«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 15

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լ. Պետրանովսկայա
Խաղեր, որոնք սովորեցնում են շփվել

Մեթոդական մշակումներ

«Օժտված երեխաներ» ծրագիրը

«Օժտված երեխան հանրակրթական դպրոցում» ծրագիրը


Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Դավաճանը»

Պաուլո Կոելիո
Ամանորյա հեքիաթ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Ոչ ասենք սուիցիդին (ինքնասպանությանը)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վասիլի Սուխոմլինսկու 90-ամյակի առթիվ


Լ. Պետրանովսկայա

Խաղեր, որոնք սովորեցնում են շփվել

Դեռևս 10 տարի առաջ, դպրոցում սկսելով աշխատել, որպես լեզվի ուսուցիչ, բախվեցի ակնհայտ հակասությունների հետ:

Չնայած ռուսաց լեզվի և գրականության դասերին քննարկվում են հրաշալի տեքստեր, գրվում են հետաքրքիր շարադրություններ, հնչում են թվացյալ ամբողջական պատասխաններ, դասասեղաններին խոսքի զարգացման նոր դասագրքեր են, բայց երբ հետևում ես երեխաների կենդանի և անմիջական շփմանը, ձեռքերդ թուլանում են: Չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, դատարկ բաների պատճառով սկսում են գոռալ, ահաբեկել, կոպտել, արդյունքում` ծեծկռտուք և արցունքներ:
 
Դեռ 5 րոպե առաջ այս աղջիկը վարժ շարադրում էր տետրում. «Նկարիչը վարպետորեն փոխանցում է հունիսյան առավոտի հմայքը, արևով ողողված օդի թարմությունը», իսկ այժմ ինչ-որ բան չկիսելով իր դասընկերուհու հետ` տհաճ և անդուր ձայնով շարունակում է. «Դե, իհարկե, Տանեչկա, դու միշտ մեր միջի ամենախելոքն ես, յոլա կգնաս»: Դպրոցի ադմինիստրացիայի հետ ինչ-որ կենսական հարցի (տոնական պարասրահ, տարածքի մաքրում, դասագրքերի բացակայություն) մասին անհրաժեշտ քննարկման ժամանակ բոլորը քարանում են, թաքնվում մեկը մյուսի թիկունքում, աչք չեն բարձրացնում, հիմարորեն ծիծաղում են: Պարզվում է, որ դասարանից 1-2 հոգի են ի վիճակի ըմբռնելու շարադրելու գործի էությունը: Մի խոսքով, շփման ամբողջական բացակայություն է:

Ինչո՞ւ չեն օգնում լեզվի զարգացման սովորական դասընթացները, ինչու աշակերտը, մայրենի լեզվից ունենալով գերազանց գնահատական, իրականում ի վիճակի չէ օգտվելու այդ լեզվից: Չէ՞ որ լեզվի նշանակությունը  ոչ թելադրություններն են, ոչ էլ դասերի ժամանակ տրված պատասխանները, այլ ամենօրյա կյանքի անհրաժեշտ շփումը: Մտորելով այդ խնդրի մասին` վերանայեցի բազում դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ և այլ աշխատություններ: Հանդիպում էին և´ հետաքրքիր, և´ անհետաքրքիր, և՛ անորակ, և՛ որակյալ...., բայց ահա թե ինչն էր անփոփոխ` նյութերի մեծ մասը հիմնականում ներկայացնում էր անցյալի հրաշալի հռետորների մասին պատմություններ և այն, թե ինչպես չի կարելի արտահայտվել. ոչ մի տեղ չի խոսվում  այսօրվա կենդանի խոսքի, շփման մասին,  թե մարդկանց հետ շփվելիս ինչպես կարելի է լուծել սեփական պրոբլեմները: Բայց ինչպես կարող է Ցիցերոնի կամ Պլևակոյի օրինակը աղջկան  օգնել լուծելու վերոհիշյալ կոնֆլիկտը: Արդյոք սա՞ չէ պատճառը, որ երեխաները վախենում են իրենց համար կարևոր հարցերը դպրոցի տնօրենի հետ քննարկելուց, չգիտեն` ինչպես դնեն շեշտը, և ինչպիսին են լինում խոսքի ձևերը: Հավանաբար խնդիրը այն չէ, որ երեխաներին սովորեցնեն շփվել ճիշտ և գեղեցիկ: Միշտ չէ, որ դա անհրաժեշտ է և հաճախ բավարար չէ: Կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ շփման տեսանկյունից ավելի արդարացված են ճանկռելը, կտրուկ լինելը, իսկ երբեմն՝ ուղղակի լռությունը: Պետք է երեխաներին սովորեցնել արդյունավետ շփվել, այսինքն՝ շփվելիս պետք է կարողանալ հասնել նպատակին` համոզել զրուցակցին, օգնություն ստանալ, վեճը լուծել, պաշտպանել սեփական արժանապատվությունը: Այս մասին գրված է բազում ձեռնարկներում, սակայն ոչ թե դպրոցականների, այլ մեծերի համար: Նրանք հիմնականում ուղղված են գործնական շփմանը, բանակցություններ վարելուն, գործընկերների, ղեկավարության հետ շփվելուն, վիճելու և համոզելու կարողությանը, հրապարակային ելույթների արվեստին, բայց կան և ուրիշ թեմաներ` շփումը հակառակ սեռի ներկայացուցիչների և երեխաների հետ: Պարզվում է, որ  այս ամենը բոլորովին  հարմար չէ դպրոցականների հետ աշխատելու համար, նպատակահարմար չեն  բարդության կամ մեծահասակներին վերաբերող թեմաների քննարկման պատճառով: Հենց այդ խնդիրն է, որ հեշտ է լուծվում. դրա օրինակը ներկայացված է այս համարի հատուկ թողարկման մեջ` Ռ. Ֆիշերի և Ու. Յուրիի «Ճանապարհ դեպի համաձայնություն» գրքում: Շփման արվեստին վերաբերող ձեռնարկների մեծ մասը, որոնք ունեն շատ ավելի հիմնարար մեթոդական մոտեցում, վանում են: Երիտասարդ մարտիկի ոգով գրված այդ երկերը խոստանում են սովորեցնել կարդացողին, ազդել մարդկանց վրա, հաղթել ցանկացած վեճում, դուր գալ բոլորին և ամեն մեկին, առաջարկում են 100 միջոց ղեկավարելու տղամարդկանց, 225 գաղտնիք` ինչպես վաճառել նախանցած տարվա ձյունը և այլն: Իհարկե, դրանց մի մասը լոկ խաբեություն է, բայց կան բաներ, որոնք արված են բավականին մասնագիտորեն: Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, որ հասնեն  հաջողության` դրա համար օգտագործելով ժեստերը, ժպիտը, խոսքի դարձվածքները, հագուստը և մտքերը: Այդ ցուցակին այնպես ես ուզում ավելացնել հոգին և վախենում ես, որ դա  կլինի չափազանցություն: Աշխարհին տիրում են իշխանության մոլուցքը և անսկզբունքայնությունը, իսկ արևի տակ ապրելու պայքարում հիմնական զենքը երեսպաշտությունը և մեքենայություններն են, ահա միակ եզրակացությունը, որ կարելի է անել այդ գրքերից: Այո, նրանք իրականում սովորեցնում են արդյունավետ շփում, արդյունավետ՝ ցանկացած գնով:

Ստիպված ես խոստովանել, որ նպատակին հասնելու համար ոչ մի պատրաստի և պիտանի բան գոյություն չունի, մի հնար, որը կօգնի երեխաներին սովորել արդյունավետ շփվել ( ոչ թե նորմերին համապատասխանելու, այլ հոգեկան աշխարհին չվնասելու իմաստով): Այդ իսկ պատճառով երեխաների հետ իմ պարապմունքների համար ես օգտագործում էի բոլոր հարմար նյութերը` փոխելով, հարմարեցնելով, կառուցելով իմը: Սկզբում դրանք միայն առանձին պարապմունքներ էին ռուսաց լեզվի և գրականության շրջանակում, որոնք տեղի էին ունենում Կլադես դպրոցում, այնուհետև ինքնուրույն դասընթաց`«Արդյունավետ շփման հիմունքները «Վիբոր» դպրոցում»: Իրականում առ այսօր հաստատուն դասընթացը չկա, ամեն տարի ամեն ինչ շատ կտրուկ փոխվում է: Հիմա ևս պատրաստելով այս հրատարակությունը` ինչ-որ բան ավելացրեցի և ինչ-որ բան փոխեցի: Ամեն ինչ ունի իր ազդեցությունը` տարբեր երեխաներ, դասընթացների տարբեր պայմաններ, անգամ հասարակական-քաղաքական իրադրությունը երկրում (հիշում եմ ամենահետաքրքիր պարապմունքներից մեկը բարձր դասարանցիների հետ ստացվեց, երբ քննարկում էինք Բորիս Ելցինի հրաժեշտի նշանավոր ճառը 1999 թ. դեկտեմբերի 31-ին. պետք է ասել, որ արդյունավետության տեսանկյունից վարպետորեն էր արված): Ինչ-որ մեկը կգար դասի և կխնդրեր վերլուծել դժվար իրավիճակը, որը ձևավորվել էր ծնողների կամ ուսուցիչների հետ, և մենք հետաձգում էինք հերթական թեման և փորձում էինք հասկանալ` նա ինչ ասաց, իսկ ինչպես կարելի էր, և ինչ պետք է անել հաջորդ անգամ: Կամ երեխաներն առաջարկում էին նոր խաղ, որը խաղացել էին վերջերս ճամբարում կամ երեկույթի ժամանակ: Որոշ խաղեր, օրինակ՝ մաֆիան, դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, երեխաները դասերից հետո մնում են, որ խաղան: Սկզբնական շրջանում դասընթացի այդպիսի քաոսային վիճակը ինձ անհանգստացնում էր, բայց հետո եկա այն եզրակացության, որ այդպես ավելի լավ է: Դասընթացը, որը սովորեցնում է կենդանի շփում, պետք է լինի կենդանի և փոփոխական, անփոփոխ է միայն նպատակը, պարտադիր թեմաների ընտրությունը և մեթոդական սկզբունքները, իսկ այդ ամենը ապահովող առկա միջոցների շտեմարանը, այսինքն՝ վարժությունները, խաղերը, գրքերը կարող են անընդհատ փոփոխվել և հարստանալ:

Նպատակի մասին արդեն ասվեց, թեմաների ընտրությունը մոտավորապես հասկանալի է, թե ինչպես լսել ուրիշին և ինչպես անել, որպեսզի լսեն քեզ, ինչպես լուծել կոնֆլիկտները, ինչպես վարել բանակցությունները, ինչպես ճանաչել խաբեությունը և մեքենայությունը: Որոշ խաղեր և վարժություններ կգտնեք հենց այս համարում, մի քանի խաղ՝ մյուս համարներում: Իսկ այս համարում կա նաև 2 օգտակար գիրք: Մնաց խոսել մեթոդական սկզբունքների մասին: Այս դասընթացում նրանք ունեն յուրահատուկ նշանակություն:

Նախ` պետք է կարողանաս քեզ հաշիվ տալ, որ շփվել սովորելր ոչ միայն երեխաներին է վերաբերում, այլ նաև ուսուցիչներին: Չնայած, յուրաքանչյուր լավ ուսուցիչը շփման հանճար է, նա սովորաբար օգտվում է այդ պարգևից` ինքն իրեն հաշիվ չտալով: Այդ իսկ պատճառով մի´ սովորեցրեք, այլ միասին սովորեք, մասնակցեք խաղերին, վիճեք, ընդունեք ձեր սխալները, մի´ ամաչեք ձեր չիմանալուց:Այստեղ կարող եք բախվել ոչ թե հաղորդակցական, այլ սոցիալական բնույթի լուրջ խնդրի: Մեր դպրոցում երեխաները չեն քննարկում իրենց խնդիրները մեծերի, ինչպես հավասարը հավասարի հետ այն պատճառով, որ չեն կարողանում: Իրականում դա միշտ համարվում էր անհասանելի, ինչքան էլ որ խորհրդային մանկավարժությունը պաշտոնապես չհայտարարեր և չցուցադրեր սոցռեալիստական ֆիլմերում: Մեր դպրոցը մտածված և կառուցված էր, ինչպես ադմինիստրատիվ համակարգում. այդ համակարգը նրա արմատն ու էությունն էին, և միայն հաղորդակցական կարողություններով չես կարող լուծել այդ խնդիրը: Սակայն այսօր կան շատ ծնողներ, ուսուցիչներ, երեխաներ, որոնք պատրաստ են և կուզեին կառուցել իրենց փոխհարաբերությունները նորովի, բայց չեն կարողանում, և նրանց համար ձեր օգնությունը շատ տեղին կլինի:

Երկրորդը` ազատ և քննադատաբար վերաբերվեք յուրաքանչյուր խորհրդի (այդ թվում՝ և այս): Ոչ ոք աշխարհում չի կարող ասել, որ ինքը գիտի ինչպես շփվել, բացի դրանից շփման արվեստը չի կարելի սովորեցնել, կարելի է միայն օգնել սովորել: Այդ պատճառով խուսափեք երեխաներին կարգադրություններ և խորհուրդներ տալուց, թող սկզբում իրենք մտածեն` որն է ճիշտ, ինչպես է կարելի, նոր հետո քննարկեն տարբերակները, որոնք կառաջարկեն անվանի հեղինակները, որպեսզի կա´մ համաձայնեն, կա´մ կասկածեն, կա´մ էլ գիտական փորձ անցկացնեն:

Երրորդը` քննարկեք երեխաների հետ նրանց շարժառիթը, ինչու են նրանք գալիս այս պարապմունքներին, ինչ են ուզում սովորել, ինչու է պետք շփվելու կարողությունը: Որոշ խաղեր և առաջադրանքներ կարող են թվալ դժվար, անգամ տհաճ, առաջացնել շփոթություն, և սովորական դպրոցական պատճառը` անում եմ, որովհետև պետք է, այս դեպքում ոչնչով չի օգնի: Դա հատկապես կարևոր է շատ խաղերի համար, նրանք իրենց մեջ պարունակում են ոչ թե մրցակցային, այլ ուսուցողական բնույթ, այսինքն՝ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ ստացված փորձը, և այս տեսանկյունից պարտվելը կարող է ավելի օգտակար լինել:

Չորրորդը` շփումը մարդկային գործունեության  չափազանց կարևոր ոլորտ է, և շատ մարդիկ շփման հետ կապված հոգեբանական ցնցումներ, բարդույթներ կարող են լինել: Գրականության ուսուցիչը մասնագետ հոգեբան չի կարող լինել, այդ իսկ պատճառով պետք է զգույշ լինի (հնարավոր է, որ ձեր դպրոցում հոգեբան կա, որը պատրաստ է վարելու այդ դասընթացը ձեզ հետ. դա հրաշալի կլինի):

Ոգևորեք երեխաներին, բացատրեք նրանց, որ եթե առաջադրանքը հատուկ լարվածություն է առաջացնում, խուսափում, անգամ վախ` ուրեմն հասել է նպատակին, առնչվել է շփման հենց այն կետին, որտեղ ինքը խնդիր ուներ: Խաղը հնարավորություն է տալիս լուծելու այդ խնդիրները, բայց եթե տեսնում եք, որ ինչ-որ մեկի համար իր ուժերից վեր է, որ շոշափվող խնդիրները չափից դուրս խորն են (խոսքը շատ ամաչկոտ,ինքնամփոփ երեխայի մասին է), մի´ ճնշեք, մի´ լարեք մնացածի ուշադրությունը, ավելի լավ է առանձին, հանգիստ զրուցեք նրա հետ, ասեք, որ շփման վախի խնդիրը հաճախակի է հանդիպում ժամանակակից աշխարհում, հատկապես մեծ քաղաքներում, որ դա ոչ մի դեպքում չի խոսում աննորմալության մասին, այլ ավելի շուտ բարձր զգայունության և նուրբ հոգեկան կառուցվածքից է: Շատ մարդիկ ամբողջ կյանքը ապրում են`սահմանափակվելով մոտ մարդկանց հետ շփվելով: Եվ հաճախ երջանիկ են, բայց եթե դա խանգարում է մարդուն կյանքում, (օրինակ, կարող է տապալվել ընդունելության քննություններին), կարող է դիմել հոգեբանի:

Եվ վերջինը, որպեսզի ճիշտ շփվեք, պետք է  ճիշտ շփվեք ուրիշ դասերին, ճամփորդության ժամանակ կամ քննություններին ձգտեք ինքներդ և ստիպեք երեխաներին օգտագործել այն արդյունավետ շփման սկզբունքները, որոնք յուրացնում եք: Քննարկեք ծագած իրադրությունները երեխաների հետ.

- Այսօր կարևոր թեմա է, իսկ դուք տրամադրված չեք աշխատելու: Ի՞նչ անենք, որ ինձ լսեք, ի՞նչ խորհուրդ կտաք:

- Արդեն երրորդ անգամ չես գրել շարադրությունդ, ասում ես, որ գրել ես, բայց տետրդ մոռացել ես: Ես չեմ ուզում «2» դնել միայն մոռանալու պատճառով. ես ինքս էլ եմ ցրված լինում: Իսկ պե՞տք է քեզ հավատամ: Հանկարծ այնպես չլինի՞, որ մյուս անգամ ամբողջ դասարանը մոռանա տետրերը: Ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել:

Սկզբում այդպիսի վարքը կարող է ցնցում առաջացնել, որովհետև  դպրոցի համար անսովոր երևույթ է, բայց, ինչ արած, եթե ամենաճիշտ բաները հաճախ լինում են  ոչ սովորական: Սովորությունը ձեռք բերովի է, միայն պետք է կարողանալ սկսել:

Տաք ցնցուղ

Այս խաղը լայնորեն օգտագործում են աշխարհի հոգեբանները, որպեսզի խմբում ստեղծեն տաք մթնոլորտ, հանեն լարվածությունը, լավացնեն մարդու հոգեկան վիճակը, սակայն այս խաղն ունի նաև կարևոր հաղորդակցական նշանակություն: Շատ մարդկանց համար, հատկապես մեր երկրում, դժվար է մարդու երեսին ասել ջերմ ու լավ խոսքեր, իսկապես, մեզ համար տարօրինակ է լսել, թե ինչպես ամերիկյան ֆիլմերում ծնողներն իրենց երեխաներին ասում են նման արտահայտություններ, ինչպես` «ես հպարտանում եմ քեզնով», գործընկերը գործընկերոջը` «դա ցնցող է», ուսուցիչն աշակերտին` «դու ինձ այսօր ուղղակի զարմացրիր»: Իհարկե, հանդիպում են վարպետներ, որոնք կարողանում են արտասանել զգացմունքային ճառեր հանդիսավոր արարողությունների ժամանակ, կամ գովերգում են այն մարդուն, որից ինչ-որ կախվածություն ունեն, բայց այդ ամենը` շողոքորթությունը, կեղծիքը անշահախնդիր չեն, դժվար թե ինչ-որ մեկին հաճելի լինի, եթե նա բոլորովին հիմար և սահմանափակ չէ: Իսկ ահա ուղղակի անկեղծ, ջերմ առանց հատուկ նպատակի մարդուն գովելը շատ դժվար է, օրինակ, իմ ծանոթներից մեկն այս դեպքում միշտ օգտագործում է հետևյալ ձևակերպումը. «Ներիր, բայց....»: Այնպիսի տպավորություն է, որ ուզում է ասել դառը ճշմարտություն: Տարօրինակ բան է ստացվում .«Ներիր, բայց դու շատ հրապուրիչ կին ես»: Տեսնելու բան է, չէ՞:

Ավելի քիչ չեն նրանք, որոնք իրենց մասին դժվարանում են լսել որևէ լավ բան, ընդհանրապես մենք կարմրում ենք, շփոթվում, ինչ-որ կերպ աշխատում ենք վիճարկել ասվածը կամ իջեցնել ասվածի նշանակությունը:

Այս խաղը սովորեցնում է ուրիշին լավ բաներ ասելու և ուրիշից լավ բաներ լսելու հմտությունը: Դա արդյունավետ կլինի, եթե սկզբում խնդիրը քննարկեք երեխաների հետ: Կա խաղի 2 տարբերակ: Ըստ առաջին տարբերակի` կամուրջ են կազմում, այնուհետև հերթով անցնում են շարքի միջով, և ամեն անցնող պետք է ասի որևէ հաճելի բան, գովի, բայց կրկնել չի կարելի և, ի պատասխան, չի կարելի ոչինչ ուղղել, մեկնաբանել, պետք է ուղղակի ժպտալ և ասել շնորհակալություն: Խաղի այս տարբերակը կրում է ավելի հրապարակային և ցուցադրական բնույթ: Դրան կարելի է ժամանակ առ ժամանակ վերադառնալ, որպեսզի շնորհավորեն ինչ-որ մեկի ծննդյան օրը, ողջունեն համադասարանցուն, որը վերադարձել է դպրոց երկար հիվանդությունից հետո, բարի երթ մաղթեն նրան, ով մեկնում է մրցումների, օլիմպիական խաղերի և այլն:

Իսկ մյուս տարբերակն այն է, որի ժամանակ դեմ առ դեմ գովում են մեկը մյուսին: Բոլորը կանգնում են 2 շրջանով` մեկը մյուսին դեմ հանդիման: Վարողի ազդանշանով արտաքին շրջանի յուրաքանչյուր խաղացող պետք է դիմի իր խաղակցին, որ նա շարունակի հետևյալ նախադասությունը.«Դու իմ դուրը գալիս ես նրանով, որ….»

Այդ բանաձևը ընդգծում է, որ խոսքը օբյեկտիվ գնահատականի մասին չէ, համապատասխան այն պատկերացմանը, թե ինչպիսին պետք է դու լինես, ուղղակի ինձ դուր է գալիս քո այդ գիծը: Անգամ եթե դա լինի  գզգզված մազերով քայլելը կամ ամեն ինչ վայր գցելը....

Եվ մի՞թե մտերիմ մարդկանց այդ տարօրինակությունները չեն մեզ համար թանկ: Հետո նույնն են անում ներսում կանգնածները: Կարելի է բարդացնել խնդիրը, նշել նվազագույնը 3 գրավիչ գիծ, այն էլ տարբեր շերտերի` արտաքինի, բնավորության, ընդունակության և այլն: Երբ հաճոյախոսությունների փոխանակումը վերջանում է, խաղացողներն իրար շնորհակալություն են հայտնում, և ներքին շրջանը վարողի ազդանշանով անում է մի քայլ կողմ՝ նոր խաղակցի դիմաց: Սկզբում երեխաները կաշկանդված են լինում, կարմրում են, ծիծաղում, հիմարություններ են անում, բայց եթե ուսուցիչը բարյացակամ, համառորեն շարունակում է, ինքն էլ օրինակ ծառայում, ժամանակի ընթացքում հնչում են ջերմ, իսկական խրախուսանքի բառեր:

Լսիր

Խաղը նվիրված է մեկ ուրիշ, բավականին ուշ-ուշ հանդիպող կարողությանը` լսել զրուցակցին և իրոք հասկանալ նրան: Շատ մարդիկ ընկալում են մարդու պատմածը իր խնդրի մասին առաջին հերթին որպես ինքնաարտահայտման առիթ, կարող են արտահայտել խելացի խորհուրդ կամ հասկացնել, որ իրենց հետ այդպիսի բան չի պատահի կամ էլ  թողնելով  գործերը, սկսեն  ուրիշի փոխարեն լուծել նրա պրոբլեմը, ցույց  տալ իրենց անփոխարելիությունը: Իսկ ահա ուղղակի լսել, խորամուխ լինել, ապրումակցել....

Զարմանալի չէ, որ մեր ժամանակակիցների մեծամասնությունը զգում է հասկացողության և շփման պակաս, եթե անգամ ամբողջ օրը ընկերների հետ զրուցելով են անցկացնում: Խաղի համար մասնակիցները բաժանվում են զույգերի, յուրաքանչյուրը զրուցակցին պատմում է կոնկրետ իր խնդրի մասին, օրինակ` ծնողներս չեն համաձայնում շուն պահել, մաթեմատիկան ոչ մի կերպ առաջ չի գնում, ինչ-որ պետքական իրի համար փող չկա, կորցրել եմ ընկերոջս հեռախոսահամարը, որի հետ շատ եմ ուզում հանդիպել, և այլն: Եվ այդ դեպքում կարևոր է նկարագրել ոչ միայն իրողությունները, այլ նաև՝ ինչու է դա կարևոր, ինչ զգացումներ են առաջացնում տվյալ իրադրությունները, լուծման ինչ տարբերակներ կան, ինչ ես պատրաստվում անել: Երբ պատմությունների փոխանակումը կայանում է, յուրաքանչյուրը կրկնում է իր զրուցակցի պատմածը բոլորի համար: Ընդ որում ասում է առաջին դեմքով, ինչպես իր խնդրի մասին: Արգելվում է որևէ գնահատական, սեփական ենթադրություն, նկատառում, խորհուրդ և այլն: Հետո ում մասին որ  խոսում են, նշում է բոլոր տարբերությունները և անճշտությունները, նկարագրում է իր զգացողությունները ընկերոջ պատմելու ժամանակ, արդյոք զգաց, որ իրեն հասկանո՞ւմ են, թե՞ տհաճ էր լսել, թե ինչպես են նրա զգացումները և դժվարությունները գնահատում: Խաղը պահանջում է շատ ժամանակ, հատկապես մեծ խմբերում, բայց կարողության կարևորությունը, որն այդ խաղում ձևավորվում է, արժե, որ այդ ժամանակը տրամադրվի:

Միայն «այո»

Կա շատ արդյունավետ եղանակ, որը թույլ է տալիս ձեռք բերել փոխադարձ համաձայնություն անգամ շատ բարդ իրավիճակներում, երբ կողմերի սկզբնական դիրքերը խիստ տարբերվում են: Խաղի էությունը առճակատումը չուժեղացնելն է` տարբերությունը  չընդգծելը, այլ ընդհակառակը՝ աշխատել անգամ տարբեր իրադրություններում տեսնել ինչ-որ ընդհանուր բան, ընդդիմախոսի ուշադրությունը բևեռել առաջին հերթին այն բանին, ինչին համաձայն են կողմերը, այդ իսկ պատճառով նման դրույթները պետք է շարադրել այնպես, որ ցանկացած ժամանակակից մարդ  համաձայնի այդ դրույթների հետ, այդ թվում՝ նաև  ընդդիմախոսը: Այն բանից հետո, երբ զրուցակիցը կհամաձայնի ձեր արտահայտության հետ և կպատասխանի «այո» ձեր հարցին, նա դժվար թե առանց մտածելու ժխտի ձեր նախնական պնդումը: Խաղի մասնակիցներն ընտրում են հետաքրքիր, արդիական թեմա, ըստ որի կարող են ձևավորված լինել հակադիր կարծիքներ, օրինակ` դպրոցական համազգեստը լավ է, թե ոչ: Այնուհետև բոլորը բաժանվում են զույգերի, կարելի է փոքր թիմերի, որտեղ զրուցակիցների կարծիքները տարբեր են: Յուրաքանչյուր մասնակցի խնդիրն է համոզել ընդդիմախոսին իր տեսակետի ճշտությունը, քննարկումն անցկացնել հարց ու պատասխանի ձևով, որ ընդդիմադիրը ավելի շատ պատասխանի «այո»: Սկզբում հարց է տալիս մեկը, մյուսը` պատասխանում, հետո հակառակը:

Ահա օրինակ, թե ինչպես կարող է քննարկվել դպրոցական համազգեստի մասին առաջարկված թեման:
 
«Համազգեստը լավ է» դիրքից.

  1. Դուք համաձա՞յն եք, որ մտորումները, թե վաղը ինչ հագնել, շատ ժամանակ է տանում և հաճախ նյարդայնացնում է:
  2. Դուք համաձա՞յն եք, որ ոչ մի լավ բան չկա, երբ անապահով ընտանիքներից աշակերտների արտաքին տեսքը զարմանալիորեն տարբերվում են ապահով ընտանիքների երեխաների տեսքից:
  3. Դուք համաձա՞յն եք, որ երեխաները դպրոցում պետք է իրենց ավելի հավաք և զուսպ զգան:
  4. Դուք համաձա՞յն եք, որ նա, ով մանկուց սովոր է հագնելու գործնական հագուստ, ապագայում  աշխատանքում իրեն կզգա հարմարավետ և այլն:

«Համազգեստը վատ է» դիրքից

  1. Դուք համաձա՞յն եք, որ օգտակար է մանկուց ընտրել և կրել հագուստ ըստ իրադրության և սովորել իրերը համադրել:
  2. Դուք համաձա՞յն եք, որ միօրինակությունը ազդում է նյարդերի վրա:
  3. Դուք համաձա՞յն եք, որ երեխաներն ու դեռահասները սիրում են ընդգծել իրենց անհատականությունը հագուստի առարկաներով և իրերով:
  4. Դուք համաձա՞յն եք, որ գիտելիքները մարսվում են հոգեբանորեն հարմար պայմաններում:
  5. Դուք համաձա՞յն եք, որ երեխաներին կյանքում անհրաժեշտ է շարժումների ազատություն և այլն:

 

Խնդրի կատարման հաջողությունը կարող է գնահատել ընդդիմախոսը կամ դիտորդը: Խաղի հաջողության համար կարևոր է երեխաների տրամադրվածությունը ոչ թե մրցակցելու, այլ միասնական աշխատանքի: Հասկանալի է, որ սկզբունքորեն կարելի է վնասակար կերպով ազդել, առարկել ի պատասխան: Ամենասկզբից երեխաներին ասեք, որ խաղի նպատակը ոչ թե վայրկենական հաղթանակն է, այլ օգտակար հմտությունների ձեռքբերումը: Իհարկե, խաղի օգտակարությունը չի հանգում խորամանկ հիմնավորմանը, ոճի մշակմանը: Ձևակերպումներ փնտրելու ընթացքը փոխում է վիճողի մտածողությունը, ստիպում է հրաժարվել անջրպետման ոգուց, փնտրել շոշափման տարբեր կետեր, տեսակետներ և, իհարկե, հենց դրան էլ պետք է ձգտել: Իսկ եթե տվյալ մեթոդիկային վերաբերվեն որպես ընդդիմադրին խաբելու, մատների վրա խաղացնելու միջոցի, կարելի է ստանալ ուղիղ հակադիր ազդեցությունը. մարդն իրեն կզգա պատին դեմ առած և վերջնականապես կբարկանա:

Վրաերթ

Այս ոչ այնքան գրական, բայց շատ արտահայտիչ անվանումը իրացրել են երեխաները, այս խաղը  ծանրակշիռ և էլ ավելի տհաճ, չհիմնավորված ագրեսիայի հակազդեցության միջոց է: Այս խաղը չարժե խաղալ 15-16 տարեկան երեխաներից փոքրերի հետ, նրանք չափից շատ են մտնում դերի մեջ, և այդ ամենը հաճախ ավարտվում է վեճով:

Ընդհանրապես խաղերի համար շատ կարևոր են վստահելի մթնոլորտը, թեթև հումորը:  Ամեն ինչ այսպիսին է. խաղացողներից մեկն ընտրում է զրուցակցին` վիճակ հանելով, և «վրաերթ» է անում, մեղադրանք ներկայացնում, որն անպայման չի համապատասխանում կա´մ ձևով, կա´մ բովանդակությամբ: Օրինակ`

- Դու երեկ իմ պայուսակը գցեցիր շարքով անցնելիս:

- Դու ընդհանրապես ոչ մեկին և ոչինչ, բացի քեզանից չես տեսնում, քեզ համար  մյուսները գոյություն չունեն:

- Դա ահավոր է, ինչպես հիմա ապրեմ, ինչպես հավատամ մարդկանց: Դու «Սպարտակի» կողմի՞ց ես: Ինչպես կարող ես, եթե քո ընկերը մյուսի կողմից է, դա դավաճանություն է:

Մեղադրանքը կարող է նաև լինել բավականին անհեթեթ:

- Երեկոյան պառկելիս դու անջատում ես լույսը, դա հատուկ է քեզ նման եսասերին, չես մտածում խեղճ անցորդների մասին, որ այդ ուշ ժամին զրկում ես անգամ այդ թույլ լույսից, բա որ կոտրեն իրենց ոտքերը:

Հաջող ընտրված վրաերթը, որոշ մեծահասակների չափից դուրս ճանաչելի ձայնի նմանությունը  առաջացնում է ծիծաղի պոռթկում: Հետո գալիս է մեղադրյալի հերթը, նա պատասխանում է` ելնելով ընտրած նպատակից, այն կարող են առաջարկել ուրիշ մասնակիցներ, ուսուցիչը:

Նպատակները կարող են լինել ամենատարբեր: Արագ և առանց հետևանքների հարթեցնելու կոնֆլիկտը,  ջարջախիչ հակահարված տալ, որպեսզի այսուհետև դա նրա համար խրատ լինի, հարձակվողին դարձնել դաշնակից, տպավորություն թողնել դիտորդների վրա և այլն: Հաջողված տարբերակները արժանում են ծափահարությունների: Հարցը եթե ստեղծի համապատասխան մթնոլորտ,  ապաարդյունավետ  պատասխաններ շատ  կլինեն:

Խաղը հատկապես օգտակար է քնքուշ, մեղքի զգացումի հակված  երեխաներին:
Բայց և ճարպիկներին  էլ պետք կգա, կօգնի համոզվել, որ հարձակվելու ամենալավ  պատասխանը միշտ   չէ կոպտությունը: Սրամտությունը և քաղաքավարությունը  հաճախ ավելի  արդյունավետ են լինում: Օրինակ,  երեխաներին կարելի պատմել Գյոթեի պատմությունը, որը քաղաքի այգում շրջելիս, ճամփին հանդիպել է մի չարամիտ քննադատի: «Ես երբեք ճանապարհը չեմ զիջում հիմարներին»,- հայտարարել է քննադատը: «Իսկ ես՝ միշտ»,- պատասխանել է Գյոթեն և դուրս եկել արահետից:

Ահա և ես

Սա աղմկոտ խաղ է, շատ օգտակար երեխաներին, բայց ուսուցիչների նյարդերի համար լուրջ փորձություն է ներկայացնում: Խաղը սկսվում է խաղավարի հրամանով  և տևում պայմանավորված ժամանակ, մոտ 3 րոպե: Յուրաքանչյուր մասնակցի խնդիրն է իր շուրջը հավաքել որքան հնարավոր է շատ մասնակիցների: Այդ նպատակով կարելի է օգտագործել ցանկացած միջոց, բայց ոչ կյանքին, առողջությանը և գույքին վնաս պատճառող: Եվ այսպես, հրամանի համաձայն բոլորը սկսում են միաժամանակ: Մեկը գոռում է կոկորդով մեկ, հաչում կամ ծուղրուղու կանչում, մյուսը սկսում է շրջել, բռնելով կոճակներից, նայելով աչքերին, ինչ- որ մեկը պառկում է հատակին կամ բարձրանում է պահարանի վրա: Ինչ-որ մեկը սկսում է վառել-մարել լույսը, մի խոսքով՝ դա անմոռանալի 3 րոպե է: Հետո քննարկվում են արդյունքները: Ո՞ւմ են նկատել բոլորը, ո՞ւմ է հաջողվել ավելի երկար գրավել և պահել ուշադրությունը, ո՞ւմ գործողություններն էին ամենաինքնատիպը, ամենահամարձակը, ամենապրակտիկը: Ընդհանրապես այս խնդիրը լուծում են տարբեր կերպ. դա կախված է անձի յուրահատկությունից, թեպետ կան մի քանի մեթոդներ, որոնք իմանալը օգտակար է ծայրահեղ դեպքերի համար, ինչպիսիք են համընդանուր խուճապը, ամբոխի հրմշտումը, համաձայնեցված գործողություններ պահանջող այլ իրավիճակներ:
                                  
 Մաֆիա

Այս խաղը լավագույն խաղերից մեկն է արդյունավետ շփում սովորեցնելու համար:
Այն ուղղակի հաջողված է թե´ փոքրերի, թե´ մեծերի համար: Եթե  դուք դեռ ծանոթ չեք` արագ լրացրեք բացթողումը:
Խաղալ կարող եք առնվազն 7 հոգով, բայց ավելի լավ է ավելի շատ լինեք. արդյունավետ է 10-15 հոգով խաղը:

Ինչքան շատ մասնակիցներ, այնքան շատ ժամանակ կարող է անհրաժեշտ լինել: Մի խաղացող  դառնում է հաղորդավար: Խաղի սկզբում խաղավարը բաժանում է դերերը: Դրա համար նա խաղացողներին բաժանում է ծալված թերթիկներ` մակագրություններով, կամ որ ավելի հարմար է` խաղաքարտերի կապուկից նախօրոք հանված խաղաթղթեր:

Թիմերը պետք է բաժանվեն սահմանված համաչափություններով, երրորդից մինչև քառորդ մասը խաղացողների մաֆիան է` «սև գույնի քաղաքացիներ», մնացածը  ազնիվ քաղաքացիներն են` «կարմիր գույնի քաղաքացիներ»: Ազնիվ  քաղաքացիներից մեկը կոմիսար Կատանին է` «կարմիր  թագավոր է կամ մեկնոց` ազդեցիկ անձ»:

Խաղը սկսվում է խաղավարի հրամանով` գիշերն ընկավ: Բոլորը փակում են աչքերը, որսի է ելնում մաֆիան, մաֆիոզները բացում են աչքերը, տեսնում մեկը մյուսին: Մաֆիան ընտրում է զոհին, նրանք լուռ, միայն աչքերով խորհրդակցում են և ցույց տալիս ազնիվ քաղաքացիներից մեկին, խաղավարը աչքերով, միմիկայով հասկացնում է, թե ում մասին է խոսքը:
Առավոտ է, բոլորը բացում են աչքերը: Ահավոր նորություններ կան, մեր քաղաքի մաֆիոզների խումբը  այս գիշեր սպանել է բոլորի կողմից հարգված մեկին:

Թողե՞լ է արդյոք հանգույցյալը երկտող: Սպանվածը կարող է մասնակիցներին հաղորդել իր կասկածները: Լսե՞լ են՝ արդյոք ով  է շարժվել: Դրանից հետո նա կարող է լռել մինչև խաղի վերջը:  
Ժամանակն է մաֆիային տալ համապատասխան պատասխան: Մաֆիոզները թաքնվում են մեր արանքում` դիմակավորվելով նորմալ մարդկանց տեսքով:

Սկսվում է քննարկումը: Խաղացողներն իրենց կասկածներն են արտահայտում,եզրակացություններ անում. ով է շարժվել «գիշերվա» ընթացքում, ով էկասկածելի կերպով ծիծաղել, ում դեմքի արտահատությունն է փոխվել խաղաթղթին նայելիս և այլն: Կասկածվողներն իրավունք ունեն արդարանալու, մեղադրանքները հերքելու:Բնականաբար, նրանք բոլորն էլ պնդում են, որ ազնիվ մարդիկ են, իսկ ահա մաֆիոզներն այն մարդիկ են, որ մեղադրում են արդար մարդուն: Քննարկման վերջում ասում են` ում համարել  մաֆիոզ:

Եթե թեկնածուները մի քանիսն են, քվեարկումն անցնում է մի քանի փուլով, սկզբում մեղմ, կարող ես մի քանի հոգու ձայն տալ, հետո խիստ, մնացած 2 թեկնածուներից միայն մեկին:

Քվեարկությունն անցկացնում է խաղավարը, այդ ամենի հետ կարևոր է, որ խստորեն  պահպանվի չեզոքություն, խաղավարը չհրահրի և չխանգարի խաղացողներին, թեկուզ և գիտի, թե ով կենթարկվի մահապատժի: Սպանվածները կարող են նաև հետևել խաղին, բայց իրավունք չունեն ոչինչ ասելու կամ հաղորդելու խաղացողին և ոչ մի ձևով:

Եթե նա իրոք մաֆիոզ է, ազնիվ խաղացողները հաղթում են, եթե դատարանը սխալ է թույլ տվել, մաֆիային  հնարավորություն է տրվում քաղաքը գրավելու:

Խաղը շարունակվում  է:  Խաղավարը նորից հայտարարում է գիշերն ընկնելու մասին, ելույթ է ունենում կոմիսար Կատանին: Կատանին բացում է աչքերը, և լուռ, աչքերով կամ միմիկայով  խաղավարին հարց է տալիս խաղացողներից մեկի մասին` մաֆի՞ոզ է նա արդյոք: Խաղավարը տարուբերում է գլուխը:

Լուսանում է: Քաղաքի բնակիչներն արթնանում են, բայց թերթերում նրանց սպասում է վատ լուր` նորից սպանություն է կատարվել:

Այս անգամ էլ… Հետո ամենը կրկնվում է` մահվանից առաջ երկտող, քննարկում,  մահապատիժ և այլն: Մինչ այն պահը մինչև չեն հաշվառվի և դատապարտվի բոլոր մաֆիոզները, կամ չեն սպանվի ազնիվ քաղաքացիները:

Հասկանալի է, որ եթե ինչ- որ պահ ազնիվ քաղաքացիների թիվը համեմատվում է մաֆիայի թվի հետ, նրանց այլևս շանս չի մնում: Այստեղ կարևոր է կոմիսարի դերը, ծայրահեղ իրավիճակում նա կարող է դուրս գալ ընդհատակից և հայտարարել. «Ես կոմիսար Կատանին եմ, ինձ հայտնի է, որ այս և այն ազնիվ մարդիկ են, այս կամ այն` մաֆիան»...

Բնականաբար, հաջորդ գիշեր կոմիսարին կսպանեն, դրա համար էլ նրան չարժե դնել հարվածի տակ, քանի դեռ հնարավորություն կա այլ մեթոդներով հարցը լուծելու:

Բնականաբար մեկ քվեարկությունից հետո քննարկումը դառնում է բարդ և հետաքրքիր: Եթե մինչ այդ խաղացողները կարող էին քննարկել միայն անզգույշ շարժումները և նշմարվող ժպիտները, իսկ հմուտ խաղացողները` մաֆիոզները, այդպիսի բաներ երբեք թույլ չեն տալիս, այժմ  մտածելու համար ավելի հետաքրքիր նյութ, թեմա կա` ինչպես է մարդն իրեն պահում քննարկման ժամանակ, ինչպես է արձագանքում մեղադրանքին, ում հետ է վիճել. ում է պաշտպանում, ինչպես է քվեարկում: Եթե մաֆիան նորելուկ է, նրանք բավականին արագ հայտնաբերվում են, քանի որ չափազանց ակնհայտ են պաշտպանում իրար, չէ՞ որ նրանցից բացի ոչ ոք չգիտի, թե ով ում թիմում է, և ազնիվ քաղաքացիները սովորաբար ավելի կասկածելի թիմում են և զգույշ: Ոչ հմուտ մաֆիոզների մյուս տիպիկ ստրատեգիան  լուռ նստած  մնալն է: Հույս ունենալով, որ չեն նկատի ու կանցնի, մեղադրանքին ի պատասխան մեղավոր ժպտում են և շփոթված արդարանում:

Ուրիշ բան են հմուտ, բարձրակարգ  վարպետները, իսկ այսպիսին են դառնում դեռահասները արդեն մի քանի խաղից հետո: Նրանք անկեղծորեն կդժգոհեն հերթական սպանության առիթով և կվրդովվեն իրենց իսկ դատական սխալի պատճառով: Նրանք կդառնան ամենաակտիվ մասնակիցներ և քննարկման կազմակերպիչներ, ուղղելով այն պետքական ուղղությամբ և հեռացնելով իրենցից հարվածը, նրանք քվեարկելու են իրենց կողմնակիցների դեմ այն իրադրություններում, երբ նրանց արդեն փրկել անհնար է, նրանցից որևէ մեկը կարող է հայտարարել, որ ինքը կոմիսար Կատանին է, որից հետո իսկական  Կոմիսարը ստիպված կլինի բացվել` հայտաբերվել, ի հայտ գալ անգամ եթե նա դա չէր պլանավորել (երբեք չեմ մոռանա, ինչպես իմ աշակերտուհին` համեստ, սուսիկ–փուսիկ, մտավորական մի աղջիկ, արցունքները աչքերին, բացականչում էր. «Ինչո՞ւ դու ինձ չեք հավատում: Դե, ես ի՞նչ մաֆիա: Ողղակի ես չեմ կարողանում  պաշտպանվել, և դուք բոլորդ հարձակվեցիք ինձ վրա»: Բոլորը ամաչեցին իրենց կասկածամտությունից և իրենց դավաճանությունից: Բայց այդ վեհանձն արարքի պոռթկման պահին նա վեր թռավ, և հատակին ընկավ սև ագռավ խաղաքարտը:  Ահա թե երբ կճանաչես քո աշակերտներին:

Գոյություն ունեն խաղի ավելի բարդ տեսակներ` քաղաքապետի լրացուցիչ դերերով, Կնքահոր դատավորները,  պահակները և այլն, որոնք անգամ ամենահասարակ տարբերակում լիովին ներկայացված են: Իսկ դրանք քիչ չեն: Առաջին հերթին խաղը շատ հետաքքրքիր է: Ուզում ես խաղալ էլի և էլի: Նա զարգացնում է միանգամից շփման բազմաթիվ հմտություններ` ուշադիր լսել ուրիշին` բաց չթողնելով ուշադրությունից ոչ մի բառ և ժեստ` փաստարկելով քո կարծիքը, մասնակցել քննարկումներին, պաշտպանվել, հասկանալ ընկերոջը կես հայացքից: Խաղին հետևող որոշ  գործընկերներիցս լսել եմ, որ մաֆիան սովորեցնում է երեխաներին ստել: Չեմ կարող համաձայնվել: Եթե մարդն  ունի խաբեբայության կամ կեղծավորության շնորհք, դա խաղում արտահայտվում է լիարժեք, իսկ եթե չունի, խաղը դի օգնի: Իսկ ահա թե ինչ է իրականում սովորեցնում՝  բացահայտել կեղծիքը և խաբեությունը: Երբ վերջում մաֆիայի դեմ ըմբոստացող կրակոտ և անողոք մարտիկը, որ ամբողջ խաղի ընթացքում ղեկավարում էր քննարկումը, համեստ և արժանապատիվ ցույց է տալիս հաղթանակող խաղաքարտը կամ երկտողը`«Կնքահայր», երկար ժամանակ  կհիշվի: Այն թույլ է տալիս նորովի ընկալել կոռուպցիայի կամ տեռորի հետ որոշ մարտնչողների  հեռուստատեսային ճառերը, ինչը կարող է պետք գալ աշակերտներին ապագայում, որպես ընտրողներ: Իսկ սպիտակ հրեշտակին հետևելը, որը գիշերները վերացնում էր ազնիվ քաղաքացիներին (ընդ որում լրիվ միայնակ, մնացած բոլոր մաֆիոզներն արդեն դատապարտված էին մահվան) և մնում չբացահայտված, միգուցե կօգնի ինչ-որ մեկին անձնական կյանքում: Փորձը ցույց է տալիս, որ երբ խաղի բոլոր մասնակիցները բավականին փորձառու են, մաֆիոզներին անպայման բացահայտում են, որքան էլ որ համոզիչ և խորամանկ իրենց պահեն: Դա լավատեսություն է ներշնչում, ճիշտ չէ՞:

                        Թարգմանեցին` Աննա Մկրտումյանը և Մարինե Ամիրջանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.