Վարիացիա. բերկրանքով դաստիարակելու մասին

Ընտանեկան դաստիարակության արվեստը

Մանկավարժական էսսե

Սկիզբը
Նախորդ հատվածը

Բերկրանքը մեր ոգու վսեմ վիճակն է: Այն օգնում է տեսնել մարդկանց աշխարհը իր բարության, գեղեցկության և պատրաստակամության մեջ: Այն էներգիա է, որ մեզ ուղղորդում է արարման, ստեղծագործելուն, սիրո հզորացման, բարեկամության, համաձայնության, հաշտեցման ու ներման:

Ասված է. «Ուրախությունն առանձնահատուկ իմաստնություն է»: Նշանակում է` պետք է իմանալ՝ ինչից և ինչպես ուրախանալ, ինչպես պարգևել ուրախությունը, ինչպես ընդունել այն, ինչպես զմայլվել և ինչպես ուրախանալ ուրիշի հետ, ինչպես զվարճանալ ու ինչպես տոնել:

Հենց՝ ինչպես, քանզի հակառակ դեպքում ուրախությունը ուրիշների մեջ կարող է առաջացնել չարախնդություն, նախանձ, վերածվել անգործության, անզուսպ խրախճանքի:

Երեխան ուրախ արարած է. նա ծնվել է, որ ուրախանա և ուրախացնի: Եվ նրա բախտը կբերի, եթե ծնվի բերկրալից ծնողների միջավայրում, և այդ ընտանիքում ուրախությունը կյանքի նորմ լինի: Չորրորդ դասարանցի Երեխան է ուրախության (радость) այսպիսի բնորոշում տալիս. «ра до ста»՝ գիտենալով, որ Ра-ն Լույսն է, Արևի աստծո անունը:

Բերկրանքը դաստիարակության բարի ուժն է, հոգևոր առանցքի՝ Երեխայի հոգևոր աշխարհի սնուցումը վսեմ կերպարներով:

Բայց ուրախությունն իմաստուն է:

Դիտարկենք Երեխային ուրախություն պարգևելու ամենատարածված ձևը՝ նրան նվեր տալը:

Երեխան ցանկացած տարիքում ուրախանում է նվերներով: Որքան նվերն անսպասելի է կամ երկար սպասված ու ցանկալի, այնքան ավելի շատ ուրախություն է ապրում Նա:

Եվ մենք, սիրելով մեր Երեխային, ուրախացնում ենք նրան նվերներով: Մեր նվերներից նա ուրախության կա՛մ տևական, կա՛մ վայրկենական պոռթկում է ապրում: Մի դեպքում դրանք նպաստում են նրա հոգևոր-բարոյական զարգացմանը, մի ուրիշ դեպքում կարող են խանգարել այդ զարգացմանը:

Իսկ դեպքերը կարող են տարբեր լինել։

- Երեխային նվեր ենք անում հենց այնպես, նրա համար, որ ուրախացնենք նրան: Նա ուրախությունից ցատկոտում է, գրկում ու համբուրում մեզ, շնորհակալություն հայտում, և մենք նույնպես ուրախ ենք, որ ուրախացրինք նրան: Դա կլինի «ра до ста»: Լավ է Երեխային այսպիսի ուրախություն պարգևելը, այն կարող է ազդել դաստիարակության վրա. նվերի դիմաց նա կարող է ավելի զիջող, ավելի «հնազանդ» դառնալ:

- Երկար սպասված և ցանկալի նվերը կարող ենք մատուցել պայմանով, որ ավելի լավ սովորի կամ չնեղացնի քույրիկին, իրեն լավ պահի և այլն: Եվ նրանից խոստում ենք վերցնում: Նա խոստում կտա, բայց ոչ, իհարկե, որ դառնա ավելի «լավը», այլ նրա համար, որ ունենա ցանկալի իրը: Այսինքն՝ ստացվում է, որ նվերի ուրախությունն օգտագործում ենք որպես հարկադրանքի միջոց: Երեխան այնքան շատ է ուզում այդ իրը, որ համաձայնում է մեր պայմանին՝ չնայած հետո մի անգամ չէ, որ հարկ կլինի հիշեցնել նրան իր խոստումը և վտանգի ենթարկել նրա ուրախությունը, քանի որ սպառնում ենք հետ վերցնել նվերը: Դա կլինի «ра до ста՝ հանած իքս»: Իքսն այստեղ կնշանակի հոգևոր-բարոյական արժեքի որոշակի չափով կորուստ և Երեխայի հոգևոր աշխարհը վսեմ կերպարներով սնուցելու գործընթացի բարդացում:

- Նվերը կարող ենք շնորհել այն մտադրությամբ, որ մեր Երեխան նույնպես, ասենք, վերջին մոդելի բջջային հեռախոս ունենա և հպարտանա դրանով իր ընկերների միջավայրում: Նվերը, անշուշտ, Երեխային ուրախություն կպարգևի: Բայց այդ ուրախության իմաստնությունը կհավասարվի «ра до ста հանած իգրեկ»-ի, որտեղ իգրեկը կլինի հոգևոր-բարոյական արժեքի ավելի մեծ կորուստ, քան իքսն է:

Մենք կարող ենք նվերը Երեխային շնորհել, որովհետև նա երկար ժամանակ խնդրում է, պահանջում, հարկադրում, չարանում մեր դեմ, խռովում: Վերջապես, որպեսզի հաճոյանանք նրան, գնում ենք այդ անվաչմուշկներն ու մինագամից պայման դնում: Բայց նա արդեն չի լսում պայմանները: Այնպես է տարվում իրով, որ ամեն ինչի մասին մոռանում է: Այդ իրն արդեն նվեր չէ, այն դառնում է մեր և Երեխայի միջև հակամարտության պատճառ այն աստիճանի, որ հաճախ վերցնում ենք այն նրանից և չենք տալիս օգտագործելու: Այստեղ արդեն ուրախություն չկա, դրա փոխարեն փոխադարձ կշտամբանք է, կոպտություն և վիշտ:

Մենք երբեմն այնքան ենք տարվում Երեխային ուրախացնելու ցանկությամբ, որ համարյա ամեն օր նվերներ ենք անում, նվիրում ենք առանց մտածելու, թե դրանք ինչ կտան նրան՝ բացի ուրախության վայրկենական պոռթկումից: Սկզբում Երեխան կուրախանա, իսկ հետո՝ ավելի ու ավելի քիչ, նրան էլ ոչնչով չես զարմացնի ու հիացնի: Նա կընդունի նվերները և ուրախության պոռթկումից հետո կմոռանա դրանց մասին: «Ра до ста»-ն կանհետանա:

Այս դիտարկումներից և ոչ մեկում իմաստուն բերկրանքի մասին խոսք չկա:

Ուրեմն ինչպե՞ս իմաստուն ու գեղեցիկ դարձնենք ուրախությունը, որ պարգևում ենք Երեխային նվերի միջոցով:

Ամենայն հավանականությամբ մենք պետք է որոշակի պայմաններ պահպանենք:

Առաջին՝ այն ուրախությունը, որ մենք նվերի միջոցով ենք արթնացնում Երեխայի մեջ, հազվադեպ պիտի լինի:

Երկրորդ՝ Երեխային նվիրում ենք այն, ինչի մասին նա երզում է, կամ գերազանցում ենք նրա սպասելիքները. նվիրում այն, ինչ նա կարող է երազել մոտ ապագայում:

Երրորդ՝ նվիրում ենք առանց որևէ պայմանի, թե նա մեզ պարտական է:

Չորրորդ՝ ինչ էլ լինի ապագայում, և որքան էլ նա մեզ հիասթափեցնի, մեր նվերի դիմաց նրան չենք կշտամբում:

Հինգերորդ՝ այն իրավիճակը, որի ժամանակ նվեր ենք անում, Երեխային պիտի հասկանալի դարձնի, որ իրեն սիրում ենք, հոգում իր ուրախության համար և ինչ-որ բան զոհում հանուն դրա:

Վեցերորդ՝ նվերը պետք է գեղեցիկ մատուցվի: Երբեմն ասում ենք. «Փակի՛ր աչքերդ... Իսկ հիմա բա՛ց», երբեմն էլ նվերը դնում ենք բարձի տակ, կամ մահճակալին մոտիկ պահարանիկի մեջ, որ առավոտյան արթնանալով՝ գտնի այն:

Յոթերերդ՝ նվերը Երեխային օգուտ պիտի բերի, այլ ոչ թե վնասի:

Ութերորդ՝ նվերը արժեքավոր պիտի լինի ոչ թե գնի, այլ նշանակության շնորհիվ:

Իններորդ՝ մենք ուրախանում ենք Երեխայի հետ նվեր ստանալիս:

Տասներորդ՝ առանց ակնարկելու նվերի մասին՝ Երեխայի վրա ավելի շատ պարտավորություններ ենք դնում, մեծ պատասխանատվություն ենք սպասում նրանից:

Տասնմեկերորդ՝ եթե Երեխան մեզ նույնպես նվեր է անում, հատկապես իր ձեռքով պատրաստածը, մենք մի երկար ժամանակ հիշում ենք ու ուրախանում: Երեխան տեսնում է, թե ինչպես ենք պահպանում իր նվերը, ինչ ուրախություն է այն մեզ պարգևում:

Մեր նվերով առաջացրած ուրախության իմաստնությունն այն է, որ դա՝ այդ ուրախությունը, Երեխայի մեջ արթնացնում է պատասխան զգացում, ազնվացնում է նրա հոգևոր աշխարհը։ Նվերը կուրախացնի Երեխային, բայց նվերի հետևում նա կտեսնի իրեն հարազատ մարդկանց սիրտն ու զգացմունքները: Ուրախության զգացումը միախառնվում է պարտքի և պատասխանատվության զգացմանը:

Ինտերմեդիա. նվերների մասին

Սինտիի հարցը.
- Չե՞ք կարող արդյոք նվեր անելու այդպիսի դաստիարակչական կոնկրետ օրինակ բերել:
- Նվե՛րն ասեք:
- Ասենք՝ հեծանիվ:

Պատկերացնենք իրավիճակը:
- Հայրի՛կ, խնդրո՛ւմ եմ, ինձ հեծանիվ գնիր:
- Հեծանիվ շա՞տ ես ուզում:
- Այո՛, վաղուց:
- Գիտե՞ս՝ ինչ արժե:
- Վեցից ինը հազար ռուբլի:
- Ինձ մտածելու երկու շաբաթ տուր, լա՞վ:

Անցնում է երկու շաբաթ:
Այդ ընթացքում հայրիկը ուշ է տուն վերադառնում, երբ տղան արդեն քնած է լինում: Երբեմն հարցնում է մայրիկին, թե ինչու է հայրիկը այդպես ուշանում: Մայրը պատասխանում է. «Չգիտեմ, նա ինձ չի ասում»:
Տղան վերադառնում է դպրոցից: Մայրը բացում է դուռը և ժպիտով ասում.
- Փակի՛ր աչքերդ:
- Ի՞նչ է պատահել:
- Փակի՛ր, փակի՛ր:
Բռնում է ձեռքը և տանում սենյակ:
- Բացի՛ր աչքերդ:
Սենյակի մեջտեղում կանգնած է նոր, շողշողուն հեծանիվը:
Բազմոցին նստած է հայրը և ժպտում է:

Տղայի աչքերը լայնանում են, նա նետվում է դեպի հայրը, գրկում, համբուրում: Գրկում և համբուրում է նաև մորը: Թռչկոտում է ուրախությունից: Տնտղում է հեծանիվը:
- Դու այսպիսի՞ն էիր ուզում:
- Սա իմ ուզածից լավն է:
- Գիտե՞ս, երբ ես քո տարիքին էի, հեծանիվ չունեի, իսկ հարևանի տղան ինձ թույլ չէր տալիս իր հեծանիվը վարել: Դու էդպես չես անի, չէ՞:
- Ի՞նչ ես ասում, հայրի՛կ, ես Դիմային էլ կտամ, Վոլոդյային էլ:

Անցնում է մի քանի օր: Մայրիկը քնից առաջ նստում է տղայի մահճակալին ու վստահելի ձայնով հայտնում.
- Հիշո՞ւմ ես, որ դու հարցրիր, թե ինչու է հայրիկը ուշ վերադառնում:
- Հա… Ինչո՞ւ:
- Ես միայն այսօր եմ իմացել: Նա արտաժամյա է աշխատել, որ փող տնտեսի հեծանիվի համար: Նա դեռ մինչև ամսի վերջ այդպես պիտի աշխատի:
- Հա՞: Եթե ես իմանայի…
- Դու իրեն ոչինչ մի՛ ասա, լա՞վ: Նա չի ուզում, որ դու իմանաս այդ մասին…

Երեխան անհանգստանում է: Մայրը հանգստացնում է.
- Ոչինչ, նա ուզում էր քեզ ուրախացնել…
Դադարից հետո և արդեն մի ուրիշ տոնով, որ դա հոր մասին զրույցի շարունակությունը չլինի, մայրն ասում է.
- Տղա՛ս, ես մի խնդրանք ունեմ: Խնդրում եմ օգնիր մեզ՝ քույրիկիդ մանկապարտեզ տանելու: Դու ստիպված կլինես մի քիչ վաղ արթնանալ, որ…
- Լավ, մայրիկ…

Եվ Երեխան այդ պարտականությունն անպայման կկատարի, իսկ գուցե նաև՝ հպարտությամբ, որ օգնում է ընտանիքին: Իսկ մենք պիտի նշենք, որ առանց նրա օգնության դժվար կլիներ ժամանակին աշխատանքի հասնել, ու որդին մեզ փրկեց:

Կանտատ. մարդու մարմնի մասին

- Ով դեռ չի մտածել Բնության Իմաստնության մասին, թող մտածի:
- Ով դեռ չի սքանչացել Բնության ներդաշնակությամբ, թող սքանչանա:
- Ով դեռ չի գիտակցել Բնության Ամենակարողությունը, Հավերժությունն ու Աստվածային էությունը, թող գիտակցի:
- Ով դեռ չի պատկառում Բնության Օրենքների հանդեպ, թող պատկառի:
- Ով դեռ երախտագիտություն չի հայտնել Բնությանը նրա՝ իր հանդեպ դրսևորած շռայլության համար, թող հայտնի:

Ինքը՝ Մայր Բնությունը, Արարչի կամքը հավատարիմ իրագործողն ու հենց Արարարիչն են ստեղծել այն ամենը, ինչ շրջապատում է մեզ, ինչով ապրում ենք մենք, ինչը որ ճանաչում ենք և ինչին ձգտում:

Բնության հրաշք արարչագործությունների մեջ կա մի բացառիկ արարում՝ Մարդու Մարմինը, մեր Մարմինը: Իր Մարմնի միջոցով է Մարդն ապրում նյութական աշխարհում և կարողանում հաստատել իր կոչումը:

Բնությունը արարել է մեր մարմինը միլիոնավոր տարիների ընթացքում: Դրել է նրա մեջ իր ողջ Իմաստնությունը, իր Ներդաշնակությունը, Հզորությունը, Անսահմանությունն ու Շռայլությունը:

Արարել է այն Տիեզերքի և Երկրի օրենքների, Ողջամտության, Համաչափելիության, Գեղեցկության և Լիակատարության օրենքներով: Եվ ստեղծել է նրան ոչ թե ինչ-որ սահմանափակ դարաշրջանի, այլ միլիոնավոր տարիների համար: Դրա համար էլ Մարդու Մարմինը հավերժ ժամանակակից գործիք է, որի շնորհիվ հավերժորեն զարգացող ոգին հաստատում է իր կամքը Երկրային կյանքում:

Մարդու Մարմնում ամեն ինչ նախատեսված է. ոչ միայն այն, ինչի կարիքն ուներ նախնադարյան մարդը, այլև այդ ժամանակ արդեն նախնադարյան Մարմնում ամբարվեցին այն բոլոր հնարավորությունները, որոնց կարիքն ունի ժամանակակից Մարդը, և կունենա շատ հեռավոր ապագայի Մարդը:

Մարմինն իր մեջ պահպանում է ֆանտաստիկայի սահմանին հասնող ահռելի հնարավորություններ: Դրանց մի մասն արտահայտվում է հենց բեղմնավորումից հետո, մնացածը՝ ծնվելուց հետո: Մի մասը կարտահայտվի մեծանալու և մեծերի խնամքի արդյունքում: Բայց կա նաև հնարավորությունների մի այնպիսի մաս, որի մասին մենք դեռ քիչ բան գիտենք, կամ չենք էլ կռահում: Դրանք սպասում են իրենց դարակազմիկ ժամանակին, որպեսզի արտահայտվեն և ծառայեն ոգու՝ այդ ժամանակահատվածի պահանջներին:

Պատկերացնենք, թե մեր առաջ՝ սեղանին, դրված է Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը: Մենք գիտենք, որ այս զամանալի վարպետը ստեղծել է ամենակատարյալ ջութակը:

Ջութակը դրված է մեր առաջ. մենք կանխավայելում ենք այն ձայները, որ «կան» նրա մեջ: Այստեղ են այն մեղեդիները, որոնք ինչ-որ ժամանակ հորինվել են, և անգամ «պահպանվում են» այն մեղեդիները, որոնք կստեղծվեն ապագայում:

Մենք զմայլվում ենք ջութակի ձևերի կատարելությամբ:
Բայց ո՞ւր են կախարդիչ ձայները, մեղեդին: Չենք լսում:
Ի՞նչ է հարկավոր, որ ջությակը բերկրանք պատճառի մեզ:
Արարող է հարկավոր, հարկավոր է Պագանինի, հարկավոր է Սպիվակով:

Սպիվակովն իր ձեռքը կվերցնի ջութակը, կդնի ուսին և աջ ձեռքով բռնած աղեղով կանցնի լարերի վրայով, իսկ ձախ ձեռքի մատները կդիպչեն լարերին: Աչքերն այդ ժամանակ կարող են փակ լինել. արարողը ներանձնանում է: Նա հիմա չի մտածում մատների, աղեղի, ջութակի մասին, նա իր սեփական ոգու իշխանության տակ է, որն արարում է ու կատարում: Մատները երաժշտական են, խելացի, քանզի նրանց մեջ է տեղավորվել ուղեղը, որ ենթարկվում է Արարչի կամքին:

Իսկ եթե անսպասելիորեն լարը կտրվի՞: Եթե ջութակը կոտրվի՞:

Տխուր կլինի. մեղեդին կընդհատվի:

Եթե ջութակը նվագելու համար անպետք դառնա, արարողն ուրիշը կփնտրի, քանզի նա Ոգի է, նա Հավերժ է, և պետք է ստեղծագործի: Իսկ ջությակը կոտրվում է, մաշվում, երբեմն չի դիմանում ջութակահարի ոգեշնչմանը և այրվում է: Նա նյութական, ժամանակավոր իր է:

Ջութակն էլ նույնն է, ինչ Մարմինը, որում ոգին ապրում է, արարում և զարգանում նյութական աշխարհում:

Բայց ջութակը ջութակ է, իսկ Մարմինը՝ Մարմին: Այն ավելի ներդաշնակ և կատարյալ գործիք է, քան ցանկացած ջութակ: Աշխարհի բոլոր վարպետների տաղանդը խամրում է Բնության արարչագործ իմաստնության առաջ:

Սակայն նա վարպետի նման չի վարվում, որ ստեղծում է գործիքը և հանում վաճառքի: Նա այնպես է անում, որ մենք, հետևելով Բնության օրենքներին, ինքներս ենք ծնունդ տալիս Մարմնին՝ արդեն նրա մեջ հաստատված Ոգով, հետո աճեցնում ենք, դաստիարակում, զարգացնում, դարձնում նրան կենսուրախ, ամուր, առողջ, շարժուն: Մենք նաև գիտենք, որ ծնողների մաքուր մարմինը մաքուր Մարմին է պարգևում Մանկանը:

Մենք ենք հոգում Երեխայի առողջության, նրա հոգևոր և ֆիզիկական առողջության մասին, որ մեկ ամբողջություն է Ոգու հետ: Մենք հավատում ենք, որ առողջ Ոգին երկար-երկար առողջ կպահպանի Մարմինը:

Ի՜նչ գրավիչ երևույթ է Նորածին Մանուկը՝ փոքրիկ, անօգնական Մարմին՝ իր չքնաղ ձևերով:

Ահա աչքերը

Դրանք կապույտ են (երկնագույն, շագանակագույն, սև, կանաչ…):

Հիսուս Քրիստոսն ասել է. «Մարմնի ճրագը աչքն է: Ահա, եթե աչքդ մաքուր լինի, ապա ողջ մարմինդ լուսավոր կլինի. եթե աչքդ խավար է, ապա մարմինդ խավար կլինի»:

Ինչ ասես՝ չեն տեսնում աչքերը կյանքի ընթացքում:

Բայց պետք է դաստիարակել աչքերը, որպեսզի նրանք արտացոլեն հոգու շարժումը՝ ուրախությունը, տխրությունը, տառապանքը, ուշադրությունը, սերը, բարությունը:
Պետք է սովորեցնել աչքերին՝ հեռուն տեսնեն, սրատես լինեն, խորքը թափանցեն, ոչ միայն ակնհայտը տեսնեն, այլև թաքունը:
Աչքերը պետք է կարողանան լաց լինել ուրախությունից, տառապանքից ու վիրավորանքից:
Աչքերը պետք է ձգտեն դեպի գեղեցիկը և թիկունք դարձնեն վատ տեսարաններին:
Նրանք պետք է խաղաղություն և իմաստնություն ճառագեն:
Նրանք պետք է քնքուշ ու նրբազգաց լինեն:
Նրանք պետք է տեսնեն՝ որտեղ է օգնություն պետք, և անարդարության հանդեպ չպիտի փակվեն:
Նրանց մեջ ագահության ու խորամանկության համար տեղ չպիտի լինի:
Նրանք պետք է ուղիղ նայեն ուրիշների աչքերին:
Պետք է տեսնեն գլխավորը և բաց չթողնեն մանրուքները:
Պետք է, որ նրանք ձյունապատ գագաթներին, ծաղիկներին, Արեգակի ծագելուն, ամպերին, աստղազարդ երկնքին նայելը սիրեն:
Նրանց մեջ պիտի զարգացած լինի հոգևոր տեսողությունը:
Պետք է կարողանան տեսնել ամբողջը մասի մեջ և մասը՝ ամբողջի:
Նրանք պետք է կարողանան շողալ երջանկությունից ու ուրախությունից:
Աչքերը մաքուր պետք է լինեն:

Այդպիսի աչքերը հոգու ու մարմնի առողջության նշան են:

Թող սա լինի Երեխայի աչքերի դաստիարակության մեր ծրագիրը:

Սրանք էլ՝ ականջները

Նրանք նման են փոքրիկ խեցիների, նրբիկ լոկատորների: Հիսուս Քրիստոսն ասել է. «Ով ականջ ունի լսելու, կլսի»:

Ինչ ասես, որ չեն լսում նրանք կյանքի ընթացքում՝ և՛ վատը, և՛ լավը:

Հարկավոր է դաստիարակել ականջները, որ նրանք ներքին աշխարհ ոգեշնչող ձայնային կերպարներ միայն ներս թողնեն, այլ ոչ թե այլանդակորեն հնչող մնացորդներով խցանեն:

Ականջները պետք է նուրբ ու ազնվացնող լսողություն ունենան:
Նրանք պետք է կարողանան ունայն կյանքից որսալ նուրբ ձայներն ու վեհացնող, մեծահոգի մեղեդիները:
Պետք է կարողանան լսել, բայց ավելի շատ՝ ունկնդրել և ուշադրության առնել:
Պետք է հրճվեն բարի, իմաստուն և գեղեցիկ խոսքից:
Պետք է սիրեն լսել լռությունն ու խաղաղությունը:
Որսան օգնության կանչը:
Կարողանան սրտով լսել և հետևեն սրտի ձայնին:
Կարողանան հետևել խղճի և ոգու ձայնին:

Ականջները սարսափում են զազրախոսությունից:
Խուլ են դառնում վատ երաժշտության առաջ:
Չեն թողնում՝ լսես բամբասանքը, մատնությունը, դատարկաբանությունը:
Թույլ չեն տալիս իրենց ականջ դնել:
Չեն խցում ականջները, երբ մարդն օգնություն է խնդրում:
Չեն սիրում աղմուկ ու աղաղակ:

Սիրում են լսել թռչունների դայլայլը, առվակների խոխոջյունը, տերևների սոսափը, Մանկան ծիծաղը, պապիկի պատմությունները, տատիկի աղոթքները:

Հետևում են հայրիկի խրատներին և մայրիկի խնդրանքներին:

Դաստիարակված ականջները հոգու և մարմնի առողջությունն են:

Լեզուն

Փոքրիկ բերանից Մանչուկը դուրս է հանում լեզուն:
Ինչո՞ւ է այդպես անում:

Ուզում է ցույց տալ, թե ինչ երկար լեզու ունի՞, թե՞ որ լեզուն ոսկոր չունի:

Ոչ. ո՛չ երկար լեզուն է մի բան, ո՛չ ատամների հետևում չպահվող լեզուն, ո՛չ անոսկոր լեզուն, որ չափը չի ճանաչում: Եթե լեզվին ազատություն տաս, կարող է փորձանք բերել ոչ միայն իր տիրոջ գլխին, այլև շատ մարդկանց կյանքին, որոնց ուր ասես կգցի:

Մանկան մեջ հիմա միայն մաքրություն է տիրում:

Բայց այն աշխարհը, որտեղ եկել է նա, լրիվ աղտոտված է: Եվ խոսելու անմեղ ունակությունը, որ տրված է նրան՝ ոգին փառաբանելու համար, լցվում է այլանդակ, չարանենգ բառերով ու արտահայտություններով, և դրանք կպղծեն նրա լսողությունը:

Դրա համար էլ այս փոքրիկ օրգանը, որ հիմա չի տեղավորվում բերանում, պետք է դաստիարակվի:

Նա մեզանից պետք է սովորի հոգածու վերաբերմունք տածել բառի հանդեպ՝ որպես արարիչ ուժի: Չէ՞ որ հայտնված Տիեզերքը Բանից՝ Լոգոսից է արարվել:

Մենք ջանադիր պիտի աճեցնենք և զարգացնենք նրա մեջ բարի, իմաստուն և գեղեցիկ խոսքի հանդեպ ձգտումը:

Կօգնենք պահպանելու մանկական անկեղծությունը, ճշմարտախոսությունը, ազնվությունն ու խոսքի սրտակցությունը:

Կսովորեցնենք խաղաղություն և ուրախություն բերել մարդկանց, այլ ոչ թե երկպառակություն ու վիշտ:

Կպատվաստենք քաղաքավարություն, հարգանք, խոնարհում:

Կբացահայտենք նրա մեջ իմաստնությունը՝ որտեղ ինչ պետք է ասել, որ հաստատվի բարին, և ինչը չի կարելի ասել, որ մարդկանց մոլորության մեջ չգցի ու չնպաստի չարին:  

Կսովորեցնենք խոսքը քամուն չտալ և պատասխանատվություն կրել ամեն բառի համար:

Կոչ կանենք նրան դառնալու խաղաղության դեսպան, հոգևորի աղբյուր, սիրո սերմնացան, բարոյականություն տարածող, արդարության պաշտպան:

Կսովորեցնենք՝ ինչպես հանգստացնել, այլ ոչ թե գրգռել, ինչպես բարձրացնել, ոչ թե ստորացնել, ինչպես հաստատել, ոչ թե մերժել, ինչպես բարին ցանել, ոչ թե չարը:

Կձևավորենք ճաշակ խոսքի մեղեդայնության և արտահայտչականության հանդեպ:

Հեռու կպահենք կոպտությունից ու գռեհկությունից, շատախոսությունից ու բամբասանքից, վատ տոնից ու կեղտոտ խոսքից:

Հեռու կպահենք ժամանակը եղանակի, սննդի, սեփականության, բոլորովին անպետք շատ բաների մասին զրույցների վրա անիմաստ վատնելուց:

Թող ավելի շատ հնչեն մտքեր ընդհանուր բարօրության, սիրո, կարեկցանքի, խիզախության, գիտությունների, գեղեցկության, հոգևորի, այն ամենի մասին, ինչը վեհացնում և ազվացնում է մարդուն:

Ուղղորդենք զրույցի սեփական խղճի, սրտի և Աստծո հետ:

Դա էլ կլինի մարմնի և հոգու առողջություն, քանզի ասված է. «Եթէ ոք բանիւ ո́չ յանցանիցէ՝ նա́ է մարդ կատարեալ, որ կարօղն է սանձահարե́լ զամ(ենայն) մարմին իւր» (Յկ 3:2)։
 

Ձեռքերը

Ձեռքեր:
Կենդանական աշխարհում էլ ո՞վ ձեռքեր ունի:
Ոչ ոք:
Գուցե Աստված արարեց մեզ հենց ձեռքերի համար:

Հիսուս Քրիստոսն այսպես է ասել. «Երբ գործում ես ողորմածորեն, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե աջն ինչ է անում», «Եվ եթե քո աջ ձեռքը գայթակղում է քեզ, կտրիր ու դեն նետիր այն քեզանից»:

Այդ թաթիկները ձեռքեր կդառնան և ինչերի ասես, որ ընդունակ չեն լինի:

Պետք է դաստիարակել ձեռքերը, որ նրանք կարողանան բարին ու գեղեցիկը արարել և չկարողանան ավերել արդեն ստեղծված բարին ու գեղեցիկը:
Հարկավոր է, որ ձեռքերը սովորեն բռնել բարի և նպատակասլաց մարդկանց ձեռքերը:
Հարկավոր է սովորեցնել նրանց կառուցել տաճարներ, տներ, կամուրջներ, կառուցել ամուր, վստահելի և գեղեցիկ:
Հարկավոր է դրանք դարձնել ոսկի ձեռքեր՝ վարպետի նրբագույն գործիք, որ կոչված է զարմանք ու հիացում արարելու:

Հարկավոր է դաստիարակել ամեն մի մատիկը, ամեն մեկը պիտի իմանա իր գործը և իր տեղը տասը մատների մեջ: Նրանք պետք է դառնան խելացի ու զգայուն:
Թող ցուցամատն իսկապես մատնացույց անի անհրաժեշտը, և երբեք չլինի ամբարտավանության և սպառնալիքի նշանը:
Թող բութը վստահության երաշխիք լինի մնացած բոլոր մատների համար, և թող ճկույթը Երեխայի պես բոլորին ասի ճշմարտությունը:

Իսկ բոլոր մատները թող սովորեն բռունցք դառնալ, որ պաշտպանեն թույլին ու վիրավորվածին, այլ ոչ թե նեղացնեն թույլին: Թող ձեռքը երբեք չբարձրանա՝ չարիք իրագործելու:
Նրանք ճանապարհից կհավաքեն քարերը, որ անցորդը չսայթաքի:

Հարկավոր է, որ նրանք լավ հասկանան այն, ինչ ամենագլխավորն է իրենց համար՝ տալը, օգնության ձեռք մեկնելը, աշխատելը: Եվ որ նրանց օտար լինի խլելը, տիրանալը, ուրիշինը վերցնելը:

Թող նրանք հասկանան, թե ինչից պետք է բռնել և ինչից՝ չկառչել:

Հարկավոր է, որ նրանք կարողանան շոյել, հանգստացնել, արտասվողի արցունքները սրբել: Հարկավոր է, որ նրանք հոգատար լինեն:

Հարկավոր է իմանալ, թե ինչպես պաշտպանել, և ոչ թե հարձակվել: Եվ պետք չէ իմանալ՝ ինչպես քաշել ձգանը, ինչպես սպանել, ինչպես խեղդել:

Թող սովորեն գրկել հարազատին:

Հարկավոր է, որ նրանց հպումը ուրախացնի Բնությանը, ուրախացնի կենդանիներին, անգամ քարերին:

Թող նրանք սովորեն մոմ վառել, խաչակնքել:

Թող ափերի գավաթը կենաց ջուր կրող լինի:

Թող մարդիկ կյանքի կերոններ տանեն: Թող նրանք Մոլորակը իրենցից վեր՝ դեպի բարձրագույն Մշակույթը բարձրացնեն՝ պաշտպանելով նրան խավարից:

Թող նրանք ձգվեն առ Երկինքը, Աստղերը, առ Աստված:

Ոչ թե կեղտոտ, այլ մաքուր ձեռքերն են հոգու և մարմնի առողջության նշան:

Ոտքերը

Ի՜նչ նրբիկ են նրանք:

Անհավատալի է նույնիսկ, որ կգա ժամանակ, և նրանք իրենց տիրոջը կկարողանան տանել այնտեղ, ուր աչքը կտրի:

Բայց պետք է գնալ ոչ թե այնտեղ, որտեղ աչքն է կտրում, այլ այնտեղ, որտեղ հարկավոր է, որտեղ կյանքն է, հաստատումը:

Հիսուս Քրիստոսն ասել է. «Նեղ դռնով մտեք, քանզի լայն են այն դռները, ու ընդարձակ՝ այն ուղին, որ տանում են կործանման, և շատերն են դրանցով գնում, քանզի նեղ է կյանք տանող դուռն ու անձուկ՝ ուղին, և ոչ բոլորն են գտնում դրանք»:

Ոտքերը դաստիարակության կարիք ունեն:
Սկզբից մենք սովորեցնում ենք նրանց վազել, թռչել, վստահ ու հանգիստ քայլել:
Սովորեցնում ենք պատրաստակամ լինել. «Բարի՛ եղիր, բե՛ր, խնդրում եմ», «Խնդրո՛ւմ եմ, տար»…
Իսկ հետո սեր կներարկենք՝ արշավներ գնալու, անտառում թափառելու, քարաժայռեր մագլցելու և բարձունքներ հաղթահարելու:

Կսովորեցնենք անցնել նեղ անցումով, անդունդի եզրով ձգվող վտանգավոր արահետներով, կսովորեցնենք բարձրանալ ու իջնել ճոպաններով, թռչել բարձունքից, ցատկել, անցնել պարսպի ու ցանկապատի վրայով, փնտրել կուսական վայրեր՝ այդ տեղերով անցնելու համար:

Նրանք պետք է համաչափ քայլեն ու հոսանքին հակառակ գնան:
Նրանք պիտի շտապեն օգնելու, շտապեն ուրախացնելու:
Նրանք տեսանելի ու անտեսանելի քարերի չեն առնի:
Նրանք մեզնից կսովորեն պարել, ոչ թե ծռմռվել:
Նրանք չեն վազի չնչին բաների հետևից և չեն ցանկանա աննպատակ աջ ու ձախ անել:
Թափառաշրջիկություն անելը նրանց գործը չէ:
Նրանք չեն ենթարկվի հիմար գլուխներին:

Նրան պետք է իմանան՝ ում առաջ խոնարհվեն, ում առաջ ծնկի գան, ում մոտ շտապելն:

Նրանք չպետք է առաջ նետվեն, որպեսզի առաջինը լինեն, առաջ անցնեն մեկ ուրիշից ու շարքից հանեն ինչ-որ մեկին:
Նրանք դուռը ոտքով չեն բացի, սեղանին չեն բարձրանա:
Նրանք չեն իմանա՝ ինչ է մեկին ոտք գցելը:
Չեն իմանա՝ ինչ է հարվածելը, երբ օգնել է պետք, փրկել ու պաշտպանել:
Կքայլեն ոտքերի ծայրերի վրա, որ չխանգարեն քնածի քունը կամ մեկուսի հանգիստը երազողի:

Նրանք կսովորեն գեղեցիկ, ուղիղ կանգնել, քայլել՝ առանց փակելու ետևից եկողի ճանապարհը:
Կիմանան՝ ինչպես մտնեն, ինչպես դուրս գան, ինչպես մի կողմ քաշվեն, ինչպես շրջանցեն, որ լինի բնական ու գեղեցիկ:
Նրանք ամենուր կփնտրեն իրենց տեղը, և չեն զբաղեցնի ուրիշինը: Չեն խցկվի այնտեղ, ուր իրենց չեն հրավիրել:
Ոչ մի տեղ երկար չեն մնա, քանզի գիտեն՝ պետք է շտապել. ճանապարհը երկար է, այն պետք է անցնել, իսկ թե որտեղ կյանքը կընդհատվի, անհայտ է:

Քայլելն աշխարհով և շտապելը մեր դաստիարակած ոտքերի տարերքը կդառնան:
Սեփական Ուղին բացահայտելը և այն պատվով անցնելն էլ մեր դաստիարակած ոտքերի նպատակը կլինեն:
Նեղ արահետներ փնտրելն ու դրանցով անցնելն արդեն բնական կլինեն ձեր դաստիարակած ոտքերի համար:

Գլո՜ւխը

Գլո՜ւխը:
Այն ներքին աշխարհի կացարանն է, որտեղ անցնում է մեր հոգևոր կյանքը: Այնտեղ իրականացվում է մարդկային զարմանալի արարումը՝ մտածելը, ծնվում են մտքեր, մտածելակերպեր, մտապատկերներ, և նրանք դառնում են ինքնուրույն, կենդանի գոյություններ:

Բայց մտքերը լինում են լուսավոր ու խավար. նրանք հենց մարդու միջի լույսն ու խավարն են:

Հիսուս Քրիստոսն ասել է. «Եթե լույսը, որ քո մեջ է, խավար է, ապա ինչպիսի՞ն է խավարը»:
Գլուխը պիտի զբաղված լինի լուսավոր մտքերով, ոչ թե մտքի մորեխով։

Մտածողությունը հարկավոր է դաստիարակել, որ գլուխը կարողանա սանձել մտքերը: Գլխին հարկավոր է սովորեցնել, որ իրեն՝ իր սրբարանին մոտ չթողնի անարժան մտքերի: Այդ կարգի մտքերը, որոնք թափանցում են արտաքին աշխարհից, պետք է անդրադարձվեն, իսկ նրանք, որոնք մոլախոտի պես աճում են ներսից, պետք է արմատախիլ արվեն և դեն նետվեն:

Պետք հասկանալ, որ միտքը արարող հզոր էներգիա է: Այն ոգու զավակ է, և դրա համար էլ ինչպես ոգին, նա էլ ձեռք է բերում ինքնուրույն, անմահ կյանք: Պետք է քո ներսում ամրապնդես այն մտայնությունը, որ կեցության մեջ, որտեղ ո՛չ ժամանակ գոյություն ունի և ո՛չ տարածություն, մտքերը միավորվում են որոշակի սկզբունքով. նման մտքերը ձգում են նմաններին, այսինքն՝ մեր մտքերը ծնվելուց անմիջապես հետո միանգամից նույնատիպ մտքեր են բազմապատկում:

Մտքերը, տիեզերքի օրենքների համաձայն, վերադառնում են իրենց ստեղծողին, որպեսզի արժանին մատուցեն նրան: Բայց վերադառնում է ոչ միայն մեր աննշան միտքը. նա իր հետևից բերում է մտքերի մի ամբողջ ընկերություն, որի մեջ հայտնվել է ինքը: Եթե մարդը հագեցնում է տարածությունը բարի ու լուսավոր մտքերով, ապա դրանք էլ կձգեն նույնատիպ մտքերի ընկերությունը, և մարդուն կյանքի ընթացքում կուղեկցի հաջողությունը: Բայց եթե մտքերը խավար, չար են, ապա մտքերի նման ընկերությունը կարող է հարվածել նրան, նա կարող է անհաջողություններ, կորուստներ կրել, հիվանդություններ տանել կյանքում:  

Այս ամենից կարելի է եզրահանգում անել. ամեն մեկը պատասխանատու է իր մտքերի համար, քանզի նրանք ազդելու են ոչ միայն հենց իր ճակատագրի վրա, այլև շատ ուրիշների, որ հիմա են ապրում, կամ ապրելու են ապագայում:

Հնարավորություն տանք գլխին՝ կոփվելու բարի, լուսավոր, գեղեցիկ մտքերով, օգնենք, որ ներաշխարհը լցվի արժանավոր մտքերով ու կերպարներով, մտածողությունն ուղղորդենք ներաշխարհի, ոգու ճանաչողությանը, բնության ճանաչողությանը, բարիքի արարմանը:

Գլուխը պետք է սովորի պատկերացնել հոգևոր տարբեր ոլորտներում կեցությունը, իր ներսում իր քաղաքներն ու պետություններն ստեղծի, փոխի ու վերակառուցի կյանքը, ըմբռնի նյութականի և հոգևորի միասնությունը, տեսնի ապագան, ձգտի Բարձրագույն աշխարհների, գեղեցիկի մասին մտածի, հոգա ընդհանուր բարօրության մասին, խորհի ծառայության ու հերոսության մասին:

Գլուխը պետք է ծնի իր կարծիքը, ու նա պետք է ամուր կանգնի ուսերին:

Չթեքվի մանրուքներից, այլ ամբողջ մարմնին հենց այսօրվանից ուղղորդի դեպի բերկրալից ապագան ձգելուն:  

Սիրտը

Ի՜նչ են գլուխը, ոտքերը, ձեռքերը, լեզուն, աչքերը, ականջներն առանց սրտի: Բայց ոչ ամեն տեսակի՝ ո՛չ մութ, քար, չար սրտի, այլ մեծահոգի, ազնվաբարո, սիրող ու կարեկցող սրտի։

Գլուխն առանց սրտի, նույնն է, թե մարմինն առանց գլխի:

Սիրտը սնում է գիտակցության արմատներն իմաստնությամբ, զգայականությամբ, ազնվաբարո զգացմունքներով:

Սիրտը խղճի ձայնն է տալիս:
Սիրտը նախազգուշացնում է, խրախուսում, ոգեշնչում:
Սիրտը ամբողջ մարմնին սեր ու ջերմություն է ուղղում:
Սիրտը հույսի ու հավատի պահապանն է:
Սիրտը ոգու տաճարն է:
Սրտի դաստիարակությունը բոլոր հիմքերի հիմքն է:

Սիրտը պետք է դարձնել Լույսի շտեմարան:

Հարկավոր է սովորեցնել նրան պայքարել խավարի դեմ և թույլ չտալ, որ այն թափանցի քո կացարան: Թող ոգին հաղթանակի այնտեղ՝ կատարյալ գործիք ունենալով ստեղծագործելու և հաստատելու համար սեփական շնորհները:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский