«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Սիմոն Սոլովեյչիկ

Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում
Հոդվածներ իր թերթի համար

Ուզում ես ապրել` սովորել կարողացիր

Ուսուցիչները բողոքում են` շուրջը բազմաթիվ օրինակներ կան, որոնք հաստատում են, որ առանց ուսման էլ կարելի է լավ ապրել: Ուրեմն ինչպե՞ս սովորեցնենք: Ինչպես սովորեցնենք երեխաներին այնպիսի ժամանակ, երբ երեխաները չեն հասկանում` ինչու պետք է սովորեն, երբ անուսումը կարող է տասն անգամ շատ գումար վաստակել ուսյալից:

Հիշեցի Սուխոմլինսկուն. «Մարդը պետք է սովորի նրա համար, որ մարդ է»… Սովորել ոչ ինչ-որ բանի, պարզապես նրա համար, որ դու մարդ ես. մեծագույն առավելություն է` մատչելի ոչ բոլորին: Լև Տոլստոյը կարող էր իրեն թույլ տալ թողնել համալսարանը և ձևականորեն մնալ ոչ ուսյալ. նա հպարտանում էր, որ և´ ինքը, և´ իր նախնիներն ունեցել են ոչ «հանուն ինչ¬որ բանի» սովորելու հնարավորություն: Բայց կարո՞ղ են, արդյոք, բոլոր երեխաներն ուսանել «ոչ մի բանի համար»:

Որոշ երեխաներ իրենց ուսուցիչների հոգին հանում են այն խոսքով, թե, խնդրեմ, հայրս անգամ դպրոցը չի ավարտել, իսկ վաստակում է ձեզնից մի քանի անգամ ավելի, հարգելի ուսուցչուհի:

Եվ իսկապես, ուսուցիչը մեր երկրում ավելի քիչ է ստանում օրավարձու օգնական բանվորից, պրոֆեսորը` հավաքարից, և խմբագրական մեկ սենյակի վերանորոգման համար անգրագետ ներկարարին հարկ է լինում վճարելու այնքան գումար, որքան գրական տաղանդավոր աշխատողը չի ստանում անգամ երեք ամսվա ընթացքում:

Ինչու է ուսումն արժեզրկված

Չի կարելի ասել, որ ուսյալներին չեն գնահատում: Կրթված մարդիկ հարգանք են առաջացնում, Ռուսաստանը բարձր մշակույթ ունեցող երկիր է: Բայց վերջին տասնամյակների ընթացքում սովորական մարդկանց կարողացան ներշնչել այնպիսի անհարգալից վերաբերմունք կրթված մարդու հանդեպ, որ դա` այդ վերաբերմունքը, չի հաջողվի շտկել անգամ առաջիկա 70 տարիների ընթացքում:

Անհարգալից վերաբերմունք ուսյալի նկատմամբ ներշնչել են երկու մեթոդով:

Նախ` պնդել են, որ միայն ֆիզիկական աշխատանքն է իսկական աշխատանք, որ միայն հաստոցի մոտ աշխատողն է աշխատող մարդ, և նրան է պատկանում ամեն ինչ (չնայած նրան ոչինչ էլ չէր պատկանում):

Երկրորդը, և դա ավելի սարսափելի է` անհարգալից վերաբերմունք ուսման հանդեպ ներշնչել են նրանով, որ կրթությունը շատ մատչելի էր և էժան գնով էլ մատուցվում էր բոլորին` առանց գումարի և ջանքի: Երկրում ուսումը ոչնչացնելու լավագույն միջոցը բոլոր բնակիչներին հասունության վկայական բաժանելն է, այնպես, որ կրթվածի և անկիրթի տարբերությունը վերանա, որ ջնջվեն ֆիզիկական և մտավոր աշխատանքի սահմանները, այսինքն` որպեսզի ուսյալ մարդը ոչ մի առավելություն չունենա: Կրթությանը հարվածելու այս երկրորդ մեթոդ հսկայական և սարսափելի հաջողություն ունեցավ: Չէ՞ որ կեղծիք է, թե մեր երկրում պարտադիր միջնակարգ կրթություն կար:
Մեր երկրում վկայականների պարտադիր բաշխում կար, գլխաքանակի բռնի վկայագրում: Դա նույնը չէ, ինչ կրթությունը. հարկ կա՞ ապացուցելու:

Ես գիտեմ դեպքեր, երբ երեկոյան դպրոցում աշակերտը ոչ միայն չի մասնակցել դասերին, այլև ավարտական քննություններին էլ չի հայտնվել: Եվ, բոլոր դեպքերում, դպրոցը տվել է նրան ատեստատ (գնահատականներով) և հարկադրել խեղճ դասղեկին գնալու այդ կեղծ-աշակերտի տուն և հանձնել (վզին փաթաթել) միջնակարգ կրթության վկայականը. դպրոցին հարկավոր էր վկայական ստացածների անդորրագիրը: Այդ ստացականը դպրոցի հաջող գործունեության հիմնական ապացույցն էր: Եթե խորը մտածենք, ապա այդ ստացականներով էլ աշխատում էին բազմաթիվ ուսումնական հաստատություններ: Աշակերտը դռան մոտ դիմավորում էր ուսուցչուհուն և նրա երեսին շպրտում այդ կնքված թուղթը: Տուն չէր էլ թողնում մտնել:


Մոտակա նպատակները

Իհարկե, լավ է ուսուցանել, եթե երեխաները գնահատում են գիտելիքները. բայց, խնդրեմ, չեն գնահատում: Հիմա ի՞նչ: Չի կարելի, չէ՞, չսովորեցնել երեխաներին միայն այն պատճառով, որ նրանք չեն ուզում սովորել: Այնուամենայնիվ պետք է նպատակների փոփոխություն լինի: Հեռահար նպատակները գործուն չեն կամ ոչ միշտ են գործում, նշանակում է, պետք է կենտրոնանալ մոտակա նպատակներին:

Միանգամայն անհեթեթ է դաս սովորելու կոչ անել «Չսովորես` կդառնաս հավաքարար» փաստարկմամբ: Միանշանակ անիմաստ է այսօր քննարկում սկսել «Կթվորուհու ինչին է հարկավոր անգլերենը» թեմայով կամ երեխաներին հավատացնել, որ եռանկյունաչափությունը հարկավոր է խառատին, որովհետև նա այլ կերպ չի կարող սրել հատիչը: Հավաքարարն ակնհայտորեն վաստակում է ավելի շատ գումար, քան ուսուցիչը: Դե, չեն անցնում այս փաստարկները, ինչի՞ համար նորից կրկնեք:

Ակնհայտ է, որ պետք է փոքր-ինչ իջեցնել մեր զրույց-հորդորների նշանաձողը: Ուսուցման ամենատեսանելի նպատակը հաջողությունն է` այսօրվա հաջողությունը, ներքին արժանապատվության սատարումը: Ուսումը երեխայի համար որպես աշխատանք կարող է դառնալ գնահատելի, որպես կենսակերպ, որպես այսօրվա նրա գործ:

Քչերն են հասկացել համագործակցության մանկավարժության էությունը. դա այնպիսի մանկավարժություն է, որը հնարավորություն է տալիս թույլ աշակերտներին ինչ¬որ բանի հասնելու և իր ձեռքբերումը որպես հաջողություն վերապրելու: Համագործակցության մանկավարժությունը երեխային ոչ թե վաղվա, այլ այսօրվա հավասարության և սեփական արժանապատվության զգացողություն է տալիս. ահա ուսուցման` արդի դժվարին պայմաններում հնարավոր ամենաուժեղ խթաններից մեկը: Միայն աշխարհագրությամբ և կենսաբանությամբ չես հարկադրի սովորելու և ամեն մեկին ուսման կողմը չես գրավի:

Դպրոցի սոցիալական կյանքը, ընդհանուր դրությունը, ուսման մեջ հաջողության համընդհանուր ձգտումը այսօր ամեն ինչից թանկ են, չնայած և հենց դասը, նրա ստեղծագործական ուղղվածությունը, հենց երեխաների աշխատանքը կազմակերպելու ունակությունը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իրեն դրսևորել, չափազանց կարևոր են: Բայց ինչ արած: Ժամանակները փոխվել են, և դասական «Ինչիս է պետք աշխարհագրությունը, եթե կառապաններ կան» արտահայտությունն ավելի ու ավելի է դառնում ճշմարտացի: Ինքնաթիռ ես նստում, և քեզ նստեցնում-տանում են երկիր մոլորակի քո առաջադրած կետը, և ոչ մի աշխարհագրություն հարկավոր չէ: Ինչո՞ւ է ծավալվում ֆունկցիոնալ անգրագիտությունը: Այն պատճառով, որ նաև անգրագետը կարող է լիովին պատշաճ ապրել: Այն ամենը, ինչ մարդկանց իսկապես անհրաժեշտ է, նրանք ձեռք են բերում: Ուրեմն, այլ գիտելիքներ են հարկավոր, ուրիշ դպրոց է պետք, ուսուցման այլ շարժառիթներ:

Այս ամենը նորություն չէ. դպրոցը մշակել է երեխաներին ուսման տրամադրելու բազմաթիվ մեթոդներ: Ցավոք, մենք դրանցից օգտվելուն ընտելացած չենք, մենք ավելի շատ վարժվել ենք նախատելու 10-ամյա տղային. «Ինչո՞ւ չես սովորում»:

Գլխավորն այն է, որ հետ վարժվենք մեր սիրելի զբաղմունքից, ճակատով պատը ծակելու փորձերից, որ ուղեկցվում են գանգատներով. պատը, չգիտես ինչու, չի ծակվում, իսկ ճակատը տրաքում է:

Ինչպե՞ս սովորեցնենք բոլոր երեխաներին այն երկրում, որտեղ ոչ բոլորն են գնահատում գիտելիքները: Սովորեցնենք նրանց այնպես, ինչպես կարելի է միայն սովորեցնել մի երկրում, որտեղ ոչ բոլորն են գնահատում գիտելիքը, սովորեցնենք այնպես, որպեսզի գոնե ինչ-որ ժամանակ մեր երկրում սկսեն գնահատել գիտելիքը, սովորեցնենք այնպես, որպեսզի նրանք` մեր երեխաները, աստիճանաբար վարժվեն գնահատելու գիտելիքը: Չէ՞ որ ամեն դեպքում Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկին միանգամայն իրավացի էր` մարդը պետք է սովորի նրա համար, որ մարդ է:

Բայց պետք է երեխաներին դա հասկանալու հնարավորություն տանք:

Թարգմանեց Անի Գրիգորյանը
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.