«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 7

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Սուսան Մարկոսյան
«Խոսքի մշակույթ»

Մեթոդական մշակումներ
Մարգարիտ Սարգսյան, Ժաննա Հակոբյան
«Լրագրության և թարգմանության դասընթաց»

Ուսումնական նյութեր
Անահիտ Ավագ յան
«Բնագիտական փորձեր կրտսեր դպրոցականների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նիկոլայ Բոռիտկո
«Մա՞րդը... Նրան կորցնում ենք»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Սկսենք մեր գործը, նորեն ու մեզնից սկսենք»
«Սովորող դպրոց»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (վեցերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Անատոլի Բերշտեյն
«Բարձրաձայն խոհեր»
Խազրաթ Ինյաթ Խան
«Շատ ծիծաղել և հաճախ խաղալ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Ա. Տիգրանյան
«Կրթակարգ և ուսուցիչներ. անտեղյակների հակամարտություն»


Լրագրության և թարգմանության դասընթացը 7-10-րդ դասարաններում

Ծրագրի էությունը
Այս մասնագիտական դասարաններում անցկացվող դասընթացները պետք է միտված լինեն դպրոցական ամսաթերթի ստեղծմանը և զարգացմանը: Դասընթացներն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ սովորողներն իրենց ստացած գիտելիքները գործնականում օգտագործելու հնարավորություն ունենան. աշխատեն կոնկրետ նյութերի վրա: Առաջադրանքները լինեն կոնկրետ, նպատակային ու բավարարեն երեխայի հետաքրքրությունները, առաջադրանքի, հետազոտական աշխատանքի արդյունքում սովորեն: Առաջադրվեն կոնկրետ խնդիրներ, որոնք էլ կստանան կոնկրետ լուծումներ ու պատասխաններ: Սովորում ենք փորձի հիման վրա, գործով և գործելով:

Անցկացվող յուրաքանչյուր դասընթաց նախ ենթադրում է համագործակցություն, միջառարկայական կապերի պրակտիկացում: Համագործակցություն և՛ սովորողների, և՛ դասվանդողների միջև: Մատուցվող բոլոր դասընթացները փոխկապակցված են, և մեկն առանց մյուսի՝ անկենսունակ: Դասաժամը` որպես այդպիսին, կվերանա` իր տեղը զիջելով ուսումնական ճամփորդություններին, առանձին հետազոտական աշխատանքներին, նախագծերի ստեղծմանը, լրագրական տարբեր ձևերի և թարգմանական ինքնուրույն գործունեության կազմակերպմանը: Դասընթացները պետք է ունենան հետազոտական և ստեղծագործական բնույթ: Նոր տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է կիրառվեն և կարևոր տեղ զբաղեցնեն ուսումնական գործընթացում: Ծրագիրը ենթադրում է անընդմեջ և անընդհատ ուսուցում, որը չի կարող սահմանափակվել միայն դասաժամով: Ծրագրի անբաժանելի մասն է կազմում ինքնակրթության բարձր որակների դաստիարակությունը:

Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է սովորեցնել համագործակցել, միավորել միևնույն հետաքրքրություններն ունեցող և միևնույն գործունեությամբ զբաղված սովորողներին, տեսնել անհատական և խմբային աշխատանքի հաջողությունը: Սովորողների համար բացահայտել նոր հնարավորությունների աշխարհ, որտեղ կա որոնում, հետազոտում և հարգանք միմյանց հանդեպ:

Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների նախամասնագիտական պատրաստվածությունը. ուսուցման ընթացքում սովորողն ստանում է համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ ժամանակակից լրագրության և թարգմանության ոլորտում:
Ստեղծել դինամիկ, անընդհատ զարգացող ամսաթերթ, որը կօգտագործվի որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ:

Խնդիրները
Հայտնաբերել և զարգացնել երեխայի ընդունակությունները և հետաքրքրությունները.
Երեխաների մոտ ձևավորել միմյանց հետ հաղորդակցվելու, աշխատելու հմտություններ.
Սովորեցնել համադրել, վերլուծել, կարծիք արտահայտել, առաջ քաշել կոնկրետ հարցադրումներ և այլն.
Սովորեցնել ապագա լրագրողին տեսնել, լսել, հասկանալ իրեն շրջապատող աշխարհը.
Առաջ քաշել հրատապ թեմաներ, վերլուծել տարբեր իրավիճակներ, պրոբլեմներ.
Ձևավորել լրագրական գործունեության պրակտիկ հմտություններ.
Աշխատանք տարբեր ժանրերի տեքստերի հետ.
Հետազոտական, ստեղծագործական հմտությունների խթանում և զարգացում.
Նորը գտնելու, փնտրելու հմտությունների զարգացում և նոր տեսակետ արտահայտելու պահանջ.
Հասկանալ կարդացածի միտքը, առանձնացնել գլխավորը երկրորդականից և իրեն հետաքրքրող ամեն ինչի մասին արտահայտել սեփական մտորումները.
Աշխատել խմբում, կոլեկտիվում և համագործակցել.
Սովորեցնել կողմնորոշվել լեզվական տարբեր միջավայրերում. աշխատել ինֆորմացիայի տարբեր աղբյուրների հետ` թարգմանելով մի լեզվից մյուսը.
Կատարել թարգմանություններ. աշխատել թարգմանական տեքստի հետ.
Թարգմանական գործունեության ձևավորում. համապատասխան հմտությունների և կարողությունների զարգացում. լեզվական միջոցների օգտագործման կարողությունը լեզվահաղորդակցության տարբեր փուլերում.
Ինքնակրթական կարողությունների զարգացում ժամանակակից բազմալեզու աշխարհում արժանի տեղը գտնելու համար:

Դասընթացի կազմակերպման ձևերը
Մեր կարծիքով յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է, եզակի և իրավունք ունի լիարժեք դրսևորելու իր հմտություններն ու կարողությունները: Կրթական գործունեությունն այստեղ դիտվում է որպես անընդմեջ, շարունակական գործընթաց: Մեր ուսումնական գործընթացը մոտեցված է երեխայի անհատական ընդունակությունների զարգացմանը և մտահորիզոնի լայնացմանը:

Ծրագրով նախատեսված դասընթացները վերածվում են գործունեության. սովորողները ստանում են անհատական կամ խմբային հետազոտական աշխատանքի թեմաներ և աշխատում ինքնուրույն`համագործակցելով ընկերների և ուսուցիչների հետ: Այս աշխատանքի արդյունքն էլ պետք է դառնա դպրոցական ամսաթերթը և նախագծերը: Նախատեսվում է լրացուցիչ գրականության, բառարանների, հանրագիտարանների, ՏՀՏ-ի օգտագործում:

Ծրագրում ընդգրկված առանձին առարկաները պետք է լրացնեն միմյանց և ծառայեն մեկ նպատակի: Այսպես`օտար լեզուների դասընթացները պետք է միտված լինեն տարատեսակ հետաքրքիր նյութերի որոնմանը և թարգմանությանը.թարգմանական աշխատանքի հմտությունների ձևավորում: Համակարգչային ծրագրերի դասընթացը պետք է նպաստի ամսաթերթի ձևավորմանը, նոր, ինքնատիպ լուծումներ գտնելուն. սովորողներն իրենք կզգան և առաջ կքաշեն համակարգչային այն ծրագրերի պահանջը, որոնք օգտակար կլինեն հենց այս գործունեության համար: «Խոսքի մշակույթ» դասընթացի շրջանակներում նախատեսվում է խմբագրական, սրբագրական աշխատանք, աշխատանք թարգմանական նյութերի հետ, գրագետ խոսքի սեփական ոճի մշակում: Ոճաբանություն դասընթացը պետք է կարգավորի թարգմանական տեքստերի ոճական կողմը՝ ո՛ր ժանրի նյութի հետ ինչպես աշխատել և ինչպես թարգմանել:

Փաստորեն ծրագրում առկա բոլոր դասընթացներն ունեն կոնկրետ պահանջ, համագործակցության անհրաժեշտություն և գործնական ուսուցման խնդիր:

Սարգսյան Մարգարիտ
Հակոբյան Ժաննա

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.