«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 7

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Սուսան Մարկոսյան
«Խոսքի մշակույթ»

Մեթոդական մշակումներ
Մարգարիտ Սարգսյան, Ժաննա Հակոբյան
«Լրագրության և թարգմանության դասընթաց»

Ուսումնական նյութեր
Անահիտ Ավագ յան
«Բնագիտական փորձեր կրտսեր դպրոցականների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նիկոլայ Բոռիտկո
«Մա՞րդը... Նրան կորցնում ենք»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Սկսենք մեր գործը, նորեն ու մեզնից սկսենք»
«Սովորող դպրոց»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (վեցերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Անատոլի Բերշտեյն
«Բարձրաձայն խոհեր»
Խազրաթ Ինյաթ Խան
«Շատ ծիծաղել և հաճախ խաղալ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Ա. Տիգրանյան
«Կրթակարգ և ուսուցիչներ. անտեղյակների հակամարտություն»


Բարձրաձայն խոհեր

Այսօր դեռ ամառ է, իսկ վաղը չէ մյուս օրն արդեն՝ աշուն, սեպտեմբեր, դպրոց։ Երբեք ժամանակների հերթափոխն այնքան ճշգրիտ ու հանկարծակի չի լինում, ինչպես սեպտեմբերի 1-ին։ Նրանք առավոտյան անսովոր վաղ կարթնանան։ Ու նոր բոկոտիկներով ու կոշիկներով ճամփա կընկնեն։ Շուրջը գեղեցիկ-գեղեցիկ կլինի, իսկ լույսը՝ նորովի թափանցող-դեղին։
Իսկ գուցե սա է որ կա՞ հենց այն ակնթարթը։ Եվ սա է մարդկային երջանկության գաղտնիքը։ Քայլես ու հաստատ իմանաս, որ տանը քեզ սիրում են, իսկ դպրոցում սպասում են։

Անատոլի Բերշտեյն

Թռիչքի թևեր և ուղեկցորդի փոխարեն կողմնացույց
Դաստիարակության մեջ մի քանի պարտադիր «ոչ» կա։ Քանի որ ամեն մարդ իր  «այո» -ն ունի

Մտերիմների և «ենթաշեֆերի» օտար ճակատագրերին ակտիվորեն միջամտելու երկար ճանապարհին մի կողմից՝ ամենակարողության զգացմանը, մյուս կողմից՝ անօգնականության և անիմաստության ենք վարժվում։

Հոգնում ենք պատրանքներից, սակայն շարունակում ենք հուսալ։ Քանզի առաջինները միշտ ցնդում են, իսկ երկրորդները երբեմն իրականանում են։ Չիրականացող պատրանքներից դաս ենք քաղում, իսկ իրականացող հույսերից՝ փորձ։
Որո՞նք են գլխավոր դասերը։ Որ մենք ամենազոր չենք։ Որ իրականում չգիտենք, թե որն է ճիշտ։ Որ միշտ էլ ուզում ենք, որ լավ լինի, բայց անպայման սխալվում ենք։ Որովհետև իդեալական մանկավարժություն չկա։ Իսկ երբեմն էլ ընդհանրապես մանկավարժություն չկա։ Երբեմն ընդամենը դաստիարակության տեսիլք է լինում։ Եվ քիչ բան կա, որ մեր շնորհիվ է լինում։

Իսկ ի՞նչ փորձ ենք ձեռք բերում։ Որ մեր ջանասիրությանը հակառակ՝ ոչինչ էլ չի լինում։ Եվ չնայած բոլոր դասերին ու փորձերին՝ չպետք է մոռանալ հրաշքին հավատալու մասին՝ հիշելով, որ հրաշքներ չեն լինում։

… Մարդու զարգացման, ըստ էության, երեք վեկտոր կա՝ դեպի վեր, խորությամբ և լայնությամբ։ Տվյալ պահին որը ում ավելի պետք է։
Եվ այնուամենայնիվ, դաստիարակությունն ինչի՞ է ընդունակ։ Ի՞նչը կարող է (կամ չի կարող) ստեղծել, իսկ ի՞նչը՝ միայն վերականգնել՝ մարդկային հանճարի վրայից քերելով հիմար ազդեցությունների նստվածքը։

Պատասխանի տարբերակ. Դաստիարակությունը զարգացնում է այն, ինչ կա, սակայն չի ստեղծում այն, ինչ չկա։ Վերջին հաշվով դաստիարակությունը կարող վարժեցնել «շնորհակալություն» ասելուն, սակայն չի կարող սովորեցնել երախտագիտություն զգալ։

Դաստիարակությունը միայն թև է, բայց ոչ թռիչքի ուսուցում, և կողմնացույց է, բայց ոչ ուղեկցորդ։

Դա, իհարկե, հարկադրանք է, սակայն առանձին անհատի հնարավորությունների շրջանակում։ Առանց ծանրագույն բեռներ դնելու։ Միայն քայլ առ քայլ, խրախուսումով։ Մի գրքույկ կարդաց՝ գերազանց է, թատրոն գնաց՝ ապրի, խոսքի տերն եղավ, գերազանցեց իրեն, կարողացավ՝ հրաշալի է, կեցցե… Իսկ եթե չստացվեց, էլի ոչինչ, սարսափելի բան չկա, նորմալ է։ Հետո կստացվի… Կամ չի ստացվի։ Կարևորն այն է, որ երեխան իր նկատմամբ ուշադրության կորուստը չզգա, որ չտրվի այն կասկածին, թե որպես աշակերտ՝ բանի պետք չդարձա, իսկ որպես մարդ՝ հետաքրքիր չեմ։

Դաստիարակությունը նրա համար է, որ տա և ոչ թե խլի, կառուցի և ոչ թե քանդի։
Դաստիարակությունը հատուկ տարբերակիչ նշաններ չունի, սակայն նշան է թողնում։
Դաստիարակությունն անմահական ջուր չէ։ Ավելի շուտ վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստում է, բայց ոչ հարյուրտոկոսանոց։

Որպեսզի արդյունավետ դաստիարակենք, այսինքն՝ մեղմենք բարքը, օգնենք մանուկ ժամանակ և փոխանցենք այն, ինչ հետագա կյանքում պետք է գալու, պետք է մի քանի պարզ, պարզունակ կանոն հիշել։ Ավելի ճիշտ՝ մի քանի պարտադիր «ոչ», քանի որ ամեն մեկն իր «այո»-ն ունի։

Առանց սիրո դաստիարակություն չկա։ Ինչպես և առանց ցավի չկա դաստիարակություն։

Առանց համարձակության ու կասկածների դաստիարակություն չկա։ Որովհետև չկա անթերի «ճիշտ» դաստիարակություն։

Դաստիարակելու և սովորեցնելու հոսքագծային-կոնվեյերային եղանակ չկա։ Որովհետև ամեն մի երեխա առանձնահատուկ է։

Եվ դատողական, առանց զգացումների դաստիարակություն չկա։ Որովհետև հասկացող, սակայն չապրումակցող դաստիարակն իրականում ոչինչ չի հասկանում։

Դաստիարակությունն ի վերջո չի փոխում մարդուն, սակայն ազդում է նրա ճակատագրի վրա, արդյունք չի երաշխավորում, սակայն ոչ մեկի համար ապարդյուն չի անցնում։

Դաստիարակությունը բնության և ճակատագրի միջև է բնակվում, ապրում է ինքն իր համար, ուսուցչի կերպարանք առած։

Կյանքի ամենակարևոր գործ չէ, սակայն առանց նրա էլ հնարավոր չէ։

Դրակա՞ն, թե՞ բացասական նշան

Մեր գիտակցության մեջ «դաստիարակություն» հասկացությունը, դաստիարակվածությունը ամուր կապված են անպայման դրական ինչ-որ բանի։

Ահա, օրինակ, նամակում ինչ է գրել Չեխովն իր կրտսեր եղբորը՝ Նիկոլային, որին դաստիարակված մարդ էր համարում։ Դաստիարակված մարդիկ, ըստ Չեխովի, առաջին հերթին մարդու անհատականությունն են հարգում, այդ պատճառով էլ միշտ բարեհաճ են, մեղմ, հարգալից, համբերատար, զիջող… Նրանք ոչ միայն աղքատների և կատուների նկատմամբ են կարեկցող։ Սրտանց ցավում են և այն բանի համար, ինչը աչքով չես տեսնի… Նրանց սիրտը մաքուր է, և ստից վախենում են, ինչպես կրակից… Ձևեր չեն թափում և ուրիշի աչքին թոզ չեն փչում… Ուրիշի սրտի լարերի հետ չեն խաղում, որ իրենց համար հոգոց հանեն ու իրենց համար հոգ տանեն… Նրանք հպարտ են իրենց տաղանդով՝ գիտակցելով, որ կոչված են դաստիարակելու…

Սակայն ինչո՞ւ ենք համարում, որ դաստիարակված մարդն անպայման լավ մարդ է։ Ո՞վ է ասել, որ դաստիարակությունը դրական նշանով միալիցք գործընթաց է։ Մի՞թե վատ դաստիարակության մասին չենք խոսում. դա ոչ միշտ է նշանակում դաստիարակության բացակայություն։ Բախտի բան է. դաստիարակությունը մեկի բարոյալքվելուն է խանգարում, մյուսի մարդ դառնալուն։

Մոմով պատված «մաքուր տախտակ»

Հին ու վիճելի է այն կարծիքը, թե երեխան մաքուր տախտակ է, որի վրա ամեն ինչ կարելի է գրել։ Կամ էլ անվիճելիորեն սխալ է, եթե հավատանք Յունգին, որն ասում էր, թե երեխայի հոգեկան կառուցվածքն իր ենթագիտակցական վիճակով ամեն ինչ է, միայն ոչ tabula rasa։ Ավելի շուտ, ջրանիշներով կնքված թուղթ է, որի վրա նրա առավելությունները դեռ աննշմար են։

Եթե խիստ դատենք, վերադաստիարակություն է այն, ինչով դաստիարակները զբաղվում են։ Սակայն հայտնի է, որ նույնիսկ ձախլիկին չի կարելի հակառակը սովորեցնել, քանի որ ինչ-որ անցանկալի հոգեկան փոփոխությունների է հանգեցնում։ Սա արդյո՞ք նշանակում է, թե մարդուն փոխելն ընդհանրապես վտանգավոր է։

…Չեխ գրող Լյուդվիգ Աշկենազին իր պատմվածքներից մեկում գրում է. «Երեխան, բարեկամս, նույնն է թե մոմը։ Նրանցից ինչ ծեփես, այն էլ կդառնան։ Արծիվ կամ սողուն։ Միայն թե ձեռքդ պիտի գորովալից ու ամուր լինի»։ Սակայն հենց մոմով պատված գրատախտակը (մանկական չարաճճիություններից մեկը) գրելու համար պիտանի չէ։ Եվ ընդհանրապես դաստիարակության ամենակարողության մասին լավատեսական պնդումը շատ մեծ ցանկության կամ մեծ ինքնավստահության արտահայտություն է։ Կամ անձնական փորձի։

Սակայն այս դեպքում դա ոչ այնքան դաստիարակություն է, որքան ճակատագիր։

Թարգմանեց Սուսան Մարկոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.