Ջիբութիի աղբարկղը
Primary tabs
«Դպրոցական տառապանք»
Սկիզբը
Նախորդ հատվածը
6
Բնականաբար հարց է ծագում, թե որն է սկզբնապատճառը, որտեղի՞ց է գալիս ուսման մեջ իմ այս ծույլիկությունը: Պետական ծառայողի երեխա՝ սերված սիրառատ ու համերաշխ ընտանիքից, շրջապատված պատասխանատվության զգացում ունեցող չափահասներով, որոնք ինձ օգնում էին կատարել տնային առաջադրանքներս: Հայրս՝ ճարտարագետ, մայրս՝ տնային տնտեսուհի, ոչ մի ապահարզան, ոչ մի ալկոհոլային խմիչք, ոչ մի հոգեկան խանգարում ունեցող մարդ, ոչ մի ժառանգական արատ, բակալավրի աստիճան ունեցող երեք եղբայր (մաթեմաթիկայի ֆակուլտետի ուսանողներ, ապագա երկու ինժեներ և մեկ սպա), կանոնավոր ընտանեկան ռիթմ, թարմ սնունդ, գրադարանը՝ տանը, միջավայրին և դարաշրջանին համապատասխան մշակույթ (հայրս ու մայրս ծնվել են 1914-ի սկզբին): Նկարչությունը՝ մինչև իմպրեսիոնիզմ, պոեզիան՝ մինչև Մալարմե, երաժշտությունը՝ մինչև Դեբյուսի, ռուսական վեպեր, Սիողան, Թելիարդ դը Շարդին… Սեղանի շուրջ ծավալված խաղեր, կիրթ և հումորային զրույցներ:
Բայց և այնպես՝ մի ծույլիկ։
Սրան չկա բացատրություն անգամ ընտանեկան պատմության մեջ: Այս պատմությունը երեք սերունդների օրոք հասարակական զարգացում է ունեցել շնորհիվ աշխարհիկ անվճար պարտադիր դպրոցի, վերջին հաշվով՝ հանրապետության վերելքի և Ժյուլ ֆերրի հաղթանակի:
Մյուս Ժյուլը՝ հայրիկիս հորեղբայրը՝ հորեղբայր Ժյուլ Պեննակիոնին, նպաստել է Կորսիկայի երկու գյուղերի՝ Գարգալեի և Պիլա-Կանալի երեխանրի վկայական ստանալուն։ Այդ գյուղերից է սերում մեր ընտանիքը։ Հենց հորեղբայր Ժյուլ Պեննակիոնիի շնորհիվ Ֆրանսիայում և նրա գաղութային շրջաններում ի հայտ եկան ուսուցիչներ, փոստատարներ, ոստիկաններ և այլ պետական ծառայողներ (գուցե նաև մի քանի բանդիտներ, բայց նա սրանց էլ ընթեցող դարձրեց). ասում են՝ հորեղբայրս, համենայնդեպս, բոլորին թելադրություն և մաթեմաթիկական վարժություններ է գրել տվել: Պատմում են նաև, որ հորեղբայրս նույնիսկ երեխաներին փախցրել է, երբ նրանց ծնողները ստիպել են դպրոց չգնալ՝ շագանակ հավաքելու համար: Նա երեխաներին հավաքել է թփուտներում, հետո տարել իր տուն։ Դրանից հետո երեխայի ստրկատիրոջ նման հորը նախազգուշացրել է.
-Ես քո տղային կվերադարձնեմ քեզ այն ժամանակ, երբ նա վկայական ստանա: Եթե նույնիսկ սա լեգենդ է, ես այն սիրում եմ: Կարծում եմ, որ ուսուցչի մասնագիտությունը այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել: Դպրոցի մասին վատ բաներ ասելով՝ հաշվի չեն առնում այն աշակերտների քանակը, որոնց դպրոցը փրկել է վնասներից, նախապաշարմունքներից, անբարտավանությունից, տգիտությունից, հիմարությունից, ագահությունից, անշարժությունից կամ ընտանեկան ֆատալիզմից:
Այդպիսին էր հորեղբայրս:
Եվ ահա, երեք սերունդ անց՝ ես, վատ սովորող աշակերտս: Ի՜նչ խայտառակություն հորեղբորս համար, եթե նա իմանար: Բարեբախտաբար նա մահացել է մինչ իմ ծնվելը: Ոչ միայն նախնիներս էին ինձ արգելում ամեն տեսակի ծուլություն, այլև ես ինքս, լինելով դիպլոմներ ունեցող սերնդի վերջին ներկայացուցիչը, ծնված էի՝ դառնալու ընտանիքիս հպարտությունը։ Սկզբի համար՝ ճարտարագիտական կամ մանկավարժական ինստիտուտ, հաշիվների պալատ կամ էլ ինչ-որ նախարարություն: Ավելի քիչ բան չէր էլ կարելի հուսալ:
Հետո հաջող ամուսնություն, երեխաների ծնունդ, որոնք հենց օրորոցից կոչված են սովորելու Լյուդովիկոս Մեծի հատուկ մաթեմատիկական դասարանում, առաջ մղվելու դեպի Ելիսյան պալատի գահը կամ էլ կոսմետիկայի համաշխարհային խոշոր ընկերության կառավարումը:
Սոցիալական դարվինիզմի սովորույթ, էլիտայի բազմացում:
Բայց և այնպես՝ մի ծույլիկ:
Մի ծույլիկ՝ առանց պատմական հիմքի, ոչ մի սոցիոլոգիական պատճառ, ոչ մի ատելություն. ինքն իրեն մի ծույլիկ: Ծույլիկի էտալոն: Չափման միավոր:
-Ինչո՞ւ:
Այս հարցի պատասխանը գուցե հնարավոր էր գտնել հոգեբանների աշխատասենյակում, բայց այդ ժամանակ դեռևս դպրոցական հոգեբանը չէր փոխարինել ընտանիքին: Դրա համար էլ յոլա են գնացել ձեռքի տակ եղած միջոցներով:
Բերնարը իր հերթին առաջարկում էր իր բացատրությունը:
- 6 տարեկանում դու ընկար Ջիբութի քաղաքային աղբանոցը:
- 6 տարեկանո՞ւմ: Այսինքն a տառի տարու՞մ:
- Այո: Իրականում դա մի բացօթյա աղբանոց էր: Դու այնտեղ էիր ընկել պատի վրայից: Չեմ հիշում, թե որքան ժամանակ այնտեղ թթվեցիր: Դու անհետացել էիր, քեզ ամենուրեք փնտրում էին, իսկ դու այնտեղ տառապում էիր մոտ 60 աստիճան շոգին՝ արևի տակ:
Նախընտրում եմ չպատկերացնել, թե ինչի էր դա նման: Վերջին հաշվով, աղբարկղի պատկերը լիովին համապատասխանում է դպրոցի համար կորած աշակերտի այն զգացողությանը, որ ինքը աղբ է:
«Աղբարկղ». բազմիցս լսել եմ այս բառը մասնավոր կրթական հաստատությունները բնութագրելիս, որոնք համաձայնում էին ընդունել (ինչքա՞ն գումարով) միջին դպրոցի «թափոններին»: Ես այդպիսի «աղբարկղ» -ում եմ ապրել մի քանի տարի՝ գիշերօթիկի առաջինից մինչև հինգերորդ դասարանը: Բոլոր ուսուցիչներից, ում ես այնտեղ ենթարկվել եմ, միայն չորսն են, որ ինձ փրկել են:
- Երբ քեզ դուրս բերեցին աղբարկղից, դու սեպցիսով էիր հիվանդացել: Քեզ մի քանի ամիս պենիցիլին էին սրկում:Դա քեզ շատ էր ցավեցնում, դու վախից մեռնում էիր: Երբ բուժքույրը պատրաստվում էր քեզ սրսկել, մենք մի քանի ժամ քեզ տանը փնտրում էինք: Մի օր դու թաքնվեցիր պահարանի մեջ, որն ընկավ քեզ վրա:
Սրսկվելու վախ, ահա մի խոսուն փոխաբերություն. ողջ դպրոցական տարիներս ես անցկացրել եմ ուսուցիչներիցս թաքնվելով՝ նրանց համարելով Դիաֆուարուս՝ զինված հսկայական ասեղներով, որոնք մտածում էին միայն ու միայն խեղճ երեխային բռնելու ու սրսկելու մասին (շատ լավ եմ հիշում պենիցիլինի այրող ցավը 50-ականներին։ Թվում էր, թե հալած արճիճ են ներարկում):
Ամեն դեպքում, այո, դպրոցական տարիներին հենց վախն է եղել իմ ամենամեծ զգացողությունը և սողնակը: Այդ պատճառով, դառնալով ուսուցիչ, ես հիմնական անելիքս եմ համարում իմ ամենավատ սովորող աշակերտներին սովորեցնել հաղթահարել այս վախը, որպեսզի գիտելիքը հնարավորություն ունենա հաստատվելու:
Ես երազ տեսա. ոչ թե մանկական, այլ արդիական երազ այն ժամանակ, երբ ես գրում էի այս գիրքը: Ճիշտն ասած՝ հենց նախորդ գլխից հետո: Ես պիժամայով նստած եմ մահճակալիս ծայրին: Գորգի վրա՝ իմ առաջ, թափված են պլաստմասսայե մեծ թվեր, ինչպես այն թվերը, որոնց հետ շատ փոքր երեխաները խաղում են: Ես պետք է «այս թվերը հերթականությամբ դնեմ»: Այսպիսին է հանձնարարությունը: Աշխատանքը ինձ հեշտ է թվում, ես գոհ եմ: Ես կռանում եմ և դիպչում այդ թվերին: Եվ նկատում եմ, որ ձեռքերս անհետացել են: Պիժամայիս թևերի մեջ չկան ձեռքերս: Թևքերը դատարկ են: Ձեռքերիս անհետացումը չէ, որ ինձ սարսափեցնում է, այլ այն, որ չեմ կարողանում հասնել թվերին՝ դրանք դասավորելու համար: Չէ՞ որ ես կարող էի դա անել:
7
Այնուամենայնիվ, ես արտաքուստ հանգիստ, աշխույժ և խաղացող երեխա էի: Գնդակախաղի վարպետ էի, անպարտելի էի բռնոցիում, բարձերով կռվում աշխարհի չեմպիոն էի, մի խոսքով՝ խաղում էի: Մի քիչ շատախոս, ծիծաղկոտ նաև կատակասեր, ես ընկերներ էի ձեռք բերում դասարանի տարբեր խավերում, ծույլիկները՝ հաստատ, ինչպես նաև խելացիներ. ես նախապաշարմունքներ չունեի: Որոշ ուսուցիչներ հանդիմանում էին ինձ իմ զվարթության համար: Քիչ է՝ տգետ էի, հետն էլ անպատկառ էի։ Ծույլիկի համար տարրական քաղաքավարություն է համարվում համեստ պահվածքը. մեռած երեխան իդեալական կլիներ: Այսպիսով՝ ես կենսուրախ էի կյանքիս ողջ ծակուծուկով, եթե կարելի է այդպես արտահայտվել: Խաղն ինձ փրկում էր այն տառապանքից, որն ինձ համակում էր, երբ ես մնում էի իմ ամոթի հետ երես առ երես: Աստված իմ, միայնություն և անվերջանալի ամոթ, որ երբեք չես անում այն, ինչ պետք է: Եվ այդ փախչելու ցանկությունը: Ես շատ շուտ ունեցա փախչելու ցանկություն: Դեպի ո՞ւր՝ անհայտ է: Փախչել ինքս ինձնից, ասենք, դեպի իմ «Ես»-ի մեջ, բայց մի «Ես»-ի, որ ընդունելի կլինի մյուսների կողմից: Անկասկած փախչելու ցանկությամբ է պայմանավորված այս տարօրինակ ձեռագիրը, որ նախորդում է ներկայիս ձեռագրին: Այբուբենի տառերը գրելու փոխարեն ես նկարում էի փոքրիկ մարդուկներ, որոնք փախչում և խումբ էին կազմում տետրի լուսանցքում: Սկզբում, իհարկե, ես ջանում էի հնարավորինս դասավորել տառերը, բայց դրանք դառնում էին փոքրիկ ցատկոտող և ուրախ էակներ, որոնք գնում էին ինչ-որ մի տեղ զվարճանալու։ Այսպիսին է ապրելուս գաղափարագիրը:
Մինչ օրս գրքեր ստորագրելիս օգտագործում եմ այս մարդուկները: Նրանք ինձ լավ ծառայություն են մատուցում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է հաղթահարել մի եզակի տափակություն՝ գլխավոր էջի վրա հանդիսավոր ստորագրություն դնելը:
Նրանք մանկությանս ընկերներն են, ես նրանց հավատարիմ եմ մնում:
Լուսանկարը` «Սեպտեմբերի 1» կայքից
- Բացվել է 1835 անգամ