի Առաքելյանը եղել է և կա մեր «Համերգ» ուսումնական նախագծի նախաձեռնողն ու համակարգողը, իսկ մերՆոր դպրոցի սովորողների ու սաների վիճակախաղի տոմսը շահել է՝ ամեն օր շփվում են այսպիսի պայծառուհու հետ, լսում-տեսնում երգեցիկ-բեմական բանգլադեշցի աստղուհուն՝ Տաթևիկին…
Երկու նախագիծ, որ կուզենք՝ դառնա ավանդական ու մեզ կապի Մադինային ու մադինացիներին՝ գործընկերությամբ ու հայրենագիտությամբ.
- Մադինան գործուն կմասնակցի մեր էկոտուր 2015-ին, մենք կօգնենք մեր կարողություններով թիմին պատրաստվելու, Արգիճի գետն իր ակունքից (առաջացումից) մինչև Սևան թափվելը նկարագրելը, անցնելը… Մենք կլինենք միասին:
- Մենք Մադինա-Արգիճի-Արմաղանում կանցկացնենք հունիսյան պլեներ՝ մասնակցությամբ հնգյակ-խումբ կազմող հարևան գյուղերի՝ Վերին ու Ներքին Գետաշեններ, Գեղահովիտ, Լեռնահովիտ, Մադինա նկարիչ-ֆոտոնկարիչների, նվիրված Մադինայի ու Հայաստանի ամենատաղանդավոր, իր գործնեության շրջանում Հայաստանում ու Խորհրդային Միությունում հայտնի վաղամեռիկ նկարիչ-մանկավարժին՝ Ներսես Կարապետյանին…
Վահրամ Թոքմաջյանի, ԲՈՒՆ TV-ի և կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերի կենտրոնի համագործակցության արդյունքները՝ «Վերընթերցելով պատմության դասագիրքը» 20 ֆիլմից կազմված շարքը, ինձ գոհունակություն է պարգևում: Նախ՝ առարկային, նյութին, ասելիքին տիրապետող պատմաբան-հասարակագետ ուսուցիչ. ահավասի՛կ: Հետո մեր մոբիլն ու ստեղծականը՝ շոշափելի. նայեցեք… Վահրամի այս քսան հաղորդումներից յուրաքանչյուրը: Ինչպիսի՜ ծավալուն նախագիծ է ղեկավարում-իրականացնում ուսուցիչն իր սովորողների՝ «Ապոլոն» գիտակների ակումբի սաների հետ:
Սովորող սեբաստացի նորեկների մկրտության-հրապարակային ներկայացման ծեսը սեպտեմբերի 4-ի կրթական շքերթն է… «Նորեկ սովորողներ» ուսումնական նախագիծն իմ ուշադրությունը գրավեց. Երևանի, երևանամերձ բնակավայրերի տարբեր դպրոցներից 6-9-րդ դասարանցիների մեծ խումբը կարող է որպես թարմ-պակասող ավյուն՝ դինամիկա հաղորդել-ներարկել հավաքանիին…
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 9.00, ընդհանուր տոնական պարապմունք դպրոցներում. կարող ենք ուրախանալ, պարել, ծափահարել, երգել՝ միասին ու սրտանց, 15 րոպե: Ժամը 9.20 տպավորիչ երթով յուրաքանչյուր դպրոց անցնելու է Մայր դպրոցի ճանապարհը. ուշադիր նայելու ենք ընթացքին հետիոտն. սա մեր «Պատշաճ անցում» ուսումնական նախագծի ուղին է ու բովանդակությունը:
Ուսումնական այս նախագծերը ոչ միայն ճանաչողական են: Արցախի կրթության նախարարության գործուն աջակցությամբ իրականացվող մեր նախագծերի, կրթահամալիրի` հարմարավետ կացարաններով կրթական փոխանակումների կենտրոնի շնորհիվ 3-4 տարվա ընթացքում հարյուրավոր արցախցի երեխաների և ուսուցիչների համար, վստահ եմ՝ անձնային-հարազատ դարձավ Հայաստանը, երևանցիների համար՝ Արցախ աշխարհը: Արցախ-Հայաստան. միասնական գործել, միասին քննարկել ու լուծել իրական խնդիրներ, միշտ պատանեկան անկեղծությամբ և ոգևորությամբ: Ստեղծողի մոբիլ դպրոցը` իր հանրակրթությամբ, նրա սովորողով, ուսուցչով ու ծնողով՝ փաստացի, կոնկրետ ու կարևոր մասնակցություն կունենա «անապագա ներկայի» հաղթահարմանը: Բոլոր կարգի մեծերս` Արցախում թե Հայաստանում, իշխանավոր թե ոչ, ազատամարտի մասնակից թե ոչ, պիտի աջակցենք հայաստանցի և արցախցի պատանիներին, որ ոչ այնքան հերոսական հաջողություններից, որքան Հայաստանում և Արցախում իրենց արժանապատիվ, ապահով կյանքը հաստատելուց խոսեն, առաջացած բարդ, մեծերիս կողմից չլուծված խնդիրները իրենց համար օրակարգային դարձնեն:
Գավառի թիվ 5 դպրոցի բնապահպանների խումբը՝ ժպտերես-նախաձեռնող Իրանուհի Խաչիկյանի ղեկավարությամբ, սեբաստացիների հետ վերադարձել եմ Կուրթանի «Հնեվանք 2014» դաշտային ճամբարից, որտեղ ապրում-գործում էին «Էկոտուր 2014»-ի հաղթողի կարգավիճակով: Փայլում էինգոհունակությունից, հուզված էին արտասվելու աստիճան, որ պիտի բաժանվեն Բանգլադեշի ընկերներից: Լավ է, որ մենք «Էկոտուր 2014»-ի բոլոր մրցանակակիրներին պարգևատրեցինք ճամբարային ուղեգրերով, գոհունակ ապրեցին իրենց ընտրությամբ Զիկատարի (Տավուշի Կողբ գյուղ), Ծաղկունքի (Գեղարքունիքի Սևանի ենթաշրջան) թե Հնեվանքի ճամբարներում՝ անվճար ու հագեցած: Լավ է, որ որևէ խտրություն չեղավ սեբաստացիների և ոչ սեբաստացիների միջև… Լավ է, որ ամենուր հարազատություն վկայող արցունքներ հոսեցին բաժանման…
Բայց սկսենք ապրել «Էկոտուր 2015»-ի հոգսերով: Իմ առաջարկը, որ Գավառը դառնա «Էկոտուր 2015»-ի կազմակերպիչներից մեկը, ինչպես Բջնիի էկոխումբը, «Սեբաստացիներ» էկոակումբն ընդունվեց խանդավառությամբ… Սկսենք մեր գործը, նորեն սկսենք: Մինչև 2015-ի ապրիլի 20-ը, ուսումնասիրենք Սևանի ավազանի համայնքների դպրոցների էկոխմբերի միջոցով Սևան թափվող (Սևան ստեղծող) 28 գետակներից յուրաքանչյուրը: Իրենք ստեղծում, իրենք աղտոտում են: Ինչու՞: Ի՞նչ խնդիրներ ունի գետերից յուրաքանչյուրը: Ինչպե՞ս է հարաբերվում համայնքի հետ: Ինչպե՞ս կայացնենք հաշտություն-համակեցություն մարդու և իր գետի միջև… Եթե պիտի բաժանվեինք, եթե միասին գործելու ժամանակը չէ…
Ո՜նց հաստատվեց այս կալվածատիրական, ավատատիրական հատվածական Հայաստանը… ո՞նց թույլատրեցինք… Տեսեք. հայտնի կրթահամալիրը՝ իր ստեղծական ներուժով, իր նույնքան հայտնի տնօրենի առաջնորդությամբ 2-3 օրով մեկնում է նախօրոք հայտնի երթուղով, խնամքով նախապատրաստած ծրագրով՝ կրթահամալիրի mskh.am-ով և երգչախմբի հայտնի բլոգով ներկայացված, բոլոր դպրոցների ղեկավարներին, մարզի կրթության վարչության ղեկավարին, քաղաքապետ-գյուղապետերին հարգալից դիմումներով, մեր տրանսպորտով, մեր ծախսերով… Երգում ենք սիրով ու լսելի, եկեղեցիներում՝գործող ու խոնարհված, համերգային դահլիճներում ու հրապարակներում, մանկավարժական հանդիպում-քննարկումներ նախաձեռնում՝ իրական խնդիրների գրավիչ մեկնաբանություններով…
Իսկ ես շտապում եմ Բանգլադեշ, ժամը 8-ին Սուրբ Երրոդություն եկեղեցու մոտից պիտի Ստեփանավան՝ մեր կազմակերպած «Հնեվանք» արտագնա ճամբարը ճանապարհեմ 5-6-րդ դասարանցիների մի խմբի: Հետևեք նրանց, հետևեք մեր արտագնա ճամբարներին Հայաստանում և Արցախում, նրանք կշատանան։ Նրանք հայրենաճանաչության, ստեղծականության, ուսուցման ամենաարդյունավետ ձևերն են, նրանք մենք են՝ սեբաստացիները՝ ստեղծական ու մոբիլ, ինչպես իրենց ծնած մանկավարժությունը։
Սրանք ուսումնական նախագծեր են. այո, ամառային, երբ արձակուրդ է և՛ սովորողների, և՛ նրանց ուսուցիչների համար։ Արձակում, ազատ ինչի՞ց՝ հարցնում եմ։ Առօրյայից, արհեստականությունից, պարտադիրից՝ այո, բայց ազատ արձակված մարդու՝ սովորողի և սովորեցնողի անմիջական տնօրինմանը հանձնված ժամանակը (ահա ձեզ ուսումնական արձակուրդի իմ սահմանումը) գլխավորով, իր ընտրած գործով զբաղվելու համար։
5-օրյա ճամփորդության գիշերակացի ձևը՝ խնդիր. մեր երեխաները և ուսուցիչները գիշերել են Վանքի, Ճարտարի, Շուշիի` իրենց մինչ այս անծանոթ հայրենակիցների (սովորողների և ուսուցիչների) տներում, կրկնում եմ՝ իրենց անծանոթ: Հիմա հարցնում եմ` սա չէ՞ թիվ 1 քաղաքական հարցը հայաստանցիների և Արցախում ապրող մարդկանց համար՝ հարաբերվել անհատական-մարդկային-ընտանեկան-ոչ ձևական մակարդակում: Եվ տեսեք` ինչ ոգևորված են դրանից երկուստեք:
Փաստագրման լավագույն միջոցը, իհարկե, թվային ֆոտոխցիկն է։ Տեսեք՝ անգիրի դպրոցն իր վերջին զանգով ու տարեկան-քննական թվանշաններով ոչ ևս է, իսկ ահա Ստեղծողի մոբիլ դպրոցն ամենուր է, անընդհատ է Երևանում, Հայաստանում, Հայաստանից դուրս։ Փաստենք՝ մեր «Հնեվանք» ճամբարի 6-րդ դասարանցի Դոնա Թովմասյանի օբյեկտիվում Ստեփանավանն է։ Երևան-Շուշի-Երևան պլեների մասնակից մեր կինո-ֆոտոյի ակումբի սովորողների տեսադաշտում Շուշիի «Զոնտեր» կոչվող տարածքն է։ Մեր սեբաստացիների «Կարդում ենք Չարենց Կարսում» ուսումնական նախագծի ղեկավար ղեկավար Ելենա Սարգսյանի օբյեկտիվում Անիից, Կարսից հետո Բերկրին է…
...Ես, իհարկե, թվային կապով հետևում եմ արշավախմբի ավտոբուսներին, որ Սևան-Դիլիջան-Վանաձոր-Գյուլագարակ-Կուրթան-Հնեվանք երթուղին առավելագույն ճանաչողական-հայրենագիտական լինի` իր երկարատև հանգրվանով Սևանի հանրային լողափին, Պուշկինի լեռնանցքի անցումը չհետաձգեն…Նպատակը շուտ Հնեվանք` ճամբար հասնելը չէ, երբեք, այլ ճանապարհ-հայրենագիտան ճանաչողության անշտապ մանրամասն ընթացքը…
Ահա ես դիմում եմ բոլոր սեբաստացիներին՝ բոլոր տարիքի սովորողներին, ուսուցիչներին. եկեք այս հոբելյանական տարում իրար տուրիստական հանդերձներ նվիրենք։ Երեք նկատառում։ Նախ՝ յուրաքանչյուրս (լավ, շատերս) կարիք ունի վերականգնելու-նորոգելու իր կապերը իր ծննդավայրի, մեր սրբազան ժառանգություն Հայաստանի և մեր հռչակած Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի հետ։ Երկիրը մանրամասն (ականջդ կանչեց, Վանո Սիրադեղյան) այս մի քանի սար ու ձոր (մեր մեծ ժամանակակից Հրանտ Մաթևոսյանի հետ առնչվելու տարբեր հնարավորություններ եմ ունեցել) սիրելու ավելի լավ ձև կա՞, քան վրանով-ուսապարկով, անշտապ….
