Երբ մեկտեղվում են հեղինակային մանկավարժությունն ու մասնագիտական կրթությունը

Վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգում լայն ասպարեզ է բացված քոլեջային կրթության կազմակերպման ուղղությամբ: Քոլեջը բազմագործառութային ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է միջին մասնագիտական և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր հիմնական կրթության և միջնակարգ կրթության հիմքով, ինչպես նաև կազմակերպում է արհեստագործական, երկաժաժամկետ և կարճաժամկետ դասընթացներ տարբեր մասնագիտությունների գծով: Այսօր քոլեջների հիմնական առաքելությունը մի կողմից մասնագիտական որակյալ կրթություն ապահովումն  է, մյուս կողմից՝ աշխատաշուկայի պահանջների բավարարումը:

Հիմնական կրթություն ստացած պատանիների ու աղջիկների համար առաջին հայացքից դժվար է կողմնորոշվել քոլեջների  բազմազանության մեջ ու ճիշտ ընտրություն կատարել: Այստեղ դեռահասներին աջակցում են  ծնողը, ուսուցիչը, կրթական այս կամ այն ծրագիրը, ուսումնական միջավայրը, որ նրանք հնարավորինս սահուն ու գիտակցված բացահայտեն իրենց մտավոր, հոգևոր և ֆիզիկական պոտենցիալը և անձնական նախաձեռնություն, պատասխանատվություն ու կարգապահություն դրսևորեն իրենց ընտրության համար:

Այս հոդվածի շրջանակում ուզում եմ պատմել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջի մասին: Իր գործունեությունը սկսելով որպես մանկավարժական ուսումնարան՝ կրթահամալիրի քոլեջը երկար ճանապարհ է անցել: Այսօր այն հիմնական և միջնակարգ կրթության հիմքով հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն է, որտեղ գործում են միջին մասնագիտական և նախնական մասնագիտական կրթության հետևյալ մասնագիտությունները՝

  • գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
  • նախադպրոցական կրթություն
  • գրադարանային գործ
  • հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում
  • լուսանկարչական գործ
  • կարի արտադրության տեխնոլոգիա
  • գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն
  • պարտեզապուրակային գործ
  • զբոսաշրջություն
  • գինեգործություն (2018-2019 ուստարում)

Հեղինակային կրթական ծրագիր իրականացնող քոլեջը կարևորում է ուսումնառության այնպիսի ձևեր, ինչպիսին նախագծային ուսուցումն է՝ անհատական թվային միջոցներով, բլոգային ուսուցմամբ, ուսումնական գործընթացում սովորողի ինքնուրույնության, ներքին ազատության ու պատասխանատվության դրսևորմամբ:

Կրթահամալիրի քոլեջի ուսանողները Երևան քաղաքի և հարակից շրջանների դպրոցների սովորողներ են, ովքեր Ավագ դպրոցում կրթությունը շարունակելու փոխարեն նախընտրել են քոլեջային ուսուցումը:

Շտապեմ ասել, որ կրթահամալիրի քոլեջ ընդունված յուրաքանչյուր սովորողի համար հենց սկզբից շատ են նորն ու հետաքրքիրը՝ առավոտյան ընդհանուր պարապմունք, ամենուրբաթյա մեդիապարապմունք, ֆիզկուլտուրայի դասընթացին յուրաքանչյուր սովորողի համար տարատեսակ մարզաձևերում ներառվելու կարգ, ստուգատեսներ, շուրջտարյա ճամբարներ, ուսումնահայրենագիտական ճամփորդություններ և այլն: Ուսումնական գործընթացում նկատելիորեն բեռնաթափված են հանրակրթական առարկաները, որը  թեթևացնում է քոլեջի ուսանողի ուսումնական ծանրաբեռնվածությունը և հնարավորություն տալիս  ժամանակը մասնագիտական հմտությունների և կարողությունների ձեռքբերման վրա ուղղորդելու:

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով  սահմանված Քոլեջում իրականացվող տարատեսակ նախագծերը նպաստում են, որ սովորողն ավելի վաղ առնչվի իր մասնագիտական հմտություններին, քան սահմանված է պետական կրթական ծրագրով: «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» կրթահամալիրային նախագիծը իսկական պրակտիկա - հնարավորություն է պարտեզապուրակային մասնագիտությունն ընտրած ուսանողի (և ոչ միայն այս մասնագիտությունն ընտրած ուսանողի) համար: Ուսանողը ծառ է տնկում, ջրում, էտում, ապա մաքրում ու  խնամում է Քոլեջի բակերը, կրթահամալիրային հարակից տարածքներն ու շրջակա միջավայրը, մասնակցում կրթական օբեկտների, միջդպրոցական ճանապարհների, վազքուղիների և հեծանվային ուղիների բարեկարգման, հողային այլ աշխատանքների: «Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն» մասնագիտության սովորողներն իրենց նախագծերով գալիս են լրացնելու ընկերների աշխատանքները՝ ձևավորելով կրթահամալիրի բակերն ու հարակից տարածքները:

