«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 17

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Լ. Կոժուրինա
«Խոսակցություններ թվային դպրոցի շեմին»

Նատալյա Շումակովա
«Օժտված երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բնական թիվը մի քանի գումարելիների գումարի տեսքով ներկայացնելը»

Լիանա Հակոբյան
«Հանոյի աշխտարակը»

Դավիթ Մինասյան
«Ցիկլային ալգորիթմներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լ. Կոժուրինա
«Արա՞գ, բա՞րձր, ուժե՞ղ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Վ. Կարակովսկի
«Դաստիարակության սահմանները»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Շ. Ամոնաշվիլի
«Դասամիջոցների մանկավարժությունը  և մանկական չարաճճությունը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Սելեստեն Ֆրենե

Նոր ֆրանսիական դպրոց

Ժողովրդական դպրոցի նյութական, տեխնիկական և մանկավարժական կազմակերպման գործնական ուղեցույց

(սկիզբը նախորդ համարում)

Տեքստ շարվածքի համար և «Հետաքրքրությունների համակարգը»

Այսպիսով՝ ամբողջ շաբաթվա աշխատանքը պլանավորված է: Մենք պլանը փակցնում ենք ցուցադրափեղկին, որը պատին՝ գրադարակների տակ, ամրացված է այնպիսի բարձրության վրա, որ յուրաքանչյուր աշակերտ աշխատանքը կատարելու հետ կարողանա իր պլանի վրա համապատասխան վանդակը նշել: Շաբաթվա ընթացքում ուսուցիչը ցանկացած պահի, պլանը նայելով, կարող է որոշել, թե ինչպես է ընթանում աշխատանքը, և շտապեցնել նրանց, ովքեր Լաֆոնտենի հայտնի առակի նապաստակի նման չափազանց երկար են պատրաստվում:

Պլանները կազմելու վրա ծախսեցինք կես ժամ, և այսօր աշակերտներին փոխհատուցում ենք՝ լրացնելով ազատ ժամանակը: Ժամը 8.30 է: Մյուս օրերին դասարանն աշխատանքը սկսում է ժամը 8-ին:

Օրն սկսվում է խմբային աշխատանքով՝ շարվածքի տեքստով, որը, այսպես ասած, ողջ դպրոցական կյանքի կենտրոնում է:

Այս աշխատանքի մեթոդիկան այսօր շատ հայտնի է. աշակերտները կարդում են տեքստերը, որ իրենք տանը կամ դպրոցում խմբով կամ անհատապես են գրել: Հետո ընդհանուր քվեարկությամբ դասարանը որոշում է, թե այդ տեքստերից որ մեկն է արժանի տպագրման:
Որքան կատարյալ դառնա մեր դպրոցը, ավելի համարձակ կներխուժի կյանք և նրա պահանջներին համապատասխան կիրականացնի իր խնդիրները: Դպրոցական արհեստանոցներում պարապմունքները կրճատելով և թողնելով միայն աշխատանքի այն տեսակները, որոնք չի կարելի (կամ շատ դժվար է) դպրոցի պատերից դուրս կատարել՝կապրենք հովվի, հողագործի, արհեստավորի, բանվորի հետաքրքրություններով և գործերով:

Սակայն ուզենք թե չուզենք, պետք է չափավորենք մեր հավակնությունները: Մեր դպրոցի կյանքը սնուցում է երեք աղբյուր: Առաջինը դպրոցամերձ հողամասում աշխատանքն է, ինչպես նաև՝ կազմակերպված զբոսանքներն ու էքսկուրսիաները: Երկրորդը աշխատանքն է դպրոցական արհեստանոցներում, որտեղ տեղական բանվորների և արհեստավորների մասնակցությունը ստեղծում է իրական կյանքին մոտիկ մթնոլորտ: Եվ երրորդը. քանի որ դպրոցի մասնակցությունը շրջապատող միջավայրի կյանքին սրանով չի սպառվում, ապավինում ենք հենց երեխաների օգնությանը, որոնք, ծանոթանալով իրենց մոտիկ աշխարհին, կենդանի և անմիջականորեն մեզ փոխանցում են իրենց դիտարկումների արդյունքները, իրենց բացահայտումներն ու տպավորությունները:

Այս երեք հենարանների վրա էլ կառուցվում է մեր գործունեությունը: Դպրոցական տպարանն օգնում է մեզ հաստատուն կերպով արմատավորելու աշխատանքի այդ ձևերը ուսումնա-դաստիարակչական գործընթացում և այդպիսով ապահովել այն կենտրոնական դիրքը, որ նա (տպարանը) արագ գրավել էր ուսուցման նորագույն մեթոդների և միջոցների շրջանում:

Իսկ ի՞նչ ենք անելու:

Իհարկե, երեխաներին տարբեր արհեստանոցներում պարապմունքների նախօրոք կազմված և գիտականորեն հիմնավորված պլան կարելի է առաջարկել: Օրինակ` այս շաբաթ հետևյալ արհեստանոցներում հետևյալ աշխատանքները պիտի արվեն, հետևյալ թեմաներով տեքստեր պիտի տպագրվեն՝ լրացնելով քարտադարանի հետ հետևյալ աշխատանքով, դպրոցից դուրս հետևյալ դիտարկումներով: Իհարկե, կյանքի բազմազանությունից վախեցող որոշ մարդկանց բավարարելու ընդունակ, ձևական տրամաբանության և կարգուկանոնի այսպիսի մթնոլորտը անցյալի դոգմատիկ և կրավորական դպրոցի համեմատ աներկբայելի առաջընթաց է: Սակայն սրանով էլ չենք հասնի ոգեղեն այն միասնությանը, որը, ուսումը ստեղծագործության հետ օրգանապես կապելով և հենց դրանով ներդաշնակ անհատ ստեղծելով, աշխատանքի կուլտուրա է ծնում:

Տարբերությունը կարող է աննշան թվալ, ընդամենը մոտիվացիա, սակայն մեզ համար դրդապատճառն ամեն ինչ է, դա ինքը կյանքն է: Ով հասել է այդ ճշմարտության գիտակցմանը, դաստիարակության իսկական նպատակներին համեմատաբար լիովին համապատասխանող մանկավարժական մեթոդներին:

Մեզ կարող են ասել, թե ընդհանուր առմամբ խոսքը հետաքրքրությունների կենտրոններ անվանումը ստացած մեթոդի մասին է: Այո, իրականում այդպես էլ կա: Եվ մենք պատրաստ ենք հաստատելու, որ միայն մեր մանկավարժական տեխնոլոգիաների շնորհիվ է հնարավոր արդյունավետ օգտագործել հետաքրքրությունների կենտրոնների ճշմարիտ մեթոդիկան: Մենք ամողջությամբ ազատագրվել ենք սխոլաստիկ ձևից, որը մանկավարժության մեջ այդ մեթոդը ձեռք էր բերել՝ սկսած Դեկրոլիից: Երեխաների լայն հնարավորությունները բավարարելու համար բավական տեխնիկական միջոցներ չունենալով` մանկավարժներն այս կամ այն չափով կամավոր իրենց ուշադրությունը կենտրոնացնում են միայն նրանցից մի քանիսի վրա:

Դա նման է այն խանութներին, որոնք սահմանափակվում են ապրանքների որոշակի տեսականիով, քանի որ գնորդների լայն և բազմազան պահանջները բավարարելու համար համապատասխան տարածության և հատուկ բաժիններ չունեն: Սակայն գնորդը այն ապրանքը փնտրելով, որն ուզում է գնել, կարող է մեկ այլ խանութ գնալ, այնինչ երեխան դպրոցում ստիպված է բավարարվել նրանով, ինչ իրեն առաջարկում են:

«Դա ավելի լավ է, քան ոչինչը»,- սփոփելու համար ասում են նրան: Բայց երեխայի համար դժվար է այդպիսի կիսամիջոցներին, իսկական կյանքի այդ խղճուկ նմանակին վարժվելը:

Մենք ավելի շատ ոչ թե հետաքրքությունների կենտրոնների, այլ հետաքրքրությունների համակարգի մասին ենք խոսում: Աշխատանքային դաստիարակության մեր դպրոցը հենց կյանքի ամենախորքում է, և նրա աշխատանքը պայմանավորված է այդ կյանքի զանազան շարժիչ ուժերով: Երեխային ընդամենը մնում է մեր խանութի բաժիններում իր ճաշակին համեմատ ապրանք ընտրել:

Հետաքրքրությունների կենտրոնների համեմատ հետաքրքրությունների համակարգի առավելությունը կասկածից դուրս է: Եթե մինչև հիմա հին մեթոդի ձևականությունից դեպի նորի կենսունակություն անցումը չի կատարվել, «տեխնիկայի» հարց է: Եթե այդ խնդիրը լուծենք, իսկ մենք համարում ենք, որ այդ ուղղությամբ նկատելիորեն առաջ ենք գնացել, ողջ մանկավարժական գիտությունը դրա հետևից գործառական դաստիարակության ճանապարհին առաջընթացի մեծ քայլ կանի:

Այժմ կփորձենք ծանոթացնել ձեզ հետաքրքրությունների նոր համակարգին:

Դպրոցական տպարանի շնորհիվ կարելի է մշտապես ձեռքը պահել երեխաների իսկական գերիշխող հետաքրքրությունների զարկերակի վրա: Սակայն աշխատում ենք չսահմանափակվել միայն այս կամ այն ազատ տեքստին ծանոթանալու շնորհիվ դրսևորված հետաքրքրություններով, քանի որ դա անհապաղ կհանգեցներ հետաքրքրությունների շրջանակի ինքնակամ նեղացմանը: Թեմայի քննարկման ընթացքում հնարավորություն ենք ընձեռում արտահայտելու սկզբնական թեմայի հետ այս կամ այն չափով կապված այլ հետաքրքրություններ և ձգտումներ:

Մենք որոշում ենք այն ուղղությունների համակարգը, որոնցով զարգանում է երեխաների իսկական կյանքը: Իսկ մանկավարժների խնդիրն է առավելագույնս օգնել նրանց` իրականացնելու իրենց ֆիզիկական, հոգևոր, ստեղծագործական ներուժը, բացահայտելու գերիշխող ընդունակությունները:

Եվ այսպես, երեխաները կարդացին իրենց տեքստերը, Դրանց վերնագրերը գրեցին գրատախտակին: Հետո քվեարկեցին և ընտրեցին հետևյալ տեքստը.

«
Ինչպես լողացա:
Նախանցյալ օրը ես, Ռենեն և Պեդրոն մարգերն էինք ջրում:
Երբ բոլորը ջրել էինք, որոշեցինք, որ մի քիչ խաղանք խողովակներով: Ռենեն միանգամից երկու խողովակով խոսում էր: Խողովակների մեջ ջուր կար: Պետրոն մյուս ծայրով լսում էր: Ռենեն փչեց, և ջուրը լցվեց Պեդրոյի դեմքին: Հետո ես ուզեցի լսել, և ջրի շիթը ուղիղ երեսիս խփեց:
Ռենեն խողովակն ամրացրեց ծորակին և ինձ ասաց. «Սեղմիր մյուս ծայրը»:
Ես դժվարությամբ ձեռքով սեղմել էի ծայրը: Հանկարծ ջուրը թռավ վրաս: Ես ամբողջությամբ թրջվեցի և շատ բարկացա: Որոշեցի Ռենեին մի լավ թրջել: Նորից սեղմեցի խողովակը, բայց, ավա~ղ, ջուրը նորից ցայտեց, և ես նորից թրջվեցի: Ա~յ թե զվարճալի էր: Անդրե»:

Մեկ անգամ չէ, որ խոսել ենք զանազան «պատմություններ» ազատ և անմիջական շարադրելու մանկավարժական առավելությունների մասին, որոնց խթանները դպրոցական տպարանը, թերթը և միջդպրոցական նամակագրությունն են. խոսել ենք այն մասին, որ երեխաներն իրենք պիտի ընտրեն թեմաները, խմբային քննարկման արժեքավորության մասին, այն ուրախության, այն հոգևոր ազատագրման մասին, որն առաջանում է, երբ երեխաներն ինքնուրույն մտածում են և տպագրական մեքենայի միջոցով կարողանում են իրենց միտքն արտահայտել, ձևավորել և փոխանցել ընկերներին:

Այստեղ մանրամասն չենք լուսաբանի այդ հարցերը. ընթերցողը կարող է անդրադառնալ մեր հատուկ գրքույկներին, որտեղ հոգեբանական, տեխնիկական և մանկավարժական հիմնավորումներ կգտնի:

Վերը մեջբերված տեքստը կարելի է քննարկել գրական տեսանկյունից և շատ թե քիչ ձևական քերականական վերլուծություն ներառել: Կարելի է նաև դիտարկել որպես գեղարվեստական ստեղծագործություն, լրամշակել ոճական առումով և հանգամանորեն նկարազարդել:

 Չանտեսելով այդ հնարավորությունները` առաջ գնանք, խորանանք, տեսնենք՝ կյանքի որ հատվածն է արտացոլում այս տեքստը, այս պահին երեխաների որ պահանջները, հետաքրքրությունները և ցանկություններն է բացահայտում, որպեսզի դրա հիման վրա ողջ դասարանի աշխատանքին համապատասխան կողմնորոշում տրվի:

Եթե դասարանը այդ տեքստը նախընտրեց գրական-գեղարվեստական գուցե և ավելի մեծ արժանիքներ ունեցող այլ տեքստերից, ուրեմն դրա մեջ ինչ-որ բան կա, որը երեխաներին հատկապես հուզում է: Պետք է գտնել այդ «ինչ-որ բանը» և օգտագործել դա:
Նախօրոք ոչինչ չձևակերպելով` դա փնտրենք աշակերտների հետ:

Մեր տեքստն առնչվում է երկու հիմնական «հետաքրքրությունների»`

1.աշխատանք բանջարանոցում.

2.բնության օրենքները և նրանց գործածումը:

Այս հարցերից յուրաքանչյուրով կարելի է գտնել՝

ա) հնարավոր աշխատանքներ - խաղեր հաղորդակից անոթներով, պոմպով և ջրցանով,

բ) լրացուցիչ աշխատանքներ - խաղեր, մանավանդ փոքրերի համար, օդմուղ ատրճանակով, ջրցան ատրճանակով, ինչպես նաև այդ թեմայով երգեր, հանելուկներ, առածներ,

գ) գիտելիքներ` բանջարանոց, ոռոգում, ոռոգման պատմություն, պոմպեր:

Առաջնորդվելով այս ամենով` մենք զարգացնում ենք հետաքրքրությունների համակարգը:

  • Ինչո՞ւ էր Ռենեն խոսում խողովակների մասին: Նա, երևի, հիշել է մանկական «թելով» հեռախոսը: Իսկ ի՞նչ կլինի, որ այդպիսի հեռախոս սարքենք և տեսնենք, թե ինչպես է աշխատում: Կարող ենք պարզել, թե ինչպես է տարածվում ձայնը, ինչպես է փոխանցվում փողերով և լարերով: Փորձեր անենք ձայնի տարածման վերաբերյալ:Այսպիսով, գրենք պլանը գրատախտականին:
  • Երբ Ռենեն փչեց, ինչո՞ւ ջուրը թափվեց Պեդրոյի դեմքին: Օդի ճնշում, ջրի ճնշում, պոմպի կառուցվածքի սկզբունք... Եկեք օդամուղ հրացան սարքենք, որն օշինդր է կրակում, և իսկական պոմպ... Գրեցե՛ք:
  • Ի՞նչ է լինում ջուրը, երբ փողրակը հագցնում ենք ծորակին: Հաղորդակից անոթներ: Ջրմուղ խողովակներ:
  • Ի՞նչ էին ջրում երեխաները: Բանջարեղեն: Ինչո՞ւ են ջրում բանջարեղենը: Դուք ոռոգո՞ւմ եք կաշվե փողրակով, վաղո՞ւց են այդ ձևով ոռոգում: Էքսկուրս դեպի ոռոգման պատմություն:

* * *

Այսպիսով, մեր առջև բավական հետաքրքիր հնարավորություններ կան: Չվախենանք դրանց քանակից և բազմազանությունից: Սակայն պետք է ընտրություն կատարել: Դա պայմանավորված է ինչպես աշխատանքի ամսական պլաններով ճշգրտված ուսումնական ծրագրերով, այնպես էլ երեխաների գերիշխող հետաքրքրություններով: Պատշաճ պայմաններում դժվար չէ այդ 2 գործոնները միացնել:

Մեր պլանները գրված են գրատախտակին.

Աշխատանքը արհեստանոցներում

Մտավոր գործունեություն

Պատրաստել օդաձիգ հրացան (օշինդր բերել)
Պատրաստել պոմպ (դրա համար խողովակներ գտնել)
Պատրաստել լարավոր հեռախոս և որոշել ձայնի տարածման արագությունը
Հաղորդակից անոթներով փորձեր և դրանց գործնական կիրառումը

Ոռոգման պատմությունը. քարտարանում համապատասխան տեղեկություն գտնել
Ջրի և ձայնի ճնշումը
Հեռախոսի և հեռագրի պատմությունը

Ունենք յոթ առաջադրանք, որ պետք է բաժանել երեխաների միջև: Եթե ինչ-որ աշխատանք ոչ մեկը չի ցանկանում, պետք չէ պնդել, ավելի լավ է այն հետաձգել: Ժամանակի ընթացքում անպայման բարենպաստ պահը կգտնվի:

Այս առաջադրանքները պետք է կատարվեն օրվա ընթացքում, իսկ երեկոյան աշակերտները նրանց կատարման մասին հաշվետվություն են տալիս: Երեխաները կարող են աշխատել և՛ խմբերով, և՛ անհատապես: Դա կախված է իրենցից, առաջադրանքի բնույթից, կատարման պայմաններից. չի կարելի խառնվել նրանց պարապմունքներին, երեխաներին պետք չէ պարտադրել որոշակի եղանակներ և միջոցներ: Աշխատանքը ավարտվում է «Փորձերի և զննումների տետրում» կարճ հաշվետվությամբ: Ֆիզիկական աշխատանքի հետ կապված առաջադրանքները անհրաժեշտության դեպքում կարող են բաժանվել մի քանի օրերի:

Քննարկման ընթացքում ծագած հարցերի ուսումնասիրության ժամանակ երեխաներից մեկը հատկապես հետաքրքրվեց դրանցից մեկով. դա կարող է դառնալ նրա զեկուցման թեման:

Այսպիսով, ելնելով հենց կյանքից՝ ընդլայնում ենք մեր հետաքրքրությունների համակարգը:

Սակայն շարվածքի համար տեքստերում արտահայտված թեմաներով չենք սահմանափակվում: Ուրիշ են ալիքներ են ծեծում մեր դպրոցի պատերը. կան տեքստեր, որոնք շարվածքի համար նախատեսված չեն, սակայն բացահայտում են երեխաների` ուշադրության արժանի ոչ պակաս որոշակի հետաքրքրություններ: Այ, օրինակ` շատ կարևոր մի բան է տեղի ունեցել... Պատմական ինչ-որ իրադարձություն է, որը չի կարելի արհամարհել... Հարց է, որն անհապաղ պետք է տալ այլ դպրոցների մեր ընկերներին... Հետաքրքիր աշխատանքի համար շատ նոր հնարավորություններ են առաջանում: Եթե դա շտապ չէ, և այսօրվա համար դեռ շատ առաջադրանքներ կան, առայժմ բավական է դրանք մեր նոթատետրում գրառելով: Սակայն եթե աշակերտներից մեկը կամ մի քանիսը հատկապես հետաքրքրվել են լրացուցիչ որևէ թեմայով, պետք է այն ցուցակ մտցնել: Ծայրահեղ դեպքում այդ առաջադրանքը պետք է պահեստային համարել:

Ի միջիայլոց, խոսենք նոթատետրի մասին, որը հենց նոր հիշատակեցինք: Դա մեր նոր դպրոցի կարևորագույն դետալներից է. նոթատետրն ուսուցչի սեղանին նույնքան անհրաժեշտ է, որքան գործարանի տնօրենի առանձնասենյակում:

Դա մի օրագիր է, որի յուրաքանչյուր էջը համապատասխանում է որոշակի օրվան: Կարող է կազմված լինել 13,5 x 21 սմ չափի թերթերից և մեր դպրոցական մանկական գրքույկների նման կարված (ծայրահեղ դեպքում կարելի է հասարակ տետր վերցնել):

Մեր նոթատետրի էջերում գրում ենք`

  1. ինչ թեմաներ են արժանի առանձին զեկուցման համար.
  2. ինչպիսի աշխատանքներ են առաջարկվում արհեստանոցներում.
  3. ուրիշ էլ ինչով կցանկանային զբաղվել աշակերտները.
  4. որ արհեստավորի արհեստանոցը արժե հաճախել.
  5. ինչ կցանկանային արտադրել ավագ աշակերտները.
  6. մեծահասակներից ում կարելի է հրավիրել դպրոց և խնդրել՝ պատմի իր աշխատանքի մասին:

Շաբաթ երեկոյան կամ երկուշաբթի առավոտյան այս բոլոր առաջարկությունները քննարկվում են դասարանի կողմից և երեխաների այլ հետաքրքրությունների հետ կարող են տեղ գտնել աշխատանքի պլաններում:

Սակայն նոթատետրի նշանակությունը սրանով չի սահմանափակվում: Արժե ավելի մանրամասն խոսել նրա այլ գործածության մասին: Բոլոր աշակերտները կարող են նոթատետրի էջերում գրել հարցեր, որոնք ծագում են, և որոնց պատասխաններն ուզում են ստանալ: Այդ հարցերին դեռ կանդրադառնանք: Այստեղ նշենք միայն, որ այս պրակտիկան թույլատրում է մեզ բավարարել բնական մանկական հարցասիրությունը` դասարանի կյանքը և աշխատանքը նրանց անվերջ «Ինչո՞ւ» և «Ինչպե՞ս» հարցերով այնքան չբարդացնելով: Մեր կանոնն է. «Նոթատետրում կգրես, պատասխանը կստանաս»:

Այսպիսով, բոլոր բնագավառներում որոնում և գտնում ենք տարբեր աշխատանքի հնարավորություններ, որից հետո մնում է միայն ընտրել՝ որոնք են մեր նպատակներին ավելի համապատասխան:

Այդ մեթոդական փնտրտուքը դպրոցի նոր կյանքի հիմնական բաղկացուցիչներից է: Դա ոչ միայն համապատասխանում է դաստիարակության պահանջներին, այլև մշտապես խթանում է երեխաների հետաքրքրասիրությունը, հենց այն հետաքրքրասիրությունը, առանց որի դաստիարակությունը մակերեսային և ձևական կլիներ:

* * *

Հետաքրքրությունների համակարգը բացահայտել ենք. դրա հոգեբանական և մանկավարժական արժեքը կասկածից վեր է:

Այժմ ամենադժվարն է՝ այդ համակարգից գլուխ հանելը: Խնդիրը ձևակերպված է, մնում է այն լուծել:

Ավանդական դպրոցի մանկավարժները պնդում էին, որ գործնականում հետաքրքրության խնդիրն անհնար է լուծել: Այդ իսկ պատճառով առաջարկում էին ինչքան հնարավոր է խուսափել դրանից: Դպրոցն այդպես էլ վարվում էր` անջրպետվելով կյանքից, ճնշելով երեխայի ինքնարտահայտման պահանջը, նրա ֆիզիկական և մտավոր աշխատանքը սահմանափակելով սխեմատիկ խնդիրների կամայական նեղ շրջանով, որոնց պատասխանները նախօրոք հայտնի էին: Ո՛չ շոշափելով իմացության և ո՛չ էլ պատահական հայտնագործությունների ու ձեռքբերումների համար տեղ անգամ չէր մնում:

Ուսուցչի հեղինակությունն անխախտ էր, կարգապահությունը` անսասան... սակայն երեխաների աշխարհընկալմանը անուղղելի վնաս էր հասցվում:

Մենք կարող ենք գործել հետաքրքրությունների համակարգին համապատասխան, քանի որ նախօրոք դրա համար անհրաժեշտ մեթոդիկա ենք մշակել:

Հակառակ այն խանութպանների, որոնք, բավարար տեխնիկական միջոցներ չունենալով, կրճատում են ապրանքի տեսականին, ժամանակակից խանութների տերերը ավելի շատ դռներ ու պատուհաններ են դնում խանութում, մեծացնում են շենքը, լայնացնում միջանցքները, սարքավորում նոր բաժիններ, վերելակներ, կարգավորում մատակարարումը, տեսակավորումը, հաշվառումը: Նրանք գնորդներին առաջարկում են ապրանքների լայն տեսականի, որից յուրաքանչյուր ոք կարող է ընտրել` ինչ իրեն հարմար է: Միայն թե հաճախորդը գլուխը չկորցնի այդպիսի բազմազանությունից:

Մենք ևս մեր դասարանը նորովի սարքավորել ենք, նոր գործիքներ ստեղծել, կարգավորել ենք մատակարարումը, տեսակավորումն ու հաշվառումը և, բնական է, հաջողության հասնելու հույս ունենք:

* * *

Ինչպե՞ս է հետաքրքրությունների համակարգով իրականացվում աշխատանքը մեր դպրոցում:

Եվ այսպես, այսօր երկուշաբթի է: Տեքստերի ընթերցանության, քվեարկության, հետաքրքրությունների ուսումնասիրության և առաջադրանքների բաշխման վրա ծախսում ենք 30-40 րոպե: Ժամը ինն է կամ 9:10: Շաբաթվա մյուս օրերին դա կվերջանա 8:30 - 8:40 (դա և՛ տեքստերի քանակից, և՛ դրսևորված հետաքրքրությունների բազմազանությունից է կախված): Մեր բրոշյուրներում շարադրված մեթոդիկային հետևելով` ընտրված տեքստն օգտագործում ենք զուտ ուսումնական նպատակներով` քերականական վերլուծություն, նոր բառապաշար, բայերի խոնարհում և այլն:

Հիմա իսկապես պատրաստ ենք հիմնական աշխատանքին: Այն սկսվում է 9:15 (մյուս օրերին` 8:45):

Համաձայն սահմանված հերթականության` նշանակվում են գրաշարները. նրանցից յուրաքանչյուրն ստանում է տեքստի իր բաժինը: Գրատախտակին գրվում են օրվա առաջադրանքները և նրանց անունները, ում հանձնարարված են այդ առաջադրանքները. այդ ամենը որոշվել է տեքստի քննարկման ժամանակ: Կոլեկտիվ աշխատանքն առայժմ ավարտված է: Աշակերտները մեկ-մեկ կամ խմբերով անցնում են իրենց պարապմունքներին: Ինչպես տեսնում եք, նրանք չեն անում՝ ինչ խելքներին փչում է, այլ կատարում են ուսուցչի հանձնարարած կամ աշխատանքային պլանում ներառված որոշակի առաջադրանքներ:

Խոսելով մեր մեթոդիկայի մասին` միշտ հանձնարարել ենք, որ աշակերտները տետրերում արտագրեն տեքստը և ձևավորեն: Դա շատ օգտակար է զուտ ուսումնական նպատակներով. երեխան վարժվում է տեքստը քննության ենթարկելուն, ինչ-որ չափով վերապրում է նրա մեջ նկարագրված դեպքերը, ինչպես նաև սովորում է գեղեցիկ գրել ու նկարել: Հասկանալի է, որ օգտակար է այն արտահայտությունների արտագրությունը, որոնք իր աչքի առաջ են ծնվել, որոնք ինքն անձամբ քերականորեն և տրամաբանորեն վերլուծել է: Սակայն լեզվի յուրացման որոշակի փուլում արտագրությունը սովորական վարժություն է դառնում, որից աշակերտը հնարավորին չափ արագ փորձում է ազատվել, ուստի ավագ սովորողներին այդ աշխատանքը հարկավոր չէ:

Նախապատրաստական, տարրական և միջին բաժինների սովորողներն արտագրում են տեքստը և նրան համապատասխան նկարներ նկարում: Եթե համարում ենք, որ որոշ աշակերտներ ավելի հետաքրքիր աշխատանք ունեն, ապա նրանց համար տեքստի արտագրությունը պարտադիր չէ:

Մինչև այժմ դասարանը տարիքային խմբերի չենք բաժանել: Տեքստերի կազմումն ու քննարկումն անհրաժեշտ է ինչպես մեծերին, այնպես էլ փոքրերին: Պետք է միայն հետևել, որ առաջադրանքների բաշխման ժամանակ յուրաքանչյուրն իր հնարավորություններին համապատասխան առաջադրանք ստանա, առանձին դեպքերում ամենակրտսերներին օգտակար է ավելի ավագների հետ աշխատելը: Փորձը ցույց է տվել, որ նախապատրաստական և տարրական բաժինների աշակերտներին հետաքրքրում են միայն դասարանի կյանքի հետ անմիջական կապ ունեցող տեքստերը:

Այն դեպքերում, որ տեքստերը կրտսերների համար չափազանց դժվար են լինում, վերջիններս օրն սկսում են ազատ թեմայով նկարելուց: Այն բանց հետո, որ մեծերն առաջադրանքներ են ստանում, սկսում եմ պարապմունքները փոքրերի հետ. ընթերցում ենք կամ միասին կազմում ենք ազատ տեքստեր, նոր բառերի, քերականական վերլուծություն ենք անում, քննարկում ենք տեքստն այնպես, ինչպես և մեծերի հետ, հետո աշակերտները շարում են (միայն թե ավելի խոշոր տառերով), արտագրում են և նկարազարդում, իսկ ճաշից հետո տեքստերը տպում են «Հրատարակություն մանուկների համար» հատուկ թերթի համար:

Այն ժամանակ, որ ավագ խմբերն զբաղվում են իրենց աշխատանքով, ազատ ենք փոքրերի հետ պարապելու համար. այստեղ մեթոդիկան հենց այն է, ինչ մանկան պարտեզում: Որոշ դեպքերում մեզ օգնում է «դաստիարակը»` ավագ խմբի աշակերտներից մեկը:

Եվ ահա նախապատրաստական ու տարրական բաժինների աշակերտների կոլեկտիվ աշխատանքը նույնպես ավարտված է. այժմ նրանց մի մասը տեքստն է արտագրում, մյուս մասն անմիջապես անցել է քարտերով աշխատանքին, որոշելով տեքստին ավելի ուշ անդրադառնալ, երրորդներն արտագրում են նոր բառերը, որոնց ցանկը կազմվել է տեքստի վրա աշխատելիս, կամ տեքստում հանդիպած բայերն են խոնարհում: Յուրաքանչյուրը գիտե, թե ինչ պիտի անի և ինչքան ժամանակ ունի դրա համար. դա բավական է հաջող աշխատանքի համար:

Դպրոցը գործունեության մեջ

Այժմ տեսնում եք մեր դպրոցի գործունեությունը՝ կարգապահությունը, աշխատանքով ծանրաբեռնված լինելը, ջանասիրությունը, կենտրոնացումը, կարգ ու կանոնը, համախմբվածությունը, երեխաների հետաքրքրությունների բազմազանությունն ու բարդությունը և նրանց հաջող ուսուցումը:

Սակայն ողջ կոլեկտիվի գործունեության շրջանակում յուրաքանչյուր աշակերտի աշխատանքի այս մանրակրկիտ կազմակերպումը ուսուցման նոր մեթոդիկայի ընդամենը մեկ, թեև գլխավոր տեսանկյունն է: Անհրաժեշտ է նաև հասնել նրան, որ երեխաներն իրենց առաջադրանքը կարողանան կատարել առանց չափազանց դժվարանալու, կուրորեն չխարխափելով: Աշխատանքը բավական հաջող պիտի ընթանա, որպեսզի անընդհատ պահպանվի խանդավառությունը, որպեսզի սովորելու ցանկությունը չկորչի:

Մեր մեթոդիկայի առաջին տեսանկյունը մատչելի է յուրաքանչյուր, անգամ ամենաավանդական դպրոցին: Դուք կարող եք գյուղական խեղճ հյուսնին առաջարկել դժվարին և նուրբ աշխատանք, որը նրան կհետաքրքրի. մարդն իր գործը գիտե, և նրան կթվա, որ ի վիճակի է առաջադրանքը կատարելու: Սակայն եթե ձեռքի տակ համապատասխան սարքավորումներ և գործիքներ չունենա, ապա նրա բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն: Սարքավորումների պակասը կփորձի իր հմտությամբ և ոգևորությամբ լրացնել, սակայն, ավա~ղ, անհաջողության կմատնվի, և հնարավոր է, ընդմիշտ կորցնի հավատն իր նկատմամբ և խանդավառությունը:

Եթե մեր ներկայացրած խնդիրների իրականացման համար դպրոցը տրամադրության տակ միայն ավանդական «գործիքներ», այսինքն՝ տետրեր, գրիչներ, դասագրքեր, ունենար, ապա նույնքան անօգնական կդառնար, ինչքան այն ձախորդ հյուսնը: Որպեսզի մեր մեթոդիկան միայն թղթի վրա չլիներ, այլ իրագործեր գլխավոր նպատակը, այն է` երեխայի աշխատանքն ինչքան կարելի է ավելի արդյունավետ դարձնել, դաստիարակության մեր ամբողջ համակարգը կառուցվում է նյութական և տեխնիկական ամուր հիմքի վրա:

Եթե դպրոցում իր նշանակությանը բավարար չափով համապատասխանող շարող մեքենա չունեք, ապա ազատ տեքստեր կազմելու և դպրոցական թերթեր տարածելու մասին անիմաստ է մտածելը (ճիշտ է, լիմոգրաֆը ինչ-որ չափով կփոխարինի շարող տեխնիկային): Այս դեպքում ձեր դպրոցը կմնա միջնադարյան մակարդակի, այն տարբերությամբ միայն, որ սագի փետուները փոխարինվել են պողպատե փետուրներով:

Եթե ձեր դպրոցում աշխատանքային փոքրիկ գրադարան և բավականաչափ մեծ քարտարաններ չկան, որոնց միջոցով երեխաներն ուսումնասիրվող թեմաներով արագ ինֆորմացիա կարող են գտնել, մեր մեթոդիկայով աշխատել չարժե անգամ փորձել: Տեսնելով անհրաժեշտ նյութական, տեխնիկական միջոցների բացակայությունը` երեխաները գիտակցում են իրենց անզորությունը, արագ կորցնում ուսման նկատմամբ հետաքրքրությունը, և դուք նրանց հետ միասին կսկսեք նյարդայնանալ և լարվել: Այսպիսի ուսման մեջ լավը շատ չի կարող լինել: Այդ դեպքում ավելի լավ է հետևել դպրոցական դասագրքերին կամ հետաքրքրությունների կենտրոնի մեթոդիկային, չնայած այստեղ էլ տեխնիկայի պակասը մեծ խոչընդոտ է, որն այդ մեթոդի ստեղծողները հաշվի չեն առել:

Եթե հատուկ գործիքներ չկան, մի՛ փորձեք փորագրություններ անել. մի՛ ստիպեք երեխաներին նրբատախտակ սղոցել, եթե աշխատանքի անհրաժեշտ միջոցներ չկան: Եթե ատաղձագործական, մետաղագործական և այլ արհեստանոցային աշխատանքների համար գործիքների նվազագույն քանակ չունեք, պետք չէ համապատասխան առաջադրանքներ տալ երեխաներին` նրանց նախօրոք անհաջողության դատապարտելով: Պատկերացրեք, որ ցանկացողներին ուղարկել եք բանջարանոցը փորելու, սակայն նրանց ո՛չ բահ կարող եք տալ, ո՛չ էլ բրիչ: Նույնքան էլ անհեթեթ է, որ ավագ աշակերտներն առանց անհրաժեշտ սարքավորումների և գործիքների ֆիզիկայից և քիմիայից փորձեր դնեին: Ավելի լավ է անմիջապես վերադառնալ դասագրքերին, տեսական նյութի չոր և միայն խոսքային շարադրանքին՝ առավելագույնը ուսման պատրանք ստեղծող այդ խաբուսիկ-հանգստացնող մեթոդին, և ավելի լավ ժամանակների սպասել:

Ընդգծում ենք այս ճշմարտությունները, որոնց նշանակությունը շատ հեշտ հասկանում է յուրաքանչյուր գործող մանկավարժ: Խոսքը դաստիարակության մեր ողջ համակարգի՝ մատերիալիստական հիմքին դառնալուն է վերաբերոմ: Երբեք չենք ասի. «Ազատ տեքստերի մեթոդիկա կիրառե՛ք», այլ խորհուրդ կտանք. «Ձեր դպրոցի համար շարող մեքենա գնե՛ք կամ ծայրահեղ դեպքում լիմոգրաֆ` անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Դաստիարակչական պրոցեսն այդպես կտանեք այն ուղով, որը առանց այդ գործիքների պարզապես անհնար է: Իսկ մենք բոլոր անհրաժեշտ հրահանգները տալիս ենք»:

Չենք ասի. «Տեքստերի կենդանի քննարկման ճանապարհով իրականացրեք հետաքրքրությունների համակարգի մեթոդը»: Մեր խորհուրդն այսպես կհնչի. «Աշխատանքային փոքրիկ գրադարան և քարտարաններ ստեղծե՛ք և անընդհատ լրացրե՛ք, զբոսանքներ և էքսկուրսիաներ կազմակերպե՛ք, կոկի՛կ պահեք բառարան-կատալոգը: Այդ դեպքում ձեզ կհաջողվի հնացած սխոլատիկ մեթոդիկայի քարացած, ձևական շրջանակները քանդել»:

Չենք ասի. «Դասավանդումը հետաքրքի՛ր դարձրեք՝ տեղեկատվության և փորձարարության վրա հենվելով», այլ կոնկրետ խորհուրդներ կտանք. «Սարքավորե՛ք փորձարարական լաբորատորիա, տեղեկատվական քարտարան ստեղծե՛ք, ձե՛ռք բերեք անհրաժեշտ գործիքներ և ձեռնարկներ, որոնցով երեխաները կարողանան ինքնուրույն աշխատել: Ուսուցման նոր՝ միակ իսկական գիտական և ռացիոնալ տեխնիկան ընդմիշտ դուրս կմղի դասագրքերը՝ իրենց շատախոսությամբ և նյութի վերացարկված շարադրանքով»:

«Երեխանե՛ր, զբաղվե՛ք ֆիզիկական աշխատանքով» կոչի փոխարեն կասենք. «Ինչպես հարկն է, սարքավորե՛ք արհեստանոցները: Ինքներդ կտեսնեք, թե ինչ ճարպկությամբ են երեխաներն օգտվում գործիքներից, որ տրամադրում եք նրանց, որպեսզի արդյունավետ իրականացնեն իրենց ստեղծագործական ձգտումները, ցուցաբերեն բնատուր կարողությունները»:

Մտավոր, բարոյական, սոցիալական տեսանկյուններից՝ դաստիարակության գործունեությունը չի որոշվում միայն դաստիարակի անձով կամ այս կամ այն մեթոդի ամենազորությամբ: Այն կախված է սարքավորումներից, որոնցից օգտվում ենք, նրանց կատարելությունից և աշխատանքի տեխնիկական կազմակերպումից:

Եթե ձեր տպարանը վատ կամ նույնիսկ միջակ է աշխատում, երեխաները բավականություն չեն ստանա, կհոգնեն և կսկսեն գրգռվել: Դուք ստիպված կլինեք միջամտել, սակայն դա գործին էլ չի օգնի: Այլ կարևոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ժամանակը իզուր կկորցնեք: Այդտեղից էլ՝ ընդհանուր նյարդային վիճակը, խառնաշփոթը, անկարգությունը:

Եթե բավական հագեցած քարտարան չունեք, կամ քարտերն անփութորեն են շարված, աշակերտներն անհրաժեշտ տեղեկություններ չեն կարող գտնել, և աշխատանքը կվերածվի «բազմագիտակությանն» ուղղված խնդիրների շարքի: Դա երեխաների ուժերից վեր կլինի, նրանք կսկսեն ջղայնանալ, վիճել, անկարգություն կլինի, ուսուցիչների և աշակերտների ժամանակի անիմաստ կորուստ:

Մենք երկար ու դժվարությամբ, շոշափելով ենք փնտրել ճշմարիտ ճանապարհը, ուստի գիտենք, թե, օրինակ, մանկական առաջին տպագիր գրքի համար ինչքան կարևոր է այնպիսի մի անկարևոր դետալ, ինչպիսին կազմն է, և ինչքա~ն թեթևություն զգացինք, երբ վերջապես հասարակ և գործնական եղանակով այսպիսի կազմ կարողացանք պատրաստել:

Նույն բանը աշխատանքի բոլոր տեսակների մասին կարելի է ասել: Չի կարելի մոռանալ, որ խանութի տերը, համապատասխան նյութական բազա չապահովելով՝ մեծացնելով ապրանքների տեսականին, անկասկած անհաջողության կմատնվի. մատակարարումը կարգավորված չէ, առաջարկվող ապրանքները կասկածելի որակ ունեն, գերլցված դարակներում վաճառողները պահանջվող ապրանքն են փնտրում ապարդյուն: Կարգուկանոն չկա, վաճառողները նյարդայնանում են, բաժինների վարիչները հանդիմանում են , գնորդները դժգոհ են, մի խոսքով` լրիվ ձախողում է:

Այնինչ հենց նյութական և տեխնիկական հագեցվածությունն է թույլատրում մեզ լուծել դասարանի կարգապահության խնդիրը: Այսօր դա արդեն հայտնի, հոգեբանորեն հիմնավորված փաստ է. եթե երեխան կարող է զբաղվել նրանով, ինչ ֆունկցիոնալ աշխատանք-խաղ ենք անվանում, եթե դա երեխայի բնական հետաքրքրասիրությունը, ֆիզիկական աշխատանքի պահանջը կարող է բավարարել, նրան ուժ և հոգեկան հավասարակշռություն կտա, ուրեմն մեր մեխանիզմի բոլոր անվակներն անվթար պտտվում են: Եթե ընդհատում է լինում, նշանակում է, էլի մեխանիկի լեզվով ասած` ինչ-որ տեղ «անսարքություն» կա, ինչ-որ դետալ շարքից դուրս է եկել կամ վատ է աշխատում: Փորձենք հնարավոր անսարքությունների թիվը նվազագույնի հասցնել, և այդ դեպքում կմնան միայն փոքրիկ թյուրիմացություններ` երեխաների հիվանդագին անհավասարակշռության պատճառով ծագող, որոնց, բնական է, անհրաժեշտ է ոչ միայն ուսում, այլ նաև մաքուր օդ, առողջ սնունդ և հոգածություն իրենց ֆիզիկական զարգացման մասին:

Այդպիսի պայմաններում ուսուցչի բանիմացությունն ու արհեստավարժ որակները պակաս կարևոր են դառնում, թեև իրենց նշանակությունը լիովին չեն կորցնում: Ավանդական դպրոցն ուսուցչից չափազանց շատ էր պահանջում, նույնիսկ ոչ այնքան արհեստավարժ հմտություններ, որքան որոշակի անձնային և հոգեկան որակներ, որոնք մարդն այնքան էլ հեշտ ձեռք չի բերում. դա հանգստությունն է, կարգապահությունը, ինքնավստահությունը, ինտուիցիան, համբերությունը, ինքնատիրապետումը, անձնվիրությունը, հավատարմությունը… և սերը: Իսկ քանի որ ուսուցիչները սովորական մարդ են, և միայն քչերն ունեն բոլոր այդ որակները, որ նրանց մասնագիտության համար հիմնական են համարվում, ապա մանկավարժության ամբողջ շենքը խարխլվում է, ուսուցիչներն անօգնական են մնում, ձեռքերը կախ են ընկնում, գլորվում են միջակության և հնամոլության գիրկը, ինչքան էլ ցավալի է:

Իսկ մենք ուզում ենք ամուր և հաստատուն շենք կառուցել` ելնելով իրականությունից, դրա համար կազմակերպման ավելի ռացիոնալ ձևեր, միջոցներ և մեթոդներ ենք փնտրում, որոնք դաստիարակչական լավագույն արդյունքը կտան, անգամ եթե ուսուցիչները սովորական մարդ են մնում, այսինքն` միշտ չեն հանգիստ և բավականաչափ համբերատար, իմաստուն չեն: Չնայած նրանք ընդունակ են անմնացորդ նվիրվելու իրենց գործին, սակայն հազվադեպ են հասնում երեխաների հետ ամբողջովին միավորմանը, և բնավ միշտ չէ, որ վայելում են նրանց սերը: Ամենևին չենք ցանկանում ժամանակակից ուսուցիչներին նվաստացնել, սակայն իրականությունից են ելել: Հասկանալի է, որ մեր համակարգում լավ մանկավարժները, որոնց ըստ արժանվույն գնահատում ենք, շատ ավելի լավ կաշխատեն և ավելի շատ հաջողության կհասնեն: Բայց բացառիկության, ցանկալի իդեալական որակների վրա չենք դնում մեր հույսը. մեր մանկավարժական տեխնիկան յուրաքանչյուրին է մատչելի: Առաջնահերթ նշանակություն ենք տալիս դպրոցը նոր սարքավորումներով զինելուն, դրանց գործածության տեխնիկային, աշխատանքը կազմակերպելուն, այսինքն` այն ամենին, ինչ որ երեխաներին թույլ է տալիս առավելագույն արդյունքով աշխատելու: Դրա համար ուսուցչի որոշակի օգնությունը պետք է, սակայն գլխավորն այն է, որ նա չխանգարի երեխաների դժվար որոնումներին, ինքնուրույն գործելու նրանց ձգտումներին: Միջավայրի որոշիչ նշանակությունը մարդու կյանքի և զարգացման համար ժամանակակից բժիշկներն ավելի ու ավելի են գիտակցում: Երեխաների համար գործառական մանկավարժական միջավայր է անհրաժեշտ ստեղծել: Դպրոցի նորացման անհրաժեշտությունը տեսաբանների բոլոր ճամարտականություններից ավելի լավ ապացուցում են մեր գործնական հաջողությունները, ինչ և անում ենք:

* * *

Սովորական օրերին, բացի երկուշաբթիից, տեքստի նախապատրաստումը, նրա քննարկումն ու առաջադրանքների բաժանումն ավարտվում է մոտավորապես 8.40-ին: Ավագ դպրոցականներն անցնում են գործի, իսկ ես զբաղվում եմ նախապատրաստական և տարրական խմբերի հետ: Նրանց հետ տեքստի նախապատրաստման ու աշխատանքի վրա ծախսվում է ևս կես ժամ, մինչև 9.10:

Իսկ ինչպե՞ս է մեր դպրոցի աշխատանքը կազմակերպված տվյալ պահին:

Հինգ ավագ աշակերտներ սովորական տառատեսակով հավաքում են տեքստը, նախապատրաստական և տարրական բաժինների չորս աշակերտներ փոքրերի համար հավաքում են տեքստը հատուկ, ավելի մեծ տառերով, նախապատրաստական և տարրական բաժինների մյուս աշակերտներն արտագրում են տեքստը կամ կատարում նրա հետ կապված լրացուցիչ առաջադրանքներ: Միջին բաժնի 2 աշակերտ այսօրվա տեքստի ձևավորման համար փորագրություն է պատրաստում: Քարտարանի պատասխանատուն հերթապահների օգնությամբ ըստ թեմաների արկղից հանում է քարտերը, որոնք այսօր պետք է ուսումնասիրվեն:

Ժոզեֆն այսօր երեկոյան «Ջեռուցման պատմությունը» թեմայով զեկուցում ունի: Նա նստել է անկյունում` քարտարանների և գրքերի հետևում համարյա թաքնված, լուրջ, ինչպես իսկական պրոֆեսոր, և իր զեկուցման վերջնական տեքստն է մշակում: Նա շտապում է, որովհետև ցանկանում է մեքենագրել և մինչև ճաշը նյութերը կախել հատուկ ցուցադրափեղկին, որպեսզի բոլորը կարողանան կարդալ և զեկուցման հիմնական դրույթներին նախօրոք ծանոթանալ:

2 աշակերտ գյուղ է գնացել: Նրանք պատրաստվում են հին տների ճակատների տարեթվերն ու գրությունները կարդալ և իրենց հետագա աշխատանքի համար արտագրել դրանք:
Մնացածները աշխատում են ինքնահսկման քարտերով:

Որպես կանոն` զուտ ֆիզիկական աշխատանքը թողվում է օրվա երկրորդ կեսին: Սակայն չենք առարկում, եթե աշակերտներից մեկը առավոտից գնա արհեստանոց, որպեսզի սկսի կամ շարունակի իր համար հետաքրքիր, պլանով նախատեսված աշխատանք:

Իսկ ի՞նչ է անում ուսուցիչը: Սկզբում լսում է, թե գրատախտակին գրված տեքստն ինչպես են բարձրաձայն կարդում փոքրերի խմբերի այն աշակերտները, որոնք մտքում կարդալուն դեռ չեն վարժվել: Հետո նա օգնում է բոլոր մյուսներին: Հատկապես օգնում է, ոչ թե վերահսկում, վիրավորում, նախատում, պատժում: Նա հետևում է տպարանի աշխատանքին և կարող է օգնել հավաքելու տեքստը սկսնակներից որևէ մեկին, որն այդ աշխատանքը բավարար չի յուրացրել. օգնում է քարտարանից ընտրել անհրաժեշտ քարտերը և տալիս է մի քանի պարզաբանող խորհուրդ, թե դրանցով ինչպես աշխատեն. մեկ րոպե նստում է զեկուցողի կողքին, որպեսզի օգնի նրան դժվարին հարցից գլուխ հանել. իր կարծիքն է ասում բանաստեղծության վերաբերյալ, որ աշակերտներից մեկն է բերել. միջին և ավագ խմբերի աշակերտներին բացատրում է բնագիտության և թվաբանության որոշ հարցեր:

Աշխատանքը բավական շատ է, և չի հասցնում ձանձրանալ, ի տարբարություն հին դպրոցի ուսուցչի` նա համարյա չի նստում: Ժամանակը թռչում է, հետ նայել չես հասցնում, և արդեն ժամը 11-ն է: Ավագ աշակերտներն իրենց տեքստը շարել են, արդեն առաջին նմուշը տպված է, դրանով հիացել են, սխալները` ուղղել: Փոքրերի տեքստը նույնպես շարված է, և սպասում են, թե տպագրող սարքը երբ է ազատվելու: Որոշ աշակերտներ իրենց պլաններում կարմիր մատիտով նշում են կատարված աշխատանքները: Բոլորն են լավ աշխատել և բավարարվածության զգացումով են դպրոցից դուրս գալիս: Նրանք թեթևացման հոգոցով չեն անցնում դպրոցի շեմը, ինչպես առաջ, կռիվների և գոռգոռոցի մեջ լիցքաթափում չեն փնտրում: Իհարկե, չենք պնդում, որ երեխան տխրում է` դպրոցից դուրս գալով, սոված է, ուզում է արևի տակ տաքանալ, վազվզել, խաղալ: Սակայն այլևս ստիպված չենք երկար զսպված էներգիայի պայթյունը տեսնել: Նրանից, թե երեխաներն ինչպես են դուրս գալիս դպրոցից, կարելի է դատել, թե դպրոցում աշխատանքն ինչքան լավ է կազմակերպված:

Նույնիսկ պատահում է, որ որոշ աշակերտներ չեն շտապում դուրս գալ դպրոցից, որպեսզի իրենց աշխատանքն ավարտին հասցնեն` փորագրությունը վերջացնեն, զեկուցումը մինչև վերջ գրեն, արտանկարելը ավարտեն, նույնիսկ էլի քարտեր կազմեն, որ իրենց պլանը արագ կատարեն: Այս ամենը միանգամայն բնական է:

Սակայն եթե երեխան ուղիղ ժամը 11-ին դպրոցից դուրս էլ է գալիս, դա չի նշանակում, որ նա դպրոցական կյանքի համաչափ ռիթմից միանգամից դուրս է գալիս: Մեր դպրոցի մթնոլորտը շարունակում է նրա վրա ազդել: Եվ չնայած ո´չ խստորեն որոշված դասեր կան, ո´չ տնային աշխատանք, ո´չ տեքստ անգիր անել, դպրոցի աշխատանքն օրգանապես մտնում է երեխայի կյանքի մեջ: Այն ամենը, ինչ գրգռում է նրա երևակայությունը, ինչ ընտանիքում, բնության մեջ, մեծերի աշխատանքում, մեքենաների աղմուկի մեջ գրավում է նրա ուշադրությունը, նա այդ ամենը ցանկանում է դպրոց հասցնել: Այստեղ է բերում այն, ինչ, իր կարծիքով, այս կամ այն կերպ կարող է ծառայել պարապմունքներին կամ արհեստանոցներում աշխատանքներին` քարտարանի համար նշումներ և նկարներ, թանգարանի համար քարեր և այլ առարկաներ, դպրոցական արհեստանոցների համար հին, նորոգման կարիք զգացող գործիքներ, ատաղձագործական աշխատանքի համար տախտակի կտորներ: Դպրոցն իսկապես երեխայի կյանքի կենտրոնն է դառնում: Եվ դա մեր գլխավոր և ամենանշանակալից ձեռքբերումն է:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեցին Կարինե Պետրոսյանը,
Թամար Ղահրամանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.