Դասվարական գործունեության երրորդ տարվա ամփոփում

Հեղինակ: 

Կարդում եմ կրթահամալիրի տնօրենի՝ մայիսի 10-ի գիրը և հոդվածիս համար որպես նախաբան ուզում եմ մեջբերում անել.«Մենք ապրում ենք 2017-2018 ուստարվա ավարտի, արդյունքների ի մի բերման, 2018-2019 անցման պատրաստության շրջան»:
Ինձ համար` 2017-2018 ուստարի կամ դասվարական երրորդ տարվա ամփոփում...
Սկսեմ սկզբից՝ հավաքից հավաք. դասվարական գործունեության 
առաջին տարվա ամփոփում: Կարդում եմ առաջին տողերը՝ սովորողների համար 1-ին ուսումնական տարի, ինձ համար՝ նոր դասվարական գործունեություն: Այո՛, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կրթահամալիրում աշխատելու և ապրելու տասնութ տարիների ընթացքում 2015-ն ինձ համար նշանավորվեց մի նոր սկզբով. խիզախեցի՝ փորձելով նոր հարթակում ինքնադրսևորվել: Սիրեցի սովորողներին, սիրեցի նոր կարգավիճակս: Ինձ հաջողվեց դասարանում ձևավորել թիմային զգացողություն: Կարևորելով այդ զգացողությունը՝ 2015թ.-ին գրված հոդվածի մեջ առանձնացնում եմ այս հատվածը՝ Ամառային հանդիպումները սովորողների հետ օգնեցին սեպտեմբերն ավելի հեշտ հաղթահարել: Ինչո՞ւ սեպտեմբերը, որովհետև երեխաներն ամենատարբեր ընտանիքներից` տնային ինքնակրթությամբ, տարբեր մանկապարտեզներից, կրթահամալիրի նախակրթարանից մեկտեղվում են մեկ ընդհանուր միավորի մեջ, որտեղ սանից վերածվում են սովորողի: Դառնում են անդամը մի հավաքանու, որտեղ ինչքան ազատ, անկաշկանդ է մթնոլորտը, այնքան հստակ են պահանջները՝ ինչպիսի՞ն պետք է լինի սովորողը, որո՞նք են նրա իրավունքները, որո՞նք են նրա պարտականությունները: Այդ իրավունքների և պարտականությունների գիտակցման մեջ մեծ է սովորողի ընտանիքի դերը: Կարևոր է, որ ընտանիքը նույնպես ներառվի, դառնա գործընկեր, ոգևորի և ոգևորվի: Եվ ահա առաջին տարին ամփոփելիս մայիս ամսին արձանագրում ենք մի վիճակ, երբ սովորողները գրաճանաչ են, տառաճանաչ, ինքնուրույն կարդում են, մուտքագրում և գրում: Կարողանում են լսել, լսածի և տեսածի վերաբերյալ հարցեր տալ, կարծիքներ հայտնել, լսածը և տեսածը վերարտադրել նկարների միջոցով, իրենց սեփական հեքիաթները հորինել, իրենց կարծիքը հայտնել, չհամաձայնել, հիմնավորել: Իրենց զգում են դասարան- հավաքականի մի մասնիկ, համապատասխան վարքագիծ են դրսևորում, ընկերոջ համար ցավում են, անհանգստանում, կարողանում են ուրախությունը միասին ապրել:

Դասվարական գործունեության երկրորդ տարվա ամփոփում:
Ուսումնական օրացույցը՝ կազմակերպիչ կամ հավաքից հավաք մեկ տարվա արածի հաշվետու ներկայացում: Նախորդ հոդվածում ուսումնական օրացույցի ձևակերպումը տալով՝ ցույց եմ տվել նաև դասարանական օրացույցի մոդելը: Հոդվածում ունեմ հետևյալ գրառումը՝ «Հետևելով օրացույցին, կազմելով համապատասխան նախագծեր և աշխատելով ըստ նախագծերի՝ մեկ տարվա ընթացքում ստացվում է այնպես, որ ուսումնական օրացույցը կենդանանում է»:

Ամփոփելով ուսումնական երկրորդ տարին, հիմքում ունենալով առաջին տարվա գործունեության արդյունքները՝ փաստում եմ, որ տարին բավական արդյունավետ էր: Սովորողների մոտ այս մեկ տարվա ընթացքում զարգացել է բանավոր խոսքը, սեփական մտքերն արտահայտելիս զգում ես, թե որքան է խոսքը հղկվել: Բանավոր խոսքի զարգացումն ինքնաբերաբար հանգեցրել է նաև գրավոր խոսքի զարգացմանը: Սովորողները շատ հանգիստ, անկաշկանդ պատումներ են գրում, իրենց պատումները նկարազարդում են, սիրով ներկայացնում և շատ հաճախ ականատես եմ լինում մի իրողության, երբ պատումում ինչ-որ բան փորձում եմ փոխել, իսկ սովորողը հեղինակի իրավունքով չի համաձայնում: Զարգացման նման հաջողություններ սովորողները գրանցել են բոլոր բնագավառներում՝ երկրորդ տարվա գործունությունը նկարագրելով՝ չեմ ցանկանա առարկայացնել՝ ներկայացնելով «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչներն առանձին- առանձին: Շատ վաղուց միջառարկայական անջրպետները վերացած են:

Դասվարական գործունեության երրորդ տարվա ամփոփման և ամբողջացման համար առանցքային են նախորդ երկու տարիների արված աշխատանքների ամփոփումը՝ հասկանալու համար պարուրաձև զարգացման համաչափ ընթացքը: Այս տարի հունվար ամսին հանդես եմ եկել հրապարակմամբ՝ «Հունվարյան պլեները՝ ճամփորդության ուսուցման նոր հարթակ» վերնագրով: Որտեղ խոսվում է հունվարյան պլեների, «Երևանյան թանգարանները՝ որպես բաց արվեստանոցներ» ճանաչողական, հետազոտական, տեխնոլոգիական նախագծերի, Երևան 2800 խնդրագրի, մանկավարժական մոտեցումների մասին: Երրորդ դասարանում աշխատելը խիստ հաճելի և միևնույն ժամանակ բարձր պատասխանատվություն պահանջող փուլ է: Երրորդ դասարանում սովորողները բավական ինքնավար են, հասուն, ունեն հստակ նախասիրությունների և հետաքրքրությունների շրջանակ: Ունեն գրագիտության որոշակի պաշար, յուրացրել են մաթեմատիկական տարրական գիտելիքներ, օտար լեզուներով՝ անգլերեն և ռուսերեն, գրում են և կարդում: Բլոգը յուրաքանչյուրի աշխատանքային գործիքն է, և սովորողը ինքնուրույն է վարում իր բլոգը: Ձեռք է բերել համացանցից օգտվելու հմտություն, օգտվում է էլեկտրոնային գրականությունից, օնլայն բառարաններից: Այս բոլոր հմտությունները և կարողությունները նպաստում են , որ երրորդ դասարանում դասավանդող ուսուցիչը սովորողների հետ լինի, բառիս լավ առումով, բացառապես գործընկերային հարաբերությունների մեջ: Որտեղ սովորող-սովորեցնող և փոխըմբռնման մթնոլորտ է: Եվ դու պատասխանատու լինելով այս երեք տարում կատարված աշխատանքի համար՝ պարտավոր ես անցնցում և սիրով թիմը փոխանցել գործընկերներիդ: Այս տողերը գրում եմ ու ժպտում, ինձ համար չնայած հարկադրված, սակայն այս փուլը շուտ եկավ: 2018-19 ուստարում առաջին դասարան ղեկավարելու հայտ էի ներկայացրել և մասնակցում էի «Մանկավարժական գարնանային բաց ճամբարին»: Ճամբարի վերջին օրը՝ ճամփորդության ժամանակ, վնասեցի ոտքս: Այն պահից, երբ պարզ դարձավ, որ ես այս փուլում չեմ կարող շարունակել աշխատանքս, դասարանը անցավ առարկայական դասավանդման ձևի: Իհարկե, երկուստեք ափսոսանքի խոսքեր, և ոչ միայն ափսոսանք՝ կիսատ, խոստացված և չարված բաներ… Բայց ի պատիվ ծնողների և ուսուցիչների, այդ բացը արագ լրացվեց: Ես ամեն օր հնարավորություն ունեմ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկանալ դասապրոցեսի ընթացքին: Գործընկեր ուսուցիչների հետ մշտական կապի մեջ եմ, սովորողներից մերթ ընդ մերթ տեսաուղերձներ եմ ստանում: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ ունեինք պայմանավորվածություն ճամբարային օրերին մասնակից լինելու «Սասունցի Դավթի ճանապարհով» կրթական ծրագրին, որը պահանջում է նախնական պատրաստություն: Ուրախ եմ, որ գործընկեր Մարինե Ամիրջանյանը այդ գործը գլուխ բերելու պատրաստակամություն հայտնեց: Ուսումնական պրոցեսից ֆիզիկապես բացակա լինելը, ինձ չի խանգարում, որպեսի ես մեդիայի օգնությամբ լինեմ ներկա և հասանելի: Այս ընթացքը ես օգտագործում եմ ավելի շատ կարդալու, ինքնազարգանալու համար: Մայիս ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի հանձնարարությունները կազմելու առաջարկը նույնպես սիրով ընդունեցի:

Անելիքների առումով՝ պետք է կարգի բերեմ նոր՝ 2018-19 ուսումնական տարվա առաջին դասարանցիների համար ստեղծված ուսումնական բլոգը, զբաղվեմ ընդունելությամբ: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր օգնում են ինձ այդ գործում:

Մի խոսքով՝ ինձ բացակա չդնեք...

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский