Ընթերցանությունը քո իրավունքն է ու ճանաչողության իրական հնարավորությունը․․․

Այն, ինչ իրոք թաքնվում է գրքի հենց սրտում՝ սրբություն սրբոցը, կարելի է քննարկել ու տեսնել այն բանից հետո միայն, երբ հաղթահարված է առաջին շերտը, երբ պատումը կեղևազրկված է: Խորքային իմաստը կարող է միանգամից չհայտնաբերվել. այն կարող է քեզ սպասել նախասրահում կամ վերջում` դուռը փակելուց հետո։ 
Հարուկի Մուրակամի

Ընթերցանության, դրա կարևորության ու կազմակերպման մասին շատ ենք գրել, քննարկել, սակայն աշխատանքն անընդհատ է, ասելիքը՝ նույնպես։ Հավաքից հավաք ուզում եմ ամփոփում անել։

Առաջարկում եմ ևս մեկ անգամ ընթերցել Հասմիկ Ղազարյանի «Համաշխարհային գրականության փունջը՝ երկու ամսում», Մորտիմեր Ադլերի՝ «Ինչպես կարդալ գրքեր» գրքից հատված, ընթերցանության նախագծերի մասին իմ հոդվածներից՝ «Կրկին ընթերցանության նախագծերի մասին»«Իսկ ինչո՞ւ կարդանք»։ Վերընթերցենք, ամփոփենք ու նորից անդրադառնանք ընթերցանության իրավունքին ու դրա կազմակերպմանը։

Ինչպե՞ս անենք, որ գրական ընթերցանություն կազմակերպելիս չոտնահարվեն «Ընթերցողի անօտարելի իրավունքները» (1-2-3-4), որ սովորողը և՛ կամավոր ու սիրով կարդա՝ չխանգարեն կարծատիպերը, և՛ ծրագիրը յուրացնի կամ իմանա՝ ինչը և ինչպես յուրացնի ինքնուրույն։ Այս թվացյալ հռետորական հարցադրումները լուծելի և տեսանելի են դառնում, երբ աշխատում ես անհատականացված կրթական մոդելով։ Ի՞նչ ենք հասկանում անհատականացված կրթական մոդել ասելով․ հասկանում ենք կրթական գործընթաց, որի կենտրոնում անհատ սովորողն է՝ իր հետաքրքրություններով, պահանջներով, հաջողություններով, անհաջողություններով։ Այս մասում կցանկանամ ընդգծել՝ սովորող ասելով ի նկատի չունենք «ընտրված» երեխաների խումբ՝ մեր սովորողը տարբեր հետաքրքրություններ ու հնարավորություններ, բացթողումներ ու թերացումներ, առաջընթաց և հաջողություններ ունեցող պատանի է, որի կրթական հաջողություններն-անհաջողությունները կոնկրետ են, նաև՝ տեսանելի (տես սովորողների բլոգները, ամսագրերը)։ Խմբում հավաքված են անհատներ, որոնք ունեն լիովին տարբեր հետաքրքրություններ, հնարավորություններ, հմտություններ, ձգտումներ, գրական ճաշակ, գեղարվեստականության ընկալում․ խնդիրը հենց տարբեր անհատների ընթերցանության կազմակերպումն է՝ միաժամանակ ծրագրային հիմնադրույթների, որոշակի գրական ստեղծագործությունների ընտրանու ընթերցումը։

Ամեն ինչ սկսվում է սեփական ես-ի հաղթահարումից, սովորողի անհատականության, սեփական կարծիք ունենալու (կարծիք, որը կարող է քեզ համար անընդունելի լինել), այն արտահայտելու հնարավորությունների գիտակցումից։ Ես-ի հաղթահամրումը կապվում է մասնագիտական և մարդկային քո կարծիքի չպարտադրման հետ․ սա հնարավորություն է տալիս սովորողին ինքնուրույն լինելու ու սեփական եզրահանգումներ անելու։

Ընթերցանության կազմակերպում․ պատառիկ

Առաջարկվում է ծանոթանալ, ասենք, Թումանյանի պոեմներին․ շատ սովորողներ նախապես ասում են՝ ես Թումանյան չեմ սիրում, մյուսները՝ համաձայնում ընթերցել, սովորողների մի խումբ էլ արդեն ծանոթ է պոեմներին։ Ի՞նչ անել, որպեսզի և՛ սովորողի ընթերցել-չընթերցելու իրավունքը չոտնահարվի, և՛ չունենանք ձանձրացող սովորողներ, որոնք վերընթերցումը ժամանակի վատնում են համարում, և՛ ուսումնասիրենք անցյալի և ներկայի գրականագիտական չափանիշներով մեծ համարվող, գեղարվեստականության առումով առանցքային որակվող Թումանյանի պոեմները։ Այն սովորողները, ովքեր Թումանյան չեն սիրում, փորձում են հիմնավորել, թե ինչու չեն սիրում՝ ստեղծագործություններն ինչով և որքանով են ժամանակավրեպ, թեմաները՝ անհետաքրքիր և այլն։ Նախապես ասվում է (համապատասխան նախագծում), որ կարևոր է, որ խոսքը լինի հիմնավոված, փաստարկված։ Գերխնդիրը ոչ թե այն է, որ սովորողը լալահառաչ «Անուշ» ընթերցի կամ ասի՝ Թումանյանը մեր մեծ բանաստեղծն է, այլ՝ կարդա Թումանյանի ստեղծագործությունները ու ունենա սեփական կարծիք դրանց վերաբերյալ։ Ժխտի, բողոքի, ընդդիմանա, բայց հիմնավորի, փաստարկի ու եզրահանգի. այդ ընթացքում սովորողը ձեռք է բերում և՛ խոսքային-լեզվական, և՛ տրամաբանական-փաստարկման, արժևորման, ասելիքի ներկայացման և՛ շատ այլ կարևոր հմտություններ։

Իսկ ի՞նչ անել, եթե սովորողը կարդաց առաջարկված ստեղծագործությունները, մասնակցեց քննարկումներին, լսեց դրանք, բայց չուզեց արտահայտվել՝ կա՛մ այդպես էլ չոգևորվեց, կա՛մ էլ համառեց՝ արդեն կարդացել եմ, կարծիք չունեմ, չեմ հասկանում։ Ամենահեշտ ճանապարհը հանձնարարությունը չկատարած սովորողին համապատասխան գնահատական նշանակելն է, բայց անհատի կրթության կազմակերպումը հեշտ ճանապարհ չի էլ ենթադրում։ Սովորողին առաջարկվում է ընթերցել այլ ստեղծագործություն, հնարավորություն է տրվում ընտրել առաջարկվող ստեղծագործություններից մեկը կամ առաջարկել, փնտրել-գտնել այն տեքստը, որն իրեն տվյալ պահին կհետաքրքրի։

Ընթերցանության միջոցով խոսքային հմտությունների, տրամաբանության, վերացարկելու, հիմնավորել-փաստարկելու, եզրահանգելու հմտությունների զարգացումը, գեղարվեստականության ընկալումը ու դրանով պայմանավորված ճաշակի, համապատասխան աշխարհայացքի, մարդկային որակների ձևավորումն է խնդիրը։ Ժխտումից կամ սխալից, պատանեկան մաքսիմալիզմից ու ժխտողականությունից, հարցի ոչ լիարժեք ու վիճելի ներկայացումից պետք չէ վախենալ․ ուսուցման գործընթաց է, որն անընդհատ է ու երբեք՝ ավարտուն-վերջնական։ Պետք է հասկանալ, որ սովորողի միտքը քո միտքը չէ, խոսքը քո խոսքը չէ, և նա ազատ է արտահայտելու իր կարծիքը, լսելի լինելու, հանդես գալու էպոտաժային եզրահանգումներով։ Խնդիրն էստեղ ուղղորդելն է, նյութը տարբեր տեսանկյուններից դիտարկելն ու ուսումնասիրելը, սեփական ես-ի հետ անընդհատ տարվող խաղ-ուսուցումը, անընդհատ փորձարկելու՝ ջնջել-գրելու, ինքդ քեզ ու այլոց ժխտել-հաստատելու գործընթացը։

Կազմակերպման ընթացքում հանդիպած դժվարությունների մասին

Դժվարությունը սովորողների քանակն է տվյալ խմբում․ դժվար է, երբեմն անհնարին կազմակերպել անհատական ուսումնական գործունեություն 25-27 սովորողի համար՝ առանձնացնել անհատական ընթերցանության նյութեր, անընդհատ առաջարկել նորը, հետևել բոլորի աշխատանքային գործընթացին, աշխատանքի զարգացմանը։

Ո՞ւր ենք գնում և ինչո՞ւ

Զարգացնում ենք անհատի լեզվական, գեղագիտական ու մտավոր հնարավորությունները, անհատի՝ տեքստի ընկալման և տրամաբանության զարգացման հնարավորությունների բացահայտումը։ Ուզում ենք ունենալ սովորող, ով ունակ կլինի խոսելու իր ընթերցածի մասին, բանավիճելու ու առաջ շարժվելու։

Առաջարկում եմ ծանոթանալ «Լուսաստղի» գրական վերլուծություններին։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский