«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 15

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լ. Պետրանովսկայա
Խաղեր, որոնք սովորեցնում են շփվել

Մեթոդական մշակումներ

«Օժտված երեխաներ» ծրագիրը

«Օժտված երեխան հանրակրթական դպրոցում» ծրագիրը


Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Դավաճանը»

Պաուլո Կոելիո
Ամանորյա հեքիաթ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Ոչ ասենք սուիցիդին (ինքնասպանությանը)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վասիլի Սուխոմլինսկու 90-ամյակի առթիվ


Սելեստեն Ֆրենե

Նոր ֆրանսիական դպրոց

Ժողովրդական դպրոցի նյութական, տեխնիկական և մանկավարժական կազմակերպման գործնական ուղեցույց

II. Դաստիարակության հիմնական փուլերը
(սկիզբը նախորդ համարում)

Տարրական դպրոցում
Նախնական դիտողություններ

Նախորդ բաժինները ընթերցողին բավականաչափ ծանոթացրին մեր հետազոտությունների ուղղություններին և մեր ձեռքբերումներին:
Նախքան այս գրքի ավելի դժվարին մասին անցնելը կցանկանայինք մի քանի խոսք ասել այն թերահավատ գործընկերներին, որոնք ցանկացած նորության հանդեպ վախ են զգում: Նրանց թվում է, թե նորարարությունը, գուցե և տեսականորեն ընդունելի, գործնականում սպառնում են խարխլել դպրոցական կյանքի հիմքերը, իշխանությունների հետ հարաբերությունները բարդացնել, կարգապահությունը խաթարել և երեխաների ուսումնական հաջողություններին խանգարել: Բացի դրանից, հաստատված սովորությունները որոշ ուսուցիչների հանգեցրել են անհաղթահարելի պահպանողականության:

Մեզ աշխատանքային դաստիարակության կողմնակիցներ ենք հայտարարում, քանի որ այդ ասպարեզում մեր ծրագրերն ու սկզբունքները բազմիցս ստուգվել են մեր բազմամյա գործնական աշխատանքում: Երեսուն տարի շարունակ մշակելով մեր գաղափարները` մենք երբևէ որևէ մանկավարժական տեսությունից չենք անցում արել գործնականին: Ընդհակառակը, միշտ մեր նվաճումները բացառապես հանրային դպրոցի սովորական միջավայրում երեխայի հետ անմիջական աշխատանքի ընթացքում ձեռք բերած փորձի վրա են հիմնվել: Մեր նորամուծություններից ոչ մեկը չի բխում ապրիորի (փորձի վրա չհիմնված) գաղափարից, որին փորձեինք հարմարեցնել փաստերը. միայն ամենօրյա աշխատանքով ենք կատարելագործել հին մանկավարժական մոտեցումները և ստեղծել նորը: Չբավարարվելով առաջին արդյունքներով, գիտակցելով դրանց թույլ կողմերն ու թերությունները, հստակ տեսնելով բացթողումները, որոնք անհրաժեշտ էր լրացնել՝ մենք շարունակել ենք «շոշափելով» փնտրել այն նյութական և տեխնիկական միջոցները, որոնք դաստիարակչական ողջ համակարգն ավելի արդյունավետ կդարձնեին:

Իհարկե, ինչպես մեզնից առաջ շատերը,  կարող էինք պարզապես գնել դպրոցական մի տպարան, որը համապատասխաներ մեր մանկավարժական ելակետային տեսությանը: Եվ ինչպես շատերը, անխուսափելիորեն անհաջողության կմատնվեինք, քանի որ ուսումնական աշխատանքի սկզբունքներն ամենևին նույնը չեն, ինչ արտադրության սկզբունքները: Սակայն մենք, ելնելով երեխաների հետ աշխատանքի փորձից, սկզբից մինչև վերջ ինքներս ստեղծեցինք և հետո կատարելագործեցինք դպրոցական տպագրությունը: Այդպես նաև դպրոցի նոր պահանջներին համապատասխանող քարտարանները. մեր քարտարանների տարբեր տեսակները գործնական փորձերի արդյունքների հետաքրքիր շարք են ներկայացնում: Նույնն է նաև նկարազարդումների, պլանների, այսինքն՝ դպրոցական աշխատանքի կազմակերպման բոլորոր նոր ձևերի դեպքում:

Կյանքը ցույց տվեց, որ մեր մեթոդներն ու տեխնիկական միջոցները գոյության իրավունք ունեն, քանի որ համապատասխանում են ժամանակակից դպրոցի պահանջներին: Ոչ թե ինչ-որ անիրական նախագծերից ու մանկավարժական տեսություններից են ելնում, այլ մեր նորացված դասարաններում երեխաների կյանքն ու աշխատանքն ենք հիմք ընդունում:

Մեր հետազոտություններն անելիս երբեք չենք առաջնորդվել դպրոցի հետ ուղղակի կապ չունեցող որևէ նկատառումներով: Այդ հետազոտությունների գործունությունը գործնականում ստուգվել է հարյուրավոր հանրային դպրոցների հետ մշտական արդյունավետ համագործակցության շնորհիվ: Հենց դրա շնորհիվ դպրոցական պրակտիկայի և մանկավարժական տեսության՝ մանկավարժության պատմության մեջ երևի թե առաջին միասնությունը` իրենց փոխադարձ կապով և փոխպայմանավորվածությամբ, մեզ հաջողվեց իրականություն դարձնել: Կլապարեդի (1) խոսքերով՝  դպրոցի շրջանակում մեր գործնական աշխատանքները մանկավարժների և հոգեբանների ամենավեհ երազանքները կյանքի կոչեցին:

Մենք, իհարկե, մեր գործնական ձեռքբերումները համեմատում ենք շատ հետազոտողների գիտական ենթադրությունների հետ` մեր հաջողությունները փորձելով երբեմն տեսականորեն հիմնավորել: Սակայն, երբ բախվում ենք նոր դժվարությունների, եթե մեր փորձը չի ներգրվում մանկավարժական տեսության մեջ, միշտ վերադառնում ենք գործնականին: Հատկապես փորձն է մեզ օգնում պատասխանել բոլոր հարցերին: Հենվելով նրան` մենք հրաժարվում ենք մեզ հաջողություն չբերող որոշ եղանակներից, նույնիսկ եթե տեսաբանները դրանք համադարման են համարում, և համարձակվում ենք այնպիսի քայլեր անել, որոնք տեսնելով՝ գիտնականները սկզբում զայրույթից շնչահեղձ են լինում, սակայն հետո ակնհայտ փաստերին նայելով՝ ստիպված են լինում ընդունել մեր իրավացիությունը:

Մանկավարժության մեջ այսպիսին է մեր ճանապարհը: Մեր մեթոդների զարգացումը ամբողջությամբ համապատասխանում է գիտական հետազոտությունների կանոններին, ինչպես Կլոդ Բեռնարն (2) է դրանք ձևակերպել. մեր ելակետը հենց կյանքն է, պրակտիկ փորձը՝ չարհամարհելով տեսություններն ու սկզբունքները, որոնք կարող են օգնել մեզ մեր աշխատանքում և ազդել դրա վրա: Դպրոցի նոր կազմակերպումը ծնվում է ամենօրյա գործունեությունից:

Այդ պատճառով կարող ենք պնդել (և դա ամենևին էլ անձնապաստանություն չէ), որ մեր հաջողությունը երաշխավորում ենք: Մենք տեսություն չենք առաջարկում, որը պիտի դուք գործնականում կյանքի կոչեք: Մեր առաջարկները, կրկնում եմ, զուտ գործնական են, և եթե մենք կարողանայինք մեր մեթոդիկայով դասարանական աշխատանքը կինոժապավենով ձեզ ցույց տալ, եթե դուք թեկուզ կես օր ուղղակի հետևեիք մեր դպրոցում, թե աշխատանքն ինչպես է կազմակերպվում, ապա մենք չղինք սկսի գիրք գրել, այլ միայն կասեինք. «Դուք տեսաք «գործիքը» և հասկացաք` ինչպես դա գործածեք... Ձեր դասարանում դա ձեր ձեռքն առեք և միացեք մեզ, որպեսզի միասին կատարելագործենք դա և դարձնենք համընդհանուր սեփականություն»:

Նվազագույնի հասցնելով տեսական դատողությունները՝ նրանց, ովքեր չեն կարող հաճախել մեր դպրոցները և տեսնել դրանց աշխատանքները, առաջարկում ենք.

  • նոր պահանջներին համապատասխանող դպրոցական շենքերի նկարագրություն.
  • անհրաժեշտ սարքավորումների բնութագրում.
  • նոր մեթոդների կիրառման և համապատասխան աշխատանքի կազմակերպման ցուցադրում մեկ դասարանի կյանքի (մի շաբաթվա ընթացքում) օրինակով.
  • գործնական հանձնարարականներ՝ ձեր դասարաններում մեր մեթոդները հետզհետե ներդնելու համար, որոնք չափից դուրս ինտելեկտուալացված ձեր դպրոցը կվերածեն ժամանակակից կյանքի պահանջներին համապատասխանող դաստիարակչական միջավայրի:

Տարրական դպրոցի շենքը

Որպեսզի դպրոցական նոր շենքերի և սարքավորումների մասին ընդհանուր պատկերացում կարողանանք ստեղծել, ընթերցողներին ծանոթացնենք շենքի իդեալական մի նախագծի, որը կփորձեինք կյանքի կոչել, եթե 20-րդ դարի իսկական հանրային դպրոց ստեղծելու իրական հնարավորություն ունենայինք:

Նոր մեթոդների հաջողությունը նյութական գործոններից ավելի շատ է կախված, քան ընդունված է համարել: Պետք է վճռականորեն ձերբազատվել այն հնացած սենտիմենտալ պատկերացումներից, թե պարտադիր չէ հարուստ լինես, որ երջանիկ ապրես կամ արդյունավետ սովորես: Իհարկե, գիտենք, որ խղճուկ խրճիթում մարդիկ հազար անգամ ավելի երջանիկ կարող են լինել, քան շքեղ պայմաններում, որ լավ մանկավարժը գյուղական աղքատիկ դպրոցում ավելի լավ կարող է աշխատել, քան վատ մանկավարժը՝ ժամանակակից բոլոր հարմարություններով շենքում: Սակայն դրանք առանձին դեպքեր են, բացառություններ: Այնուհանդերձ, հավասար, հաստատուն  պայմաններում կարելի է պնդել, որ նյութական ապահովվածության որոշակի մակարդակ կա, առանց որի ինչպես ընտանիքում ներդաշնակ կյանքն է անհնարին, այնպես էլ դպրոցում արդյունավետ աշխատանքը: Ուստի մեր առաջին պահանջներից մեկը յուրաքանչյուր ընտանիքում և յուրաքանչյուր դպրոցում անհրաժեշտ նվազագույն մակարդակի ապահովումն է:

Պատահական չէ, որ նոր գործարանի կամ նոր հանրախանութի կառուցման դեպքում հին, հարյուրամյա վաղեմություն ունեցող շինությունները, անգամ եթե ամուր պատեր և դիմացկուն հիմք են ունենում, քանդում են, քանի որ դրանք արտադրության ռացիոնալիզացիայի պահանջներին համապատասխան ժամանակակից սարքավորումներին հարմար չեն:

Այդպես էլ մեր դպրոցը. աշխատանքի համար մեր կողմից մշակված չափանիշներին համապատասխան նոր շենքեր և սարքավորումներ են անհրաժեշտ:

1.
Տեղադրությունը և շրջակայքը: Բազմիցս խոսել ենք այն մասին, թե ինչքան կենարար միջավայր է երեխայի համար բնությունը: Այդ պատճառով եթե դպրոցը անտառին, գետին, բլուրներին, դաշտերին անմիջապես մոտ չէ, անհրաժեշտ է գոնե նրա շուրջը կենդանի բնության որևէ անկյուն ստեղծել: Նախորդ բաժիններում այդ մասին արդեն խոսել ենք, սակայն տարրական դպրոցում դպրոցամերձ հողամասը (բանջարանոց, մրգատու այգի, մարգագետին, փեթակ, թռչնանոց), հասկանալի է, նաև խաղերի, հանգստի ու աշխատանքի վայրերը առանձնահատուկ իմաստ են ստանում:

Գյուղական դպրոցները, որպես կանոն, այս բոլոր պահանջներին համապատասխանում են: Քաղաքներում, իհարկե, չի կարելի թույլ տալ, որ դպրոցի ճանապարհը երեխաների համար երկար, հոգնեցուցիչ և փողոցային երթևեկության պատճառով վտանգավոր լինի: Դպրոցները պետք է մասսայական շինարարությունից հեռու լինեն, այնպիսի վայրերում, որտեղ հնարավոր լինի համապատասխան պայմաններ ստեղծել (սակայն, իհարկե, միայն տրանսպորտային միջոցների առկայության դեպքում): Նույնիսկ մինչև պատերազմը որոշ նոր դպրոցներ իրենց փոխադրամիջոցն ունեին:

Ծայրահեղ դեպքում, եթե դպրոցներն ու մանկապարտեզները այգուց կամ պուրակից հեռու են, ուսուցիչներն աշակերտների հետ պարտավոր են այնտեղ գնալ, որը, անշուշտ, կպահանջի դասացուցակում որոշակի ճշտումներ անել: Սակայն ժամանակակից տարրական դպրոցը չի կարող գոյություն ունենալ առանց բնական միջավայրի:

Մենք մեր ուշադրությունը չենք կենտրոնացնի այլ պայմանների վրա, որ առողջ միտքը թելադրում է՝ դպրոցը պիտի ստեղծվի չոր վայրում, լինի արևահայաց, հնարավորինս պաշտպանված քամուց, փողոցի, երկաթուղու և գործարանների աղմուկից հեռու:

2.
Շենքի պլանը: Մենք նկարագրում ենք միակոմպլեկտ դպրոցական շենքի օրինակը. դա մի տեսակ նախնական բջիջն է, հետագայում ճարտարապետներն այդպիսի բջիջներից մի քանի դասարաններով բազմակոմպլեկտ դպրոցներ կկառուցեն:

Դպրոցական աշխատանքի ձևերն ու էությունը որոշում են շենքերի կառուցվածքն այնպես, ինչպես առևտրի տեխնիկան է որոշում ժամանակակից խանութների տեղն ու կառուցվածքը:

Ավանդական դպրոցը լսարան-սկրիպտորիում (3) էր ներկայացնում: Խոշորագույն դպրոցներում ամֆիթատրոնները ընդամենը դրա ամենաշքեղ տարատեսակն են: Ուսուցման այդպիսի կազմակերպման համար ամենահարմար հաստատությունը սովորաբար լուսավոր մեկ սենյակն էր՝ բավականին ընդարձակ, որ բոլոր աշակերտներին նստեցնեին, միաժամանակ այնպիսի չափսերի,  վերջին շարքերում ուսուցչին լսեին, իսկ վերջինս կարողանար այնտեղ նստած երեխաներին իր տեսադաշտում պահել: Էլ չենք խոսում այն երկար ցուցափայտի մասին, որի օգնությամբ վաղ ժամանակներում ամբիոնի մոտ կանգնած ուսուցիչը կարողանում էր վերջին նստարանների ծույլերին հասնել: Դասասենյակն արտաքին աշխարհի համար չափից դուրս բաց պիտի չլիներ. դա խանգարում էր ուսուցչին և շեղում աշակերտներին. դա է պատճառը, որ անթափանց ապակիներով լուսամուտները շատ բարձր էին տեղադրվում:

Մեր ժամանակակից դպրոցը շրջակա միջավայրի կյանքի հետ անխզելիորեն կապված արհեստանոց պիտի դառնա: Նրա այդպիսի կոչումը նոր կառուցվածք է ենթադրում:
Դպրոց - արհեստանոցում աշակերտները կարող են աշխատել ինչպես բոլորը միասին, այնպես էլ խմբերով: Դրա համար անհրաժեշտ են.

- ընդհանուր սենյակ, որտեղ բոլոր երեխաները հավաքվում են կոլեկտիվ պարապմունքների համար, որոնք, ինչպես տեսնում ենք, մանկավարժական մեծ արժեք ունեն: Այդ սենյակը կարող է նմանվել ավանդական դասասենյակին, սակայն լույսն ու օդն ավելի շատ պիտի լինեն:

- Նրա հետ հաղորդակցվում են մասնագիտացված արհեստանոցները: Դպրոցին կից պիտի լինեն՝ մրգատու այգի, բանջարանոց, ծաղկանոց, կենդանիների համար (ճագարներ, ծովախոզուկներ, հավեր, այծեր) շինություն, ինչպես նաև մեղվանոց:

3. Առկա շենքերի արդիականացումը: Առանձին դեպքերում դպրոցական շենքի մի կողմից կարելի է ընդհանուր սենյակին հաղորդակցվող երկու մետր լայնությամբ կից շինություն կառուցել և այնտեղ կահավորել արհեստանոցները: Դա մեծ ծախս չի պահանջի և միանգամայն իրագործելի կլինի, եթե սովորողների ծնողներն ու տնօրինությունը հասկանան, որ այդ կից-կառույցն անհրաժեշտ է:

Սակայն հաճախ դպրոցն ունենում է դասասենյակին հարող տարածք՝ կա´մ ոչնչով չզբաղեցված, կա´մ այնպիսին, որ հեշտ է ազատել: Առանց հապաղելու կարելի է այնտեղ տեղավորել արհեստանոցները: Պետք է միայն, որ դրանք անմիջապես հաղորդակից լինեն դասասենյակին:

Շատ մանկավարժներ անհանգստանում են՝ այդ դեպքում իրենք ինչպես պիտի հսկեն բոլոր աշակերտներին: Պատկերացնո՞ւմ եք, թե երեխաներն ինչ կանեն, երբ ուսուցիչը լինի մյուս սենյակում: Այո՛, այդ խնդիրը բացարձակ անլուծելի է ավանդական դպրոցում, որտեղ աշակերտների աշխատանքը հսկիչից է կախված, իսկ կարգապահությունը պահպանվում է ուսուցչի իշխանությամբ:

Մեր մեթոդով աշխատող դպրոցներում ամեն ինչ փոխվել է դեպի լավը: Արդեն փաստարկված ապացուցել ենք, որ երբ երեխաներն զբաղվում են իրենց ֆունկցիոնալ պահանջներին համապատասխան հետաքրքրաշարժ աշխատանքով, կարգապահության պահպանումը հանգում է այդ աշխատանքի կազմակերպմանը և նվազագույն հսկողություն է պահանջում: Կարգուկանոնը հիմնականում իրենք` աշակերտներն են պահպանում: Ուսուցիչը դադարում է վերակացու լինելուց և դառնում է խորհրդատու և օգնական: Մենք, սակայն, չենք պնդում, որ այդ ձևով միանգամից կարելի է հասնել լիակատար ներդաշնակության: Դա հնարավոր կլիներ, եթե մեխանիզմը կատարելապես կարգավորված լիներ, եթե շեղումներով սովորողներ, թեթևամիտներ, նյարդայիններ, չափազանց դյուրագրգիռներ: Իսկ գործնականում ուսուցիչը պետք է աշխատի արտադրամասում հաստոցներին հետևող լավ մեխանիկի պես. նա ազատ հանգստանում է, երբ բոլոր հաստոցներն անփախան աշխատում են: Սակայն հենց կասկածելի աղմուկ լսի անսարքություն տեսնի, անհապաղ կմոտենա, որ կանգնեցնի, յուղի, կարգի բերի մեխանիզմը:

Սա է ուսուցչի նոր դերը, դրա արդյունքում երկու կից սենյակներում նա կկարողանա հետևել աշակերտների աշխատանքին:

Եթե շենքը հարակից սենյակների հնարավորություն չունի, արհեստանոցները կարելի է սարքավորել միջանցքում, իսկ եթե հնարավոր չէ, ընդհանուր սենյակում էլ կարելի է: Անհրաժեշտ է միայն նորովի դասավորել կահույքը և գործիքները հին սեղանների կամ դազգահների վրա դասավորել:

Սակայն իրավիճակից այսպիսի ելքը հնարավոր է միայն ընդարձակ և քիչ ծանրաբեռնված դասասենյակների դեպքում: Բանվորական թաղամասերի աղքատիկ դպրոցների համար, որոնք ավելի շատ խրճիթ են հիշեցնում, սա անընդունելի է. այնտեղ անհրաժեշտ է շենքերի ամբողջական վերակառուցում:

Ընդհանուր սենյակում տեղավորված արհեստանոցներն անհարմարություններ են առաջացնում. աղմուկը մտավոր աշխատանքով կամ գեղարվեստական ստեղծագործությամբ զբաղված աշակերտներին խանգարում է, չի թողնում կենտրոնանալ: Դրա «առավելությունն» էլ այն է, որ վատ սարքավորված և ծանրաբեռնված դասարանում հեշտ է երեխաներին հետևելը:

Եվս մեկ էական դիտարկում: Վերջին ժամանակներս ֆրանսիական կրթության համակարգում առաջացավ տարրական դպրոցում ձեռքի աշխատանքի կազմակերպման առանձնահատուկ միտում: Դրա համար դպրոցական արհեստանոցները սարքավորելու նպատակով միջոցներ են հատկացվում: Բայց քանի որ այդ արհեստանոցների աշխատանքը ոչ մի կերպ չի առնչվում ուսմանը, դրանք առանձնանում են դասասենյակներից և վերածվում մի տեսակ դպրոցի կցորդների, որտեղ աշակերտները աշխատանքային որոշ հմտություններ են ձեռք բերում:

Սակայն, մեր նպատակը բոլորովին էլ ժամանակից շուտ մասնագիտացումը չէ: Մենք բնավ չենք ուզում, պահպանելով սխոլաստիկ ուսուցման ոգին ու մեթոդները, ավանդական դպրոցին «կպցնել» հատված, որտեղ ավագ աշակերտները ձեռքի աշխատանք կսովորեն: Այդպիսի երկվությունը ոչ միայն վատթարագույն տարբերակ է, դա խաբեություն է, կեղծ բարեփոխում, միայն աշխատանքի ուսուցման գաղափարի հեղինակությունը խարխլող զուտ սիմվոլիկ ժեստ:

Մենք պայքարում ենք աշխատանքով դաստիարակելու, իրենց՝ երեխաների աշխատանքային գործունեության վրա հիմնված մշակույթի, սեփական փորձից ստացած գիտելիքների, ինչպես նաև մտքի համար, որ աշխատանքի ընթացքում է հղկվում: Այդ պատճառով արհեստանոցները, ընդհանուր դասարանը և ուսուցչի աջակցությունը ընդհանուր ամբողջության` երեխայի դաստիարակության, մարդու և նոր հասարակության քաղաքացու ձևավորման բաղկացուցիչ մասերն են:

Դա առավել կարևոր է մի քանի դասարանների համար նախատեսված դպրոցական շենքի նախագծման դեպքում: Այստեղ, ի տարբերություն մեկ ուսուցիչ ունեցող դպրոցի, առաջին հայացքից հարմար է թվում դասարաններից առանձնացված մասնագիտացված արհեստանոցներ սարքավորել, ինչպես ընդհանուր լվացվելու սենյակ, ճաշարան կամ լողավազան են ստեղծում: Հասկանալի է, որ նման արհեստանոցներն ավելի քիչ ծախսով կարելի է սարքավորել և վարձել իր բնագավառում հմուտ մի ուսուցիչ-մասնագետի: Սակայն այդպիսի դպրոցը փաստորեն կազմված կլիներ ավանդական դասասենյակներից, որոնց պարզապես ավելացված կլինեին բոլոր սովորողների համար ընդհանուր ատաղձագործական արհեստանոցը, դարբնոցը, դպրոցական տպարանը, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաները, տնարարության սենյակը: Ֆրանսիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի լավ կահավորված դպրոցներում ուսուցման նման կազմակերպում արդեն կա: Մանկավարժական նման հայեցակարգին, աշխատանքի ուսուցման և ընդհանուր կրթության, մտավոր գործունեության և ֆիզիկական աշխատանքի արհեստական տարանջատմանը դեմ ենք, դա հանգեցնում է հասարակության տրոհման՝ միապաղաղ ֆիզիկական աշխատանքի դատապարտվածների և ինքնահավան, և հենց դրանից էլ անպտուղ ինտելեկտուալների:

Մեր մանկավարժական հայեցակարգը պահանջում է, որ նույնիկսկ շատ ուսուցիչներ ունեցող դպրոցներում յուրաքանչյուր դասարանին կից սարքավորվեն մասնագիտացված արհեստանոցներ: Դրանք են ժամանակակաց դպրոցի անհրաժեշտ բաղադրիչը, ինչպես նախկինում ավանդական ուսուցման միջոցն ու խորհրդանիշը ուսուցչական ամբիոնն էր: Դա չի բացառում լրացուցիչ արհեստանոցներ սարքավորելու հնարավորությունը, որտեղ ուսուցիչ-մասնագետները երեխաներին նախնական մասնագիտական հմտություններ կսովորեցնեն:

Այս բարդ համակարգի գործնական իրագործումը վերապահվում է ճարտարապետներին: Նրանք պետք է իմանան ինչպես մեր մանկավարժության իսկական խնդիրները, այնպես էլ արդյունավետ արտադրության ժամանակակից պահանջները: Նրանց գործը ուսումնադաստիարակչական աշխատանքի նոր կազմակերպման հնարավորություն ընձեռող շենքեր կառուցելն է. դա, ինչպես ցույց տվեցինք, կենսականորեն անհրաժեշտ է դպրոցին:

Մեծ քանակությամբ դասարաններ ունեցող դպրոցի համար եղած շենքերի վերակառուցումը շատ բարդ է: Միակ գործնական լուծումը դասասենյակների մի մասի վերացումը կարող է լինել: Միջնորմներով բաժանված ազատված տարածքներում կարելի է տեղադրել արհեստանոցները, որոնք կից կլինեն մնացած դասասենյակներին: Ընդ որում, աշակերտների քանակը հարկ կլինի մի քիչ  ավելացնել:

Ֆինանսական դժվարությունն ընդամենը պատրվակ է այսպիսի բարեփոխումների հակառակորդների համար: Վերջերս գյուղատնտեսության նորացման համար մեծ վարկեր հատկացնելու որոշում ընդունվեց: Մենք տեսանք, թե ինչպես ունևոր ֆերմերներն անխնա քանդում էին հին ձիանոցները, որպեսզի կառուցեն նոր, ավելի ընդարձակ ու լուսավոր, օդափոխվող ձիանոցներ` էլեկտրական լուսավորվածությամբ, բեռնաբարձ մեխանիզմներով: Մենք երեխաների համար ավելին չենք պահանջում: Ուստի պարզ է, որ խնդիրը ոչ թե փողն է, այլ այդ փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումը, դպրոցի ճշմարիտ և վեհ դերի, յուրաքանչյուր մարդու ճակատրագրի, երկրի ծաղկման և կայունության մեջ նրա վճռորոշ դերի ըմբռնումը: Եվ առաջ ընթանալով՝ մենք պարտավոր ենք ապացուցել շարժման անդառնալիությունը, սեփական փորձով համոզիչ ցույց տալ արմատական փոփոխությունների անհրաժշտությունը:

Հարկ է կրկնել, որ առաջին հերթին մեկ կամ երկու դասարան ունեցող գյուղական փոքրիկ դպրոցի ուսուցիչներից ենք ակնկալում ամենահամարձակ քայլերը, որոնց կհետևեն կրթության ու դաստիարակության ամբողջ համակարգի փոփոխությունները: Անմիջականորեն գյուղական համայնքների կյանքի վրա հիմնվելով` նրանք պետք է ավանդական դպրոցը վերածեն ֆիզիկական, մտավոր աշխատանքն ու գեղարվեստական ստեղծագործությունը համակցող արհեստանոցի, որտեղ կդաստիարակվեն վաղվա հասարակության ներդաշնակ զարգացած և գործուն մարդիկ:

4.
Կահավորումը: Ավանդական դպրոցի կահավորումը համապատասխանում էր լսարան-սկրիպտորիումին. բարձր հարթակին ուսուցչական ամբիոն, միակ գրատախտակ, աշակերտական նստարաններ, որին նստած երեխաները կարող են միայն կարդալ և գրել, ցանկացած այլ գործողություն բացառվում է, չհաշված այն, որ երեխաները թաքուն են անում), ազատ տարածության (ընդ որում, այդպիսի կազմակերպման համար ավելորդ) լիակատար բացակայություն, գրքերի և ուսումնական ձեռնարկների համար պահարաններ` երեխաներից և փոշուց հուսալիորեն պաշտպանված-փակված, իսկ մի առանձին սեղանիկի վրա կա՛մ հայրենիքը խորհրդանշող քանդակ, կա՛մ խաչելություն:

Այս կահավորումը դպրոցի նոր պահանջներին չի համապատասխանում: Դա բացառում է գրավորից և ուսուցչի խոսքի պասիվ ընկալումից բացի որևէ այլ աշխատանք, աշակերտների, ինչպես նաև դասարանի և ուսուցչի միջև որևէ համագործակցություն: Բացի դրանից, այդ պայմաններում բացառվում է նաև կահույքի վերադասավորումը՝ կախված ուսումնական աշխատանքի կազմակերպումից:

Մենք  1x0,8մ չափսի հարթ մակերեսով սովորական սեղաններ ենք առաջարկում, որոնք կարելի է հեշտությամբ տեղաշարժել: Այսպիսի սեղանի շուրջը, առանց իրար խանգարելու, 4 աշակերտ կարող է աշխատել: Նրանց համար, ովքեր նախընտրում են թեք մակերեսի վրա գրել, սեղանի վրա փոքրիկ շարժական գրակալներ կարելի է տեղադրել: Վճռականորեն դեմ ենք թեք նստարաններին, որոնք միայն գրելուն են հարմար: Մեր սեղանները հարմար են գրելու ու կարդալու, կտրելու ու սոսնձելու, նկարելու և քարտեր ուսումնասիրելու համար: Մի քանի սեղան միացնելով` կարելի է խմբի համատեղ աշխատանքի համար մի մեծ սեղան ստանալ, իսկ բոլոր սեղանները պատերի տակ հրելով կամ անկյունում հավաքելով՝ տեղ բացել համատեղ գործունեության այլ ձևերի համար` պար, ցուցադրություն, ներկայացում և այլն:

Եթե շարժական սեղաններ չկան, նույն ծառայությունը կարող են մատուցել ութ աշակերտի համար նախատեսված իշոտնուկով սեղանները. դրանք ավելի էժան կլինեն: Սակայն այդ սեղաններն այնքան էլ դիմացկուն չեն: Բացի դրանից, պետք է խուսափել աշակերտների` իրարից չափազանց շատ կախված լինելուց. դա վեճերի, ծեծկռտուքի, անկարգության է հանգեցնում:

Նստելու համար առաջարկում ենք սովորական աթոռներ կամ փայտե աթոռակներ: Ընդհանուր նստարանն անընդունելի է. պատճառն արդեն ասել ենք: Փոքրերի համար աթոռների վրա կարելի է բարձեր դնել. իսկ սեղանների և աթոռների բարձրությունները պիտի համապատասխանեն աշակերտների հասակին: Ի վերջո, այսպիսի կահավորումը կարող է ավելի էժան լինել, քան  հսկայական, հնացած նստարանները:

Թող բժիշկներին չմտահոգի, որ մեր սեղանները՝ թեքություն, իսկ թեթև աթոռակները թիկնակ չունեն: Երեխաները մեր դպրոցը միայն չեն գրում և կարդում, ուստի նրանք ստիպված չեն երկար ժամերով անբնական անշարժ նստել՝ ողնաշարի շեղում ձեռք բերելով: Մենք նրանց ամենատարբեր զբաղմուքներն ենք առաջարկում. մտավոր և ստեղծագործ աշխատանքից հետո, որը կենտրոնացում է պահանջում և ստիպում անշարժ մնալ, նրանք ֆիզիկական աշխատանքով կարող են զբաղվել կամ պարզապես լիցքաթափվել:

Դասասենյակի պատերից մեկի երկայնքով տեղադրվում են պահարանիկներ: Սովորողներն իրենց գրքերը, տետրերը, գործիքները այստեղ են պահում, որ սեղանները չծանրաբեռնեն: Կահույքը պետք է այնպես դասավորել, որ յուրաքանչյուր աշակերտ կարողանա ցանկացած պահին ազատ և անաղմուկ մոտենալ իր պահարանին:

Ուսուցչական ամբիոն ու հարթակ վրա մեզ պետք չեն: Ուսուցիչը համարյա կամ ընդհանրապես դաս չի տալիս բառիս ավանդական իմաստով: Նրա խնդիրը դասարանի տարբեր անկյուններում աշակերտների հետ աշխատելն է լինելու: Այս դեպքում նրան բավական է ընդամենը մի այնպիսի սեղան, ինչպիսին աշակերտներինն է, և առանձին պահարան:

Դասարանական գրատախտակներ օգտագործելու ենք: Դասարանում գրատախտակները պիտի լինեն շարժական տակդիրի վրա: Այդ գրատախտակներին կարելի է բոլոր աշակերտների համար գրառումներ անել: Մի բան էլ. խմբային աշխատանքների համար պետք է պատերի տակ քշված ոչ թե մեկ, այլ երկու կամ նույնիսկ երեք գրատախտակ ունենալ:

Պարտադիր չէ, որ գրատախտակները սեփ-սև լինեն: Շատ հարմար է մուգ կանաչ գույնը: Չի կարելի արհամարհել այնպիսի մանրուքները, որոնք կարող են մեղմել և կենդանացնել դասասենյակի չափից դուրս խստությունը:

Անհրաժեշտ է դասասենյակի բնական լուսավորում: Պետք չէ վախենալ մեծ, ցածր տեղադրված լուսամուտներից, ինչպիսին տանն են: Սարսափելի չէ, որ երեխաները երբեմն պատուհանից դուրս կնայեն: Դա նույնիսկ շատ օգտակար է, մեր աշխատանքի որակի վրա բացասաբար չի անդրադառնա: Միաժամանակ դպրոցը վերջնականապես կձերբազատվի բանտային մթնոլորտից:
Անհրաժեշտ են վարագույրներ, որպեսզի կինոֆիլմեր ու տեսանյութեր ցուցադրելու համար օրվա ցանկացած պահին մթնեցնեն սենյակը: Պետք է նաև ոչ չափից դուրս պայծառ արհեստական լուսավորում:

Արհեստանոցի կահավորումը կախված է նրա նշանակությունից. արհեստանոցներին անհրաժեշտ են շարժական կամ պատի տակով երկայնությամբ շարված սեղաններ, ինչպես նաև պահարանիկներ և գրադարակներ: Այդ ամենի մեջ չկա ոչ մի ավելորդ և անհնարին բան չկա:

Գործող դպրոցները, բացառությամբ նրանց, որոնց շենքերը նորմալ պարապմունքների համար բոլորովին պիտանի չեն, արդեն կարող են սկսել որոշակի բարեփոխումներ անել: Ահա առաջին, լրիվ իրագործելի քայլերի օրինակներ`

- ուսուցչական ամբիոնի պարզեցում և նրա սեղանի տեղադրում աշակերտների սեղանների հետ նույն մակարդակի վրա (դա սովորաբար մեծ օգուտ է տալիս, ազատ տարածություն է առաջանում. հարթակները կարելի է այլ նպատակների ծառայացնել).

- ազատ կամ ջարդված նստարանները կարելի է դարձնել ցուցադրությունների փոքրիկ սեղաններ կամ փոքրիկ դազգահներ.

- եթե պետք է փոխեք ձեր հին սեղաններն ու նստարանները, սեղաններ և աթոռակներ պատվիրեք ըստ վերը նշված ցուցումների, մինչև որ փոխեք ամբողջ կահույքը.

- կահույքն այնպես վերադասավորեք, որ ձեր դասարանում լայն անցումներ լինեն, և ինչքան հնարավոր է ազատ տարածություն մնան:

5. Ուսումնական միջոցները և աշխատանքի գործիքները: Այսպիսով, մեր շենքն առավել չափով համապատասխանում է դպրոցական աշխատանքի նոր կազմակերպմանը: Իսկ ինչպիսի՞ գործիքներ են պահանջվում աշխատանքային դաստիարակության գործնական արդյունավետ իրագործման համար:

Ժամանակակից երեխաների հիմնական հետաքրքրությունների և պահանջմունքների հոգեբանական և սոցիալական մանրազնին վերլուծությունից եկանք այն եզրահանգման, որ մասնագիտացված արհեստանոցները պիտի ութը լինեն:

Դրանցից չորսը պիտի սարքավորվի այն աշխատանքի համար, որը կանվանենք բազային ֆիզիկական աշխատանք. դրանք այն աշխատանքն է, դեպի որը երեխան բնազդաբար ձգվում է, եթե ազատ ընտրում է, թե ինչ անի: Չէ՞ որ փաստ է (դա հաճախ արհամարհում կամ ընդհանրապես բացառում են, քանզի մեր կրթության չափազանց և վաղաժամ մտավորականացման ուղղվածությանը հակասում է), որ որոշակի մտավոր ջանքեր պահանջող և ֆիզիկական աշխատանքների միջև յուրաքանչյուր երեխա առանց տատանվելու ընտրում է երկրորդը, եթե միայն նրան դեռ չի փչացրել ֆիզիկական աշխատանքի հանդեպ անբնական զզվանք ներշնչող դաստիարակությունը: Ճիշտ այնպես, ինչպես երեխան թարմ, հյութեղ մրգերն առանց երկմտելու գերադասում է ամենահամեղ և վարպետորեն պատրաստված ճաշատեսակից, եթե նրա ճաշակը  վերջնականապես չի փչացել:

Արդեն գիտենք, թե ինչ վտանգավոր է բնույթի հանդեպ որևէ բռնությունը, խոսքն ինչի մասին էլ լինի՝ սննդի, թե դաստիարակության: Մենք վճռականորեն պնդում ենք, որ ավելի լավ է բնույթն ընդունել այնպես, ինչպես կա, և հենվել նրա առողջ հիմքի վրա:

Երբ երեխան դպրոց է գալիս, մենք չենք ստիպում նրան միանգամից անցնել մտավոր աշխատանքի այն ձևին, որին ինքն ընդհանրապես հակված չէ: Նրան հնարավորություն ենք տալիս իրագործելու ձեռքի աշխատանքի իր բնական պահանջմունքը և օրեցօր զարգացնել պարզագույն գործիքներով աշխատելու հմտությունը: Թող սկզբում յուրացնի այդ աշխատանքը, հետո նրան կօգնենք հասնելու մտավոր աշխատանքի հասարակական բարձր արժեքի ըմբռնմանը:

Իսկ ի՞նչ անենք, կասեն մեզ, երբ երեխան չափազանց շատ է մնում ֆիզիկական աշխատանքի փուլում` չկարևորելով այն գիտելիքները, որ դպրոցում պարտավոր է ստանալ: Ստիպված չե՞նք լինի հարկադրել նրան:

Բոլորովին այդպես չէ:

Բազային ֆիզիկական աշխատանքի ընթացքում, որն անհատի ձևավորման երրորդ փուլն է շոշափելով հետազոտման և ընտելացման փուլերից հետո, ծագում է երևույթների միջև կապերի ըմբռնումը, իմացումի և ստեղծագործելու տրամաբանությունը յուրացվում է, մշտապես աճում է ավելին իմանալու պահանջը, որպեզի հաջողությամբ կատարի աշխատանքը, կատարելության չափ տիրապետի աշխատանքի միջոցներին, անհատի կրկնապատկվող ուժերին և օգտագործի դրանք առավելագույն արդյունավետությամբ:

Մի փուլից մյուսին անցնելը կատարվում է մարդու ներսում, այլ ոչ թե նրանից դուրս: Ընդամենը կարող եք նպաստել այդ անցմանը, հեշտացնել, արագացնել, բայց չեք կարող առանց անպատիժ շրջանցել որևէ կարևոր փուլ: Այդ անցումն արագ է լինում այնքան, ինչքան հագեցած է լինում երեխային շրջապատող միջավայրը, ինչքան շատ են լինում աշխարհը ճանաչելու նրա հնարավորությունները: Շատ բան կախված է նաև երեխայի ինտելեկտից, բառիս լայն և ոչ թե նեղ-«դպրոցական» իմաստով:

Զուտ ֆիզիկական աշխատանքից երեխան կարող է բավական երկար ժամանակ բավարարված զգալ: Ավելի թույլերը, հնարավոր է` այդպես էլ մնան այդ փուլում: Բայց մի՞թե երեխային օգտակար է, որ իր որպես անհատ ձևավորման դանդաղ գործընթացն արհեստական արագացնում են, որպեսզի դասերի, վարժությունների, առաջադրանքների, սերտման միջոցով հաղորդակից դարձնեն այնպիսի ինտելեկտուալ գործունեության, որը դեռ նրա ուժերից վեր է: Դա միայն կարող է նրան նորմալ հունից հանել, ոտքերի տակի հողից, հոգեկան հավասարակշռությունից զրկել, շեղել նրան դեպի իսկական գիտելիքները տանող բնական ճանապարհից:

Մինչև այժմ մանկավարժները վարվում էին անգիտակից մոր պես (իմիջիայլոց ոչ մի մայր չէր հասնի նման անհեթեթության), որը վախից, թե իր երեխան երբեք քայլել չի սովորի, ազատում է նրան մկաններն օրեցօր ամրապնդող, գործողությունների համակարգումը զարգացնող բազմաթիվ փորձերից և նրա թևերի տակ հենակներ է դնում, որոնք երեխային կօգնեն ոտքի վրա մնալ: Համոզված եղեք, որ դա լավագույն միջոցն է հասնելու նրան, որ երեխան երբեք ինքնուրույն քայլել չսովորի. նրա ոտքերը ծուռ կամ թույլ կլինեն, և նա ողջ կյանքում կզգա հենակների կարիքը, որոնք մայրը մանուկ ժամանակ պարտադրել էր իրեն` արհամարհելով զարգացման բնական ընթացքը:

Սակայն, կրկնում ենք, ոչ մի մայր ընդունակ չէ նման հիմարության. բոլոր մայրերը հոտառություն ունեն (կեղծ-գիտական սխոլատիկան ուսուցիչների միջից դա դուրս է մղել), որը հուշում է, որ երեխան պետք է աճի` ներդաշնակ զարգացնելով և կատարելագործելով իր մարմինը, ոտքերի արագությունն ու ձեռքերի վստահությունը: Ավելին, երջանիկ մայրը կարծում է, որ երեխայի աճի յուրաքանչյուր փուլն իր հմայքն ունի, և ափսոս կլինի դրանց հերթով հետևելու հնարավորությունից ինքն իրեն զրկելը:

Իհարկե, առաջին գիտակցված գործողություններից մինչև քայլելուն հասնելը արագ կամ դանդաղ է լինում՝ կախված երեխայի ընդունակություններից: Կան և այնպիսիները, որոնք երբեք չեն սովորում պահպանել հավասարակշռությունը և ամբողջ կյանքում քայլում են կարծես շոշափելով` ձեռքերը վախեցած տարածելով դեպի կողքերը: Դժբախտաբար, գիտությունը չի կարող հաստատուն հավասարակշռություն ապահովել նրանց համար, չի կարող որևէ այլ եղանակով նրանց քայլվածքը վստահ դարձնել, բացի նրանց ամբողջ վարքի վրա երկարատև ներգործումից: Ի դեպ, հաճախ դա էլ ակնկալվող արդյունքը չի տալիս:

Իսկապես, միայն տեսաբան-մանկավարժներներն են հանդգնում ինքնավստահորեն պնդել, որ կարելի է երեխայի բնական ընթացքն արագացնել և ավելին անել, քան բնությունը, միայն նրանք կարող են համառորեն առաջ տանել իրենց մոլորությունը՝ չնայած ակնհայտ ձախողումներին: Վստահենք կյանքին. առանց ձևախեղելու և անհատականությունը սպանելու՝ նա ընդունակ է օգնելու մարդուն՝ ֆիզիկական աշխատանքից հասնելու գիտելիքներին, մշակույթին, գիտությանը, արվեստին, մարդկային ոգու ամենաբարձր նվաճումներին:

Մեր արհեստանոցներում պատրաստվում ենք ոչ թե վարժեցնելու երեխաներին, այլ նրանց չարչարվելու հնարավորություն տալու: Մի՛ դարձեք սխոլաստիկային. արհեստանոցներում աշխատանքը մեթոդական դասերի և հետևողական առաջադրանքների շարքի մի՛ վերածեք. մի՛ հարկադրեք բոլոր երեխաներին հերթով անցնել բոլոր արհեստանոցներով աշխատանքի բոլոր ձևերին ծանոթանալու համար: Գուցե այդպիսի ծանոթացումը ձեզ անհրաժեշտ է թվում, սակայն կյանքում քիչ է հանդիպում, որ մարդուն հավասարապես հետաքրքրում են ֆիզիկական աշխատանքի տարբեր ձևերը, և որ նա դրանք բոլորը հավասարապես կարողանում է անել: Այս կամ այն աշխատանքի հակումը կախված է տարիքից. կարող է կախված լինել տարվա եղանակից, օրվա եղանակից, ինչ-որ անորսալի բանից, որ, ինչպես ասում են, «պտտվում է օդում»: Օրինակ` ձմեռանը ոչ ոք դաշտում չի աշխատում, իսկ գարնանը պահ է գալիս, որ բոլոր երեխաներն սկսում են եռանդուն մաքրել հողամասերը, փորել, ցանել: Հետո, երբ սերմերն արդեն հողն են գցել, դաշտային աշխատանքների հանդեպ հետաքրքրությունը ժամանակավոր թուլանում է` տեղը զիջելով այլ զբաղմունքների:

Դպրոցը պիտի որսա այդ հետաքրքրությունները, դրանց բռնկումներն ու անկումները, հաշվի նստի դրանց հետ, եթե նույնիսկ հակասում են մեր կողմից մշակված մանկավարժական կանոններին: Ամբողջ կոլեկտիվի պահանջմունքների շրջանակում մենք յուրաքանչյուր երեխայի հնարավորություն ենք տալիս իր ճաշակով աշխատանք ընտրելու, և երեխաներին կարող ենք օգնել միայն հաջողության և վարպետության հասնելու ուղղությամբ:

Այս խորհուրդներն ավելի կարևոր են, քան կարող են թվալ առաջին հայացքից: Դրանք հաշվի չառնելով` երեխաներին ընդամենը արհեստ կսովորեցնեք: Իհարկե, այդ ուսուցումը ինչ- որ չափով օգտակար է, սակայն այդպիսի մոտեցման դեպքում աշխատանքը կորցնում է իր դաստիարակչական նշանակությունը:

Նույն նկատառումներից ելնելով ենք քննարկում նաև վերջին` գործիքների քանակի և արժեքի հարցը:

Թող մեզ ճիշտ հասկանան. մենք բոլորովին չենք ուզում արդարացնել և իդեալականացնել աղքատությունը, ինչպես երբեմն որոշ շրջանակներում փորձել են անել: Ընդհակառակը, կասկածից վեր է, որ հաջող աշխատանքի համար շատ դեպքերում դպրոցը սարքավորումների և միջոցների որոշակի նվազագույն քանակի կարիք  է ունենում: Անհրաժեշտ է տեխնիկական և ֆինանսական տեսանկյուններից որոշել այդ նվազագույնը, որպեսզի հետո մեր դպրոցներում այն ապահովվի:

Յուրաքանչյուր կացարան նույնպես նվազագույն կահավորման կարիք ունի, առանց որի մարդը չի կարող նորմալ ապրել: Անհրաժեշտ է ձգտել ապահովելու այդ նվազագույնը: Սակայն եթե պայմանները չափազանց շքեղ են, մարդն իր սեփական իրերի ստրուկը դառնալու վտանգին է ենթակա. նա կորցնում է գործելու ազատությունը, նրա կյանքում երևակայության, անսպասելի բաների համար տեղ չի մնում, նա իր տունը բարելավելու, հարստացնելու, կատարելագործելու, իր ճաշակին, իր առանձնահատկություններին համապատասխան  կահույք ընտրելու մեծ բավարարվածությունից զրկվում է:

Այդպես էլ արհեստանոցների չափից դուրս հարուստ գործիքավորումը կարող է սպանել նախաձեռնությունը, խանգարել աշխատանքը տվյալ միջավայրի առանձնահատուկ պահանջներին հարմարեցնելուն, ստեղծական գործունեությունը կենթարկի դաժան կարգապահությանը, իր օրենքները կպարտադրի, ինչպես հարահոսային արտադրությունն է դրանք պարտադրում բանվորներին: Այնքան եմ վախենում դրանից, որ եթե դպրոցական արհեստանոցների համար ամենակատարյալ սարքավորումների ամբողջական համակազմ առաջարկեին ինձ, առանց երկմտելու խորդանոցը կլցնեի բոլոր այն մասերն ու դետալները, որոնք իմ մանկավարժական աշխատանքի համար բացարձակապես անհրաժեշտ չթվային:

Այսպիսով, փորձենք որոշել, թե ինչ նվազագույն սարքավորում է մեզ անհրաժեշտ: Հետագայում երեխաներն իրենք ուսուցիչների, ծնողների, ընկերների, դպրոցի օգնությամբ թող լրացնեն դա, թող յուրաքանչյուրն իր ուժերի համեմատ ներդրում անի. ավելի հմուտ աշակերտները կկատարելագործեն գործիքները, իսկ շրջակա արհեստանոցների աշխատողները կամավոր կօգնեն նրանց:

Դպրոցական արհեստանոցների սարքավորման առաջարկվող ցանկում ձախից այն առարկաներն են, որոնք մեր կարծիքով անհրաժեշտ է շտապ պատվիրել կամ սարքել, աջից՝ օժանդակող գործիքներ, որը դպրոցը ձեռք կբերի ըստ իր հնարավորությունների:

Մինչ դպրոցական արհեստանոցների կահավորմանն անցնելը առաջարկում ենք ծանոթանալ մեր կողմից նախատեսվող արհեստանոցների (4) ցանկին:

Բազային
ֆիզիկական աշխատանքի չորս արհեստանոց

1.Դաշտային աշխատանք: Անասնապահություն

2.Դարբնի և հյուսնի աշխատանք

3.Մանում, հյուսում, կար, խոհարարություն, տնարարություն

4.Նախագծում, մեխանիկա, առևտրի հիմունքներ

Մտավոր
գործունեության հետ կապված, խմբային ավելի բարդ աշխատանքի չորս արհեստանոց

5.Տեղեկությունների հավաքում

6.Փորձարարական աշխատանք

7.Տպագրական գործ

8.Գեղարվեստական ստեղծագործություն

Արհեստանոց թիվ 1
Դաշտային աշխատանք: Անասնապահություն

Պարտադիր սարքավորում

Լրացուցիչ սարքավորում

Ատամնավոր բրիչ 

3 հատ

Ճագարի կամ այլ կենդանիների համար վանդակներ կամ արկղեր

Սովորական բրիչ

2 հատ

Տեղանքից կախված՝ օժանդակ միջոցներ

Քլունգ

1 հատ

Զամբյուղներ

Փոցխ

1 հատ

Ճագարներ, ծովախոզուկներ, այծեր

Բահ

1 հատ

Մրգատու ծառեր

Փոքրիկ ձեռնասայլակ

1 հատ

Միջին ձեռնասայլակ

1 հատ

 
Արհեստանոց թիվ 2
Դարբնի և հյուսնի աշխատանք

Պարտադիր սարքավորում

Լրացուցիչ սարքավորում

Երկաթի մամլակ

1 հատ

Զնդանին փոխարինող երկաթե սալ

Խարտոց

1 հատ

Փայտե մուրճ

Մեծ աքցան

1 հատ

Երկաթի սառը մշակման հատիչ

Մեծ մուրճ

1 հատ

Դարբնի աշխատանքի համար երկաթի կտորներ և թերթեր

Փոքր մուրճ

1 հատ

Հյուսնի աշխատանքի դազգահ (ինչ-որ առիթով գնված կամ տեղական որևէ արհեստանոցում սարքված)

Որպես դազգահ ծառայող փայտե սեղան

 

Ֆուգան (մեծառանդա)

Մամլակ փայտի համար

 

Զսպանակ

Ռանդա

 

Անկյունաչափ

Սղոց

 

Ռեյսմաս (նշման ժամանակ օգտագործվող գործիք)

Սղոցիկ

 

Կարկին

Մեծ խարտոց (ռաշպիլ)

1 հատ

Ֆաներա սղոցելու գործիքներ

Գայլիկոնի հավաքածուով շաղափ

 

Դուր

1 հատ

Ձեռքի սղոց ֆաներայի համար

 


Արհեստանոց թիվ 3
Մանում, հյուսում, կար, խոհարարություն, տնարարություն


 Պարտադիր սարքավորում

 Լրացուցիչ սարքավորում

Պրիմուս, գազօջախ, սալօջախ

Խոհանոցային սալօջախ ջեռոցով

Կաթսաներ

Կաթսաների հավաքածու

Շերեփ

Կճուճ թրմելու համար

Քափկիր

Դանակներ, պատառաքաղներ, գդալներ

Թել ու ասեղի արկղիկներով սեղան

Բաժակներ և ափսեներ

Արդուկ

Մթերք

Հյուսելու և մանելու գործիքներ

Էլեկտրական արդուկ

Մալանչներ և իլիկ

Կարի մեքենա՝ էլեկտրական և ձեռքի

Հելուններ և շյուղեր

Մանեկեն, կտորներ, մոդելներ և ձևվածքներ, ջուլհակի հաստոց, ճախարակ

                                                    
Արհեստանոց թիվ 4
Նախագծում, մեխանիկա, առևտրի հիմունքներ

Պարտադիր սարքավորում

Լրացուցիչ սարքավորում

Մեծ աքցան

Էլեկտրական սարքավորումներ (գործածված)

Պտուտակահաններ

Մեխանիզմեր, որոնք կարելի է քանդել`
զարթուցիչներ,
շարժիչներ

Գրասենյակ-սեղանիկ և հաշվեգրքեր

Դպրոցում պատրաստված տարբեր կշեռքների հավաքածու

Կշեռք, կշռաքարերի հավաքածու

Դպրոցում պատրաստված կշռաքարեր

Ալյումինե լիտրանոց շիշ կամ բիդոն

Ոլորակ (рулетка)

Ծալովի մետր

Չափիչ շղթա

Արհեստանոց թիվ 5
Տեղեկությունների հավաքում

Պարտադիր սարքավորում

 Լրացուցիչ սարքավորում

Ուսումնական քարտարան

Ինքնավերահսկման քարտեր և տետրեր

Աշխատանքային փոքրիկ գրադարան`

  1. աշակերտների ինքնուրույն աշխատանքների համար տեղեկատվական գրքույկներ
  2. դպրոցական գրադարանից բերված գրքեր
  3. աշխարհագրական քարտեզներ (դպրոցի ունեցածը)
  4. գլոբուս (դպրոցի ունեցածը)
  5. պատեֆոն և ձայնապնակներ
  6. կինոպրոյեկտոր և ֆիլմեր
  7. ցանկացած քարտի, գրքի, ձայնապնակի, ֆիլմի, տեքստ և այլն, գտնելը հեշտացնող այսօր նյութերի առկայությունն արտացոլող քարտարան

Ծրագրված ուսուցման համար ժապավեններ

Գրադարանի համար նոր գրքեր (ըստ հնարավորությունների գնվում են)

Նկարազարդ տարբեր ամսագրերի բաժանորդագրություն, որոնք քարտարաններ կազմելու համար օգտագործվում են

Կինոխցիկ

Լուսանկարչական ապարատ և նկարների երևակման ու հանման սարքեր

Դիապրոյեկտոր


Արհեստանոց թիվ 6
Փորձարարական աշխատանք

Պարտադիր սարքավորում

Լրացուցիչ սարքավորում

Աշխարհիկ դպրոցի կոոպերատիվի կողմից ստեղծված հավաքածուներ փորձերի համար

Լրացուցիչ գործիքներ և սարքեր կարելի է հնարավորության սահմաններում գնել կամ պատրաստել դպրոցում

Նվազագույն սարքեր և գործիքներ՝

  1. կենդանի բնությունը զննելու,
  2. ֆիզիկայի փորձերի,
  3. քիմիայի փորձերի համար

Ծրագրված ուսուցման համար ժապավեններ

Սարքերի օգտագործումը պարզաբանող ուղեցույց-գրքույկներ

Դպրոցական թանգարանի ցուցանմուշներ` կենդանիների խրտվիլակներ, հերբարիումներ և այլ հավաքածուներ

Ֆլորայի և ֆաունայի նմուշներ

Անձրևաչափ

Մանրադիտակ և խոշորացույց

Ծանրաչափ

Էլեկտրական պարզագույն սարքեր

Հողմացույց

Օդերևութաբանական զննումների համար սարքեր (ջերմաչափներ)

 

 

Արհեստանոց թիվ 7
Տպագրական գործ՝ ստեղծագործություն, ինքնարտահայտում, հաղորդակցություն

Պարտադիր սարքավորում

Լրացուցիչ սարքավորում

Պատճենահանող սարք կամ լիմոգրաֆ

Գրամեքենա

Դպրոցական տպարան

Ըստ հնարավորություւների ձեռք են բերվում սարքավորումներ

Արհեստանոց թիվ 8
Գեղարվեստական ստեղծագործություն

Պարտադիր սարքավորում

Լրացուցիչ սարքավորում

Լինոլեումի վրա փորագրելու սարք

Նվագարկիչ

Պատեֆոն (թիվ 5 արհեստանոցից)

Ռադիոընդունիչ

Ձայնապնակներ երգել սովորելու համար

Դաշնամուր

Ձայնապնակներ ռիթմիկ վարժությունների և պարային երաժշտությամբ

Փողային գործիքներ

Տարբեր ներկերի հավաքածուներ

Ձայնագրիչ

Կավ ծեփելու համար

Թրծման էլեկտրական վառարան

Թատերական ներկայացումների համար հանդերձանք, մարիոնետներ (ըստ մեր հանձնարարությունների պատրաստել)

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեցին Կարինե Պետրոսյանը,
Թամար Ղահրամանյանը

1) Կլապարեդ - շվեյցարացի հոգեբան և մանկավարժ (1873-1940):

2) Կլոդ Բեռնար – ֆրանսիացի ֆիզիոլոգ (1813-1878)

3)Սկրիպտորիում (նոր լատիներեն՝ scriptorium, լատ. scriptor — գրիչ (գրող)), 6—12-րդ դ.դ. արևմտաեվրոպական վանքերում գրելու արհեստանոց:

4) Ֆրենեն «արհեստանոց» բառն ավելի լայն իմաստով է գործածում: Այդ բառով, ավելի շուտ, տարրական դպրոցում սովորողների գործունեության հիմնական ձևերն են արտահայտվում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.