Իջևան քաղաքը նոր նշաններ ունի, որ թողել են «Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրով սեբաստացիները 2013-ի աշնանը. մեկ ամիս կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի նկարիչ-ձևավորողները Լուսինե Մանուկյանի, Արման Գրիգորյանի և Հերիքնազ Գալստյանի (հեյ-հե՜յ, ո՞ւր եք, ձա՛յն տվեք) հետ ապրեցին, գործեցին Իջևանում. ահա Անկախության պողոտայի 27 մետրանոց ձևավորված պատը և Իջևանի, պարզվում է, միակ կամարանցումը, որ հիմա հայտնի է ոչ այնքան իր միակությամբ… Նիկոլի հետ մանրամասն նայում ենք վիճակը։ Հարգելի քաղաքապետն անելիք ունի. որպեսզի սրանք մնան նշաններ, քաղաքային հարակից շատ բաներ պիտի ենթարկվեն Արման Գրիգորյանի գեղագիտությանը. ոչ թանկ ու իրագործելի այսօր, նախագիծ…
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագիծը վերջին 4-5 տարում հնարավորություն տվեց հարյուրավոր սեբաստացիների՝ կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների սովորողների, ուսուցիչների, առանձին ծնողների, շատերին՝ առաջին անգամ, ոմանց` գոնե մեկ անգամ, մյուսներին պարբերաբար, որպես ուսումնական ծրագրի մասնակից, լինելու Թբիլիսիում, թափառելու, ճանաչելու, կապվելու, սիրելու, դարձնելու հարազատ այս իրոք հետաքրքիր, գրավիչ, պատմական քաղաքը: Մենք ուսումնական նախագծերի ձևով փոխանակման ծրագրեր ենք իրականացնում մեր վրաց գործընկերների հետ, փորձում միասին լուծել խնդիրներ՝ արձանագրելով դրանք որպես մեր համատեղ կյանք: Կարմուրջները, գիտեք, երկկողմանի անցուդարձ են ապահովում. տասնյակ ու տասնյակ մեր վրացի գործընկերներ, ոչ միայն վրացահայեր, մեծամասամբ հենց վրացիներ, ճանաչեցին ու սիրեցին Երևանը:
Ես, գիտեք, տպավորվում եմ այնպես, որ ազդեցությունն ինձ չի լքում երկար, ինչպես երեկ՝ կրթահամալիրի և Թբիլիսիի թիվ 24 դպրոցի պատանիների ջրագնդակի խաղը մեր ծածկած լողավազանում: Եվ գիտեք, ամենաշատը թբիլիսցի հասուն տարիքի կնոջ պատկերն է անջինջ, ով առավելագույն ջանքեր գործադրեց, որ հարմար դիրք գրավի խաղը դիտելու համար. նա, որ գլխավոր խոչընդոտն էր թվում խաղի կայացման:
Երջանկության սահմանմանը, որ կյանքի կողմնորոշիչ է դառնում ինձ համար, ես հաճախ եմ վերադառնում՝ աշխատել ուղիղ ճանապարհի վրա և գոհ լինել ունեցածով։ Սա Թումանյանի «Ոսկի քաղաքի» Գոհար թագուհու նվերն է ինձ. առաջ ես չէի կարողանում գոհ լինել ունեցածով, անգամ դժգոհ էի, հայտնի դժգոհ. հիմա կարողանում եմ, գուցե նրանից է, որ չեմ շեղվում ճշմարիտ ուղուց։ Գոհունակությամբ մասնակցեցի այսօր Մեդիակենտրոնում (Դավիթ Բլեյանն ասում է՝ «մեդիայում», իսկ վարպետ Օնիկը՝ «մեձիո») Իզմիրի ամենամյա տիեզերական ճամբար մեկնող (այս տարի արդեն չորրորդ անգամ է) սեբաստացիների՝ սովորողների, նրանց ծնողների և ղեկավարների հանդիպմանը. ինչ գրավիչ, գունեղ, հեքիաթի ժանրից ճամփորդություն է, և այս՝ 12-14 տարեկանում. բռավո, կրթահամալիր, Արտակ Զարգարյան ու Շամիրամ Պողոսյան, ում ծննդյան օրն էր, և փայլուն-փայլում էր… Հանդիպեցի նաև «Հնեվանք» արշավախմբային ճամբարի երկրորդ հերթափոխի կազմակերպիչներին. հուլիսի 6-ին կվերադառնան մեր 40 արշավականները, իսկ հուլիսի 7-ին՝ ժամը 8.30 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Լոռի-Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք կշարժվեն արդեն 46 սեբաստացիներ։ Նրանց կսպասի արշավախմբային ճամբարը՝ արդեն ապրված, լազաթով… Գոհացա։
Մարգարիտ Սարգսյանը՝ իր խմբով (վրանով), վերադարձավ Կողբի արվեստի վրանային ճամբարից: Գոհ է, հմայքը բազմապատիկ է: Կեցցես, սիրելիս, որ այսպիսին ես, խիզախման միշտ հասու` չորս տարին չբոլորած Նարեկին ընդգրկած խմբում, 11-12-րդ դասարանցիների հետ: Իհարկե՛: Սեբաստացիներ` առանց տարիքի ու սահմանի, որտեղ էլ որ լինեք, մենք հարազատացրինք Կողբը՝ իր Զիկատարով, արվեստի դպրոցով ու նրա ամենամյա ճամբարով… Այսպես ենք մենք նվաճում-վերանվաճում Հայաստանը: Տեսաք, թե ուր հասավ իմ լուս ու մութին ասված խոսքը քաջ որսկանի գյուլի պես:
Լիքը թերություններ. և որպեսզի ո՛չ իրականությունից կտրված ինքնահիացման թմբիրին տրվենք, ո՛չ էլ, որ նույնքան վտանգավոր է, իրականության անտեսման (մեր ձեռքբերումներին անհաղորդ, դրանցից բեխաբար), թերություններն են, նույն արմատից են սնվում: Зри в корень. Կրթահամալիրի 2013-16 զարգացման ծրագրով մենք շեշտել ենք ուսուցում ուսումնական նախագծերով, ուսումնական օրացույցով, հանրակրթական-ստեղծագործական ստուգատեսներով՝ թվային միջոցների անհատական գործածմամբ: Սրանք չդառնան դեկորներ-միջոցառումներ դպրոցական, իսկ սովետը չհաղթահարած ուսուցիչը շարունակի փակված գործել բաց կրթական միջավայրում՝ իր իմացած առարկայից ինչ-ինչ ձևերով, ինչ-ինչ տեղեկություններ փոխանցի` քիչ է, ու դեռ սրա անունն էլ դնի հեղինակային ծրագիր: Այո, մեր կրթական ծրագրի վարկաբեկման ճանապարհը ես ներկայացրի:
Իզմիրի տիեզերագիտական ճամբարում Մարիամ Մանսուրյան և Էմիլեա Սիմոնյան սեբաստացիների ելույթն այս շարքից է. բազմազգ ճամբարում ավարտական հանդեսին երգել-պարելը, ֆիլմեր ցուցադրելը հաստատված բաներ են, ինչպես, օրինակ, տարիներ առաջ մեր Վաղինակի ելույթը, բայց, ա´յ, վերցնել ու մարմնամարզական անպաճույճ հնարներով հանդես գալ հարգարժան «պուբլիկայի» առաջ՝ խիզախ է, իմ կարծիքով. կեցցե´ք, աղջիկներ:
Ուսուցում դաշտային-արշավախմբային ճամբարներում
Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ օգոստոսի 1-ից Կուրթանից 5 կմ դեպի Ձորագետ՝ Հնեվանքի հովանու ներքո մեկնարկող անդրանիկ հայրենագիտական-բնապահպանական-ռազմամարզական արշավախմբային ճամբարը, յուրաքանչյուր հերթափոխում 5 գիշեր և 6 օր, կընդունի այս անգամ 40 սեբաստացի ու ոչ սեբաստացի գործընկերների՝ սովորող, ծնող, ուսուցիչ, ովքեր կդիմեն [email protected] հասցեով և կստանան ճամբարի ուղեգիրը:
Ասում ենք` անդրանիկ արշավախմբային (դաշտային) ճամբար, անծանոթ Կուրթան-Ձորագետի տարածք, և լավ է, որ սեբաստացիները նախապատրաստված են սրան. Տաթև Աբրահամյանը և Մարգարիտ Հարությունյանը, իրենց 5-6-րդ դասարանների սովորողների մեկական խմբի հետ եղել են Հնեվանքում հունիս-հուլիսին, իսկ Ստեփանավան քաղաքն ու Գյուլագարակը՝ իր նշանավոր Դենդրոպարկով, վերջին 4-5 տարում մեր Գեղարվեստի ավագ դպրոցի, բնապահպան-հայրենագետների, ստուգատեսների հաղթողների թիրախում են:
Հեքիաթն այս անգամ այլ անուն ունի՝ սեբաստացիների արշավախմբային «Հնեվանք» ճամբար: Մեկնարկը՝ օգոստոսի 1-ին:
Ահա այսպիսի աշխատակարգ կունենա Հնեվանքի ճամբարը: Այս նոր տարածքում՝ Ձորագետի աջ ափին, Հնեվանքի հարևանությամբ, նշանավոր Ցիցքարի ներքևում կապրենք, կուսումնասիրենք մոտիկից, շա՜տ մոտիկից կծանոթանանք: Այսպես. կիջնենք մինչև Ձորագետի կամուրջ, կբարձրանանք Արևածագ գյուղ, կհասնենք Օձուն-Սանահին, հետո Ալավերդի-Ստեփանավան-Գյուլագարակով կվերադառնանք մեր արշավախմբային ճամբար: Եվ սա, շնորհիվ պաշտպանության նախարարության հուսալի փոխադրամիջոցների, կլինի առավելագույն անվտանգ: Կլինենք Ստեփանավանի հրետանային նշանավոր զորամասում, կծանոթանանք ժամանակակից զորամասի առօրյային, կկրակենք զորամասի հրաձգարանում, գնդապետ Հովհաննիսյանի հետ և´ կճաշենք (ի դեպ, այս գործընկեր զորամասն է մեր արշավախմբային ճամբարը կահավորողը), և´ նրան հարցախեղդ կանենք, կթափառենք Ստեփանավան սիրելի դարձած քաղաքով, կլինենք Մայորի ձորում, Լոռե Բերդում, Դենդրոպարկում, Վարդաբլուրի լճերում…
