Ներկայացվող փորձերը պիտի որ հետաքրքիր արդյունք ունենան։
Փորձե՛ք, դիտարկումներն ու հետևությունները գրանցեք և ուղարկե՛ք [email protected] հասցեով։ Դրանք «Դպիրում» կհրապարակվեն, և արդյունքները կհամեմատենք, միասին կվերլուծենք։
Քո սառնարա՛նն ունեցիր
Եթե ցանկանում ես ինչ-որ բան սառը տեղում պահել, ապա կատարի՛ր հետևյալ փորձը:
Քո ընտրած առարկան (օրինակ՝ ձու) ծածկի՛ր կավե ամանով: Ամանը նախօրոք ջրով թրջի՛ր: Պատմի՛ր՝ ինչ է լինում հետո։
Ներկում ենք ծաղիկները
Փորձի համար վերցնենք ծաղիկ, օրինակ՝ մեխակ կամ նարգիզ: Ջրով լի ծաղկամանում կաթեցնենք մի քանի կաթիլ թանաք կամ սննդային ներկանյութ: Ծաղիկը կարճացնենք՝ ցողունը թողնելով հինգ սմ: Հետո ծաղիկը մի քանի ժամով դնենք ծաղկամանի մեջ: Շարունակությունը պատմի՛ր փորձը ինքնուրույն անելուց հետո։
Փաթիլներ, փաթիլներ
Ձյան փաթիլներն առաջանում են այն ժամանակ, երբ օդում ջրային գոլորշին սառչում է: Իսկ ինչպիսի՞ն են փաթիլները:
Այս փորձը ձմռանը կատարենք:
Վերցնենք սև գործվածք կամ սև ստվարաթուղթ: Նախօրոք դա սառնարանում սառեցնենք, որպեսզի դրա վրա փաթիլներն արագ չհալչեն:
Փորձի՛ր բռնել մի քանի փաթիլ և դնել սև գործվածքի կամ ստվարաթղթի վրա: Խոշորացույցով ուշադիր նայի՛ր։ Ի՞նչ կտեսնես:
Սառույցը բարձրացնենք լուցկու օգնությամբ
Ինչպե՞ս անենք:
Այս փորձը կատարելու համար անհրաժեշտ են բաժակով ջուր, փոքրիկ կտոր սառույց, լուցկի ու մի քիչ աղ:
Սառույցը վերցնենք և դնենք ջրով լի բաժակի մեջ: Նա կլողա ջրի երեսին: Նրա վրա լուցկի դնենք: Լուցկու շուրջը մի քիչ աղ լցնենք: Ե՞րբ կարելի կլինի լուցկով սառույցի կտորը բարձրացնել:
Ծիածանի փորձ
Փորձը կատարելու համար թաս և հայելի ենք վերցնում: Թասի մեջ ջուր ենք լցնում: Այն տեղադրում ենք պատուհանի արևոտ մասում: Ջրի մեջ 25° անկյան տակ հայելին ենք դնում (լավ կլինի՝ տակդիրի վրա): Հայելիով փորձում ենք «բռնել» արևի շողքը։ Հետո ի՞նչ է լինում։
Ծիածանի երկրորդ փորձը
Վերցնում ենք սպիտակ թուղթ և բյուրեղապակյա բաժակ: Բաժակը դնում ենք սպիտակ թղթի վրա: Հետո բաժակով փորձում ենք արևի շողք «բռնել»: Փորձելուց հետո շարունակությունը պատմի՛ր:
Ծիածանի երրորդ փորձը
Ջրով լի խորը ափսե և եղունգի լաք (մանիկյուր) վերցնենք ու սկսենք փորձը: Ջրի մեջ մի կաթիլ լաք կաթեցնենք:
Պատմի՛ր՝ հետո ի՞նչ է լինում։
Ծիածանի չորրորդ փորձը
Այս փորձի համար հարկավոր են եռանիստ թափանցիկ պրիզմա և սպիտակ առարկաներ: Բոլոր այդ առարկաներին պրիզմայի միջով նայենք։ Ի՞նչ կտեսնենք։ Պրիզմայի միջոցով ինչպե՞ս կարելի է պատի վրա ծիածան ստանալ։
Ջրին հրամայենք հայտնվել
Այս փորձի համար վերցնենք ջրով լի բաժակ և մեկ ժամով դնենք սառնարանի մեջ, որ լավ սառչի: Իսկ երբ բաժակը հանենք, ի՞նչ կլինի։
Սառույցին տարածություն տանք
Փորձ 1
Բաժակի մեջ դնենք մի կտոր սառույց և մինչև վերջ ջուր լցնենք: Ի՞նչ տեղի կունենա, երբ սառույցը հալչի:
Փորձ 2
Ապակե փոքր շիշ և մի կտոր փայլաթիթեղ (ֆոլգա) վերցրո՛ւ։ Շիշը ջրով լցրո՛ւ և փակի՛ր փայլաթիթեղից պատրաստած կափարիչով: Հետո այդ շիշը սառնարանի մեջ դի՛ր և սպասի՛ր, մինչև ջուրը լավ սառչի: Շարունակությունը պատմի՛ր և փորձի՛ր բացատրել։
Ինչպես օճառ պատրաստենք
Սրվակի մեջ (երկշիշ տարողությամբ աման) լվացքի սոդայի թունդ ու տաք լուծույթ լցնենք: Ավելացնենք մի քանի կաթիլ ձեթ և սպասենք, մինչև ձեթը լուծվի: Ստացված լուծույթի մեջ մի քիչ կերակրի աղ ավելացնենք:
Օսլա կա՞, թե՞ ոչ
1. Որպեսզի համոզվենք, որ օսլա կա կարտոֆիլում, մի կտոր կարտոֆիլի վրա կաթեցնենք մի քանի կաթիլ յոդ: Ի՞նչ կլինի։ Փորձի՛ր բացատրել՝ ինչու։
2. Յոդի օգնությամբ կարող ենք օսլա գտնել կանաչ բույսերի տերևներում: Փորձենք: Վերցնենք յասամանի մի տերև (հենց թփի վրա): Տերևի մի մասը երկու կողմից ծածկենք փայլաթիթեղով: Հաջորդ օրը թփից կտրենք այն տերևը, որը ծածկված մի քանի ժամ մնացել էր արևի տակ, և մի քանի ժամով ընկղմենք տաք բնափոխված սպիրտի մեջ (դենատուրատ): Այնուհետև նույն տերևը դնենք յոդի լուծույթի մեջ:
Ի՞նչ դիտարկում կարող ենք անել։
Հետաքրքիր մի փորձ
Ապակե բանկայում կամ բաժակում ջուր լցնենք և լուծենք կարբոլաթթու (ֆենոլ): Այնուհետև լուծույթին ավելացնենք նախ՝ կերակրի սոդա, հետո՝ քացախ կամ լիմոնի աղ:
Մեկ այլ հետաքրքիր փորձ
3 կամ 5 լիտրանոց ապակե տարայում ջուր լցնենք և դա մեկ օր թողնենք մութ տեղում: Վերցնենք թանաք կամ ջրում լուծվող սևաներկ (տուշ), դեղատնային կաթուցիչ (պիպետկա): Տարան դնենք սեղանի վրա և 1-2 սմ բարձրությունից կաթեցնենք 1 կաթիլ թանաք: Մի քիչ հետո նորից կաթեցնենք։ Այդպես շարունակենք։
Տեսածդ նկարագրի՛ր։
Փորձ, որը հիացմունք և ուրախություն է առաջացնում
Նախ մի խոր աման և երկու ճաշի գդալ կերակրի սոդա վերցնենք: Սոդայի վրա հենց շշից քացախ ավելացնենք: Ի՞նչ է տեղի ունենում:
Ինչպես սպիտակուցը գտնենք
Պարզելու համար, թե որքան սպիտակուց կա ինչ-որ հեղուկի, օրինակ` կաթի կամ արգանակի (մսաջուր) մեջ, նրան ավելացնենք մի փոքր լվացքի սոդայի լուծույթ, հետո` պղնձարջասպ: Վերցնենք մի քանի տարբեր հեղուկներ (օրինակ՝ ջուր, հյութ, կաթ, արգանակ, խաշած հատիկ լոբուց քամած հեղուկը և այլն, և տեսնենք, թե որը ինչպես կփոխվի)։
Գաղտնի նամակ գրենք
Առաջին եղանակ
Մաքուր վրձինը կամ գրչածայրը թաթախենք կաթի մեջ և սպիտակ թղթի վրա մի նամակ գրենք: Անպայման թողնենք, որ թուղթը չորանա: Այդ նամակը հնարավոր է կարդալ՝ գոլորշու վրա պահելով կամ արդուկելով:
Երկրորդ եղանակ
Սպիտակ թղթի վրա կիտրոնի հյութով կամ լիմոնաթթվով գրենք մի նամակ: Որպեսզի այն կարդանք, ջրում լուծենք մի քանի կաթիլ յոդ և թուղթը թեթևակի թրջենք այդ լուծույթի մեջ:
Փորձեք՝ ճի՞շտ է, և բացատրեք, թե ինչու է այդպես լինում։
Լուսատտիկը
Ապակե տարայի մեջ լցնենք մի քիչ հող, դնենք մի քանի տերև, կաթեցնենք մի քանի կաթիլ ջուր: Փորձենք լուսատտիկ բռնել և թողնել այդտեղ: Տարան փակենք փոքր անցքեր ունեցող մի կափարիչով: Երեկոյան կտեսնենք, թե մթության մեջ լուսատտիկն ինչպես է լուսավորում:
Թիթեռը
Եթե ուզում ես թիթեռ դիտարկել, նախ փորձի՛ր բռնել նրան և բաց թողնել 3 կամ 5 լ ապակե տարայի մեջ: Նախապես այնտեղ մեջ տերևներ դիր, իսկ կափարիչի վրա մի քանի անցք բացի՛ր: Թիթեռին կարելի է դիտարկել խոշորացույցով։
Թիթեռին հետևելուց և ամեն ինչ մանրամասն գրառելուց հետո անպայման բաց թողեք նրան:
Որդը
1. Ապակե տարայի մեջ խոնավ հող լցնենք (որդերը չոր հողի մեջ չեն ապրում) և որդ: Տարան փաթաթենք թղթով: Ժամանակ առ ժամանակ թուղթը բացենք և տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել:
2. Տարայի հողի վրա, որի մեջ որդ կա, այնքան ջուր լցնենք, որ հողը ծածկի։
Ի՞նչ կլինի։ Ինչո՞ւ։
Մրջյունները
1. Ապակե տարայի մեջ հող լցնենք, փայտիկներ, տերևներ, եղևնու փշեր դնենք, և կաթեցնենք մի կաթիլ մեղր: Մոտակա մրջնանոցից մրջյուններ «հրավիրենք» (հետո, իհարկե, նրանց բաց ենք թողնելու): Տարան ծածկենք թղթով կամ մոմլաթով (անպայման ասեղով փոքր անցքեր անենք), փաթաթենք սև թղթով և թողնենք մի քանի ժամ: Հետո թուղթը հանենք և տեսնենք, թե ինչ են անում մրջյունները։
2. Կարող ենք մրջյուններին «առաջարկել» տարբեր տիպի մանր առարկաներ (փայտիկ, լուցկու հատիկ, լաթի կտոր)։ Տեսնենք, թե մրջյունը դրանցից որը կընտրի:
Խնդրում ենք, մեզ էլ պատմեք ձեր դիտարկման արդյունեքները։
Մորեխը
Փորձենք բռնել մի մորեխ: Վերցնենք սենյակային բույսով մեծ աման: Ամանում դնենք հացի փշրանքներ, կաթեցնենք մի քանի կաթիլ ջուր: Բույսը ծածկենք թափանցիկ մեծ մոմլաթե տոպրակով։ Մոմլաթի տակ բաց թողնենք բռնած մորեխին և արագ ձիգ կապենք թելով:
Ի՞նչ կտեսնենք:
Խխունջը
Խխունջը սողում է, իսկ ինչպե՞ս: Նրան հետևելու համար վերցնենք մեծ ապակե տարա, դնենք խոտ, տերևներ, խխունջին և փակենք ստվարաթղթե կափարիչով: Կափարիչի վրա ծանր առարկա դնենք, որպեսզի խխունջն այն չշարժի:
Հետաքրքի՞ր է նրան հետևելը։
Սերմեր, սերմեր
Բոլոր փորձերի համար լույսը, ջուրը և ջերմությունն անհրաժեշտ են:
1. Փորձի համար վերցնենք լոբու, սիսեռի, արևածաղկի, մանանեխի, կոտեմի սերմեր: Պլաստմասե ափսեում մի քիչ ջուր լցնենք, վրան դնենք մի քանի անձեռոցիկ կամ սպունգ և վերևից լցնենք սերմերը: Պարբերաբար ջուր ավելացնենք, որ անձեռոցիկը խոնավ մնա: Ամեն օր հետևենք, թե ինչ ինչպես և ինչ արագությամբ են ծիլ տալիս սերմերը:
Օրագիր կազմե՛ք, որտեղ գրանցե՛ք ամենօրյա աճը:
2. Ծլած կարտոֆիլի կլեպը կտրենք (ծլած աչիկների հետ), հողում տնկենք, ջրենք և հետևենք:
3. Կտրենք գազարի, բազուկի վերին մասերը և դնենք ջրով լի ափսեում: Ափսեն տեղավորենք պատուհանագոգի արևոտ մասում:
4. Փորձենք այգում հացահատիկային բույսեր՝ ցորեն, գարի, հաճար ցանենք, և խնամենք 2-3 ամիս:
Մեկ հատիկից ի՞նչ կստացվի:
Ի՞նչ արեցիք հետո։
5. Սոխի գլուխը դնենք ջրով լի փոքրիկ ապակե տարայում:
6. Լոբու կամ արևածաղկի սերմնահատիկը թրջենք (նույնիսկ կարելի է 1 օր թողնել ջրի մեջ): Երբ դրանք խոնավությունից ուռչեն, բաժանենք 2 մասի և խոշորացույցով դիտենք ծլած ծիլը, բողբոջը:
Չորացրած բույսերից բացիկներ
Ընտրենք խոշոր տերևների և ծաղիկների տեսակներ, չորացնենք: Հետո չորացրած տերևը կամ ծաղիկը դնենք մի կտոր ստվարաթղթի վրա, ձևավորենք և ամրացնենք մոմլաթով կամ կպչուկ ժապավենով:
Կարելի է պատրաստած բացիկները կտրելով բաժանել ասիմետրիկ մասերի, հետո հանձնարարել հավաքել կտորները և նախկին ամբողջական պատկերը ստանալ:
Հետաքրքիր է...
Ծաղկային ժամացույց
Ժամանակը կարելի է որոշել ոչ միայն ժամացույցով, այլ նաև ծաղիկների օգնությամբ: Բանը այն է, որ տարբեր ծաղիկներ օրվա ընթացքում բացվում և փակվում են որոշակի ժամերի, ըստ որի մենք կարող ենք մոտավորապես որոշել, թե ժամը քանիսն է:
Ժամը 5-ին բացվում են մասուրն ու կակաչը։
Ժամը 6-ին ծաղկում է խատուտիկը։
Ժամը 9-ին արթնանում է դաշտային մեխակը։
Ժամը 14-ին փակվում են կակաչները։
Ժամը 17-ին փակվում են անմոռուկները։
Ժամը 18-ին ջրի տակ են իջնում ջրաշուշանները։
Ժամը 19-20-ը փակվում է մասուրը:
Ստուգի՛ր՝ այդպե՞ս է արդյոք:
Սարդը
Բոլորը գիտեն, որ սարդը միջատ է: Բայց դա այդպես չէ: Սարդերը պատկանում են սարդակերպի դասին: Կա սարդերի 35 հազար տեսակ: Դրանք բոլորը գիշատիչ են։ Սարդն 8 ոտք ունի: Նրա կարևոր հատկությունը սարդոստայն (նուրբ ցանց) պատրաստելն է: Բոլոր սարդերը թունավոր են:
Սովորի՛ր տարբերել ամպերը
Նայի՛ր ամպոտ երկնքին: Երեք տեսակի ամպ կարող ես տեսնել:
- Եթե քուլա-քուլա (փետրավոր) ամպեր տեսնես, կարող ես պնդել, որ այդ օրը տաք եղանակ է լինելու:
- Եթե շերտ-շերտ (շերտավոր) ամպեր լինեն, ապա այդ օրը ձյուն կամ անձրև կլինի:
- Իսկ եթե հանկարծ մեծ, բարդ-բարդ ամպեր երևան, իմացի՛ր, որ նրանք ամպրոպ, կայծակ ու փոթորիկ կբերեն:
Ամենա, ամենա... բույսերը և կենդանիները
Բամբուկն աշխարհում ամենարագ աճող բույսն է: Մեկ օրվա ընթացքում աճում է 1մ:
Ամենափոքր բույսը Վոլֆիյա ծաղիկն է, որը քորոցի գլխի չափ է:
Աշխարհում ամանամեծ ծաղիկը կշռում է 10 կգ և ունի 1մ տրամագիծ: Այն աճում է հողի վրա, ցողուն չունի:
Գիշատիչներից ամենափոքր սիրտն ունի առյուծը:
Աշխարհում ամենահաստ կաշին կենդանիներից ոչ թե փիղն ունի, այլ գետաձին, որի մաշկի հաստությունը հասնում է 2,5սմ:
Աշխարհում ամենատարօրինակ և զարմանալի կենդանին հայտնի է «յակ» անունով: Նա կովի գլուխ ունի, ձիու պոչ, այծի բուրդ, ցուլի կոտոշներ և խոզի նման խռխռում է։
Աշխարհում ամենաաղմկոտ ծառը թնդանոթ ծառն է: Նրա պտուղները նման են մեծ գնդերի, որոնք մեծ օղակներով կախված են բնից: Երբ քամի է լինում, գնդերն իրար են կպչում՝ առաջացնելով թնդանոթային դղրդյուն:
Բարև
Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ իրար տարբեր կերպ են բարևում:
Եվրոպացին հանդիպելիս սեղմում է ընկերոջ ձեռքը, ամերիկացին ուսին ափով թեթև խփում է, ճապոնացին` գլուխ է տալիս, աֆրիկացին՝ ծափ:
Ընկերոջը բարևելիս հրեան ասում է. «Խաղաղություն քեզ»:
Չինացին հարցնում է. «Մի բան կերե՞լ ես»:
Պարսիկը մաղթում է. «Ուրա՛խ եղիր»:
Աֆրիկացին ասում է. «Քեզ տեսնում եմ»:
Ձմեռ պապիկ
Աշխարհում Ձմեռ պապիկի մասին սկսել են խոսել 19-րդ դարի վերջին: Նա հայտնի է տարբեր անուններով` Սանտա-Կլաուս, Պեր-Նոել, Յունիսաար, Կերբոբո, Սառնամանիք պապ և այլն:
Ամերիկայում, Անգլիայում, Կանադայում Ձմեռ պապիկը Սանտա-Կլաուսն է: Նա հագնում է սպիտակ մորթով կարմիր բաճկոն, կարմիր տաբատ և կարմիր գլխարկ:
Ֆրանսիայում երկու Ձմեռ պապիկ կա: Մեկին անվանում են Պեր-Նոել (նշանակում է Սուրբ ծնունդի հայր): Նա շատ բարի է: Մյուսին անվանում են Շալանդ: Վերջինս իր պարկում չար և ծույլ երեխաների համար ճիպոտներ է պահում:
Իտալիայում ամանորի գիշերը թռչելով գալիս է Բեֆանա պառավիկը: Նա գալիս է ծխնելույզով, խելոք երեխաներին նվեր է բերում, իսկ անկարգ երեխաներին միայն մոխիր է նվիրում:
Մոնղոլիայում պապիկը նման է հովվի: Ձեռքին միշտ մտրակ կա:
Շվեցարիայում 2 ձմեռ պապ կա: Մեկը թզուկ է, մյուսը՝ կուզիկ պապիկ` մեծ քթով:
Ո՞վ է խուլիգանը
Բոլորդ էլ լսել եք այդ բառը: Իսկ գիտե՞ք, որ դա անգլիացու ազգանուն է: Ժամանակին Լոնդոնում Խուլիգան ազգանվամբ մի պարոն էր ապրում: Նա շատ վատ մարդ էր, բոլորին անարխոժություն էր պատճառում: Լոնդոնում բոլորը նրան գիտեին: Եթե մեկն իրեն վատ էր պահում, ասում էին. «Դու նման ես միստր Խուլիգանին»:
Այսպես առաջացավ այդ բառը, որը հայտնի է շատ լեզուներում:
Կազմեց Անահիտ Ավագյանը
|