«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 32

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Բլեյան «Հանրակրթության մեդիագրի շրջանը»

Ուսումնական նյութեր

Լեո
«Ղազարոս Աղայան»

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

Որքան կարևոր է դիպլոմ ունենալը

Սրին տիրապետելու արվեստի մասին

Կապույտ լեռներում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ս. Սոլովեյչիկ
«Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Ոչ թե սովորողների համար, այլ սովորողների հետ»

Անահիտ Հարությունյան
«Դասարանը ուսումնահետազոտական լաբորատորիա»

Յուրա Գանջալյան
«Կրթությունը Հայաստանում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Նունե Մովսիսյան
«Մանկավարժական գործունեության իմ փորձից»


Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

Համի և հոտի զգացողության դաստիարակում

Համի և հոտի զգացողության դաստիարակումը դժվար գործ է, և ես դեռևս չեմ կարող պարծենալ ինչ-որ չափով բավարար արդյունքներով: Միայն կարող եմ ասել, որ հոգեչափության մեջ սովորաբար կատարվող վարժությունները փոքրիկներին պիտանի չեմ համարում:

Երեխաների հոտի զգացողությունն այնքան էլ զարգացած չէ, ահա թե ինչու` համեմատաբար դժվար է նրանց ուշադրությունը կենտրոնացնել այդ զգացողության վրա: Մենք սովորական միջոց ենք օգտագործել, բայց ոչ այնքան հաճախ, որ այն դնենք մեր մեթոդի հիմքում: Երեխային թարմ մանուշակներ և հասմիկներ ենք տալիս, որ հոտ քաշեն, հետո կապում ենք աչքերը և ասում. «Հիմա ձեզ ծաղիկներ կմոտեցնենք»: Երեխաներից մեկը ընկերոջ քթին մանուշակի փունջ է մոտեցնում և խնդրում գուշակել ծաղկի անունը: Հոտը ուժեղացնելու համար մի քանի ծաղիկ ենք մոտեցնում:

Բայց դաստիարակության այս մասը, ինչպես և համի զգացողության զարգացումը, երեխայի կողմից յուրացվում է նախաճաշի ժամանակ, երբ նա տարբեր հոտեր է առնում` թարմ հացի, կովի և ձիթապտղի յուղերի, քացախի, համեմունքների, սուրճի: Սա ծաղիկներից հոտ քաշելու հետ միասին դառնում է հոտառության զարգացման վարժություն: Տհաճ հոտերը ճանաչելու համար կարելի է վերցնել փչացած մթերքներ` ծծված կաթ, կրակին թափված կաթ և այլն:

Ինչ վերաբերում է համի զգացողությանը, ապա երեխայի լեզվին կարելի է կպցնել դառը, թթու, քաղցր, աղի ջրային լուծույթներ. չորսամյա երեխաները նման խաղեր շատ են սիրում, և դրանք երեխաներին սովորեցնում են բերանը ողողել: Ամեն փորձելուց հետո նրանք գոլ ջուր են կում անում և մի լավ ողողում բերանը: Այսպիսով համի վարժությունները դառնում են հիգիենիկ վարժության խթան:

Համը ճանաչելը 4-5 տարեկան երեխաների համար ինքնադաստիարակության իսկական և շատ արժեքավոր վարժություն է: Ապակե փոքր բաժակների մեջ սպիտակ փոշի են լցնում` խինինի, շաքարի, աղի խառնուրդներ: Հետաքրքրասեր երեխան դրանից մի քիչ դնում է բերանը և անմիջապես ողողում բերանը: Միլանում տիկին Մակերոնին և դոկտոր Ֆերարին Հումանիտար հասարակության դեղատանը նման խառնուրդներ և տարբեր համերի կոնֆետներ են պատվիրում:

Ճաշն, անկասկած, համի զգացողության ամենագործնական դաստիարակությունն է:

Տեսողական զգացողության դաստիարակում

Ա. Չափսերի տարբերակման ընկալում տեսողության միջոցով

1. Ներդրվող մարմիններ: Այս հավաքածուն կազմված է փայտե 3 չորսուներից` յուրաքանչյուրը 5,5 սմ բարձրությամբ, 6 սմ լայնությամբ և 8 սմ երկարությամբ: Յուրաքանչյուր չորսու տասը բնիկ ունի, որոնցից յուրաքանչյուրի մեջ իր վրա ամրացված փայտե կամ պղնձե կոճակի (բռնակի) միջոցով հանվող մի գլան է դրվում: Բնիկները շատ նման են քիմիական լաբորատորիայի կշռաքարերի բնիկներին:

Առաջին հավաքածուի բոլոր գլանները նույն բարձրությունն ունեն` 55 մմ, բայց տարբերվում են տրամագծով: Ամենափոքր գլանը 1 սմ տրամագիծ ունի, իսկ մյուսների տրամագծերը կեսական սանտիմետրով մեծանում են: Երկրորդ հավաքածուի բոլոր գլանների տրամագծերը նույն` նախորդ հավաքածուի ամենամեծ գլանի տրամագծի կեսի չափ են` 27,5սմ: Այս հավաքածուի գլանները բարձրությամբ են տարբերվում. առաջինը 1սմ բարձրությամբ բարակ սկավառակ է, մյուսների բարձրությունը աստիճանաբար աճում է 5-ական մմ-ով, 10-րդ գլանի բարձրությունը 55մմ է:

Երրորդ հավաքածուի գլանները տարբերվում են ինչպես բարձրությամբ, այնպես էլ տրամագծով: Առաջինը 1սմ բարձրություն և 1 սմ տրամագիծ ունի: Յուրաքանչյուր հաջորդի տրամագիծն ու բարձրությունն ավելանում են կեսական սանտիմետրով:

Այս հավաքածուների միջոցով երեխան սովորում է տարբերել առարկաները հաստությամբ, բարձրությամբ և ծավալով:
Մանկապարտեզում երեք երեխա նույն սեղանի շուրջ միաժամանակ կարող է խաղալ այս երեք հավաքածուներով, դրանք կարող են նաև փոխանակել: Երեխան հանում է գլանները, դնում սեղանին, ապա նորից տեղավորում է իրենց համապատասխան տեղերում: Այս հավաքածուները պատրաստվում են եղևնու ամուր փայտից, հղկվում են և լաքապատվում:

2.Մեծ հեծաններ` աստիճանաբար փոխվող չափսերով: Այս հավաքածուն կազմված է չորս համակարգից, և ցանկալի է, որ յուրաքանչյուր մանկապարտեզ այս հավաքածուի ամեն մի շարքից երկու օրինակ ունենա:

ա) Հաստություն: Հաստ և բարակ առարկաներ: Տասը քառակողմ պրիզմա ունենք, որոնցից ամենամեծի հիմքը 10սմ է, մյուսների հիմքերը մեկական սանտիմետրով աստիճանաբար փոքրանում են: Պրիզմաները նույն երկարության են`  20սմ, և մուգ շագանակագույն են ներկված: Երեխաները դրանք գորգին ցրելով խառնում են, հետո դասավորում են ըստ հաստության նվազման` հետևելով, որ դրանց երկարությունները ճշտգրտորեն համընկնեն:

Իրար կողքի շարված այս հեծանները սանդուղք են կազմում, որի աստիճանները դեպի գագաթը գնալով լայնանում են: Երեխաները կարող են սկսել կա´մ ամենաբարակ աստիճանից, կա´մ ամենահաստից, ինչպես պատահի: Այս վարժության վերահսկումը բացարձակ չէ, ինչպես նախորդ` ներդրվող գլանների վարժության դեպքում էր: Այնտեղ հնարավոր չէր մեծ գլանը տեղավորել փոքր բնիկի մեջ, բարձր գլանի մի մասը դուրս էր գալիս չորսուի վերին սահմանից և այլն: Իսկ այս «Մեծ աստիճան» խաղի դեպքում երեխայի աչքը սխալը հեշտ է նկատում, քանի որ սխալվելու դեպքում սանդուղքը ճիշտ չի ստացվում, այսինքն` ստացվում է բարձր հարթակ, որից հետո սանդուղքը բարձրանալու փոխարեն մի աստիճան իջնում է:

բ) Երկարություն: Երկար և կարճ առարկաներ: Այս հավաքածուն կազմված է 10 փայտիկներից: Դրանք քառակողմ են, յուրաքանչյուր կողմի լայնությունը 3սմ է: Առաջին փայտիկի երկարությունը 1մ է, վերջինի եկարությունը` 1դմ: Միջանկյալ փայտիկները իրարից կարճ են 1 դեցիմետրով: Յուրաքանչյուր դեցիմետրը հաջորդաբար ներկված է կարմիր կամ կապույտ: Փայտիկները պետք է այնպես դասավորել, որ գույները համընկնեն` առաջացնելով մի քանի լայնակի շերտ. ամբողջ հավաքածուն այս դեպքում նմանվում է երգեհոնի` ներքնաձիգով կարճացող խողովակներից պատրաստված ուղղանկյուն եռանկյան:

Անկարգ փռված այդ առարկաները երեխան սկսում է հավաքել: Դրանք երկարության նվազման կարգով դասավորում է իրար վրա և նկատում, որ գույները համընկնում են: Այս փորձը նաև սխալների ակնհայտ վերահսկում է ապահովում, որովհետև եթե փայտիկները սխալ ես դասավորում, ապա ըստ ներքնաձիգի սանդուղքի փոքրանալը չի ստացվում:
Հետագայում այս հավաքածուն պետք կգա թվաբանության ուսուցման ժամանակ: Դրա միջոցով կարելի է մեկից տասը հաշվել, գումարում կատարել և այլն: Վերջապես այն ավելի կհեշտացնի տասնյակի և մետրային համակարգերի յուրացումը:

գ) Բարձրություն: Բարձր և ցածր առարկաներ: Հավաքածուն կազմված է 20x5սմ հիմքով, մեկական սմ-ով աստճանաբար կարճացող 10 պրիզմաներից` 1-10սմ բարձրությամբ: Պրիզմաների բոլոր կողմերը դեղին են ներկված, բացի 20x5 չափսի կողից, որ սպիտակ է: Այն միշտ վերևում է և երբ երեխան շարում է պրիզմաները, նշում է սանդուղքի աստիճանները:

դ) Ծավալ: Մեծ և փոքր առարկաներ: Հավաքածուն կազմված է վարդագույն ներկված փայտե 10 խորանարդիկներից: Ամենամեծ խորանարդի կողը 10սմ է, ամենափոքրինը` 1սմ: Ամեն կողը նախորդից փոքրանում է 1սմ-ով: Այս խաղի համար անհրաժեշտ է նաև ստվարաթղթե կամ մոմլաթե կանաչ փոքր գորգ: Երեխան խորանարդիկները շարում է իրար վրա` մեծից փոքր, այնպես, որ աշտարակ ստացվի: Գորգը փռում ենք հատակին, խորանարդիկները` դրա վրա: Աշտարակ կառուցելիս երեխան նստում է, ծնկում, կանգնում…

Ստուգելու հնարավորություն տալիս է դեպի վերև աշտարակի չափսերի փոքրանալը: Սխալ դրված խորանարդը դուրս է ցցվում, խախտում գիծը: Խաղի սկզբում երեխաները սովորաբար ամենամեծ խորանարդի փոխարեն երկրորդն են դնում. շփոթում են երկու ամենամեծ խորանարդների չափերը: Նկատել եմ, որ նույն սխալը ետ մնացող երեխաները կատարում են այն փորձերի ժամանակ, որ կատարում էի դե Սանկտիսի սարքի միջոցով: Երբ հարցնում ես` որն է ամենամեծը, երեխան ցույց է տալիս ոչ թե ամենամեծը, այլ` մեծությամբ երկրորդը:

Չորս հավաքածուներից ցանկացածը կարելի է գործածել նաև մյուս խաղի ժամանակ: Չորսուները կարելի է թափել գորգին կամ սեղանի վրա և դրանք իրարից քիչ հեռու հերթով շարել մի այլ սեղանի վրա: Առարկաները տեղափոխելիս երեխան անհոգնել լարում է ուշադրությունը, որովհետև մտքում պիտի պահի այն առարկայի մեծությունը, որն ինքը պիտի գտնի այլ առարկաների մեջ:

Նման խաղը շատ հարմար է չորս-հինգ տարեկան երեխաներին, իսկ առարկաների հասարակ շարումը նույն գորգին, որի վրա թափված են, ավելի համար է 3-4 տարեկաններին: Վարդագույն խորանարդիկներով աշտարակ կառուցելը շատ գրավում է պստիկներին, որոնց երեք տարին չի լրացել. նրանք չեն հոգնում աշտարակը իրենց փոքրիկ թաթիկներով քանդելուց և կրկին շարելուց:

սկիզբը

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.