«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 15

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լ. Պետրանովսկայա
Խաղեր, որոնք սովորեցնում են շփվել

Մեթոդական մշակումներ

«Օժտված երեխաներ» ծրագիրը

«Օժտված երեխան հանրակրթական դպրոցում» ծրագիրը


Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Դավաճանը»

Պաուլո Կոելիո
Ամանորյա հեքիաթ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Ոչ ասենք սուիցիդին (ինքնասպանությանը)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վասիլի Սուխոմլինսկու 90-ամյակի առթիվ


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

18-19-րդ նամակներ

Քսաներորդ նամակ
Ինչպե՞ս ելույթ ունենալ

Մեր կյանքում հիմա սովորական են հասարակական բանավոր ելույթները: Ամեն մարդ պետք է կարողանա ժողովի ժամանակ ելույթ ունենալ, գուցե նաև դասախոսություններով ու զեկուցումներով հանդես գալ:

Դարերի ընթացքում հազարավոր գրքեր են գրվել հռետորների և դասախոսների արվեստի մասին: Այստեղ չարժե կրկնել այն ամենը, ինչ հայտնի է հռետորական արվեստի մասին: Ասեմ միայն մի բան, ամենահասարակ բանը՝ որպեսզի ելույթը հետաքրքիր լինի, հենց ելույթ ունեցողին պիտի հետաքրքիր լինի ելույթ ունենալը: Նրան պետք է հետաքրքիր լինի սեփական տեսակետը շարադրելը, մյուսներին համոզելը, դասախոսության նյութը նրա համար գրավիչ պիտի լինի, նույնիսկ մի քիչ զարմանալի: Ելույթ ունեցողն ինքը պիտի իր զեկույցի առարկայով հետաքրքրված լինի և այդ հետաքրքրությունը լսողներին փոխանցել կարողանա: Նրանց ստիպի, որ զգան ելույթ ունեցողի հետաքրքրվածությունը: Միայն այդ դեպքում նրան լսելը հետքրքիր կլինի:

Մի բան էլ՝ ելույթում մի քանի հավասարազոր միտք կամ գաղափար չպիտի լինի: Ամեն մի ելույթում պետք է մի գլխավոր գաղափար, մի միտք լինի, որին ենթակա է մնացածը: Այդ դեպքում ելույթը ոչ միայն կհետաքրքրի, այլև կհիշվի:
Իսկ էականն այն է, որ միշտ բարի տեսանկյունից խոսեք: Նույնիսկ ինչ-որ գաղափարի կամ մտքի դեմ ելույթը փորձեք կառուցել ի պաշտպանություն այն դրականի, որ ձեզ հետ վիճողի առարկություններում առկա է:  Հասարակական ելույթը միշտ պետք է հասարակական տեսակետից լինի: Այդ դեպքում համակրանքի կարժանանա:

Քսանմեկերորդ նամակ
Ինչպե՞ս գրել

Յուրաքանչյուր մարդ պետք է նույնքան լավ գրի, որքան և լավ խոսի: Մարդու գրավոր կամ բանավոր խոսքը նրան ավելի շատ է բնութագրում, քան նույնիսկ արտաքինը կամ վարվեցողությունը: Խոսքում դրսևորվում է մարդու մտավորականությունը, ճիշտ և ճշգրիտ մտածելու նրա կարողությունը, նրա հարգանքը ուրիշների նկատմամբ, նրա «խնամքոտությունը»՝ բառի լայն իմաստով:

Հիմա կխոսենք միայն գրավոր լեզվի մասին, գլխավորապես գրավոր խոսքի այն ձևի, որին ես սովոր եմ, այսինքն՝ գիտական  (հիմնականում գրականագիտական) աշխատանքի լեզվի և ընթերցողների լայն խավի համար ամսագրային հոդվածների լեզվի մասին:

Նախ՝ մի ընդհանուր դիտարկում: Հեծանիվ քշել սովորելու համար պետք է հեծանիվ քշել:  Գրել սովորելու համար, պետք է գրել: Չի կարելի ինչպես գրելու մասին շատ խորհուրդներ հավաքել և միանգամից սկսել ճիշտ ու լավ գրելը. չի ստացվի: Դրա համար ձեր ընկերներին նամակներ գրեք, օրագիր պահեք, հուշեր գրեք (հուշ կարելի է և պետք է ինչքան հնարավոր է շուտ գրել. վատ չէր լինի նույնիսկ պատանեկության տարիներին, օրինակ՝ մանկության մասին):

Մեզանում հաճախ են խոսում այն մասին, որ գիտական աշխատանքները և դասագրքերը «չոր» լեզվով են գրվում, լցվում գրասենյակային դարձվածներով: Այս առումով ամենաշատը պատմական և գրականագիտական աշխատանքներին է «հասնում»: Եվ մեծ մասամբ այդ հանդիմանությունները տեղին են: Ճիշտ են, բայց այնքան էլ ճշգրիտ չեն:  Պետք է լավ գրել, և պետք չէ վատ գրել: Սա ոչ մեկը չի հերքում, և դժվար թե հակառակ տեսակետն արտահայտող մարդ լինի: Իսկ թե որն է «լավ լեզուն», և ինչպես կարելի է լավ գրելու հմտություններ ունենալ՝ այդ մասին մեզ մոտ քիչ են գրում:

Իրականում «լավ լեզու», որպես այդպիսին, գոյություն չունի: Լավ լեզուն գեղագրություն չէ, որ ամեն առիթով հնարավոր լինի կիրառել: Մաթեմատիկական աշխատանքի լավ լեզուն, գրականագիտական հոդվածի լավ լեզուն կամ պատմվածքի լավ լեզուն տարբեր լավ լեզուներ են:

Հաճախ ասում են. «Նրա հոդվածի լեզուն լավն է, պատկերավոր», և դպրոցում նույնիսկ դասարանական աշխատանքներից պատկերավորություն են պահանջում: Մինչդեռ լեզվի պատկերավորությունը գիտական խոսքի համար միշտ չէ, որ առավելություն է:

Գեղարվեստական գրականության լեզուն պատկերավոր է, բայց գիտնականի տեսանկյունից՝ ճշգրիտ չէ: Գիտությունը միարժեքություն է պահանջում, իսկ գեղարվեստական լեզվում հակառակը` բազմիմաստությունն է կարևոր: Օրինակ՝ Եսենինի տողերը. «В залихватском степном разгоне колокольчик хохочет до слез»: Մեր առջև պատկեր է՝ բովանդակությամբ շատ հարուստ, բայց ոչ միարժեք: Ի՞նչ է դա՝ զանգակի ուրախ կարկա՞չ: Իհարկե, միայն դա չէ: Չափազանց կարևոր է, որ այս տողերում հիշատակվում են նաև արցունքները, չնայած մակերեսային ընթերցման ժամանակ կարելի է և հատկապես չկարևորել՝ ընդունելով ամբողջ արտահայտությունը որպես սովորական փոխաբերություն՝ շատ ուժգին քրքջալ: Պատկերն իր  նշանակությունը ճշտում է համատեքստի շնորհիվ և լրիվ հասկանալի է դառնում միայն բանաստեղծության վերջում. «Потому что над всем, что было, колокольчик хохочет до слез». Այստեղ իշխող է դառնում ճակատագրի հեգնանքի թեման՝ մարդկային կյանքի անցողիկ երևույթների վրա ծիծաղող ճակատագրի:

Գրական պատկերն աստիճանաբար կարծես «գուշակվում է» ընթերցողի կողմից:  Գրողն ընթերցողին դարձնում է իր ստեղծագործության մասնակիցը: Գեղարվեստական կերպարի այս աստիճանական ինքնաբացահայտումը և ընթերցողի մասնակցությունը ստեղծագործական գործընթացին գեղարվեստական ստեղծագործության շատ կարևոր կողմն են: Դրանից են կախված ոչ միայն գեղագիտական հաճույքը, որ ստանում ենք գեղարվեստական գրականություն կարդալիս, այլ նաև նրա համոզչությունը: Հեղինակը կարծես ընթերցողին ստիպում է ինքնուրույն հանգել անհրաժեշտ եզրակացության: Կրկնում եմ, նա ընթերցողին դարձնում է իր ստեղծագործության մասնակիցը:
Նույնը կարելի է ասել նաև գեղարվեստական ստեղծագործության այնպիսի տարատեսակի մասին, ինչպիսին կատակն է: Կատակն անփոխարինելի է, օրինակ, վիճելիս:  Լսարանին ծիծաղելու դրդել՝ կնշանակի կիսով չափ ապացուցել քո ճշմարտացիությունը: Գեղարվեստական կերպարը և կատակը ստիպում են ընթերցողին կամ լսողին հեղինակի մտքերի ընթացքին մասնակցել:
Ֆրանսիական ասացվածքը հիշեցնում է. «Կարևոր է, որ ծիծաղողները քո կողմից լինեն»: Վեճի հաղթողը նա է, ում հետ ծիծաղում են:
Կատակը կարևոր է դժվարին դրություններում. հոգեկան հավասարակշռությունն է վերականգնում: Սուվորովը կատակով էր ոգևորում իր զինվորներին:

Այդ պատճառով էլ երբ անհրաժեշտ է ոչ միայն տրամաբանորեն համոզել, այլ նաև հուզական առումով, գեղարվեստական կերպարը և կատակը շատ կարևոր են: Դրանք կարևոր են գիտա-հանրամատչելի աշխատանքում և հռետորական ելույթներում: Ցանկացած դասախոս գիտի, թե ինչքան կարևոր է լսարանի թուլացած ուշադրությունը կատակի միջոցով վերականգնելը: Կատակը պահանջում է ավելի ակտիվ մասնակցություն, քան գեղարվեստական կերպարը, այն լսողին ստիպում է  ոչ միայն պասիվ լսել, այլ ակտիվորեն «գլխի ընկնել» կատակի սրությունը:

Իսկ գիտական աշխատանքում պատկերրը և սրամտությունը թույլատրելի են միայն որպես որոշակի դիվերտիսմենտ(1): Իր բնույթով գիտական լեզուն խիստ տարբերվում է գեղարվեստական գրականության լեզվից: Նա պահանջում է արտահայտության ճշգրտություն, մաքսիմալ սեղմություն, խիստ տրամաբանվածություն, բացառում է ամեն տեսակի «գլխի ընկնելը»:

Գիտական լեզվում պետք է «թանաքը չզգացվի». այն պետք է թեթև լինի: Գիտական աշխատանքի լեզուն պետք է «աննկատ» լինի:  Եթե գիտական աշխատանքի ընթերցողն աշխատանքը ընթերցելիս ուշադրություն չի դարձնում՝ լավ է գրված, թե վատ, ուրեմն աշխատանքը լավ է գրված: Լավ դերձակը կոստյումն այնպես է կարում, որ «աննկատ» ենք հագնում: Գիտական շարադրանքի ամենամեծ արժանիքը (այստեղ խոսում եմ ընդհանրապես շարադրանքի, այլ ոչ թե միայն լեզվի մասին) մի մտքից մյուսին անցնելու հաջորդականության և տրամաբանականության ապահովումն է:
Միտքը զարգացնելու կարողությունը ոչ միայն տրամաբանականությունն էր, այլ նաև շարադրանքի պարզությունը:
Շատ կարևոր է, որ գիտնականը «զգա» իր ընթերցողին, ճիշտ իմանա, թե ում է դիմում:

Միշտ պետք է կոնկրետ պատկերացնել կամ երևակայել աշխատանքի ապագա ընթերցողին և գրառել զրույցը նրա հետ: Թող այդ երևակայական ընթերցողը լինի հոռետես, երդվյալ վիճող, մարդ, որն առանց համոզվելու ոչինիչ չի ընդունում: Խիստ գիտական աշխատանքի դեպքում ընթերցողի այդ մտացածին կերպարը պետք է ավելի բարձր լինի. երևակայական ընթերցողը պետք է տվյալ բնագավառի մասնագետ լինի:  Գիտահանրամատչելի աշխատանքների երևակայական ընթերցողը պետք է մի քիչ վատ հասկացող լինի (բայց չափավոր. չի կարելի «նեղացնել» սեփական ընթերցողին): Զրուցելով այդպիսի երևակայական ընփերցողի հետ՝ գրի առեք այն ամենը, ինչ նրան ասում եք: Ինչքան ձեր գրավոր խոսքը մոտ է բանավորին, այնքան ավելի լավ, այնքան ավելի ազատ, բազմազան, բնական հնչերանգով կլինի: Գրավոր խոսքին բնորոշ դարձվածները ծանրացնում են լեզուն: Դրանք պետք չեն: Բայց բանավոր խոսքն էլ շատ թերություններ ունի. այն միշտ չէ, որ ճշգրիտ է, խնայողական, շատ են կրկնությունները:  Նշանակում է` երևակայական ընթերցողի հետ ձեր զրույցը գրառելուց հետո պետք է հնարավորին չափ այն կրճատել, ճշգրտել, ազատել անճշտություններից, չափից դուրս ազատ, «խոսակցական» արտահայտություններից: Գիտական աշխատանքը «կսեղմվի», կդառնա ավելի փոքրածավալ, ճշգրիտ, բայց կապահպանի կենդանի զրույցի հնչերանգները, իսկ  ամենագլխավորն այն է, որ կզգացվի հասցեատերը` հեղինակի երևակայական զրուցակիցը:

Գրավոր լեզվի հարստացումն ու թեթևությունը հաճախ խոսակցական լեզվից են գալիս: Խոսակցական լեզվից կարելի է փոխառնել առանձին բառեր և ամբողջական արտահայտություններ: Սակայն պետք է հիշել, որ խոսակցական արտահայտությունները ոճաբանորեն այնքան ուժեղ են և գրավոր լեզվում նկատելի, որ գիտական ճշգրիտ լեզվում դրանք չի կարելի իրարից մոտ հեռավորություններիվրա կրկնել:

* * *

Գիտության մեջ շատ կարևոր է հայտնաբերված երևույթի համար անհարժեշտ նշանակում՝ եզր (տերմին) գտնելը: Հաճախ դա նշանակում է ամրացնել արված դիտարկումը կամ ընդհանրացումը, գիտության մեջ նկատելի դարձնել, ներմուծել գիտություն, նրա նկատմամբ ուշադրություն գրավել:

Եթե ցանկանում եք, որ ձեր դիտարկումը մտնի գիտություն ու «կնքեք» նրան, անուն, անվանում տվեք: Ձեր նորածնին գիտություն ներմուծելով՝ նրան գիտնակնների հանրությանը ներկայացրեք, իսկ դրա համար անվանե՛ք նրան և ոչ մի բան առանց անունի մի՛ թողեք: Բայց դա շատ հաճախ մի՛ արեք: Լեզվաբանության և գրականագիտության բնագավառի մի շարք աշխատանքներ գերհագեցված են նոր եզրերով: Իր կյանքի ընթացքում գիտնականին բավական է աշխատանքի մեջ երկու-երեք եզր ստեղծել իր հայտնաբերած նշանակալից երևույթների համար: 

Նյուտոնը ոչ այնքան հայտնագործեց երկրի ձգողականության օրենքը (նրանից առաջ էլ բոլորը գիտեին, որ առարկաներն ընկնում են գետնին, և դրանք գետնից բարձրացնելու համար որոշակի ճիգ պետք է գործադրել), որքան բոլորին հայտնի երևույթի համար եզր ներմուծեց և դրանով այն «նկատելի» դարձրեց գիտության մեջ:

Նոր նշանակում, նոր եզր ստեղծելու սովորական եղանակ է փոխաբերության դիմելը: Փոխաբերություն կլինի նաև բառի փոխառումը հարևան բնագավառից կամ ուրիշ բնույթի գիտությունից:

Հասկանալի է, որ ոչ մի փոխաբերություն և ոչ մի պատկեր իր սկզբնական բազմիմաստության պատճառով չեն կարող բացարձակ ճշգրիտ լինել, ամբողջությամբ արտահայտել երևույթը:  Այդ պատճառով սկզբում նոր եզրը միշտ անհաջող է թվում: Միայն այն ժամանակ, երբ փոխաբերության կամ պատկերի հետ կապվում է մեկ կոնկրետ նշանակություն, հետազոտողները «վարժվում են» դրան, նոր եզրի հիմքում ընկած պատկերը կորցնում է իր սրությունը, եզրը մտնում է կիրառության մեջ, և հնարավոր է, որ շատ էլ հաջող համարվի: 

Գիտական ճիշտ նշանակությունը «աճում» է կերպարի միջից: Սկզբում պատկերը կարծես ստվերում է գիտական եզրի ճիշտ նշանակությունը, հետո ճիշտ նշանակությունն է ստվերում պատկերը:

Ճշգրիտ պետք է լինի գիտնականի դիտարկումն ինքնին, վառ սահամազատված ու յուրահատուկ՝ ինքը երևույթը, որը նշանակվում է նոր եզրով, այդ դեպքում ճշգրիտ կլինի նաև եզրը:

Այն քիչ դեպքերում էլ, երբ գիտնականը կարող է և նույնիսկ պարտավոր է դիմել փոխաբերության, պատկերի, անհրաժեշտ է հետևել դրանց «նյութական» բովանդակությանը: Տասնիններորդ դարի լավ կրթություն ունեցղ մի գրականագետի երկում կարդում ենք այսպիսի արտահայտություն. «Դանթեն մի ոտքով ամուր կանգած էր միջնադարում, իսկ մյուսով ողջունում էր վերածննդի արշալույսը»: Շատ սրամիտ և դիտողունակ պատմաբան Վ. Օ. Կլյուչևսկին իր «Ռուսական պատմության դասախոսությունների դասընթաց» աշխատությունում այսպես է ծաղրել այդ արտահայտությունը. «Ալեքսեյ Միխայլովիչ ցարը բարեփոխումների շարժման մեջ ընդունել էր այսպիսի դիրք… մի ոտքով նա ամուր հենվել էր հայենական ուղղափառ հնության վրա, իսկ մյուսը նա արդեն հանել էր այդ սահմանից, և այդպես էլ մնաց այդ անվճռական անցումային դրքում»:

Այստեղ պատկերը ծաղրված է: Ծաղրն արդարացված է նրանով, որ երկու դեպքում էլ խոսքը երկու մեծագույն անցումային դարաշրջանների մասին է. մեկը՝ Արևմտյան Եվրոպայի պատմության մեջ, մյուսը` Ռուսաստանի: Իհարկե Ալեքսեյ Միխայլովիչը Դանթե չէ, և նրա վրա արժեր ծիծաղել:  Բայց հենց նույն Կլյուչևսկու խոսքում էլ կարող ենք հանդիպել անհաջող արտահայտության, անհաջող պատկերի. «Այդ հայացքը… քննադատը չկարողացավ ամբողջական արտահայտել՝ արտահայտելով այն մասերով, բեկորներով»: «Բեկորներով» ինչ-որ բան ասել չի կարելի: Բայց եթե ձգտենք պահպանել «բեկորների» պատկերը, ապա արտահայտությունը հեշտությամբ կարելի է ձևափոխել այսպես. «Նրա մտքերն ապակու նման պարզ և մաքուր էին, բայց նա արտահայտեց դրանք ոչ ամբողջական, կարծես բեկորներով»: Միշտ պետք է հետևել, որ պատկերը տեղին և մտածված լինի: Խորհրդային պատմաբան Բ. Դ. Գրեկովը Նովգորոդի մասին իր աշխատությունում գրել է. «Կիրակի օրը Վոլխովի վրա ավելի շատ առագաստ կար, քան սայլ շուկայում»: Եվ սա իմաստավորված է նրանով, որ համատեքստում խոսքը հենց առևտրի մասին է:

Չի կարելի ուղղակի «գեղեցիկ» գրել: Պետք է գրել ճշգրիտ և իմաստավորված, պատկերներին դիմելը պետք է արդարացված լինի:

Ռուսաց լեզվի մեծ վարպետ պատմաբան Կլյուչևսկին կարողանում էր մտքերը չլղոզել, երբեմն դրանք արտահայտելով ակնարկներով, մի տեսակ, ոճաբանական խորամանկությունների դիմելով, և դա երբեմն ավելի ուժեղ էր ազդում, քան ամենապայծառ պատկերը: Համեմատեք նրա հետևյալ արտահայտությունները. «Գիտությունների ակադեմիային կից համալսարանում դասախոսություններ չէին կարդում (խոսքը 18-րդ դարի մասին է. Դ. Լ), բայց ուսանողներին կտրում էին», կամ Պետրոսի ժամանակների մասին՝ «Գանձագողությունը և կաշառակերությունը հասել էին աննախադեպ չափսերի, թերևս միայն հետո…»: Ցար Ալեքսեյ Միխայլովիչի ստեղծագործելու մասին էլ նա գրում է. «Պահպանվել են նրա գրած մի քանի տողեր, որոնք հեղինակին կարող են ոտանավոր թվալ»:

Կլյուչևսկին նաև հակադրությունների վարպետ էր: Ահա մի քանի օրինակ. «Անձնական ազատությունը դարձել էր պարտադիր և մտրակով էր պահպանվում». սա Պետրոս Առաջինի ժամանակաշրջանի մասին է: Կամ Եվգենի Օնեգինի երևակայական նախնու մասին. «Նա (այդ «նախնին». Դ. Լ.) ձգտում էր ուրիշների մոտ յուրային դառնալ, բայց միայն յուրայինների մոտ էր օտար դառնում»: Վերջին դեպքում հանդիպում ենք խաչաձև հակադրության, ինչին Կլյուչևսկին փայլուն էր տիրապետում: Ահա նրա այդպիսի խաչաձև հակադրության մի օրինակ, որն անմիջապես առնչվում է մեր թեմային. «Դժվար գրել և խոսելը հեշտ գործ է, իսկ թեթև գրելն ու խոսելը` դժվար»:

Գիտական եզրերի մասին խոսելիս պետք է հիշենք պատմության մեջ եզրերի հատուկ դերի մասին, երբ գիտական հասկացության համար ընտրվում է հնացած բառ կամ բառակապակցություն: Իրենց աշխատանքներում հնաբանության, դրվագադրության, ամբողջական արտահայտությունների մեջբերումը պատմաբանների դեպքում լրիվ արդարացված է, քանի որ կյանքի հին երևույթները ամենալավը հին լեզվով են արտահայտվում:  Բայց ամեն դեպքում չի կարելի չարաշահել:

Լավ է, երբ պատկերն աստիճանաբար է բացվում և նկարագրվող երևույթի մեջ տարբեր արտացոլումներ է գտնում, այսինքն երբ պատկերը նկարագրվող երևույթի հետ հպվում է շատ կողմերից:  Բայց երբ այն ուղղակի կրկնվում է (նույնիսկ ոչ միշտ ուղղակիորեն), դա արդեն վատ է: Կլյուչևսկին մի տեղում ասում է, որ պոլովցիների կեռ սուրը Ռուսիայի գլխին էր կախված, իսկ մի քիչ հետո` որ կեռ յաթաղանը կախված էր Եվրոպայի գլխին: Անհաջող և ոչ ճշգրիտ պատկերը կրկնությունից լրիվ անտանելի է դառնում, ինչքան էլ տարբերակված լինի:

Ճոռոմ արտահայտություններն առանձին հեղինակների տարբեր աշխատանքներում նորից ու նորից հայտնվելու հակում ունեն: Այսպես, արվեստաբանների խոսքում հաճախ են կրկնվում այնպիսի արտահյտություններ, ինչպես «զրնգուն գույն», «խլացված կոլորիտ» և այլ «երաժշտականություն»: Վերջին ժամանակներս մշակութաբանական քննադատների համար նորաձև է դարձել «ճկուն» ածականը՝ «ճկուն ձև», «ճկուն գիծ», «ճկուն կոմպոզիցիա» և նույնիսկ «ճկուն գույն»: Այս ամենը լեզվի աղքատության պատճառով է, իհարկե, և ոչ թե «ճկուն» բառն է  առանձնահատուկ:

Գլխավորը` պետք է ձգտել, որ արտահայտությունը հենց սկզբից ճիշտ հասկացվի: Դրա համար կարևոր նշանակություն ունի բառերի ճիշտ դասավորությունը և բուն արտահայտության հակիրճությունը: Օրինակ` իմ «Մարդը Հին Ռուսիայի գրականության մեջ» աշխատության 79-րդ էջում (երկրորդ հրատարակություն, 1970թ.) տպված է. «Ահա ինչու է կոչվում Ստեփան Պերմցին «քաջարի» Իմաստուն Եպիֆանիի կողմից…» Երկիմաստ արտահայտություն է: Բառերի մեկ այլ դասավորությունն անմիջապես կուղղի դա. «Ահա ինչու Ստեփան Պերմցին «քաջարի» է կոչվում Իմաստուն Եպիֆանիի կողմից…»: Կամ ավելի հաջող կլինի. «Ահա ինչու Իմաստուն Եպիֆանին Պերմցի Ստեփանին «քաջարի» է կոչում…»:

Ընթերցողն ուշադրությունը պետք է կենտրոնացնի հեղինակի մտքին և ոչ թե գլխի ընկնի, թե հեղինակն ինչ է ցանկացել ասել: Դրա համար էլ՝ որքան պարզ, այնքան լավ: Պետք չէ վախենալ նույն բառի կամ դարձվածքի կրկնությունից: Ոճաբանական այն պահանջը, որ նույն բառը չի կարելի իրար մոտ կրկնել, հաճախ սխալ է: Այդ պահանջը չի կարող բոլոր դեպքերի համար ճիշտ լինել: Հասկանալի է, որ լեզուն պետք է հարուստ լինի, և այդ պատճառով տարբեր հասկացությունների և տարբեր երևույթների համար պետք է տարբեր բառեր օգտագործել:   Նույն բառի տարբեր իմաստներով կիրառումը կարող է խառնաշփոթ առաջացնել: Այդպես անել չարժե:  Սակայն եթե խոսվում է միևնույն երևույթի մասին, բառը օգտագործվում է միևնույն իմաստով, ապա ամենևին հարկ չկա փոխելու: Իհարկե, պատահում են դժվար դեպքեր, որ որևէ խորհրդով չես նախատեսի: Պատահում է, որ նույն հասկացությունը (հետևաբար և միևնույն բառը) օգտագործվում է հենց մտքի աղքատության պատճառով: Այդ դեպքում, հասկանալի է, եթե միտքը բարդացնել չի կարելի, ապա պետք է մտքին օգնել ոճաբանորեն, բառերի միջոցով միտքը բազմաձև դարձնելով: Ամենալավը մտքին մտքով օգնելն է, ոչ թե մտքի աղքատությունը բառերով սքողելը:

Արտահայտության ռիթմիկություն և հեշտ ընթերցելիություն: Մարդիկ կարդալիս մտովի արտասանում են տեքստը: Պետք է, որ այն հեշտորեն արտասանվի: Եվ այդ դեպքում գլխավորը բառերի տեղադրումն է և արտահայտության կառուցվածքը: Չի կարելի չարաշահել ստորադասական նախադասությունները: Ձգտեք գրել կարճ արտահայտություններով՝ հոգ տանելով, որ արտահայտությունից արտահայտություն անցումը թեթև լինի: Գոյականը (եթե նույնիսկ կրկնվում է) ավելի լավ է, քան դերանունը: Խուսափեք «վերջին դեպքում», «ինչպես վերևում ասված է » և այդպիսի այլ արտահայտություններից:

Վախեցեք դատարկ պերճախոսությունից: Գիտական աշխատանքի լեզուն պետք է թեթև, աննկատ լինի, պերճախոսությունը նրանում անթույլատրելի է, իսկ նրա գեղեցկությունը չափի զգացողությունն է:

Իսկ ընդհանրապես արժե հիշել, որ լեզվական արտահայտությունից դուրս միտք չկա, և բառի փնտրտուքն ըստ էության մտքի փնտրում է: Խոսքի անճշտություններն առաջանում են մտքի անճշտությունից: Այդ պատճառով գիտնականին, ինժեներին, տնտեսագետին, ցանկացած բնագավառի մասնագետի, հարկ է հոգ տանել ամենից առաջ մտքի ճշգրտության մասին: Մտքի և լեզվի խիստ համապատասխանությունը հենց բերում է ոճի թեթևություն: Լեզուն պետք է պարզ լինի (խոսում եմ գիտական և սովորական լեզվի մասին, ոչ թե գեղարվեստական գրականության լեզվի):

Լեզվի թեթևությունը կարող է կեղծ լինել, օրինակ` «գրչի ճարտարությունը»: «Ճարտար գրիչը» պարտադիր չէ, որ լավ լեզու լինի: Մարդ իր մեջ պետք է լեզվական ճաշակ դաստիարակի:  Վատ ճաշակը նույնիսկ տաղանդավոր հեղինակներին է սպանում:

1) Դիվերտիսմենտ (ֆրանս. divertissement  - ուրախացնելը, ցրելը) են համարվում՝

  • որպես հիմնական համերգի կամ ներկայացման լրացում՝ հատուկ ուրախացնելու համար ծրագիր կազմող համերգային համարների շարքը.
  • բալետի կամ օպերայի սյուժեի հետ անմիջական կապ չունեցող, դրանց կցված համարը կամ առանձին համարներից կազմված բալետային ներկայացումը.
  • մի քանի ոչ մեծ, թեթև պիեսներից կազմված երաժշտական ստեղծագործությունը՝ մեկ կամ միքանի գործիքի համար:

22-23-րդ նամակներ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.