Հեռավար ուսուցումը՝ 21-րդ դարի կրթության մարտահրավերների դեմ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեռավար ուսուցումը՝ որպես ուսուցման նորարարական, փորձարարական մեթոդ, վաղուց է փորձարկվում, կիրառվում:

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում նշվում է, որ սովորողն իրավունք ունի ընտրելու ուսուցման ձևը: Իսկ ի՛նչ ձևեր ենք առաջարկում: Եվ ինչու չառաջարկվի ուսուցան հեռավար տարբերակը:
Նաև մեջբերենք «Կրթության մասին» ՀՀ օրենքից (գլուխ 1. հոդված 12) «Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան՝ կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով»։

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրություն (բաժին III. կետ 31) «Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր՝ սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն»։

Հանրապետությունում բավարար ուշադրություն, ռեսուրս չի հատկացվում ուսուցման կազմակերպման այս ձևին, լավ չեն օգտագործում մեդիայի հնարավորությունները, և հաշվի չի առնվում այն փաստը, որ շատ դեպքերում ուսուցման այս ձևը հարմար է, արդյունավետ, հումանիստական, ժամանակակից։ Ուսուցման այս ձևը մարդու՝ կրթության իրավունքի ապահովման հնարավորություններից է:

Կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրով նվաճումներից մեկը հեռավար ուսուցումն է. սա փաստ է, որի հետ չենք կարող հաշվի չնստել, չտեսնելու տալ:

Մեջբերենք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի՝ «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծի լրագրողներին տրված պատասխաններից.

2017-ի սեպտեմբերը սկսեցինք նաև հեռավար ուսուցմամբ սովորողներով։ Բնակիչների ավտոտնակները կարողացանք ներառել մեր բացած-ստեղծած շրջակա կրթական միջավայրում։ Աչք ենք տնկել մեր բնակելի Բանգլադեշի շենքերի, մանկապարտեզների՝ դեռ մնացած չափարներին, մետաղե դարպասներին, անապատացող հողերին, ասֆալտ-բետոններին։ Ուզում ենք ողջը, գոնե 2018-ին, կանաչեցնել, հարմարության, ճաշակի մեջ կորցնել....

Հեռավար ուսուցումը նախ՝ մի քանի տարի փորձարկվել է որպես ուսումնական արձակուրդների կազմակերպման ձև ուսումնական գարուն, ամառ, աշուն, ձմեռ նախագծեր, կիրառվել է նախագծային ուսուցման շաբաթ-ստուգատեսների բաղադրիչ: 2016 թ. հունվարին, երբ համաճարակի պատճառով հունվար ամսին հանրապետությունով մեկ դպրոցները մատնվեցին անգործության, կրթահամալիրն անցավ ամբողջական հեռավար ուսուցման: Արդյունքները, արձագանքները դրական էին ու հետաքրքիր: Մի քանի օրինակ՝ 

Անհատական թվային միջոցներով, մեդիագրադարանով, ուսումնական բլոգներով ուսուցման կազմակերպումը հնարավորություն տվեց, որ սովորողի ֆիզիկական բացակայությունը չխոչընդոտի ուսումնական պարապմունքներին նրա մասնակցությանը, ուսուցմանը անընդհատությանը, ուսումնական տարվա ընթացքում տարբեր պատճառներով ժամանակավոր բացակայության դեպքում սովորողները, ծնողները օգտվում էին այդ հնարավորությունից։

Հեղինակային «Հանրակրթական Դիջիթեք» ամենամյա ստուգատեսով, սկսած 2012 թվականից կարևորվում են հեռավար ուսուցման փորձերը, այդ նպատակով ստեղծված ուսումնական նյութերը, փաթեթները։

2015թ. կրթահամալիրում սկսվեց հեռավար ուսուցման նոր նախագիծ՝ առարկայական ֆլեշմոբը (հեղինակ և նախաձեռնող՝ Գևորգ Հակոբյան)։ 

Թվարկված փորձը մեզ ինքնավստահություն հաղորդեց, հնարավորություն տվեց սկսելու ամբողջական հեռավար ուսուցման կազմակերպում հեղինակային կրթական ծրագրի բոլոր աստիճաններում։ 

Ամբողջական հեռավար ուսուցումը՝ որպես առանձին մատուցվող ծառայություն, կրթահամալիրում գործում է արդեն երեք տարի: Սկզբում ծառայությունից օգտվում էին Ավագ դպրոցի հինգ-վեց սովորող: Աշխատանքային տարիները ցույց տվեցին, որ պահանջարկը մեծ է, պարզապես իրազեկման խնդիր կա. մարդիկ տեղյակ չեն ծրագրից՝ այն լայնամաշտաբ չի լուսաբանվում:

Հեռավար ուսուցումը կրթահամալիրում արդեն իրականություն է՝ գործող, ընդունված ուսուցման ձև, կիրառելի գործիք, որից օգտվում են և սովորողները, և մանկավարժական աշխատողները։

Հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված դասավանդողների, սովորողների աշխատանքը կարգավորվում է ուսումնառության պայմանագրով, համապատասխան կարգով:

Հեռավար ուսուցման մեթոդաբանությունը, կրթահամալիրային, այլոց փորձն ուսումնասիրել և ներկայացրել են կրթահամալիրի տարբեր դասավանդողներ: Առաջարկում ենք ծանոթանալ.

2018-2019 ուսումնական տարում կրթահամալիրի 4-12-րդ դասարաններում հեռավար ուսուցման պայմանագիր են կնքել 20 սովորող:

  • Դպրոց պարտեզներում՝ 3 սովորող (2 առաջին դասարանցի, 1 հինգերորդցի)
  • Միջին դպրոցում՝ 2 սովորող (1 վեցերորդ դասարանցի, 1 ութերորդցի)
  • Ավագ դպրոցում՝ 15 սովորող (4՝ իններորդ, 4՝ տասներորդ, 5՝ տասնմեկերորդ, 2՝ տասներկուերորդ դասարանցիներ)

Արդեն 2019-2020 ուսումնական տարում այդ թիվը կաճի. շատ ծնողներ, սովորողներ են հետաքրքրվում ուսուցման կազմակերպման այս ձևով: Կրթական ծառայությունից օգտվող սովորողները, ծնողները տեղեկացնում են միմյանց՝ այսպիսով ծրագիրը տարածվում է:

Պահանջարկը մեծ է՝ մի քանի հանգամանքով պայմանավորված. ներկայացնենք այն թիրախային խմբերը, որոնք այս փուլում առավել հետաքրքրված են այս ծրագրով.

  • Պայմանագրային աշխատանքի մեկնած ընտանիքները: Փաստենք, որ այս ընտանիքների թիվն ավելանում է: Մարդիկ, որոնք ամիսների աշխատանքային պայմանագիր են կնքում, մարդիկ, որոնք մեկ-երկու տարով պետք է բացակայեն: Այս ընտանիքների համար շատ կարևոր է, որ երեխաների ուսումը չընդհատվի. անընդհատ չբացակայեն, տեղից տեղ տեղափոխությունը կրթական դիսոնանս չառաջացնի, իմանան, որ երեխաները չեն զրկվում կրթության իրավունքից:
  • Արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքները: Շատ ընտանիքներ չեն ուզում կտրել հայրենի երկրի հետ կապը՝ մի շարք պատճառներով կարևորելով իրենց երեխաների՝ Հայաստանում կրթություն ստանալու գործունը: Այս ընտանիքները փաստում են, որ սա լավ հնարավորություն է. չեն մոռանա հայերը օտար կրթական համակարգում ինտեգրվելու դժվարություն չեն ունենա, երեխաները կկարողանան հանգիստ յուրացնել տվյալ երկրի լեզուն ու բավարարել իրենց նախասիրությունները՝ խմբակների, ակումբների հաճախելով:
  • Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդիկ կամ ժամանակավորապես ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ: Այս խմբերի համար նույնպես հեռավարը լավ հնարավորություն է սովորելու իրենց նախընտրած ծրագրով, իրենց հարմար վայրից, չզրկվելով կրթության իրավունքից։
  • Հնարավորություն է տալիս համաճարակային, վիրուսային շրջափուլերում չբացակայել դասերից, հիվանդության դեպքում` չկտրվել ուսուցման գործընթացից:

Հեռավար ուսուցման առաջադրանքների փաթեթներն ( անընդհատ զարգանում ու փոփոխվում են՝ ապահովելով ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր անհատի կրթության իրավունքը.

Հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված սովորողներն հնարավորություն ունեն օգտվելու նաև Նվարդ Սարգսյանի ստեղծած մեդիադասերի փաթեթից, որը հնարավորություն է տալիս զարգացնելու մեդիահմտությունները, գտնել անհրաժեշտ հարցերի պատասխանները։

Հեռավար ուսուցումն ունի էլի մի շարք առավելություններ, որոնց մասին էլ կուզեմ խոսել։ Թերությունների մասին չեմ ուզում գրել ոչ այն պատճառով, որ ուսուցման այս ձևն անհանգստացնող հարցադրումներ չունի, ամեն ինչ անթերի է։ Պարզապես կարծում ենք, որ ուսուցման այս ձևը ենթակա է անընդհատ զարգացման, ու հենց այս ձևն է հարմար 21-րդ դարի մարդուն՝ սովորողին, քանի որ

  • խնայում է ուսուցանվողի ժամանակը` հաշվի առնելով սովորողի օրվա կազմակերպման անհատական ռեժիմը.
  • կոնկրետ է, բավարարում է կոնկրետ անհատի կրթական պահանջմունքը.
  • հեռավար ուսուցումն ու առկա ուսուցման զուգորդումը արդյունավետ ուսուցման միջավայր է ստեղծում։

Ծրագրի զարգացումը

  • Տարածումը հանրապետության բոլոր դպրոցներում։
    Այս դեպքում կրթահամալիրը կարող է հանդես գալ իբրև մենթոր՝ ցանցի դպրոցներին ներկայացնելով իր փորձը, ուսումնական նյութերը, մեթոդաբանությունը.
  • ցանցային կազմակերպիչ՝ հանրապետության հեռավար ուսուցման
  • ծրագրից օգտվել ցանկացող սովորողները հավաքվեն կրթահամալիրում՝ որպես ամբողջական ծրագրի սովորողներ:
  • Հեռավար ուսուցման սովորողների համար ստեղծել ընդհանուր մեդիահարթակ, որը բաց, հասանելի ու մատչելի կլինի յուրաքանչյուր սովորողի՝ անկախ նրանից, թե որ երկրում է գտնվում: Բլոգային ուսուցումը՝ բլոգը՝ որպես մեդիահարթակ, շատ երկներում հասանելի չէ:
  • Կընդարձակվի, առանձին փաթեթով մեդիահարթակում կտեղադրվի տեսադասերի փաթեթը. ինչը շատ կարևոր է, քանի որ հեռավար ուսուցման սովորողները հաճախ են դժվարություններ ունենում՝ անհրաժեշտ մեդիահմտությունների բացակայության, թերացումների պատճառով:
  • Կստեղծվի հեռավար ուսուցմամբ սովորողների զրուցարան, որտեղ ծրագրում ընդգրկված սովորողները, դասավանդողները կկարողանան շփվել, անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել:

Ներկայացնենք նաև հեռավար ուսուցմամբ սովորողների նախագծային գործունեությունից հատվածներ՝ աշխատանքային փաթեթների ընտրանի, փաթեթները կազմել, հավաքել են ծրագրում ընդգրկված դասավանդողները.

Փաթեթները մեկ հղմամբ:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский