«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 17

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Լ. Կոժուրինա
«Խոսակցություններ թվային դպրոցի շեմին»

Նատալյա Շումակովա
«Օժտված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բնական թիվը մի քանի գումարելիների գումարի տեսքով ներկայացնելը»

Լիանա Հակոբյան
«Հանոյի աշխտարակը»

Դավիթ Մինասյան
«Ցիկլային ալգորիթմներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լ. Կոժուրինա
«Արա՞գ, բա՞րձր, ուժե՞ղ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Վ. Կարակովսկի
«Դաստիարակության սահմանները»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Շ. Ամոնաշվիլի
«Դասամիջոցների մանկավարժությունը  և մանկական չարաճճությունը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ա. Խինչին (1)

Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին

Ի տարբերություն դպրոցում դասավանդվող մյուս գիտությունների՝ մաթեմատիկայի ուսումնասիրության առարկան ոչ թե անմիջապես մեզ շրջապատող աշխարհի իրերն են, այլ դրանց բնորոշ քանակական հարաբերությունները և տարածական ձևերը:  Մաթեմատիկայի այս առանձնահատկությամբ են առաջին հերթին բացատրվում այն հայտնի մեթոդական դժվարությունները, որոնց անխուսափելիորեն հանդիպում են մաթեմատիկայի ուսուցիչները, և որոնք համարյա անծանոթ են մյուս առարկաների ուսուցիչներին.  մաթեմատիկայի ուսուցչի առջև մի դժվար խնդիր կա` հաղթահարել աշակերտների գիտակցության մեջ տարրերային անհրաժեշտությամբ առաջացող այն պատկերացումը, որ մաթեմատիկան «չոր», ֆորմալ, այս կյանքից  ու առօրյայից կտրված գիտություն է: Այս մասին շատ և օգտակար բաներ կան գրված, և գիտենք, թե ինչպես են այդ խնդիրը հաղթահարում մեր դպրոցի լավագույն վարպետները:

Սակայն հիմնականում մաթեմատիկայի հենց այս առանձնահատկությամբ է բացատրվում մաթեմատիկայի այն ուսուցչի առջև ծառացած խնդիրների յուրահատկությունը, ով փորձում է այդ գիտության դասավանդումն օգտագործել դաստիարակչական նպատակներով:  Պարզ է, որ այստեղ էլ նրանց առջև ծառացած խնդիրներն ավելի դժվար են, քան ուրիշ առարկաների դեպքում:  Քանի որ այն գիտական դիսցիպլինը, որն զբաղված է ոչ թե իրերի անմիջական,  այլ նրանց միջև հարաբերությունների ուսումնասիրությամբ և անհրաժեշտաբար պահանջում է վերացարկման որոշակի աստիճան, ակնհայտորեն, շատ քիչ դեքերում կարող է սովորողների բնավորության և աշխարհայացքի ձևավորման վրա ազդելու, նրանց վարքը կանոնավորելու հնարավորության տալ ուսուցչին:  

Այն քիչը, որ գրված է այս մասին, հիմնականում առարկելու տեղիք չի տալիս:  Հիմնական դաստիարակչական ներգործության երկու լծակի մասին է խոսվում. մի կողմից նշվում է, որ մաթեմատիկային բնորոշ տրամաբանական խստությունը և մտահանգումների կուռ կառուցվածությունը կոչված են սովորողների մեջ դաստիարակելու մտածողության ընդհանուր տրամաբանական կուլտուրան, մյուս կողմից նշվում է, որ մաթեմատիկական խնդիրների բովանդակության համապատասխան ընտրության դեպքում լայն հնարավորություն է բացվում տարբեր թվերի ու տվյալների հաղորդման համար, ինչն էլ կընդարձակի սովորողների մտահորիզոնը և կբարձրացնի ընդհանուր կուլտուրական մակարդակը:  

Այս ամենն անվիճելիորեն ճիշտ է: Բայց, կարծում եմ, ամբողջը չէ: Նախ և առաջ, այստեղ բոլորովին չեն շոշափվում բարոյական դաստիարակության կարևորագույն խնդիրները, որոնց համար, ինձ թվում է, մաթեմատիկայի դասերը զգալի հնարավորություններ ունեն:  Հետո, մտածողության տրամաբանական կուլտուրայի դաստիարակության կարևոր խնդիրը, ինչին սովորաբար այդքան շատ ուշադրություն է դարձվում, այնուամենայնիվ շատ դեպքերում մեկնաբանվում է ձևականորեն, մակերեսային և ոչ բավարար հանգամանալից, բերվող օրինակները հաճախ չեն անցնում գռեհիկ շաբլոնի շրջանակը և այդ պատճառով էլ քիչ արդյունավետ են:   Վերջապես, «տեքստային» խնդիրներում բերվող տվյալների դաստիարակչական ազդեցությունը, թեև, իհարկե, պետք է լայնորեն օգտագործվի, սակայն դասի մաթեմատիկական բովանդակության հետ միայն արտաքին կապ ունի. պարզ է, որ այստեղ դաստիարակչական ազդեցություն իրականացնելու կոչված են ոչ թե բուն մաթեմատիկան, նրա օրենքները, նրա ոճը, այլ նրա հետ միայն արտաքին կապ ունեցող տվյալները, որոնք, ծանրաբեռնելով «տեքստային» խնդիրը, առանց խնդրի մաթեմատիկական բովանդակությունը փոխելու, կարող են փոխարինվել այլ տվյալներով: Ուստի հասկանալի է, որ դաստիարակչական ազդեցության այս լծակը, լինելով կարևոր և գործուն, չի կարող ուղղակիորեն չո կարող վերագրվել դպրոցում դասվանդվող մաթեմատիկային:

Բերված բոլոր դատողությունները ցույց են տալիս, որ մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության հարցը մեզանում ոչ բավարար չափով է մշակված: Ներկայացվող հոդվածն այս հարցը տեղից մի փոքր շարժելու նպատակ ունի: Այդ պատճառով հետագայում այն պահերի կարճ դիտարկում կանեմ, որոնք մաթեմատիկայի դաստիարակչական ազդեցության հնարավորությունները քննարկելիս, իմ կարծիքով, կա´մ ընդհանրապես մնացել են ուշադրությունից դուրս, կա´մ դիտարկվել են շատ մակերեսայնորեն:  

Մտքի մշակույթ

Մտածողության ճշտություն:
Մաթեմատիկայի դերը և նշանակությունը օրինաչափ և անսխալ մատածողության կարողությունների դաստիարակման գործում բոլորի կողմից այն չափով է ընդունված, որ հաճախ հանդիպում ենք այնպիսի պնդումների, թե մտքերի խիստ տրամաբանական ընթացքին վարժեցնելը մաթեմատիկայի ուսուցչի առաջին և հիմնական խնդիրն է, այնպես որ դրա համեմատ նույնիսկ սովորողներին մաթեմատիկական գիտության բովանդակության հետ ծանոթացնելը երկրորդական է համարվում (ինչը, անշուշտ, վտանգավոր շեղում պետք է համարել): Բայց հենց այն պատճառով, որ մաթեմատիկայի դասերի այս դաստիարակչական դերը շատ է ծամծմվել, հենց այս ուղղությամբ ենք լսում պատրաստի տրաֆարետներով, առանց բավականաչափ մտորելու, կազմված շատ ելույթներ: Արդյունքում ուշադրությունը բևեռվում է քիչ թվով սովորական (հաճախ ձանձրացնող), թեկուզ և կարևոր, բայց իրենց նշանակությամբ նեղ և մասնավոր հարցերի վրա, ինչպիսին է ուղիղ և հակադարձ թեորեմները տարբերելու տխրահռչակ հարցը: Ընդ որում ստվերում են մնում ավելի ընդհանուր սկզբունքային նշանակություն ունեցող հարցեր:

Կարծում եմ, որ մաթեմատիկական կրթության դաստիարակչական դերի հիմնական ընդհանրությունը, որով մեծապես պայմանավորվում են մյուսները, դաստիարակվողներին փաստարկումների լիարժեքությանը վարժեցնելն է:

Ամենօրյա կյանքում, նույնիսկ «սիրողական» (ոչ խիստ գիտական) սկզբունքային վեճերի ժամանակ, պաշտպանելով որևէ պնդում՝ սովորաբար բավարարվում ենք այդ պնդման օգտին խոսող մեկ-երկու փաստարկով:   Հակառակորդը, որպես պատասխան, կարող է մեր պնդման դեմ մի քանի փաստարկ բերել: Բայց, սովորաբար, ոչ մեկի փաստարկումները սպառիչ չեն լինում. հակառակորդները շարունակում են նոր փաստարկներ փնտրել՝  յուրաքանչյուրն իր օգտին, և վեճը շարունակվում է:

Մոտավորապես նույն ձևով են ընթանում գիտական վեճերը  գիտելիքի այն բնագավառներում, որոնք չեն դասվում ճշգրիտ կոչվող գիտությունների շարքին. իհարկե, փաստարկներն այստեղ ավելի ամբողջական են լինում, քան առօրյա վեճերի ժամանակ, բայց համարյա երբեք հնարավոր չի լինում դրանք դարձնել սպառիչ, որևէ առարկություն չհանդուրժող և հենց դրանով քննարկումը փակող: 

Մաթեմատիկայի հարցն այլ է: Այստեղ ամբողջական, բացարձակ սպառիչ բնույթ չունեցող փաստարկումը, որը հիմնավորված առարկության թեկուզ շատ փոքր հնարավորություն է թողնում, դաժանորեն համարվում է սխալ և դեն է նետվում՝ որպես որևէ ուժ չունեցող:  Մաթեմատիկայում չկան և չեն կարող լինել «կիսով չափ ապացուցված» և «համարյա ապացուցված» պնդումներ. կա՛մ փաստարկման լիարժեքությունն այնպիսին է, որ ապացուցվող պնդման ճշմատացիության մասին որևէ վեճ արդեն հնարավոր չէ, կամ փաստարկումն իսպառ բացակայում է:  

Մաթեմատիկա ուսումնասիրելիս դպրոցականը կյանքում առաջին անգամ հանդիպում է փաստարկումների լիարժեքության այսպիսի բարձր պահանջի: Սկզբում դա զարմացնում, վանում, վախեցնում է նրան, թվում է ավելորդ, չափազանց, մանրախնդիր:  Բայց աստիճանաբար, օր օրի դրան վարժվում է: Լավ ուսուցիչը շատ բան կարող է անել, որ այդ գործընթացն ավելի արագ և արդյունավետ լինի: Նա իր աշակերտներին կվարժեցնի փոխադարձ քննադատության. երբ մեկը ինչ-որ բան է ապացուցում կամ որևէ խնդիր է լուծում ամբողջ դասարանի առաջ, մնացած բոլորը պետք է լարված փնտրեն հնարավոր առարկություններ և անմիջապես արտահայտեն: Աշակերտը, ով այդպիսի առարկությունները «կդիմագրավի», իր բոլոր քննադատներին կստիպի լռել, անպայման կճաշակի հաղթանակի օրինական բերկրանքը: Միաժամանակ պարզորոշ կզգա, որ հենց փաստարկումների տրամաբանական ամբողջականությունն էր այն զենքը, որն իրեն հաղթանակ պարգևեց: Իսկ մի անգամ դա զգալով՝ կսովորի հարգել այդ զենքը և կաշխատի, որ այն միշտ իր մոտ լինի: Եվ իհարկե, ոչ միայն մաթեմատիկական, այլ ցանկացած բանավեճի ժամանակ նա ավելի շատ ու համառորեն կձգտի փաստարկների լիարժեքության: Ամեն անգամ նրա առաջ կկանգնի հակառակորդներին հնարավորինս զինաթափելու խնդիրը` ամբողջությամբ օգտագործելով փաստարկների այն պաշարը, որը հնարավոր է այդ իրավիճակում:

Այս դաստիարակչական գործընթացը վճռորոշ նշանակություն ունի մտածողության տրամաբանական մշակույթի համար, հատկապես եթե հաշի առնենք, որ սովորողը վարժվում է փաստարկների ամբողջականության նկատմամբ խիստ պահանջկոտ լինելուն ոչ միայն վեճի ժամանակ, այլ նաև սեփական մտածողության: Ամեն օր մեր աչքի առաջ հազարավոր դպրոցականների մեջ է այս պրոցեսն ընթանում: Այն անխուսափելիորեն առաջանում և ընթանում է առանց մեր հատուկ միջամտության, բայց չի նշանակում, թե իրավունք ունենք թողնելու ինքնահոսի. մեր իշխանության ներքո են և՛ դա արագացնելը, և՛ արդյունքներն ավելի լիարժեք (հարուստ ու ամուր) դարձնելը. իսկ եթե կարող ենք, ուրեմն պարտավոր ենք անել. այստեղ մանրամասնորեն քննարկելու հնարավորություն չունենք այն հարցը, թե ինչ միջոցներով կարելի է ավելի արդյունավետ հասնել այդ նպատակներին, դա արդեն մեթոդական հարց է:  
Սովորողի մտավոր զարգացման ընթացքում փաստարկումների ամբողջականության համար պայքարի ընդհանուր սկզբունքը հանգում է մի շարք իրենց ձևով տիպիկ և կոնկրետ տարատեսակների, որոնցից կարևորագույնները հիմա կթվարկենք:

Շարունակությունը

1) Ալեքսանդր Խինչինը (1894-1959) մաթեմատիկոս է, ԽՍՀՄ ԳԱ անդամ: Խորհրդային դպրոցականների և ուսանողների բազում սերունդների է  հայտնի նրա «Մաթեմատիկական անալիզի ութ դասախոսություն» գիրքը: «Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին» հոդվածը հրապարակվել է նրա «Մաթեմատիկական լուսավորություն» գրքի 6-րդ հրատարակչության մեջ (Մոսկվա, 1961թ.) և «Մանկավարժական հոդվածներ» ժողովածուում (Մոսկվա, 1963թ.):

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.