«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 15

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լ. Պետրանովսկայա
Խաղեր, որոնք սովորեցնում են շփվել

Մեթոդական մշակումներ

«Օժտված երեխաներ» ծրագիրը

«Օժտված երեխան հանրակրթական դպրոցում» ծրագիրը


Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Դավաճանը»

Պաուլո Կոելիո
Ամանորյա հեքիաթ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Ոչ ասենք սուիցիդին (ինքնասպանությանը)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վասիլի Սուխոմլինսկու 90-ամյակի առթիվ


Թամեռլան Թադտաև

Դավաճանը

Տրորված  սառած ձյան վրա դրեցի իմ կարաբինը և նստեցի նրա փայտյա կոթին: Կաշվով պատված ոսկորներս հպվեցին փայտին: Շատ չոր էր: Ես հանեցի մոհերե կանաչ շարֆս և դրեցի տակս: Մեջքով հենվեցի ավազով լցված պարկերի բարիկադի պատին: Հոյակապ է: Լավ էլ նստած եմ: Օրն էլ, չնայած ձմռանը, առանձնահատուկ տաք էր:

Արևը, դեպի որը ձգվում էր իմ ողջ էությունը, հանկարծ իրենով փակեց սև կաշվե բաճկոնով և սպիտակ սպորտային տաբատով մի երիտասարդ: Նրանցից էր, ում հետ ավելի լավ է գործ չունենաս`թանկ կնստի: Բայց ինքս էլ եմ այդպիսին, կարող է անգամ ավելի թունդն եմ: Լավ կլիներ, որ ինքը ինձնից հեռու մնար. նրա փոխարեն ես այդպես էլ կվարվեի, բայց ո՛չ, նա կարծես թե անախորժություններ էր փնտրում: Նա ինձ գլխով արեց որպես ծանոթի և տեսնելով, թե ինչի վրա եմ նստած, ասաց.

- Լսի՛ր, եղբա´յր, մի երկու րոպեով նստարանդ ինձ տուր: Մի գործ է կպնում, բայց այնտեղ առանց զենքի քիթդ չես մտցնի…

- Զենքս ու կնոջս,- ասում եմ,- ոչ մեկին փոխ չեմ տալիս: Իսկ հիմա կարող ես ռադդ քաշել, արևս փակում ես:

- Ի՞նչ ասացիր: Կրկնի՛:

- Ասացի՝ ճամփադ գնա,– մռլտացի ես՝ զգալով, թե ինչպես է սառած երակներումս արյունը եռում:

- Մորս արև, թե չփոշմանես:

- Շատ բաների համար եմ ափսոսել այս կյանքում,- ասացի:- Բայց ինձ համար անհասկանալի է, որ այդքան «լավ տղա» լինելով՝ թաքնվում ես մարտի ժամանակ: Որտե՞ղ էիր գիշերը, հը՞: Թե՞չէիր լսում, որ կրակում էին: 

Լավ փակեցի նրա բերանը. ոչինչ չուներ ասելու: Մեզ շրջապատող տղաները լսում էին մեր լեզվակռիվը, բայց ոչ ոք չմիջամտեց: Ես նրանց չէի դատապարտում, որովհետև ինքս էլ հեռու էի մնում նման վիճաբանություններից:

- Գնանք, գնա˜նք, նրա հետ գլուխ մի´ դիր,- «լավ տղային» շտապեցնում էր նրա կարճահասակ, շնագայլի նման ընկերը, որն ինչ-որ տեղից ինձ գիտեր: «Լավ տղան», իբրև թե չուզելով, թույլ տվեց իրեն տանել և անընդհատ իմ կողմն էր շրջվում:

- Մենք դեռ կհանդիպենք,- գոռաց նա:

- Չեմ կասկածում,- պատասխանեցի ես,- ինքս քեզ կգտնեմ, եթե դու նորից թաքնվես:

Թվում է՝ ես չափն անցա, բայց ախր նա ինձ շատ էր բարկացրել:

- Թալանչիներ,- ասաց ինչ-որ մեկը նրանց մասին:

- Դրանցից պրծում չկա,- հոգոց հանեց մյուսը,- հա´ լսում ես, որ մեկին թալանել են կամ մյուսին ջարդել: Դրանց բոլորին գնդակահարել է պետք ու քշել գրողի ծոցը: Լավ է, որ հրացանդ չտվեցիր…

Այո, հեծելազորային այս հրացանն ինձ վրա թանկ է նստել: Որպեսզի դա գնեմ, ստիպված եմ եղել հորիցս փող թռցնել: Նա փողը ճամպրուկում էր պահում, որով վերադարձել էր Դուշանբեից: Երկար տարիներ ծնողս էշի պես աշխատել էր այնտեղ, որ այստեղ`հայրենիքում, նոր տուն կառուցելու համար գումար հավաքի: Դա մեր ողջ ընտանիքի երազանքն էր: Ինչպե˜ս էի ուրախանում, որ շուտով իմ սեփական երկհարկանի տան պատուհաններից պիտի նայեմ: Հայրիկս ասում էր, որ մեր տունը վատը չի լինելու մեր հարևանների ապարանքներից, որոնց ես շատ էի նախանձում: Բայց պատերազմը մեր երազանքն ընդհատեց հենց առաջին հարկում: Հայրս, ինչպես սկզբում բոլորը, մտածում էր, որ թյուրիմացություն է, շուտով կհարթվի, և ինքը կկառուցի երկրորդ հարկը: Հետո հասկացավ, որ պատերազմը շատ լուրջ է և երկարատև: Դուրս է գալիս, որ հիմա մեր տան վերին հարկում եմ նստած: Չէ՞ որ գումարը դրա շինարարության համար էր մի կողմ դրած: Բայց, չգիտես ինչու, դա ինձ չի ուրախացնում: Ճիշտ հակառակը:

Իմ արարքից հետո հայրս քիչ էր մնում կաթվածահար լիներ: Ինձնից հրաժարվեց: Ասել էր, թե իր համար մեռած եմ: Սկզբում ինձ անիծող մայրս հիմա ուտելիք է բերում բարիկադներ և լացակումած խնդրում տուն դառնալ: Բայց ու՞շ չի: Աշխարհով մեկ խայտառակ արին, ու ամեն ինչ մոռանա՞մ: Ո՛չ, երբե՛ք: Ավելի լավ է սառչեմ այստեղ, քան թե վերադառնամ կիսակառույց ծածկի տակ, որտեղ ինձ հավիտյան հիշեցնելու են արարքս՝ մատնացույց անելով առաստաղը:

Իսկ կրտսեր եղբորս հետ պայման ենք կապել: Եթե ինձ սպանեն, ապա հրացանը որպես ժառանգություն նրան է անցնում: Հիմա նա ետևիցս ման է գալիս: Ահա, սպիտակ թիկնոցով կանգնած է անկյունում: Ձև է անում, թե արևի ջերմությունն է վայելում: Պա´հ, կարծես չգիտեմ, թե ինչ է մտքինը: Ինչպես բոլոր ժառանգորդները, ուզում է ինչքան հնարավոր է շուտ ստանալ իր ժառանգությունը: Բայց ես չեմ շտապում այն աշխարհ: Կյանքս թանկ եմ գնահատում հանուն այն աղջկա, ում աշխարհում բոլորից շատ եմ սիրում: Չնայած նա երևի գլխի էլ չէ, որ իրեն եմ սիրում:

Գիշերները, երբ փոխհրաձգությունն ուժեղ չէ, մոտենում եմ այն տանը, որտեղ նա ապրում է, և նայում պատուհաններին, որոնց հետևում նա անուշ քնած է: Իսկ գուցե նա վախենո՞ւմ է և աչք չի փակում: Դրա համար նա հիմքեր ունի: Առաջինը`որ հարուստ ընտանիքից է և հավանաբար նշված է գիշերային սառած քաղաքում թափառող թալանչիների ցուցակում: Երկրորդը`որ գեղեցկուհի է և ինքըստինքյան անուշ պատառ է համարվում ցանկացած թափթփուկի համար: Իսկ այդ անասունները ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Կարող են մատանին մատի հետ տանել: Երկու օր առաջ նրա մուտքում գիշերը բախվեցի դրանց հետ: Գնացել էի հին սովորությանս համաձայն: Թալանչիները նրա մոր սարսափելի ճիչերի ներքո ուզում էին բնակարանի դուռը կոտրել: Հայրը տանը չէր: Կամ ի՞նչ պիտի աներ այդ ծեր գանձագողը, եթե նույնիսկ լիներ: Ըստ էության՝ ոչինչ: Հարևանները նույնպես բոլորը թաքնվել էին: Ոչ ոք օգնության չեկավ: Ո՞ւմ են պետք անախորժությունները: Թալանչիների հետ գլուխ դնելը կյանքի համար է վտանգավոր: Երրորդ հարկի նեղ ու մութ միջանցքում ստիպված էի ինքս նրանց հետ խոսել: Նրանք երեքով էին, ու բոլորն էլ դիմակներով: Այդպիսի կապկտրածների դեռ չէի հանդիպել, չնայած դրանց նմաններին շատ էի տեսել: Նրանք արհամարհանքով ծիծաղեցին իմ ու հրացանիս վրա ու ասեցին` քիթդ ուրիշի գործերի մեջ մի խոթիր: Այդ ժամանակ ես կրակեցի մեկի ոտքին, իսկ երկրորդի բերանը խրեցի կարաբինի փողը գուլպայի միջով, որի տակ թաքցրել էր իր դունչը:

- Հը´, արա՛,- ես արբած էի իմ կատաղությամբ,- փորձիր կրծել՝ ինչ բերանդ եմ խցկել:

Բայց նա կարծես լեզուն կուլ էր տվել և խռխռում էր:

- Քո համար գյուլեն էլ է ափսոս, անասո´ւն,- մոլեգնում էի ես:

Պոկելով նրա երեսից գուլպան՝ թքեցի ուղիղ նրա գարշելի մռթին: Երրորդը փախավ: Նրա ետևից ընկավ եղբայրիկս, որը մշտապես կրնկակոխ հետևում էր ինձ: Նրանց երկուսին գտա մի տան փլատակների մոտ, ուր անցած գիշեր ռումբ էր ընկել: Ավազակը եղբորս ձյան մեջ էր գցել և վրան նստած՝ ինչ-որ ծանր առարկայով անընդհատ խփում էր: Այդ թափթփուկին եղբորիցս պոկեցի՝ հրացանիս կոթով հարվածելով գլխին: Իմ կրտսեր եղբայրը հազվագյուտ կենսունակ դուրս եկավ և ուշքի գալով՝ աղերսում էր իրեն տալ կարաբինը միայն մի կրակոցի համար:

- Չէ՞ որ մոտերքում ոչ մեկը չկա,- ասում էր նա՝ շոշափելով իր արնաշաղախ դեմքը:- Մի՛վախենա, ոչ ոք ոչինչ չի իմանա: Դու էլ տեսար, որ քիչ էր մնում՝ ինձ սպանի:

Բայց ես թույլ չտվեցի, որովհետև վստահ էի՝ բնակելի զանգվածի հինգ հարկանիների պատուհաններից մեզ էին նայում հետաքրքրասեր աչքերի բազմաթիվ զույգեր: Այդ ժամանակ եղբայրիկս վերցրեց աղյուսի բեկորը, որով քիչ էր մնում նրա գանգը բացեին, և սկսեց խփել թալանչիի երեսին: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման. փոքրերի այդպիսի դաժանությունն ինձ արդեն չէր զարմացնում: Ոչ, ամենասկզբում ես այդպես չէի պատկերացնում պատերազմը: Մտածում էի, որ թեժ մարտում փառք ձեռք կբերեմ: Իսկ իրականում ահավոր ցուրտ, փամփուշտի պակաս և շատ այլ բաներ, որոնց մասին խոսել նույնիսկ չես ուզում. այն աստիճան նողկալի ու ստոր բաներ են: Եվ միայն աստված գիտի, թե այս ամենը երբ կավարտվի:

Քաղաքական գործիչներին հավատալուց  վաղուց եմ դադարել: Համ էլ այդ շատախոսները դես ու դեն փախան, հենց որ խանձահոտ եկավ: Իսկ շիլան մենք հիմա պետք է ուտենք: «Մեր ուժը մեր ճշմարտությունն է»: Իսկ ես, ահա, իմ այս սառած հետույքով զգում էի՝ Ճշմարտությունը, որը, ինչպես հայտնի է, անգամ ջրում չի սուզվում, առանց զենքի անուժ է: Խե˜ղճ անհեռատես քաղաքագետ-պինգվիններ: Իրենց կտուցից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Էլ թատրոնի պատշգամբից կրակոտ ճառեր չեն արտասանում հրապարակում ճշմարտություն փնտրողների ամբոխի առաջ: Հրապարակը զավթել են վրացի միլիցիոներները: Ինչպես և ողջ քաղաքը: Փառք Աստծո, Ցխինվալիի կեսը մենք հետ ենք վերցրել: Իմիջիայլոց`զենքով: Իսկ փորձեիր ոչ մեկին պետք չեկող քո ճշմարտությամբ խցկվել որևէ զինված վրացու մոտ, հո-հո˜, կտորներդ անգամ չէին գտնի: Հինգերորդ դպրոցի բակում թաղելու բան չէր լինի: Իսկ գերեզմանոց ընկնելու մասին մի´ էլ երազիր: Այնտեղ վրացիները դարան են մտել, սպասում են: Վերջին ազգականներիդ էլ կսպանեն, որոնք դագաղիդ հետևից են գնում, ու հոգոց էլ չեն հանի: Հանկարծ չփորձես անգամ: Ստուգված է…

Ա˜խ, ինչ լավ էր արևի տակ: Այդպես էլ մինչև դարի վերջը նստած կմնայի՝ տաքանալով նրա քնքուշ շողերի տակ: Ձյանը նայել անգամ չեմ ուզում: Զզվելի է: Գիշերվա կրակներից սևացել է: Ածուխները դեռ ծխում են և մարմրում՝ ի հիշատակ գիշերվա սառնամանիքի:

Դեռահասներն արդեն փողոցով մեքենայի անիվներ են գլորում, բարձրաձայն խոսում ու ծիծաղում: Նրանց համար պատերազմը դեռ խաղ է, որը խաղում են անհոգնել: Միայն թե ոչ ոք չի ուզում վրացի լինել: Ավելի լավ է՝ ֆաշիստ: Կարծես սովորական է դարձել: Նրանք արդեն հավատում են, որ հայրերն այն վրացիների, որոնց հետ դպրոցում իրենք նույն նստարանին էին նստում, ուզում են իրենց հայրերին ու ավագ եղբայրներին սպանել: Մահն արդեն այս երեխաներից շատերի տան դուռն է թակել: Ոմանք իրենց ավագ եղբայրներին այժմ դպրոցի բակի տապանաքարերի վրա են տեսնում: Բոլորովին չեն հավատում, որ նրանք այլևս չկան: Լաց են լինում ու խնդրում տուն վերադառնալ: Վզակոթի ցանկացած հարվածի կդիմանան, առանց պայման դնելու խանութ կվազեն ծխախոտի և դրա մասին ծնողներին չեն պատմի: Մի քիչ ավելի մեծերն ուզում են վրեժ լուծել: Նրանք իրենց մարտնչելու ընդունակ են համարում: Անընդհատ աչքերով զենք են փնտրում, որի տերը ննջել է գիշերային հսկումից հետո: Հենց հանդիպի այդպիսի մի վայ-մարտիկ, իսկույն կթռցնեն:

Ողջ բարիկադը կենդանացավ: Իսահակի-Ստալինի խաչմերուկում ցխինվալցիները գործի անցան, սկսեցին ժպտալ: Բայց թշնամին էլ հեռու չէ: Մեզնից վերև, հաջորդ խաչմերուկում: Մեր գնդակներից պաշտպանվում են կարմիր «Իկարուսի» հետևում՝ քշել բերելով ավտոբուսը Ստալինի փողոցի երթևեկելի մաս: Մեզ այդ փողոցի, անիծյալ լինի դա, ընդամենը 300 քայլն է բաժանում: Գորշ շինելավորներն էլ երևի ուրախ, որ արև է: Մարդ են էլի, չնայած որ զավթիչ են:
Մերոնք սկսեցին խոսել:

- Եղբայր, փամփուշտ փոխ տուր,- խնդրում է մեկը:

- Ախր փամփուշտ չկա մոտս,- հուսահատ ասում է մյուսը:- Գիշերվա մարտից հետո մի հատիկ է մնացել: Ինձ համար եմ պահել, որ գերի չընկնեմ:

Երրորդը, լսելով խոսակցությունը, քմծիծաղում է.

- Գեղցի՛, վերջի համար նռնակ է պետք պահել: Դե, սրանց ինչքա՞ն խելք ու խրատ սովորեցնես,- դիմեց չորրոդին:
Չորրորդը`ամրակազմ, բամբակաբաճկոնով, մազոտ մռութով, ի պատասխան ինչ-որ բան է մրթմրթում՝ քչփորելով իր հին բերդանկան:

- Փողը մի կողմ տար, դու՛,- գոռում է հաղթանդամի վրա սպորտային կապույտ հագուստ հագած նիհար պատանյակը,- ուղիղ վրաս ես պահել, կարծես քիչ դեպքեր են եղել, այլանդակի մեկը:

Հաղթանդամը, տղայից այդպիսի հանդգնություն չսպասելով, կատաղեց:

- Էդ ո՞ւմ այլանդակ ասիր, հը՞,- մռնչում է հաստամռութը,- հիմա քեզ պատառ-պատառ կանեմ, փսլնքո՛տ:

Ու պատանու վրա է քշում, որ սպառնալիքն իրագործի:

- Կա´նգ առ, քո մերը,- խզվող ձայնով գոռում է պատանյակը և ատրճանակով նշան բռնում,- մի քայլ էլ, ու քեզ կգլորեմ:

Չի կատակում: Դա բոլորին է պարզ: Հաստամռութը վախենում է և կանգնում: Բոլորը քարանում են՝ սպասելով շարունակությանը: Բայց ես գիտեմ, որ շարունակություն չի լինելու:

- Իմ հրացանն ախր լիցքավորված չէր,- ասում է հաստամռութը:

- Տարին մի անգամ մահակն էլ է կրակում,- ասում է պատանյակը,- դե լավ, մոռացանք: Բայց եթե մի անգամ էլ տեսնեմ այս այլանդակությունը, գիտե՞ս՝ ուր կկոխեմ: Հասկացա՞ր:

- Հա,- խոր շունչ է քաշում հաստավիզը, և գլուխը քաշ գցած՝ գնում իր տեղը: Մեղք է: Ինչպես ասում են, ուղիղ տեղում սայթաքեց:

Իսկ այն մյուսը`նռնակովը, չի հանգստանում և ցույց է տալիս, թե ինչ կաներ, եթե թշնամին մոտիկ լիներ, ու փամփուշտները վերջանային:

