«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 19

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»

Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»

Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում

Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»

Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ա. Խինչին

Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին

Սկիզբը

Պայքար ոչ օրինական ընդհանրացումների դեմ

Բնագետը, տվյալ տեսակի մի շարք անհատների մոտ որևէ հատկություն (հայտանիշ) նկատելով, գիտական մաքուր խղճով հայտարարում է, որ այդ հայտանիշն ընդհանուր է տվյալ տեսակի համար, և ոչ մեկը դրա համար նրան չի քննադատում. այս տեսակի մակածական մտահանգումները բնական գիտությունների մեթոդոլոգիական հիմնասյուներից են:  Իհարկե, այս գիտությունների մեջ էլ համակարգող և իմաստավորող տեսական միտքը հնարավոր է և անհրաժեշտ, բայց ինչպես ելակետը, այնպես էլ ցանկացած եզրակացության վճռորոշ ստուգումը միշտ առանձին օրինակների վրա կատարվող դիտարկումը և փորձն են:

Մաթեմատիկայում հարցը սկզբունքորեն այլ է: Եթե հայտնաբերել ենք, որ մի քանի տասնյակ (թեկուզ մի քանի միլիոն) պատահականորեն վերցրած եռանկյուններ օժտված են որևէ հատկությամբ, դեռ իրավունք չունենք պնդելու, որ այդ հատկությամբ օժտված են բոլոր եռանկյունները: Այդպիսի եզրակացությունը մինչև վերջ հիմնավորված չէր լինի, իսկ մաթմատիկայում այն ամենը, ինչը մինչև վերջ հիմնավորված չէ, գնահատվում է որպես բացարձակ չհիմնավորված: Միայն սպառիչ ընդհանուր ապացույցը կարող է վստահություն տալ, որ այդ հայտանիշն իսկապես ընդհանուր է բոլոր եռանկյունների համար:

Դպրոցականին ի՞նչը կարող է և պետք է սովորեցնի ոչ ամբողջական հիմնավորումների այդ սուր քննադատությունը, որին մաթեմատիկայում է հանդիպում: Իհարկե, նա եզրակացություների մասին այդպիսի պահանջները չպետք է փորձի տեղափոխել մյուս գիտություների եզրակացություների և մանավանդ առօրյա իրավիճակների վրա:   Մակածության բացարձակ ամբոջականության պահանջը յուրահատուկ է մաթեմատիկական մեթոդին և բացարձակ իրականալի չէ ո´չ բնական գիտություների, ո´չ էլ առօրյա կյանքի համար: Բայց ցանկացած ընդհանրացման օրինականությունը քննադատաբար մանրազնին ստուգելու սովորությունը, ըստ հիմնավոր սովորության հիշելը, որ շատ դեպքերի համար նկատվածը դեռ պարտադիր չէ, որ տեղի ունենա բոլոր դեպքերի համար, և որ թեկուզ մեծաքանակ, բայց առանձին դիտարկումների ու փորձերի հիման վրա հայտնաբերված օրինաչափությունները կարիք ունեն նորանոր ստուգումների` այս բոլոր մեթոդոլոգիական կարողությունները, որոնք անհրաժեշտ են ցանկացած գիտական և պրակտիկ գործունեության համար, մեծ մասամբ դաստիարակվում և ամրապնդվում են մաթեմատիկական կուլտուրայի բարձրացման հետ միասին: 
 
Սա գործընթաց է, որ ամեն օր տեղի է ունենում մեր աչքի առաջ:

Պայքար չհիմնավորված զուգադրությունների դեմ: Ինչպես փորձարարական գիտություներում, այնպես էլ առօրյայում զուգադրության վրա հիմնված եզրակացությունները սովորական և օրինական հնարք են նոր օրինաչափություններ հայտնաբերելու գործում: Եթե, ասենք, բնախույզը հիշում է, որ մինչ այդ իրեն հանդիպած բոլոր տեսակները, որոնք օժտված են Ա և Բ հատկություններով, օժտված են նաև Գ հատկությամբ, և եթե գտել է նոր տեսակ, որն օժտված է Ա և Բ հատկություններով, ապա նա, բնականաբար, կեզրակացնի, որ այդ տեսակն օժտված է նաև Գ հատկությամբ: Զուգադրության վրա հիմնված այդպիսի եզրահանգումը զգալիորեն շահում է, եթե, ինչպես հաճախ է լինում, վերը նշված մաքուր փորձարարական տվյալներին ավելանում են որոշակի տեսական դատողություններ, որոնք ստիպում են ենթադրել, որ Ա, Բ և Գ հատկությունները միաժամանակ ունենալը ոչ թե պատահականություն է, այլ հիմնավորվում է այս կամ այն ընդհանուր սկզբունքային դատողություններով: Բայց միայն մաթեմատիկայում է հնարավոր (և ընդ սմին բացարձակորեն անհրաժեշտ) պահանջել, որ այդ սկզբունքային դատողությունները հասցվեն սպառիչ ապացույցի աստիճանի: Կա´մ ճշգրիտ ապացուցում ենք, որ Ա և Բ հայտանիշներից անխուսափելիորեն հետևում է Գ հայտանիշի առկայությունը, կա´մ, եթե մեզ չհաջողվեց դա սպառիչ ամբողջությամբ ապացուցել, մեզ արգելվում է Ա և Բ հայտանիշների առկայությունից որևէ եզրակացություն անել Գ հայտանիշի մասին: Սակայն առաջին դեպքում (այսինքն` հաջողվել է «Ա և Բ-ից հետևում է Գ» թեորեմն ապացուցել) այդ ընդհանուր թեորեմի կիրառումը մասնակի դեպքերում դժվար կարելի է «զուգադրության վրա հիմնված» եզրակացություն համարել:
Այսպիսով, ճիշտ կլինի ասել, որ մաթեմատիկայում զուգադրության վրա հիմնված եզրակցությունները սկզբունքորեն արգելվում են (ինչն իհարկե չի նսեմացնում զուգադրության վրա հիմնված էվրիստիկական մտահանգումների հսկայական դերը), միևնույն ժամանակ փորձարարական գիտություններում և առօրյա կյանքում նոր օրինաչափություններ գտնելու հիմնական մեթոդներից մեկը լինելու պատվավոր դերը զուգադրության հիման վրա կատարվող եզրակացություներին է պատկանում: Այս պատճառով նորից նույն հարցին ենք հանգում, թե այս առումով մաթեմատիկայի դասերն ինչ կարող են տալ մտածողության ընդհանուր կուլտուրա դաստիարակելուն: Եվ ինչպես նախորդ դեպքում, նորից ստիպված ենք պատասխանել նույնը` մտքի մաթեմատիկական վարժվածությունը, այն սովորությունը, որ համադրության վրա հիմնված եզրակացությունը կարող է միայն էվրիստիկական հնարք լինել, ինչը ինքնին դեռևս ապացուցողական ուժ չունի, այդ դպրոցով անցածին անխուսափելիորեն կսովորեցնի մտածողության մնացած բնագավառներում էլ այդպիսի եզրակացություներին զգուշավորությամբ վերաբերվել` հիշեցնելով, որ նման բոլոր դեպքերում ստացված եզրակացությունը առանց հիմնավոր ստուգումների չի կարելի կայացած համարել: Մեզանից յուրաքանչյուրը ժամանակին իր վրա զգացել է մաթեմատիկական մտածողության այս առանձնահատկության դաստիարակչական ազդեցությունը, և ամեն օր դիտարկում ենք, թե ինչպես է դա նպաստում մեր սաների մտածողության կուլտուրայի բարձրացմանը: Զուգադրության վրա հիմնված եզրակացություների նկատմամբ քննադատական վերաբերմունքը կարևորագույն ցուցանիշներից մեկն է, որով գիտական և գործնական ճիշտ դաստիարակված մտածողությունը տարբերվում է նախնադարյանից, քաղքենիականից, և մաթեմատիկայի պարապմունքները այդ կարևոր ցուցանիշի դաստիարակման հիմնական միջոցներից են:

Պայքար դիզյունկցիայի (1) ամբողջականության համար: Երբ մաթեմատիկոսը բոլոր եռանկյունների համար որևէ ընդհանուր հատկություն է ապացուցում, երբեմն հարկ է լինում այդ ապացույցը կատարել սուրանկյուն, ուղղանկյուն և բութանկյուն եռանկյունների համար առանձին-առաձին: Հայտնի է, թե սկսնակները որքան հաճախ են այդպիսի սխալներ թույլ տալիս, հատկապես, երբ դատողություները հենվում են գծագրի վրա, օրինակ` գծում են սուրանկյուն եռանկյուն, և դատողություները հիմնվում են լրացուցիչ կառուցումների վրա, որոնք բութանկյուն եռանկյան համար կամ հնարավոր չեն կամ կորցնում են իրենց ապացուցողական ուժը: Մաթեմատիկայում այդպիսի դատողությունը սխալ է համարվում, քանի որ այստեղ խախտվում է դիզյունկցիայի ամբողջության պահանջը. չեն դիտարկվել տվյալ իրավիճակի բոլոր հնարավոր տարբերակները, դրանցից մեկը աչքաթող է արվել: Առօրյա, ոչ գիտական դատողություններում այդ պահանջը խախտվում է ամեն քայլափոխում: Դիտարկելով տվյալ իրավիճակի երկու-երեք հաճախ հանդիպող կամ աչքի ընկնող տարբերակները և համոզվելով, որ ամեն անգամ տեղի է ունենում Ա պատահարը` եզրակացնում ենք, որ Ա պատահարը այդ իրավիճակին ուղեկցում է բոլոր դեպքերում, չնայած այդ իրավիճակը մեր դիտարկած երկու-երեք տարբերակից բացի ևս տասը տարբերակ ունի, և մեր անտեսած այդ տարբերակներում կարող են լինել և այնպիսինները, որոնցում Ա պատահարի տեղի ունենալը բոլորովին էլ պարտադիր չէ: Օրինակ` ասում ենք, որ աշակերտ Իվանովին ընդհանրապես հնարավոր չէ կարգի հրավիրել, քանի որ փորձված է, որ նրա վրա չեն ազդում ո´չ սպառնալիքը, ո´չ շոյելը: Մոռանում ենք, որ սպառնալիքով և շոյանքով չեն ավարտվում կարգապահական ներգործության բոլոր միջոցները, որ գոյություն ունի, օրինակ, հանգիստ համոզելու մեթոդը և, հետևաբար, մեր դիզյունկցիան ոչ ամբողջականության թերությունն ունի: Հաճախ ենք հանիպում, երբ սկսնակը, որևէ հավասարում հետազոտելիս դիտարկելով տրված գործակցի դրական և բացասական լինելու դեպքերը, համարում է, որ քննարկել է բոլոր դեպքերը, մոռանալով, որ այն կարող և զրո լինել: Այստեղ նույնպես առնչվում ենք դիզյունկցիայի ոչ ամբողջականությանը, ինչը եզրահանգումներում կարող է հանգեցնել և փաստորեն հանգեցնում է ծանր սխալների:

Վերևում դիտարկված երկու պահանջներին հակառակ` դիզյունկցիայի ամբողջականության պահաջը` ուսումնասիրվող իրավիճակի բոլոր հնարավոր տարբերակների քննարկումը, անհրաժեշտ է ոչ միայն մաթեմատիկական այլ նաև ցանկացած ճշգրիտ մտածողության համար: Փաստարկումը, որտեղ հաշվի առնված չեն հնարավոր բոլոր դեպքերը, միշտ տեղ է թողնում օրինական առարկությունների համար և չի կարող լիարժեք համարվել: Ինչ-որ զորախաղ նախաձեռնելով` դրա հետևանքները հաշվի առնելու համար զորահրամանատարը պետք է նախատեսի հակառակորդի բոլոր հնարավոր պատասխան քայլերը. թեկուզ մեկի անտեսումը կործանման կարող է հանգեցնել:  Իրավաբանական կոդեքսը յուրաքանչյուր հոդվածում պետք անպայման ընդգրկի տվյալ իրավիճակի բոլոր տարբերակները, հակառակ դեպքում դատավորին կանգնեցնում է գործն իր քմահաճույքով լուծելու անհրաժեշտության առաջ:

Բայց ոչ մի տեղ դիզյունկցիայի անթերիության պահանջը այդքան պարզ ու կատեգորիկ չի դրվում, ինչպես մաթեմատիկայում, և ոչ մեկն այդքան արագ և անխիղճ չի հարձակվում դիզյունկցիայում թույլ տրված վրիպումի վրա, ինչպես վարժված մաթեմատիկոսը:

Ահա թե ինչու ճշգրիտ դատողության այս կարևոր օրենքը մաթեմատիկայի դասերը պետք է դաստիարակեն և իսկապես դաստարակում են ավելի մեծ չափով, քան մյուս առարկաները:

Պայքար դասակարգման ամբողջականության և հետևողականության համար: Միայն տեսաբան գիտնականը չէ իր աշխատասենյակում դասակարգում, դասակարգումով հարկ է լինում զբաղվելու նաև գործնական աշխատողին, ինժեներին, բժշկին, ուսուցչին, վիճակագրին, գյուղատնտեսին և այլն: Բոլորին հայտնի է, որ դասակարգում կատարելիս չվարժված միտքը հակված է մի շարք բնորոշ սխալներ կատարելու. դրանցից ամենաշատ տարածվածներն են դասակարգման ամբողջականության խախտումը, դասակարգման միասկզբունքության, հետևողականության խախտումը: Դասակարգման ամբողջականության խախումն այն է, երբ մնում են հասկացություներ, որոնք չեն մտնում նշված դասերից ոչ մեկի մեջ, և հետևաբար բոլոր դասերը անվանված չեն: Պարզ օրինակներ: «Ի՞նչ բույսեր գիտես» հարցին սովորողը պատասխանում է. «Խոտերը և ծառերը»` մոռանալով թփերի, քարաքոսների և այլ շատ դասերի մասին, զինվորական մասերը բաժանում են ցամաքային, ջրային և օդային` մոռանալով ինտենդանտական (2), կապի և շատ ուրիշ այլ տեսակի զորքերը, բնական թվերը բաժանում են պարզերի և բաղադրյալների` մոռանալով 1 թիվը, իրական թվերը բաժանում են դրականների և բացասականների` մոռանալով 0-ն:

Դասակարգման ամբողջականության պահանջը ձևականորեն նման է դիզյունկցիայի ամբողջականության պահանջին, բայց, իհարկե, նրանից տարբերվում է բովանդակությամբ: Այնտեղ խոսքը առաջացող բոլոր հնարավոր իրավիճակների ընգրկման մասին էր, իսկ այստեղ որևէ հասկացության բոլոր տարատեսակների թվարկման անհրաժեշտության մասին է խոսվում: Բայց այստեղ էլ, ինչպես նախորդ դեպքում, դասակարգման ամբողջականության պահանջը մաթեմատիկայում գերակայություն ունի մյուս բոլոր գիտությունների նկատմամբ, և այդ պատճառով էլ ճիշտ մտածելու այս պարտադիր տարրը սովորողի մեջ մյուսներից ավելի շատ մաթեմատիկայի դասերն են դաստիարակում:

Դասակարգման հետևողականության պահանջն այն է, որ դասակարգումը կատարվի միասնական սկզբունքով, միասնական հայտանիշով: Խիստ ճշգրիտ մտածողության դեպքում պարտադիր այս պահանջը շատ հաճախ խախտվում է ոչ միայն առօրեական դատողություններում, այլ նաև լուրջ գործնական դեպքերում: Ահա այդպիսի ոչ հետևողական դասակարգման մի քանի օրինակ: Նավերը բաժանում են թիակավորի, առագաստավորի, շարժիչավորի և ռազմականի. ակնհայտ է, որ դասակարգումը սկսվել էր ըստ շարժիչ ուժի սկզբունքի, իսկ վերջինը այդ սկզբունքը խախտում է: Կոշիկի տեսակներ են կաշվե, բրեզենտե, ռետինե և նորաձև. նորից նույն պատկերն է: Իհարկե, միշտ չէ, որ թվարկումը հավակնում է դասակարգում համարվելու, և այդ դեպքւմ միասնական սկզբունքի պահպանումը պարտադիր չէ. օրինակ` հայտարարություն. գործարանն աշխատանքի է հրավիրում հյուսների, ծեփագործերի, կանանց և անչափահասների: Բայց բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի թվարկմանը դասակարգման գործառույթ է վերագրվում, բաժանման սկզբունքի հետևողականությունը չպահպանելը առաջացնում է ամբողջ սխեմայի հստակության այնպիսի պակաս, որը կարող է հանգեցնել տեսական և գործնական խառնաշփոթի: Այդ պատճառով էլ տրամաբանության վարժված միտքը միշտ զգում է դասակարգման հետևողականության պակասը` որպես դատողությունների զգալի թերություն: Եվ այս թերության նկատմամբ ամենազգայունը կրկին մաթեմատիկան է, այդ պատճառով էլ յուրաքանչյուր դասակարգում հետևողական, դասակարգման միասնական սկզբունքի վրա հիմնված տեսնելու այդ պահանջը սովորողը հիմնականում հենց մաթեմատիկայի դասերին է զարգացնում:

Մտածողության ճշգրտության և փաստարկման ամբողջականության վերաբերյալ այն կետերը թվարկեցի, որոնք ինձ ամենակարևորն են թվում: Ինչպես արդեն վերը ասվել է, այս հոդվածում չեմ կարող քննարկել այն մեթոդական հնարները, որոնց միջոցով քննարկված հարցերում մաթեմատիկայի ուսուցիչը կարող է իր սաների մոտ մեծ հաջողություների հասնել: Բայց անհրաժեշտ եմ համարում այս հարցերի մասին մի ընդհանուր մեթոդական (ի դեպ, փորձառու ուսուցչի համար միանգամայն ակնհայտ) դիտողություն անել` ճշգրիտ մտածողությանը ներկայացվող բոլոր այն պահանջները, որոնց մասին խոսեցինք, պետք է դաստիարակվեն աստիճանաբար, դեպքից դեպք, առանց ավելորդ ճնշման. խոսք չի կարող լինել այն մասին, որ, օրինակ` անօրինական զուգադրություններին ուղղված հատուկ դաս հատկացվի, այդպիսի դրվածքը միայն կարող է անհուսալիորեն թաղել սպասվելիք արդյունքը: Հակառակը, այս հարցում պետք է ամեն կերպ խուսափել ընդհանուր դատողություններից և միայն կոնկրետ, համոզիչ նյութի օրինակով սովորողների ուշադրությունը հրավիրել տրամաբանական այս կամ այն հարցի վրա:

Փաստարկման տրմաբանական լիարժեքության պահանջը դաստիարակվում է ոչ թե այդ լիարժեքության մասին անընդհատ, հոգնեցնող հիշեցումներով, այլ կոնկրետ օրինակների վրա ցուցադրելով (դրա համար յուրաքանչյուր դաս առիթ է տալիս), որ այդ պահանջի անտեսումը հանգեցնում է սխալների և թյուրիմացությունների: Պետք է ոչ թե վերացականորեն փաստարկումների լիարժեքություն քարոզել, այլ սովորողին վարժեցնել, որ փաստարկման մեջ թերացումն անմիջապես ուսուցչի կամ, որ շատ ավելի լավ է, ընկերների հարցն է առաջացնում:

Այստեղ չեմ խոսի այն մասին, որ մաթեմատիկայի դասերը պետք է օգտագործել ուղիղ և հակադարձ պնդումների տարբերությունը կամ ուրիշ այդպիսի տարբերություններ ճիշտ ընկալելու համար: Մի կողմից` այդ մասին արդեն այնքան է գրվել, որ դժվար թե ինչ-որ նոր բան կարողանամ ավելացնել: Մյուս կողմից` ինձ թվում է, որ այդ տեսակի հարցերը, տրամաբանորեն ճիշտ մտածողության համար լինելով, իհարկե, պարտադիր, իրենց մասնակի և խիստ հատուկ բնույթով մաթեմատիկայից դուրս այն զգալի նշանակությունը չունեն, ինչ ավելի ընդհանուր սկզբունքները, որոնք վերևում թվարկեցինք:

1) Դիզյունկցիա-տարանջատում, բաժանում:
2) Բանակի մատակարարման բոլոր հիմնարկների ամբողջությունը (թարգմանիչ):

Շարունակությունը

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.