«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 7

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Սուսան Մարկոսյան
«Խոսքի մշակույթ»

Մեթոդական մշակումներ
Մարգարիտ Սարգսյան, Ժաննա Հակոբյան
«Լրագրության և թարգմանության դասընթաց»

Ուսումնական նյութեր
Անահիտ Ավագ յան
«Բնագիտական փորձեր կրտսեր դպրոցականների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նիկոլայ Բոռիտկո
«Մա՞րդը... Նրան կորցնում ենք»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Սկսենք մեր գործը, նորեն ու մեզնից սկսենք»
«Սովորող դպրոց»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (վեցերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Անատոլի Բերշտեյն
«Բարձրաձայն խոհեր»
Խազրաթ Ինյաթ Խան
«Շատ ծիծաղել և հաճախ խաղալ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Ա. Տիգրանյան
«Կրթակարգ և ուսուցիչներ. անտեղյակների հակամարտություն»


ԽՈՍՔԻ ՄՇԱԿՈՒՅԹ

Խոսքի մշակույթ առարկայի  ծրագիրը ելնում է հետևյալից.

  • մայրենիի յուրացումն անսպառ ընթացք է, և խոսքային ինքնարտահայտման կարողությունը մշակել-զորացնելը շարունակվում է ուսումնառության բոլոր փուլերում.
  • խոսքը մշակելը անձի մտավոր, հոգևոր ու բարոյական զարգացմանը խթանելու միջոցներից մեկն է.
  • արդյունավետ է, որ խոսքի մշակույթի դասերին սովորողներն անդրադառնում են այլ առարկաներից իրենց ընթերցած գրականությանը և իրենց կազմած խոսքին։

Այս առումով ծրագիրը նույնն է տարիքային բոլոր խմբերի համար. տարբեր կարող են լինել սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները, նրանց խոսքի թեման և բովանդակությունը, լեզվի յուրացման մակարդակը։
Վերը նշվածը սահմանում է նաև առարկայի դասավանդման նպատակը՝ սովորողի խոսքային ինքնարտահայտման կարողության մշակում, նաև դրա միջոցով նրա անձի մտավոր, հոգևոր ու բարոյական զարգացմանը նպաստում։
Խոսքի մշակման ընթացքում լուծվում են հետևյալ խնդիրները՝

  • խոսքային կարողությունների և հմտությունների զարգացում.
  • սեփական, զրուցակցի և այլոց խոսքի նկատմամբ ուշադրության, խոսքին հետևելու սովորության մշակում.
  • խոսքը ուղղելու, մշակելու սովորության մշակում.
  • խոսքային միջոցների ոճական առումով ճիշտ գործածություն.
  • խոսքը նպատակին, առարկային (խնդրին), զրուցակցին (լսարանին), իրավիճակին համապատասխան կառուցելու հմտությունների մշակում.
  • խոսքային կաղապարներից խուսափելով՝ անհատական ոճի մշակում.
  • ընդհանուր կրթական կարողությունների և հմտությունների (այդ թվում՝ ՏՀՏ) զարգացում.
  • տրամաբանական կարողության, վերլուծական ու նկարագրական հմտությունների զարգացում։

Լեզվական օրենքներն ու օրինաչափությունները սեփականելու և ըստ դրանց խոսելու համար դրանք հասկանալն ու բացատրելը բավարար չեն։ Գրավոր և բանավոր խոսքը յուրացվում է շփման պայմաններում, հենվում է լեզվի իրական գործառության վրա։ Շատ կարևոր է, որ սովորողն ազատ լինի խոսքային գործունեության տարբեր ոլորտներում,  արտահայտվելու համար կարողանա օգտագործել լրատվամիջոցները, ակումբները։ Խոսքի մշակույթի դասերը գործնական աշխատանքի դասեր են։ Սովորողը`

  • կատարում է խոսքի մշակմանն ուղղված վարժություններ, որոնք ընտրվում են հայոց լեզվի տարբեր դասագրքերից, հարցարաններից կամ նոր են կազմվում,
  • իրեն հուզող (կամ հանձնարարված) հարցի մասին շարադրում է միտքը՝ գրավոր և բանավոր,
  • թարգմանում է, իր թարգմանությունը համեմատում բնագրի, նույն տեքստի այլ թարգմանությունների հետ, ուղղում-խմբագրում է,
  • որպես զրույց և սցենար է փոխադրում տեքստը, գրախոսում ընկերների սցենարները, մշակում-խմբագրում է, անընդհատ փորձում տեքստը շարժման վերածել, խոսքը կենդանացնել,
  • գրում է զանազան ցերեկույթների և միջոցառումների սցենարներ,
  • կարդում, բանավոր և գրավոր փոխադրում է հոդվածներ, իրեն հետաքրքրող հարցի առնչությամբ ծանոթանում է տարբեր տեսակետների, համեմատում է դրանք, գրավոր և բանավոր արտահայտում վերաբերմունքը,
  • կարդում, վերլուծում է հոդվածներ, հարցազրույցներ, ծանոթանում նորություններին, դրանք համեմատում է, գրախոսում, պաշտպանում, հակադրվում, իր վերաբերմունքն արտահայտելով՝ փոխադրում, շարադրում է սեփական տեսակետները,
  • աշխատում է իր կամ ուրիշի ստեղծած (ձայնագրված, մուտքագրված) տեքստի վրա, ուղղում, խմբագրում, սրբագրում.
  • խմբին հուզող թեմայով կազմակերպում է քննարկում, զրույց, բանավեճ, մասնակցում դրանց,
  • մեդիամիջոցների կիրառմամբ ստեղծում է նոր ուսումնական նյութեր։

Սովորողի աշխատանքի վերջնական արդյունքը հնարավոր կլինի հրապարակել սովորողների պարբերականներում և ակումբներում, զանգվածային լրատվամիջոցներում (կրթահամալիրի կայքում, «Դպիրում» և այլն)։
Խոսքի մշակույթ առարկան կապվում է բոլոր այն առարկաների հետ, որոնց բովանդակությունը յուրացնելու համար սովորողն զբաղվում է խոսքային գործունեությամբ, համակարգչային ծրագրերի յուրացման հետ։ Կարևոր է, որ սովորություն դարձնի ընթերցված, իր, զրուցակցի կամ մեկ ուրիշի ասած (գրած) խոսքը գնահատելն ու դրա մասին դատելը (պարզ է, լավ է ձևակերպված, մատչելի է, տեղին է, ազդեցիկ է….)։ 
Խոսքի մշակույթ առարկան ըստ բովանդակության ինտեգրված է Հայոց լեզու և գրականություն առարկաների հետ։
Ուսումնական տարվա (կիսամյակի) թեմատիկ պլանավորումն արվում է սովորողների հետ քննարկման միջոցով՝ ելնելով նրանց մասնագիտական ուսուցումից, հետաքրքրություններից, նախնական պատրաստվածության աստիճանից։

Թեմատիկ պլանավորման օրինակ (քոլեջում մանկավարժություն ուսանողների համար)
2 ուստարի, շաբաթական 4 ժամ

1. Փոխադրության (24 ժամ)
Լրագրային ցանկացած ժանրով որևէ նյութ փոխադրել՝ երիտասարդությանը հուզող որևէ թեմայով (ուսանողի ընտրությամբ)։ Ընտրած նյութի թեմայով շարադրել խոհերը, փոխադրությանը համապատասխան հետևություն անել։ Վերնագրել որպես արդյունք ստացված նոր նյութը։

2. Թարգմանություն (24 ժամ)
Տրված մանկական ստեղծագործությունները թարգմանել։ Ուշադրություն դարձնել դարձվածքների, կոչականների, ձայնարկությունների, հատուկ ընտրված, իմաստային կամ ոճական արժեք ունեցող անունների թարգմանությանը։ Ուշադրություն դարձնել նախադասություններում բառերի շարադասությանը։

3. Հուշագրություն (24 ժամ)
 Գրել հուշեր մանուկ օրերից տպավորված դեպքերի, կերպարների, սիրելի ստեղծագործությունների, հետաքրքիր հանդիպումների մասին։ Աշխատել, որ խոսքը կենդանի, հետաքրքիր ու տպավորիչ լինի, արտահայտված վերաբերմունքը հիմնավորվի, գրավոր խոսքում ստացված կերպարները համապատասխանեն բանավոր խոսքում արտահայտած իր վերաբերմունքին։

4. Սցենար (24 ժամ)
Մանկական մեկ ստեղծագործություն սցենարի վերածել։ Ցույց տալ սցենարի կառուցվածքային բոլոր առանձնահատկությունները։ Բեմի և երաժշտական ձևավորումները, գործող անձանց նկարագրությունն ու բնութագրությունը հիմնավորել նրանց գործողություններով։

5. Փոխադրություն (20 ժամ)
Լրագրային որևէ ժանրով տրված նյութը փոխադրել՝ կա՛մ քաղաքական թեմայով, կա՛մ դպրոցի, կրթության մասին։ Շարադրել տրված թեմայով սեփական վերաբերմունքը, փոխադրությանը համապատասխան հետևություն անել։ Վերնագրել որպես արդյունք ստացված նոր նյութը։ Լրագրային ցանկացած ժանրով շարադրություն գրել՝  քաղաքական թեմայով, դպրոցի, կրթության մասին, երիտասարդությանն այսօր հուզող որևէ թեմայով։ Հետևել խոսքի տրամաբանական և ոճական ամբողջականությանը, փաստի (երևույթի, դեպքի) ներկայացման ամբողջականությանը, վերաբերմունքի փաստարկվածությանը, ասելիքի հիմնավորվածությանը։

6        Օրագիր (20 ժամ)
Ուսանողի օրագիր։ Նկարագրել օրը, օրվա մեջ կարևորել առանձին դեպքեր, հանդիպումներ, գործողություններ, տրամադրություններ։ Ներկայացնել ուսումնական հաստատությունը, ուսումնական պլանը, առարկաների բովանդակությունները, նպատակները, ուսումնական առարկաների միջոցով իր լուծելիք (լուծած) խնդիրները, հիմնավորված, փաստարկված վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ։

7. Փոխադրություն-վերլուծություն (34 ժամ)
Մանկավարժական թեմաներով տեքստի փոխադրություն-վերլուծություն։ Ցույց տալ հեղինակի մոտեցումը, վերաբերմունքը, ասելիքը, դրանց կապը, խոսքի տրամաբանական զարգացումը,  հակասությունները (եթե կան)։ Շարադրել սեփական վերաբերմունքը, հետևություն անել։ Վերնագրել որպես արդյունք ստացված նոր նյութը։

Թարգմանություն (26 ժամ)
Տրված մանկական ստեղծագործությունները թարգմանել։ Թարգմանությունը համեմատել նույն տեքստի այլ թարգմանությունների հետ՝ ուշադրություն դարձնելով դարձվածքների, կոչականների, ձայնարկությունների, հատուկ ընտրված, իմաստային կամ ոճական արժեք ունեցող անունների թարգմանությանը, նախադասություններում բառերի շարադասությանը։

9. Վերլուծություն-քննարկում (32 ժամ)
Լրագրային նյութի գրավոր վերլուծություն-քննարկում։  Գտնել տրված թեմայով այլ հոդվածներ, համեմատել հեղինակների մոտեցումները, վերաբերմունքները, ասելիքները։ Շարադրել սեփական վերաբերմունքը, հետևություն անել։ Վերնագրել որպես արդյունք ստացված նոր նյութը։

10. Բանավեճ (24 ժամ)
Ուսանողությանը հուզող թեմայով բանավեճ կազմակերպել և անցկացնել։ Բանավեճին մասնակից դարձնել դասավանդողների, ծնողների, այլ մարդկանց։   Մեդիամիջոցների կիրառումը պարտադիր է։

11. Ուսումնական նյութի պատրաստում (20 ժամ)
Համակարգչային ծրագրերի կիրառմամբ պատրաստել և կրթահամալիրում ընդունված կարգով ներկայացնել ուսումնական որևէ նյութ։ Նյութը պատրաստելիս պիտի հաշվի առնի, թե ում համար է նախատեսված։

Սուսան Մարկոսյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.