- Ա´յ, այսպես քաշում ես օղակը,- ցույց է տալիս իրեն շրջապատած տղաներին և հանկարծ հո չի գոռում,- վա´յ, ես իմ մե˜րը, հիմա կտրաքի: Ախր օղակը պոկեցի˜:

Բոլորը դես ու դեն թաքնվեցին: Շատերը մտան կեղտաջրի առուն: Ես ծառի հետևում պահվեցի: Իսկ նրան`նռնակավորին, սարսափելի էր նայելը. քար էր կտրել: Է˜հ, ափսո˜ս երիտասարդը, բայց նա առաջինը չէ, ում կտոր-կտոր հավաքելու ենք: Սպորտային հագուստով պատանյակն այստեղ էլ իր բարձր դիրքում մնաց: Նա ցատկեց դեպի պայթեցնողը, նրա ձեռքից նռնակը խլեց, նետեց ինչ-որ լքված տան ուղղությամբ, գետին գցեց ցնդածին և ընկավ նրա կողքին: Մի ողջ հավերժություն անցավ պայթյունի սպասումով: Վերջապես ինչ-մեկը գզգզված մազերով գլուխը կեղտաջրի առվից հանեց և ասաց.

- Նռնակը, երևում է, ուսումնական է…

Այ, այստեղ էլ որոտաց պայթյունը: Լավ է՝ ոչ ոք չվիրավորվեց: Բայց վրացիները համենայն դեպս կրակ բացեցին: Ճիշտ է, ոչ երկարատև: Փամփուշտները, ըստ երևույթին, վերջացան, կամ պարզապես նրանք հոգնեցին: Մի խոսքով, նորից ամեն ինչ լռեց, և մարդիկ, թաքստոցները լքելով, կրկին ձգվեցին դեպի արևի տաք շողերը:  
Երկու փոքրիկ տղա վազեցին ինձ մոտ, և նրանցից մեկը, որ սև, գանգուր մազեր ուներ, ծիծաղից խեղդվելով ասաց.

- Քեզ մի տղա է սպասում այն գորշ դարպասի հետևում: Թո´ղ,- ետ մղեց իր պեպենոտ ընկերոջը, որը ծիծաղելով ինչ-որ բան էր փորձում ասել նրան:

- Լավ, հիմա կգամ,- ասացի ես: Տղաները թռչկոտելով փախան: Ես վեր կացա և Իսահակի փողոցով ձյունապատ մայթով վերև քայլեցի: Աջ կողմում, ահա, գորշ երկաթյա դարպաս: Ոտքով մեջտեղից հրեցի դուռը և մտա հին աղյուսե տան բակը:

Այնտեղ ոչ ոք չկար: Մտածեցի՝ տղաները ֆռռացրին ինձ, և մեկ էլ աչքերս մթնեցին:

Ուշքի եկա փայտամած հատակին. ոչ մեծ սենյակ էր, որի միակ պատուհանը ծածկված էր կեղտոտ վարագույրով: Պատերից պատառոտված, բծերով պատված կանաչավուն պաստառներ էին կախ ընկած: Այս սառնարանում որպես կահույք միայն պատուհանի դիմացի բազմոցն էր: Նրա վրա նստած էր կաշվե բաճկոնով այն նույն երիտասարդը՝ իմ կարաբինը ձեռքին: Նրա փոքր, շնագայլի նման ընկերը, ճռճռացնելով փտած հատակի տախտակները, անհանգիստ պտտվում էր սենյակում: Մի քանի անգամ անցավ իմ վրայով և ամեն անգամ իր գարշահոտ ոտքով դիպչում էր գլխիս…

- Ահա և հանդիպեցինք,- ասաց կաշվե բաճկոնով երիտասարդը,- երկու օր առաջ դու կրակեցիր իմ բարեկամի ոտքին: Հիշու՞մ ես:

Ինձ համար դժվար էր խոսելը, գլուխս այնպես էր ցավում, և ես լուռ մնացի: Թալանչիների հետ խոսելը ժամանակի անմիտ վատնում է: Մեկ է, իրենց ուզածն են անելու:

- Չես ուզում խոսե՞լ: Դե, ի´նչ, քո գործն է:

- Իմ բերանն էր կոխել կարաբինի փողը,- հանկարծ հաչաց շնագայլը և մոտ վազելով՝ սկսեց հարվածել ինձ ոտքերով:

- Թո´ղ դրան,- գոռաց նրա վրա ավազակը,- ի՞նչ է, չհասկացա՞ր: Շնագայլը, ինձ թարս նայելով, հետ քաշվեց:- Կարճ ասած: Քեզ այստեղից ողջ բաց կթողնենք, բայց միայն մի պայմանով, լսո՞ւմ ես: Աչքերդ թարթի, եթե խուլ չես:

Ես թարթեցի:

- Դա լավ է: Պայմանը պարզ է. պարզապես մոռանալու ես ամեն ինչ, հենց որ այստեղից դուրս կգաս: Այստեղ ինձ ամեն ինչ զզվացրել է,- շարունակեց նա,- ես այստեղից ուզում եմ պոկվել Մոսկվա: Պատերազմն ինձ համար չէ: Դա հասկացել եմ, հենց որ եկել եմ: Վրացիներին էլ չեք կարող հաղթել: Ես քո կարաբինը կծախեմ մի հիմարի, որին ձգում է վառոդի հոտը: Գումարի կեսը կտամ իմ բարեկամին, մյուս մասը կվերցնեմ ինձ: Այդպես արդար կլինի: Եվ ինձ շնորհակալություն ասա, որ չեմ սատկացրել քեզ:

- Բա՞ ինձ,- հարցրեց շնագայլը:

- Դե, քեզ էլ մի բան կհասնի, իհարկե…

Հանկարծ քայլեր լսեցի, և սենյակ ներխուժեց իմ կրտսեր եղբայրը: Մի բառ չասելով՝ նետվեց շնագայլի վրա և նրան գետին գլորեց: Նրա ետևից ներս մտավ Պարպատը, երկու հոգի էլ ինքնաձիգներով մնացին դռան մոտ կանգնած:

- Ի˜նչ հանդիպում,- բացականչեց Պարպատը՝ կռվողներին ուշադրություն չդարձնելով,- կարծեմ, ուրախությունից լեզուդ կուլ ես տվել:

Թալանչին կարծես քարացել էր: Անբացատրելի սարսափով նայում էր ներս մտածին:

- Իսկ ինչքա˜ն եմ քեզ փնտրել,- ժպտալով շարունակեց Պարպատը,- նույնիսկ չես հավատա, քո´ մայրիկը…

Չարաբաստիկ տան դարպասից դուրս եկա և լիաթոք շնչեցի թարմ օդը: Ականջներս զնգում էին: Ոչինչ, կմեծանամ՝ կմոռանամ: Օրորվելով գնացի դեպի բարիկադը: Իմ կարաբինը կրկին մոտս էր, և ես անասելիորեն ուրախ էի դրա համար: Ափսոս, որ Պարպատը թույլ չտվեց գնդակահարել այդ վիժվածքներին: Բայց կարծում եմ, որ մահը չէ ամենասարսափելի բանը, որ սպասվում է այդ երկուսին: Ես չորս կողմ նայեցի: Եղբայրս սպիտակ թիկնոցով միայնակ հեռանում էր հակառակ ուղղությամբ: Սպիտակ միայնակ գայլ: Երամից կտրվել է և չի ուզում վերադառնալ: Նրան պետք է փորձանքից հեռու պահել: Իմ կարաբինը փրկեց: Գուցե և իմ կյանքը…

Բարիկադում ոչ ոք չէր նկատել իմ անհետանալը, կարծես ընդհանրապես չէի էլ գնացել: Նույնիսկ մի քիչ վիրավորվական է: Կորչում ես, ոչ մեկը չի նկատում. և ընդհանրապես եղե՞լ ես արդյոք:

- Մի նայե՛ք՝ ով է գալիս,- գոռաց ինչ-որ մեկը: Բոլորս նետվեցինք դեպի ավազով լի պարկերից և բետոնե սալերից կանգնեցված պատը:

Տեսա միլիցիոներին, որն ավտոբուսի կողմից ուղիղ դեպի մեզ էր գալիս: Երկար շինելի կոճակներն արձակած էին, ճաղատ գլուխն արևի տակ փայլում էր: Հեռվից նա Նապոլեոնի նման էր: Նա արագ-արագ ժեստեր էր անում՝ ցույց տալով, որ զենք չունի: Երկփողանի հրացանով մի տղա նրան բղավեց, որ ձեռքերը բարձրացնի: Բայց միլիցիոները, թվում է, չափազանց հուզված էր, որպեսզի լսեր: Չդադարելով թափահարել ձեռքերը՝ նա արագ մոտենում էր մեզ: Ոչ ոք ոչինչ չէր հասկանում:

- Հեյ, դու,- նորից գոռաց երկփողանիով տղան,- ձեռքերդ բարձրացրու, եթե չես ուզում մեռնել:

Միլիցիոները վերջապես հասկացավ, թե ինչ են իրենից պահանջում և հնազանդվեց: Ձեռքերը վեր բարձրացրած՝ նա մոտեցավ մեր բարիկադին և մի քանի քայլ հեռու կանգ առավ: Գնդակների համար անխոցելի արգելափակոցի մյուս կողմից նրան էին նայում մի քանի տասնյակ զույգ զարմացած աչքեր: Բատոնո միլիցիոները միջինից մի փոքր բարձրահասակ էր, բավականին գեր, կլոր կարմիր դեմքով: Նրա ճաղատը շրջապատված էր շեկ մազերով, շեկ էր նաև կլոր կարմիր այտերի ցցամազը: Մեծ, արյուն լցված աչքերը՝ տակերը սև պարկեր, լի էին արցունքներով: Նա լալիս էր, և հաստ շրթունքները դողում էին:

- Դուք ի՞նչ եք անում, հը´: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում,- գոռում էր՝ վրացերեն բառերը խառնելով ռուսերենի հետ:

Մեր տղաներն այս բառերից վրդովվեցին:

- Սրան գնդակահարել է պետք,- լսվում էր չորս կողմից,- մենք նրան որպես յուրային ընդունեցինք, իսկ ինքը, տես, ի˜նչ է ասում:

- Նրան սպանել մենք միշտ կհասցնենք,- ասաց կովբոյական գխարկով բարձրահասակ մորուքավորը: Նա իսկապես նման էր վեստերնի հերոսի և հիմա վատ չէր կատարում այդ դերը:- Մենք մեր հողն ենք պաշտպանում,- դիմելով միլիցիոներին՝ ասաց կովբոյը:- Մենք չենք ձեզ վրա պատերազմ եկել, այլ դուք:

- Չէ՛, չէ´,- գոռում էր վրացին՝ ցնցվելով հեծկլտոցից,- մարդիկ ենք, չէ՞: Մի՞թե չեք հասկանում: Մենք կրակում ենք միմյանց, սպանո˜ւմ: Հանուն ինչի՞, հը՞: Պարզապես անտանելի է: Սրան էլ չեմ դիմանում: Չե՛մ ուզում ձեզ կրակել: Չե՛մ ուզում, որ դուք մեզ կրակեք: Հո գազա՞ն չենք, հը՞: Արևին, երկնքին նայեք, մի՞թե չենք կարող պարզապես ապրել և ուրախանալ՝ նայելով այս գեղեցկությանը:

Պաշտպաններից շատերը հուզվեցին.

- Լավ մարդ է, չնայած վրացի է: Եթե նրանց մեջ այսպիսի հոգի ունեցողները շատ լինեին, պատերազմ էլ չէր լինի:

- Ուրեմն գնա ձերոնց մոտ և ասա նրանց, որ հեռանան այստեղից,- արտասվող միլիցիոներին առաջարկեց կովբոյը, որն իր վրա էր վերցրել բանակցողի պարտականությունները:

- Նրանց ասել եմ,- ողջ մարմնով դողալով՝ ասաց վրացին:- Նրանք էլ չեն հասկանում: Ոչ ոք ոչինչ չի հասկանում: Բոլորը գժվել են: Իսկ ես էլ չեմ կարողանում: Ես էլ չեմ ուզում սա…

Եվ նա նորից արտասվեց: Իսկ իմ կողքին ինչ-որ մեկը սկսեց ծիծաղել: Ես զայրույթով նայեցի, թե ով կարող էր ուրախանալ այսպիսի  պահի, և շտապեցի: Նկարչության իմ նախկին ուսուցիչը, որից դպրոցում ահավոր վախենում էի, որովհետև շատ խիստ էր և առատաձեռն՝ ծոծրակին հասցնելու հարցում, գլուխը կախած, ոչ թե ծիծաղից էր խեղդվում, ինչպես ինձ թվաց, այլ լալիս էր: Եվ ոչ միայն նա: Շատերն էին թաքուն սրբում արցունքները:

- Մենք էլի հյուրեր ունենք,- գոռաց սպորտային հագուստով պատանյակը:

Ես նայեցի կարմիր ավտոբուսի կողմը և տեսա, թե ինչպես երկուսը, ձեռքերը բարձրացրած, վախվխելով մոտենում էին մեզ: Նրանք երկվորյակի նման էին: Ծանրաքաշ էին, բոյով, կարճ կտրած խարտյաշ մազերով: Մեկի մեծ, լավ սափրած սպիտակ դեմքը նման էր մյուսի դեմքին: Նույնիսկ նրանց մուշտակներն էին նույն գույնի՝ շագանակագույն, ու նույն երկարության` ծնկներից մի քիչ ցած: Երկվորյակներից մեկը իջեցրեց ձեռքերը և նշաններով հասկացնում էր, որ ուզում է ետ տանել իր ծառայակցին:

- Սրանք, կա չկա, հենց Գամսախուրդիայի թիկնազորից են,- նկատեց տղաներից մեկը,- այսպիսի պահը չի կարելի բաց թողնել: Սպանենք դրանց, հը՞:

- Նրանց խղճին քիչ օսական արյուն չի լինի,- աջակցեց մեկ ուրիշը՝ լիցքավորելով կարաբինը:

- Դուք ի՞նչ է,  գժվե՞ցիք,- վրդովված գոռաց կովբոյը:- Նրանք ձեռքերը բարձրացրած են գալիս դեպի մեզ: Մենք հո ուրիշ չենք, մենք օս ենք:

Միլիցիոները շրջվեց դեպի յուրայինները և ընկավ ծնկների վրա:

- Վա˜յ մե, դեդա,- գոռաց այնպես, որ մազերս բիզ-բիզ կանգնեցին:- Օգնե˜ք ինձ, մի՛ տվեք նրանց:

- Դե, ուրեմն, սողանցիր մեզ մոտ,- անհամարձակ դիմեց հետապնդվող միլիցիոներին մեզանից մեկը և անմիջապես ձայնը կտրեց:

Տեղի ունեցողը մեզ այնպես էր զարմացրել, որ չգիտեինք ինչ ձեռնարկել: Այնինչ երկվորյակները մոտեցան միլիցիոներին, բռնեցին թևատակերից և ոտքերով ու ձեռքերով կառչող դավաճանին վատ ժպտալով քարշ տվեցին հետ`դեպի «Իկարուսը»:

- Բա˜ց թողեք,- գոռում էր թշվառը՝ ողջ ուժով դիմադրելով:- Սրան էլ չեմ ուզում մասնակցել: Չեմ կարող կրակել մարդկանց, լսու՞մ եք: Դե, ինձ բաց թողեք, ձե՛զ եմ ասում:

Մի պահ նրան հաջողվեց դուրս պրծնել: Նա ընկավ ծնկներին և ձեռքերը մեկնեց դեպի ձմեռային անամպ երկինքը.

- Աստվա˜ծ իմ, մի՞թե չես տեսնում, թե ինչ է կատարվում: Լսի՛ր ինձ, եթե չես տեսնում, և մի հայա´ցք ձգիր:

Բայց աստված կարծես չլսեց, որովհետև երկվորյակները վեր քաշեցին նրան և քարշ տվեցին իրենց կողմը:

- Մենք, ի՞նչ է, այդպես էլ թողնե՞նք նրան,- վրդովվեց մերոնցից մեկը,- չէ՞ որ դրանք կսպանեն նրան:

- Եթե ես մի նռնակ էլ ունենայի,- լսեցի ես «խփնվածի» ձայնը,-  գրողի ծոցը կուղարկեի նրանց:

- Նորից հին երգը,- իրեն չզսպեց նրա կյանքը փրկած պատանյակը:- Դու, երևում է, չես ուզում քո մահով մեռնել:

- Բայց նռնակն ի՞նչ կապ ունի,- գոռաց ինչ-որ մեկը,- լավ մարդուն տանում են մահապատժի, իսկ մենք նստել ենք՝ ձեռներս ծալած: Եվ աստված մեզ դա չի ների:

- Դա մեր գործը չէ,- ասաց հեղինակավոր կովբոյը,- թող նրանք իրենք որոշեն, թե ով է իրենցից արդար, և ով մեղավոր:

Բոլորն ալեկոծվեցին:

- Կորի´ դու քո կովբոյական գլխարկով,- գոռաց ալեմորուսը՝ նշան բռնելով երկվորյակներին:- Չէ´, կվրիպեմ,- ասաց նա՝ սրբելով ճակատի քրտինքը:- Իզուր մարդուն թողեցինք նրանց հետ: Նրանց պետք էր գերի վերցնել:

- Նրանք էլ կհանձնվեի˜ն, բա չէ՞,- առարկեց երկփողանիով բեղավորը՝ իր հերթին նշան բռնելով երկվորյակներին,- սպանենք այդ երկուսին, իսկ նրան փրկենք:

- Այո՛,այո՛, ճի˜շտ է,- աղաղակում էին բոլորը:

Ես զգացի ինչ-որ մեկի հայացքը: Դե, իհարկե կրտսեր եղբայրս է, էլ ո՞վ: Մինչև անգամ լարվելու հարկ չկա, որ գլխի ընկնես, թե ինչ է ուզում: Ես բացասաբար օրորեցի գլուխս և նայեցի կատաղությամբ լի նրա աչքերին: Մեջքին ես չե´մ կրակի: Ո´չ: Եվ փամփուշտն էլ մեկն է գիշերային կռվից հետո: Ես դա ինձ համար եմ պահել, մեկ էլ տեսար… Եղբայրիկս սրտնեղությունից թքեց և անհետացավ:

- Ո´չ, մի՛ կրակեք,- այդ ընթացքում գոռում էր մեզ համար օսական համով կարկանդակ բերած կանանցից մեկը:- Դուք նրան՝ լավի՛ն, կարող եք դիպչել: Համ էլ արդեն ուշ է, ավտոբուսի հետևը քարշ տվին: Դուք էլ ի՞նչ տղամարդ եք…

Չարագուշակ լռություն տիրեց: Բոլորը նայում էին կարմիր, ամբողջովին ծակծկված «Իկարուսին» և ինչ-որ բանի էին սպասում:

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.