Կրթահամալիրային «Ավանդական հարսանիք», «Բարեկենդանի տոն», «Սուրբ Զատիկ» «Համբարձման տոն» ծիսական նախագծերը յուրատեսակ հնարավորություն են սովորողի համար իր մասնագիտական հմտությունները բացահայտելու ուղղությամբ (տես՝ «Հարսանիք ագարակում» նախագիծը Քոլեջում» հոդվածը Դպիրում): «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությունն ընտրած մի խումբ ուսանողներ «Ավանդական հարսանիք  ագարակում» նախագծի շրջանակում մասնակից դարձան արտադրական ուսուցման մի  ողջ գործընթացի. քոլեջի արհեստանոց-լաբորատորիաներում նրանք դասավանդողների հետ համատեղ որոշեցին հարսի ու փեսայի ազգային տարազների ձևերը, պատրաստեցին ձևանմուշները, ընտրեցին, գնեցին  անհրաժեշտ կտորներ, որին հաջորդեցին հագուստների ձևումը, կարումը, շորչափեքի արարողությունը, անհրաժեշտ զարդարանքների ընտրությունը: Մյուս մասնագիտությունների (նախադպրոցական կրթություն, լուսանկարչություն, համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում ) ուսանողները ևս գտնում են  իրենց մասնակցության ձևերն այս նախագծերում.  նրանք հարսանեկան ամբողջ արարողակարգին մասնակից հարսանքավորներ, զատկական ծեսը փոքրիկների համար կազմակերպող, իրականացնող ապագա դասվար-դաստիարակներ են, ապագա լուսանկարիչներ, տեսանյութեր  պատրաստողներ, ովքեր ոչ միայն նախապես յուրացնում են ամբողջ ուսումնական նյութը, այլև դառնում ուսումնական այդ նյութի՝ հարսանեկան երգերի ու պարերգերի, ժողովրդական խաղիկների, վիճակի երգերի, ասմունքային հատվածների կենդանի կատարողներ, լուսանկարողներ: Ուսանողներից շատերը այս ծեսերին հարուստ նյութեր են հավաքում իրենց դիպլոմային աշխատանքների համար:

Արդեն ամենամյա դարձած «Կարդում ենք…» կրթահամալիրային նախագիծը մասնագիտական գիտելիքների ամբարման հնարավորություն է «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության սովորողների համար: Ուսումնառության ընթացքում, ամենօրյա դասային գործընթացից բացի, հնարավորություն ունենալով յուրատեսակ պրակտիկա անցնելու՝ ուսանողները ամեն օր  լինում են փոքրիկ քոլեջիկների՝ մսուրային, մանկապարտեզային խմբերում, օգնում խմբերի դաստիարակներին, շփվում փոքրիկների հետ, կերակրում, խնամում նրանց: Դե իսկ «Կարդում ենք…» նախագիծն իրականացնելիս կարդում,  ծանոթանում, բերանացի են սովորում Թումանյանի, Աղայանի և այլ մանկագիրների մանկական ոտանավորները, կարդում, թարգմանում են Ջ. Ռոդարիի հեքիաթները, ապա «Սովորող – սովորեցնող» նախագծի շրջանակում  իրենց իսկ սովորածը խաղային մեթոդներով ուսուցանում, պատմում, փոխանցում փոքրիկներին:  «Համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտությունն ընտրած սովորողների օգնությամբ ռադիոընթերցումներ, տեսանյութեր պատրաստում, մոնտաժում, որը մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորման ու զարգացման հրաշալի հարթակ է:

Շուրջտարյա ուսումնահայրենագիտական ճամփորդությունները՝ որպես հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ,  «Զբոսաշրջություն» մասնագիտությունն ընտրած սովորողի համար դարձյալ  հարթակ են, իսկական պրակտիկա՝ մասնագիտական հմտություններ ձևավորելու ու զարգացնելու ուղղությամբ: Ուսանողը՝ որպես ապագա զբոսավար է մասնակցում այդ ճամփորդություններին՝ իր  բլոգում նախապես պատմական, տեղեկատվական, ազգագրական նյութեր հավաքելով ու ճամփորդության ժամանակ իր ընկերներին ներկայացնելով:

Այսպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժության այլընտրանքային կրթական ծրագիրը օգնում, սատարում  է սովորողին՝ որակյալ մասնագիտական կրթություն ստանալու և դառնալու վաղվա՝ 21-րդ դարի անհատի կրթական պատվերի կրողն ու կազմակերպիչը:  

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский