Ջիբութիի աղբարկղը

Հեղինակ: 

«Դպրոցական տառապանք»
Սկիզբը
Նախորդ հատվածը

8

Հասուն տարիքում երազում էի ավելի իրական ընկերության մասին: Ժամանակն այն չէր, միջավայրը՝ նույնպես. միջավայրս ինձ նման հնարավորություն չէր տալիս, բայց, այսօր դա ասում եմ շատ վճռական, եթե ավազակախումբ ստեղծելու հնարավորություն ունենայի, կանեի: Եվ ի՜նչ հաճույքով: Խաղընկերներս այդ  ավազակախմբի համար հարմար չէին: Ես նրանց համար գոյություն ունեի միայն դասամիջոցին, դասարանում ես ինձ վարկաբեկված էի զգում: Ախ, ձուլվեի մի ավազակախմբի, որտեղ դպրոցը ոչ մի դեր չունի... ի՜նչ երազանք:

Ո՞րն է  ավազակախմբի հմայքը: Բանն այն է, որ ձուլվելով  ավազակախմբին՝ միաժամանակ ինքնահաստատվում ես: Ինքնության հիանալի պատրանք: Ուզում ես ամեն ինչ անել, որպեսզի մոռանաս դպրոցական աշխարհում բացարձակ օտար լինելու զգացողությունդ և փախչես մեծերի արհամարհական հայացքներից: Ա˜խ, այդ կենտրոնացված հայացքները: Համախմբվածություն` այս հավիտենական մենության փոխարեն, կամք` բանտարկվածության փոխարեն, ինչ-որ հեռու տեղ` այստեղի փոխարեն: Ամեն գնով լքել այս անմարդաբնակ կղզին՝ ծույլիկի կղզին, թեկուզ ծովահենների նավով, որտեղ իշխում է միայն ու միայն բռունցքի օրենքը, և որը տանում է, լավագույն դեպքում, ուղիղ բանտ: Ես ինձ այնքան թույլ էի զգում մյուսներից՝ ուսուցիչներից, մեծերից, և նրանց ուժը՝ այդքան ընդունելի և օրինական, նույնիսկ շատ ավելի հզոր, քան բռունցքի ուժը, որ երբեմն ինձ համակում էր մոլի վրեժխնդրության գաղափարը: (Չորս տասնյակ տարի անց, մի դեռահասի շուրթերից լսելով «Ատում եմ» արտահայտությունը, բոլորովին չզարմացա: Մի շարք նոր՝ հասարակական, մշակութային, տնտեսական գործոնների ազդեցությամբ այն արտահայտում էր ինձ այնքան ծանոթ վրեժխնդրության ցանկությունը): Բարեբախտաբար խաղընկերներս նրանցից չէին, որ խմբավորում էին ստեղծում, իսկ ես «տեղական» ոչ մի խմբավորման չէի կարող պատկանել: Ես ինքս միայնակ ստեղծեցի մի երիտասարդական ավազակախումբ, ինչպես որ ասվում է Ռենոյի երգում, մի շատ սակավամարդ խմբավորում, որտեղ միայնակ իրականացնում էի իմ գաղտնի վրեժը: Օրինակ՝ գիշերը դպրոցի ճաշարանից գողանում էի հորթի պահածոյացված լեզուներն ու դնում տնտեսվարի դռան առաջ, որովհետև մեզ շաբաթական երկու անգամ էր տալիս դրանցից, և եթե չէինք ուտում, հաջորդ օրը նորից տեսնում էինք մեր ափսեների մեջ: Կամ էլ ծովատառեխները կապում էի մեր անգլերենի ուսուցչի նոր մեքենայի խլացուցիչին (դա «արիան» էր. այսօրվա պես հիշում եմ նրա անվադողերի սպիտակ եզրերը, որ կավատի կոշիկների էին  նման), որը ամենատարօրինակ ձևով սկսում էր վառած ձկան գարշահոտություն տարածել այն աստիճան, որ առաջին օրերին նրա տերն ինքն էլ էր մի վերստից այդ գարշելի հոտն արձակում:

Կամ էլ գիշերօթիկ դպրոցի հարևանությամբ գտնվող ֆերմաներից գողացված այն երեսուն հավերը, որ լցրել էի գլխավոր հսկիչի ննջարանը, երբ նա ինձ պատժել էր՝ զրկելով հանգստայան օրերից... Ի՜նչ հիանալի թռչնանոցի էր վերածվել այդ սենյակը ընդամենը երեք օրում՝ ծերտ ու փետուր, ինչպես նաև ծղոտ, և որպեսզի պատկերն էլ ավելի իրական լիներ, կոտրած ձվեր և ամենուրեք առատ շաղ տված եգիպտացորեն: Իսկ հոտի մասին էլ չխոսեմ: Երբ հսկիչը երանությամբ բացեց սենյակի դուռը, տագնապած բանտարկյալները լցվեցին միջանցք, և բոլորը սկսեցին նրանց հետևից վազել. ա՜յ թե տոն էր:

Հիմարություն էր, իհարկե, հիմարություն` դատապարտելի, աններելի: Նաև լիովին անօգուտ: Նման կարգի պատիժը ոչ մի կերպ չի լավացնում ուսուցչի բնավորությունը:

Այնուամենայնիվ ես երբեք, մինչ մահս, չեմ զղջա այդ հավերի, ծովատառեխների, խեղճ, լեզուն կտրած հորթերի համար: Ինչպես հիմար մարդուկները, նրանք իմ  ավազակախմբի անդամն էին:

9

Մանկավարժական անխախտ կոնստանտ. միայնակ վրիժառուին (կամ էլ ընդհատակյա խուլիգանին. նայած որ տեսանկյունից կնայես) եզակի բացառությամբ երբեք չեն մատնի: Ինչպես վերջինս չի մատնի իր նման մեկին: Համերաշխությո՞ւն: Վստահ չեմ: Ավելի շուտ մի տեսակ քաղցր հաճույք է, երբ տեսնում ես իշխանության՝ հերթական հանցագործությունը բացահայտելու անօգուտ փորձերը: Ու խաղաղության խաթարիչին չի հուզում, որ բոլոր աշակերտները կպատժվեն, կզրկվեն այս կամ այն բանից, քանի դեռ մեղավորը չի հանձնվել։ Ընդհակառկը, դա նրան հնարավորություն է տալիս իրեն այդ խմբի անդամ զգալու վերջապես: Բոլորի հետ միասին նա «նողկալի» է անվանում այն, որ մի «մեղավորի» փոխարեն այդքան «անմեղներ» պիտի հատուցեն։ Սարսափելի˜ անկեղծություն: Այն փաստը, որ հենց ինքն է այդ «մեղավորը», այլևս հաշվի մեջ չէ: Բոլորին պատժելով իշխանությունը նրան հնարավորություն է տալիս փոխելու գրանցումը. Դուրս գալով հետաքննությանը վերաբերող իրական փաստերի սահմանից՝ մուտք ենք գործում սկզբունքների տարածք: Ուստի, որպես լավ տղա, նա աներեր կանգնած է արդարության սկզբունքի կողմը: «Չեն կարողանում գտնել մեղավորին և մեզ բոլորիս ստիպում են հատուցել. ի՜նչ զզվելի է»:

Նրան բացարձակ չի հուզում, որ իրեն կարող են գող, ստախոս կամ որևէ այլ անուն կպցնել, և որ մեղադրող կողմը կարող է բարձրաձայն հայտարարել իր արհամարհանքը մարդկային այն սարսափելի տեսակի նկատմամբ, որը «քաջություն չունի, որ իր արարքնրի համար պատասխան տա»: Նախևառաջ նա միայն լսում է այն հավաստումը, որ հազար անգամ կրկնել են, և որ ինքն էլ համաձայն է մեղադրող կողմի տեսակետի հետ (նույնիսկ բացառիկ հաճույք է այս գաղտնի համաձայնությունը. «Այո, դու իրավացի ես. ես հենց այն սրիկան եմ, որի մասին խոսում ես, նույնիսկ ավելի վատը, եթե միայն դու իմանայիր…»), և հետո՝ այստեղ գտնվող աշակերտներից հենց ինքը, միայն ինքը և ուրիշ ոչ ոք քաջություն չէր ունեցել, օրինակ, մութ գիշերով մեն-մենակ շանթարգելի գագաթին կախելու վերակացուի երեք կապաները: Մի քանի ժամ շարունակ այդ կապաները՝ որպես ծովահենական սև դրոշ, ծածանվում էին դպրոցի գլխին, և ոչ ոք երբեք չի իմանա, թե ով է բարձրացրել այդ զավեշտալի առագաստը:

Եվ եթե իր փոխարեն ինչ- որ մեկին մեղադրեն, ազնիվ խոսք, նա էլի կլռի, քանի որ նա լավ է ճանաչում իր աշխարհը ու Կլոդելի հետ միասին (որին համենայնդեպս երբեք չի կարդա) կարող է ասել, որ «ոմանք արժանի են անարդարության»: Նա իրեն չի մատնի, որովհետև արդեն հարմարվել է իր մենությանը և վերջապես դադարել է դրանից վախենալուց: Նա այլևս աչքերը չի խոնարհում: Նայե՛ք նրան, ինչ անմեղ հայացքով մեղավոր է: Լռության մեջ նա թաքցնում է այդ եզակի հաճույքը` գիտակցումն այն բանի, որ երբեք ոչ ոք ոչինչ չի իմանա: Զգալով, որ ոչ մեկինը չես, վերջիվերջո սկսում ես ինքդ քեզ երդվել:

Դրա հետ էլ մի մռայլ ուրախություն է զգում այն բանից, որ իրենից գլուխ չեն հանում գիտելիքով օժտված մարդիկ, որ իրեն մեղադրում են, թե ինքը ոչինչ չի հասկանում: Վերջապես նա իր մեջ բացահայտում է մի ունակություն՝ վախեցնելու բոլոր նրանց, ումից ինքն էր վախենում, և ամեն տեղ դա գործածում է: Ոչ ոք չգիտի, թե ինչի է ինքն ընդունակ. դե, լա՜վ:

Երբ ամեն տեսակի մտավոր կարողությունները գաղտնի բույն են դնում խորամանկության մեջ, ահա այսպես ծնվում է հանցագործությունը:

10

Ինձ նման աշակերտի մասին սխալ կլիներ կարծել, թե միայն գաղտնի վրեժով եմ զբաղված եղել (իմիջիայլոց, այն երեք կապաների հետ ոչ մի կապ չեմ ունեցել): Անխոնջ ծույլիկ, որ գիշերը հերթական չարաճճիությունն է ծրագրում, անորսալի Զորրո, որ պայքարում է երեխաներին պատժողների դեմ։  Ես էլ դեմ չէի լինի ինձ հենց այդպիսի պրիմիտիվ կերպարով տեսնելուն, եթե իրականում բոլորովին այլ տեսակի տղա չլինեի, ով մեծահասակներից որևէ մեկի սիրալիր հայացքին արժանանալու համար պատրաստ էր խղճի հետ ամեն տեսակի գործարքի: Մեղմորեն մուրալ ուսուցիչների հավանությունը… Այո, պարոն, դուք իրավացի եք, այո, պարոն, օհ, պարոն, ես այդքան հիմար չեմ, այդքան չար չեմ, այդքան ստախոս չեմ, այդքան… Օ՜, ինչ նվաստացում, երբ մի չոր նախադասությամբ ինչ- որ մեկը ինձ վերադարձնում էր սեփական ոչնչությանս գաղափարին: O՜h, երջանկության ի՜նչ խղճուկ զգացողություն, երբ, ընդհակառակը, ասում էին մի երկու աղոտ սիրալիր խոսք, որոնք ես անմիջապես թաքցնում էի որպես մարդկության անգնահատելի գանձ: Եվ ինչպես էի ես շտապում, որ դրա մասին երեկոյան պատմեի ծնողներիս «ես պարոն Այսինչի հետ շատ լավ զրույց ունեցա...» («նա նաև կարողանում է խոսել, երևի»,- լիովին տեղին կասեր հայրս...)։

Երկար ժամանակ հետևիցս քարշ էի տալիս այս ամոթալի հիշողությունը: Առաջին իսկ ձախողումներիցս սկսած՝ ինձ համակեցին ատելությունն ու սիրո պակասը միաժամանակ: Հարկավոր էր սիրաշահել դպրոցական մարդակերին: Անել ամեն ինչ, որպեսզի չխժռի սիրտս: Օրինակ՝ վեցերորդ դասարանի ուսուցչիս ծննդյան նվեր էի պատրաստում, չնայած նա թելադրություններս միշտ բացասական էր գնահատում:

«Պենակիոնի՛, 38 սխալ, գնալով ավելի ու ավելի վատ ես գրում»։ Ես գլուխ էի ջարդում, որ ընտրեմ այն, ինչն իսկապես դուր կգա այդ գարշելիին, փող էի հավաքում աշակերտներից և իմ փողերն էի ավելացնում, քանի որ զզվելի հրաշքի գինը ավելին էր, քան հավաքածս գումարը:

Այդ ժամանակներում բուրժուական տներում չհրկիզվող պահարաններ կային: Ես նախաձեռնեցի բացել մեր տան չհրկիզվող պահարանը, որպեսզի ինձ չարչարողի նվերին մասնակցեի: Դա մի փոքրիկ, մութ և տափակ պահարան էր, որտեղ քնած էին մեր ընտանիքի գաղտնիքները: Մի բանալի և անիվ, մեկը թվերով, մյուսը տառերով: Ես գիտեի, թե ծնողներս ուր էին դնում բանալին, բայց ինձնից պահանջվեցին բազում գիշերներ, որպեսզի գտնեի տառերի ու թվերի համադրությունը: Անիվ, բանալի, փակ դուռ: Անիվ, բանալի բայց նորից փակ դուռ: Փակ դուռ: Փակ դուռ: Թվում է, թե երբեք ոչինչ չի ստացվի: Եվ ահա հանկարծ՝ շխկոց, և դուռը բացվում է: Մնում ես դրանից ցնցված: Մի բաց դուռ՝ դեպի մեծերի գաղտնիքների աշխարհ: Եվ հայտնի դարձան շատ առաքինի գաղտնիքներ՝ մի քանի պարտատոմսեր, ենթադրում եմ՝ ռուսական փոխառություններ, որոնք դրված են այնտեղ` մի օր հարություն առնելու հույս ունենալով, պապիկիս եղբոր ատրճանակը՝ լի փամփշտակալով, բայց սղոցած ձգանով, ինչպես նաև մի քիչ փող, մի քանի թղթադրամ, որտեղից ես վերցրի նվերի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը:

Գողանալ՝ մեծահասակների սերը գնելու համար... Դա ամենևին գողություն չէր, և իհարկե, ինձ չհաջողվեց որևէ զգացմունք գնել: Իմ գաղտնիքը բացահայտվեց այն ժամանակ, երբ այդ նույն տարում մայրիկիս նվիրեցի ճապոնական ահավոր մի պարտիզակ, որ այդ ժամանակ շատ տարածված էր և չափազանց թանկ արժեր: Այս իրադարձությունն ունեցավ երեք հետևանք՝ մայրս լաց եղավ (նա հազվադեպ է լաց լինում)՝ վստահ լինելով, որ լույս աշխարհ է բերել չհրկիզվող պահարաններ թալանողի (միակ բնագավառը, որտեղ իր վերջնածին երեխան դրսևորում էր անվիճելի ունակություն), ինձ ուղարկեցին գիշերօթիկ դպրոց, և հետագա կյանքիս ընթացքում ոչինչ չկարողացա թռցնել, նույնիսկ այն ժամանակ, երբ իմ սերնդի երիտասարդների մոտ դա արդեն ընդունված էր:

11

Նրանց, ովքեր  ավազակախմբների առաջացումը կապում են միայն արվարձանների խնդիրների հետ, ես ասում եմ. «Այո՛, դուք իրավացի եք»։

Գործազրկություն՝ այո, վտարվածների կենտրոնացում՝ այո, էթնիկ խմբավորումներ՝ այո, բռնակալություն, բազմածնող ընտանիքներ՝ այո, ստվերային տնտեսության զարգացում և ամեն տեսակի ապօրինի վաճառք՝ այո, այո, այո… Եկեք չթերագնահատենք այն միակ բանը, որի վրա անձամբ կարող ենք ազդել, և որ սկիզբ է առնում մանկավարժության վաղեմի ժամանակներից, աշակերտի մենությունն ու ամոթն են, որ ինքը ոչինչ չի հասկանում, մոլորված է այն աշխարհում, որտեղ բոլորը հասկանում են: Միայն մենք ինքներս կարող ենք նրան հանել այդ բանտից. կարևոր չէ՝ մեզ սովորեցրել են դա, թե չէ: Ուսուցիչները, որ ինձ փրկել են և որ ինձ ուսուցիչ դարձրին, դա չէին սովորել: Նրանց չէին հետաքրքրքում իմ դպրոցական թուլության արմատները: Նրանք ժամանակ չկորցրին ո՛չ դրա պատճառները գտնելու և ո՛չ էլ, առավել ևս, քարոզներ կարդալու վրա: Կային մեծահասակներ, որոնք արդեն բախվել էին վտանգի ենթարկված երիտասարդների: Նրանք ասացին՝ ժամանակն է գործելու: Նրանք ինձ հետ սուզվեցին: Ինձ բաց թողեցին:

Նրանք օրեցօր ավելի ու ավելի սուզվեցին։ Եվ վերջապես ինձ դուրս հանեցին այնտեղից: Եվ ինձ հետ` նաև ինձ նման շատ շատերին: Նրանք մեզ բառացիորեն որսացին: Մենք նրանց կյանքով ենք պարտական:

Շարունակությունը

Թարգմանություն ֆրանսերենից
Լուսանկարի աղբյուրը

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский