Ինչպես ենք մտածում. գլուխ 9
Primary tabs
Իններորդ գլուխ: Հասկացություն, կամ հայեցակարգ և ըմբռնում
1. Մտավոր կյանքում հասկացության տեղը
Ինչպես դատողությունը քննարկելիս պարզեցինք, թե ինչ է ընդգրկում եզրակացությունը, այդպես էլ հասկացությունը դիտարկելիս կանդրադառնանք միայն ռեֆլեքսիայի կենտրոնական ֆունկցիային: Քանի որ, եթե մի իր կարևորում, նշանակում, ասում, մատնանշում, նախանշում է մեկ ուրիշը, ապա, ինչպես սկզբում տեսանք, դա մտածողության հիմնական հատկանիշն է: Ամեն մի հայտնագործության առարկան գտնելն է, թե ինչ են նշանակում փաստերը` այն տեսքով, ինչ տրված են. գտնելը, թե որ փաստերն են հասցնում, հաստատում, հիմնավորում տրված հասկացությունը, ստուգման առարկան է: Հասկացության նպատակին հասնում ենք, եթե հետևությունը հանգեցնում է բավարար եզրահանգման: Դատողության գործողությունն ընդգրկում է ինչպես հասկացության զարգացումը, այնպես էլ կիրառումը: Կարճ ասած, այս գլխում նոր առարկա չենք ներմուծում, միայն ավելի ենք մոտենում այն բանին, ինչը մինչև հիմա մշտապես ենթադրվում էր: Առաջին հատվածում կդիտարկենք հասկացության համարժեքությունը և ըմբռման երկու տեսակը՝ ուղիղ և անուղղակի:
I. Նշանակություն և ըմբռնում
Եթե մեկը մտնի ձեր սենյակ և բացականչի «paper» (թուղթ), հնարավոր են տարբերակներ: Եթե անգլերեն չեք հասկանում, ապա ուղղակի որպես աղմուկ կընկալվի, որը որպես ֆիզիկական գրգիռ` կարող է ազդել կամ չազդել: Սակայն աղմուկը մտավոր օբյեկտ չէ, այն մտավոր նշանակություն չունի (տես վերևում, II գլուխ): Ասել, որ դուք այն չեք հասկանում, և որ այն հասկացություն չի առաջացնում, հավասարազոր են: Եթե այդ բացականչությունը սովորաբար ուղեկցում է լրագրերը տալուն, ապա ձայնը նշանակություն, մտավոր բովանդակություն կունենա. դուք նրան կհասկանաք: Կամ եթե անհամբեր սպասում եք որևէ կարևոր փաստաթղթի, կարող եք ենթադրել, որ այդ բացականչությունը նշանակում է դրա գալը: Եթե (երրորդ դեպքում) անգլերեն հասկանում եք, բայց բառը ձեր սովորությունների և սպասումների հետ ոչ մի կապ չունի, ապա բառի հասկացությունն է առաջանում, բայց ոչ բուն իրադարձության: Այդ ժամանակ դուք շփոթված եք և մղված հնարելու կամ փնտրելու որևէ բացատրություն ըստ երևույթին աննշան իրադարձության համար: Եթե ինչ-որ հարմար բան գտնում եք, այն նշանակություն է ստանում, դուք այն հասկանում եք: Որպես բանական էակներ` մենք ենթադրում ենք իմաստի գոյությունը, և դրա բացակայությունը ոչ նորմալ երևույթ է: Այդ պատճառով էլ մարդուն խելագար կամ ձեզ հիմար կատակի զոհ կհամարեիք, եթե պարզվեր, որ նա ձեզ ուղղակի ցանկանում էր ասել, որ մայթին թղթի կտոր է ընկած, կամ որ Տիեզերքում ինչ-որ տեղ թուղթ կա: Պատկերացում կազմելը, հասկանալը, առարկան այն վիճակի հետ նույնացնելը, որտեղ նա նշանակություն ունի՝ սրանք բոլորը համարժեք տերմիններ են, դրանք արտահայտում են մեր մտավոր կյանքի նյարդերը: Առանց դրանց լինում է` (ա) մտավոր բովանդակության բացակայություն, կամ (բ) մտավոր անորոշություն և կասկած, կամ (գ) մտավոր այլասերում՝ անհեթեթություն, հիվանդություն:
Ցանկացած իմացություն, ցանկացած գիտություն, այսպիսով, ձգտում է առարկայի կամ երևույթի մասին հասկացություն կազմելու, և միշտ այդ պրոցեսը դրանք իրենց տեսանելի, կոպիտ մեկուսացումից հանելն է` որպես երևույթ, և դրանք որպես դրանցով պայմանավորված ավելի ընդհանուրի մասեր որոշելը, ինչը իր հերթին բացատրում, պարզաբանում, մեկնաբանում է դրանք, այսինքն` դարձնում է ավելի նշանակալի: Ենթադրենք` հատուկ նշաններով քար ենք գտել: Ի՞նչ են նշանակում այդ քերծվածքները: Քանի դեռ առարկան ստիպում է այդպիսի հարցադրում անել, այն դեռ հասկանալի չէ, մյուս կողմից, քանի որ գույնը և ձևը, որ տեսնում ենք, մեզ համար քար է նշանակում, առարկան հասկանալի է: Հասկանալիի և անհասկանալիի այսպիսի համադրումներն են մեր մեջ միտք առաջացնում: Եթե հետազոտության արդյունքում որոշվի, որ նշանները սառույցից առաջացած քերծվածք են, ապա մուգ և կասկածելի բծերն արդեն նշանակություն կստանան, հատկապես՝ մեծ սառցաբեկորների շարժվող և տաշող ուժի և այդ պատճառով ժայռը ժայռին խփելու նշանակություն: Ինչ-որ վիճակում հասկանալի որևէ բան տեղափոխվում և կիրառվում է այն բանի նկատմամբ, ինչը ուրիշ տեղ տարօրինակ և կասկածելի է, այսպիսով վերջինը դառնում է պարզ և հասարակ, այսինքն` հասկանալի: Այս ընդհանուր օրինակը ցուց է տալիս, որ մտածելու մեր կարողությունը իսկապես կախված է հասկացությունների հիմնական պաշար ունենալու հետ, որոնք ցանկության դեպքում կարող են օգտագործվել: (Համեմատիր նրա հետ, ինչ VII գլխում ասվել է դեդուկցիայի մասին):
II. Ուղղակի և անուղղակի ըմբռնում
Վերևում բերված օրինակներում նկարագրվում է հասկացության ձևավորման երկու տեսակ: Եթե անգլերենը ծանոթ է, մարդն անմիջապես ստանում է «թուղթ» (paper) հասկացությունը: Բայց կարող է որևէ նշանակություն կամ իմաստ չտեսնել այդ արարքում` որպես ամբողջություն: Նման ձևով մարդը տեսած առարկան նույնացնում է քարի հետ. այստեղ գաղտնիք, խորհրդավորություն, կասկած չկա: Բայց չի հասկանում դրա վրայի նշանները: Դրանք իմաստ ունեն, բայց ի՞նչ: Մի դեպքում` սովորական գիտելիքների շնորհիվ առարկան և նրա մասին հասկացությունը մինչև որոշակի աստիճան միևնույն բանն են: Մյուս դեպքում՝ առարկան և հասկացությունը, գոնե ժամանակավորապես, առանձնացված են, և առարկան ավելի լավ ընկալելու համար պետք է փնտրել հասկացությունը: Մի դեպքում` հասկացությունը ուղղակի է, արագ, անմիջական, մյուս դեպքում՝ այն գալիս է անուղղակի ճանապարհով և ուշանում է:
Լեզուներից շատերը ըմբռնելու այս երկու ձևերը նշելու համար բառերի երկու շարք ունեն` մեկը հասկացության ուղղակի ձևավորման կամ գտնելու, մյուսը՝ անուղղակի ընմբռնման համար` լատիներեն noscere և scire, գերմաներեն kennen և wissen, ֆրանսերեն connaitre և savoir, մինչդեռ անգլերեն acquainted with և to know of or about նույնական են համարվել: Մեր մտավոր կյանքը այս երկու տեսակի ըմբռնումների միջև տարօրինակ փոխազդեցություններից է կազմված: Ցանկացած դատողություն, ցանկացած ռեֆլեկտիվ եզրակացություն ենթադրում է ընբռնման պակաս, հասկացության մասնակի բացակայություն: Մենք խորհում ենք, որպեսզի գաղափար կազմենք տեղի ունեցողի ամբողջ և իրական նշանակության մասին: Բայց ամեն դեպքում ինչ-որ բան արդեն պետք է հասկացված լինի, միտքը ինչ-որ հասկացություն պետք է ունենա, որին հասել է, կամ հակառակ դեպքում մտածելը անհնար կլինի: Մենք մտածում ենք, որպեսզի գաղափար կազմենք, բայց այնուամենայնիվ իմացության յուրաքանչյուր ընդարձակում մեզ համար մութ անհասկանալի մասեր է բացում այնտեղ, որտեղ ավելի քիչ իմանալու դեպքում ամեն բան թվում էր ակնհայտ և բնական: Նոր բնագավառ մտած գիտնականն այնտեղ շատ անհասկանալի բան կգտնի, որտեղ վայրենին կամ գեղջուկը միանգամայն մոռանում են ուրիշ հասկացություններ, բացի անմիջապես տրվածներից: Մեծ քաղաք բերված հնդկացին անտարբեր էր մեխանիկայի հրաշքների նկատմամբ՝ կամուրջների, ավտոմեքենաների, հեռախոսների, և զմայլված կանգ էր առնել լարը վերանորոգելու համար էլեկտրասյուն մագլցող բանվորի մոտ: Հասկացությունների պահուստի ավելացումը մեզ բերում է նոր խնդիրներ գիտակցելու, մինչդեռ միայն նոր դժվարությունները արդեն ծանոթ և հասկանալիներին փոխանցելու շնորհիվ ենք հասկանում և լուծում այդ խնդիրները: Այսպիսին է ըմբռնման պարուրաձև մշտական շարժումը:
Իրական ըմբռման մեր առաջընթացը բաղկացած է մասամբ ինչ-որ անհասկանալի բանի բացահայտումից այնտեղ, ինչ առաջ համարվում էր պարզ և ակնհայտ փաստ, մասամբ այնպիսի հասկացություններից օգտվելուց, որոնք ստացվել են առանց հետաքննության, որպես մութ, կասկածելի և անորոշ հասկացությունների տիրապետման միջոց: Ոչ մի առարկա չի լինում այնքան ծանոթ, ակնհայտ և սովորական, որ նոր իրավիճակում խնդիր չհարուցի և, այդպիսով, հասկանալու համար մտածել չստիպի: Ոչ մի առարկա կամ սկզբունք այնքան օտար, սարսափելի հեռավոր չէ, որ հնարավոր չլինի նրա վրա կանգ առնել այնքան ժամանակ, որ նրա հասկացությունը դառնա սովորական՝ որ հայտնվում է առաջին հայացքից առանց դատողության: Կարող ենք հասնել նրան, որ տեսնենք, ընկալենք, ըմբռնենք, ճանաչենք սկզբունքներ, օրենքներ, վերացական ճշմարտություններ, այսինքն` ամենաանմիջական ձևով հասկանանք նրանց իմաստը: Մեր մտավոր զարգացումը, ինչպես ասվել է, կազմված է ռիթմիկ փոփոխությունից` ուղղակի հասկանալու, ինչը տեխնիկապես ըմբռնում (apprehension) է կոչվում , և անուղղակի, միջնորդավորված հասկանալու, որը տեխնիկապես կոչվում է հասկանալ (comprehension):
2. Գիտելիքներ ձեռք բերելու պրոցեսը
Ուղղակի հասկանալու վերաբերյալ առաջացած առաջին խնդիրն է, թե ինչ ձևով է ստեղծվում անմիջապես հասանելի հասկացությունների պահուստը: Ինչպե՞ս ենք վարժվում իրերը առաջին հայացքից դիտարկելու որպես տրված իրավիճակի արժեքավոր անդամներ կամ, առանց կասկածի, որոշակի կարևորություն ունեցողներ: Այս հարցին պատասխանելիս մեզ համար գլխավոր խնդիրը այն հաստատունությունն է, որով սովորական իրերի տված դասը յուրացվել է: Մտքի համար ավելի հեշտ է թափանցել չուսումնասիրված բնագավառ, քան քանդել այն, ինչ այնքան հիմնավոր է արվել, որ դարձել է չգիտակցված սովորություն: Աթոռները, սեղանները, գրքերը, ծառերը, ձիերը, ամպերը, աստղերը, անձրևը այնքան և անմիջական ենք ընկալում, որ դժվար է պատկերացնել, թե երբևէ հարկ է եղել այդ հասկացությունները ձեռք բերել. այնքան որ հիմա հասկացությունները բուն առարկաների մասեր են:
Հաճախ մեջբերվող արտահատության մեջ Ջեմսն ասում է. «Երեխան, որ միանգամից հարձակման է ենթարկվում աչքերի, ականջների, քթի, մաշկի և ներքին օրգանների կողմից, այդ ամենն զգում է որպես ուժեղ փայլող և աղմկող շփոթ»[1]: Ջեմսը խոսում է երեխայի աշխարհի մասին՝ ամբողջությամբ վերցրած, սակայն այս նկարագրությունը նմանապես կիրառելի է այն դեպքում, որ ցանկացած նոր իր խոցում է մեծահասակին, քանի որ իրը իսկապես նոր և օտար է: Ավանդական «ուրիշի ձեղնահարկում կատվի» համար ամեն ինչ մութ և անհասկանալի է, բացակայում են առարկաները նշող սովորական նշանները, որպեսզի նրանք տարբերենք իրարից: Օտար լեզուները, որոնք չենք հասկանում, միշտ մրթմրթոց, խշխշոց են թվում, որում հնարավոր չէ գտնել որոշակի, պարզ արտահայտված, առանձին ձայների խումբ: Հաջորդ աստիճանն են գեղջուկը` քաղաքային մարդաշատ փողոցում, գետային նավաստին` ծովում, սպորտից անտեղյակը` գիտակների դժվար խաղի մրցույթում: Անփորձ մարդուն տեղավորեք առևտրական գրասենյակում, և սկզբում աշխատանքը նրան դատարկ խառնաշփոթ կթվա: Ուրիշ ռասայի բոլոր այլերկրացիները, ասացվաքի համաձայն, միանման են թվում եկվոր օտարերկրացուն: Ոչխարների հոտում միայն չափսերի և գույնի մեծ տարբերությունն է երևում օտարին, մինչդեռ հովվի համար ամեն մեկը յուրահատուկ է: Անորոշ ուրվագիծը և առանց հստակեցնելու արագ անհետացումը բնորոշում է այն, ինչը չենք հասկանում: Առարկաների մասին հասկացություն ձեռք բերելու խնդիրը, այլ կերպ ասած` սովորությունների ձևավորումը, անմիջապես հասկանալը (apprehension), այսպիսով, (I) որոշակիություն և տարորոշում և (II) իմաստների մշտականություն կամ կայունություն ներմուծելու խնդիր է այնտեղ, ինչը այլ կերպ անորոշ և երերուն կլիներ:
Իմաստների որոշակիության և հաջորդականության (կամ կայունության) ձեռքբերումը սկզբնապես բխում է պրակտիկ գործունեությունից: Առարկան գլորելով` երեխան գնահատում է նրա կլոր ձևը, ստիպելով թռչկոտել` առանձնացնում է առաձգականությունը, շպրտելով` կշիռն է դարձնում ակնհայտ, առանձին գործոն: Ոչ թե զգացողությունների, այլ հակազդեցության միջոցով, պատասխան ստուգման շնորհիվ է առանձնանում տպավորությունը և այլ հակազդեցություններ առաջացնող մյուս հատկություններից տարբեր բնույթ ձեռք բերում: Օրինակ, երեխաները սովորաբար շատ դանդաղ են ընկալում գույների տարբերությունները: Մեծահասակի տեսակետից այնքան վառ տարբերությունները, որ հնարավոր չէ չնկատել, հաստատվում և վերարտադրվում են մեծ դժվարությամբ: Անկասկած, նրանք ամեն ինչ նույն կերպ չեն զգում, բայց չկա տարբերությունը ցույց տվող մտավոր նշանը: Առարկայի կարմիր, դեղին կամ կապույտ լինելը բավականին հատուկ հակազդեցություն չի առաջացնում, որ առաջադրի և ընտրի գունային հատկությունը: Սակայն աստիճանաբար սովորական հայտնի բնորոշ հակազդեցությունները համադրվում են որոշակի առարկաների հետ. սպիտակը դառնում է, ասենք, կաթի և շաքարի հատկությունը, որոնց երեխան արձագանքում է բարեհաճությամբ. կապույտը դառնում է զգեստի գույնը, որ երեխան սիրում է հագնել, և այլն, և տարբերակիչ արձագանքները հանգեցնում են գունային որակներ առանձնացնելուն նաև այլ առարկաներում, որոնց մեջ չէին երևում:
Դիտարկենք այլ օրինակ: Մեզ համար դժվար չէ տարբերելը փոցխը, քլունգը, գութանն ու արորը, բահն ու թիակը: Յուրաքանչյուրի հետ կապվում է նրա բնորոշ օգտագործումը և գործառույթը: Սակայն մեզ համար կարող է շատ դժվար լինել տերևի եզրի սղոցաձև ու ատամնաձև լինելու կամ ձվաձև ու հակառակ ձվաձևի լինելու, կամ k-ով և ous-ով սկսվող թթուների միջև եղած տարբերությունները մտապահելը: Ինչ-որ տարբերություն կա, բաց ի՞նչ: Կամ գիտենք, թե որն է տարբերությունը, բայց ո՞րն է պատճառը: Բնույթը և հասկացությունը պարզելու համար ձևի, մեծության, գույնի և մասերի դասավորվածության տարբերություններն ավելի քիչ, իսկ կիրառությունը, նպատակները և ֆունկցիաներն շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան կարծում ենք: Մեզ մտահոգում է այն փաստը, որ ձևի, ծավալի, գույնի և այլ հատկանիշներ հիմա այնքան որոշակի են, որ չենք տեսնում, որ խնդիրը հենց այն ճանապարհը պարզելն է, որով դրանք սկզբնապես ձեռք են բերել այդ որոշակիությունը և ցայտունությունը: Քանի դեռ կրավորական նստած ենք առարկաների առջև, նրանք չեն առանձնանում ընդհանուր բծից, որը բոլորին կլանում է: Ձայնի տոնի և բարձրության տարբերությունը տպավորություն թողնում է, բայց քանի դեռ նրանց նկատմամբ վերաբերմունք չենք հաստատել կամ որևէ բան չենք ձեռնարկել, անորոշ տարբերությունը չի կարող մտովի բռնվել և պահվել:
Մանկական նկարչությունը այդ սկզբունքի հետագա օրինակ է: Հեռանկար գոյություն չունի, քանի որ հետաքրքրություն են գրավում ոչ թե նկարված պատկերները, այլ պատկերված իրերը, և եթե առաջինի դեպքում հեռանկարը էական է, բայց այն բնորոշ հատկանիշ չէ բուն առարկաների նշանակության և կիրառման համար: Տունը նկարում են թափանցիկ պատերով, քանի որ սենյակները, ներսում գտնվող աթոռները, մահճակալները, մարդիկ տուն հասկացության կարևոր հատկանիշներ են. ծխնելույզից միշտ ծուխ է բարձրանում, հակառակ դեպքում ինչի՞ համար է ծխնելույզը: Սուրբ Ծննդյան տոնի նկարներում գուլպաները նկարում են գրեթե նույն չափսերի, ինչքան տունը կամ նույնիսկ այնպես, որ պետք է տանից դուրս տեղադրել. բոլոր դեպքերում օգտագործելիս արժևորման աստիճանը որոշում է նրանց որակի աստիճանը, քանի որ նկարը այդ արժեքների մասին հիշողությունների պատկեր է, այլ ոչ թե նրանց ֆիզիկական և զգայական որակների հաշվետվություն: Գեղանկարչություն ուսումնասիրող մարդկանց մեծ մասի հիմնական դժվարություններից մեկը այն է, որ սովորական կիրառումը և կիրառման արդյունքը այնքան սերտորեն են կապված առարկայի բնույթի հետ, որ փաստացի հնարավոր չէ ցանկությամբ դրանք բացառել:
Ձեռք բերած նշանակության շնորհիվ ձայները դառնում են այն բանի օրինակը (ինչպիսին կարելի է միայն գտնել), թե ինչպես է մաքուր զգայական գրգիռը ձեռք բերում հասկացության որոշակիություն և հաստատունություն, և այդպիսով իրենք են դառնում որոշակի և փոխկապակցված ճանաչողության նպատակների համար: Լեզուն շատ լավ օրինակ է, քանի որ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր բառեր կան, որոնց իմաստը միաձուլվել է ֆիզիկական հատկանիշների հետ, ինչ տեղի է ունենում անմիջականորեն, մինչդեռ բառերի վերաբերյալ հեշտ է ընդունել, որ այդ կապը ձեռք է բերվել աստիճանաբար և դժվարությամբ, քան դա ֆիզիկական առարկաների նկատմամբ է համարվում, ինչպես աթոռների, սեղանների, բողբոջների, ծառերի, քարերի, բլուրների, ծաղիկների և այլ, երբ թվում է, թե մտավոր բնույթի և ֆիզիկական փաստի նշանակության կապը բնական է եղել, և մենք պասիվ ենք ձեռք ենք բերել, այլ ոչ թե ակտիվ հետազոտությունների միջոցով: Իսկ բառերի իմաստի օրինակով պարզ տեսնում ենք, որ այն բանի պատճառով, որ ձայն ենք արձակում և նշում դրանից հետևող բոլոր արդյունքները, լսում ենք ուրիշների ձայները և տեսնում դրանց ուղեկցող գործունեությունը, այդ ձայնը դառնում է իմաստի կամ նշանակության մշտական կրողը:
Նշանակությունների հետ մոտիկից ծանոթանալը, հետևաբար, նշանակում է, որ առարկաների նկատմամբ ձեռք ենք բերել արձագանքի որոշակի ձևեր, որոնք մեզ հնարավորություն են տալիս առանց մտածելու կանխատեսել հնարավոր հայտնի հետևանքները: Սպասումի որոշակիությունը որոշում է իմաստը կամ այն հանում է անորոշությունից և ընդհանուր զանգվածից, նրա սովորական, կրկնվող բնույթը հասկացությանը հաղորդում է մշտականություն, կայունություն, հիմնավորվածություն կամ նրան զրկում է երերունությունից և փոփոխականությունից:
3. Հասկացություն և իմաստ
Իմաստ (meaning) բառը սովորական առօրյա տերմին է, գաղափարը, հասկացությունը (notion) և´ հանրաճանաչ, և´ հատուկ տերմիններ են: Խիստ ասած, նրանք նոր ոչինչ չեն պարունակում, ցանկացած իմաստ, բավականին առանձնացված է բառով ուղղակի ընկալվելու և անմիջապես օգտագործվելու և անվանվելու համար, կան գաղափարներ կամ հասկացություններ: Լեզվաբանորեն ցանկացած հասարակ գոյական հասկացության կրող է, մինչդեռ հատուկ կամ հասարակ անունները, որոնց նախորդում են այս կամ այն բառերը, վերաբերում են իմաստի մասնավոր դեպքերը կրող իրերին: Այն, որ մտածողությունն օգտագործում է իմաստն ու գաղափարը և ընդարձակում դրանք, նշանակում է, որ եզրահանգման և դատողության ժամանակ օգտվում ենք իմաստներից, և այդ կիրառումը ուղղում և ընդարձակում է դրանք:
Տարբեր մարդիկ խոսում են ֆիզիկապես բացակայող առարկայի մասին, սակայն ստանում են նույն հավաստի նյութը: Նույն մարդը տարբեր պահերի հաճախ դիմում է նույն առարկային կամ առարկաների խմբին: Զգայական փորձը, ֆիզիկական պայմանները, ֆիզիոլոգիական պայմանները փոխվում են, բայց նույն իմաստը կամ հասկացությունը պահպանվում է: Եթե կշռաքարերը կամայականորեն փոխեին իրենց քաշերը, իսկ ֆուտը ինքը որոշեր իր երկարությունը այն ժամանակ, երբ օգտվում ենք դրանցից, ակնհայտ է, որ չէինք կարողանա ոչ կշռել, ոչ չափել: Այդպիսին կլիներ նաև մեր մտավոր վիճակը, եթե ֆիզիկական և անձնային տարբեր փոփոխությունների դեպքում հասկացությունները չկարողանային պահպանվել որոշակի հաստատունությամբ և կայունությամբ:
Պնդել գաղափարի հիմնական իմաստը կնշանակեր, հետևաբար, միայն կրկնել` ինչ արդեն եղել է: Միայն կամփոփենք, ասելով, որ գաղափարը կամ հասկացությունն ընդհանրապես 1) նույնացնելու, 2) լրացնելու և 3) համակարգելու միջոց են: Ենթադրենք, որ երկնքում մինչ այդ չերևացող ոչ մեծ լուսարձակող կետ է հայտնաբերվել: Քանի դեռ չենք ունենա իմաստների հասկացությունների պաշար, որոնց վրա կարելի է հենվել, որպես հետազոտությունների և դատողությունների միջոցների, այդ լուսարձակող կետը կմնա այնպիսին, ինչպիսին զգայարանների համար է՝ ուղղակի լուսարձակող կետ: Նախ, դա հանգեցնում է նրան, որ հնարավոր է տեսողական նյարդի հասարակ գրգիռ լինի: Նախորդ փորձերից ձեռք բերած հասկացությունների պաշարից ելնելով` լուսարձակող կետին մտովի գրոհում են համապատասխան գաղափարներով: Արդյո՞ք դա աստերոիդ է կամ գիսաստղ կամ նոր գոյացած արեգակ կամ տիեզերական ինչ-որ բախումից կամ տրոհումից առաջացած միգամածություն: Այս գաղափարներից յուրաքանչյուրն իրեն բնորոշ սեփական տարբերակված հատկանիշներն ունի, որոնք էլ փնտրվում են ուշադիր և հետևողական ուսումնասիրության ընթացքում: Արդյունքում կետը, ենթադրենք, նույնացվում է գիսաստղի հետ: Հիմնական իմաստի շնորհիվ այն ձեռք է բերում նշանների վավերականություն և կայունություն: Այդ ժամանակ լրացում է արվում: Այս մասնավոր դեպքում գիսաստղի բոլոր հայտնի բնորոշ հատկությունները ենթադրվում են առկա, չնայած դրանք դեռ չեն դիտվել: Այն ամենը, ինչը նախորդ աստղագետները ստացել են գիսաստղի կազմության և ճանապարհների մասին, օգտակար կապիտալ է, որի օգնությամբ կարելի է մեկնաբանել լուսարձակող կետը: Վերջապես, գիսաստղ հասկացությունն առանձին չէ, այն աստղագիտական գիտելիքի ամբողջ համակարգի կապված մաս է: Արևները, մոլորակները, միգամածությունների արբանյակները, գիսաստղերը, մետեորները, Ծիր կաթինը՝ այս բոլոր գաղափարները որոշակի փոխադարձ հարաբերություն և փոխկապակցվածություն ունեն, և երբ լուսարձակող կետը նույնացվում է գիսաստղի հետ, այն անմիջապես ընդունվում է որպես այդ հասկացությունների լայն թագավորության լիիրավ անդամ:
Դարվինն ինքնակենսագրական ակնարկում պատմում է, թե ինչպես պատանի հասակում երկրաբան Սիջվիկին ասել է, որ ավազի մի փոսում արևադարձային խեցի է գտել: Սիջվիկը պատասխանել է, որ հավանաբար ինչ-որ մեկն է դա գցել այդտեղ` ավելացնելով. «Բայց եթե դա իսկապես այդտեղ թաղված լիներ, երկրաբանության համար մեծագույն դժբախտություն կլիներ, քանի որ շուռ կտար այն ամենը, ինչ գիտենք ներքին երկրների վերին շերտերի մասին այն ժամանակներից, ինչ դրանք սառցադաշտերի տակ էին»: Դարվինն ավելացնում է. «Այդ ժամանակ շատ զարմացել էի Սաջվիկի վրա, որը այդ զարմանալի փաստից, ինչպիսին է միջին Անգլիայում մակերևույթին մոտիկ գտնված արևադարձային խեցին է, հիացած չէր: Մինչև հիմա ուրիշ ոչ մի բան ինձ չի ստիպել հիմնովին ընդունել, որ գիտությունը կազմված է փաստերի այնպիսի խմբավորումից, որ դրանցից հնարավոր լինի ստանալ ընդհանուր օրենքներ և նույնպիսի եզրահանգումներ»: Այս դեպքը (որը, իհարկե, կարող է կրկնվել գիտելիքի ցանկացած բնագավառում) ցույց է տալիս, թե ինչպես գիտական հասկացությունները բացատրում են համակարգելու հակումը, հասկացության յուրաքանչյուր կիրառման ժամանակ:
4. Ինչ չեն հասկացությունները
Գաղափարը, որ հասկացությունը իմաստն է, որ փոխարինում է մասնավորները նույնացնող և հարմարեցնող ընդհանուր կանոնին, կարող է հակադրվել դրա բնույթի մասին ընդունված մի քանի կեղծ տեսակետների:
1. Հասկացությունները որոշակի տարբեր օբյեկտների զանգվածից դուրս չեն բերվում` զգալով նրանց այն հատկությունները, որոնցով դրանք տարբերվում են, և պահպանելով նրանք, որոնցով նման են: Երբեմն հասկացության առաջանալը նկարագրվում է այնպես, ինչպես երեխան է սկսում մասնավոր տարբեր առարկաների զանգվածից, օրինակ` առանձին շներից` սեփական Ֆիդելկայից, հարևանի Կարլոյից, հորեղբորորդու Տրեյից: Իր առջև ունենալով այս բոլոր տարբեր առարկաները` երեխան դրանք բաժանում է ըստ տարբեր որակների, օրինակ` ա) գույնի, բ) չափսի, գ) ձևի, դ) ոտքերի քանակի, ե) բրդի քանակի և որակի, զ) մարսողության օրգանների և այլն, և հետո ջնջում է բոլոր չնմանվող որակները (ինչպես գույնը, չափսը, ձևը, բուրդը), պահպանելով որակներ, որոնք բոլորը ունեն, ինչպես չորս ոտք ունենալը, ընտանի լինելը:
Իրականում, երեխան սկսում է այն գիտելիքից, որը ձեռք էր բերել մի շնից, որին տեսել, լսել և շոշափել է: Նա հասկանում է, որ տրված օբյեկտի վերաբերյալ փորձից հետագա փորձեր կարող է տեղափոխել վարքի ձևերի որոշակի բնորոշ սպասումներ. կարող է դրանց ավելի շուտ սպասել, քան դրանք կառաջանան: Նա հակված է ընդունելու կանխատեսելու այդ դրույթը ամեն անգամ, երբ ներկայանում է որևէ թել կամ շարժառիթ, հենց որ օբյեկտը դրա համար ինչ-որ հիմք է տալիս: Այսպես, նա կատուներին փոքրիկ շներ է անվանում, իսկ ձիերին՝ մեծ: Բայց, տեսնելով, որ սպասվող մյուս հատկանիշները և գործելու ձևերը չեն հայտնվում, ստիպված է լինում «շուն» հասկացությունից դեն նետել որոշակի հատկանիշեր, միչդեռ հակադրությամբ հայտնի ուրիշ հատկանիշեր ընտրվում և ընդգծվում են: Հետագայում որքան հասկացությունը ուրիշ շների նկատմամբ կիրառում է, «շուն» հասկացությունը դառնում է ավելի որոշակի և ճշգրիտ: Նա չի սկսում տրված օբյեկտների զանգվածից, որոնցից ընդհանուր հասկացություն է ստանում. նա ձգտում է յուրաքանչյուր նոր փորձում կիրառել նախորդից այն, ինչը կօգնի հասկանալ, և քանի որ մշտական ենթադրության և փորձերի այս պրոցեսը վերջանում կամ ժխտվում է հետևանքներով, նրա հասկացությունները ձեռք են բերում ձև և պարզություն:
2. Նմանապես հասկացությունները ընդհանուր են կիրառելու և օգտագործելու հետևանքով, ոչ թե իրենց մասերի պատճառով: Հասկացության՝ անհնարին տեսակի վերլուծությունից առաջանալու տեսակետին համապատասխանում է այն գաղափարը, որ հասկացությունը կազմվում է բոլոր նման տարրերից, որոնք մնում են որոշակի թվով մասնավոր դեպքեր տարրալուծելուց: Այդպես չէ. այն պահին, երբ հասկացությունը ձևավորվում է, այն հետագա ըմբռման համար կիրառելի գործիք է, ուրիշ առարկաներ հասկանալու համար միջոց: Այդպիսով հասկացությունն ընդարձակվում է, որպեսզի ընդգրկի այդ իրերը: Ընդհանրությունը նոր դեպքերը հասկանալու համար կիրառելն է, ոչ թե բաղկացուցիչ մասերը: Միլիոն օբյեկտից որպես ընդհանուր մնացորդ պահպանված հատկանիշների հավաքածուն, caput mortuuni, միայն հավաքածու կլիներ, այլ ոչ ընդհանուր գաղափար. որևէ փորձում նշված ակնառու առանձնահատկությունը, որը հետագայում օգտագործվում է ուրիշ որևէ փորձ հասկանալու համար, դառնում է, այդ կիրառելու շնորհիվ, որոշակի չափով ընդհանուր: Սինթեզը մեխանիկական գումարում չէ, այլ մի դեպքում բացահայտված ինչ-որ բանի կիրառումը ուրիշ դեպքեր պարզաբանելու համար:
5. Իմաստների և հասկացությունների որոշելը և ձևավորում
Բոլորովին հասկանալ չկարողացող էակը գոնե սխալ հասկանալուց է պաշտպանված: Բայց էակները, որ գիտելիք են ձեռք բերում եզրակացությունների և մեկնաբանությունների ճանապարհով, դատողությունների միջոցով, թե ինչ են նշանակում իրերը միմյանց նկատմամբ, մշտապես ենթարկվում են ոչ ճիշտ ենթադրությունների, ոչ ճիշտ հասկանալու, սխալվելու վտանգի՝ իրի նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքի: Ոչ ճիշտ հասկանալու և սխալվելու մշտական աղբյուր է հասկացությունների անորոշությունը: Հասկացության անորոշության պատճառով սխալ ենք հասկանում ուրիշ մարդկանց, առարկաները և ինքներս մեզ, դրա խճճվածության պատճառով խեղաթյուրում և այլասերում ենք: Հասկացության գիտակցաբար խեղաթյուրելը կարող է հաճույք պատճառել, որպես անհեթեթություն, սխալ հասկացություն, եթե այն պարզ արտահայտված է, կարելի է դրան հետևել և դրանից կարելի է ազատվել: Բայց անորոշ հասկացությունները չափազանց սառն են, որպեսզի վերլուծության առարկա լինեն, և չափազանց փափուկ, որպեսզի ուրիշ կարծիքների համար հիմնավորում դառնան: Նրանք փախչում են ստուգումից և պատասխանատվությունից: Անորոշությունը թաքցնում է տարբեր հասկացությունների չգիտակցված խառնումը, հեշտացնում մի հասկացությունը մյուսով փոխարինելը և թաքցնում ընդհանրապես որոշակի կարծիքի թերությունը: Սա նախաստեղծ տրամաբանական մեղք է՝ աղբյուր, որից բխում են մտավոր վատ հետևանքներից շատերը: Անորոշությունը լրիվ վերացնելն անհնար է, նրա չափսերը և աստիճանը նվազեցնելու համար անկեղծություն և ուժ է պետք: Որպեսզի պարզ և ակնհայտ լինի, հասկացությունը պետք է լինի ընդգծված, առանձնացված, ինքն իրենով ավարտված, համասեռ, ինչպես ինքը կա, և հիմնավոր: Այդպիսի առանձնացված հասկացության համար տեխնիկական տերմինը բովանդակությունն է:
Հասկացությունների այդպիսի միավորներ ստանալու պրոցեսը (և դրանց հաստատելը, երբ ձեռք են բերվել) սահմանումն է: Մարդ, գետ, ընտանիք, պատիվ, կապիտալ, բարձրագույն դատարան տերմինների բովանդակությունը այն իմաստն է, որը բացառապես վերաբերում է այդ տերմիններին և բնութագրում դրանք: Այդ իմաստը զարգանում է այդ բառերի սահմանման մեջ: Հասկացության պարզության հայտանիշն այն է, որ նա հաջողությամբ առանձնացնում է առարկաների այն խումբը, որոնք հասկացության մասնավոր դեպքերն են, ուրիշ խմբերից, հատկապես այն օբյեկտներից, որոնք մոտիկ կանգնած հասկացություններ են առաջացնում: Գետ հասկացությունը (կամ առանձնացնող հատկանիշը) նշանակում է Ռոն, Ռեյն, Միսսիսիպի, Հուդզոն` անկախ նրանց տեղի, երկարության, ջրի որակի տարբերությունների, և պետք է այդպիսին լինի, որ չենթադրի օվկիանոսային հոսանք, լճակ կամ առվակ: Հասկացության այս կիրառումը, որ նշվեն և միասին խմբավորվեն առանձին գոյությունները, կազմում է նրա ծավալը:
Ինչպես սահմանումը առաջ է քաշում բովանդակությունը, այդպես էլ բաժանումը (կամ հակառակ պրոցեսը՝ դասակարգումը) բացահայտում է ծավալը: Բովանդակությունը և ծավալը, սահմանումը և ստորաբաժանումը, ակնհայտորեն, հարաբերակցական բառեր են, ինչպես ասում էին առաջ. բովանդակությունը նշանակում էր հասկացությունը որպես մասնավոր դեպքերը միավորող սկզբունք, ծավալը միավորված և առանձնացված մասնավոր դեպքերի խումբն է: Հասկացությունը ծավալի իմաստով օդում կախված կլիներ և իրական չէր լինի, եթե որևէ օբյեկտ կամ օբյեկտների խումբ չնշեր, միևնույն ժամանակ օբյեկտները կլինեին մտովի նույնաձև առանձնացված և անկախ, ինչպես նրանք անկախ են, հավանաբար, տարածապես, եթե նրանք միավորված չլինեին խմբերում կամ դասերում հասկացության տարբերիչ հայտանիշների հիման վրա, որոնք նրանք մշտապես առաջացնում են, և որոնց մասնավոր դեպքն են: Սահմանումը և ստորաբաժանումը միասին մեզ դարձնում են հատկացված կամ սահմանված հասկացություն ունեցողներ և ցույց են տալիս, թե օբյեկտների որ խմբին է հասկացությունը վերաբերում: Նրանք խորհրդանշում են հասկացությունների ստեղծումը և կազմակերպումը: Այն աստիճանում, երբ փորձերի մի շարք հասկացությունները այնքան հաստակեցված են, որ կարող են սկզբունքներ ծառայել այդ փորձերը միմյանց նկատմամբ խմբավորելու համար, մասնավոր երևույթների այդ շարքը դառնում է գիտություն, այսինքն` սահմանումը և դասակարգումը գիտության հատկանիշներ են, որը նրան տարբերում է ինչպես խառը նյութի անկապ կուտակումից, այդպես էլ այն սովորությունից, երբ հաջորդականությունը ներմուծում է մեր փորձը, առանց այդ պրոցեսը մեր կողմից գիտակցելու:
Սահմանումները երեք տեսակ են լինում՝ նշանակող, բացատրող և գիտական: Նրանցից առաջինը և վերջինը տրամաբանական նշանակություն ունեն, մինչդեռ բացատրողը հասարակական և մանկավարժական նշանակություն ունի, որպես միջանկյալ աստիճան:
Նշանակող: Կույր մարդը երբեք չի կարող գույների և ներկերի նշանակության ճիշտ ընկալում ունենալ, տեսնող մարդը դրա մասին գիտելիք կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե հայտնի իրերը այնպես են ցուցադրվում, որ ուշադրությունը կանգ է առնում դրանց որոշ հատկությունների վրա: Օբյեկտի նկատմամբ որոշակի հարաբերության պարզաբանման ճանապարհով հասկացության առանձնացման այս մեթոդը կարող է նշանակող կամ նշող կոչվել: Այն անհրաժեշտ է բոլոր զգայական հատկությունների համար՝ ձայների, գույների, ինչպես նաև զգայական և բարոյական որակների: Պատվի, համակրանքի, ատելության, վախի հասկացությունները կարող են յուրացվել` հայտնվելով սկզբնական մասնավոր փորձում: Դաստիարակության բարեփոխիչների արձագանքը բառային և գրքային ուսուցման դեմ միշտ անձնական փորձին անդրադառնալու պահանջ է ունեցել: Որքան էլ շատ լինի մարդու գիտելիքը և գիտական կրթությունը, նոր առարկան կամ հին առարկայի նոր հատկությունը հասկանալը պետք է միշտ ընթանա տրված իրականության կամ հատկության անմիջական հետազոտության ճանապարհով:
Սահմանող: Երբ արդեն առկա է նշակող կամ ուղղակի ձևով նշված հասկացությունների պաշար, լեզուն դառնում է միջոց, որի շնորհիվ կարող են կազմվել երևակայական համակցություններ և տարբերակներ: Երանգը (որոշակի գունավորումը) այն չտեսնող մարդու համար կարող է որոշվել որպես կանաչի և կապույտի միջին գույն, վագրը կարելի է սահմանել (այսինքն գաղափարը ավելի որոշակի դարձնել) կատուների ընտանիքի հայտնի անդամների որոշ որակներ ընտրելու եղանակով և դրանց միացնելով ուրիշ օբյեկտներից վերցրած չափսի և քաշի հատկությունները: Օրինակներն իրենց բնույթով որոշող սահմանումներ են, այդպիսին են բառարանում տրված հասկացությունների բացատրությունները: Ավելի հայտնի հասկացություններից ընտրելու և զուգորդելու ճանապարհով շրջապատից, որտեղ մարդն ապրում է, ստացված պաշարը դրվում է մարդու տրամադրության տակ: Բայց այդ սահմանումներն ինքնին ածանցյալ են և պայմանական. վտանգ կա, որ մարդուն անձնական փորձ փնտրելուն դրդելու փոխարեն, որ օրինակով հաստատեր և ստուգեր, դրանք կընդունվեն հեղինակության հիման վրա, որպես տեղակայվածներ:
Գիտական: Նույնիսկ հանրամատչելի սահմանումները որպես մասնավոր դեպքերը ճանաչելու և դասակարգելու կանոններ են ծառայում, բայց ճանաչելու և դասակարգելու այդպիսի նպատակը մաքուր կիրառական և հասարակական է, այլ ոչ մտավոր: Կետի մասին հասկացությունը որպես ձուկ չի խոչնդոտում կետորսների հաջողությանը և չի խանգարում նրան տեսքից ճանաչելուն, մինչդեռ կետ` ոչ թե որպես ձուկ, այլ կաթնասուն, հասկացությունը, նույնքան հաջող է ծառայում կիրառական նպատակներին, բայց միաժամանակ շատ ավելի կարևոր սկզբունքներ է տալիս գիտականորեն ճանաչելու և դասակարգելու համար: Հանրամատչելի սահմանումները դասակարգելու համար հիմք են ընտրում հայտնի, ակնհայտ հայտանիշները: Գիտական սահմանումները, որպես տարբերակիչ նյութ ընտրում են առաջանալու, սերունդ տալու և ձևավորվելու պայմանները: Հանրամատչելի սահմանումների ժամանակ օգտագործված հայտանիշները չեն օգնում հասկանալու, թե ինչու առարկան ունի ընդհանուր նշանակություն և որակներ, ուղղակի նշում են այն փաստը, որ դրանք կան: Պատճառային և գենետիկ սահմանումները նշում են այն ճանապարհը, որով ստեղծվել է առարկան, որպես բացատրություն, թե ինչու է այն որոշակի սեռի առարկա, և այդպիսով բացատրում են, թե ինչու ունի դասային և ընդհանուր հայտանիշներ:
Եթե, օրինակ, որոշակի կիրառական փորձ ունեցող մարդուն հարցնենք, թե ինչ նկատի ունի մետաղ ասելով, նա, հավանաբար, կպատասխանի սահմանելով հատկություններ, որոնք օգտակար են (I) տրված մետաղը ճանաչելու և (II) արվեստի համար: Ողորկությունը, կարծրությունը, փայլը, ծավալին համապատասխան ծանրությունը, հավանաբար, կներգրավվեին սահմանման մեջ, քանի որ այդ հատկությունները հեշտացնում են որոշակի առարկաները ճանաչելը, երբ դրանք տեսնում և շոշափում ենք. կիրառական հատկությունները կլինեին առանց կոտրվելու թրծման և ձգման ենթարկվելու կարողությունը, ջերմությունից փափկելը և ցրտից պնդանալը, տրված տեսքը և ձևը պահպանելը, ճնշմանը և քայքայմանը դիմադրելը, հավանաբար, կընդգրվեին անկախ այն բանից` օգտագործված կլինեին թրծված և հալչուն բառերը, թե ոչ: Հիմա գիտական ընկալումը նման տիպի հատկություններից, նույնիսկ ավելացնելով, օգտվելու փոխարեն, հասկացությունը սահմանում է ուրիշ հիմքով: Մետաղի ժամանակակից սահմանումը մոտավորապես հետևյալն է. մետաղ ասելով` հասկանում ենք այն քիմիական տարրը, որը միանալով թթվածնին առաջացնում է օքսիդ, այսինքն` միացություն, որը թթվի հետ տալիս է աղ: Գիտական այս սահմանումը հիմնված է ոչ թե անմիջականորեն ընկալվող որակների և անմիջապես օգտակար հատկությունների վրա, այլ բանի, թե ինչպես են հայտնի իրերը պատճառականորեն կապված իրար հետ, այսինքն` կապն է նշում: Ինչպես քիմիական հասկացությունները դառնում են ավելի ու ավելի նոր նյութերի ձևավորման ժամանակ կապերի և փոխազդեցությունների հասկացություններ, այդպես էլ ֆիզիկական հասկացություններն ավելի ու ավելի արտահայտում են գործունեության հարաբերությունը, մաթեմատկականները` կախվածության ֆունկցիաները և խմբավորման կարգը, կենսաբանականները՝ սերնդի տարբերակման հարաբերությունը, ինչը առաջանում է տարբեր միջավայրերին հարմարվելուց, և այդպես շարունակ, գիտության ամբողջ ոլորտով: Կարճ ասած, մեր հասկացությունները հասնում են որոշակի առանձին գոյության և ընդհանրության (կիրառելության) ամենաբարձր աստիճանին, երբ ցույց են տալիս, թե ինչպես են իրերը միմյանցից կախված կամ ազդում իրար վրա, ստատիկ վիճակում նրանց ունեցած որակները արտահայտելու փոխարեն: Գիտական հասկացությունների իդեալն է որևէ փաստից և հասկացությունից ուրիշին անցնելու հաջորդականության, ազատության և ճկունության հասնելը. այս պահանջը հանդիպում է այնքանով, որքանով մենք տիրապետում են դինամիկ կապերին, որոնք անվերջ փոփոխվող պրոցեսում միավորում են իրերը, սկզբունք, որը հաստատում է առաջացման և աճի լրիվ իմացությունը:
Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը
[1] Ծանոթագրություն. Principles of Psychology, vol. I, p. 488
- Բացվել է 3163 անգամ