Երեկ ինձ համար ամենակարեւոր աշխատանքը օգնելն էր «Հնեվանք» ճամբարի ղեկավար Գեւորգ Հակոբյանին… Շնորհակալ եմ Գեւորգին իր ինքնառաջարկի համար, որ անձամբ, որպես մանկավարժական գործի հմուտ հետազոտող – կազմակերպիչ, ճամբարի առաջին հերթափոխով, շատ բանով ապահովելու է օգոստոսյան չորս հերթափոխների հաջողությունները: Տասնյակ – տասնյակ ճամբարներ ենք ունեցել ու ունենք հիմա, սեբաստացիներ, բայց սա ուսումնական պարապմունք-հանգստի-ճամփորդության նոր կազմակերպում է, նոր կառույց, նոր հնարավորություններով … Իսկ մոբիլությունը, 2-3 օրում պատրաստված վիճակ ունենալը հենց այս կազմակերպմանն են բնորոշ: Ճամբարի ֆիզիկական ուսումնական միջավայրն ապահովում է այս գործում մասնագիտացված կառույց, Ստեփանավանի զորամասը: Մենք պիտի կենտրոնանանք նոր, մանկավարժական ամբողջական միջավայրի վրա: Լավ է, որ Լեւոն Արամյանը, տիեզերագիտական ակումբի հիմնադիր ղեկավարը , անմիջապես է գործում: Աստղացուցարանը, աստղադիտակը, ակումբը, մոբիլ են եւ կլինեն, կգործեն օգոստոսին, Կուրթանում … Լավ է, որ հայրենագետ Տաթևիկ Աբրահամյան, երաժիշտ Հասմիկ Մաթևոսյանը, հմուտ կազմակերպիչ Անահիտ Մելքոնյանը իրենց խմբերով անմիջապես արձագանքում են տիար Գևորգի կանչին:
Գևորգի որոշումը, արշավախմբային ճամբարը բաց պահել Կուրթանի, Վարդաբլուրի, Ստեփանավանի 5-12-րդ դասարանցիների համար, սկզբունքային է, որպես նոր ճամբարի անօտարելի հայտանիշ, որակ, առավելություն: Ինչպես չի կարելի հայրենագիտական (ազգագրական) բնապահպանական գործունեությունն իրականացնել առանց տեղացիների գործուն մասնակցության, այդպես էլ չի կարելի ուսումնա-վարժական դարձնել ճամբարն առանց Ստեփանավանի զորամասի եւ արտակարգ իրավիճակների համակարգի «Լոռե» ջոկատի գործընկերության: Գեւորգ Հակոբյանի եւ իմ պատկերացումները մոբիլ ճամբարի, նրա նշանակության եւ հեռանկարի մասին հարազատ են ինչպես հարազատ են եղել և մնում որպես քավոր ու սանիկ: Օգնենք միմյանց այս փուլում, սեբաստացիներ, այս նախաձեռնությունը «25 տարի մոբիլ ու ստեղծական» հոբելյանական հաշվետվություն – ցուցադրություն-հանրային ներկայացումների մեջ առանձնահատուկ է: Սա սեբաստացիների մեր հավեսի անկեղծ դրսեւորումն է: Հեռու մնան մեզանից անհավեսները, ինչպիսի արդարացումներով էլ իրենց զարդարեն:
Շաբաթներ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իմ հրապարակային արված հարցադրմանը՝ Հայաստանում ունենալ ռազմամարզական պատանեկան ճամբար, օպերատիվ արձագանքեց. «Գնացե՛ք, տեսե՛ք, առաջարկե՛ք»: Արցախում հաջողությամբ գործում է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը: Ասկերանի Բալուջա գետի ափին, անտառում, հետախուզական վաշտի հարևանությամբ գործող պատանեկան ճամբարին չորրորդ տարին մասնակցում ենք նաև սեբաստացիներս` կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի տղաներով: Հայաստանյան ճամբարը, մեր պատկերացմամբ, կընդունի նաև աղջիկներին, բաց կլինի, իհարկե, արցախցի պատանիների համար, կունենա նաև ընդգծված ուսումնավարժական բաղկացուցիչ՝ իր հայրենագիտական-բնապահպանական նախագծերով: Գլխավորը, որ պատանին իրական շփում ունենա այսօրվա բանակի մասնագիտորեն պատրաստված ու կիրթ սպայակազմի հետ, նրան որպես ուսուցանող ընկալի, բանակը` որպես նաև ուսումնական միջավայր, զինծառայությունը՝ կրթությունը լրացնելու հնարավորություն նաև:
Գորիսի բանակային կորպուսում մեզ սպասում են. գնդապետ Հարությունյանը, նաև բանակային առաջին կորպուսի հրամանատար գնդապետ Փարվանյանը, կարևորում են «Նոր ասպետի» ծունդը՝ վստահորեն ուզում են, որ արագ ընթացք ունենա: Մենք կստանանք կորպուսի աջակցությունը, իսկ Կարմրաքարի շինությունը նախարարի հրամանով շատ արագ գործուն տեսքի կբերեն, կկահավորեն: Մարտական պատրաստության վիճակ է ամենուր, մեր հանդիպում-քննարկումներն էլ սրան համաչափ են, գործուն, կոնկրետ:
Գորիսից Կապանի ճանապարհը բռնեցինք. Կարմրաքարը, գիտեք, Գորիսից 46 կմ է հեռու, Կապանի ճանապարհին, 20 կմ այս կողմ: Սա նախկին հայտնի արհմիութենական «Կարմրաքար» հանգստյան տունն է, որի առանձնացված շենքերից մեկը՝ նորոգված դատարկ, կարծես իր բարձունքից զանգում է՝ հե՜յ-հե՜յ ասպետներ, որտե՞ղ եք, ծուլություն-անգիտություն թոթափեք, դուրս եկեք մեյդան՝ կոփվելու, ասպետի կյանքով ապրելու: Կորպուսի առանձին հետախուզական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Վահագն Հակոբյանը մեզ ընդունեց, կորպուսի հրամանատարի դրված առաջադրանքը՝ ամբողջ շենքին, տարածքին, տեղանքին, խնդիրներին ծանոթանալ, իր օգնականների հետ կատարեցինք օպերատիվ ու մանրակրկիտ: Վահրամ Թոքմաջյանը, ով Արցախի «Ասպետ» գիտակների ակումբի ու մրցաշարերի հայրենագիտական-ազգագրական գործունեության ուրույն փորձ ունի, միշտ էլ հետաքրքրված է եղել մեր այս առաջարկի շուտափույթ իրականացմամբ, և հիմա իր գոհունակությունն ու պատրաստակամությունը չի թաքցնում…
Զորամասն իր առօրյայով, հետաքրքիր է ամեն մի դեռահասի-պատանու համար, տղա թե աղջիկ. նա մեզնից վատ չգիտի, որ ծառայելու է, ինչպես ծառայում կամ ծառայել է իր հարազատը, հարեւանը, ծանոթը: Նա ապրում է այդ բանակային պատմությունների մեջ, սա փաստ է, իր ողջ առավելություններով ու թերություններով … Կկարողանա՞ն հանրակրթական դպրոցների ուսուցիչները որպես կազմակերպիչներ, պատանեկան ջոկերի ղեկավարներ, գործուն, լիարժեք զգալ իրենց այսպիսի ճամբարներում… Ճամբարային կյանքի օրերին պատանուն դիմավորեն զորամասում, որ կրակի զորամասի հրաձգարանում, որ զորամասի հրամանատարը, որպես ծառայության մեջ գտնվող գնդապետ, հարգալից ուղեկցի նրան, ծանոթանա զորամասի իրական զինվորին ու սպային, տեսնի գործող զինտեխնիկա, հարցեր տա ու պատասխաններ ստանա գործող զինվորականից, տեղում… Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ ենք զենքը բերում հանրակրթական դպրոց, ինչո՞ւ ենք ուզում գրավիչ, իրական ռազմական գործն ու նրա նախապատրաստումը դարձնել հերթական դպրոցական առարկան, իր բոլոր բացասական սպանիչ կողմերով… Մի դրական կողմ ասեք «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) կոչվող առարկայի այսօրվա դպրոցական կազմակերպումից … Զորամասերը, նրանց հրամանատարները կարող են ու պիտի ունենան օգնականներ ՆԶՊ -ի գծով, ենթաշրջանի դպրոցների համար, բայց դրանք պիտի լինեն գործող սպաներ, որոնք կարող են կազմակերպել պատանիների ճամբարային կյանքը, ուսումնա – վարժական հավաքները: Արտակարգ իրավիճակների առկա համակարգը իր ձեւավորված շրջանային ցանցով հնարավորություն կունենա գործող պատանեկան ճամբարներում արտակարգ իրավիճակ ու անվտանգ գործելու, անվտանգ կենսագործունեության հմտություններ փոխանցել դեռահաս պատանիներին, սկսած, առաջին բուժօգնություն, հրդեհ հանգցնելու, ջրում խեղդվողին փրկելու հմտություններից … Մենք իմ նկարագրած մոդելը առավելագույն չափով կգործադրենք Կուրթանի «Հնեվանք» արշավախմբային ճամբարում:
Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար տարբեր պատճառներով (հարգելի-անհարգելի՝ դատավորներն ո՞վ է, իսկ ո՞ւմ ենք դատելու) չմեկնածներին՝ ամենևին չդատեցինք, այլ հնարավորություն, ընտրություն առաջարկեցինք. աշխատեց: 12-րդ դասարան փոխադրվող տղաների հետ Գեղարվեստի ավագ դպրոցում՝ Գայանե Առաքելյանը, Արհեստների ավագ դպրոցում՝ Անահիտ Մելքոնյանը, Մայր դպրոցում՝ Ավագ դպրոց-վարժարանում՝ Էմանուել Ագջոյանը վստահ, համերաշխ մեկնարկեցին ռազմամարզական ճամբարի բանգլադեշյան փուլը՝ օգոստոսի 14-19-ի երևանյան ճամբարը, իսկ օգոստոսի 20-ին, ժամը 08:30, համեցեք մեր 2014-2015 ուստարվա շրջանավարտացու 16-17 տարեկան պատանիները կմեկնեն ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծած Կուրթանի «Հնեվանք» վրանային ճամբար՝ դաշտային նախաբանակային պարապմունքները Ստեփանավանի զորամասի աջակցությամբ անցկացնելու… Հինգ գիշեր, վեց օր՝ միասին, գեղատեսիլ Ձորագետում՝ լող, հրաձգություն, վերելք, արտակարգ իրավիճակում գործելու հմտություններ, բնապահպանական-հայրենագիտական նախաձեռնություններ, մարզական-տեխնիկական հնարներ, դաշտային խոհանոց ու կյանք…
Վահրամ Թոքմաջյանին ու իր օգնականներին կարելի է նախանձել՝ սա իրական-գրավիչ մանկավարժական հարթակ է ասպետական կրթության համար… Ամեն ինչ հո միջնադարում չի՞ մնացել… Եվ լավ է, որ հաջող մեկնարկը տրվել է օգոստոսի 14-ին, երբ Արցախի Ասկերանի Նոր Այգեստանի «Ասպետ» ռազմամարզական ճամբարում ավարտվեցին տասնօրյա դաշտային պարապմունքները։ Կեցցե՛ք, շնորհակալ եմ այս գոհության համար, Արտեմ Խաչատրյան, Գնել Հարությունյան, Արման Երանոսյան և 32 ընկերներ…
Նոր ուսումնական միջավայր. «Սեբաստիա» կրթական պարտեզը՝ ուսումնական նախագիծ
Մենք ոչ միայն ասում, այլև կազմակերպում ենք, որ մեր սովորողները, սկսած 1-ին դասարանից, ստեղծեն իրենց դպրոցական միջավայրը՝ ինչպես նյութականը՝ իր ուսուցողական մասով, այնպես և մարդկայինը՝ բերելով իրենց դպրոց իր ծանոթ-անծանոթին։ Գովազդին պիտի փոխարինի կրթական ծրագրի, դպրոցի ներկայացումը շահառուին՝ սովորողին ու նրա ծնողին, հանրությանը. սա ուսումնական աշխատանք է, որ նախագծերի ձևով սկսել են կատարել ավելի ու ավելի մեծ թվով սովորողներ։ Բացեք ձեր դպրոցը՝ դասարանը, խումբը, ակումբը, կրթահամալիրը, ներկայացրեք ազատ և՛ մեդիա, և՛ ֆիզիկական միջավայրում. այս դեպքում շատ բան կփոխվի և՛ ձեր մեջ, և՛ կրթահամալիրում. նախ՝ կեղտը դուրս կգա տանից, իսկ այն, միևնույն է, շլակի ձևով առաջանում է, հետո՝ կգնահատեք այն, ինչ ունեք։ Եվ գլխավորը՝ դուք կոնկրետ կմասնակցեք ձեր կրթական միջավայրի նորացմանը, եթե սովորող եք, քանզի միջավայրն է ձեր ուսուցիչը:
Հիմա դժվար է հավատալ, որ Մայր դպրոցում գործող խեցեգործության, փայտամշակման արհեստանոցների, նախկին ու ներկա հրաձգարանի, «հացի փուռ» կոչված տարածքի, մետաղագործության արհեստանոցի, պահեստների` ընդհանուր հաշվով մոտ 2500 քառակուսի մետր տարածքը նախկինում համարյա ծայրից ծայր լցված էր շինարարական լիցքով՝ հողով-քարով… Ու այդ ամենը քանդել, բարձել, տեղափոխել են թիվ 183 դպրոցի սովորողներն ու ուսուցիչները 1984-89թթ ընթացքում։ Ես այսօր էլ զարմացած եմ հաստատակամության-նվիրվածության, աշխատասիրության այդ նախագծով։ Սրան էլ գումարեք թ. 183 անորակ շենքի, քանդվող բետոնե հատակների վերափոխման աշխատանքերին սովորողների և ուսուցիչների մասնակցությունը:
Իմ հերթական հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խմբի հետ, որը այս անգամ ղեկավարում է գնդապետ Առուշանյանը, կայացավ մեր կառուցվող խաղադաշտերում։ Որքան էլ անհավատալի է թվում, հիշեցնեմ, որ օգոստոսի 23-ին, զարմացնեմ ու հիացնեմ, որ այո, 2014 թվականի, նշանակված է կառուցվող մարզադաշտերի հանձնումը… Իսկ սա պաշտպանության նախարարի հրաման է, որը չի քննարկվում, կատարվում է։ Ուրեմն, գլուխներս կախ, բարեխիղճ կատարենք օրվա գործը։
«Սեբաստիա» մարզահամալիրի խաղադաշտերի կառուցումը, երբ չունես նյութական միջոցներ ու հատկացումներ, երբ քեզնից դրա կառուցումը չի էլ պահանջվում, խիզախ ձեռնարկ է, բայց այս մեծ ծավալի մեջ ինձ զբաղեցնում են խիզախ լուծումները՝ անաստիճան, անեզր, անցանկապատ, անբերան, անասֆալտ, անարգել… Սրան ավելացնենք ստեղծագործ երևակայության մի հոմանիշը՝ «կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելու կարողությունը» (Ջ. Ռոդարի)։
Երեկ մարզադաշտում ամենաշատը և ուշադիրը հետևում էի (երկրորդ պլանից հսկում էի, որպես ուսումնասիրող) Ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանի մեր «դեզերտիր» տղաների՝ «Հայաստանյան ասպետ» ճամբարի գործունեությանը. նպատակասլաց-կարգապահ աշխատանք տեսա՝ ինքնաթափ-դեղին-անվավոր-մեծ-բեռնատար-շինարարարական ավտոմեքենան էին բարձում, վարժարանային այգին բարեկարգում, ազատագրվում ծնողների պարտադրանքից ու սկսում էին գործել որպես ազատ կամքով էակներ: Եվ լավ է, որ վարժարանի ղեկավարը, մեր հասարակագետները՝ Արմանը, Էմանուելը, Վահրամը, այս տղաների կողքին, նրանց հետ են։ Մանկավարժ աշխատողի նեղմտությունը կործանարար է. անընդհատ մուռ է հանում՝ ողջ աշխատանքային կյանքը գործել է այլոց կամքով, հակառակ իր ազատ կամքի ու սրա համար վրեժ է լուծում երեխաներից: Մեծահոգության մեծ պակաս կա, բարեկամնե´ր:
Կրթահամալիրի քոլեջի շրջանավարտ-մասնագետների ցանկում անցած ուստարում մենք ունեցանք առաջին տասը պարտիզպանները՝ մեկամյա արհեստագործական ուսուցմամբ… 2014-2015 ուստարում ևս այս մասնագիտությամբ ընդունելություն ունենք. ինչպիսի՞ դիմորդներ կունենանք։ Թվում է՝ նրանք պահանջված պիտի լինեն և՛ մասնավոր, և՛ պետական, և՛ համայնքային գործատուների կողմից…
Ես որոշեցի բնապահպանական տեսչական իմ ստուգայցն սկսել Արհեստների ավագ դպրոցից, հետո Նոր դպրոցի բակով իջա Մայր դպրոց, հետո՝ Բ-4 թաղամասի «Յուրի Բախշյան» մանկական այգի։ Փառավորվեցի. խնամված, խուզված, ջրված ու մաքուր և բանուկ՝ առավոտյան 9.30-ին։ Որքա՜ն էլ օգտատեր ունի այգին՝ տատիկ-պապիկներ՝ երիտասարդ, իրենց թոռնիկների հետ, մանչուկ-հմայիչներ՝ իրենց մայրիկների հետ, այգու տարբեր անկյուններում, ցայտաղբյուրների մոտ, անգամ՝ գնդակ տշող հայրիկ… Ես գոհունակություն ունեցա, որ հունիսին մեծ թվով սեբաստացիների մղել եմ միանալու Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը՝ հիմնովին բարեկարգելու այգին, և էական մասնակցություն ունեցանք. Արման Գրիգորյանի ու Գեղարվեստի ավագ դպրոցի ճաշակը ուրիշ արտահայտություն-ազնվություն է հաղորդում այգուն՝ որպես հեղինակային դրոշմ ու ճանաչված նշան:
Դպրոց-պարտեզի մուտքի մոտ ինձ անակնկալի բերեց սքանչելի Սոնա Փափազյանը. այսօր մեր կազմակերպիչն իր ջոկատով կմեկնի «Հնեվանքի» արշավախմբային ճամբար, ու հատիկ-հատիկ հրաժեշտ է տալիս ծառ ու թփին. «Իմ ձեռքով ջրեմ, հինգ օր չեմ տեսնելու»… Սոնա ջան, օր առաջ վայելենք երջանկությունը սքանչելի մայրությանդ…
«Հայաստանյան ասպետ» նախագծի բանգլադեշյան փուլի մեկնարկը տպավորիչ էր. գոհության պահեր ունեցա: Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար տարբեր պատճառներով (հարգելի-անհարգելի՝ դատավորներն ո՞վ է, իսկ ո՞ւմ ենք դատելու) չմեկնածներին՝ ամենևին չդատեցինք, այլ հնարավորություն, ընտրություն առաջարկեցինք. աշխատեց: 12-րդ դասարան փոխադրվող տղաների հետ Գեղարվեստի ավագ դպրոցում՝ Գայանե Առաքելյանը, Արհեստների ավագ դպրոցում՝ Անահիտ Մելքոնյանը, Մայր դպրոցում՝ Ավագ դպրոց-վարժարանում՝ Էմանուել Ագջոյանը վստահ, համերաշխ մեկնարկեցին ռազմամարզական ճամբարի բանգլադեշյան փուլը՝ օգոստոսի 14-19-ի երևանյան ճամբարը, իսկ օգոստոսի 20-ին, ժամը 08:30, համեցեք մեր 2014-2015 ուստարվա շրջանավարտացու 16-17 տարեկան պատանիները կմեկնեն ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծած Կուրթանի «Հնեվանք» վրանային ճամբար՝ դաշտային նախաբանակային պարապմունքները Ստեփանավանի զորամասի աջակցությամբ անցկացնելու… Հինգ գիշեր, վեց օր՝ միասին, գեղատեսիլ Ձորագետում՝ լող, հրաձգություն, վերելք, արտակարգ իրավիճակում գործելու հմտություններ, բնապահպանական-հայրենագիտական նախաձեռնություններ, մարզական-տեխնիկական հնարներ, դաշտային խոհանոց ու կյանք…
Վե´ր կացեք, բոլոր տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ որ լինեք, բահ, փոցխ ու գերան առեք, միացեք մեզ: Մինչև մեր տոնի օրերը մենք պիտի այլ դարձնենք մեր բակը… «Մեր բակը՝ պարտեզ» ուսումնական նախագծերի աշնանային՝ վճռական փուլն սկսնած է: Ձեռքիցս չեք պրծնի. պիտի մեր բակերում համատեղ արված աշխատանքներն ամբողջական մի վիճակի բերենք… Նախակրթարանային գոտիով, ընդարձակված լողափերով, խաղալու հրճվանք պարգևող ավազե դաշտով, հեծանվաուղով, նոր ծառատունկով, բարեկարգ մուտքով… Խելացի-մտածված, իստակ-մաքուր, խնամված-ներկված, փորած-ջրած…
Սիրելի սեբաստացիներ, որտեղ էլ որ լինեք, կաք հիմա, այս ճանապարհներից, անցում-ուղիներից յուրաքանչյուրը, որ այնքան սովորական է դարձել որպես առօրյա, ինձ համար օրը օրի անտանելի է դառնում, ավելին, ես որոշել եմ չտանել այս վիճակը, փոխել այնպես, որ մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը ուրիշ ընթացք ունենանք՝ պատշաճ… Այնպես որ սկսում ենք, սեպտեմբերի 4-ին ժամը 8.45-ի երթով սկսում ենք մեր «Պատշաճ անցում» ուսումնական նախագիծը: 9.45 րոպե մենք պիտի տոնական տողանի շարված լինենք «Սեբաստիա» խաղադաշտում. պատկերացնու՞մ եք՝ 5 տարեկան սեբաստացուց սկսած՝ բոլորս միասին… Շշմելու է… Եկեք հաղթահարենք, բացառենք ծուլության յուրաքանչյուր դրսևորում, սկսենք քայլքից, շատ քայլենք:
Գևորգ Հակոբյանի հետ խոսում էինք հեծանվակայանատեղիի մասին… Սիրով. այսօր տեղը որոշենք, ու թող Մայր դպրոցի տարածքում լինի մեր առաջին կայանատեղին, հետո՝ Կենտրոնի տարածքում, այսպես՝ հեծանվային 7 կայանատեղի: Ես, օրինակ, իմ սանիկ Գևորգ Հակոբյանին նվիրում եմ հեծանիվ, պայմանով, որ ինքն այն ուրիշին չի տա, որ 1980 թ.-ի, ես պատմել եմ, մեր սխալը չկրկնվի… Հեծանիվը, ինչպես ուսապարկ-քնապարկ-արշավականի կոշիկ-հանդերձանքը, պիտի անհատական լինի. ավտոմեքենա չէ՝ ով ուզում է, քշի: Հեծանիվ է, ինչպես ձին: Հեծանիվ եմ նվիրում, ոչ այսօր, Դպրոց-պարտեզի հեծանվուղու բացման օրը՝ սեպտեմբերի 10-ին, Դավիթին…
Ամենաշատը հիմա ինձ զբաղեցնում են մեր կրթական օբյեկտների բակերը, անխնամ դաշտերը… Մայր դպրոցի «Սեբաստիա» կառուցվող խաղադաշտը (կրկինն շնորհակալ եմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին շարունակվող գործուն աջակցության համար) լավ օրինակ է ու խթան՝ Դպրոց-պարտեզում, Հիմնական դպրոցում, Գեղարվեստում, Քոլեջում 2-4 տարեկանների, 1-3-րդ դասարանցիների համար հարմարավետ ավազե հիմքով հարմարավետ խաղադաշտեր և հեծանվուղիներ կառուցելու, բարելավելու Բանգլադեշի նշանավոր մեր բացօթյա լողափերը, պարտեզների կանաչը զմրուխտի բերել-մշակել (ոռոգման ջուր ունենք ու ոռոգման նոր ցանցեր ամենուր), նախշուն դարձնել մեր շենքերի էքստերիերները սովորողների ձևավորման նախագծերով…
Երեկ ես իմ ժամանակի մի կարևոր մաս Գեղարվեստում ու Նոր դպրոցում նվիրել եմ նյութական միջավայրի՝ դպրոցական բակերի բարելավման ուսումնական-նախագծային աշխատանքի կազմակերպմանը՝ ընդհանուր, պարտադիր՝ սովորողի և մանկավարժական աշխատողի համար: Հենց բակում, աշխատող սովորողների ու մեծահասակների հետ քննարկել ենք այս ուսումնական գործի կազմակերպումը. ձևականություն, կիսատ-պռատություն, ինչ-որ ձևի, անխիղճ, անբարեխիղճ, ուրիշի համար հարկադրանքով արվող աշխատանքից ազատվել է պետք, դրսում աշխատանքի անվան տակ ժամանակ անցկացնելը պիտի հաղթահարվի…
Մեծ մարզադահլիճում Գեղարվեստի կրտսերի մանկական խրախճանքի-տոնի մասին այս տեսանյութը հա՜ կարող եմ նայել: Հալալ է բոլորին, յուրաքանչյուրին, ով ստեղծեց այս ուսումնական-առողջարարական միջավայրը. հալալ է: Այսպիսի մի հալալ էլ դառնամ ասեմ քանդակագործության արվեստանոցին՝ Արա Թարզյան յուրահատուկ մարդով, որ մեր Կարինե Մացակյանին մե՛կ մոռանալ է տալիս, մեկ-մեկ էլ՝ մարդու երնե՜կ ասելն է գալիս…
Ուրիշ իրադարձություն էլ եղավ այս օրերին, էլի որպես բարձունքի նվաճում, բայց որպես 2014-ի մեր աշխատանքով նվաճած մեր բարձունքը: Գիտեք, Գեղարվեստի մեր դպրոցը նախկին տիպային մսուր-մանկապարտեզ է՝ ազբոթիթեղի երեսուն և ավելի տարվա թեք տանիքով: Որոշել էի նվաճել այդ տանիքը` որպես բարձունք: Տանիք, որը բաժանում էր որպես անջրպետ՝ շենքի աջակողմյան ու ձախակողմյան հատվածները: Գիտեք` ես շատ անջրպետ-հիմար պատեր, մարդկանց բաժանող ու միջավայր կտրատող գոտիներ եմ վերացրել: Այս մեկն ուրիշ էր: Ես սրա առաջ քանի՜ անգամ կանգնել եմ, մտածել նահանջի, հետաձգելու մասին… Հարցնում էի` նորի՞ց տանիքի գործ, դրանից բխող հետևանքներով, ինչպես եղավ 1995-96-ի կրթահամալիրի մյուս դպրոցների հարթ տանիքները, թեք, թիթեղապատ դարձնելու հետևանքը: Ինչո՞վ են արդարացված քո այս ջանքերը, կրթահամալիրի առանց այն էլ սուղ միջոցներից՝ թեկուզ և խնայող, ամենախնայող ծախսը:
Սկզբում Գեղարվեստի շենքի մի հարկանի կենտրոնից աջ ընկած հարկաբաժնի, երկրորդ հարկի բոլոր պատերը հանեցինք՝ այդ թվում հարկաբաժինը և տանիքը բաժանող: Հետո, շաբաթներ առաջ, կենտրոնից ձախ եղածինը… Բայց կենտրոնի տանիքին ձեռքներս չէր հասնում: Իմ վախերն էին չհաղթահարված: Հետո այս օգոստոսին տանիքն իրենց կյանքն ապրած ազբոթիթեղներից մաքրվեց: Կենտրոնի տանիքն ընդունեց իր նախնական տեսքը, ինչպես 1983-ին, նոր կառուցած շենքում, հարթ, փափուկ ծածկով: Նորից վախեր. այս անգամ պետք էր մաքրել տանիքը ֆիզիկապես մաշված հարթ ծածկից, բետոնապատել, ջրհորդաններ դնել: Սեպտեմբերի 23-ին mskh.am-ում ինձ անակնկալի բերեց այս հայտարարությունը. ո՞նց` հարցրի ինքս ինձ, վե՞րջ չարչարանքին, ախր այնքա՜ն գործ կա դեռ անելու, ինձնից լավ ո՞վ գիտի այդ մասին, այս տանիքում արդեն ուսումնական պարապմունքնե՞ր են, ներկայացո՞ւմ:
Ես, իհարկե, այդ օրը, նշված ժամին մտա տանիք, ինչպես վերջին շրջանում ամեն օր, ու չճանաչեցի այն: Բեմ ու թատերական հրապարակ դարձած տանիք-տարածքը բազմամարդ էր ու տոնական: Բեմի վրա Քնարիկ Ներսիսյանի ու Սոֆյա Այվազյանի ճերմակ շորերով սաներն էին, Արշիլ Գորկուն նվիրված «Մաքրություն. տառապանք. հասունություն» ներկայացումն էին խաղում. որտեղի՞ց այսքան խիզախություն այս հմայիչ, ընդունակ անբաժան զույգին, որ տեսե՛ք՝ միշտ շրջապատված է տասնյակ ոգևորված, շնորհալի պատանիներով:
Հետո, ներկայացման ավարտին մենք մոտեցանք տանիքի եզրին… Ահա, ինչու էր պետք նվաճել այս տանիքը` որպես բարձունք: Մեր դեմ նույն Արարատն էր, նույն աշխարհը Հայաստան, որտեղ, ավա՜ղ, քսաներեք տարի անց, նույն պարապությունն է ու կիսատ-պռատ գործերի ծովը: Այո՛, բայց այստեղից սկսվում է նաև կրթական մեր նոր կասկադը, որ հետո հաշվեցինք մեր եռանդուն Գայանե Առաքելյանի հետ, յոթ-ութ իրար հետ կապվող հարթակներ ունի: Իսկական կրթական պարտեզ: Սկսե՛լ է պետք ուսումնատենչ, ստեղծագործ, անդադրում սեբաստացիների հետ: Սկսե՛լ է պետք ապրել այս տանը: Եթե ուզում ենք տունը շեն լինի, պիտի պարզապես ապրենք այնտեղ:
Կեցցե՛ք, Քնարիկ, Սոֆյա, Գայանե, դուք այնքա՜ն տպավորիչ բեմադրեցիք այս պատգամը. մենք, թվում է, միշտ իմացել ու 1991-2014թթ. անկախության շրջանում ինչ-որ մի տեղ կորցրել էինք այն:
Շատացել են Հայաստանում դպրոցական օլիմպիադաները՝ ամենատարբեր: Վերջերս իրենց պարտադրում, իրենց գերիշխանությունը ցուցադրում են ռուսերեն անցկացվող միջոցառումները, Ռուսաստանի, այս կամային կառույցի անունից հանդես եկողները… Գևորգ Հակոբյանը կասեր՝ «Երբ են գնացել, որ հիմա էլ գան, չեն գնացել»: Սովետի նման ներկա են, մեր մեջ են՝ ստրկամտությունը, մեծապետական-իմպերիական մտածողությունը… Հակամարդը մեր մեջ է, չի հաղթահարվել, չի գնացել, զորանում է, նոր ձևեր է փոխում, իսկ ձևը խաղ է անցավոր…
Մեկ-երկու տարի մենք էլ փորձեցինք ունենալ առարկայական օլիմպիադաների մեր՝ հեղինակային այլընտրանքը, մեդիաօլիմպիադաների տեսքով: Տարին մեկից անցում արեցինք տարին չորսի` oլիմպիադա Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ… Հետո էլ Մեդիաօլիմպիկի հաստատման տիկին Աիդայի ջանքերը… Մեդիաօլիմպիադան ընտանիքում… Չեղավ, հայերը կասեն՝ չկպավ, մերը չեն՝ ստուգումներ, գնահատանիշ, ստուգող հանձնաժողով, սկիզբ-ավարտ… բացում-փակում՝ դարձավ առարկայական դպրոցական միջոցառում՝ խորքում, իհարկե, փաթեթավորում-պճնումը մի կողմ դրած: Նախագծային ուսուցմամբ, ստեղծողի մոբիլ դպրոցի անցումն ավարտվեց՝ նայեք կրթահամալիրի 2014-2015 ուս-տարվա օրացույցին. ուսումնական նախագիծ ուսումնական երևանյան ճամբար հանրակրթական ստուգատեսներ-արտագնա (ճամբար անիվների վրա, դպրոց բնության գրկում, արտագնա կամ ստուգատեսային արտագնա) ճամբարներ, ուսումնական ստեղծագործական հավաք-պլեներներ-արշավախմբային ճամբար` Բանգլադեշում, Երևանում, Հայաստանով մեկ, Արցախում, Վրաստանում… Նայեք օրացույցին՝ ձևավորված-ամբողջական ավանդույթի ուժ ստացած պարբերական համակարգ է դարձել, իրոք, հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում: Հետևեք մեր չավարտվող ամառային բանգլադեշյան ճամբարներին ու այսօր մեկնարկող «Հնեվանք» արշավախմբային ճամբարին՝ չորս հերթափոխով, յուրաքանչյուրում 40 մասնակից՝ յուրաքանչյուրը 5 գիշերումով, 6 օր Ստեփանավան-Կուրթան-Հնեվանքով. հայրենագիտական-բնապահպանական, ռազմամարզական, ուսումնահետազոտական. իրական ուսումնական ընթացք… Եվ օգոստոսի 5-ին էլ Արցախ «Ասպետ» ռազմամարզական ճամբարի կմեկնի կրթահամալիրի ավագ դպրոցների ուսումնական պատանեկան վաշտը, իսկ օգոստոսի 8-ին էլ Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար կշարժվի Արտակ Զարգարյանի և Շամիրամ Պողոսյանի ղեկավարած սեբաստացիների 12 հոգիանոց խումբը… Սրանք բոլորն էլ ամենամյա են, ուսումնական…
Վերը ասացի, սովետը չի հաղթահարվում, Հասմիկ Նալբանդյանն ու իր ընկերները, որ երեկ վերադարձան Վրաստանի Բուլաչաուրի միջազգային ճամբարից, ավելացրին. «Բա որ մեր ճամբարում լինեիք, Բլեյանի ասած՝ իսկական սովետը սա էր… Մեզ Բանգլադեշից ազատության դեսանտ էին իջեցրել խորհրդային անցյալ, թող մերոնք տեսնեն, գնահատեն իրենց ունեցած իրական Եվրոպան»:
Շատ բան կփոխվեր ավագ դպրոցների ցանցում, եթե նախ՝ բուհական ընդունելությամբ զբաղվեր հենց բուհը՝ յուրաքանչյուր հայաստանյան բուհ, ինչպես ամերիկյան, ֆրանսիական համալսարանները։ Հետո՝ ծնողը հարգեր պատանու՝ իր կյանքը, այդ թվում՝ կրթությունը որոշելու իրավունքը, և սովորողն իրոք ընտրեր ավագ դպրոցը կամ քոլեջը կամ աշխատելը։
Բայց ինչո՞ւ չէր կարելի ընդունելություն կոչվածն այնպես կազմակերպել, որ Ավետիսին (Հարությունյան), որ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների 2014թ. մրցանակի թեկնածու է, և Վիտալիին (Գրիգորյան), որ 2013թ. մրցանակակիր է, ոչ թե քննեին, այլ հրավիրեին մասնագիտական կրթություն ստանալու լեզվաբանական թե Երևանի պետական համալսարանում, ու նրանք 2-3 առաջարկությունից ընտրություն կատարեին՝ հաստատելով Հայաստանի Հանրապետությունը, և ուրախանային ահա այսպիսի երկիր ունենալու համար։
Մեր կյանքի, մեր մասնագիտական կրթության, մեր չհաղթահարվող անպաշտպանության ու ծուլության մեխը սա է, ահա, այս «անմեղ» թվացող տեսարանը: Հինգ տարի ժամանակ ու դրամական շոշափելի միջոցներ մսխած չափահասը սկսում է գիտակցել իր ավելորդությունը, իր անպետքությունը: Լսո՞ւմ եք՝ 12 տարի հանրակրթական միջնակարգ դպրոցի աստիճաններում (կրտսեր, հիմնական, ավագ ), հետո` բուհի (4+2+3)` մենք, հանուն հայրենիքի, բարեխիղճ ու բարեգործի տեսքով (ինչ է ստանում խեղճ ուսուցիչը, ինչ կարող է անել էս դպրոցը) այսօրվա ավելորդին ենք պարտակել, մարդուն «կռտել» ենք: Կներեք:
Գրավոր և բանավոր խոսքի մասին: Ես կարող եմ ամեն ինչ լինել, բայց բռնակալ՝ երբեք։ Ես ուշադիր զննում եմ Կոմիտաս ու Թումանյան կուլ տվող իմ սանին ու զմայլվում… Մեծերը, հայտնի բան է, շատ են ձանձրանում ու իբր երեխայի շահերից են խոսում՝ լավ, ինչքա՛ն կարելի է Թումանյան ու Կոմիտաս, հասկացանք, էլի, թող սա էլ լսի, կարդա, իմանա… Ու ինչպես հարսանիքի սեղան՝ լցնում են խառնիխուռն…. Մենք խոսում ենք լեզվական-երաժշտական ենթագիտակցականի ձևավորման մասին, դրա սնունդի ու մեթոդի մասին՝ որպես մայրական կաթ ու ծիծ։
Աստված իմ, մենք, մեր երեխաները երջանիկ ենք, որ Կոմիտաս-Թումանյան պապիկներ ունենք…. Մեր իմացածն իրենցից է, դժվար չէ ստուգել։ Միասին, որպես հավաքանի, ուրիշ ինչ գիտենք. մեր մանկության մայրենի-հայրենիքի ակունքն իրենք են։ Հաստատ։
Կրթության մեջ բանավորն ուսուցչի շատախոսությունն է, գրավորն էլ՝ սովորողին պարտադրվող դասագրքային տեքստերը, որ սերտում է: Սովորողի բանավորի և ուսուցչի գրավորի արհամարհման հաղթահարումը մանկավարժության արդիականացման-նորացման մեծ հնարավորություն ունի, որը մենք հետևողական ներկայացնում ենք մեր հեղինակային կրթական ծրագրերով։ Նախագծային՝ բլոգային-ակումբային-ստուգատեսային ուսուցման մեր փորձը, շնորհիվ բաց համակարգի, մատչելի է յուրաքանչյուրին։
Գրել-կարդալու դիլեման, իհարկե, հորինված է։ Մեծ թվով իմ գործընկերների, սաների համար ամառը ընթերցանության ամենահարմար շրջանն է՝ ազատ ուսումնական առօրյայից, որը և՛ ժամանակատար է, և՛ հաճախ հավեսատար-էներգատար, տրվելու ընթերցանության անփոխարինելի հաճույքին։ Բարի վայելում։ Այնքա՜ն խելացի գիրք կա, նաև հասանելի՝ շնորհիվ ինտերնետի, շնորհիվ mskh.am-ի ու մեր մեդիագրադարանի, շնորհիվ կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների բլոգների. ձեր սեղանից մեր սեղանին՝ սեղանի գիրք։ Շնորհակալ եմ։
Խնամքը բարեխղճություն է ենթադրում նախ և առաջ
Որ կրթահամալիրի երեկ՝ չորս, այսօր հինգ նախակրթարանները չլինեին, ես ստիպված կլինեի դրանք հիմա ստեղծել։ Իսկ Դավիթը այնքա՜ն հավեսով է գալիս պարտեզ. ու ամեն Աստծո օր ես բարձրաձայնում եմ իմ երախտագիտությունը իր դպրոց-պարտեզի ղեկավար՝ իր քույր Տաթևիկին, իր ընկեր Մարիամին, ընկեր Նոռային։ Երեխայի անօտարելի իրավունքն է այսպիսի պարտեզ ունենալը։
Խնամքը բարեխղճություն է ենթադրում նախ և առաջ, ու ես ժպտում եմ կրթահամալիրի 5 նախակրթարանների 300-ի չափ 2-5 տարեկանների երեք տասնյակ դաստիարակներին ու նրանց օգնականներին՝ երիտասարդ, սիրելի արդեն, բայց այսքա՞ն…
Ես գիտեմ, ես հարգում եմ քնի, որպես անհատական ակտի ֆենոմենը, ախր, շա՜տ յուրահատուկ բան է։ Ահա, ինչու չեմ ընկալում կրթահամալիրի նախակրթարաններում 2-5 տարեկանների համարյա միաժամանակյա քունը… 300 եզակի երեխա քնում է… ա՜յ քեզ խնդիր. ոնց էլ մեր դաստիարակ աղջինկները լուծում են… Լավ է, որ մեր թափանցիկ միջավայրը թույլ է տալիս իմ ուժեղացող զարմանքն արտահայտել աննկատ, առանց խանգարելու։
Դավիթն ինքնուրույն է փողոցում ու անվտանգ լրացուցիչ. ես իրեն հարմար դիրքից հսկում եմ, առանց խանգարելու-կաշկանդելու իր ինքնուրույնությունը, որը լավագույն անվտանգությունն է ապահովում: Դավիթը բարևում է համարյա յուրաքանչուր ոչ անհաղորդ (կամ հաղորդ) մեծահասակին՝ «Ես Սասունցի Դավիթն եմ», պատասխանում դիմացինի բոլոր հարցերին, եթե դրանք չկան, ոչինչ՝ ինքը պատմում է իր ուժեղանալու, իր Թուր Կեծակիի… մասին… Ինքնուրույն բարձրանում է մեր տան, նրա հարևանությամբ թիվ 3 դպրոցի, վերգետնյա ու ստորգետնյա անցումների, կրթահամալիրի Մեդիակենտրոնի, այլ աստիճաններով ու իջնում… «Վարորդը պետք է զգույշ քշի մեքենան, որ չկոտրվի…»։
Աստիճաններով ինքնուրույն անցուդարձը հասունության մատչելի տրենաժորներ են… Ինչպե՞ս կարելի է զանց առնել… Ես Դավթի ձեռքը չեմ բռնում (բաց թողեք երեխայի ձեռքը, մեծահասակներ՝ բոլոր կարգի)։ Դավիթն առաջ է անցնում, ու ես ունենում եմ կրթողի՝ Մարիա Մոնթեսորիի վերապահած միակ դիրքը՝ 2-րդ պլանից երեխայի գործունեությունը դիտարկողի… Մնացածը հեղինակից լավ, ո՞վ կասի: ԿարդացեքՄարիա Մոնթեսորի, ֆիզարձակուրդում գտնվող սեբաստացի ու ոչ սեբաստացիներ, մանկավարժությամբ հետաքրքրված բոլոր կարգի մեծահասակներ… Այն կա՝ շնորհիվ մեր «Ստեղծողի մոբիլ դպրոցի», նրա «Դպիրի», շնորհիվ մեր ժամանակին ու բարեխիղճ արված թարգմանության… Հատկապես 27-30 (Երեխայի տունը), 22-47 (Ինքնադաստիարակությունն ու ինքնուսուցում կրտսեր դպրոցում) էջերը նորից ու նորից կարդացեք:
Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ եք մուտքը կրտսեր դպրոց սարքում 5 տարեկանից, ինչո՞ւ այդքան մեծ ուշադրություն 5 տարեկաններին… Տեսե՛ք՝ ինչ միջավայր ենք ստեղծել՝ դասարան ու խմբասենյակ չէ, աշխարհ է՝ մեծ, լուսավոր, տեխնիկապես հագեցած, հարմար ու ամբողջական գործունեության աշխարհ, հիմա էլ՝ պարտադիր լողուսուցումը, մարմնամարզությունն ամենօրյա, ուսուցման կազմակերպումը որպես անընդհատ ու բնական գործունեություն…
Դպրոց-պարտեզում ուզում ենք օր առաջ ավարտել փռված շենքն օղակող հեծանվուղու կառուցումը… Հինգ տարեկան հարյուրից ավելի սեբաստացիկների համար լողալու, հեծանիվ քշելու, մարմնամարզիկի կարողությունների ձևավորմանը, որպես ուսուցման-զարգացման հեղինակային գործոններ, հետևելու եմ անձամբ. ամսական ստուգատեսները լավագույն ձևն են՝ սեպտեմբերից հունիս տասը ստուգատես, և տասն անդրադարձ, խոստանում եմ, իմ օրագրում… Հինգ տարեկանների հինգ դաստիարակների համար փնտրում եմ հեծանիվներ. ունենք պայմանավորվածություն մեր հարևանությամբ գտնվող (Էջմիածնի խճուղի…) հեծանվահրապարակի հետ՝ սկսելու 5 տարեկանների, 1-3-րդ դասարանների դասվարների և դաստիարակների հեծանվամարզումները, այսպիսով, 2-9 տարեկան սեբաստացիների ղեկավարները (դաստիարակ-դասվարներ) լողում են, հեծանվով մարզվում են ու բատուտների վրա են…
Մեր, այսօր՝ 115 հինգ տարեկանների, որ ամեն օր ավելանում են, ուսուցիչ-դաստիարակները վճռական են. յուրաքանչյուրը կունենա իր դպրոցի բակում իր գոտին, իր լողափով, խաղադաշտով, բաց պարապմունքների, բացօթյա կենցաղի պարագաներով… Հարմար, խնամված կանաչի մեջ: Սրանից լավ նվե՞ր մատուցեն 5 տարեկանների ծնողները իրենք իրենց, սեբաստացիկներին, կրթահամալիրին: Չե՛նք ուզում, սա է մեր ուզածը: Մեր բոլոր նախակրթարանային 15 խմբերի դաստիարակները գործունեություն են դարձնում իրենց սեմինար-պարապմունքները. մանկավարժությամբ իրենց ու այլոց փորձի ուսմնասիրությամբ, փոխանցմամբ կզբաղվեն, որպես անհատական աշխատանք, ինքնակրթությամբ, առցանց: Մանկավարժ հետազոտողի իրենց դիտարկումները կբերեն իրենց բլոգներ: Բոլորս կկարդանք: Մանկավարժությամբ զբաղվող հետազոտողի համար չի կարող լինել ավելի հետաքրքիր գործ, քան սանին դիտարկելը ու ավելի կարևոր գործ, քան իր դիտարկման մասին այլոց պատմելը: Սեմինար-պարապմունքները կանցկացվեն որպես լողուսուցման պարապմունքներ, նոր ծածկած լողավազանում, խմբերով, օրվա վերջում. լողա՛, մարզվի՛ր, սովորի՛ր ու թարմացած գնա տուն: Հեծանվային պարապմունքներ՝ մասնագիտացված հեծանվահրապարակում, մարմնամարզությունը՝ հայտնի Դավիթ Ֆահրադյանի ղեկավարությամբ, «Սեբաստիա» նախանձ շարժող մարզասրահում:
Մեր յուրաքանչյուր կրթական ծրագրում մեկն է ուսումնական գործը, որպես սովորողի և ուսուցչի մոբիլ-ստեղծագործ աշխատանքով կարողությունների զարգացում, որի արդյունքում փոխվում է և՛ սովորողը, և՛ կրթական միջավայրը: Այո, կրթական, նյութական միջավայրի զարգացումը ևս, դրա նախագծումը, դրա իրագործումը, յուրաքանչյուրիս պարտադիր ուսումնական աշխատանք է, Մեկ ուսումնական պլանով, Մեկ կրթական ծրագրով, Մեկ մանկավարժական աշխատողով, Մեկ կարևորությամբ: Այսպիսին մեր հեղինակային կրթական ծրագիրը: Ինչ-ինչ, բայց իմ 60-ամյակի, մեր 25-ամյա հոբելյանի առիթով, կիսատ-պռատություն, խոսքի և գործի հակասություն թույլ չեմ տա:
Լողափը` ամառվա առօրյայի կարևոր բաղկացուցիչ
Ուշադիր. քաղաքական հայտարարություն եմ անում։ Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը ես պահանջում եմ բոլոր հնարավոր լողավազան-ջրավազանների համազգային ստուգատես անցկացնել։ Նոր քաղաքացիական տոն՝ յուրաքանչյուր հայ երեխա ջրում ու հոգատար ավագներով շրջապատված, խնամված։ Սեբաստացիներիս օրացույցով այդպես է. հունիսի 1-ին մեր բոլոր ութ դպրոցներում, հինգ նախակրթարաններում մեկնարկում են բանգլադեշյան ուսումնական ճամբարներն ու պարտեզները՝ իրենց բաց ու փակ լողափերով։ Սկսում ենք «Անտիվիրուս Կոմիտաս»-ով, երբ հազարի չափ մեծ ու պուճուր սեբաստացիները սիրով ու միասին իրենց Կոմիտասն են երգում, խաղում, պարում… Ճամբարները հետո վերածվում են ստուգատեսային-ստեղծագործական հավաքների, հետո՝ էլի ճամբարների՝ բայց ցանկացող յուրաքանչյուրի համար՝ որպես մատչելի սեբաստացիական ծառայություն… Այո, ես ջրա…ծին եմ։
Ես ջուրը, լողալը, պարզ, մատչելի լողափերը կհաստատեի որպես հանապազօր՝ յուրաքանչյուր երևանցու առօրյա՝ սկսած 2 տարեկանից։ Չէի թույլատրի մանկական հաստատության գոյություն՝ առանց պարզ լողափի ու լողավազանի… Ես պնդում եմ, որ քաղաքի 180-ի չափ համայնքային ու մասնավոր բոլոր պարտեզներում մեկական հավաքովի լողավազան ու մեր լողափերի նման՝ արևով տաքացվող ցնցուղներով, մինչև 150 քառակուսի մետրանոց լողափեր լինեն։ Մանկան իրավունքի այս ապահովման ծախսերը լրիվ տեղավորում են 2014թ. համաքաղաքային ծրագրերի ծախսերի մեջ և քաղաքապետի կամքի շրջանակում են։ Ինչո՞ւ քաղաքապետը ձեռքը չի խփում խորհրդակցական սեղանին…
Հիմա, երբ կրթահամալիրի Բանգլադեշում ունենք (հաշվում եմ) մեկ ծածկած և 10 բացօթյա լողավազան, ութ լողափ… Մեր իրականացրած ամենատպավորիչ, ամենաէժան, ամենամարդկային նախագծերից է. մեր 300-ի չափ 2-5 տարեկանները, բոլորը, լողում են, իսկ 6-10 տարեկաններից ով չի լողում, նոր ուստարում կլողա՝ որպես հանրակրթություն: Երբ տեսնում եմ չլմփացող, տկլոր 2-12 տարեկան սեբաստացիկներին, ավագ դպրոցի սաներին, որ այնքան սիրով, շնորհքով գունավոր են դարձնում լողափերին հարակից պատերը, երբ… Ես վերադառնում եմ լողի հետ կապված անվտանգությանը: Մեր հայտնի ջրասեր տատիկ-տնօրենը հետևողական է ու նկատված անփութությունը չի ներում իր երեկվա սաներին, այսօրվա դաստիարակներին: Երբեք, երբեք, երբեք, աղջիկներ: Դարձեք 2-5 տարեկանների լողի մարզիչը, լողալով նրանց հետ, միասին որպես նախակրթարանային ամառվա առօրյա կարևոր մաս, կազմակերպեք նրանց ծովափը՝ նույնքան կարևոր, որքան ընթերցանությունը, սնունդը: Իսկ մեր 5 տարեկանները սկսել են լողալ մեծ-ծածկած լողավազանում. սրանի՞ց ուրախ լուր՝ օրվա, տարվա:
Երեկ կրթահամալիրի հինգ նախակրթարաններում սկսեցինք լողափնյա սպիտակ ավազով մինի-դաշտերի կառուցման աշխատանքները. այս նախագծերում անպայման ներգրավենք մեր դիզայներ-շինարար-այգեգործ-վարպետ վառ երևակայությամբ ծնող-պատվիրատուին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողներին՝ վաղվա հայրիկներին ու մայրիկներին. ընդամենը 1-2 ամսում, մինչև նոյեմբերի առաջին օրերը, կունենանք թարմացված-նորացված-ընդարձակված նախակրթարանային միջավայրներ՝ ներքին ու արտաքին ինտերյերով… Այո´, զարմացնելու ենք ինքներս մեզ:
Որտե՞ղ կարելի է լողալ Հայաստանում. վճարովի (միայն վճարովի են լողավազանները) տասնյակի չափ ավազաններում, որոնք գլխավորապես Երեւանում են, Սեւանի հատուկ հարմարեցված մեկ-երկու տասնյակ լողափերում… Վերջ. մնացած բոլոր գետերում, արհեստական թե բնական լճակներում, ավազաններում լողալ չի կարելի: Ահա ձեզ արտակարգ իրավիճակ Հայաստանում, լողալ չիմացող, չլողացող, փրկել չկարողացող, ջրազուրկ սերունդ ու կյանք: Այս վիճակը առանց արտակարգ իրավիճակների համակարգի գործուն մասնակցության, անլուծելի է, եւ արշավախմբային ճամբարները կարող են լինել այսպիսի գործի պոլիգոնները, փորձակայանները:
Կրթահամալիրի աշխատողը կամ իմ հերոսները
Ահա այս իրենց մանկավարժական անկախությունը հետևողական պաշտպանող և մանկավարժական-մասնագիտական-քաղաքացիական գործունեությամբ շարունակ դրսևորվող մարդիկ՝ սեբաստացի ուսուցիչներ են իմ ժամանակի հերոսները։ Կրթահամալիրում նախագծային-ակումբային-ստուգատեսային ուսուցումը լավագույն միջավայր ստեղծեց մեծ թվով սքանչելի երիտասարդ մասնագետների համար՝ մեր մանկավարժության մեջ, մեր կրթական աշխարհում, բանգլադեշյան տարածքում շարունակ դրսևորվելու՝ գործելով ավելի ու ավելի անկախ իր անցած դպրոցից, այսօր շարունակվող ավանդույթից, տո, հենց ինձանից։ Այս հունիսյան ճամբարի, Բանգլադեշյան պլեների և ամառային ուսումնական նախագծերի շրջանը, ի հեճուկս ֆորմալ, ձևական, զանգից զանգ կրթության շրջանի, երբ սովորում ես ոչ թե քո, այլ ուրիշի, գնահատանիշի համար, փաստեց մեզանում անկախ գործչի ու նրա ինքնադրսևորման գոյությունը։ Պարոնայք, այդպիսի մարդիկ՝ իմ գործընկեր հերոսներն ավելանում են. դե էլ փաստ է։ Սա է իմ համոզմամբ մեր հոբելյանական այս տարվա գլխավոր ձեռքբերումը, որը որոշելու է կրթահամալիրի հաջորդ 25 տարին։
Մենք ամենաերիտասարդ հավաքանին ենք եղել միշտ, թե մեզ թվացել է. մենք գործել ենք այս համոզումով։ Երիտասարդ՝ թե՛ ներքին ավյունի, թարմության առումով, թե՛ պարզապես, երիտասարդ տարիքով։ Գրասենյակին խնդրեցի նոր ցուցանիշներ՝ «համառ» փաստեր, և հանրապետական ցուցանիշներ, որ իրար կողքի դնենք մերն ու ավելի մերը։ Ահա։ Հանրապետությունում մինչև 35 տարեկան ուսուցիչները 22, 5 տոկոս են կազմում, կրթահամալիրում՝ 40,5, հանրապետությունում ամենամեծը 50-ից բարձր տարիքային խումբն է (41, 5 տոկոս), կրթահամալիրում՝ մինչև 40 տարեկանները՝ համարյա 54 տոկոս։
Դավիթ Բլեյանի ծնունդը լավ առիթ ու խթան դարձավ մանկավարժի ստեղծականությունը դիտարկելու թե՛ ընդհանուր («Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրի մասին է խոսքը), թե՛ ուղղակի՝ կրթահամալիրի ուսուցիչ-ծնողի, ծնելիության, սեփական երեխա ունենալու տեսակետից։
Ուշադիր։ Ուսուցիչը մարդ է, ունի իր ընտանիքը, հին ու նոր երեխաներ, կենցաղ, բնակելի տարածք, տնտեսություն, և այստեղից՝ քանի՞ մարդ չունի ընտանիք, չի ամուսնանում, չունի երեխա (չի հայրանում, չի մայրանում), չունի սեփական բնակարան, ունի տնտեսական դժվարություններ… Ահա ձեզ երկու ցուցանիշ. 22-50 տարեկան կրթահամալիրի աշխատողներից 42 կին և 13 տղամարդ ամուսնացած չէ, երեխա չունի 62 աշխատող։ Ի դեպ, այս գրի նկարը նշածս 42-ից մեկի՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Բեկյանի բլոգից է։ Բնակարանի սուր կարիք ունի, ըստ կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության «սոցիալական բնակարան» ծրագրի տվյալների, 95 հոգի։ Ամեն ինչի մասին օրվա մի գրում եթե անգամ հնարավո՜ր լիներ գրել… կլիներ իմ օրագրի վերջը։ Բայց ոչ։ Ապրել-գործելու եմ, որքան կամ, հաջորդ 59 տարում օրվա գրի տեսքով պատմելու եմ իմ ու ձեր օրվա խնդիրների մասին, հաջողությունների ու ոչ այնքան։ 2011թ. կրթահամալիրի ծնունդների (հայրացած կամ մայրացած աշխատողների) թիվը՝ 12, 2012թ.՝ 13, 2013-ին՝ 9, 2014-ի հուլիսի 17-ի դրությամբ կրթահամալիրում նշվել է 5 ծնունդ, և 8 կին հերթի է…
Ծնունդները շարունակվում են. հիանալի է, որ mskh.am-ում ամենաշատը ծննդյան աչքալուսանքն է, այ, այսպիսի… Ատամհատիկի ծեսը՝ իր կենդանի զարգացման ու կենդանության դրսևորման՝ մեզանում ավանդույթի ուժ ստացած ձևով չի արհեստականանում-անմարդկայնանում, ինչ, ցավոք, կատարվում է ծես-տոնի հետ հայաստանյան կյանքում։ Մենք գիտենք, որ դեկտեմբերի 12-ին՝ մեր Սասունցի Դավթի ծննդյան օրը, ծեսը ինքնուրույնության նոր աստիճանի ստուգատես կդառնա, մարտ-ապրիլյան միամսյակը նոր մայրիկների ու մայրացողների ձոնենք, հունիսի 12-ին ուսուցիչների երեխաների նոր խումբ հրաժեշտ կտա պամպերսին ու մայրական կաթին…Եվ երեխաների ինքնուրույնության նոր նվաճումներ, որ այլ կդարձնեն մեր կյանքը…
Հեղինակային կրթական ծրագրում հունիս ամիսը, հուլիս-օգոստոսը դառնում են իրական աշխատանքային։ Սոցիալական ճամբարի այլընտրանքը նախագծային կամ ստեղծագործական ուսումնական ճամբարն է՝ ստեղծագործական հավաքը, պլեները, որպես մտածելու, քննարկելու, անծանոթ մարդկանց հետ խնդիրներ լուծելու հնարավորություն։ Եվ սա անհնարին կլիներ, եթե չունենայինք ուսուցչի նոր կարգավիճակը…
Իսկ սեպտեմբերի մեկը թե չորսը (կրթական շքերթ Մարմարյա սրահում` ուսումնական տարվա հեղինակային մեկնարկ) նույն պահանջն ունի՝ գալիս են նոր սովորողներ, էլի սովորողներ` որպես առաջին անգամ, նրանք հո մեղավոր չե՞ն, որ հերթականն են: Ուսուցիչը, դպրոցը, կրթությունը, ահա թե ինչու, միշտ թարմ լինելու են դատապարտված. սա այնքա˜ն անվիճելի է, որքան էլ կյանքում անիրագործելի թվա:
Միշտ թարմ, առանց կեղծիքի, առանց խաղալու. երեխաներն ամենազգայունն են կեղծիքի հանդեպ, և այդ կեղծիքը կյանքով ու կյանքում է հատուցվում:
Տրանսպորտային կրթահամալիրի համար միասնական, ոչ ամեն դպրոցի փոխադրումների մասին ենք խոսում: Մեր դպրոցական շենքերը, բացի Մայր դպրոցից և Կենտրոնից, ընկած են Բ-1, Բ-4 թաղամասերի, «Անկախ մայլի» խորքում, մեքենայի ոլոր-մոլոր ներթաղային ճանապարհ պիտի անցնես բնակելի շենքերի միջև, մինչև ընդհուպ մոտենաս դպրոցական շենքին. երեկվա իմ գրում անդրադառնալով մեր կրթական օբյեկտների առաջացման պատմությանը՝ ես ցույց էի տալիս, որ դա եղել է պատմականորեն-բնական 25-30 տարում: Նոր դպրոցի, Դպրոց-պարտեզի շրջակա շենքերի բնակիչները մի քանի անգամ բողոքել են-կբողոքեն, իմ կարծիքով՝ արդարացի. մենք պիտի սովորողների (սկսած հինգ տարեկանից) միասնական երթուղիներով տեղափոխման անվտանգ-հարմար ու մանկավարժորեն խելամիտ երթուղիներ գործարկենք։ Կրկնում եմ՝ մանկավարժական աշխատողի աշխատանքը սկսվում է (կարող է սկսել) ոչ ուշ քան 8.45, և ոչ անպայման իր դպրոցական շենքում, այլ դպրոցի ղեկավարի որոշմամբ՝ Մայր դպրոցի «բաշխման վայրից»։ Մանկավարժական աշխատողը պիտի ընդունի իր խմբին, որպես աշխատանք, անգիր իմանա հետիոտն ճանապարհն ու կարողանա գրավիչ դարձնել անցումը, այդ 10-15 րոպեն: Ես խոսում եմ 10-15 րոպե (ոչ ավելի) հետիոտն, անվտանգ ուսումնական քայլքի մասին: Իսկ անցումը, յուրաքանչյուր անցում մենք սկսում ենք այդպիսին դարձնել՝ պատշաճ, ներգրավելով այդ աշխատանքներում նաև քաղաքապետարանին, նրա վարչակազմին: Կմասնակցե՞ն ծնողները, կրթահամալիրի այլ բարեկամներ այս աշխատանքին։
Դուք վճարում եք, որպես ծառայություն ստացողներ, վարորդներին, դուք որոշում եք երթուղիները, վարորդներին ու ինքներդ ձեզ՝ որպես կրթական ծրագրի ուղևորների, ներկայացնում պահանջներ: Կրթահամալիրի դպրոցների գրասենյակների ղեկավարները, Լուսինե Մամիկոնյանը, ես, մեր աշխատանքային պարտականությունների շրջանակում համակարգում, աջակցում ենք հեղինակային կրթական ամենօրյա փոխադրումներին… Վարորդները, երթուղիների պատասխանատու ուղևոր-կազմակերպիչները չեն կարող չգործել որպես մանկավարժական աշխատողներ երթուղու ողջ ընթացքում… Բոլորս օրինապահ ու ազատ պիտի գործենք մեր համաձայնությամբ ընդունված կարգի շրջանակում: Ծխելը, ուշանալը, կեղտոտելը, անբարյացակամությունը, ընթացքում բջջայինով անհարկի խոսելը վիրարավորանք են միմյանց նկատմամբ. օգնենք մեկմեկու, բացառենք….
Ծաղկաքաղը` աշխատանքային խմբի`
Վիկա Մարկոսյան, Նելլի Հարությունյան, Կարինե Կիրակոսյան: Ղեկավար` Մարգարիտ Սարգսյան
- Բացվել է 1881 անգամ