«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

Զգացողությունների  դաստիարակում

սկիզբը

Զգացողությունների դաստիարակության տեխնիկայի մյուս կարևոր առանձնահատկությունը այդ զգացումների առանձնացումն է այն դեպքում, երբ դա հնարավոր է: Այսպես օրինակ` լսողության զգացողության վարժություններն ավելի արդյունավետ են լինում ոչ միայն լռության, այև խավարի պայմաններում: Ընդհանրապես զգացողությունների դաստիարակության համար, ինչպես շոշափողական, ջերմային, մթնոլորտային ճնշման, զգայախաբության վարժությունների դեպքում, երեխայի աչքերը կապում ենք:

Այդ հնարքի պատճառը շատ լավ լուսաբանված է հոգեբանության կողմից: Բավական է նշել, որ աչքերը կապելը բավականին սրում է նորմալ երեխաների հետաքրքրությունը, բայց դրանից վարժությունն աղմկոտ զվարճանքի չի վերածվում, երեխայի ուշադրությունը ավելի շատ կենտրոնանում է ոչ թե կապի, այլ անհատական այն խթանների վրա, որոնց վրա ուզում ենք կենտրոնացնել, բևեռել նրանց ուշադրությունը:

Այսպես օրինակ՝ երեխայի լսողության սրությունը ստուգելու համար (շատ կարևոր է, որ ուսուցիչը դա իմանա), բժշկական հետազոտությունների ժամանակ բժիշկների կողմից համարյա ամենուր կիրառվող զգայական մի հնար եմ կիրառում: Այդ հնարքը չհնչող ձայնն է կամ շշուկը: Կապում են երեխայի աչքերը, կամ ուսուցչուհին կանգնում է նրա ետևում և տարբեր հեռավորություններից շշուկով արտասանում նրա անունը: Ես դասարանում հանդիսավոր լռություն եմ հաստատում, պատուհանները վարագուրում և երեխաներից պահանջում ձեռքերով փակել աչքերը:

Հետո շշուկով մեկ-մեկ տալիս եմ բոլորի անունները, ավելի ցածր` նրանց համար, ովքեր մոտ են և ավելի հստակ` հեռու նստածների համար: Կիսախավարի մեջ յուրաքանչյուր երեխա սպասում է իրեն կանչող թույլ ձայնին, և լարված ականջ է դնում՝ պատրաստ հրճվանքով նետվելու դեպի խորհրդավոր և այդքան ցանկալի ձայնը: Նորմալ երեխայի աչքերը կարելի է կապել այն խաղերի ժամանակ, երբ անհրաժեշտ է իմանալ առարկաների քաշերի տարբերությունը. դա օգնում է նրան լարել և կենտրոնացնել ուշադրությունը շոշափողական խթանների վրա, որոնք պիտի գնահատի: Աչքերը կապելը ավելացնում է հաճույքը, և նա հպարտանում է, որ կարողանում է «գուշակել»: Հետ մնացող երեխաների վրա նման խաղերի ազդեցությունը բոլորովին այլ է: Մթության մեջ մնալով՝ նրանք հաճախ քնում են կամ անթույլատրելի արարքներ կատարում: Երբ նրանց աչքերը կապում են, նրանք ուշադրությունը կենտրոնացնում են հենց կապի վրա, և վարժությունը վերածվում է աղմկոտ խաղի, որը ցանկալի արդյունքի չի հանգեցնում:

Ճիշտ է, խոսում ենք խաղի մասին, բայց պարզ է, որ նկատի ունենք որոշակի նապատակի ուղղված գործունեություն և ոչ թե ուշադրությունը շեղող անկարգ աղմուկ: Իտարից հետևյալ մեջբերումները պատկերացում են տալիս մանկավարժության այդ պիոների՝ համբերատարությամբ կատարած փորձերի մասին: Դրանց անհաջողությունների հիմնական պատճառն այն սխալներն էին, որոնք հետագա փորձերի ժամանակ անհնար էր ուղղել և ինչ-որ չափով նաև նրա սանի մտավոր հետամնացությունը:

«IV. – Այս վերջին փորձի ժամանակ նախկինի նման չպահանջվեց, որ աշակերտը կրկնի իր լսած հնչյունը:

Ուշադրությունը գրավող այս աշխատանքը (յուրաքանչուր օրգան առանձին զարգացնել) իմ պլանի մեջ չէր մտնում, այդ պատճառով ես բավարարվեցի նրանով, որ սկսեցի հնչյունների պարզ ընկալումներն ուսումնասիրել: Որպեսզի արդյունքը համոզիչ լիներ, ես աշակերտին նստեցրի իմ առջև՝ կապած աչքերով և բռունցք արած ձեռքերով, հանձնարարեցի բացել մատներն ամեն անգամ, երբ ես ձայն հանեմ: Տղան հասկացավ, թե ինչ պետք է անի. և հենց հնչյուն էր լսում, այնպիսի եռանդով և հաճախ ուրախության արտահայտությամբ էր բացում մատները, որ էլ կասկածի տեղ չէր մնում, որ հաճույք էր ստանում այդ յուրահատուկ դասերից:

Եվ իրոք, գուցե պատճառն այն էր, որ նա իսկապես մարդկային ձայնի հնչյունից հաճույք էր ստանում, կամ էլ վերջիվերջո կարողացել էր հաղթահարել երկար ժամանակ լույսից զրկված լինելու տհաճ զգացողությունը, բայց փաստն այն էր, որ ընդմիջման ժամանակ մի քանի անգամ ժապավենը ձեռքին մոտենում էր ինձ, դնում այն աչքերին և ուրախությամբ թռվռում, երբ զգում էր, որ իմ ձեռքերը կապում են այն:
Հաճույքի այդպիսի նշաններ նա դրսևորում էր միայն նման փորձերի ժամանակ»:

«Y. Վերևում նկարագրված մի քանի փորձով լիովին համոզվելով, որ Վիկտորը ընկալում է իմ ձայնի բոլոր հնչյունները, ինչպիսին էլ լիներ դրանց ուժգնությունը, փորձեցի ստիպել նրան իրար հետ համեմատել այդ հնչյունները: Այժմ արդեն պահանջվում էր ոչ միայն պարզապես նշել ձայնի հնչյունները, այլև ընկալել դրանց տարբերությունները, նկատել բոլոր փոփոխությունները, հնչերանգի տարատեսակները, որոնք կազմում են ձայնի երաժշտականությունը: Այս և նախկին առաջադրանքների մեջ մեծ տարբերություն կար, այն էլ այն էակի համար, որի զարգացումը կայացել է աստիճանական ջանքերով, և որը առաջ է գնացել միայն այն պատճառով, որ նրան զգույշ են առաջնորդել, այնպես, որ չգիտակցի իր առաջընթացը: Գնահատելով իմ առջև դրված բոլոր դժվարությունները` աշխատում էի նախկինից ավելի համբերատար և հեզ լինել` հուսալով, որ եթե հաղթահարեմ այս արգելքը, հնարավոր ամեն ինչ արած կլինեմ լսողության զգացումը զարգացնելու համար:

Մենք սկսեցինք ձայնավոր հնչյունների համեմետությունից և այս դեպքում էլ ձեռքերն օգտագործեցինք մեր փորձի արդյունքները ստուգելու համար: Հինգ մատերից յուրաքանչյուրը հինգ ձայնավորներից մեկի խորհրդանիշն էր դարձել: Այսպես` Ա հնչյունի խորհրդանիշ բութ մատը պետք է բարձրանար ամեն անգամ, երբ կարտասանվեր այդ հնչյունը: Ցուցամատը նշանակում էր Ե, միջնամատը` Ի և այլն»:

Այնքան էլ հեշտ և արագ գործ չէր իմ սանին ձայնավորների մասին հստակ պատկերացում տալը: Նրա հստակորեն յուրացրած առաջին հնչյունը Օ-ն էր, դրան հաջորդեց Ա-ն, հաջորդ երեքը դժվարությամբ յուրացրեց և երկար ժամանակ դրանք շփոթում էր: Բայց ականջը աստիճանաբար սկսեց ավելի հստակորեն ընկալել այդ հնչյունները, և այդ ժամանակ հիացումի արտահայտությունները, որոնց մասին արդեն խոսել ենք, իրենց ողջ եռանդով կրկնվում էին: Դա շարունակվում էր այնքան ժամանակ, քանի դեռ դասերը աղմկոտ չէին դառնում. հնչյունները խառնվում էին տղայի ընկալումներում, և մատներն անիմաստ բարձրանում էին: Ծիծաղն այնքան անզուսպ էր դառնում, որ կորցնում էի համբերությունս: Հենց ես կապում էի տղայի աչքերը, նա սկսում էր անզուսպ ծիծաղել»:

Դաստիարակչական այս աշխատանքը շարունակելն անհնարին համարելով՝ Իտարը որոշեց հրաժարվել աչքերը կապելուց: Ճիշտ է, ճիչերը դադարեցին, բայց փոխարենը շուրջը եղած ամենափոքր շարժումը շեղում էր երեխայի ուշադրությունը:
Ոչ, անհրաժեշտ էր երեխայի աչքերը կապել, և երեխային պետք էր բացատրել, որ չպետք է անընդհատ ծիծաղի, որ գործով է զբաղված: Բոլոր դեպքերում Իտարի շտկողական միջոցները և դրանց հուզիչ արդյունքները այստեղ արժանի են հիշատակության:

«Ի վիճակի չլինելով նրան հայացքով վախեցնել՝ որոշեցի դա անել իմ վերաբերմունքով: Զինվեցի դափով և թեթևակի հարվածում էի տղայի ձեռքերին, երբ նա սխալվում էր. նա դա կատակի տեղ էր ընդունում, և նրա հրճվանքն ավելի աղմկոտ էր դառնում: Զգում էի, որ անհրաժեշտ է ավելի խիստ միջոցների դիմել: Նա դրանք ընկալեց, և ամոթի և բավարարվածության խառն զգացումով երեխայի կարմրատակած դեմքից հասկացա, որ նրա վիրավորանքի զգացումն ավելի ուժեղ է, քան հարվածների ցավը: Արցունքները թափվում էին կապի տակից, նա սկսեց խնդրել հանել դա, սակայն կապը հանելուց հետո էլ շփոթմունքից, վախից կամ ներքին համոզմունքից ելնելով` շարունակում էր աչքերը պինդ փակած պահել:

Տեսնելով նրա դեմքի դժբախտ արտահայտությունը, պինդ փակած կոպերը, մեկ-մեկ կաթող արցունքը` չկարողացա ծիծաղս զսպել: Այդ պահին, և ուրիշ այլ պահերի, պատրաստ էի թողնելու աշխատանքը և զգում էի, որ իզուր ժամանակ եմ վատնել դրա վրա: Ինչպես էի ափսոսում, որ հանդիպել եմ այդ երեխային, որքան դաժանորեն էի դատապարտում անօգուտ և անմարդկային հետաքրքրասիրությունն այն մարդկանց, որոնք հանուն գիտության առաջընթացի երեխային կտրել են անմեղ և երջանիկ կյանքից»:

Ահա և գիտական մանկավարժության մեթոդները նորմալ երեխաների նկատմամբ կիրառելու դաստիարակչական առավելության ևս մի ապացույց:

Վերջապես տեխնիկայի առանձնահատկությունը խթանների ճիշտ բաշխումն է: Այդ մասին մենք մանրամասն կպատմենք դիդակտիկ համակարգի (մեր նյութերի) և զգացումների դաստիարակության հնարքների նկարագրության մեջ: Այստեղ բավական է ասել, որ պետք է սկսել քիչ և իրար խիստ հակադիր խթաններից և դրանց թիվն աստճանաբար, ավելի աննկատ և զգուշորեն ավելացնել:

Այսպես, օրինակ, մենք միաժամանակ ցուցադրում ենք կապույտ և կարմիր գույները, ամենակարճ և ամենաերկար պարանները, ամենահաստը ամենաբարակ առարկայի հետ՝ այս խթաններից անցնելով ավելի քիչ տարբերվող երանգների, ավելի փոքր տարբերությունների տարբերակմանը:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը


???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.